Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.12.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2022
Дата вступления в силу
26.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3360/02/21

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3360/02/21

Նախագահող դատավոր

 Ն. Գաբրիելյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկուշ Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22062022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվության ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Համլետ Գալստյանի՝ 580,762 ՀՀ դրամ բռնագանձելու, ինչպես նաև նշված գումարի վրա հաշվարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ 28012021 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Համլետ Գալստյանից բռնագանձել 580,762 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել է բռնագանձել նշված գումարի վրա հաշվարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ 28012021 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 27.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22062022 թվականի որոշմամբ Հայկուշ Գալստյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.08.2022 թվականի որոշմամբ Հայկուշ Գալստյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկուշ Գալստյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածի 1-ին կետը, 25-րդ հոդվածի 1-ին կետը, 20-րդ հոդվածը, 40-րդ հոդվածի 1-ին մասը, 157-րդ հոդվածի 1-ին մասը, 182 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 183 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության չի ենթարկել գործում առկա բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից, արդյունքում կայացնելով չպատճառաբանված դատական ակտ։

Այսպես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բողոքաբերը չգիտեր և պարտավոր չէր իմանալու Համլետ Գալստյանի դեմ հարուցված քաղաքացիական գործի մասին։ Այնուամենայնիվ, Հայկուշ Գալստյանն իմանալով Համլետ Գալստյանի դեմ հարուցված քաղաքացիական գործի մասին, Դատարանի 27.08.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել այն և քաղաքացիական գործի վարույթը կարճել, սակայն Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է՝ խախտելով բողոքաբերի իրավունքները։

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 22062022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կարճել քաղաքացիական գործի վարույթը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը՝

1) Ընկերությունն ընդդեմ Համլետ Գալստյանի գումարի բռնագանձման պահանջի մասին սույն գործով հայցադիմումն առձեռն եղանակով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 31052021 թվականին (հատոր 1-ին, գթ 3)։

2) Դատարանի 08062021 թվականի որոշմամբ Ընկերության հայցադիմումը վարույթ է ընդունվել (հատոր 1-ին, գթ 1)։

3) ՀՀ Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի ՔԿԱԳ տարածքային բաժնի մահվան մասին պետական վկայականի պատճենի համաձայն՝ Համլետ Վանիկի Գալստյանը մահացել է 21122020 թվականին, որը ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային մատյանում գրանցվել է՝ 28122020 թվականին, իսկ գրանցման համարն է՝ 889/1626/2020 (հատոր 1-ին, գթ 78)։

4) ՀՀ Շիրակի մարզի նոտարական տարածքի նոտար՝ Հայկուշ Լևոնի Ֆենդյանի կողմից 20052022 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի պատճենի համաձայն Համլետ Վանիկի Գալստյանի մահից հետո գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում վերջինիս կինը՝ Հայկուշ Հրաչի Գալստյանը։ Նույն վկայագրի համաձայն՝ ժառանգական գույքը, որի նկատմամբ տրվել տվյալ է վկայագիրը հանդիսանում են՝ ՀՀ, Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի Ավզնոցի փողոց 26 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի ½ մասը, ինչպես նաև 2012 թվականի արտադրության «LAND ROVER RANGE ROVER SPORT HSE 5.0» մակնիշի ավտոմեքենայի ½ մասը (հատոր 1-ին, գթ 77)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՍԴ/1158/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արդյո՞ք վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, երբ վերաքննիչ բողոքը ներկայացվել է մահացած անձի իրավահաջորդի կողմից, որի վերաբերյալ բացակայում է իրավահաջորդով փոխարինելու մասին դատարանի որոշումը։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Կոնվենցիա 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ից 4-րդ մասերի համաձայն՝ դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ: Դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ: Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1219-րդ հոդվածների համաձայն՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով: Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով: Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը: Չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Վճռաբեկ դատարանը, համակարգային կապի մեջ դիտարկելով ժառանգության և դատավարական իրավահաջորդության իրավական ինստիտուտները, արձանագրում է, որ ժառանգության միջոցով քաղաքացու մահից հետո կատարվում է իրավահաջորդություն՝ նյութական իրավունքի շրջանակում, որն իր հերթին, ի թիվ այլ հանգամանքների, կարող է հիմք հանդիսանալ դատավարական իրավահաջորդության: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ժառանգության հիմքով դատավարական իրավահաջորդության հարցը լուծելիս դատարանը պետք է գնահատի դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերի՝ ժառանգության ընդունման ուժով նյութական իրավահաջորդության փաստի առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց: Ավելին, նման որոշում կարող է կայացվել դատավարության ցանկացած փուլում։

Ժառանգությունը ժառանգի դիմումով ձևակերպում է ժառանգության բացման վայրի նոտարը՝ ստուգելով դրա համար համապատասխան հիմքերի առկայությունը և տրամադրելով ժառանգության իրավունքի վկայագիր:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ժառանգության հիմքով դատավարական իրավահաջորդության հարցը կարող է լուծել միայն նշված ընթացակարգերի արդյունքում ձեռք բերված համապատասխան ապացույցի հիման վրա, որը կվկայի նյութական իրավահաջորդության հաստատված փաստի մասին և հիմք կհանդիսանա դատավարական իրավահաջորդության համար: Ստորադաս դատարանում դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշման բացակայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը՝ վերաքննիչ բողոքում նշված հիմնավորումներին համապատասխան, նախ պետք է գնահատի՝ արդյոք ժամանակային առումով հնարավոր էր նման իրավահաջորդության հարցի քննարկում Դատարանի կողմից, իսկ եթե նման հիմքը բացակայում է, պարտավոր է անդրադառնալ բողոքաբերի նյութաիրավական իրավահաջորդությունը հաստատող ապացույցներին՝ ապահովելով ժառանգի դատական պաշտպանության իրավունքը։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Այսպես, Դատարանի 27.08.2021 թվականի վճռի համաձայն՝ Ընկերության հայցը բավարարվել է։

Դատարանի 27.08.2021 թվականի վճռի դեմ 03062022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայկուշ Գալստյանը՝ հայտնելով, որ հանդիսանում է Համլետ Գալստյանի իրավահաջորդը և խնդրել է բեկանել ու փոփոխել Դատարանի 27.08.2021 թվականի վճիռը, իսկ գործի վարույթը կարճել։

Վերաքննիչ դատարանի 22062022 թվականի որոշմամբ Հայկուշ Գալստյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, այն հիմնավորմամբ, որ քաղաքացիական գործում առկա չէ պատասխանող Համլետ Գալստյանին իրավահաջորդ՝ Հայկուշ Գալստյանով փոխարինելու մասին որոշում։

Հաշվի առնելով նշված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձն իր վերաքննիչ բողոքում նշել է «(․․․․) Դատարանը գործը քննել է պարզեցված վարույթի կարգով, պատասխանողի անվամբ որևէ ծանուցում չի ստացվել երբևէ և 27082021թ հրապարակել է գործով դատական ակտ, որը նույնպես չի ստացվել։ Հայկուշ Գալստյանը ամուսնու Համլետ Գալստյանի ժառանգությունն ընդունելուց հետո ցանկացել է մեքենայի տեխնիկական զննությունն իրականացնել և հայտնի է դարձել, որ կա արգելանք։ (․․․) Իսկ դատական ծանուցագրերը չի ստացվել ոչ Համլետ Գալստյանի անվամբ ոչ այլ անձի անվամբ։ Իսկ համայնքի ղեկավարի կողմից ստացված պատասխանի համաձայն Համլետ Գալստյանի վերջին հայտնի բնակության վայրի մասին տեղեկությունների չեն հայտնաբերվել։ Տվյալների համաձայն 17092021թ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և 11112021թ տրվել է կատարողական թերթ»։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործում վերաքննիչ բողոք ներկայացնելիս արդեն իսկ առկա է եղել նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի պատճենը (հատոր 1-ին, գթ 77), որը ներկայացվել է՝ գործի նյութերին ծանոթանալու կապակցությամբ ներկայացված դիմումին կից։ Ժառանգության իրավունքի վկայագրի պատճենի համաձայն Համլետ Գալստյանի ժառանգ է հանդիսանում վերջինիս կինը՝ Հայկուշ Գալստյանը։ Ավելին, Հայկուշ Գալստյանը վերաքննիչ բողոքի վերջնամասում նշել է նաև, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի պատճենն առկա է սույն քաղաքացիական գործում։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար իրավահաջորդության հիմքերի գնահատմանը և ապահովեր վերաքննիչ բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը։

Վերաքննիչ դատարանը, չգնահատելով իրավահաջորդության հիմք հանդիսացող ապացույցը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 22062022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22062022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան