ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 16-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. |
Հեռուստահաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության ժամանակահատվածում |
«Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`
ա) հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.
բ) հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնել վճարովի հաղորդումների` իրենց եթերաժամի գինը և հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.
գ) հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար և հավասար պայմանների պահպանումը.
դ) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական հեռուստահաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ (հանրային հեռուստառադիոընկերության դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն», իսկ ռադիոսփռման դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:
Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն իրականացնել:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բարեգործական հովանավորությունը չի կարող ֆինանսավորվել կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների միջոցներից:»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի ութերորդ մասի «գ» կետում «ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի» բառերը փոխարինել «նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական հաղորդումների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.
«ժ) վերահսկում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ և նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2007 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-221-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|