Գլխավոր տեղեկություն
Номер
N 767-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2023
Дата вступления в силу
20.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 767-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 1477-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 767-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1477-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) կողմից սահմանված ծանուցման ենթակա հիվանդությունների (այսուհետ` վարակիչ հիվանդություն) դեպքերի ծանուցման և գրանցման հետ կապված հարաբերությունները:

 

2․ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

2. Անասնապահական տնտեսությունը (այսուհետ՝ տնտեսություն) սպասարկող անասնաբույժը վարակիչ հիվանդության կասկածի դեպքում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) և համայնքն սպասարկող անասնաբույժին կապի առկա հնարավոր միջոցներով (գրություն, հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) անհապաղ ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) մարզի, համայնքի անվանումը.

2) տնտեսության սեփականատիրոջ տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե.

3) տնտեսությունում, համայնքում առկա կենդանիների գլխաքանակն ըստ կենդանատեսակների.

4) հիվանդ կամ անկած կենդանու վերաբերյալ տվյալները՝ տեսակը, սեռը, նույնականացման համարը.

5) կասկածվող հիվանդության անվանումը.

6) կասկածվող հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումները։

3. Տնտեսությունն սպասարկող անասնաբույժի բացակայության դեպքում՝ համայնքն սպասարկող անասնաբույժը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը նույն կետով սահմանված ժամկետներում և կապի միջոցներով տրամադրում է լիազոր մարմնին։

4. Լիազոր մարմնի ներկայացուցիչն ախտաբանական նյութի նմուշները (այսուհետ՝ նմուշ) ներկայացնում է անասնաբուժական ազգային ռեֆերենս լաբորատորիա (այսուհետ՝ ռեֆերենս լաբորատորիա)՝ հիվանդության նախնական ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված կարանտինային հիվանդությունների (այսուհետ՝ կարանտինային հիվանդություն) դեպքում ռեֆերենս լաբորատորիան լաբորատոր փորձաքննության արդյունքները հավաստող փաստաթուղթն անհապաղ ներկայացնում է լիազոր մարմին։

6. Կարանտինային հիվանդության ախտորոշումը հաստատելուց հետո՝ 6 ժամվա ընթացքում, լիազոր մարմինը ներկայացնում է կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Սահմանված կարանտինի ընթացքում լիազոր մարմինը կարանտինային միջոցառումների կազմակերպումը և ղեկավարումն իրականացնող մարմին ներկայացնում է կարանտինային միջոցառումներով սահմանված տեղեկատվություն՝ համապատասխան պարբերականությամբ:

8. Կարանտին սահմանելու, կարանտինային գոտիների փոփոխության, կարանտինը երկարաձգելու, չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի N 671-Ն որոշմամբ։

9. Վարակիչ հիվանդությունների (բացառությամբ կարանտինային հիվանդությունների) դեպքում ռեֆերենս լաբորատորիան լաբորատոր փորձաքննության արդյունքների ավարտից մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնում է լաբորատոր փորձաքննության արդյունքները հավաստող փաստաթուղթ։

10. Լիազոր մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված լաբորատոր փորձաքննության արդյունքները հավաստող փաստաթուղթն ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին գրավոր թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, համայնքն սպասարկող անասնաբույժին, տեղական ինքնակառավարման մարմնին և տնտեսությունն սպասարկող անասնաբույժին (առկայության դեպքում)։

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի N 2121-Ն որոշման հավելվածով հաստատված ախտածիններով հարուցված հիվանդությունների դեպքերում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 480-Ն որոշմամբ սահմանված կարգով։

12. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ, 3-րդ և 9-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը հավաքագրում, ամփոփում և գրանցում է էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում։ Ամփոփված տվյալները վերլուծվում և քարտեզագրվում են՝ կիսամյակային և տարեկան ժամանակահատվածներում։

13. Էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում գրանցվում են հետևյալ տվյալները՝

1) մարզի, համայնքի անվանումը.

2) համայնքում, տնտեսությունում առկա կենդանիների գլխաքանակն ըստ կենդանատեսակների.

3) վտանգված կենդանիների գլխաքանակը.

4) հետազոտված կենդանիների գլխաքանակը.

5) հետազոտված կենդանիների վերաբերյալ տվյալները՝ տեսակը, սեռը, տարիքը, նույնականացման համարը (առկայության դեպքում).

6) ռեֆերենս լաբորատորիայի կողմից նմուշի ընդունման ամսաթիվը.

7) ախտաբանական նմուշի տեսակը.

8) լաբորատոր հետազոտման մեթոդը.

9) վերջնական ախտորոշումը և ախտորոշման ամսաթիվը.

10) կենդանիների գլխաքանակը, որոնց մոտ վերջնական հաստատվել է ախտորոշումը.

11) ռեֆերենս լաբորատորիայի տվյալները.

12) հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող անկած կենդանիների գլխաքանակը.

13) հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառման տեսակը, ընդգրկված կենդանիների գլխաքանակն ըստ տեսակների։

14. Սույն կարգի 12-րդ կետում նշված վերլուծության արդյունքների հիման վրա, լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության անասնաբուժության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին ներկայացնում է առաջարկություն՝ հիվանդությունների դեմ պայքարի, վերացմանն ու կանխարգելմանն ուղղված անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացման, հանրապետության համաճարակային իրավիճակի կայունության ապահովման նպատակով։

15. Կենդանիների վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԱՀԿ-ին ծանուցվում է ԿԱՀԿ-ի կողմից սահմանված կարգի և ժամկետի համաձայն։»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մայիսի 2023 թվական: