Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 196
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.12.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
20.12.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
23.12.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 196

քաղ. Մոսկվա

 

ՄԻՋԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄԻՋԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի 3-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 14-րդ կետին համապատասխան և «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 11 հավելված) 3-րդ կետի չորրորդ պարբերության իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) անցկացման կազմակերպման կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 196 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) անցկացման կազմակերպման կարգում կատարվող

 

Միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) անցկացման կազմակերպման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի

հունվարի 26-ի թիվ 12 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի

 թիվ 196 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) անցկացման կազմակերպման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) անցկացման կազմակերպմանը ներկայացվող պահանջները՝ այն հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) որակավորման ստուգման նպատակով, որոնք կատարում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ և ընդգրկված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիաներ)՝ հավատարմագրման ոլորտին համապատասխան։

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

միջլաբորատոր համեմատական փորձարկումներ (միջլաբորատոր համեմատություններ)՝ փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով, «միջլաբորատոր համեմատություններ»՝ երկու և ավելի փորձարկման լաբորատորիաներում միևնույն կամ մի քանի նման նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կազմակերպում, կատարում և գնահատում՝ այդ փորձարկման լաբորատորիաների գործունեության բնութագրերը գնահատելու միջոցով.

որակավորման ստուգման համար նմուշ, նմուշ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օբյեկտ, տեխնիկական միջոց, ստանդարտ նմուշ, նյութ (նյութերի խառնուրդ), բնական և արհեստական ծագման այլ օբյեկտներ, որոնք կարող են օգտագործվել որպես միջլաբորատոր համեմատությունների կազմակերպման համար նմուշ՝ նախօրոք սահմանված բնութագրերով (կազմերով, հատկություններով, պարամետրերով)՝ նախատեսված փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման համար.

որակավորման ստուգման պրովայդեր, պրովայդեր՝ կազմակերպություն, որը պատասխանատվություն է կրում միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերի մշակման և անցկացման բոլոր խնդիրների համար՝ փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով.

միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագիր՝ փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով», «միջլաբորատոր համեմատությունների ծրագիր»՝ փաստաթուղթ, որով սահմանվում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների որոշակի ոլորտում միջլաբորատոր համեմատությունների ծրագրի մեկ կամ մի քանի տուրերի ընթացքում միջլաբորատոր համեմատությունների կազմակերպման և անցկացման ժամանակ պրովայդերի կողմից կատարվող գործողությունների հաջորդականությունը.

ենթակապալառու՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրի մշակման և իրագործման տարբեր փուլերում պրովայդերի կողմից որպես համակատարող ներգրավվող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

տեխնիկական փորձագետ՝ ֆիզիկական անձ, որն ունի հատուկ գիտելիքներ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների որոշակի ոլորտում, ներգրավվում է միջլաբորատոր համեմատությունների ծրագրին մասնակցության և տվյալ ծրագրի ու դրա իրագործման արդյունքների գնահատման համար, պրովայդերի աշխատողն է (մշտական հիմունքով կամ պայմանագրային պայմաններով).

միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրի տուր՝ փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով», «միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուր»՝ նմուշների բաշխման, որակավորման ստուգման արդյունքների գնահատման և միջլաբորատոր համեմատությունների մասնակիցներին այդ արդյունքների մասին հաշվետվության տրամադրման գործողությունների ավարտուն հաջորդականություն։

Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են այն իմաստներով, որոնք սահմանվել են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 21 որոշմամբ հաստատված՝ Չափումների մեթոդիկայի (մեթոդի) չափագիտական վկայագրման կարգով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ Որպես չափումների հղումային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրման կարգով։

3. Միջլաբորատոր համեմատությունների անցկացման գործունեության մասնակիցներն են՝

Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) այն մարմինները, որոնք լիազորված են համապատասխան գործունեություն իրականացնելու (այսուհետ՝ լիազորված մարմիններ).

որակավորման ստուգման պրովայդերները, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը ISO/IEC 17043 «Համապատասխանության գնահատում: Որակավորման ստուգման անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջներ» միջազգային ստանդարտին (այսուհետ՝ ԳՕՍՏ ISO/IEC 17043) նույնական միջպետական ստանդարտի պահանջներին համապատասխան, լիազորված են (հավատարմագրված են) կատարելու այդ աշխատանքները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

փորձարկման լաբորատորիաները, որոնք միջլաբորատոր համեմատությունների մասնակիցներն են (այսուհետ՝ մասնակից լաբորատորիաներ)։

4. Լիազորված մարմիններն իրականացնում են հետևյալ գործառույթները.

անդամ պետություններում միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերի իրագործման աշխատանքների համակարգում և գիտամեթոդական ապահովում՝ փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով.

միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակման և իրագործման առաջարկությունների ձևավորում (անհրաժեշտության դեպքում).

միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի գնահատման չափանիշների ու ընթացակարգերի և դրանց իրագործման արդյունքներով հաշվետվությունների մշակում՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի ամփոփ ցանկի ձևավորման նպատակով.

միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի իրագործման արդյունքների վերլուծություն.

միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի ամփոփ ցանկի ձևավորում և դրա ամենամյա ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով).

միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի իրագործման արդյունքներով ամփոփ տեղեկատվության ձևավորում և դրա ամենամյա ներկայացում Հանձնաժողով.

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված այլ գործառույթների կատարում:

Լիազորված մարմնի գործառույթները կարող են վերապահվել անդամ պետության կողմից իր օրենսդրությանը համապատասխան սահմանված չափագիտական ինստիտուտին։

Թույլատրվում է լիազորված մարմնի և որակավորման ստուգման պրովայդերի գործառույթների համատեղումն այն դեպքում, երբ դա սահմանված է անդամ պետության օրենսդրությամբ։

5. Որակավորման ստուգման պրովայդերի գործունեությունը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.

ա) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (այսուհետ՝ փորձարկումներ) համապատասխան ոլորտում սեփական փորձարկման բազայի առկայությունը՝ նմուշների նախապատրաստման և փորձարկման համար.

բ) անհրաժեշտ փորձարկման բազա ունեցող ենթակապալառուի նմուշները նախապատրաստմանը և փորձարկմանը ներգրավելու հնարավորություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Ընդ որում՝ պրովայդերը (կամ ենթակապալառուն) պետք է իրավասու լինի նմուշների սահմանվող հատկությունների չափման մեջ՝ հաշվի առնելով ISO/IEC 17025 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների որակավորմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտին նույնական միջպետական ստանդարտի և այլ միջպետական ստանդարտների պահանջները, այն դեպքի համար, երբ որպես միջլաբորատոր համեմատությունների օբյեկտներ չեն կիրառվում նյութերի կազմի և հատկությունների վկայագրված (հավաստագրված) ստանդարտ նմուշներ․

գ) հաստիքացուցակում տեխնիկական փորձագետների և այլ իրավասու մասնագետների առկայությունն այն փորձարկումների ոլորտներում, որոնցում պրովայդերն իրականացնում է միջլաբորատոր համեմատությունների ծրագրեր։ Անհրաժեշտության դեպքում տեխնիկական փորձագետները կարող են ներգրավվել պրովայդերի կողմից պայմանագրային հիմունքով՝ որակավորման ստուգման համար նմուշների նախապատրաստման և փորձարկման համար.

դ) անկախություն մասնակից լաբորատորիաներից, ընդհանուր կոմերցիոն, ֆինանսական և վարչական շահերի կամ դրանց հետ մրցակցության բացակայություն.

ե) անկողմնակալություն միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի իրականացման ժամանակ։ Այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք ազդում են իր որոշումների անկողմնակալության վրա, պրովայդերը պետք է սահմանի շահերի հնարավոր բախումները, իրականացնի ռիսկերի գնահատում և ներդնի ընթացակարգեր, որոնք երաշխավորում են մասնակից լաբորատորիաների որակավորման ստուգման հետ կապված բոլոր տեսակի աշխատանքների անկողմնակալ կատարումը.

զ) մասնակից լաբորատորիաներին՝ լիազորված մարմնին միջլաբորատոր համեմատությունների ծրագրերին իրենց մասնակցության արդյունքների ամենամյա տրամադրման մասին տեղեկացում։

6. Միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակումն ու իրագործումն իրականացվում են պրովայդերի կողմից՝ հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունը.

ա) միջլաբորատոր համեմատությունների ծրագրեր՝ որպես նմուշներ այն նյութերի կազմի և հատկությունների ստանդարտ նմուշների օգտագործմամբ, որոնց արտադրողը պրովայդերն է.

բ) միջլաբորատոր համեմատությունների ծրագրեր՝ ստանդարտ նմուշի հիման վրա ստեղծվող նմուշների (որակի հսկողության համար նմուշների) օգտագործմամբ.

գ) միջլաբորատոր համեմատությունների ծրագրեր՝ արտադրանքի նյութերի (իրական մատրիցների) նմուշների, սարքավորումների, տեխնիկական միջոցների և (կամ) չափումների այլ օբյեկտների օգտագործմամբ, որոնց համար պրովայդերն ապահովել է նմուշի համասեռության և (կամ) չափվող մեծությունների կայունության փորձարկումների անցկացումը։ Այդ փորձարկումները պետք է անցկացվեն նախօրոք՝ նախքան միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակումը և իրագործումը, դրանց անցկացման արդյունքներով պետք է հաշվետվություն նախապատրաստվի։ Ընդ որում՝ այդ նմուշի չափվող մեծությունների վերագրված արժեքը պետք է սահմանվի հետևյալ եղանակներից մեկով՝ հաշվի առնելով հետևյալ առաջնահերթությունը.

այն չափանմուշի օգտագործմամբ, որը հետագծվում է մինչև միջազգային կամ ազգային չափանմուշ.

այն ստանդարտ նմուշի օգտագործմամբ, որի մեկ կամ մի քանի սահմանված հատկությունները նշված են փաստաթղթերում, որոնք ուղեկցում են այդ նմուշը, և որոնցում բերված են այդ հատկությունների արժեքները, դրանց հետ կապված սխալանքի (անորոշության) արժեքները և չափագիտական հետագծելիության մասին տեղեկատվությունը.

չափումների առաջնային հղումային մեթոդիկայի (մեթոդի) և (կամ) չափումների հղումային մեթոդիկաների (մեթոդների) օգտագործմամբ.

մեկ կամ մի քանի փորձարկման այն լաբորատորիաների միջլաբորատոր համեմատությունների արդյունքների հիման վրա, որոնք մասնակից լաբորատորիաների համեմատ օգտագործում են ավելի բարձր ճշգրտության սարքավորումներ.

մեկ կամ մի քանի մասնակից լաբորատորիաների միջլաբորատոր համեմատությունների արդյունքների հիման վրա՝ միջլաբորատոր համեմատությունների միջազգային կամ տարածաշրջանային ծրագրերին դրանց մասնակցության դեպքում.

մասնակից լաբորատորիաների միջլաբորատոր համեմատությունների արդյունքների ընդհանուր հանրագումարի հիման վրա։

7. Մասնակից լաբորատորիաները անցկացնում են փորձարկումներ՝ օգտագործելով փորձարկումների մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք ընդգրկված են Հանձնաժողովի կողմից հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտներում։

8. Միջլաբորատոր համեմատությունների իրագործման համար պրովայդերը մշակում է միջլաբորատոր համեմատությունների ծրագիր՝ հաշվի առնելով ԳՕՍՏ ISO/IEC 13528 «Միջլաբորատոր համեմատությունների միջոցով որակավորման ստուգման ժամանակ կիրառվող վիճակագրական մեթոդներ»-ի և անհրաժեշտության դեպքում՝ ԳՕՍՏ ISO/TS 22117 «Սննդամթերքի և կենդանիների համար նախատեսված կերերի մանրէաբանություն. Միջլաբորատոր համեմատական փորձարկումների միջոցով լաբորատորիաների որակավորման ստուգման ձեռնարկ և հատուկ պահանջներ»-ի պահանջները։ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքների կատարումը պլանավորող կամ այդպիսի աշխատանքներ կատարող փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել փորձարկումների օբյեկտների անվտանգության ցուցանիշները (բնութագրերը), ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում ներառված փորձարկումների մեթոդիկաները (մեթոդները)։

Անդամ պետությունների պրովայդերների կողմից մշակվող միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի բացակայության դեպքում թույլատրվում է երրորդ երկրների պրովայդերների կողմից մշակվող և իրագործված միջլաբորատոր համեմատությունների ծրագրերին փորձարկման լաբորատորիաների մասնակցությունը, որոնք հավատարմագրվել են սույն ոլորտում Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային կազմակերպության փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը (ILAC MRA) ստորագրած հավատարմագրման մարմինների կողմից։

9. Մասնակից լաբորատորիայի փորձարկումների արդյունքների մասին տեղեկատվությունը և դրա գործունեության բնութագրերի գնահատումը գաղտնի են և առանց մասնակից լաբորատորիայի գրավոր համաձայնության ենթակա չեն հրապարակման կամ փոխանցման այլ կազմակերպությունների կամ անձանց, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։

10. Միջլաբորատոր համեմատությունների արդյունքները կարող են օգտագործվել հետևյալի համար.

ա) հետևյալի գնահատում՝

չափումների արդյունքների և (կամ) չափումների արդյունքների որակի գնահատման հավաստիության ապահովում, ճշգրտություն.

չափումների արդյունքների համարժեքություն կամ համեմատական գնահատում.

չափումների մեթոդիկաների (մեթոդների) չափագիտական բնութագրեր՝ դրանց վկայագրման նպատակով.

մասնակից լաբորատորիայի չափողական հնարավորություններ.

բ) նմուշի չափագիտական և տեխնիկական բնութագրերի (պարամետրերի) գնահատում (հավաստում)՝ որպես ստանդարտ նմուշ դրա վկայագրման (հավաստագրման) կամ միջլաբորատոր համեմատությունների կազմակերպման նպատակով.

գ) այլ խնդիրների լուծում։

11. Որակավորման ստուգման նպատակով միջլաբորատոր համեմատություններին փորձարկման լաբորատորիաների մասնակցության պարբերականությունը պետք է սահմանի անդամ պետության հավատարմագրման մարմինը, սակայն 3 տարին առնվազն 1 անգամ, եթե այդ գործունեությունը հասանելի կամ կիրառելի է հավատարմագրման հայտագրված կամ գործող ոլորտներում։

12. Անդամ պետության հավատարմագրման մարմինը հաշվի է առնում պրովայդերների կողմից կազմակերպված՝ միջլաբորատոր համեմատություններին փորձարկման լաբորատորիաների մասնակցության արդյունքները՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված հավատարմագրման կանոններին համապատասխան, այդ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման ընթացքում։

 

II. Փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերի մշակման և իրագործման կարգը

 

13. Միջլաբորատոր համեմատությունների անցկացումը նախատեսում է միջլաբորատոր համեմատությունների տարբեր տեսակի ծրագրերի մշակումը՝ ԳՕՍՏ ISO/IEC 17043-ին համապատասխան։

14. Միջլաբորատոր համեմատությունների ծրագիրը մշակվում է պրովայդերի կողմից՝ պայմանավորված միջլաբորատոր համեմատությունների իրագործման մասով ստացված առաջարկությունների, դիմումների և պրովայդերի տեխնիկական հնարավորությունների վերլուծության հիման վրա ընտրված տեսակով։

Ընդ որում՝ քննարկվում են պրովայդերի ռեսուրսները և հնարավորությունները, ներառյալ՝ հավատարմագրման ոլորտը, նմուշներին, փորձարկումների մեթոդիկաներին (մեթոդներին), սարքավորումներին, աշխատանքների կատարման պայմաններին ներկայացվող տեխնիկական պահանջները, աշխատանքների կատարման ժամկետները, նմուշների նախապատրաստման և փորձարկման աշխատանքների կատարման համար ենթակապալառուների ներգրավման անհրաժեշտությունը և այլն։

15. Միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակումն իրականացվում է՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, փորձարկման լաբորատորիաների գործունեության ուղղությունները (փորձարկումների ոլորտները, փորձարկումների մեթոդիկաները (մեթոդները)), փորձարկվող արտադրանքի տեսակները։

Միջլաբորատոր համեմատությունների յուրաքանչյուր ծրագրի տրվում է եզակի նույնականացման համար՝ պրովայդերի մենեջմենթի համակարգի պահանջներին համապատասխան։

16. Միջլաբորատոր համեմատությունների ծրագրի մշակումը ներառում է հետևյալ փուլերը.

ծրագրի նպատակի և խնդիրների սահմանում.

ծրագրի տեսակի սահմանում.

ծրագրի մշակմանը և իրագործմանը ներգրավվող տեխնիկական փորձագետների և այլ իրավասու մասնագետների ընտրություն.

ծրագրի կիրառման ոլորտի սահմանում (փորձարկվող արտադրանքի անվանացանկ, չափվող մեծություններ, չափվող մեծությունների ընդգրկույթ, մասնակից լաբորատորիաների կողմից կիրառվող՝ փորձարկումների մեթոդիկաներ (մեթոդներ)).

մասնակից լաբորատորիաների ընտրության չափանիշների սահմանում.

նմուշների ձեռքբերմանը կամ նախապատրաստմանը, դրանց մակնշմանը և փաթեթավորմանը, դրանց պահպանման, տրանսպորտային փոխադրման պայմաններին, մասնակից լաբորատորիաների միջև դրանց տարածման եղանակներին ներկայացվող պահանջների սահմանում.

չափվող մեծության վերագրված արժեքի սահմանման և չափումների անորոշության գնահատման մեթոդների ընտրություն, չափագիտական հետագծելիության հաստատում (հնարավորության դեպքում).

նմուշների համասեռության և կայունության հաստատմանը ներկայացվող պահանջների սահմանում.

գործողություններ ֆորս մաժորային իրավիճակներում (օրինակ՝ մասնակից լաբորատորիայի կողմից նմուշը կորցնելու կամ վնասելու, գաղտնիության կանոնները խախտելու դեպքում).

մասնակից լաբորատորիաների հետ փոխգործակցության կանոնների սահմանում (այդ թվում՝ մասնակից լաբորատորիաների կողմից ստացվող և պրովայդերի կողմից մասնակից լաբորատորիաներին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները).

մասնակից լաբորատորիաների փորձարկումների արդյունքների վերլուծություն։

17. Պրովայդերն իրագործում է միջլաբորատոր համեմատությունների ծրագիրը դրա տուրերի իրագործման միջոցով։ Միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրերի իրագործման համար պրովայդերը մշակում է փաստաթղթեր, ներառյալ՝ տուրերի իրագործման պլանները, մասնակից լաբորատորիաների համար հրահանգները, նմուշների փորձարկումների արձանագրությունները և (կամ) նմուշների նախապատրաստման վերաբերյալ հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։

18. Փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրի տուրի իրագործման փաստաթղթերում պրովայդերն ընդգրկում է հետևյալ տեղեկությունները.

ա) պրովայդերի անվանումը և կոնտակտային տեղեկատվությունը.

բ) միջլաբորատոր համեմատությունների անցկացման նպատակը.

գ) միջլաբորատոր համեմատությունների ծրագրի օգտագործվող տիպերը.

դ) մասնակից լաբորատորիաների մասին տեղեկատվությունը.

ե) նմուշների նախապատրաստման մասին տեղեկատվությունը.

զ) միջլաբորատոր համեմատությունների անցկացման ժամանակ չափվող մեծությունների ցանկը.

է) փորձարկումների մեթոդիկաները (մեթոդները)՝ նշելով փորձարկումների մեթոդիկան (մեթոդը) սահմանող նորմատիվ իրավական ակտերը (անհրաժեշտության դեպքում).

ը) չափվող մեծության վերագրված արժեքի և դրա հետ կապված սխալանքի (անորոշության) սահմանման եղանակները, չափագիտական հետագծելիության մասին տեղեկատվությունը (հնարավորության դեպքում).

թ) նմուշների մասին հետևյալ տեղեկատվությունը՝

ստանդարտ նմուշի համար՝ կատեգորիաներ, անվանումներ, ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքներ, ստանդարտ նմուշի հավաստագրված արժեքների սխալանք (անորոշություն).

ստանդարտ նմուշի հիման վրա ստեղծվող նմուշի համար՝ նմուշի նկարագրություն, չափվող մեծության վերագրված արժեքը տրամադրող մասնակից լաբորատորիայի մասին տեղեկատվություն, նմուշին ներկայացվող տեխնիկական պահանջներ (անհրաժեշտության դեպքում).

սարքավորումների, տեխնիկական միջոցների և (կամ) չափումների այլ օբյեկտների համար՝ նմուշի նկարագրություն, չափվող մեծության վերագրված արժեքը տրամադրող մասնակից լաբորատորիայի մասին տեղեկատվություն, նմուշին ներկայացվող չափագիտական և տեխնիկական պահանջներ (անհրաժեշտության դեպքում).

ժ) հետևյալին ներկայացվող պահանջները՝

նմուշների նախապատրաստման վերաբերյալ հաշվետվություն, ներառյալ՝ դրանց կիրառման հնարավորության վերաբերյալ եզրակացությունը.

նմուշների փաթեթավորում և առաքում մասնակից լաբորատորիաներին.

տարբեր մասնակից լաբորատորիաների մոտ համաձայնեցված պայմանների ապահովման համար աշխատանքների կատարման պայմաններ.

չափումների միջոցներ, փորձարկման, օժանդակ, լաբորատոր սարքավորումներ, նյութեր և ռեակտիվներ, որոնք կիրառվում են փորձարկումների մեթոդիկաներին (մեթոդներին) համապատասխան (անհրաժեշտության դեպքում).

փորձարկումների արդյունքների ձևակերպում.

ժա) միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման և անմիջականորեն մասնակից լաբորատորիաների կողմից աշխատանքների կատարման ժամկետները, որոնք նախատեսված են օրացուցային պլանով (միաժամանակյա անցկացման անհրաժեշտության դեպքում)։

19. Պրովայդերն իրավունք ունի մասնակից լաբորատորիաներից պահանջելու միջլաբորատոր համեմատությունների արդյունքների գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։

20. Այն դեպքում, երբ փորձարկումների օգտագործվող մեթոդիկաների (մեթոդների) մասին տեղեկություններում նշված չեն ճշգրտության, վերարտադրելիության, կրկնվելության և սխալանքի (անորոշության) վերագրված արժեքների նորմերը և (կամ) բնութագրերի արժեքները, ապա միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման վերաբերյալ հաշվետվության մեջ պրովայդերը նշում է մասնակից լաբորատորիաների փորձարկումների արդյունքների գնահատման համար ընդունելիության չափանիշների սահմանման եղանակը։

 

III. Որակավորման ստուգման համար նմուշներին ներկայացվող պահանջները

 

21. Որակավորման ստուգման համար նմուշները պետք է փորձարկումների ընտրված օբյեկտին համապատասխանեն կազմով կամ հատկությամբ։

22. Որպես նմուշներ կարող են օգտագործվել՝

ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ նյութերի կազմի և հատկությունների վկայագրված (հավաստագրված) ստանդարտ նմուշներ.

բ) ստանդարտ նմուշի հիման վրա ստեղծվող նմուշներ՝ չափվող մեծությունների սահմանված՝ վերագրված արժեքներով.

գ) նմուշներ, որոնց վերագրված արժեքը սահմանվում է դրանց պատրաստման ընթացակարգի իրականացման ժամանակ ստացված տվյալների հիման վրա.

դ) արտադրանքի իրական նմուշներ (ստանդարտ նմուշների բացակայության դեպքում), որոնց առնչությամբ ապահովված է չափվող մեծությունների կայունությունը և նյութի համասեռությունը միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման ժամանակահատվածում.

ե) սարքավորումներ, տեխնիկական միջոցներ և (կամ) չափումների այլ օբյեկտներ։

23. Որակավորման ստուգման համար նմուշները պատրաստվում են այն քանակով, որը բավարար է միջլաբորատոր համեմատությունների նպատակների համար, այդ թվում՝ բաշխման ժամանակ կորցրած կամ վնասված նմուշները փոխհատուցելու, ինչպես նաև մասնակից լաբորատորիաների փորձարկումների արդյունքների գնահատումից հետո դրանք օգտագործելու հնարավորության համար։

Պրովայդերը որակավորման ստուգման համար լրացուցիչ նմուշներ է պատրաստում բավարար քանակով՝ ֆորս մաժորային իրավիճակների կամ մասնակից լաբորատորիաների արդյունքների առնչությամբ տարաձայնությունների առաջացման դեպքում։

24. Նմուշի չափվող մեծության վերագրված արժեքը պետք է գտնվի փորձարկումների այն մեթոդիկաներից (մեթոդներից) յուրաքանչյուրի սահմանվող արժեքների տիրույթում, որոնք կկիրառվեն մասնակից լաբորատորիաների կողմից։ Որպես չափվող մեծության վերագրված արժեք ընդունում են հետևյալը.

ա) ստանդարտ նմուշի վկայագրված (հավաստագրված) արժեքը, որը բերված է ստանդարտ նմուշի անձնագրում (հավաստագրում) կամ այլ փաստաթղթում՝ նշելով սխալանքը (անորոշությունը).

բ) չափվող մեծության արժեքը, որն ստացվել է նմուշի կոնկրետ հատկության համար՝ պատրաստման եղանակին համապատասխան (ավելացման մեթոդի կամ նոսրացման մեթոդի օգտագործմամբ).

գ) չափվող մեծության արժեքը, որը սահմանվում է նմուշի փորձարկման ընթացքում՝ այն չափանմուշի օգտագործմամբ, որը հետագծվում է մինչև միջազգային կամ ազգային չափանմուշ.

դ) փորձարկումների արդյունքը, որն ստացվել է այն փորձարկման լաբորատորիայի կողմից, որը չափվող մեծությունների վերագրված արժեքների համար օգտագործում է չափումների առաջնային հղումային և (կամ) հղումային մեթոդիկա (մեթոդ).

ե) փորձարկումների արդյունքների համաձայնեցված արդյունքները, որոնք ստացվել են փորձարկման լաբորատորաների կողմից՝ տվյալների վերլուծության վիճակագրական մեթոդների օգտագործմամբ՝ հաշվի առնելով արտանետումների ազդեցությունը.

զ) առաջնահերթության կարգով թվարկված հետևյալ պահանջներից մեկին համապատասխանող լաբորատորիայի փորձարկումների արդյունքը (սույն կետի «դ» ենթակետում նշված լաբորատորիայի բացակայության դեպքում)՝

այն չափանմուշի օգտագործումը, որը հետագծվում է մինչև միջազգային կամ ազգային չափանմուշ.

այն վկայագրված (հավաստագրված) ստանդարտ նմուշի օգտագործումը, որը հետագծվում է մինչև միջազգային կամ ազգային չափանմուշ.

մասնակից լաբորատորիաների չափումների միջոցի համեմատ ավելի բարձր ճշգրտության չափումների միջոցի օգտագործումը.

ստանդարտ նմուշների պատրաստման փորձի և հմտությունների առկայությունը.

մասնակցությունը միջլաբորատոր համեմատությունների միջազգային (տարածաշրջանային) ծրագրերին.

փորձարկումների մեթոդիկաների (մեթոդների) մշակման և վկայագրման (վալիդացման) փորձի և հմտությունների առկայությունը։

25. Նմուշը պետք է կայուն լինի միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման ամբողջ ընթացքում։

26. Յուրաքանչյուր մասնակից լաբորատորիային տրամադրվող նմուշի քանակը (ծավալը, զանգվածը) ընտրվում է՝ պայմանավորված չափվող մեծություններով և մասնակից լաբորատորիաների կողմից կիրառվող՝ փորձարկումների մեթոդիկաներով (մեթոդներով), և պետք է բավարար լինի չափվող մեծությունների սահմանման համար՝ այդ մեթոդիկաներից (մեթոդներից) ցանկացածի օգտագործմամբ։

27. Եթե նմուշը սարքավորում է, տեխնիկական միջոց և (կամ) չափումների այլ օբյեկտներ, որոնց առնչությամբ պրովայդերը հաստատել է չափվող մեծությունների կայունությունը միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման ժամանակահատվածում, ապա բոլոր մասնակից լաբորատորիաները կարող են փորձարկումներ անցկացնել միևնույն նմուշի վրա։

28. Նմուշները փաթեթավորվում են պրովայդերի մենեջմենթի համակարգի փաստաթղթերով սահմանված՝ նմուշների (փորձանմուշների) փաթեթավորմանը ներկայացնող պահանջների համաձայն, և նույնականացվում են նմուշի նշագիրը (ծածկագիրը) պարունակող պիտակով։ Փաթեթվածքը պետք է ապահովի նմուշների պահպանվածությունը և նմուշների չափվող մեծությունների կայունությունը մինչև փորձարկումների անցկացման պահը, ինչպես նաև մասնակից լաբորատորիաներին նմուշների առաքման հնարավորությունը (անհրաժեշտության դեպքում)։

 

IV. Փորձարկումների արդյունքների մշակմանը և հաշվետվությունների ձևակերպմանը ներկայացվող պահանջները

 

29. Փորձարկումների արդյունքների վիճակագրական մշակումը կատարվում է պրովայդերի կողմից՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտներին նույնական՝ անդամ պետությունների միջպետական կամ ազգային ստանդարտների, այդ թվում՝ ԳՕՍՏ ISO/IEC 13528 «Միջլաբորատոր համեմատությունների միջոցով որակավորման ստուգման ժամանակ կիրառվող վիճակագրական մեթոդներ»-ի պահանջները, կամ կիրառելով վիճակագրական վերլուծության այլ մեթոդներ։ Վիճակագրական վերլուծության մեթոդի ընտրության պատասխանատվությունը կրում է պրովայդերը։

30. Միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման վերաբերյալ հաշվետվությունը ձևակերպվում է պրովայդերի կողմից՝ ԳՕՍՏ ISO/IEC 17043-ի պահանջներին համապատասխան։ Հաշվետվության մեջ պրովայդերը մեկնաբանություններ է տրամադրում մասնակից լաբորատորիաների գործունեության բնութագրերի վերաբերյալ (եթե դա ընդունելի է միջլաբորատոր համեմատությունների ծրագրի նպատակի համար)՝ հետևյալ գործոնների առնչությամբ.

ա) գործունեության ամփոփիչ բնութագրերը (հաշվի առնելով փորձարկումների արդյունքների անորոշությունը).

բ) մասնակից լաբորատորիաներում և դրանց միջև փորձարկումների արդյունքների ընդգրկույթը, ինչպես նաև միջլաբորատոր համեմատությունների ծրագրի նախորդ տուրերի արդյունքների հետ համեմատությունը.

գ) փորձարկումների մեթոդիկաների (մեթոդների) տարբերությունը.

դ) սխալների հնարավոր աղբյուրները (արտանետումների առնչությամբ) և փորձարկումների կատարումը բարելավելու վերաբերյալ առաջարկությունները.

ե) խորհրդատվությունները և հետադարձ կապը մասնակից լաբորատորիաների հետ՝ մասնակից լաբորատորիաների աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված մշտական ընթացակարգերի իրագործման շրջանակներում.

զ) այն գործոնները, որոնք փորձարկումների արդյունքների գնահատումը և մասնակից լաբորատորիաների գործունեության բնութագրերի վերաբերյալ մեկնաբանությունների տրամադրումը դարձնում են անհնար.

է) ցանկացած առաջարկություն, հանձնարարական կամ ընդհանուր մեկնաբանություն.

ը) մասնակից լաբորատորիաների գործունեության բնութագրերի վերաբերյալ եզրահանգումները.

թ) գնահատման այլ արդյունքներ և մեկնաբանություններ՝ կախված միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման նպատակից։

 

V. Փորձարկման լաբորատորիաների որակավորման ստուգման նպատակով միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության ձևավորման կարգը

 

31. Յուրաքանչյուր տարի՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, պրովայդերները լիազորված մարմին են ներկայացնում միջլաբորատոր համեմատությունների հաջորդ տարվա համար պլանավորվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ թիվ 1 հավելվածով սահմանված ձևով, և ընթացիկ տարում միջլաբորատոր համեմատությունների իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ թիվ 2 հավելվածով սահմանված ձևով։

32. Միջլաբորատոր համեմատությունների համակարգման գործառույթների կատարման շրջանակներում լիազորված մարմինն իրականացնում է միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակման և իրագործման արդյունքների մշտադիտարկում և վերլուծություն, ինչպես նաև մասնակից լաբորատորիաների կողմից այդ ծրագրերի պահանջվածության վերլուծություն։

Մշտադիտարկման և վերլուծության իրականացման համար լիազորված մարմինը պահանջում է հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը.

պրովայդերներից՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի կազմակերպման և իրականացման վերաբերյալ.

անդամ պետության փորձարկման լաբորատորիաներից՝ երրորդ երկրների պրովայդերների կողմից կազմակերպված միջլաբորատոր համեմատություններին մասնակցության վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում)։

33. Վերլուծության հիման վրա լիազորված մարմինը սահմանում է միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի գերակա ուղղությունները, ձևավորում է այդ ծրագրերի իրագործման և միջլաբորատոր համեմատությունների նոր ծրագրերի մշակման վերաբերյալ առաջարկությունները, համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է շահագրգիռ անձանց, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում տեղադրելու միջոցով՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

34. Միջլաբորատոր համեմատությունների գիտամեթոդական ապահովման շրջանակներում լիազորված մարմինն իրականացնում է հետևյալի կազմակերպումը՝

շահագրգիռ լիազորված մարմինների և կազմակերպությունների հարցմամբ միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի կատարելագործման մասով առաջարկությունների մեթոդաբանական ուղեկցում և մշակում.

պրովայդերներին միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակման և իրագործման մասով խորհրդատվական և մեթոդական օգնության տրամադրում.

պրովայդերների համար միջլաբորատոր համեմատությունների անցկացման հարցերով մեթոդական ձեռնարկների, առաջարկների և ընթացակարգերի մշակում.

գիտահետազոտական հաստատությունների և կրթության հաստատությունների գործունեությանը միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի մշակման և դրանց իրագործման մասով խնդիրները կատարող աշխատողների պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով աջակցություն:

35. Անդամ պետության միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի ամփոփ ցանկը՝ համեմատությունների ծրագրերի անցկացման համար պատասխանատու պրովայդերների նշմամբ, ձևավորվում է լիազորված մարմնի կողմից միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի վերլուծության հիման վրա՝ սույն կարգի թիվ 1 հավելվածին համապատասխան։

36. Անդամ պետության պրովայդերների՝ միջլաբորատոր համեմատությունների իրականացված ծրագրերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը ձևավորվում է լիազորված մարմնի կողմից՝ պրովայդերների կողմից ներկայացված տեղեկատվության և այդ ծրագրերի իրագործման արդյունքների վերլուծության արդյունքներով՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի անցկացման համար պատասխանատու պրովայդերների նշմամբ՝ սույն կարգի թիվ 2 հավելվածին համապատասխան։

37. Միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի ամփոփ ցանկը և միջլաբորատոր համեմատությունների իրականացված ծրագրերի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, ուղարկվում են Հանձնաժողով՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրելու համար։

 

Ծանոթագրություններ. 1. Մասնակից լաբորատորիաների փորձարկումների արդյունքների գնահատման համար ընդունելիության չափանիշների սահմանման եղանակները բերված են ԳՕՍՏ ISO/IEC 13528 «Միջլաբորատոր համեմատությունների միջոցով որակավորման ստուգման ժամանակ կիրառվող վիճակագրական մեթոդներ»-ում։

2. Ստանդարտ նմուշի օգտագործման դեպքում մասնակից լաբորատորիաների կողմից այդ նմուշի փորձարկումները պետք է կատարվեն դրա պիտանիության ժամկետի սահմաններում։

3. Նմուշառումը կանոնակարգող փաստաթղթերում և (կամ) փորձարկումների մեթոդիկայում չափվող մեծությունների սահմանված վերագրված արժեքներով՝ ստանդարտ նմուշի հիման վրա ստեղծվող նմուշի, ավելացման մեթոդով կամ նոսրացման մեթոդով պատրաստված նմուշի կամ արտադրանքի իրական նմուշի (ստանդարտ նմուշների բացակայության դեպքում) օգտագործման առնչությամբ սահմանափակումների առկայության դեպքում սահմանում են պիտանիության ժամկետը, որի ընթացքում մասնակից լաբորատորիաների կողմից պետք է կատարվեն այդ նմուշի փորձարկումները։

4. Միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման ժամանակահատվածում սարքավորումներ, տեխնիկական միջոցներ և (կամ) չափումների այլ օբյեկտներ օգտագործելիս չափվող մեծությունների վերագրված արժեքները ենթարկվում են կայունության միջանկյալ չափումների։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Միջլաբորատոր համեմատական

փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) անցկացման

կազմակերպման կարգի

 

(ձև)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 ______ թվականին պլանավորվող միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերի վերաբերյալ՝ այն հավատարմագրված (փորձարկման) լաբորատորիաների (կենտրոնների) որակավորման ստուգման նպատակով, որոնք կատարում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ և ընդգրկված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում

 

Համարը՝ ը/կ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անվանումը և համարը

Միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրի նշագիրը և անվանումը

Նմուշը

Չափվող մեծությունները

Իրագործման ժամկետները

Փորձարկումների ենթադրվող մեթոդիկաները (մեթոդները)

Ենթակապալառուն, հավատարմագրման վկայագիրը (առկայության դեպքում)

Արդյունքների գնահատման չափանիշները

1

2

3

4

5

6

7

8

9

                 

 

Ծանոթագրություններ. Սույն ձևը լրացվում է հետևյալ կարգով.

ա) 2-րդ վանդակում նշվում են Եվրասիական տնտեսական միության այն տեխնիկական կանոնակարգերի անվանումներն ու համարները, որոնց առնչությամբ պլանավորվում է միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերի իրականացումը (այսուհետ՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրեր).

բ) 3-րդ վանդակում նշվում է պրովայդերի կողմից սահմանված՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրի նույնականացման վերաբերյալ տեղեկատվությունը (օրինակ՝ ծրագրի նույնականացման համարը, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի շարքին այն դասելը, Միության անդամ պետության չափումների միասնականության ապահովման տեղեկատվական ֆոնդում տրված ծածկագիրը՝ այդ անդամ պետության օրենսդրության համաձայն).

գ) 4-րդ վանդակում նշվում է որակավորման ստուգման համար այն նմուշի վերաբերյալ տեղեկատվությունը, որն օգտագործվելու է միջլաբորատոր համեմատությունների ծրագրի իրականացման համար.

դ) 5-րդ վանդակում նշվում է նմուշի բնութագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք սահմանվում են որպես չափվող մեծություններ.

ե) 6-րդ վանդակում նշվում է միջլաբորատոր համեմատությունների ծրագրի տուրի իրագործման պլանավորվող ժամկետը.

զ) 7-րդ վանդակում նշվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ենթադրվող մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք օգտագործվելու են միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի իրականացման ժամանակ.

է) 8-րդ վանդակում նշվում են նմուշների նախապատրաստման աշխատանքներ կատարող ենթակապալառուի անվանումը և նրա հավատարմագրման վերաբերյալ տեղեկությունները (առկայության դեպքում).

ը) 9-րդ վանդակում նշվում են այն չափանիշները, որոնցով գնահատվելու են միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) մասնակիցների գործունեության բնութագրերը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Միջլաբորատոր համեմատական

փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) անցկացման

կազմակերպման կարգի

 

(ձև)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 ______ թվականին իրականացված միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերի վերաբերյալ՝ այն հավատարմագրված (փորձարկման) լաբորատորիաների (կենտրոնների) որակավորման ստուգման նպատակով, որոնք կատարում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ և ընդգրկված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում

 

Համարը՝ ը/կ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի անվանումը և համարը

Միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրի նշագիրը և անվանումը

Նմուշը

Չափվող մեծությունները

Փորձարկումների մեթոդիկաները (մեթոդները)

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մասնակիցների քանակը

Մասնակցության արդյունքները (անբավարար (կասկածելի) արդյունքների քանակը)

1

2

3

4

5

6

7

8

               

 

Ծանոթագրություններ. Սույն ձևը լրացվում է հետևյալ կարգով.

ա) 2-րդ վանդակում նշվում են Եվրասիական տնտեսական միության այն տեխնիկական կանոնակարգերի անվանումներն ու համարները, որոնց առնչությամբ իրականացվել են միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) ծրագրերը (այսուհետ՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրեր).

բ) 3-րդ վանդակում նշվում է պրովայդերի կողմից սահմանված՝ միջլաբորատոր համեմատությունների ծրագրի նույնականացման վերաբերյալ տեղեկատվությունը (օրինակ՝ ծրագրի նույնականացման համարը, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի շարքին այն դասելը, Միության անդամ պետության չափումների միասնականության ապահովման տեղեկատվական ֆոնդում տրված ծածկագիրը՝ այդ անդամ պետության օրենսդրության համաձայն).

գ) 4-րդ վանդակում նշվում է որակավորման ստուգման համար այն նմուշի վերաբերյալ տեղեկատվությունը, որն օգտագործվել է միջլաբորատոր համեմատությունների ծրագրի իրականացման համար.

դ) 5-րդ վանդակում նշվում է նմուշի բնութագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք սահմանվել են որպես չափվող մեծություններ.

ե) 6-րդ վանդակում նշվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում ներառված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք օգտագործվել են միջլաբորատոր համեմատությունների ծրագրերի իրականացման ժամանակ.

զ) 7-րդ վանդակում նշվում է միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) մասնակիցների ընդհանուր քանակը.

է) 8-րդ վանդակում նշվում է միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատությունների) այն մասնակիցների քանակը, որոնք ստացել են գործունեության բնութագրերի գնահատման անբավարար (կասկածելի) արդյունքներ, և այդ փորձարկումների այն մասնակիցների քանակը, որոնք նկատողություն են ստացել միջլաբորատոր համեմատությունների ծրագրին մասնակցելու արդյունքներով։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: