Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 149
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.09.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.09.2022
Дата вступления в силу
06.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

23 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 149

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ կետին, 254-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 6-րդ և 62-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի «Ապրանքների այն կատեգորիաների մասին, որոնց նկատմամբ կիրառվում է հատուկ մաքսային ընթացակարգ, ապրանքների այդպիսի կատեգորիաները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների և դրա կիրառման կարգի մասին» թիվ 23 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝ 

Բելառուսի Հանրապետությունից՝ 

Ղազախստանի Հանրապետությունից՝ 

Ղրղզստանի Հանրապետությունից՝ 

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի

սեպտեմբերի 23-ի թիվ 149 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 23 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) օտարերկրյա ապրանքների (սարքավորումների, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքների, նյութերի և այլ արտադրատեսակների) նկատմամբ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ։»։

2. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) օտարերկրյա ապրանքները (սարքավորումները, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքները, նյութերը և այլ արտադրատեսակներ), որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և դրա կիրառման կարգն այդպիսի ապրանքների նկատմամբ՝ թիվ 3 հավելվածի համաձայն։»։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելված.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի

 մարտի 29-ի թիվ 23 որոշման

 

Օտարերկրյա ապրանքները (սարքավորումները, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքները, նյութերը և այլ արտադրատեսակներ), որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և դրա կիրառման կարգն այդպիսի ապրանքների նկատմամբ

 

1. Սույն փաստաթուղթը սահմանում է օտարերկրյա ապրանքները (սարքավորումները, ներառյալ՝ մեքենաները, մեխանիզմները, ինչպես նաև սարքավորումների լրամասերը և պահեստամասերը, գործիքները, նյութերը և այլ արտադրատեսակներ), որոնք Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք են ներմուծվում (ներմուծվել) մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսված են Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) ներքին ծովային ջրերի և տարածքային ծովի սահմաններում գտնվող արհեստական կղզիների, կայանքների, շինությունների կամ այլ օբյեկտների շինարարության (ստեղծման, կառուցման), գործունեության ապահովման (շահագործման, օգտագործման) և համապատասխան տարածքներում անվտանգության ապահովման համար՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման, օգտակար հանածոների, ածխաջրածնային հումքի ծովային հանքավայրերի հետախուզման և մշակման ժամանակ (այսուհետ՝ ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացում), հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանները և սահմանում է հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման կարգն այդպիսի ապրանքների նկատմամբ։

2. Սույն փաստաթղթի 1-ին կետում նշված ապրանքների թվին չեն պատկանում՝

ա) ապրանքներ, որոնք ենթակա են հարկման ակցիզներով (ակցիզային հարկով կամ ակցիզային տուրքով)՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը.

բ) ապրանքներ, որոնք ընդգրկված են այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 1 հավելված).

գ) ապրանքներ, որոնք ընդգրկված են այն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված) (այսուհետ՝ ցանկ)՝ բացառությամբ ցանկի 2.16 և 2.19 բաժիններում ընդգրկված ապրանքների։

3. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները պահպանում են օտարերկրյա ապրանքների կարգավիճակը:

4. Ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմաններն են՝

ա) այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը (այսուհետ՝ մաքսային մարմին), ազատ ձևով ձևակերպված գրավոր պարտավորության ներկայացում այն անձի անունից, որն այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացման իրավունքի թույլտվություն (լիցենզիա) կամ այլ թույլատրագիր է ստացել (այսուհետ՝ լիցենզիա) այդ ապրանքները բացառապես սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով օգտագործելու վերաբերյալ՝ նշելով հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պլանավորվող ժամկետը և կցելով այդ ապրանքների անվանումների, դրանց քանակի մասին տեղեկություններ, ինչպես նաև առևտրային փաստաթղթերին, տրասնպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան դրանց արժեքի մասին տեղեկություններ պարունակող այդպիսի ապրանքների ցանկը.

բ) սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների պահպանում։ Ընդ որում, չեն կիրառվում տեխնիկական կանոնակարգման միջոցներ, իսկ ցանկի 2.16 և 2.19 բաժիններում ընդգրկված ապրանքների նկատմամբ՝ ոչ սակագնային կարգավորման միջոցներ.

գ) ապրանքների հայտարարագրումն իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված ձևին համապատասխան ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ։

5. Հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝

ա) սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետի պահպանում.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ սույն փաստաթղթի 7-րդ կետով սահմանված՝ տիրապետման և օգտագործման հետ կապված սահմանափակումների պահպանում։

6. Հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու դեպքում մաքսային մարմինն այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետ է սահմանում սույն փաստաթղթի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գրավոր պարտավորության մեջ նշված ժամկետի հիման վրա, բայց լիցենզիայի գործողության ժամկետը չգերազանցող ժամկետով և ոչ ուշ, քան մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը հայտարարատուի պատճառաբանված դիմումով կարող է երկարաձգվել մինչև լիցենզիայի գործողության ժամկետի շրջանակներում դրա լրանալը, բայց ոչ ուշ, քան մինչև 2043 թվականի դեկտեմբերի 31-ը։

7. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ սույն փաստաթղթի 1-ին կետում նշված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրվում է դրանց փոխանցումն այլ անձանց տիրապետման և օգտագործման համար՝ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների տիրապետման և օգտագործման փոխանցումը հայտարարատուի կողմից այլ անձանց թույլատրվում է պայմանով, որ այդ անձինք ապրանքներն օգտագործեն սույն փաստաթղթի 1-ին կետում նշված նպատակներով։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխանցումը հայտարարատուի կողմից այլ անձանց՝ տիրապետման և օգտագործման համար թույլատրվում է այդպիսի ապրանքների տեխնիկական սպասարկման, վերանորոգման (բացառությամբ կապիտալ վերանորոգման, արդիականացման), պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), ինչպես նաև թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման նպատակով՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը, եթե այդպիսի ապրանքները կորցրել են իրենց սպառողական հատկությունները և ճանաչվել են ոչ պիտանի դրանց հետագա օգտագործման համար այն որակով, որի համար նախատեսված են եղել։ Նշված՝ թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ ոչնչացման գործողությունները կատարվում են ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացում իրականացնող անդամ պետության տարածքում՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան այդպիսի ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմնին ծանուցելու պայմանով։

Չի թույլատրվում հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործումը սույն փաստաթղթի 1-ին կետում սահմանված նպատակներից տարբերվող նպատակներով, ինչպես նաև այդ ապրանքների արտահանումն այլ անդամ պետությունների տարածքներ։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ անձանց տիրապետմանը և օգտագործմանը փոխանցելը չի կասեցնում կամ չի երկարաձգում սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ այդ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը։

8. Մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպմամբ (այդ թվում՝ հատուկ մաքսային ընթացակարգով)՝ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքին (այսուհետ՝ Օրենսգիրք) համապատասխան սահմանված կարգով և պայմաններով։ Ընդ որում, այդպիսի ապրանքները կարող են ձևակերպվել մաքսային ընթացակարգերով մեկ կամ մի քանի խմբաքանակներով.

բ) Միության մաքսային տարածքից հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների արտահանմամբ, եթե Միության մաքսային տարածքից այդ ապրանքների մեկնման վայրը գտնվում է այն անդամ պետությունում, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը.

գ) այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը, վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստի կամ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով՝ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչմամբ։

9. Մինչև մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է նաև հետևյալ դեպքերում.

հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ծախսվել են ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացման ժամանակ դրանց օգտագործման ընթացքում.

հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնք կորցրել են իրենց սպառողական հատկությունները և դարձել են ոչ պիտանի օգտագործման համար այն որակով, որի համար նախատեսված են, թաղվել, վնասազերծվել, ուտիլիզացվել կամ այլ կերպ ոչնչացվել են։

Սույն կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ապրանքները ձևակերպվել են հատուկ մաքսային ընթացակարգով, Օրենսգրքի 78-րդ հոդվածին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտի հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանելու դեպքում։

Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն կետին համապատասխան, գտնվում են մաքսային հսկողության տակ՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու համար հիմքերի առկայությունը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին ներկայացնելը։

10. Մաքսային մարմնի կողմից սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալուն պես այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է։

11. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ օտարերկրյա ապրանքների համար կիրառելի այլ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու դեպքում՝

ա) այդպիսի ապրանքների ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, մաքսային արժեքը և (կամ) բնաիրային արտահայտությամբ դրանց ֆիզիկական հատկանիշը (քանակ, զանգված, ծավալ կամ այլ հատկանիշ) սահմանվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ օտարերկրյա ապրանքների համար կիրառելի այլ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար տրված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ.

բ) այդպիսի ապրանքների նկատմամբ կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով կամ օտարերկրյա ապրանքների համար կիրառելի այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար տրված ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող արգելքներն ու սահմանափակումները՝ հաշվի առնելով ապրանքների այդպիսի հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այդ ապրանքների փաստացի վիճակը։

12. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը հայտարարատուի մոտ առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների այն հայտարարագիրը գրանցելու պահից, որին համապատասխան ապրանքները ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով։

13. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը հայտարարատուի մոտ դադարում է հետևյալ հանգամանքներից մեկն ի հայտ գալու դեպքում.

ա) ապրանքների բացթողման մերժում՝ հատուկ մաքսային ընթացակարգին համապատասխան, ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության առնչությամբ.

բ) Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ն կետին համապատասխան ապրանքների հայտարարագրի հետկանչում և (կամ) Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ապրանքների բացթողման չեղարկում՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության առնչությամբ.

գ) հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը՝ սույն փաստաթղթի 8-րդ և 9-րդ կետերին համապատասխան, մինչև սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, այդ թվում՝ սույն փաստաթղթի 15-րդ կետի «ա»-ից «գ» ենթակետերում նշված հանգամանքներն ի հայտ գալուց հետո.

դ) Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան այն ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնում, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.

ե) Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան այն ապրանքների մաքսային ընթացակարգերով ձևակերպում, որոնց նկատմամբ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է.

զ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն փաստաթղթի 16-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.

է) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների բռնագրավում կամ այն անդամ պետության սեփականության (եկամտի) վերածում, որի տարածքում իրականացվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ը) մաքսային մարմնի կողմից Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների արգելապահում։

14. Հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը ենթակա է կատարման՝ սույն փաստաթղթի 15-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում։

15. Հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետն է համարվում՝

ա) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները սույն փաստաթղթի 1-ին կետով սահմանված նպատակներից տարբերվող նպատակներով օգտագործելու դեպքում՝ մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը, այդպիսի օգտագործման առաջին օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման օրը.

բ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն այլ անձի (անձանց) փոխանցման և (կամ) մինչև հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ ի խախտումն սույն փաստաթղթի 7-րդ կետի այդպիսի անձի (անձանց) կողմից այդ ապրանքների օգտագործման դեպքում՝ այդպիսի ապրանքների փոխանցման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման օրը.

գ) հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների՝ մինչև այդ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտը կորստի դեպքում, բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի, այդպիսի ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ, ապա ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման օրը.

դ) սույն փաստաթղթի 10-րդ կետին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում՝ սույն փաստաթղթի 6-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը։

16. Սույն փաստաթղթի 15-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի մասով սակագնային առանձնաշնորհումների և վճարման արտոնությունների կիրառման:

Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար տրված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ։

Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ, ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա:

Հետագայում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ պարզելու դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, և իրականացվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան՝ չվճարված գումարների բռնագանձում:

17. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտականությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձվելուց (ամբողջությամբ կամ մասնակի) հետո սույն փաստաթղթի 11-րդ կետին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ժամանակավոր պահպանման հանձնելու կամ ապրանքներն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ձևակերպելու կամ այդ ապրանքներն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելապահվելու դեպքում սույն փաստաթղթին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան:

18. Սույն փաստաթղթի 1-ին կետում նշված ապրանքների առնչությամբ հատուկ մաքսային ընթացակարգի կիրառման հետ կապված մյուս հարցերը, ներառյալ՝ հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունը կասեցնելու և վերականգնելու հարցերը, կարգավորվում են Օրենսգրքի 19-րդ գլխին համապատասխան, իսկ Օրենսգրքով չկարգավորված մասով՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կատարվում է ածխաջրածինների ծովային հանքավայրերի յուրացումը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան