Գլխավոր տեղեկություն
Номер
N 1343-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.05.2023-12.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.08.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.08.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.08.2022
Дата вступления в силу
26.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1343-Ն

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 3.8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

24.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 24-ի N 1343-Ն որոշման

 

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մասնավոր ներդրումները խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն) ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (այսուհետ՝ շահառու) տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովման ճանապարհով (այսուհետ՝ օժանդակություն)։

2. Սույն միջոցառման իմաստով ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։

3. Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը ենթակառուցվածքի կառուցումն է։ Ընդ որում, ենթակառուցվածքի սեփականության, տնօրինման և տիրապետման իրավունքը պատկանում է կառավարությանը։

4. Սույն միջոցառման իմաստով ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքը ներառում է ներդրումային ծրագրով նախատեսված՝ սույն միջոցառման 6-րդ կետին համապատասխան գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում՝ տեղափոխման և տեղադրման) համար իրականացված ծախսերի հանրագումարը (ներառյալ՝ հարկերը)։

 

2. «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Շահառուի կողմից ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի Երևան քաղաքի առաջին և երկրորդ կադաստրային գոտուց դուրս տարածքում։

6. Ներդրումային ծրագիրը պետք է ուղղված լինի գյուղատնտեսության (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) A խումբ), մշակող արտադրության (ՏԳՏԴ C խումբ) կամ ծառայությունների մատուցման (ՏԳՏԴ H 52, I, J, K, L, M 73, P, Q, R խմբեր) կազմակերպմանը։

7. Ներդրումային ծրագրի իրականացման համար տարածքի նկատմամբ շահառուն պետք է ունենա սեփականության կամ կառուցապատման կամ օգտագործման կամ վարձակալության գրանցված իրավունք: Ընդ որում՝ կառուցապատման կամ օգտագործման կամ վարձակալության գրանցված իրավունքի տևողությունը չպետք է պակաս լինի ներդրումային ծրագրի իրականացման տևողությունից:

(7-րդ կետը խմբ. 18.05.23 N 777-Ն)

8. Շահառուն օժանդակություն ստանալու նպատակով հայտի ներկայացման պահի դրությամբ չպետք է ունենա չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ:

9. Շահառուն տրամադրում է համապատասխան բանկային երաշխիք (այսուհետ՝ երաշխիք) նախատեսվող ենթակառուցվածքի ընդհանուր արժեքի չափով։ Երաշխիքի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ գլխի 5-րդ բաժնով։

(9-րդ կետը փոփ. 18.05.23 N 777-Ն)

10. Կառավարության կողմից կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել՝

1) մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 10 տոկոսը.

2) 500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված համայնքներում իրականացվող ներդրումային ծրագրերի դեպքում՝ ներդրումային ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 40 տոկոսը:

(10-րդ կետը լրաց. 18.05.23 N 777-Ն)

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

11. Օժանդակություն ստանալու համար շահառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հայտ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ համաձայն N 1 ձևի։

12. Հայտին կից շահառուն ներկայացնում է՝

1) ներդրումային ծրագրի ամփոփ նկարագիրը՝ համաձայն N 2 ձևի.

2) օժանդակություն ստանալու նպատակով ակնկալվող ենթակառուցվածքների մանրամասն նկարագրությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքի ծրագիծը, այդ թվում՝ քարտեզի վրա, հողամասերի ցանկը, ներառյալ՝ կադաստրային ծածկագրերն ու սեփականատերերի մասին տեղեկատվություն, կառուցման համար անհրաժեշտ ծախսերի գնահատումը, ներառյալ՝ անհրաժեշտ հողերի ձեռքբերման և նախագծման ծախսերը.

3) տեղեկատվություն հողի/տարածքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ հավաստող փաստաթղթերով.

4) (կետն ուժը կորցրել է 18.05.23 N 777-Ն)

(12-րդ կետը խմբ., փոփ. 18.05.23 N 777-Ն)

 12.1. Բանկային երաշխիքը շահառուի կողմից ներկայացվում է պատասխանատու մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում։ Բանկային երաշխիքը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծ:

(12.1-ին կետը լրաց. 18.05.23 N 777-Ն)

13. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և թերությունների բացակայության դեպքում մշակում կառավարության համապատասխան որոշման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ) և այն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե, Կադաստրի կոմիտե, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ շահագրգիռ պետական մարմիններ (այսուհետ՝ գերատեսչություններ)՝ կարծիքի, իսկ հայտում թերությունների առկայության դեպքում վերադարձնում է շահառուին։

(13-րդ կետը լրաց. 18.05.23 N 777-Ն)

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գերատեսչություններից կարծիքներն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է դրանք և նախագիծը սահմանված կարգով ներկայացնում կառավարության քննարկմանը։

15. Նախագծի քննարկման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է շահառուին։

16. Կառավարության քննարկմանը ներկայացված նախագիծը (այսուհետ՝ որոշում) պետք է ներառի դրույթներ ներդրումային ծրագրին հավանություն տալու, ենթակառուցվածքի ապահովման գործընթացը կազմակերպելու, ենթակառուցվածքի կառուցման ժամանակացույցի, ենթակառուցվածքի կառուցման պատասխանատու պետական մարմնի (այսուհետ՝ պատասխանատու մարմին) նշանակման, ինչպես նաև ենթակառուցվածքի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման չափի, աղբյուրի և բանկային երաշխիք տրամադրելու մասին։

(16-րդ կետը փոփ. 18.05.23 N 777-Ն)

17. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով օժանդակության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պատասխանատու մարմնի և շահառուի միջև կնքված պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր), որը պետք է ներառի սույն միջոցառմամբ նախատեսված պահանջները, պայմանները, ինչպես նաև ներդրումների և նախատեսվող աշխատանքների ժամանակացույց և հաշվետվությունների ներկայացման մեխանիզմի վերաբերյալ դրույթներ:

(17-րդ կետը լրաց. 18.05.23 N 777-Ն)

18. Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պատասխանատու մարմինը շահառուի հետ կնքում է պայմանագիր։

19. Ենթակառուցվածքի կառուցումն իրականացվում է որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, սակայն ոչ շուտ, քան ներդրումային ծրագրի իրականացման մեկնարկը։

20. Ներդրումային ծրագրի իրականացման մեկնարկ է համարվում ներդրումային ծրագրի իրականացման համար օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ թույլտվությունների առկայության պարագայում պատասխանատու մարմնի և շահառուի կողմից համատեղ հաստատված ժամկետը։

21. Շահառուի կողմից ներդրումային ծրագրի չիրականացման արդյունքում վերջինս փոխհատուցում է կառավարության կողմից ենթակառուցվածքի կառուցման նպատակով տվյալ պահի դրությամբ կատարված ծախսերը և ենթակառուցվածքի կառուցման հետևանքով պատճառված վնասները։ Փոխհատուցման արդյունքում ենթակառուցվածքի մասով սեփականության փոփոխություն տեղի չի ունենում։

22. Ներդրումային ծրագրի իրականացման ավարտ է համարվելու ներդրումային ծրագրով նախատեսված՝ սույն միջոցառման 6-րդ կետին համապատասխան գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ անշարժ գույքի կառուցման և հիմնական միջոցների ձեռքբերման (այդ թվում՝ տեղափոխման և տեղադրման) աշխատանքների ամբողջ ծավալով իրականացումը, որը հաստատվում է պատասխանատու մարմնի և շահառուի կողմից համատեղ կնքված արձանագրությամբ։

23. Երաշխիքը դադարում է ներդրումային ծրագրի ավարտից հետո հնգօրյա ժամկետում։

 

Ներմուծեք նկարագրությունը_22959

Ներմուծեք նկարագրությունը_22958

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 18.05.23 N 777-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

24.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2022 թվական: