Գլխավոր տեղեկություն
Номер
N 157-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.03.05/10(1023) Հոդ.133
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.02.2014
Дата вступления в силу
06.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2014 թվականի N 157-Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.04.23 N 620-Ն)

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 27.04.23 N 620-Ն)

1. Հաստատել փոստային կապի բնագավառում մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 20-ի N 157-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.04.23 N 620-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են փոստային կապի բնագավառում մոնիթորինգի իրականացման, համապատասխան տվյալների հավաքագրման, մշակման և ամփոփման հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

2. Փոստային կապի բնագավառում մոնիթորինգի իրականացումը փոստային կապի բնագավառում առկա իրավիճակի վերլուծությունն է` նպատակ ունենալով բացահայտելու ոչ միայն տիրող իրավիճակը` իր բազմաբնույթ խնդիրներով, այլ նաև հավաքագրելու համապատասխան տեղեկատվություն փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման կարգավորման ու հետագա զարգացման համար:

(2-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

3. Փոստային կապի բնագավառում իրականացվող մոնիթորինգը ներառում է՝

1) մոնիթորինգի իրականացման առաջադրանքը.

2) կանխատեսումներ.

3) իրականացումը.

4) տվյալների մշակումը և ամփոփումը.

5) ռեգիստրի վարումը:

(3-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

4. Փոստային կապի բնագավառում մոնիթորինգի իրականացման առաջադրանքը ձևավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` ելնելով փոստային կապի բնագավառում իրականացվող ազգային քաղաքականության հիմնադրույթներից և դրանց իրականացման պահանջներից: Լիազոր մարմնի կողմից ամփոփված տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համար սոցիալ-տնտեսական և ռազմավարական ծրագրերի մշակման և այլ նպատակների իրականացման գործում: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված և մշտապես գործող մարմիններին մոնիթորինգի տվյալները պաշտոնապես տրամադրվում են անվճար` նրանց կողմից ներկայացված հարցման դեպքում:

(4-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

5. Մոնիթորինգի իրականացման առաջադրանքը ներառում է`

1) քանակական ցուցանիշներ.

2) որակական ցուցանիշներ.

3) կանխատեսումներ։

6. Մոնիթորինգի առարկան են`

1) փոստային կապի բնագավառում մատուցվող ծառայությունները.

2) օգտվողների գոհունակությունը մատուցվող ծառայությունների որակից և մատչելիությունից, նրանց սպասումները մատուցվող ծառայությունների որակի բարելավումից.

3) մատուցվող ծառայությունների դիմաց կատարված ֆինանսական ծախսերին օգտվողների կողմից տրվող գնահատականը.

4) մատուցվող ծառայությունների տարածքային մատչելիությանն օգտվողների կողմից տրվող գնահատականը:

(6-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

 

II. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Մոնիթորինգի իրականացման հիմնական սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փոստային կապի բնագավառի ծառայությունների մատուցման գործընթացի համար պահանջների միասնականության ապահովումը.

2) փոստային կապի բնագավառը սահմանող իրավական ակտերի պարտադիր կիրառման ապահովումը.

3) փոստային կապի բնագավառի ծառայությունների մատուցման գործընթացի կատարելագործման ապահովումը:

(7-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

8. Մոնիթորինգի իրականացման հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան` քաղաքացիներին և կազմակերպություններին փոստային կապի բնագավառի ծառայությունների մատուցման մակարդակի որոշումը.

2) մատուցվող ծառայությունների մատչելիության մակարդակի որոշումը. մատչելիության մակարդակի հիմքն են տարածքային հեռավորությունը, աշխատանքային ժամանակացույցին հարմար լինելը, ինչպես նաև ֆինանսապես ընդունելի լինելը, մատուցվող ծառայությունների մատչելիություն ասելով` հասկացվում է ծառայությունների մատուցման ընթացքի բնութագիրը, ծառայություններից օգտվելու հնարավորությունների որոշումը` հաշվի առնելով բոլոր օբյեկտիվ արգելքները.

3) փոստային կապի ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով, մեքենայացման, ավտոմատացման, տեղեկատվայնացման, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով ապահովված լինելը որոշելը.

4) ծառայություններից օգտվողների շրջանում առաջացած` ծառայությունների մատուցման որակին վերաբերող խնդիրների և պահանջների հայտնաբերումը։

(8-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

 

III. ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 27.04.23 N 620-Ն)

 

9. Փոստային կապի բնագավառում մոնիթորինգը կազմակերպում և իր իրավասության սահմաններում իրականացնում է լիազոր մարմինը:

(9-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

10. Մոնիթորինգը պետք է իրականացվի պարբերաբար` առնվազն տարեկան մեկ անգամ, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով հետևել փոստային կապի բնագավառում ծառայությունների մատուցման զարգացման ընթացքին և փուլերին, որի արդյունքը հիմք կհանդիսանա համապատասխան իրավական ակտերի փոփոխման ու մշակման համար: Նպատակահարմար է մոնիթորինգի արդյունքները ենթարկել միջազգային ցուցանիշների հետ համեմատական վերլուծության և գնահատել երկրում բնագավառի զարգացման ընթացքն ու միտումները:

(10-րդ կետը փոփ. 27.04.23 N 620-Ն)

11. Մոնիթորինգի իրականացման ընթացքում պետք է`

1) հայտնաբերել, վերլուծել և գնահատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պայմաններին ու պահանջներին համապատասխան քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայությունների փաստացի նշանակությունը, այդ թվում՝ մատուցվող ծառայությունների վերջնական արդյունքի վրա ծախսված ժամանակն ու ֆինանսական ծախսերը.

2) հետևել մատուցվող ծառայությունների որակի չափանիշների դինամիկային և միջոցառումների արդյունավետությանը՝ ուղղված քաղաքացիներին ու կազմակերպություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

12. Մոնիթորինգի իրականացման նպատակով մատուցվող ծառայությունների որակի չափանիշների գնահատման համար կարող են օգտագործվել հետևյալ մեթոդները`

1) հարցում փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից.

2) լիազոր մարմին ուղղված փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների դիմում-բողոքների վերլուծություն.

3) փաստաթղթերի ուսումնասիրություն (փոստային կապի բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերլուծություն):

13. Մոնիթորինգի իրականացման ժամանակ փոստային կապի ծառայությունների որակական գնահատման ցուցանիշներն են`

1) վիճակագրական ցուցանիշները.

2) սոցիալական հարցումների տվյալները:

 

IV. ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

14. Մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների մոնիթորինգի արդյունքների հրապարակայնությունն ապահովվում է մոնիթորինգի արդյունքների մասին հաշվետվությունը լիազոր մարմնի ինտերնետային կայքում տեղադրելով:

(հավելվածը փոփ. 27.04.23 N 620-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2023, N 620-Ն 28.04.2023, N 157-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան