ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2167/05/20 2022 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ/2167/05/20 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ք. Մկոյան | |
Հ. Բեդևյան | ||
Լ. Հակոբյան |
2022 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վահագն Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Վահագն Գևորգյանի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ 04.07.2019 թվականի «Հողերի օգտագործման և պահպանման խախտումների» թիվ 12 ակտը և 09.07.2019 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հայտնաբերված խախտումներն իրավապահ մարմիններին ներկայացնելու մասին» թիվ 06-13-12 որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վահագն Գևորգյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 04.07.2019 թվականի «Հողերի օգտագործման և պահպանման խախտումների» թիվ 12 ակտը և 09.07.2019 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հայտնաբերված խախտումներն իրավապահ մարմիններին ներկայացնելու մասին» թիվ 06-13-12 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) 13.04.2020 թվականի որոշմամբ Վահագն Գևորգյանի հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 11.05.2020 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2020 թվականի որոշմամբ Վահագն Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.05.2020 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահագն Գևորգյանը (ներկայացուցիչներ՝ Վարազդատ Բադալյան, Մհեր Հակոբյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի «բ» կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը միջամտել է հայցվորի՝ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքին, այն է` Դատարանը պետք է գործի քննությունն իրականացներ հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում, եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ Դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ստորադաս ատյանները չեն կարող նախադեպային որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ, քանի որ դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական, այսինքն, դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման:
Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով գտել է, որ վիճարկվող ակտերն օրենքի իմաստով վարչական ակտեր չեն հանդիսանում, որն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը, և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 11.05.2020 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. սխալ հայցատեսակով ձևակերպված պահանջ ունենալու հիմքով վերադարձվելուց հետո կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը կարող է արդյոք մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ հայցադիմումի սխալները չվերացնելու հիմքով, եթե կրկին ներկայացված հայցադիմումն ունի պահանջի այն նույն ձևակերպումը, ինչ սկզբնական հայցադիմումը` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերևույթ սխալները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկը դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքն է, որը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ:
Վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի լույսի ներքո ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) կառուցակարգի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով 14.03.2017 թվականի որոշմամբ: Այդ որոշման շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի ուժով վարչական դատարանի վրա դրված է որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականություն: Այդ պարտականության դրսևորումներից մեկը ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելն է: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորի պահանջը տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակին չհամապատասխանող կերպով ձևակերպված լինելը հիմք է հանդիսանում տվյալ հայցադիմումը վերադարձնելու համար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար հիմքեր հանգելու այն եզրակացության, որ անձի կողմից վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ձևակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված պահանջ պարունակող հայցադիմում (տե´ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե´ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Որպես վերոգրյալ իրավական դիրքորոշումների ամփոփում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության.
1) հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության դեպքում վարչական դատարանը պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով (մատնանշել ճիշտ հայցատեսակը),
2) եթե հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրության և վարչական դատարանի կողմից պատշաճ հայցատեսակի մատնանշման պարտականության պատշաճ կատարման պայմաններում հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված սկզբնական ոչ ճիշտ հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է կայացնել այդ հայցապահանջի շրջանակներում հարուցված վարչական գործի հետագա ճակատագիրը լուծող դատական ակտ (տե´ս, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բխում է, որ վարչական դատարանը ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու իր պարտականությունը կարող է կատարել նաև հայցադիմումի ընդունելության փուլում՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ: Այդ որոշմամբ վարչական դատարանը հայցվորի կողմից ոչ ճիշտ հայցատեսակի ընտրությունը որակում է որպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջի չպահպանում, այն է՝ բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված հայցապահանջի ներկայացում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ, ելնելով վարչական դատավարությունում մեկ այլ հիմնարար դրույթի՝ տնօրինչականության սկզբունքի էությունից, արձանագրել է, որ ստանալով սխալ հայցատեսակով ձևակերպված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը՝ հայցվորը կարող է կատարել, inter alia, հետևյալ դատավարական գործողությունները.
1) ընդունել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել դատարանի կողմից մատնանշված պատշաճ հայցատեսակին համահունչ,
2) չընդունել դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել նույն կերպ, ինչպես որ այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ, մի կողմից, օրենսդիրը հնարավորություն է ընձեռել հայցվորին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում վերացնելու հայցադիմումում պահանջի ձևակերպման հետ կապված սխալը և կրկին ներկայացնելու այն վարչական դատարան, որի դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը: Մյուս կողմից, եթե նշված ժամկետում հայցվորը չի վերացնում հայցադիմումում պահանջի ձևակերպման հետ կապված սխալը և հայցադիմումը` նշված թերությունը շտկված վիճակում, կրկին չի ներկայացնում դատարան, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, եթե հայցադիմումի տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար (տե´ս, Արթուր Ավթանդիլյանը և այլոք ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատարանն իրավասու է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժել հայցադիմումի ընդունումը միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ դատարանն արձանագրել է (մատնանշել է) հայցադիմումում առկա համապատասխան սխալը,
2) հայցվորը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո կրկին ներկայացրել է հայցադիմումը՝ չվերացնելով դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված սխալը,
3) տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու համար պարտադիր պայման է հայցադիմումում առկա՝ հայցվորի կողմից չվերացված և գործի քննության համար արգելք հանդիսացող սխալը դատարանի կողմից դեռևս հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված լինելու հանգամանքը:
Փաստորեն, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ նշված սխալները (հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի թերությունները) չշտկելու դատավարական հետևանքն այն է, որ դատարանը կարող է այդ սխալները չվերացնելը գնահատել որպես գործի քննության համար արգելք և այդ հիմքով մերժել կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը:
Այս համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, եթե հայցվորը չի ընդունում հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ դատարանի կողմից կատարված առաջարկը՝ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ, և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպում է նույն կերպ, ինչպես այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ, ապա դա չի նշանակում, որ հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար: Այլ կերպ ասած՝ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ կատարված առաջարկը չընդունելը և հայցապահանջի ձևակերպման թերությունը չվերացնելը չեն կարող ընկալվել և դիտարկվել որպես գործի քննության համար արգելք: Այդ դեպքում կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով:
Վերոհիշյալ դատողությունները հիմնված են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված և հետևողականորեն պաշտպանվող այն իրավական դիրքորոշման վրա, որ սխալ հայցատեսակի ընտրությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ հայցադիմումի ընդունումը մերժելու համար:
Այսինքն, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում բազմիցս ընդգծել է, որ հայցվորի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի սխալ ընտրությունն ինքնին չի ենթադրում, որ հայցադիմումի ընդունումը պետք է մերժվի հայցը դատարանին ենթակա չլինելու հիմքով (տե´ս, օրինակ, Գագիկ Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության թիվ ՎԴ/0229/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ սխալ հայցատեսակով ձևակերպված պահանջ ունենալու համար վերադարձնելուց հետո կրկին ներկայացված և նույն պահանջը պարունակող հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել հայցադիմումի սխալները չվերացնելու հիմքով, քանի որ հայցապահանջի ձևակերպման թերությունը չվերացնելը գործի քննության համար արգելք չէ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով (տե´ս, օրինակ, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահագն Գևորգյանը 06.04.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 04.07.2019 թվականի «Հողերի օգտագործման և պահպանման խախտումների» թիվ 12 ակտը և 09.07.2019 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հայտնաբերված խախտումներն իրավապահ մարմիններին ներկայացնելու մասին» թիվ 06-13-12 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 3-60):
Դատարանի 13.04.2020 թվականի որոշմամբ Վահագն Գևորգյանի հայցադիմումը վերադարձվել է: ՀՀ վարչական դատարանը գտել է, որ նշված ակտերը չեն հանդիսանում անհատական իրավական ակտեր, քանի որ չունեն հստակորեն որոշված հասցեատեր, դրանք անձին ուղղված միակողմանի կարգադրություններ չեն, ինչպես նաև դրանցով ուղղակի իրավական հետևանքներ չեն առաջանում որևէ անձի համար՝ դրանցով վարչական մարմինը չի սահմանել, փոփոխել, վերացրել կամ ճանաչել իրավունքներ և պարտականություններ անձի համար: Միաժամանակ, Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, առաջարկել է հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով` ներկայացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ճանաչման հայց` ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 04.07.2019 թվականի «Հողերի օգտագործման և պահպանման խախտումների» թիվ 12 ակտը և 09.07.2019 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հայտնաբերված խախտումներն իրավապահ մարմիններին ներկայացնելու մասին» թիվ 06-13-12 որոշումը կազմելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին (նույն հոդվածով սահմանված շահագրգռվածության առկայության դեպքում) (հատոր 1-ին, գ.թ. 61-65):
Կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորը պնդել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 04.07.2019 թվականի «Հողերի օգտագործման և պահպանման խախտումների» թիվ 12 ակտը և 09.07.2019 թվականի «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում հայտնաբերված խախտումներն իրավապահ մարմիններին ներկայացնելու մասին» թիվ 06-13-12 որոշումը հանդիսանում են վարչական ակտեր (հատոր 1-ին, գ.թ. 73-141):
Դատարանը 11.05.2020 թվականի որոշմամբ մերժել է կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով` գտնելով, որ ակտը և որոշումը վարչական ակտեր չհանդիսանալու պայմաններում չեն կարող դատական քննության առարկա հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ճանաչման հայցով վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի շրջանակներում, իսկ նման քննության արդյունքում Դատարանը զրկված է լինելու վեճի առարկա հանդիսացող ակտերի առ ոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու հնարավորությունից (հատոր 1-ին, գ.թ. 142-146):
Վերաքննիչ դատարանը 10.07.2020 թվականի որոշմամբ մերժել է Վահագն Գևորգյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 11.05.2020 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի դիրքորոշումը: Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ տվյալ դեպքում ողջ վեճը վերաբերում է քննության առարկա ակտերը վարչական ակտեր հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքին, որպիսի իրավական խնդիր առկա չէ բողոքով վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որևէ որոշմամբ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից կրկին ներկայացված հայցադիմումով թերությունը չի վերաբերում ընտրված հայցի սխալ լինելուն, և ըստ այդմ՝ Դատարանի կողմից կատարված մատնանշումը չընդունելուն, այլ վերաբերում է այն իրավական խնդրին, որ վիճարկվող ակտերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ճանաչման հայցով վարչական ակտի առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի շրջանակներում առհասարակ չեն կարող դատական քննության առարկա հանդիսանալ նախ վարչական ակտեր չլինելու, այնուհետ՝ գործի քննության արդյունքում դրանց առ ոչինչ լինելը ճանաչելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու հնարավորություն չլինելու պատճառաբանություններով, ինչն ինքնին արգելք է գործի քննության համար (հատոր 2-րդ, գ.թ. 54-76):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով իրավասու չէր մերժելու Վահագն Գևորգյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ հայցվորը չի վերացրել ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 13.04.2020 թվականի որոշմամբ արձանագրված թերությունը: Տվյալ թերությունը վերաբերել է Վահագն Գևորգյանի կողմից ընտրված հայցատեսակի սխալ լինելուն: Սակայն հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումում չի ընդունել Դատարանի առաջարկը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 13.04.2020 թվականի որոշումն ստանալուց հետո Վահագն Գևորգյանն իրավունք ուներ պնդելու իր կողմից ի սկզբանե ներկայացված հայցատեսակը և պարտավոր չէր ընդունել դատարանի առաջարկը: Վահագն Գևորգյանը, չընդունելով Դատարանի առաջարկը, պարտավոր չէր բողոքարկել Վարչական դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 13.04.2020 թվականի որոշումը, և կարող էր կրկին ներկայացնել իր հայցադիմումը նույն պահանջով՝ առանց իրացնելու Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 13.04.2020 թվականի որոշումը բողոքարկելու իր իրավունքը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ հայցվոր կողմը կա´մ պետք է կատարեր Դատարանի 13.04.2020 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման պահանջը (եթե համաձայն էր որոշման հետ), կա´մ բողոքարկեր այն (եթե գտնում էր, որ որոշման հիմքում դրված եզրահանգումներն անհիմն են):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի մատնանշումը հայցվորի կողմից չընդունելը չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրառմամբ հայցադիմումի ընդունումը մերժելու համար, քանի որ դա հակասում է տնօրինչականության սկզբունքի էությանը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը կաշկանդված չէր մատնանշումը չընդունելու հայցվորի վարքագծով և պարտավոր էր քննարկման առարկա դարձնելու հայցվորի կողմից կրկին ներկայացված հայցապահանջի՝ ՀՀ վարչական դատարանում քննության ենթակա լինելու հարցը և այն դատարանի քննությանը ենթակա չլինելու հետևության հանգելու պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ՝ հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, կայացներ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում։ Հակառակ դեպքում կրկին ներկայացված հայցադիմումով իր կողմից ի սկզբանե ներկայացված հայցապահանջը հայցվորի կողմից պնդելու պարագայում, եթե այն ենթակա է քննության դատարանում, Դատարանը պարտավոր է ոչ թե մերժել հայցադիմումի ընդունումը, այլ գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահագն Գևորգյանի կողմից կրկին ներկայացված և սկզբնական հայցադիմումի մեջ նշված նույն պահանջը պարունակող հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել հայցադիմումի սխալները չվերացնելու հիմքով, քանի որ հայցապահանջի ձևակերպման թերությունը չվերացնելը գործի քննության համար արգելք չէ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով, բացառությամբ հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքի։
Ամփոփելով վերոգրյալ վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Վահագն Գևորգյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով։ Հետևաբար, մերժելով Վահագն Գևորգյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ընդունումը՝ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10․07․2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 11․05․2020 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Ք. Մկոյան Հ. Բեդևյան Լ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|