Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-261
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2003-09.01.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.11.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.12.1998
Дата вступления в силу
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
11 նոյեմբերի 1998 թ.

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ (այսուհետ` հուշարձաններ) են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով, դրանց մասը կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից:

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:

 

Հոդված 2. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Սահմանադրությունը, սույն օրենքը, այլ օրենքներ ու իրավական ակտեր:

 

Հոդված 3. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿը և ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակն է`

ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերի սահմանումը.

բ) այդ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորումը:

Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`

ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների սահմանումը.

բ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հարցերի կանոնակարգման սկզբունքների սահմանումը.

գ) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավասությունների սահմանումը.

դ) հուշարձանների` որպես անշարժ գույքի հատուկ տեսակի նկատմամբ սեփականատիրության, տնօրինման և օգտագործման առանձնահատկությունների սահմանումը:

 

Հոդված 4. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի օբյեկտներն են`

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն իրենց պահպանական գոտիներով, դրանց շրջապատող պատմական միջավայրը` կառուցապատումը, բնական կամ արհեստական լանդշաֆտը:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացվում է այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում:

 

Հոդված 5. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի սուբյեկտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները.

գ) հուշարձանների սեփականատերերը, օգտագործողները.

դ) հուշարձանների պետական հաշվառման, պահպանման, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման հետ առնչվող իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

 

Հոդված 6. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության:

Հանրապետական նշանակության կարգին են դասվում ժողովրդի պատմության, նրա նյութական և հոգևոր մշակույթի նշանակալի հուշարձանների բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշները:

Տեղական նշանակության կարգին են դասվում հանրապետության որևէ տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը, տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները:

Հուշարձանների դասակարգումը կատարում է հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող հուշարձանները միջազգային մակարդակով սահմանված չափանիշներով կարող են սահմանված կարգով ընդգրկվել համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Հուշարձանները դասակարգվում են նաև ըստ բնույթի`

ա) հնագիտական` քարեդարյան կայաններ, քարայր-կացարաններ, հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ, մեգալիթյան կոթողներ, ժայռապատկերներ, վիմագրական հուշարձաններ, հնագիտական մշակութային շերտեր.

բ) պատմական` պատմության և մշակութային նշանավոր իրադարձությունների և նշանավոր գործիչների հետ առնչվող կառույցներ, կոթողներ, հուշահամալիրներ, գերեզմաններ.

գ) քաղաքաշինական և ճարտարապետական` պատմական բնակավայրերի, թաղամասերի, փողոցների, այգիների կառուցապատման հատվածներ, բնակելի, պալատական, պաշտամունքային, հասարակական, արտադրական և ճարտարագիտական կառույցներ, ժողովրդական տներ, ճարտարապետական կոթողներ.

դ) մոնումենտալ արվեստի` մոնումենտալ քանդակագործության, գեղանկարչության և դեկորատիվ արվեստի նմուշներ:

 

Հոդված 7. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ՌԱՍԱՅԱԿԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 8. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

բ) հաստատում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի հանրապետական և մարզային պետական ծրագրերը.

գ) ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.

դ) հաստատում է անշարժ հուշարձանների պետական ցուցակները, դրանց հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը.

ե) ստեղծում է պատմամշակութային ու բնապատմական արգելոցներ և հաստատում դրանց կանոնադրությունները.

զ) միջազգային նորմերի սահմաններում նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանման, ամրակայման, նորոգման, վերականգնման և քարոզչական միջոցառումների իրականացմանը.

է) թույլտվություն է տալիս հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու և փոփոխելու համար.

ը) իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 9. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Լիազորված մարմինը`

ա) մասնակցում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության ձևավորմանը, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական ծրագրերի, որոշումների նախագծեր, հաստատումից հետո կազմակերպում և վերահսկում է դրանց իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական կարգը.

գ) պետական վերահսկողություն է ապահովում հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

դ) իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների տնօրինումը, կատարում դրանց ամրակայման, վերականգնման և բարեկարգման աշխատանքները.

ե) գրանցում և վերահսկում է հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի և օգտագործման ձևի փոփոխումները.

զ) միջազգային նորմերի սահմաններում հաշվառում և ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանները, նպաստում դրանց պահպանմանը.

է) ստեղծում է պատմամշակութային արժեքների գիտատեղեկատու շտեմարան, հրատարակում կատալոգներ, ուսումնական, գիտահետազոտական, ճանաչողական նպատակներով ապահովում է հուշարձանների և դրանց վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը.

ը) վարում է հուշարձանների պետական հաշվառումը (կադաստրը).

թ) կազմում և սահմանված կարգով հաստատում է հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը ու սահմանում դրանց պահպանության ռեժիմը.

ժ) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատմամշակութային արգելոց ստեղծելու վերաբերյալ.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն է տալիս հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան համարվող առանձին շինությունների և համալիրների ամրակայման, վերականգնման, փոփոխման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ, դրանց իրականացման ընթացքում վերահսկում է հուշարձանների անվթարության ապահովումը.

ժբ) թույլտվություն է տալիս հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների համար, գրանցում դրանք և վերահսկում դրանց կատարման ընթացքը.

ժգ) արգելում կամ դադարեցնում է հուշարձանի պեղման, ամրակայման, նորոգման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վնասել են կամ դրանց շարունակումը կարող է վնասել հուշարձանը կամ դրա պահպանական գոտին.

ժդ) նպաստում է ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանական միջոցառումների իրականացմանը.

ժե) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված լիազորություններ:

 

Հոդված 10. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինները`

ա) մարզի տարածքում ապահովում են վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

բ) օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում են լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն` հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում.

գ) միջոցներ են ձեռնարկում մարզի տարածքում հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ.

դ) մասնակցում են մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին:

 

Հոդված 11. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) սահմանված կարգով կազմում են բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծը.

բ) աջակցում են պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների պահպանությանը.

գ) սահմանված կարգով կազմակերպում են տեղական նշանակության հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները.

դ) հանրապետական նշանակության հուշարձանների նկատմամբ իրականացնում են պետության կողմից պատվիրակված լիազորությունները.

ե) օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնում են շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքները, եթե դրանք վտանգում են կամ կարող են վտանգել հուշարձանի ու դրա պահպանական գոտու անվթարությունը և այդ մասին տեղեկացնում լիազորված մարմնին.

զ) լիազորված մարմնի համաձայնությամբ օգտագործման կամ վարձակալության կարող են հանձնել համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերը և շինությունները.

է) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների կատարման ժամանակ հուշարձաններ հայտնաբերելիս կասեցնում են այդ աշխատանքներն ու այդ մասին անհապաղ հայտնում լիազորված մարմնին` օրենսդրությամբ սահմանված կարգով.

ը) ապահովում են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների պահպանական գոտիներում սահմանված հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.

թ) հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքում են հուշարձանների պահպանության պայմանագիր (պարտավորագիր), որի մեկ օրինակը ներկայացնում են լիազորված մարմնին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները ենթակա են պետական հաշվառման` անկախ սեփականության ձևից:

Հուշարձանների պետական հաշվառումը ներառում է հուշարձանների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառման փաստաթղթերի ստեղծումը, պետական ցուցակների կազմումը և հաստատումը:

Հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են անժամկետ:

 

Հոդված 13. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄը և ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

Հուշարձանների պետական ցուցակները հիմնական փաստաթուղթ և իրավական հիմք են օբյեկտին հուշարձանի կարգավիճակ տալու և պետության կողմից պահպանության վերցնելու համար:

Հուշարձանների պետական ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:

Լիազորված մարմինը հուշարձանը պետական ցուցակում ընդգրկելու մասին տեղեկացնում է պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ հուշարձանի գտնվելու վայրի, և հուշարձանի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

Հուշարձանների պետական ցուցակները պաշտոնապես հրապարակվում են դրանց պատրաստ լինելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հոդված 14. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՐ ՕԲՅԵԿՏ ԸՆԴԳՐԿԵԼԸ և ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼԸ

 

Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը և այդ ցուցակներից հանելը կատարվում է փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 15. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ապահովման միջոցառումների համակարգը ներառում է`

ա) հուշարձանների հայտնաբերումը և պետական հաշվառումը.

բ) հուշարձանների պահպանության գոտիների սահմանումը.

գ) պատմամշակութային արգելոցների ստեղծումը.

դ) պատմական բնակավայրերի, դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի կազմումը.

ե) հուշարձանների և դրանց տարածքի պահպանության ապահովումն ու վերահսկումը.

զ) շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների իրականացման ընթացքում հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի անվթարության ապահովումը.

է) հուշարձանների պեղումների, ամրակայման, վերականգնման, նորոգման աշխատանքների և օգտագործման կարգերի սահմանումը.

ը) հուշարձանների պահպանության քարոզչությունը:

 

Հոդված 16. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԸ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

Հուշարձանի տարածքը իր զբաղեցրած և պատմականորեն ու գործնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքն է:

Հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության ապահովման, պատմագեղարվեստական արժեքների բացահայտման, նպատակային օգտագործման և բարենպաստ տեսողական ընկալման նպատակով սահմանվում է հուշարձանի պահպանական գոտիների համակարգ և օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների պահպանական գոտիների համակարգը կարող է ներառել`

ա) հուշարձանի պահպանության գոտին.

բ) կառուցապատման կարգավորման գոտին.

գ) լանդշաֆտի պահպանման գոտին:

Հուշարձանների պահպանական գոտիները, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը ելակետային հիմք են տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար: Նշված գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ:

Հուշարձանի պահպանական գոտիների տարածքը դասվում է պատմամշակութային նշանակության հողերի կատեգորիային և ունի այդ հողերի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ և օգտագործման ռեժիմ:

Հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև դրանց պահպանության գոտու և պատմամշակութային արգելոցների հողերը ոչ նպատակային օգտագործման համար հետ վերցնելն արգելվում է: Այդ հողերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 17. ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԸ

 

Պատմամշակութային արգելոցները հուշարձանների այն համակառույցները, համալիրներն ու հուշարձանախմբերն են` իրենց շրջակա բնապատմական միջավայրով, որոնք պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական հատուկ արժեք են ներկայացնում:

Պատմամշակութային արգելոցն ստեղծվում է հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների, բնական և պատմականորեն ձևավորված արհեստական լանդշաֆտի, պատմամշակութային համալիրի և դրա պատմական միջավայրի պահպանության նպատակով:

Պատմամշակութային արգելոց ստեղծելու առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:

Պատմամշակութային արգելոցի տարածքի հողօգտագործումը կարող է թույլատրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Բնության հատուկ պահպանվող տարածքներում հուշարձանների պահպանությունն ապահովում են այդ տարածքները տնօրինող պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված տարածքների սահմաններում գտնվող հուշարձաններին և դրանց բնապատմական միջավայրին առնչվող բոլոր աշխատանքները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

 

Հոդված 19. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ

 

Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից` կազմվում է բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծ:

Բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերի առաջադրանքները կազմում է լիազորված մարմինը և սահմանված կարգով հաստատում պետական կառավարման տարածքային մարմնի հետ համատեղ:

 

Հոդված 20. ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 21. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա:

Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:

Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:

 

Հոդված 22. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ՆԵՐԱՌՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ և ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ, ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ և ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎԹԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ` հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ դեպքերում` տեղափոխում և լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ:

 

Հոդված 23. ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք իրենց անմիջական մասնակցությամբ, նախաձեռնությամբ, հովանավորությամբ, նվիրատվությամբ, ֆինանսական և նյութատեխնիկական օգնությամբ կարող են աջակցել հուշարձանների հայտնաբերման, պետական հաշվառման, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման աշխատանքներին, կարող են ներկայացնել և քննարկման դնել բնագավառի վերաբերյալ մասնակի կամ համալիր առաջարկներ, ծրագրեր:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ ԵՎ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 24. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարվում են`

ա) պատմության, հնագիտության, ճարտարապետության և արվեստի պատմության, ազգագրության և այլ բնագավառներում` գիտության զարգացման նպատակով.

բ) հուշարձանների կամ դրանց պահպանության գոտիների տարածքներում գյուղատնտեսական, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում հուշարձանները ուսումնասիրելու, վավերագրելու, պահպանելու, իսկ բացառիկ դեպքերում` տեղափոխելու նպատակով.

գ) հուշարձանների ամրակայման, վերականգնման և դրանց տարածքի բարեկարգման նախագծեր կազմելու և իրականացնելու նպատակով:

 

Հոդված 25. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ կատարելու թույլտվություն տալիս է լիազորված մարմինը` միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

 

Հոդված 26. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը հուշարձանների հետախուզման ու հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող մարմին է, որը գործում է լիազորված մարմնին կից:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովում ընդգրկվում են պետական մարմինների ներկայացուցիչներ, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագետներ:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի եզրակացությունները լիազորված մարմնի կողմից հաստատվելուց հետո պարտադիր են հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղումներ իրականացնող իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար:

Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված մարմնի ներկայացմամբ:

 

Հոդված 27. ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՁԵՌՆԱՐԿՈՂԸ

 

Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկողն աշխատանքների համալիր ծրագրի ամբողջական իրագործման ֆինանսավորողն ու կազմակերպողն է: Նա սահմանված կարգով պատասխանատու է աշխատանքների ընթացքում հուշարձանների անվթարության ապահովման և պեղումներով հայտնաբերված հուշարձանների ամրակայման, գիտական վավերագրման և նյութերի ու արդյունքների հրապարակման համար:

Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող կարող են լինել Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք: Հետախուզության և հնագիտական պեղումների կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հետախուզում և հնագիտական պեղումներ ձեռնարկող չի կարող լինել միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը:

 

Հոդված 28. ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ և ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը տվյալ հուշարձանը պեղելու համար թույլտվություն (բաց թերթիկ) ունեցող մասնագետն է:

Հետախուզման և հնագիտական պեղումների ղեկավարը պատասխանատու է ինչպես աշխատանքների արդյունավետության, այնպես էլ ամբողջ գործաշրջանի ընթացքում հուշարձանի պահպանությունը և անվթարությունն ապահովելու համար:

 

Հոդված 29. ՀՆԱՎԱՅՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԵՂՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի, ամրոցների ամբողջական պեղումը: Դրանց տարածքի մի մասն անհրաժեշտ է պահպանել հաջորդ սերունդների` առավել կատարելագործված մեթոդներով ուսումնասիրությունների համար:

Բացառություն են կազմում այն հնավայրերը, որոնք բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ դատապարտված են անխուսափելի և արագ ոչնչացման:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 30. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հուշարձանների ամրակայման նպատակը տեխնիկական տարբեր միջոցներով դրանց հետագա քայքայման կամ ավերման կանխումն է:

Հուշարձանների նորոգման նպատակը դրանց տեխնիկական վիճակի պահպանումն ու բարելավումն է` առանց հուշարձանի տեսքի փոփոխության:

Նորոգում է համարվում նաև հուշարձանների հարմարեցումը (ադապտացիան), որի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց ժամանակակից օգտագործման համար:

Հուշարձանների վերականգնման հիմնական նպատակը հուշարձանների սկզբնական կամ պատմականորեն ձևավորված կերպարի մասնակի կամ լրիվ ամբողջացումն է` փաստագրական նյութերի գիտական, վերլուծական հիմնավորմամբ:

Քաղաքաշինական հուշարձանի, համակառույցների վերականգնման դեպքում կիրառելի է նաև դրա երբեմնի օրգանական տարրը կազմող և չպահպանված կառույցի գիտականորեն հիմնավորված վերստեղծումը` հուշարձանի ամբողջացման նպատակով:

Հուշարձանների ամրակայումը, նորոգումը և վերականգնումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

 

Հոդված 31. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ

 

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատուներ են հուշարձանների սեփականատերերը և օգտագործողները:

Պետական սեփականություն համարվող և չօգտագործվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների պատվիրատու կարող են լինել լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

 

Հոդված 32. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

 

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն:

 

Հոդված 33. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՄՐԱԿԱՅՄԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվում են, եթե դրանք տարվում են հաստատված նախագծի, մեթոդաբանական կամ տեխնոլոգիական սկզբունքների խախտումներով, կամ եթե դրանց շարունակումը կարող է վտանգել հուշարձանի անվթարությունը: Աշխատանքները կարող են վերսկսվել բացահայտված խախտումները կատարողի հաշվին վերացվելուց հետո:

Աշխատանքները դադարեցնելու իրավունք ունեն լիազորված մարմինը և պետական կառավարման տարածքային մարմինը` տեղյակ պահելով լիազորված մարմնին:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հոդված 34. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Հուշարձանների նկատմամբ սեփականության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 35. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և օտարվում:

Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցանկը, որոնք ենթակա չեն օտարման, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(35-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-530-Ն)

 

Հոդված 36. ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հուշարձանի սեփականատերը պարտավոր է`

ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.

բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.

գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.

դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.

ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.

զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:

 

Հոդված 37. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԸ

 

Հուշարձանի օտարման դեպքում հուշարձանի սեփականատերն այդ մասին նախապես տեղեկացնում է լիազորված մարմնին:

Հուշարձանների օտարման վերաբերյալ բոլոր գործարքները գրանցում է լիազորված մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 38. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:

Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:

Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ:

Բացառապես գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով են օգտագործվում հին և միջնադարյան քաղաքատեղիները, բնակատեղիները, բերդշեները, ամրոցները, դամբարանադաշտերը, գերեզմանոցները, չգործող կամուրջները, ջրամբարները, այն եկեղեցիները, վանական համալիրները և այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման և օգտագործման` իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ, ինչպես նաև դրանց հետ առնչվող մոնումենտալ արվեստի ստեղծագործությունները:

Հուշարձանների օգտագործման նպատակը, բնույթը, դրանց փոփոխումները համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ:

Հուշարձանն օգտագործողները, եթե իրենց կանխամտածված կամ ոչ կանխամտածված գործողություններով վնասել են հուշարձանի պահպանությանը, կորցնում են օգտագործման իրավունքը:

 

Հոդված 39. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

Հուշարձաններն օգտագործման են տրամադրում դրանց սեփականատերը կամ օգտագործողը` կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա, որը նախապես համաձայնեցվում է լիազորված մարմնի հետ: Թույլատրվում է նաև հուշարձանի ենթավարձակալություն, եթե այն նախատեսված է վարձակալական պայմանագրով:

Հուշարձանն օգտագործման է տրամադրվում իր տարածքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 40. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

Հուշարձանն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում դրանց պահպանության ու անվթարության ապահովման համար և պարտավոր են կատարել հուշարձանների պահպանության ու օգտագործման` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

Այդ պայմանները չկատարելու դեպքում`

ա) հուշարձանն օգտագործման տրամադրողն իրավասու է վաղաժամկետ դադարեցնել վարձակալական պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հուշարձանի սեփականատերը, լիազորված մարմինը, պետական կառավարման տարածքային կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավասու են դատական կարգով գանգատարկելու օգտագործման իրավունքը և պահանջելու օգտագործողի մեղքով հուշարձանին հասցված վնասի հատուցում:

Օգտագործման իրավունքը կարող է նաև դադարեցվել, եթե 3 տարվա ընթացքում հուշարձանը չի օգտագործվում համապատասխան պայմանագրում նշված նպատակով:

 

Հոդված 41. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ և ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

 

Հուշարձանները կամ դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների և այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է սեփականատիրոջ համաձայնությամբ:

Հուշարձանները զբոսաշրջիկության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջիկային կազմակերպությունները համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:

Նշված նպատակներով հուշարձանների օգտագործման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 42. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը ֆինանսավորվում է`

ա) պետական և համայնքի բյուջեների միջոցներով.

բ) հուշարձանների սեփականատերերի և օգտագործողների միջոցներով.

գ) մշակութային, հասարակական և այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով.

դ) օրենքով չարգելվող այլ միջոցների հաշվին:

 

Հոդված 43. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվում են`

ա) հուշարձանների պետական հաշվառման, հետազոտման, գիտատեղեկատու և քարոզչական աշխատանքները.

բ) պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանության, անվթարության, ապահովման` ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները:

Պետական բյուջեի միջոցներով անհրաժեշտության դեպքում ֆինանսավորվում են նաև ոչ պետական սեփականություն համարվող հուշարձանների անվթարության ապահովման` ամրակայման և վերականգնման աշխատանքները:

Պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների գիտական հաշվառման, ուսումնասիրման և դրանց պահպանությանը նպաստող այլ աշխատանքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 44. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, հետախուզության և հնագիտական պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման` օրենսդրությամբ սահմանված կարգը չպահպանելու, ինչպես նաև հուշարձանների պահպանության և օգտագործման` օրենսդրության այլ խախտումների համար մեղավոր իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 45. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻն ԿԱՄ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ և ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Հոդված 46. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 47. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքը և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1977 թվականի դեկտեմբերի 21-ի «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ օրենքի կիրարկման կարգի մասին» որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
12 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-261

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան