Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.01.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.01.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
27.01.2023
Дата вступления в силу
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԿԴ1/0150/04/17
2023
թ.

Սնանկության գործ թիվ ԿԴ1/0150/04/17

Նախագահող դատավոր`

 Գ. Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հունվարի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) և Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի՝ Շուշան Հակոբյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Շուշան Հակոբյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) 15.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2017 թվականի որոշմամբ Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտաշես Փարսադանյանը։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է Շուշան Հակոբյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ համապատասխան առաջնահերթության և ապահովվածության:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.06.2018 թվականի որոշմամբ Շուշան Հակոբյանի սնանկության գործով Կառավարչի միջնորդությունը` գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին, բավարարվել է և արձանագրվել է, որ պարտատերերը, ստանալով Կառավարչի միջնորդությունը, օրենքով սահմանված ժամկետում առարկություն չեն ներկայացրել, եկել է այն եզրահանգման, որ միջնորդությունը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 76-րդ հոդվածներին համապատասխան, ուստի պետք է այն բավարարել և թույլատրել կառավարչին՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել աճուրդով հետևյալ կերպ. «... 2. Թույլատրել Շուշան Գևորգի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյանին հրապարակային սակարկություններով վաճառել պարտապան Շուշան Գևորգի Հակոբյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված հետևյալ գույքերը՝

Լոտ 1. Սմբատ Գևորգի Հակոբյանին, Ռուզան Գևորգի Հակոբյանին, Նվարդ Ամիրխանի Ավետիսյանին, Գևորգ Մանուկի Հակոբյանին, Մանուկ Գևորգի Հակոբյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փող., 2/6, բն. 69 հասցեում գտնվող բնակարանը, մեկնարկային գինը՝ 18.300.000 ՀՀ դրամ:

Լոտ 2. Գագիկ Մանուկի Մարգարյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 2/7 շենք, թիվ 44 հասցեում գտնվող անշարժ գույքը, մեկնարկային գինը՝ 34.740.000 ՀՀ դրամ:

Լոտ 3. Շուշան Գևորգի Հակոբյանին և Գագիկ Մանուկի Մարգարյանին պատկանող գրավի առարկա հանդիսացող «BMW 3181» մակնիշի, 33 VU 012 համարանիշի ավտոմեքենան, մեկնարկային գինը՝ 700.000 ՀՀ դրամ: ...»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Մանուկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 26.06.2018 թվականի՝ «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշումը մասնակիորեն՝ «Լոտ 1. Սմբատ Գևորգի Հակոբյանին, Ռուզան Գևորգի Հակոբյանին, Նվարդ Ամիրխանի Ավետիսյանին, Գևորգ Մանուկի Հակոբյանին, Մանուկ Գևորգի Հակոբյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փող., 2/6, բն. 69 հասցեում գտնվող բնակարանը (․․․)» հրապարակային սակարկություններով վաճառել թույլատրելու վերաբերյալ վերացվել է, և այդ մասով հարցն ուղարկվել է ՀՀ սնանկության դատարան նոր քննություն իրականացնելու համար։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ռուբեն Ժամագործյան) և Կառավարիչը։

Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Մանուկ Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ազիզյան)։

 

2. Բանկի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, 177-րդ հոդվածի 1-ին մասը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 426-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատավարական ժամկետի բացթողումը հանգեցնում է այդ ժամկետով պայմանավորված գործողություն կատարելու իրավունքի դադարմանը, բացառությամբ դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության բավարարելու դեպքի։ Ընդ որում, դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու հանգամանքն, իր հերթին, կրում է գնահատողական բնույթ՝ պայմանավորված լինելով գործի առանձնահատկություններով։

Սույն գործով 2018 թվականի հունիս ամսից սկսած Կառավարչի կողմից գրավատուին և վերջինիս հաշվառման հասցեով ուղարկվել է գրություն անշարժ գույքի աճուրդային գործընթացի և բողոքարկվող որոշման կայացման մասին, այսինքն՝ առնվազն 2018 թվականի հունիս ամսից սկսած վերջինս իմացել է և կարող էր իմանալ դատական ակտի կայացման մասին: Ավելին, բողոքարկվող որոշման մասին գրավատուի իրազեկված լինելու փաստը հավաստվում է թիվ ԿԴ1/0150/04/17 սնանկության գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված 05.12.2018 թվականի միջնորդությամբ, ուստի գրավատուի պնդումը, որ տվյալ որոշման մասին իրազեկվել է 16.02.2021 թվականին, անհիմն է և չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս 05.12.2018 թվականին Դատարան ներկայացրած՝ պարտատերերի պահանջների մասով կասեցնելու միջնորդությամբ վերջինս ընդունել է, որ տեղեկացված է գույքն աճուրդով վաճառելու թույլատրելու վերաբերյալ որոշման մասին։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ բոլոր փաստաթղթերը գրավատուին ուղարկվել են այն հասցեով, որը վերջինիս կողմից բոլոր դատավարական փաստաթղթերում մշտապես նշվել է և՛ որպես հաշվառման, և՛ որպես բնակության հասցե։

Բացի այդ, գրավատուի կողմից 2019 թվականի հունվար ամսին թիվ ԿԴ1/1834/02/18 քաղաքացիական գործով ներկայացվել է միջնորդություն վեճի առարկա անշարժ գույքը կառավարչի կողմից աճուրդի եղանակով օտարումն արգելելու մասին։

Սույն գործի փաստերով հաստատվում է, որ բացի գրություններ ուղարկելու միջոցով ծանուցելուց՝ անշարժ գույքի աճուրդի միջոցով օտարման գործընթացի մասին Կառավարիչն առնվազն երեք անգամ՝ 16.07.2018 թվականին, 07.08.2018 թվականին, 04.092018 թվականին ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրել է հայտարարություն անշարժ գույքի աճուրդի բոլոր գործընթացների մասին։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է գրավատուի իրավունքը դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով գույքի արժեքը և իրացման համար հաշվարկված ծախսերը և այդ նորմի կիրառելիությունը սահմանափակված չէ որևէ ժամկետով և/կամ գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշման կայացմամբ և/կամ սնանկության վարույթի որևէ փուլով։ Այսինքն՝ գրավատուն իրավունք ունի ցանկացած պահի հատուկ հաշվին որպես դեպոզիտ վճարում կատարելու միջոցով դադարեցնել գրավը, մինչդեռ տվյալ դեպքում գրավատուն, տեղեկացված լինելով նշված գործընթացի մասին, ցուցաբերել է բացարձակ անգործություն։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.06.2018 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշմանը։

 

2.1 Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 119-րդ հոդվածի 1-ին մասը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են, որ գրավատուն ողջ սնանկության գործընթացում ներգրավված է եղել, վերջինիս ուղարկվել են տարբեր ծանուցումներ, իսկ գրավատուն էլ տարբեր միջոցներով մշտապես փորձել է խոչընդոտել և կասեցնել սնանկության վարույթի բնականոն գործընթացը։ Այսպես՝ 2018 թվականի հունիս ամսից սկսած Կառավարչի կողմից գրավատուին վերջինիս հաշվառման հասցեով ուղարկվել է գրություն անշարժ գույքի աճուրդային գործընթացի և բողոքարկվող որոշման կայացման մասին, և գրավատուն դեռևս 05.12.2018 թվականին սույն գործով ներկայացրել է միջնորդություն, որում նշել է, որ «() Սնանկության գործի շրջանակներում Ձեր կողմից 26062018թ-ին կայացվել է որոշում գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին (...)»։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ բոլոր փաստաթղթերը գրավատուին ուղարկվել են այն հասցեով, որը վերջինիս կողմից բոլոր դատավարական փաստաթղթերում մշտապես նշվել է և որպես հաշվառման, և որպես բնակության հասցե։

Բացի այդ, գրավատուի կողմից 2019 թվականի հունվար ամսին թիվ ԿԴ1/1834/02/18 քաղաքացիական գործով ներկայացվել է միջնորդություն վեճի առարկա անշարժ գույքը կառավարչի կողմից աճուրդի եղանակով օտարումն արգելելու մասին։

Սույն գործի փաստերով հաստատվում է, որ բացի գրություններ ուղարկելու միջոցով ծանուցելուց, անշարժ գույքի աճուրդի միջոցով օտարման գործընթացի մասին Կառավարիչն առնվազն երեք անգամ՝ 16.07.2018 թվականին, 07.08.2018 թվականին, 04.092018 թվականին ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում տեղադրել է հայտարարություն անշարժ գույքի աճուրդի բոլոր գործընթացների մասին։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է գրավատուի իրավունքը դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով գույքի արժեքը և իրացման համար հաշվարկված ծախսերը և այդ նորմի կիրառելիությունը սահմանափակված չէ որևէ ժամկետով և/կամ գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշման կայացմամբ և/կամ սնանկության վարույթի որևէ փուլով։ Այսինքն՝ գրավատուն իրավունք ունի ցանկացած պահի հատուկ հաշվին որպես դեպոզիտ վճարում կատարելու միջոցով դադարեցնել գրավը, մինչդեռ տվյալ դեպքում գրավատուն, տեղեկացված լինելով նշված գործընթացի մասին, ցուցաբերել է բացարձակ անգործություն։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 26.06.2018 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշմանը։

 

2.1 Վճռաբեկ բողոքների պատասխանների հիմքը և հիմնավորումները

Դատարանի կողմից գույքն աճուրդով վաճառելու վերաբերյալ Կառավարչի կողմից ներկայացված միջնորդության քննարկմանը գրավատու Մանուկ Հակոբյանին մասնակից դարձնելու որևէ փորձ չի կատարվել, և միջնորդության քննարկումն իրականացվել է առանց վերջինիս մասնակցության։

Մանուկ Հակոբյանը գրավադրված անշարժ գույքն աճուրդով վաճառելու որոշման մասին տեղեկացել է միայն 16.02.2021 թվականին՝ ներկայացուցչի միջոցով սնանկության գործի նյութերին ծանոթանալուց հետո։

Սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, որ գրավատու Մանուկ Հակոբյանը պատշաճ տեղեկացված է եղել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքն աճուրդային եղանակով օտարման գործընթաց սկսելու հանգամանքի մասին։

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի 15.09.2017 թվականի վճռով Շուշան Հակոբյանը ճանաչվել է սնանկ, իսկ 20.09.2017 թվականի որոշմամբ նշանակվել է պարտատերերի առաջին ժողով և Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտաշես Փարսադանյանը (գործի հավելված 1, գ.թ. 6-13):

2) Սույն գործով 19.06.2018 թվականին Դատարան է ստացվել Կառավարչի միջնորդությունը, որով վերջինս խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված հետևյալ գույքերը.

1 Սմբատ Գևորգի Հակոբյանին, Ռուզան Գևորգի Հակոբյանին, Նվարդ Ամիրխանի Ավետիսյանին, Գևորգ Մանուկի Հակոբյանին, Մանուկ Գևորգի Հակոբյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ) գրավադրված՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փողոց, թիվ 2/6 շենք, բնակարան 69 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի մեկնարկային գինը 18.300.000 ՀՀ դրամ է,

2 Գագիկ Մանուկի Մարգարյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ) գրավադրված՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա թիվ 2/7 շենք, 44-րդ բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, որի մեկնարկային գինը 34.740.000 ՀՀ դրամ է,

3 Շուշան Գևորգի Հակոբյանին և Գագիկ Մանուկի Մարգարյանին պատկանող «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ) գրավադրված «BMW 318 I» մակնիշի, 33 VU 012 համարանիշի տրասնպորտային միջոցը, որի մեկնարկային գինը 700.000 ՀՀ դրամ է (գործի հավելված 1, գ.թ. 80):

3) Կառավարչի կողմից 12.06.2018 թվականին գրություն է ուղարկվել նաև Մանուկ Հակոբյանին, որով հայտնել է, որ նշված անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Միաժամանակ տեղեկացվել է, որ պարտատերերն իրավունք ունեն միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում ներկայացնելու առարկություն (գործի հավելված 3, գ.թ. 16):

4) Դատարանը, 26.06.2018 թվականի որոշմամբ արձանագրելով, որ պարտատերերը, ստանալով Կառավարչի միջնորդությունը՝ Շուշան Հակոբյանի գույքն աճուրդով վաճառելու մասին, օրենքով սահմանված ժամկետում առարկություն չեն ներկայացրել, եկել է այն եզրահանգման, որ միջնորդությունը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 76-րդ հոդվածներին համապատասխան, ուստի պետք է այն բավարարել և թույլատրել Կառավարչին՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել աճուրդով: Դատարանը որոշել է. «(...) 2. Թույլատրել Շուշան Գևորգի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյանին հրապարակային սակարկություններով վաճառել պարտապան Շուշան Գևորգի Հակոբյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված հետևյալ գույքերը՝

Լոտ 1. Սմբատ Գևորգի Հակոբյանին, Ռուզան Գևորգի Հակոբյանին, Նվարդ Ամիրխանի Ավետիսյանին, Գևորգ Մանուկի Հակոբյանին, Մանուկ Գևորգի Հակոբյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փող., 2/6, բն. 69 հասցեում գտնվող բնակարանը, մեկնարկային գինը՝ 18.300.000 ՀՀ դրամ:

Լոտ 2. Գագիկ Մանուկի Մարգարյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 2/7 շենք, թիվ 44 հասցեում գտնվող անշարժ գույքը, մեկնարկային գինը՝ 34.740.000 ՀՀ դրամ:

Լոտ 3. Շուշան Գևորգի Հակոբյանին և Գագիկ Մանուկի Մարգարյանին պատկանող գրավի առարկա հանդիսացող «BMW 3181» մակնիշի, 33 VU 012 համարանիշի ավտոմեքենան, մեկնարկային գինը՝ 700.000 ՀՀ դրամ: (...)» (գործի հավելված 1, գ.թ. 90-91):

5) Կառավարչի կողմից 20.07.2018 թվականին գրություն է ուղարկվել նաև Մանուկ Հակոբյանին, որով հայտնել է, որ գույքն աճուրդի է ներկայացվել առանձնացված թվով երեք լոտերով։ Աճուրդն անց է կացվելու 03.08.2018 թվականին և, որ աճուրդին վերաբերվող ամբողջ տեղեկատվությունը և լոտերի նկարագրությունը կարող են ծանոթանալ www.azdarar.am կայքից (գործի հավելված 3, գ.թ. 17):

6) Կառավարչի կողմից 07.03.2019 թվականին գրություն է ուղարկվել նաև Մանուկ Հակոբյանին, որով հայտնել է, որ «(...) տեղեկացնում են Ձեզ, որ Սմբատ Գևորգի Հակոբյանին, Ռուզան Գևորգի Հակոբյանին, Նվարդ Ամիրխանի Ավետիսյանին, Գևորգ Մանուկի Հակոբյանին, Մանուկ Գևորգի Հակոբյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ) գրավադրված՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փող., 2/6, բն. 69 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդային գործընթացը շարունակվում է, որին կարող եք հետևել www.azdarar.am ինտերնետային կայքի միջոցով (…)» (գործի հավելված 3, գ.թ. 18):

7) Սույն գործով գրավատու Մանուկ Հակոբյանի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը 05.12.2018 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան, որով հայտնելով, որ «(…)Սնանկության գործի շրջանակներում 26.06.2018թ. կայացվել է որոշում գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին, համաձայն որի՝ … աճուրդի է ներկայացվել … Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սևանի փողոց, շենք 2/6, բնակարան 69 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 18.300.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով …:

Խնդրո առարկա հանդիսացող բնակարանի համասեփականատերերից Գևորգ Հակոբյանը մահացել է 21.03.2016թ., …, սակայն նրա մահից հետո վերջինիս պատկանող գույքի նկատմամբ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում որևէ մեկի կողմից ժառանգություն չի ընդունվել, ուստի Շուշան և Մանուկ Գևորգի Հակոբյանները սույն թվականի նոյեմբերի 12-ին դիմում են ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Գևորգ Հակոբյանի … մահից հետո նրա ժառանգական գույքը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սևանի փողոց, թիվ 2/6 շենք, թիվ 69 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքում ունեցած մասնաբաժինը, փաստացի տիրապետման հիմքով՝ որպես ժառանգություն, ընդունել են իրենք:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի … 20.11.2018 թ. թիվ ԿԴ1/1834/02/18 որոշմամբ վերոնշյալ դիմումն ընդունվել է վարույթ …: (…)», խնդրել է ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Սևանի փողոց, թիվ 2/6 շենք, թիվ 69 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պարտատերերի պահանջների մասով թիվ ԿԴ1/0150/04/17 սնանկության գործի վարույթը կասեցնել՝ մինչև թիվ ԿԴ1/1834/02/18 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի առկայությունը և Գևորգ Մանուկի Հակոբյանի ժառանգության հարցի լուծումը (գործի հավելված 3, գ.թ. 31-34):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Բանկի և Կառավարչի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի, 75-րդ հոդվածի 1-ին մասի և 76-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Բանկի և Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքներում դրանք բերելու հիմքերը և հիմնավորումները, ըստ էության, նույնական են, ուստի դրանց հիմնավորվածությանն անդրադառնում է համատեղ ստորև շարադրված ընդհանուր պատճառաբանությամբ.

 

Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության վարույթում գրավատու հանդիսացող երրորդ անձի կողմից իր գույքն աճուրդով վաճառելու գործընթացին մասնակցելու իրական հնարավորության առկայության կամ բացակայության գնահատման հարցին։

 

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով` (1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը. (2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը: Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել նույն օրենքով սահմանված պահանջները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում:

Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդության մասին ապահովված պահանջների դեպքում իրազեկելու նաև երրորդ անձանց, ում գույքով է ապահովված համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է միայն պարտատերերի կողմից հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում դատարան գրավոր առարկություն ներկայացնելու և աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու հնարավորություն, այդուհանդերձ անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված միջնորդության մասին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն՝ նկատի ունենալով, որ որպես ապահովված պահանջ՝ գրավադրված գույքի հրապարակային սակարկություններով օտարումը, ուղղակիորեն առնչվում է երրորդ անձ գրավատուի սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, իր 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1294 որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «գրավատու» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ տվյալ իրավահարաբերություններում «գրավատու» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև այդ հարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններում «պարտապան» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ «պարտապան» եզրույթը վերաբերում է ոչ միայն պարտապան-գրավատուին, այլ նաև տվյալ իրավահարաբերություններում հանդես եկող երրորդ անձ գրավատուին:

Հիմք ընդունելով ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումը, այնպես էլ թիվ ԵՇԴ/0072/04/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշմամբ Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների լույսի ներքո արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը իր՝ նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ եթե սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունն ապահովված է երրորդ անձ գրավատուին պատկանող գույքի գրավով, ապա վերջինս ոչ միայն պետք է իրապես տեղեկացվի պահանջների ներկայացման և հաստատման ընթացակարգի, այլ նաև իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացի մասին, քանի որ հակառակ մոտեցման պարագայում ուղղակիորեն սահմանափակվում են երրորդ անձ գրավատուի սեփականության և դատական պաշտպանության իրավունքները, այդ թվում` վերջինս զրկվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իր իրավունքից օգտվելու իրական հնարավորությունից (տե՛ս, ըստ դիմումի Գագիկ Հակոբյանի թիվ ԱՎԴ1/0006/04/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):

Սույն գործով 19.06.2018 թվականին Դատարան է ստացվել Կառավարչի միջնորդությունը, որով վերջինս խնդրել է թույլատրել հրապարակային սակարկություններով վաճառել պարտապանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված հետևյալ գույքերը. (…) Սմբատ Գևորգի Հակոբյանին, Ռուզան Գևորգի Հակոբյանին, Նվարդ Ամիրխանի Ավետիսյանին, Գևորգ Մանուկի Հակոբյանին, Մանուկ Գևորգի Հակոբյանին և Շուշան Գևորգի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ) գրավադրված՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փողոց, թիվ 2/6 շենք, 69-րդ բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքը, որի մեկնարկային գինը 18.300.000 ՀՀ դրամ է (…)։

 Դատարանի 26.06.2018 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը բավարարվել է: Դատարանը, արձանագրելով, որ պարտատերերը ստանալով Կառավարչի միջնորդությունը՝ օրենքով սահմանված ժամկետում առարկություն չեն ներկայացրել, եկել է այն եզրահանգման, որ միջնորդությունը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ և 76-րդ հոդվածներին համապատասխան, ուստի այն պետք է բավարարել և թույլատրել Կառավարչին պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել աճուրդով։

Վերաքննիչ դատարանը Մանուկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ Դատարանի 26.06.2018 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշումն ուղղակիորեն շոշափել է Մանուկ Հակոբյանի իրավունքներն ու օրինական շահերը՝ այն դեպքում, երբ վերջինիս համար չի ապահովվել նշված որոշման կայացմանը նախորդող գործընթացին մասնակցելու իրական հնարավորություն, որպիսի հանգամանքն անտեսվել է Դատարանի կողմից: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացված ապացույցներին, համաձայն որոնց՝ սնանկության գործով կառավարիչը փորձել է հիմնավորել, որ բողոքաբերը իրազեկված է եղել գույքի վաճառքի վերաբերյալ գործընթացին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ներկայացված ապացույցներով՝ մասնավորապես փոստային անդորրագրերով, հնարավոր չէ պարզել, թե, ի վերջո, արդյոք Մանուկ Հակոբյանին ուղարկվել է գույքի վաճառքի գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, թե՝ ոչ, ինչպես նաև բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Մանուկ Հակոբյանը ստացել է դրանք: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մանուկ Հակոբյանը սնանկության վարույթում իր գույքի վաճառքի վերաբերյալ գործընթացին մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է իր իրավունքներից իրապես օգտվելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա՝ ինչպես դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, այնպես էլ սեփականության իրավունքը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

սույն գործի նյութերում առկա են փոստային անդորրագրերի և գրությունների պատճեններ, որոնց ուսումնասիրությունից երևում է, որ Կառավարչի կողմից 12.06.2018 թվականին գրություն է ուղարկվել նաև Մանուկ Հակոբյանին, որով վերջինս տեղեկացվել է, որ պարտապանին պատկանող «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ) գրավադրված անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Միաժամանակ նշվել է, որ պարտատերերն իրավունք ունեն միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում ներկայացնելու առարկություն (գործի հավելված 3, գ.թ. 16): Այնուհետև, Կառավարչի կողմից 20.07.2018 թվականին կրկին գրություն է ուղարկվել նաև Մանուկ Հակոբյանին՝ առ այն, որ Դատարանի 26.06.2018 թվականի որոշմամբ թույլատրվել է գույքն աճուրդով վաճառելը և գույքն աճուրդի է ներկայացվել առանձնացված թվով երեք լոտերով։ Նույն գրությամբ Կառավարիչը նշել է, որ աճուրդն անց է կացվելու 03.08.2018 թվականին, միաժամանակ հավելել, որ աճուրդին վերաբերող ամբողջ տեղեկատվությանը և լոտերի նկարագրությանը կարող են ծանոթանալ www.azdarar.am կայքից (գործի հավելված 3, գ.թ. 17): Կառավարչի կողմից 07.03.2019 թվականին կրկին գրություն է ուղարկվել նաև Մանուկ Հակոբյանին՝ այն մասին, որ վերջինիս համատեղ սեփականության իրավունքով պատկանող, «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (իրավահաջորդ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ) գրավադրված՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փող., 2/6, բն. 69 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդային գործընթացը շարունակվում է, որին կարող են հետևել www.azdarar.am հրապարակային ծանուցումների կայքի միջոցով (գործի հավելված 3, գ.թ. 18):

Բացի այդ, սույն գործում առկա է վեճի առարկա գույքի համասեփականատեր գրավատու Մանուկ Հակոբյանի ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանի կողմից 05.12.2018 թվականին դատարան ներկայացված՝ «սնանկության գործի վարույթը պարտատերերի պահանջների մասով կասեցնելու մասին» միջնորդություն, որում հստակ ձևակերպված է, որ սնանկության գործի շրջանակներում դատարանի կողմից 26.06.2018 թվականին կայացվել է որոշում գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին, մանրամասնորեն նկարագրված են սնանկության գործի շրջանակներում իրականացված գործընթացները, ինչպես նաև նշված է, որ Շուշան և Մանուկ Հակոբյանների կողմից ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել դիմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ, որն ընդունվել է վարույթ, որի պայմաններում խնդրել են սույն սնանկության վարույթը կասեցնել և պարտավորեցնել Կառավարչին դադարեցնել վեճի առարկա՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փող., 2/6, բն. 69 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացը։

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ վերոնշյալ փաստերով հաստատվում է, որ գրավատու և վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատեր Մանուկ Հակոբյանը տեղեկացված է եղել պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառքը թույլատրելու մասին ինչպես Կառավարչի կողմից 19.06.2018 թվականին ներկայացված միջնորդության, այնպես էլ Դատարանի 26.06.2018 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության վերաբերյալ» որոշման, և ընդհանրապես, սնանկության վարույթում իրականացված ամբողջ գործընթացի վերաբերյալ։ Նշվածը մասնավորապես հիմնավորվում է վերջինիս կողմից սույն գործի շրջանակում ներկայացված «սնանկության գործի վարույթը պարտատերերի պահանջների մասով կասեցնելու մասին» միջնորդության բովանդակության ուսումնասիրությունից։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդիրը սնանկության գործով կառավարչին պարտավորեցրել է պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության մասին իրազեկել միայն պարտապանին և պարտատերերին, մինչդեռ, հիմք ընդունելով ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ եթե սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունն ապահովված է երրորդ անձ գրավատուին պատկանող գույքի գրավով, ապա երրորդ անձ գրավատուն պետք է իրապես տեղեկացվի իր գույքի վաճառքին վերաբերող ամբողջ գործընթացի մասին, ինչն էլ սույն գործով իրականացվել է Կառավարչի կողմից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Մանուկ Հակոբյանը սնանկության վարույթում իր գույքի վաճառքի վերաբերյալ գործընթացին մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է իր իրավունքներից իրապես օգտվելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել է նրա՝ ինչպես դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը, այնպես էլ սեփականության իրավունքը, չի համապատասխանում իրականությանը և չի բխում սույն գործի փաստերից։

Հակառակը՝ Մանուկ Հակոբյանը, իրազեկված լինելով սնանկության ամբողջ գործընթացի մասին և ունենալով իրական հնարավորություն մասնակցելու և անհրաժեշտության դեպքում ներկայացնելու իր առարկությունը կամ դիրքորոշումը, նկատի ունենալով, որ որպես ապահովված պահանջ՝ գրավադրված գույքի հրապարակային սակարկություններով օտարումը, ուղղակիորեն առնչվում է վերջինիս սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը, դրսևորել է անգործություն։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է Դատարանի 26.06.2018 թվականի «Գույքն աճուրդով վաճառելու թույլտվության մասին» որոշումը վերացնելու հիմքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքների պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2021 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան