ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0658/02/20 2022 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0658/02/20 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի հոկտեմբերի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Սամվել Քոչարյանի և Հարություն Դանիելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Սամվել Քոչարյանից և Հարություն Դանիելյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 93.499 ՀՀ դրամ գումար, որից՝ 90.000 ՀՀ դրամ գումարը` որպես պարտավորության սկզբնական չափ, 798 ՀՀ դրամը՝ որպես 14.01.2020 թվականից մինչև դատարան հայց ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվելիք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, 2.700 ՀՀ դրամ՝ որպես դեպքի կարգավորման հետ կապված օրենքի համաձայն նշանակված փորձաքննության հետ կապված ծախսեր կամ Բյուրոյի RL 1-002 կանոնների 5-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախսեր, ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից՝ 15.01.2020 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը Սամվել Ռաֆիկի Քոչարյանի և Հարություն Սեմոյի Դանիելյանի կողմից ապօրինի պահված 90.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, Բյուրոյի կողմից վճարված պետական տուրքի գումարը՝ 1.870 ՀՀ դրամ, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար՝ 55.000 ՀՀ դրամ։
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 21.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի. Սամվել Քոչարյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 92.700 ՀՀ դրամ, որից 90.000 ՀՀ դրամը՝ որպես պարտավորության գումար, իսկ 2.700 ՀՀ դրամը՝ նշանակված փորձաքննության ծախսի գումար, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկվել և Սամվել Քոչարյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 90.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներով տոկոսները՝ մինչև պարտավորության դադարման օրը, 55.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 1.870 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Հայցապահանջը՝ մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 31.07.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը՝ Հարություն Դանիելյանից գումարի բռնագանձման պահանջի մասով կարճվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ` Գայանե Պապոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 411-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սամվել Քոչարյանը պարտավոր է եղել առաջացած պարտավորության ուժով Բյուրոյին վճարել դրամ, ինչը հաստատվել է նաև Դատարանի վճռով, իսկ Բյուրոն այդ դրամը ստանալու իրավունք է ունեցել։ Չվճարելով այդ դրամը՝ Սամվել Քոչարյանը ապօրինի պահել է այն, խնայել Բյուրոյի հաշվին, այդ թվում նաև մինչև Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հետևաբար, մինչև Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառումը լիովին իրավաչափ է։
Վերաքննիչ դատարանն անհիմն եկել է այն եզրահանգման, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձումը պայմանավորված է Սամվել Քոչարյանին ուղղված Բյուրոյի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումով: Այդ եզրահանգումն անհիմն է նաև այն հիմնավորմամբ, որ այդ տրամաբանությամբ կարելի է պատճառաբանել, որ ցանկացած այն դեպքում, երբ անձը դիմում է դատական պաշտպանության՝ հայցելով դրամական միջոցների բռնագանձում, ապա պարտավորության ծագումը կախված է պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից: Այդ տրամաբանությամբ պետք է մերժվեն մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը պահանջվող բոլոր տույժերը, տոկոսները բռնագանձելու պահանջները, քանի որ դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից: Փաստն այն է, որ տվյալ դեպքում Դատարանը ոչ թե ստեղծել է պարտավորություն, այլ՝ արդարադատություն իրականացնելու միջոցով, իրեն տրված իշխանության ուժով հաստատել է այդ պարտավորության առկայությունը, որը ներառում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համաձայնեցված հայտարարագրի համաձայն` 21.10.2019 թվականին ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի Մաշտոց - Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել Հարություն Դանիելյանի վարած «OPEL ASTRA 1.6 I» մակնիշի 36 CM 530 հ/հ ավտոմեքենան և Սոս Վլասյանի կողմից վարած «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենան: Վարորդ Հարություն Դանիելյանը պատահարի առաջացման մեջ իրեն մեղավոր է ճանաչել (գ.թ. 11-12):
2) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից 07.11.2019 թվականին տրամադրված թիվ Ք/3329 «Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանի» քաղվածքի համաձայն՝ «OPEL ASTRA 1.6 I» մակնիշի 36 CM 530 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսանում Սամվել Ռաֆիկի Քոչարյանը։
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից 07.11.2019 թվականին տրամադրված թիվ Ք/3330 «Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանի» քաղվածքի համաձայն՝ «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսանում «Շակո գրուպ» ՍՊԸ-ն (գ.թ. 12):
3) Բյուրոյի «Ավտոտրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ Հարություն Դանիելյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.6 I» մակնիշի 36 CM 530 հ/հ ավտոմեքենան պատահարի պահին չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, իսկ Սոս Վլասյանի կողմից վարած «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենան պատահարի պահին ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության հետ (գ.թ. 14):
4) Վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Ա/Հ-19/3425 եզրակացության համաձայն՝ «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենային պատճառված վնասի չափը կազմել է 90.000 ՀՀ դրամ (գ.թ. 15-16):
5) «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին» 18.11.2019 թվականի թիվ Բ/19-09161 ծանուցման 6-րդ կետի համաձայն՝ տուժողին փոխհատուցվել է 90.000 ՀՀ դրամ և 2.700 ՀՀ դրամ գումար՝ որպես նշանակված փորձաքննությունների հետ կապված ծախսեր կամ Բյուրոյի RL 1-002 կանոնների 5-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախսեր (գ.թ. 21-22):
6) «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին» 18.11.2019 թվականի թիվ Բ/19-09161 ծանուցման 7-րդ կետով հնարավորություն է տրվել պատասխանողին ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1-ամսյա ժամկետում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների կամ ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1-ամսյա ժամկետում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ, Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր՝ պարտավորության մնացորդային գումարը՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում՝ ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ (գ.թ. 21):
7) Բյուրոյի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին» 18.11.2019 թվականի թիվ Բ/19-09161 ծանուցումը փոստային առաքման միջոցով Սամվել Քոչարյանը ստացել է 22.11.2019 թվականին (գ.թ. 11):
8) 15.11.2019 թվականին «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից տրված Վճարման հանձնարարականի համաձայն՝ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության կողմից «Ռասկո» ԱՍՊԸ-ին է փոխանցվել 90.000 ՀՀ դրամ գումար (գ.թ. 13)։
9) Սամվել Քոչարյանի կողմից Բյուրոյի 18.11.2019 թվականի ծանուցման պահանջները կատարելու վերաբերյալ գործում ապացույցներ առկա չեն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով (...):
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ ապահովագրական հատուցումը ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Նույն օրենքի իմաստով` ապահովագրական հատուցումը նաև նույն օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումն է, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ Երաշխավորման ֆոնդ՝ նույն օրենքի համաձայն ստեղծված ֆոնդ, որի կառավարիչն է Բյուրոն, և որի հաշվին նույն օրենքով սահմանված դեպքերում վճարվում են հատուցումներ (...):
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված դեպքերում Բյուրոն վնաս պատճառած անձի, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում` նաև վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք, (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե´ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով ապահովագրական հատուցում է նաև նույն օրենքի 49-րդհոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենքով կամ չի բխում կոնկրետ դրույթի իմաստից: Այսինքն՝ օրենսդիրն ամրագրել է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքը Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին, այն պայմաններում, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրողն օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասների հատուցման իրավունքին զուգահեռ, օրենսդիրը նաև սահմանել է ապահովագրողի հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:
Այսինքն՝ օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում հետադարձ պահանջի իրավունքը վնաս պատճառած անձի և/կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին:
Մասնավորապես, օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր և ապահովագրական հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի հաշվին: Հետևաբար, տուժող կողմին ապահովագրական ընկերության կողմից հատուցում վճարելու դեպքում վերջինս հետադարձ պահանջ կարող է ներկայացնել բացառապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, որոնք վնաս պատճառած անձի և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջով դիմելու իրավունք ձեռք բերելու հիմքերի մեջ, inter alia, ներառում են վնասի պատճառումն այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունքը, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար առանցքային նշանակություն ունեցող հարցը՝ վճարային պարտավորության կետանցի պահը պարզելու հանգամանքը։
Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեuում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա oրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ oրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես` պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, օրինակ, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և
- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:
Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն՝ նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Ընդ որում, եթե այլ կարգավորում նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածի ավարտից հետո նույնպես գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության ընդհանուր կանոնը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը՝ որպես ընդհանուր կանոն, չի գործում այն դեպքերում, երբ պատասխանատվության հստակ չափ և կարգավորում նախատեսվում է օրենքով կամ պայմանագրով՝ որպես հատուկ կանոն (տե՛ս, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պատասխանատվության միջոց է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հանգամանքը, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ կետանցի պահից մինչև պարտավորության փաստացի կատարումը ենթակա են վճարման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ՝
1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին,
2. այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում,
3. ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտականությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` դա պետք է կատարվի պարտավորության ծագումից` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ` այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (տե՛ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ն ընդդեմ Արթուր Սարգսյանի և Արմեն Կարապետյանի թիվ ԵԴ/29755/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ըստ Համաձայնեցված հայտարարագրի 21.10.2019 թվականին ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի Մաշտոց-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում միմյանց են բախվել Հարություն Դանիելյանի վարած «OPEL ASTRA 1.6 I» մակնիշի 36 CM 530 հ/հ ավտոմեքենան և Սոս Վլասյանի կողմից վարած «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենան: Վարորդ Հարություն Դանիելյանը պատահարի առաջացման մեջ իրեն մեղավոր է ճանաչել:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից 07.11.2019 թվականին տրամադրված թիվ Ք/3329 «Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից» քաղվածքի համաձայն՝ «OPEL ASTRA 1.6 I» մակնիշի 36 CM 530 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսանում Սամվել Քոչարյանը։
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից 07.11.2019 թվականին տրամադրված թիվ Ք/3330 «Տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից» քաղվածքի համաձայն՝ «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսանում «Շակո գրուպ» ՍՊԸ-ն:
Բյուրոյի «Ավտոտրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ Հարություն Դանիելյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.6 I» մակնիշի 36 CM 530 հ/հ ավտոմեքենան պատահարի պահին չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, իսկ Սոս Վլասյանի կողմից վարած «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենան պատահարի պահին ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության հետ:
Վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Ա/Հ-19/3425 եզրակացության համաձայն՝ «HYUNDAI COUNTY 3.9 D» մակնիշի 491 AP 61 հ/հ ավտոմեքենային պատճառված վնասի չափը կազմել է 90.000 ՀՀ դրամ:
«Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին» 18.11.2019 թվականի թիվ Բ/19-09161 ծանուցման 6-րդ կետի համաձայն՝ որոշվել է տուժողին փոխհատուցել 90.000 ՀՀ դրամ և 2.700 ՀՀ դրամ գումար՝ որպես նշանակված փորձաքննությունների հետ կապված ծախսեր կամ Բյուրոյի RL 1-002 կանոնների 5-րդ կետի համաձայն՝ ապահովագրական ընկերության գործավարման ծախսերի փոխհատուցման հետ կապված ծախսեր:
«Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին» 18.11.2019 թվականի թիվ Բ/19-09161 ծանուցման 7-րդ կետով հնարավորություն է տրվել պատասխանողին ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1-ամսյա ժամկետում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների կամ ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1-ամսյա ժամկետում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ, Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր՝ պարտավորության մնացորդային գումարը՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում՝ ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:
Բյուրոյի «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման մասին» 18.11.2019 թվականի թիվ Բ/19-09161 ծանուցումը փոստային առաքման միջոցով Սամվել Քոչարյանը ստացել է 22.11.2019 թվականին:
15.11.2019 թվականին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված Վճարման հանձնարարականի համաձայն՝ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի կողմից «Ռասկո» ԱՍՊԸ-ին է փոխանցվել 90.000 ՀՀ դրամ։
Սամվել Քոչարյանի կողմից Բյուրոյի 18.11.2019 թվականի ծանուցման պահանջները կատարելու վերաբերյալ գործում ապացույցներ առկա չեն։
Սույն գործով Դատարանը հայցը մասնակի բավարարել է՝ մերժելով տոկոսների բռնագանձման վերաբերյալ պահանջը, պատճառաբանելով, որ հիմնական գումարին հաշվեգրվող բանկային տոկոսները պատասխանողից պետք է հաշվարկել և բռնագանձել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև հիմնական գումարի վճարման փաստացի օրը։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Բյուրոյի վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ «(…) իրավաչափ է Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասով Դատարանի հիմնական գումարին հաշվեգրվող բանկային տոկոսները մինչև հիմնական գումարի վճարման փաստացի օրը պատասխանողից վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկելու և բռնագանձելու վերաբերյալ եզրահանգումը»։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանի կողմից կատարվել է պատշաճ քննություն, նյութական իրավունքի նորմերը մեկնաբանվել և կիրառվել են ճիշտ կերպով, ինչի արդյունքում կայացվել է իրավաչափ դատական ակտ։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե պատասխանող Սամվել Քոչարյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտականությունը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները ծագել են ապահովագրության ոլորտում, մասնավորապես` Բյուրոյի, տուժող` «Շակո գրուպ» ՍՊԸ-ի, և վնաս պատճառած անձի` Սամվել Քոչարյանի միջև: Այսինքն՝ «Շակո գրուպ» ՍՊԸ-ին հատուցվել է Սամվել Քոչարյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք, ինչը հաստատվել է նաև ստորադաս դատարանի կողմից:
Այսինքն՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Բյուրոն ունի հետադարձ պահանջի ուժով տուժողին վճարված 92.700 ՀՀ դրամ գումարը Սամվել Քոչարյանից ստանալու իրավունք, իսկ վերջինս ունի այդ գումարը Բյուրոյին հանձնելու պարտականություն:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտավորության կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով և տվյալ դեպքում Սամվել Քոչարյանի մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը ոչ թե ծագել է Դատարանի վճռի կամ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, այլ դրանցով հաստատվել է արդեն իսկ առկա` Սամվել Քոչարյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե իր կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը (այսինքն՝ երբ պարտավորությունը ժամկետային է):
Հետևաբար` սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Սամվել Քոչարյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը վճարման ծանուցման պահից:
Տվյալ դեպքում, այն պահից, երբ Սամվել Քոչարյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտականություն, այդ պարտականության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման որպես պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է վերջինիս մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտականությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:
«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության «Ապահովագրական հատուցումը վճարելու /մերժելու/ վերաբերյալ» 06.11.2019 թվականի որոշում-ծանուցմամբ որոշվել է «Շակո գրուպ» ՍՊԸ-ին փոխհատուցել 90.000 ՀՀ դրամ գումար: Միաժամանակ Բյուրոյի կողմից վերոնշյալ պարտավորության վերաբերյալ Սամվել Քոչարյանին ուղարկվել են 18.11.2019 թվականի թիվ Բ/19-09161 վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման ծանուցումները, որը վերջինս ստացել է 22.11.2019 թվականին։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բյուրոյի կողմից Սամվել Քոչարյանին ուղարկված ծանուցումից հետևում է, որ որպես պարտավորության մարման հնարավոր տարբերակ վերջինիս առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման այլընտրանքային տարբերակ առաջարկվել է որոշման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ։ Մինչդեռ Սամվել Քոչարյանը 22.11.2019 թվականին ստանալով տվյալ ծանուցումը՝ այդ ընթացքում Բյուրոյին որևէ վճարում չի կատարել։ Հետևաբար սույն գործով հայտնի է Սամվել Քոչարյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի համաձայն վճարման պարտականության մասին ծանուցման պահը (18.11.2019 թվական) և կետանցի օրը (19.12.2019 թվական): Ուստի սույն գործով 92.700 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը պետք է կիրառել 19.12.2019 թվականից մինչև պարտավորության կատարման օրը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն մասնակիորեն բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է մասնակի բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Սամվել Քոչարյանից հօգուտ Բյուրոյի պետք բռնագանձել 10.131 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի և 150 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ:
Անդրադառնալով փաստաբանի վարձատրության հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքով պահանջ է ներկայացվել նաև պատասխանողից բռնագանձել վճռաբեկ բողոք ներկայացնելու համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը:
Գործում գտնվող «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի և «Խաչատուրով» ՍՊԸ-ի միջև կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման 23.01.2019 թվականի լրացուցիչ համաձայնագրի 6.1.2 կետերի համաձայն՝ յուրաքանչյուր պահանջներով ծառայությունների գինը կազմում է՝ վերաքննիչ և վճռաբեկ ատյանի դատարաններում եզրափակիչ դատական ակտի բողոքարկման կամ ներկայացված բողոքին պատասխանի ներկայացման, նշված ատյաններում պատվիրատուի շահերի ներկայացուցչության համար յուրաքանչյուր ատյանի գծով համապատասխանաբար (ըստ հայցապահանջի) պայմանագրի 6.1.1 ենթակետի կամ 6.1.4 ենթակետի համաձայն որոշված գնի 50 տոկոսը՝ ներառյալ բոլոր հարկերը: Համաձայնագրի 6.1.3 կետերի համաձայն՝ տվյալ պատվերով պայմանագրի 1.2.5 ենթակետով նախատեսված գործողությունների կատարման համար՝ 105.000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը, իսկ 6.1.4. կետի համաձայն՝ տվյալ պատվերով պայմանագրի 1.2.8 ենթակետով նախատեսված գործողությունների (բացառությամբ 6.1.2 ենթակետով նախատեսված գործողությունների) կատարման համար 105.000 ՀՀ դրամ ներառյալ բոլոր հարկերը:
Սույն գործով Դատարանը փաստաբանի վարձատրության խելամիտ չափ է համարել և պատասխանողից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել է 55.000 ՀՀ դրամ, այդ մասով վճիռը չի բողոքարկվել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի ներկայացման համար փաստաբանի խելամիտ վարձատրության չափը, ելնելով գումարի այդ չափից և վերոհիշյալ համաձայնագրի 6.1.2 կետի պայմանից, կազմում է 22.500 ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է բռնագանձել պատասխանող Սամվել Քոչարյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.07.2020 թվականի որոշումը՝ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21․04.2020 թվականի վճիռը՝ 92.700 ՀՀ դրամի նկատմամբ սկսած դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարները բռնագանձելու մասով անփոփոխ թողնելու մասով և փոփոխել այն հետևյալ կերպ. 92.700 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարները Սամվել Քոչարյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել սկսած 19.12.2019 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ:
2. Սամվել Քոչարյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել 10.131 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի և 150 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ:
3. Սամվել Քոչարյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի բռնագանձել 22.500 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Գ. Հակոբյան Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|