Գլխավոր տեղեկություն
Номер
N 1452-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.06.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084).1 Հոդ.1231.17
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2014
Дата вступления в силу
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1452-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ` ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԻՊԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 158-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.08.17 N 932-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող՝ երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (այսուհետ՝ մանկատուն) շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.08.17 N 932-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Մանկատան (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 158-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության իրականացման ծրագրի մոնիթորինգի չափորոշիչները:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման աշխատանքների ձեռքբերումը կատարում է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1452-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մանկատների շրջանավարտներին պետական աջակցության իրականացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի դրույթները:

2. Սույն ծրագիրը տարածվում է «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում պետական մանկատների 2003 թվականից սկսած մինչև 2013 թվականը ներառյալ, հաշվառված և շահառու (այսուհետ` շահառու) ճանաչված (1991-2013 թթ. շրջանավարտներ), ինչպես նաև Գավառի և Վանաձորի ընդհանուր տիպի մանկատների 2014 թվականի և հաջորդող տարիների շրջանավարտների (այսուհետ` շրջանավարտ) վրա:

3. 2003-2013 թվականների ընթացքում շուրջ 433 շրջանավարտի տրամադրվել է սոցիալ-հոգեբանական, առողջապահական, կրթական և իրավաբանական ծառայություններ: 2003-2012 թվականների ընթացքում մանկատան 187 շրջանավարտ և ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 7 անձ ապահովվել է բնակելի տարածքով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ կարգավորվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը:

5. Սույն ծրագրի իրականացումը գործակալության պայմանագրով վերապահվելու է երեխաների հիմնահարցերով շահագրգիռ հասարակական կազմակերպությանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ծրագրի նպատակը շրջանավարտների սոցիալական պաշտպանության և հասարակությանը նրանց ինտեգրման ապահովումն է:

7. Ծրագրի խնդիրներն են՝

1) շրջանավարտների ինտեգրումը հասարակություն.

2) աջակցություն շրջանավարտների կենսամակարդակի բարձրացմանը.

3) շրջանավարտների տվյալների շտեմարանի ստեղծումը:

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) 1991-2013 թվականների շրջանավարտների սոցիալական կարիքների գնահատումը.

2) 1991-2013 թվականների շրջանավարտների և ընտանիքներում բնակվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակ ունեցող անձանց տվյալների ճշտումը և տվյալների շտեմարանի ձևավորումը.

3) 2014 թվականի և հաջորդող յուրաքանչյուր տարվա շրջանավարտների հաշվառումը, նրանց տվյալների ներառումը շտեմարան և նրանց սոցիալական կարիքների գնահատումը.

4) յուրաքանչյուր տարի շրջանավարտներին, ըստ նրանց գնահատված կարիքների, սույն ծրագրով նախատեսված ծառայությունների տրամադրումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

9. Ծրագրով նախատեսված միջոցառումներն են՝

1) ուսումնասիրել 2003-2013 թվականների ընթացքում «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շահառու ճանաչված` 1991-2013 թվականների շրջանավարտների սոցիալ-տնտեսական պայմանները, գնահատել նրանց սոցիալական կարիքները.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով վերագնահատված սոցիալական կարիքների համաձայն կազմել շահառուների, այդ թվում՝ բնակելի տարածության կարիք ունեցողների, տվյալների շտեմարան.

3) ուսումնասիրել և գնահատել պետական մանկատների 2014 թվականին և հաջորդող տարիներին` տվյալ տարվա շրջանավարտների սոցիալական կարիքները և նրանց տվյալները ներառել սույն կետի 2-րդ ենթակետով ձևավորված տվյալների շտեմարանում.

4) սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված կարգով գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան կազմել շրջանավարտի անհատական սոցիալական ծրագիր.

5) անհատական սոցիալական ծրագրի շրջանակներում շրջանավարտներին իրենց կարիքներին համարժեք տրամադրվում են՝

ա. իրավաբանական խորհրդատվություն` ուղղված նրանց իրավունքների և օրինական շահերի, մասնավորապես, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, պաշտպանությանը,

բ. մասնագիտական կողմնորոշում և աջակցություն զբաղվածության ապահովմանը` խորհրդատվության տրամադրում ելնելով նրանց գիտելիքներից և նախասիրություններից հետագա կրթության կազմակերպման համար, աշխատանքի շուկայի պահանջներին համապատասխան շահառուի ներգրավում առաջնային մասնագիտական ուսուցման և մասնագիտացման վերապատրաստումների դասընթացներում, ինչպես նաև հաշվի առնելով շահառուի պատրաստվածությունն ու նախասիրությունները, աջակցություն նրա զբաղվածության ապահովման գործում,

գ. ընդգրկում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման ծրագրերում` դրա անհրաժեշտության դեպքում,

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.06.23 N 1007-Ն)

ե. (պարբերությունն ուժը կորցրել է 22.06.23 N 1007-Ն)

զ. բնակելի տարածության տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշմամբ սահմանված կարգով,

է. սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում, որոնք ուղղված են շահառուների հարմարեցմանն ինքնուրույն կյանքին, նրանց միջանձնային հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև սոցիալական այլ հմտությունների և կարողությունների զարգացմանը:

(9-րդ կետը փոփ. 22.06.23 N 1007-Ն)

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

10. Գործակալության պայմանագրի հիման վրա ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) համագործակցում է շահառուի բնակության վայրն սպասարկող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի, զբաղվածության տարածքային կենտրոնի, սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանման, տեղական ինքնակառավարման մարմնի և այլ կազմակերպությունների հետ:

11. Կազմակերպությունը սույն ծրագրի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումն իրականացնելու համար` համագործակցելով մանկատան աշխատակազմի հետ, նախապատրաստական աշխատանքներն սկսում է դեռևս մանկատանը բնակվող 17 տարեկանը լրացած մանկատան սանի հետ, շրջանավարտին` մանկատնից դուրս գալուց հետո տեղավորելու, կրթական և այլ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

12. Կազմակերպությունը կամ մանկատունն աջակցում է մանկատան սանին` մինչև իր 18 տարեկանը լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ:

(12-րդ կետը փոփ. 03.08.17 N 932-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 22.06.23 N 1007-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 22.06.23 N 1007-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 22.06.23 N 1007-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 22.06.23 N 1007-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 22.06.23 N 1007-Ն)

18. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած չափորոշիչների և կարգի համաձայն:

19. Ծրագրի իրականացման համար կազմակերպությանը տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալները քննարկվում են յուրաքանչյուր տարի` տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:

(հավելվածը փոփ., լրաց. 03.08.17 N 932-Ն, փոփ. 22.06.23 N 1007-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2023, N 1007-Ն 23.06.2023, N 1452-Ն
03.08.2017, N 932-Ն 17.08.2017, N 1452-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան