Գլխավոր տեղեկություն
Номер
N 1220-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.05.2023-15.06.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 06.08.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
05.08.2022
Дата вступления в силу
07.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1220-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 18.05.23 N 783-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ընդունել որոշման 1-ին կետով հաստատվող հավելվածից բխող իրավական ակտերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

05.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 4-ի N 1220-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ (ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ) ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը պայմանավորված է հողերի մասնատվածության մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման ու բարձրացման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ։ Ծրագրի իրականացման նպատակն է փոքր չափերով և մասնատված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների միավորման ու խոշորացման միջոցով՝

1) խթանել գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը և նպաստել գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի իջեցմանը.

2) խթանել գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը.

3) խթանել հողերի նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը.

4) նպաստել գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալների ավելացմանը.

5) նպաստել գյուղատնտեսության ոլորտում մրցակցության բարձրացմանը:

2. Ծրագրի մասնակիցներն են`

1) ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու).

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

3) շահառուից միավորված հողամասը ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ գնորդ):

(2-րդ կետը լրաց. 18.05.23 N 783-Լ)

3. Շահառուները կարող են օգտվել նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից՝ բացառությամբ նույն հողակտորի վրա միևնույն նպատակով իրականացվող ծրագրերի։

4. Շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն՝ ծրագրի N 1 աղյուսակով նախատեսված՝ շահառուի կողմից իրականացված աշխատանքների համար փաստացի կատարված ծախսերի 50%-ի փոխհատուցման տեսքով, բայց ոչ ավելի, քան N 1 աղյուսակում յուրաքանչյուր աշխատանքի համար նախատեսված արժեքի 50%-ի չափով՝ համաձայն սույն ծրագրի պահանջների։ Սույն ծրագրով նախատեսվող պետական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր հողամասի համար մեկ անգամ՝ շահառուի և նախարարության միջև կնքվող փոխհատուցման պայմանագրի (այսուհետ՝ փոխհատուցման պայմանագիր) հիման վրա։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։ Փոխհատուցման պայմանագրի օրինակելի ձևում պարտադիր սահմանվում է սահմանափակում առ այն, որ միավորված հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող սուբյեկտները փոխհատուցումն ստանալու պահին հաջորդող առնվազն 5 տարվա ընթացքում՝

1) չեն կարող բաժանել սեփականության (համատեղ սեփականության, բաժնային սեփականության) իրավունքով իրենց պատկանող միավորված հողամասն առանձին միավորների.

2) չեն կարող փոփոխել միավորված հողամասի նպատակային նշանակությունը.

3) պարտավորվում են ապահովել միավորված հողամասի պարտադիր օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով.

4) միավորված հողամասը (համատեղ կամ բաժնային սեփականությամբ իրենց պատկանող բաժինը) վարձակալության հանձնել միայն այն դեպքում, եթե պարտավորվում է ապահովել ծրագրով և պայմանագրով սահմանված պարտավորությունները.

5) պարտավորվում է միավորված հողամասը (համատեղ կամ բաժնային սեփականությամբ իրենց պատկանող բաժինը) օտարել միայն նախարարության համաձայնությամբ (նախարարությունը համաձայնություն կտա, եթե օտարվող հողամասի մակերեսը լինի առնվազն շահառուի կողմից ծրագրի շրջանակում միավորված հողամասի մակերեսի չափով), պայմանով, որ միավորված հողամասի օտարման պայմանագրի կողմ է հանդիսանալու նաև նախարարությունը: Ընդ որում՝ պայմանագրի պարտադիր պայմաններ են ծրագրի 4-րդ կետի 1-3 ենթակետերով սահմանված և գնորդի կողմից 5 տարի միավորված հողամասը չօտարելու, պարտավորությունները, ինչպես նաև դրանք, գնորդի կողմից խախտվելու դեպքում, ծրագրի շրջանակում շահառուին տրամադրված աջակցության չափով տուգանքը պետական բյուջե վճարելու գնորդի պարտավորությունը: Նախարարությունը պարտավորվում է պայմանագիրը վավերացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրից բխող սահմանափակումներն անշարժ գույքի պետական ռեգիստրում գրանցելու համար ներկայացնել դիմում: Պայմանագրի գործողության ընթացքում նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով:

(4-րդ կետը խմբ. 18.05.23 N 783-Լ)

5. Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների ձեռքբերմամբ (բացառությամբ սույն ծրագրի 7-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջի) և դրանց սահմանների միավորմամբ (բացառությամբ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերի)՝ սույն կետով նախատեսված հանրագումարային մակերեսով (այսուհետ՝ միավորված հողամաս), խթանել հանրապետությունում առկա գյուղատնտեսական նշանակության մասնատված հողակտորների խոշորացումը։ Ծրագրի 4-րդ կետով սահմանված չափերով պետական աջակցություն ստանալու համար միավորված հողամասի հանրագումարային մակերեսը պետք է կազմի առնվազն 10 հա, ընդ որում՝ աջակցությունը տրամադրվում է ոչ ավելի, քան 200 հա (ներառյալ) միավորված հողամասում կատարված աշխատանքների դիմաց։

(5-րդ կետը փոփ. 18.05.23 N 783-Լ)

6. Այն դեպքերում, երբ սույն ծրագրի 5-րդ կետով նախատեսված մակերեսն ապահովելու համար միավորվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի առանձին գույքային միավորների սահմանները բաժանված են գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերով (անօգտագործելի հողատարածքներով կամ դաշտամիջյան ճանապարհներով) կամ այնպիսի օբյեկտներով, որոնք անհնարին են դարձնում դրանք մեկ ընդհանուր սահման ունեցող միավորի մեջ ներառելու պահանջը (միավորման անհնարինություն), ապա միավորված հողամասի մաս կարող է կազմել նաև սույն կետում նշված պատճառներով միավորման անհնարինությամբ չմիավորվող առանձին հողամասը։ Ընդ որում՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված՝ չմիավորվող հողամասերի գույքային միավորների ընդհանուր թվաքանակը միավորվող հողամասի կազմում չի կարող լինել 3 միավորից ավելի։

7. Միավորված հողամասի ընդհանուր մակերեսում՝

1) առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի մակերեսների հանրագումարը՝ ներառյալ ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները, չպետք է պակաս լինի սույն ծրագրի 5-րդ կետով սահմանված չափից.

2) առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորների քանակը (ներառյալ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված՝ միավորման անհնարինությամբ պայմանավորված՝ չմիավորվող հողամասերի գույքային միավորների թվաքանակը) պետք է լինի 10-30 հա (30 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 5 միավոր, 30-ից ավելի-100 հա (100 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում առնվազն 10 միավոր, 100-ից ավելի-200 հա (200 հա ներառյալ) միավորված հողամասի դեպքում՝ առնվազն 20 միավոր, ընդ որում՝ նշված միավորները չեն ներառում մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի միավորների քանակը.

3) մինչև փոխհատուցման պայմանագրի կնքումը շահառուին սեփականության իրավունքով պատկանող հողամաս(եր)ի ընդհանուր մակերեսի չափը չի կարող գերազանցել միավորված հողամասի ընդհանուր մակերեսի 20%-ը.

4) առանձին գույքային միավոր հանդիսացող յուրաքանչյուր հողամասի ձեռքբերումը, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված հողամասերի, պետք է իրականացվի փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո.

5) միավորվող առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքները պետք է գրանցված լինեն ծրագրի 8-րդ կետում նշված պայմանագրի կնքման օրվանից առնվազն 2 տարի առաջ։

(7-րդ կետը խմբ. 18.05.23 N 783-Լ)

8. Ծրագրից օգտվելու նպատակով փոխհատուցման պայմանագիր կնքելու համար շահառուն նախարարություն է ներկայացնում դիմում (դիմումի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով) և տեղեկանք Կադաստրի կոմիտեից՝ իր անվամբ անշարժ գույքի միավորների նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ։ Նախարարությունը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և սույն կետով նախատեսված մերժման հիմքերի բացակայության դեպքում՝ շահառուի հետ կնքում փոխհատուցման պայմանագիր։ Ներկայացված փաստաթղթերում ակնհայտ սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում նախարարությունը պարտավոր է շահառուի ուշադրությունը հրավիրել դրանց վրա և առաջարկել սույն կետում նշված ուսումնասիրման ժամկետի սահմաններում շտկել դրանք։ Նախարարությունը սույն կետով նշված հիմքերի առկայության դեպքում մերժում է դիմումը և 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմումատուին այդ մասին։ Դիմումը մերժվում է, եթե՝

1) այն չի համապատասխանում սույն կետի պահանջներին.

2) դիմումով ներկայացվել են կեղծ տեղեկություններ կամ փաստաթղթեր։

9. Ծրագրից օգտվելու համար շահառուն պարտավոր է միավորված հողամասում իրականացնել N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասը։ Միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետները սահմանվում են փոխհատուցման պայմանագրով։ Սահմանված ժամկետում աշխատանքները չկատարելու դեպքում ծախսերը փոխհատուցման ենթակա չեն։

10. Փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին աշխատանքային օրը, շահառուն նախարարություն է ներկայացնում հաշվետվություն (հաշվետվության օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության կայքում), որը ներառում է շահառուի կողմից տվյալ եռամսյակի ընթացքում իրականացված՝ հողամասերի ձեռքբերման և դրանց միավորման գործընթացների, իսկ միավորման գործընթացները սույն ծրագրին համապատասխան և օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտելուց հետո՝ միավորված հողամասում N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։

11. Սույն ծրագրի 9-րդ կետից բացի՝ շահառուն պարտավոր է՝

1) միավորված հողամասի նկատմամբ ապահովել առանձին գույքային միավորների սահմանների միավորման պետական գրանցումն իր անվամբ կամ իր մասնակցությամբ՝ որպես ընդհանուր սեփականություն (այսուհետ՝ հողամասերի միավորում)․

2) հողամասերի միավորումը և N 1 աղյուսակում նշված աշխատանքները կամ դրանց մի մասն ավարտել փոխհատուցման պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվանից առավելագույնը 2 տարվա ընթացքում.

3) ջրավազան(ներ)ը կառուցել՝ միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա մակերեսի համար ոչ պակաս, քան 1000 խորանարդ մետր ջրի ծավալով, ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը:

12. Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։

13. Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց դրա: Վերջինիս հետ համագործակցությունից կախված՝ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ: Ձեռք բերված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց վճարումներն իրականացնելիս շահառուն պետք է առաջնորդվի «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներով։

14. Ծրագրի N 1 աղյուսակում չներառված աշխատանքները ֆինանսավորման ենթակա չեն, իսկ N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների համար շահառուի կողմից փաստացի կատարված ծախսերի փոխհատուցման չափը կազմում է միավորված հողամասի յուրաքանչյուր 1 հա-ի համար՝ կատարված յուրաքանչյուր աշխատանքի դիմաց փաստացի վճարված գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան տվյալ աշխատանքի համար N 1 աղյուսակում նախատեսված արժեքի 50%-ը:

15. Այն դեպքում, երբ հողամասերի միավորումը շահառուի կողմից իրականացվել է առանց N 1 աղյուսակում նշված աշխատանքներից մեկի կամ մի քանիսի կատարման, ապա շահառուն սույն ծրագրի 16-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացնում է տվյալ աշխատանքի կատարման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ գրավոր հիմնավորումներ։ Սույն կետում նշված գրավոր հիմնավորումների բացակայության կամ նախարարության կողմից դրանց՝ ոչ բավարար համարվելու դեպքում՝ մնացած կատարված աշխատանք(ներ)ի համար N 1 աղյուսակում նախատեսված ծախսը փոխհատուցման ենթակա չէ։ Ներկայացված գրավոր հիմնավորումները բավարար կամ ոչ բավարար համարելու նպատակով նախարարությունը կարող է իրականացնել միավորված հողամասի հետազոտություններ, լաբորատոր փորձաքննություններ և այլն։

16. Հողամասերի միավորման և N 1 աղյուսակում նախատեսված աշխատանքների (դրանց մի մասի) իրականացման գործընթացն ավարտելուց հետո փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն՝ դիմումին կցելով․

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը․

2) միավորված հողամասի, իսկ սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև միավորման անհնարինությամբ չմիավորվող առանձին հողամաս(եր)ի նկատմամբ անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը․

3) միավորված հողամասի նկատմամբ ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության իրավունքի առկայության դեպքում՝ ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության մասնակիցների գրավոր համաձայնությունը փոխհատուցումը փոխհատուցման պայմանագիր կնքած շահառուին տրամադրելու վերաբերյալ.

4) N 1 աղյուսակով նախատեսված աշխատանքների կամ դրանց մի մասի իրականացման համար փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ ձեռք բերված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների պայմանագրերի կատարման արդյունքում առաջացած պարտավորությունների դիմաց վճարումները հավաստող փաստաթղթերը։ Ընդ որում՝ այդ աշխատանքները պետք է իրականացված լինեն ծրագրով նախատեսված փոխհատուցման պայմանագրի կնքումից հետո.

5) սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված դեպքերում՝ միավորման անհնարինությունը հավաստող փաստաթուղթ՝ տրամադրված Կադաստրի կոմիտեի կողմից (տվյալ գույքի միավորումը մերժելու վերաբերյալ փաստաթուղթ).

6) տեղեկանք Կադաստրի կոմիտեի կողմից միավորված հողամասի սահմանափակումների առկայության վերաբերյալ:

(16-րդ կետը լրաց. 18.05.23 N 783-Լ)

17. Նախարարությունը սույն ծրագրի 16-րդ կետով նախատեսված դիմումը և դրան կից փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է և ներկայացված տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով՝ իրականացնում մոնիթորինգ (նախարարության կողմից սահմանված կարգով)։ Մոնիթորինգի արդյունքների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն՝ հողերի միավորման և N 1 աղյուսակում նախատեսված աշխատանքների կատարման արդյունքները ծրագրի պահանջներին համապատասխանելու (դրական եզրակացություն) կամ չհամապատասխանելու (բացասական եզրակացություն) վերաբերյալ։

18. Մոնիթորինգի դրական եզրակացության դեպքում նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հաշվին փոխանցում է սույն ծրագրի պահանջներին համապատասխան հաշվարկված փոխհատուցման գումարը։ Բացասական եզրակացության դեպքում նախարարությունն այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է շահառուին։ Փոխհատուցումը տրամադրելուց հետո նախարարությունը հինգ տարվա ընթացքում իրականացնում է նաև ընտրանքային մոնիթորինգ։ Վերջինիս արդյունքում եթե բացահայտվում է, որ շահառուն խախտել է ծրագրի և պայմանագրի պահանջները, ապա փոխհատուցված գումարները մեկամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։

19. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

20. Ծրագրի ֆինանսական գնահատականի համար հիմք է ընդունվել կանխատեսումը, որ միավորված հողերի ընդհանուր մակերեսը 2023 թվականին կկազմի շուրջ 1000 հա, 2024 թվականին՝ շուրջ 1500 հա, 2025 թվականին՝ շուրջ 2000 հա։

21. Ծրագրի իրականացման գնահատված արժեքը 2023 թվականին կկազմի մինչև 998.4983 մլն դրամ, 2024 թվականին՝ մինչև 2.07 մլրդ դրամ, 2025 թվականին՝ մինչև 2.76 մլրդ դրամ: Ծրագիրը կիրականացվի մինչև 2025 թվականը ներառյալ՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված լինելու դեպքում։

(21-րդ կետը փոփ., լրաց. 18.05.23 N 783-Լ)

22. Շահառուներն ազատվում են ծրագրի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիայի) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի, ինչպես նաև սեփականության իրավունքը գրանցելու համար պետական տուրքի վճարումներից` համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի «ժդ» կետի և 29-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ մասի պահանջների։ Սույն կետով նախատեսված պետական տուրքերի վճարումից ազատման համար շահառուն համապատասխան նոտարական գործողություններ իրականացնող մարմնին և գույքային իրավունքների գրանցում իրականացնող մարմնին է ներկայացնում փոխհատուցման պայմանագիրը, որը պետք է պարունակի տվյալներ ձեռքբերվող հողամասերի վերաբերյալ։

23.Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակի նվազեցում՝ շուրջ 4500 հա-ով.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի մասնատվածության մակարդակի նվազեցում՝ շուրջ 0.84%-ով․

3) գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացում՝ շուրջ 2-3 անգամ.

4) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացում.

5) ոռոգելի հողատարածությունների ավելացում՝ շուրջ 2500 հա-ով.

6) ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում և վճարունակության բարձրացում.

7) հողերի շուկայի զարգացում.

8) նոր աշխատատեղերի ստեղծում.

9) մշակվող հողատարածքներում ներդրումների ծավալների ավելացում.

10) գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատուժի ծախսերի կրճատում՝ առնվազն 11%-ով։

24. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերը՝

1) միավորվող (կոնսոլիդացվող) հողամասերի ձեռքբերման իրավական փաստաթղթերի հետ կապված խնդիրներ (սեփականատերերի բացակայություն, ժառանգության ճանաչման գործընթաց, իրավունքների գրանցման բացակայություն, անհայտ սեփականատերեր և այլն).

2) գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական գնի բարձրացում.

3) առանձին հողամասերը մեկ գույքային միավորում միավորելու տեխնիկական անհնարինություն։

 

Աղյուսակ N 1

 

Միավորվող հողամասում յուրաքանչյուր 1 հա-ում կատարվող աշխատանքները և փոխհատուցվող առավելագույն ծախսը

 

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Աշխատանքի քանակը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

1.

Մակերեսային և խորքային քարերի հավաքում քարհավաք մեքենաներով և կուտակում

հա

1

300000

300000

2.

Հավաքված քարերի տեղափոխում

հա

1

100000

100000

3.

Տարածքի հարթեցում

հա

1

75000

75000

4․

Տարածքի հողի անալիզ, մեխանիկական կազմի և հզորության որոշում

հա

1

20000

20000

5.

Գոմաղբի, թռչնաղբի, տորֆի և զանազան կոմպոստների կիրառում

տ/հա

30-40

5000

150000

6.

Խոր վար տրակտորային գութաններով՝ 30-35 սմ

հա

1

50000

50000

7.

Հողի նախապատրաստական աշխատանքներ` չիզել փխրեցում

հա

1

65000

65000

8.

Ոռոգման նպատակով ջրավազանի կառուցում

մ3

1000

2000000

2000000

 

Ընդամենը՝

 

 

 

2760000

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 18.05.23 N 783-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

05.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ