ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2022 թվականի N 1179-Լ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2016, 2020 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ` մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել ծրագրի իրականացման միջանկյալ գնահատում՝ ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհուլիսի 21-ի N 1179-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2016, 2020 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ծրագրի նպատակն է աջակցել Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց (այսուհետ՝ գործազուրկ)՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։
(1-ին կետը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
2. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների) առձեռն կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ՝ տարածքային կենտրոն)։
3. Գործատուն դիմումին կից ներկայացնում է թափուր աշխատատեղի մասով հայտ՝ նշելով այն համալրելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները։
4. Տարածքային կենտրոնը, գործատուի հայտով ներկայացված թափուր աշխատատեղը համալրելու համար, գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ձևավորում է միջոցառման մեջ ընդգրկման ենթակա անձանց ցուցակը (այսուհետ՝ ցուցակ)` հիմք ընդունելով միջոցառման մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնած գործազուրկների դիմումները և սույն միջոցառման 3-րդ կետում նշված պահանջները:
5. Տարածքային կենտրոնը, ցուցակը ձևավորելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, գործատուի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում հաղորդագրություն` նշելով ցուցակում ընդգրկված անձանց մասին տեղեկատվությունը (անունը, ազգանունը, մասնագիտությունը, որակավորումը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և այդ մասին հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում ցուցակում ընդգրկված անձանց։
6. Գործատուն ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և առաջարկում տարածքային կենտրոնին՝
1) իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում (շարունակական մասնագիտական զարգացում. այսուհետ՝ մասնագիտական ուսուցում)՝
ա. իր մոտ կամ
բ. իր կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում կամ
գ. իր պահանջներին համապատասխան՝ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում, որն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ
2) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպել մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց կամ
3) տրամադրել իրեն միանվագ փոխհատուցում՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար։
6.1. Շահառուն սույն ծրագրում կարող է ընդգրկվել միայն մեկ անգամ, ընդ որում՝ սույն ծրագրի 6-րդ կետում նշված աջակցության ուղղություններից միայն մեկով։
(6.1-ին կետը լրաց. 16.06.23 N 968-Լ)
ԳԼՈՒԽ 2. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2016, 2020 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
(վերնագիրը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
7. Շահառուի մասնագիտական ուսուցման կազմակերպման համար տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 1), որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար)։
8. Պայմանագիր 1-ի հիման վրա շահառուն ընդգրկվում է մինչև 5 ամիս տևողությամբ իրականացվող մասնագիտական ուսուցման համապատասխան դասընթացում և տարածքային կենտրոն է ներկայացնում ուսումնական հաստատության կամ գործատուի հետ կնքված մասնագիտական ուսուցման իրականացման պայմանագրի պատճենը։
9. Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված մասնագիտական ուսուցման իրականացման պայմանագրի հիման վրա, շահառուին վճարվում է՝
1) ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով.
2) կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, ընդ որում՝ կրթաթոշակը վճարվում է տվյալ ուսումնական ամսվա ընթացքում շահառուի՝ ուսուցմանը մասնակցած օրերին համապատասխան:
10. Շահառուն բանկային հաշիվ չունենալու դեպքում մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվելուց հետո եռօրյա ժամկետում առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:
11. Շահառուն մինչև մասնագիտական ուսուցման դասընթացի յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ծառայություն է ներկայացնում նախորդ ամսվա ուսման վարձի վճարումը հավաստող փաստաթուղթը, որից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը վճարում է շահառուին ուսման վարձի փոխհատուցումն ու կրթաթոշակը՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
12. Մասնագիտական ուսուցման դասընթացն ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն ստացած վկայականի պատճենն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է`
1) գործատուին և տարածքային կենտրոն՝ ուսումնական հաստատությունում մասնագիտական ուսուցում անցնելու դեպքում.
2) տարածքային կենտրոն` գործատուի մոտ մասնագիտական ուսուցման իրականացման դեպքում:
13. Սույն ծրագրի 12-րդ կետում նշված վկայականն ստանալուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով։
14. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:
15. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար՝ առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
16. Սույն ծրագրի 13-րդ կետով նախատեսված ժամկետում շահառուի հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու, կամ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև պայմանագրի գործողության ժամկետի վեց ամիսը լրանալը լուծելու դեպքում գործատուն ծառայությանն է վճարում հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված մասնագիտական ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով, իսկ աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրի գործողության ժամկետի վեց ամիսը լրանալուց հետո մինչև մեկ տարին ընկած ժամանակահատվածում լուծելու դեպքում՝ շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի 50 տոկոսի չափով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 10-13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 13-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով։
17. Տարածքային կենտրոնն ամսական առնվազն մեկ անգամ իրականացնում է շահառուների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցության մոնիթորինգ՝ նախարարի կողմից սահմանված մոնիթորինգի և գնահատման կարգին համապատասխան:
ԳԼՈՒԽ 3. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2016, 2020 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ
(վերնագիրը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
18. Գործատուի կողմից առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի մասնագիտական աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն (այսուհետ՝ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթաց) իր մոտ կազմակերպելու դեպքում` տարածքային կենտրոնի, գործատուի և շահառուի միջև կնքվում է աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման մասին եռակողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր 2), որի օրինակելի ձևը հաստատում է նախարարը։
19. Պայմանագիր 2-ը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով։
20. Շահառուի հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պայմանագրի պատճենը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը ներկայացնում է տարածքային կենտրոն:
21. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացն ապահովելու նպատակով գործատուին տրամադրվում է փոխհատուցում`
1) շահառուի աշխատավարձի վճարման համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, ամսական կտրվածքով, երեք ամիս ժամկետով.
2) շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 դրամի չափով, և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով։
22. Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երկրորդ աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկատվություն՝ նախորդ ամսվա ընթացքում աշխատողների աշխատած օրերի վերաբերյալ՝ կցելով նախորդ ամսվա աշխատավարձի վճարման ցուցակը։
23. Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում՝ ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով:
24. Ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար գործատուին փոխհատուցում չի տրամադրվում։
25. Ծրագրի շրջանակներում շահառուի աշխատավարձի վճարման համար գործատուին փոխհատուցված ֆինանսական միջոցները «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ենթակա են ամբողջությամբ վերադարձման գործատուի կողմից՝ աշխատանքային պայմանագիրը մինչև մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ մինչև 12 ամիս, գործողության ժամկետը լրանալը գործատուի կողմից լուծելու դեպքում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 10-13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 19-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:
26. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ իրականացնում է գործատուի կողմից շահառուի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ՝ նախարարի կողմից սահմանված՝ մոնիթորինգի և գնահատման կարգին համապատասխան:
ԳԼՈՒԽ 4. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2016, 2020 ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԱՆՁԱՆՑ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ՄԻԱՆՎԱԳ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ
(վերնագիրը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
27. Ծրագրի շրջանակում թափուր աշխատատեղը շահառուով համալրելու նպատակով՝ գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 300 000 դրամի չափով։ Նշված դեպքում գործատուի և տարածքային կենտրոնի միջև թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքվում է գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր` երկու օրինակից՝ նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան։
28. Միանվագ փոխհատուցումը տրվում է այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ առնվազն 12 ամիս ժամկետով, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր է կնքում իր պահանջներին համապատասխանող շահառուի հետ:
29. Ծառայությունը միանվագ փոխհատուցումը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Գործատուի ընտրությամբ միանվագ փոխհատուցումը տրամադրվում է ՝
1) գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո 20 օրվա ընթացքում կամ
2) աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային հարաբերությունները 12 ամիս անընդմեջ շարունակվելու դեպքում՝ 12-րդ ամիսն ավարտվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
30. Սույն ծրագրի 29-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ենթակա է ամբողջությամբ վերադարձման գործատուի կողմից, եթե սույն ծրագրի 28-րդ կետում նշված աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ՝ մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-8-րդ, 10-13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ գործատուն մեկամսյա ժամկետում նոր աշխատանքային պայմանագիր է կնքում նույն շահառուի հետ՝ առնվազն սույն ծրագրի 28-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետի չիրացված մասով:
31. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով շահառուի զբաղվածության ապահովման ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ՝ նախարարի կողմից սահմանված՝ մոնիթորինգի և գնահատման կարգին համապատասխան:
(հավելվածը փոփ., լրաց. 16.06.23 N 968-Լ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2023, N 968-Լ | 17.06.2023, N 1179-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|