ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 2-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380-Ն, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գիտահրատարակչական» բառից հետո լրացնել «, գիտահետազոտական» բառով, իսկ «կազմինը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներինը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «3 տարի» բառերը փոխարինել «2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ» բառերով։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 531-րդ հոդվածով.
«Հոդված 531. |
Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչը |
1. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչը (այսուհետ՝ քննիչ) պաշտպանության բնագավառի զինվորական ծառայող է։ Քննիչին զինվորական ծառայության պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը։
2. Քննիչի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, ունի իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ և պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Այն քաղաքացին, որը չունի իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ, պաշտոնի նշանակվում է մեկ տարի ժամկետով փորձաշրջանով` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
3. Քննիչի պաշտոնում չի կարող նշանակվել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այդ թվում` անկախ նրա դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, կամ եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով։
4. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը զինվորական ծառայության անցնող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային սահմանափակումները։ Նշված անձանց հետ առաջին պայմանագիրը կնքվում է 20-ից մինչև 52 տարեկանը լրանալը, ինչպես նաև նրանք պաշտոնի նշանակվում են առանց սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` բարձրագույն, ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմերի պաշտոններին ներկայացվող պահանջների բավարարման։
5. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը զինվորական ծառայության անցնող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 23-րդ, 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց պաշտոններում աշխատանքի ողջ ժամանակաշրջանը ներառվում է զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:
6. Քննիչի պաշտոնում նշանակված անձինք զինվորական ծառայության ընթացքում ենթակա են որակավորման երեք տարին մեկ, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փորձաշրջան անցնելու դեպքում՝ փորձաշրջանի ավարտից հետո` ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում։
Որակավորման կազմակերպման ու անցկացման կարգը, ինչպես նաև որակավորման հանձնաժողովի կազմը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը։
7. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների դասային աստիճանները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կոչումներին համապատասխանության ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում։
Դասային աստիճան ունեցող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակցին վերահայտարարման միջոցով պահեստազորում շնորհվում է ունեցած դասային աստիճանին համապատասխանող զինվորական կոչում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2007 թ. նոյեմբերի 19 Երևան ՀՕ-249-Ն |