Գլխավոր տեղեկություն
Номер
N 1022-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.06.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 22.06.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.06.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2023
Дата вступления в силу
23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2023 թվականի N 1022-Լ

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-592-23.05.2023-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-592-23.05.2023-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` նախագծեր) առաջարկվում է կարգավորել խաղային հաշիվներին գումարների մուտքագրման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանել, որ՝

1) ինտերնետ շահումով խաղերի դեպքում հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով.

2) արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ դիտարկումներն ու առաջարկությունները՝

I. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ՝

1. Նախագծի 1-ին հոդվածում «բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների» բառերն առաջարկում ենք փոխարինել «բանկային հաշվի և (կամ) վճարային քարտի» բառերով:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաև «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 2.1-ին մասում լրացվող «դ1» կետը համահունչ չէ 2.1-ին մասի մյուս կետերի բովանդակության հետ՝ հաշվի առնելով այն, որ քննարկվող մասով սահմանվում են ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպչի գործառույթները (պարտականությունները), մինչդեռ, լրացվող «դ1» կետը սահմանում է հատուկ խաղային հաշվի համալրման եղանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հատուկ խաղային հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով: Այս կապակցությամբ հարկ է ուշադրություն հրավիրել նաև քննարկվող օրենքի 6-րդ հոդվածի 2.2-րդ կետի ձևակերպմանը, որի համաձայն օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Բացի այդ, հարկ է հաշվի առնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Նշվածից ելնելով՝ առաջարկվում է քննարկվող օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասում «դ1» կետը լրացնելու փոխարեն նույն մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերում ստեղծում է յուրաքանչյուր խաղացողի համար հատուկ խաղային հաշիվ, որը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով.»:

Սույն առաջարկի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա վերանայելու նախագծի վերնագիրը և նախագծի 1-ին հոդվածում «2.1-ին մասը լրացնել «դ1» կետով և» բառերը փոխարինել «2.1-ին մասի «դ» կետը» բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածում օգտագործվող «(այսուհետ՝ օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, իսկ 2-րդ հոդվածում օգտագործվող «Օրենք» բառը գրել փոքրատառերով:

Նույն դիտարկումը վերաբերում է նաև «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

4. Նախագծով առաջարկվող փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ` «Սույն օրենքի խախտումները, դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները» գլխում՝ սահմանելով համապատասխան պատժամիջոց։

5. Նախագծի տրամաբանության շրջանակում առաջարկում ենք օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետի 2-րդ նախադասությունը «եղանակով» բառից հետո լրացնել «, բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով» բառերով։

II. «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ՝

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասում (մասն առաջարկվել է շարադրել նոր խմբագրությամբ), այսինքն, քննարկվող նախագծով որևէ լրացում չի առաջարկվում: Հետևաբար, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ (նորմատիվ իրավական ակտն ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը)՝ անհրաժեշտ է քննարկվող նախագծի վերնագիրը համապատասխանեցնել նախագծի բովանդակությանը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 3-րդ նախադասությունն ունի հետևյալ ձևակերպումը. «Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվների միջոցով:: Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված անկանխիկ գործարքները պետք է իրականացվեն միայն բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով: Նշվածից ելնելով՝ օրենքում օգտագործվող տերմինների միատեսակությունն ապահովելու նկատառումից ելնելով՝ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տոտալիզատորի մասնակցի հաշիվը կարող է համալրվել բացառապես տվյալ խաղացողին պատկանող բանկային հաշիվների կամ քարտերի միջոցով::

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող՝ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասը բաղկացած է երկու պարբերություններից, որոնցից երկրորդը համարակալված չէ, մինչդեռ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով հիմնավորման մեջ ներկայացված նպատակները, առաջարկում է նախագծերը լրամշակել՝ ներկայացված առաջարկություններին համապատասխան: