Գլխավոր տեղեկություն
Номер
N 1327-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.09/69(1522) Հոդ.909
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2019
Дата вступления в силу
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2019 թվականի N 1327-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ԿԱՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (վերնագիրը փոփ. 21.04.23 N 551-Ն)

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 187-րդ հոդվածի 7-րդ մասին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի 310-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.04.23 N 551-Ն)

1. Սահմանել մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի կամ միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործման և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և միջոցների կիրառման ուղեցույցը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը՝ բացառությամբ սույն որոշման հավելվածի ուղեցույցի 14-րդ և 16-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 4

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշման

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ԿԱՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 (վերնագիրը փոփ. 21.04.23 N 551-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի (այսուհետ` օրենսգիրք) VI բաժնի դրույթների հիման վրա՝ սույն հավելվածով սահմանված դրույթներին համապատասխան:

2. Սույն հավելվածի իմաստով մաքսային հսկողության ընթացակարգ է համարվում մաքսային միասնական ավտոմատացված համակարգի ռիսկերի կառավարման համակարգում (այսուհետ՝ ռիսկերի կառավարման համակարգ) տեղայնացված ավտոմատացված ռիսկի պրոֆիլների համաձայն ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումն ապահովող միջոցառումների ամբողջությունը:

3. Սույն հավելվածի իմաստով ռիսկի պրոֆիլ է համարվում ռիսկի ոլորտի ու ռիսկի ցուցիչների համապատասխան ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների ամբողջությունը: Ռիսկերի պրոֆիլների կիրառության արդյունքում որոշվում է ռիսկի մակարդակը: Յուրաքանչյուր ռիսկի պրոֆիլ ունի իր գործողության ժամկետը:

4. Սույն հավելվածի մեջ կիրառվող այլ հասկացությունները մեկնաբանվում են օրենսգրքով սահմանված իմաստներով:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ  ՌԻՍԿԻ ՏԵՂԱՅՆԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

 5. Ռիսկի ավտոմատացված պրոֆիլները (այսուհետ` ռիսկի պրոֆիլներ) տեղայնացվում են ռիսկերի կառավարման համակարգում՝ մաքսային ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

Ռիսկերի կառավարման համակարգում կարող են տեղայնացվել ռիսկի ավտոմատացված պրոֆիլներ՝ այլ ոլորտային օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին համապատասխան:

6. Մաքսային մարմին ներկայացված մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի` Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գրանցվելուց հետո ռիսկերի կառավարման համակարգում մաքսային հսկողության իրականացման նպատակով ինքնաշխատ եղանակով ձևավորվում է ռիսկի պրոֆիլներին համապատասխան ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներով հսկողության ակտ (այսուհետ` հսկողության ակտ), որում ներառվող ցուցումները բխում են մաքսային հսկողության հետևյալ ընթացակարգերից՝

1) «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում», որը կիրառվում է, երբ տեղայնացված ռիսկի պրոֆիլների հիման վրա ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ հսկողության ակտում չեն ձևավորվում.

2) «Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց ստուգման», որը կիրառվում է, երբ ռիսկի պրոֆիլների հիման վրա ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ հսկողության ակտում չեն ձևավորվում: Մաքսային հսկողության այս ընթացակարգը ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում և մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Կանաչ ուղի» միջերեսային արտացոլում.

3) «Ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողում` ստուգում իրականացնելուց հետո», որը կիրառվում է, երբ ռիսկի պրոֆիլների հիման վրա հսկողության ակտում ձևավորվում են փաստաթղթային հսկողության կամ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային զննման, կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման միջոցով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ: Մաքսային հսկողության այս ընթացակարգը ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում և մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Դեղին ուղի» կամ «Կարմիր ուղի» միջերեսային արտացոլում:

(6-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

7. Սույն հավելվածի 6-րդ կետում նշված մաքսային հսկողության ընթացակարգերին զուգահեռ ռիսկերի կառավարման համակարգում ռիսկի պրոֆիլներին համապատասխան՝ մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի համար ձևավորվում են ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, որոնք ներառվում են հսկողության ակտում։

Հսկողության ակտում ներառված՝ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումները հասանելի են մաքսային մարմնի՝ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո հսկողություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնատար անձանց (այսուհետ՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձ), որոնք տվյալ ցուցումներին համապատասխան իրականացնում են ապրանքների բացթողումից հետո մաքսային, այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգում (ուսումնասիրում)՝ օրենսգրքի 324-րդ և 326-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից պահանջվում և ստացվում են օրենսգրքի 340-րդ հոդվածով սահմանված կարգով: Նշված գործողությունների իրականացումից հետո ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից հսկողության ակտում լրացվում են ռիսկի պրոֆիլի համաձայն ձևավորված՝ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային հսկողության նպատակով ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների համաձայն իրականացված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքները` օրենսդրությամբ սահմանված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով՝ համաձայն սույն հավելվածի 20-րդ կետով սահմանված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների նկարագրի դասակարգչի։

Ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո ռիսկերի պրոֆիլներին համապատասխան մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի կամ միջոցների ընտրության ժամանակ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների հերթականությունը սահմանում է մաքսային մարմնի ղեկավարը։

(7-րդ կետը խմբ. 24.09.21 N 1572-Ն, փոփ. 21.04.23 N 551-Ն)

8. «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգի ընտրության դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցներն առանց փաստաթղթերի ստուգման, մաքսային զննման և մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման բաց են թողնվում, հայտարարագրման ավտոմատ համակարգում, նախկինում իրականացված հսկողական միջոցառումների հավաքագրված արդյունքները, ռիսկի ցածր հավանականության և ազդեցության ցածր մակարդակի հանգամանքը հաշվի առնելով, ինքնաշխատ՝ առանց մաքսային մարմնի մասնակցության ձևավորված, բացթողման որոշման կամ մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի վրա համապատասխան նշումների հիման վրա:

8․1․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողմանն առնչվող որոշ հարցերի մասին» N 188 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան՝ «Ապրանքների և տրանսպորտային միջոցների ավտոմատ բացթողում» մաքսային հսկողության ընթացակարգը կարող է կիրառվել նաև օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների նկատմամբ։

(8.1-ին կետը լրաց. 24.03.22 N 372-Ն)

9. «Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց ստուգման» մաքսային հսկողության ընթացակարգի ընտրության դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցներն առանց փաստաթղթերի ստուգման, մաքսային զննման և մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման բաց են թողնվում, մաքսային մարմնի կողմից բացթողման որոշում ընդունելու կամ մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի վրա համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով: Այն դեպքում, երբ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքեր, այդ թվում՝ տեղային (ոչ ֆորմալ) ռիսկերի կառավարման ընթացքում կիրառվող ռիսկի գործոնների և հատկանիշների առկայություն, ոչ ավտոմատացված ռիսկի պրոֆիլներին համապատասխանություն, օպերատիվ-հետախուզական տեղեկատվություն, ապրանքների մաքսային ձևակերպումների կամ մաքսային զննման իրավասություն ունեցող` մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային մարմնի մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) կամ մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) թղթային կամ էլեկտրոնային որոշման հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում լրացվում են ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, որոնց համաձայն մաքսային հսկողության ընթացակարգը փոխվում է «Ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողում` ստուգում իրականացնելուց հետո» մաքսային հսկողության ընթացակարգի:

(9-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

10. «Ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողում` ստուգում իրականացնելուց հետո» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման դեպքում մաքսային ձևակերպումների և մաքսային զննման իրավասություն ունեցող ստորաբաժանումների կողմից հսկողությունն իրականացվում է հետևյալ քայլերին համապատասխան՝

1) այն դեպքում, երբ ռիսկերի կառավարման համակարգի կողմից հսկողության ակտում ձևավորվում են միայն փաստաթղթային հսկողության իրականացման ժամանակ կիրառվող ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, սույն կետով նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգը հսկողության ակտում և մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Դեղին ուղի» միջերեսային արտացոլում: Փաստաթղթային հսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացվում է փաստաթղթային հսկողություն՝ համաձայն ռիսկերի կառավարման համակարգի կողմից ձևավորված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների, և հսկողության ակտում լրացվում են ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքներն օրենսդրությամբ սահմանված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով: Հսկողության ակտում մաքսային զննման իրականացման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման ժամանակ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ չձևավորվելու դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների կողմից բաց են թողնվում առանց մաքսային զննման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման.

2) այն դեպքում, երբ ռիսկերի կառավարման համակարգի կողմից հսկողության ակտում ձևավորվում են փաստաթղթային հսկողության և մաքսային զննման իրականացման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման ժամանակ կիրառվող ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ, կամ փաստաթղթային հսկողության իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից փաստաթղթային ստուգման արդյունքում մուտքագրված արդյունքի հիման վրա ծագում է մաքսային զննման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման անհրաժեշտություն, ապա սույն կետով նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգը հսկողության ակտում և մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի մաքսային հսկողության դաշտում ստանում է «Կարմիր ուղի» միջերեսային արտացոլում: Մաքսային զննում իրականացնելու կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների զննում կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառում՝ համաձայն ռիսկերի կառավարման համակարգի կողմից ռիսկի պրոֆիլների հիման վրա ձևավորված ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումների, և հսկողության ակտում լրացվում են ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքներն օրենսդրությամբ սահմանված՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների համապատասխան նկարագրերը մուտքագրելու միջոցով․

3) այն դեպքում, երբ առկա են օրենսդրությամբ սահմանված հիմքեր, այդ թվում՝ տեղային (ոչ ֆորմալ) ռիսկերի կառավարման ընթացքում կիրառվող ռիսկի գործոնների և հատկանիշների առկայություն, ոչ ավտոմատացված ռիսկի պրոֆիլներին համապատասխանություն, օպերատիվ-հետախուզական տեղեկատվություն, ապրանքների մաքսային ձևակերպումների կամ մաքսային զննման իրավասություն ունեցող` մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացման փուլում մաքսային մարմնի մաքսային ձևակերպումներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) և (կամ) մաքսային զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարի (նրա տեղակալի) թղթային կամ էլեկտրոնային որոշման հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում լրացվում են փաստաթղթային հսկողությանը և մաքսային զննման իրականացմանը կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառմանն առնչվող՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներ:

(10-րդ կետը խմբ. 21.04.23 N 551-Ն)

11. Սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված գործողությունների իրականացումից հետո մաքսային մարմինն իրականացնում է օրենսգրքի 18-րդ գլխով սահմանված գործառնությունները:

12. Սույն հավելվածով սահմանված մաքսային հսկողության ընթացակարգերին համապատասխանող ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումներից բացի ռիսկերի կառավարման համակարգում մաքսային հսկողության իրականացման նպատակով, համաձայն ռիսկի պրոֆիլների, կիրառվում են նաև ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման այլ ցուցումներ՝ ռիսկերի նվազեցման միջոցառումների դասակարգչին համապատասխան՝ օրենսգրքի 45-րդ և 46-րդ գլուխների դրույթները ապահովելու նպատակով:

13. Սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով մաքսային հսկողության ընթացակարգի ընտրության (փոփոխության) դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումների կամ մաքսային զննման կամ մաքսային հսկողության այլ միջոցների կիրառման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ռիսկերի կառավարման համակարգի հսկողության ակտում նշվում է մաքսային հսկողության ընթացակարգի փոփոխության հիմնավորումը՝ համաձայն սույն հավելվածով սահմանված մաքսային հսկողության ընթացակարգի ընտրության (փոփոխության) հիմքերի ցանկի:

(13-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

14. Մաքսային սահմանը հատող՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեխնիկական սարքերի կիրառմամբ մաքսային հսկողության ձևերի և կամ միջոցների ընտրությունն իրականացվում է մաքսային մարմինների կողմից՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից սույն հավելվածով սահմանված մաքսային հսկողության ընթացակարգի ընտրության (փոփոխության) հիմքերի ցանկի կիրառմամբ ձևավորված ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ ցուցումներին համապատասխան:

15. Սույն հավելվածով նախատեսված ռիսկերի կառավարման ավտոմատացված գործընթացում կիրառվող ռիսկի պրոֆիլները և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման ցուցումները հասանելի են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության շրջանակներում համապատասխան իրավասություն ունեցող ստորաբաժանման (ստորաբաժանումների) պաշտոնատար անձանց:

16. Մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումն օրենսդրությամբ սահմանված հիմքերի, այդ թվում՝ տեղային (ոչ ֆորմալ) ռիսկերի կառավարման ընթացքում կիրառվող ռիսկի գործոնների և հատկանիշների կամ ոչ ավտոմատացված ռիսկի պրոֆիլներին համապատասխանության կամ օպերատիվ տեղեկության առկայության դեպքում սույն հավելվածով նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգերին համապատասխան ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո կարող է իր գործունեությունն իրականացնել օրենսգրքի VI բաժնով սահմանված հսկողական միջոցառումների շրջանակներում: Սույն կետում նշված հսկողության շրջանակներում մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի գրավոր որոշման հիման վրա մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացվում է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային զննում՝ ինչպես մաքսային հսկողության գոտիներում, այնպես էլ օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների կանգնեցման դեպքում՝ մաքսային հսկողության գոտիներից դուրս՝ մաքսային հսկողության իրականացման համար հաշվի առնելով օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված ժամկետը: Նշված ժամկետի սահմաններում մաքսային հսկողության իրականացման անհնարինության դեպքում մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցներն իրավասու են տեղափոխել տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ դրանցով փոխադրվող ապրանքները, մաքսային հսկողության գոտի՝ մաքսային զննումն իրականացնելու համար:

Ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային զննման իրականացման նպատակով մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման աշխատողը հայտարարատուին, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձանց կամ նրանց ներկայացուցիչներին կամ փոխադրողին ներկայացնում է մաքսային հսկողության իրականացման համար որոշումը, իսկ մաքսային հսկողության ավարտից հետո կազմում է օրենսգրքի 328-րդ հոդվածով սահմանված փաստաթուղթը:

(16-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

 

III. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒԻ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

17. «Ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողում` ստուգում իրականացնելուց հետո» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման դեպքում հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով կամ թղթային տարբերակով համապատասխան վայր ներկայացնելու անհրաժեշտության մասին տեղեկացվում է մաքսային միասնական ավտոմատացված համակարգի միջոցով հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

(17-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

18. «Ապրանքների կամ տրանսպորտային միջոցների բացթողում` ստուգում իրականացնելուց հետո» մաքսային հսկողության ընթացակարգի կիրառման դեպքում հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը տեղեկացվում է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների զննման վայրի և ժամկետի մասին՝ մաքսային միասնական ավտոմատացված համակարգի միջոցով հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

(18-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

19. Սույն հավելվածով սահմանված հիմքերով մաքսային հսկողության ընթացակարգի փոփոխության դեպքում հայտարարատուն կամ մաքսային ներկայացուցիչը տեղեկացվում է մաքսային հսկողության ընթացակարգի փոփոխության մասին՝ մաքսային միասնական ավտոմատացված համակարգի միջոցով հաղորդագրություն ուղարկելու միջոցով:

 

IV. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ

 

20. Մաքսային հսկողության իրականացման ընթացքում ռիսկերի կառավարման ավտոմատացված գործընթացում կիրառվող ռիսկերի նվազեցման միջոցառումների դասակարգիչը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման արդյունքների նկարագրի դասակարգիչը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից, կրում են գաղտնի բնույթ և հրապարակման ենթակա չեն։

(20-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

21. Մաքսային հսկողության ընթացակարգի փոփոխության հիմնավորումների դասակարգիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից՝ սույն հավելվածով սահմանված մաքսային հսկողության ընթացակարգի ընտրության (փոփոխության) հիմքերի ցանկի հիման վրա, կրում է գաղտնի բնույթ և հրապարակման ենթակա չէ։

(21-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

21.1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի կողմից սահմանվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային զննման և փաստաթղթային հսկողության իրականացման մեթոդական ուղեցույցը:

(21.1-ին կետը լրաց. 21.04.23 N 551-Ն)

 

V. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ) ՀԻՄՔԵՐԻ ՑԱՆԿԸ

 

22. Մաքսային հսկողության ընթացակարգերի ընտրության (փոփոխության) հիմքերն են՝

1) մաքսային հայտարարագրում կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթում և դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա տվյալների անհամապատասխանությունը.

2) մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի ապրանքների նկարագրության և նախորդ մաքսային հայտարարագրի կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթի ապրանքների նկարագրության անհամապատասխանությունը.

3) մաքսային հայտարարագրին կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթին կից ներկայացված փաստաթղթերում ներառված տվյալների անհամապատասխանությունը.

4) մաքսային հսկողության համար ներկայացված փաստաթղթերում ուղղումների կամ ջնջումների կամ կեղծիքի նշանների առկայությունը.

5) ժամկետանց փաստաթղթերը.

6) ապրանքի կամ ուղարկողի կամ ստացողի համբավի անհամապատասխանությունը մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տվյալներին.

7) նախկինում հայտնաբերված անհամապատասխանություններին բնորոշ հատկանիշների առկայությունը մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում.

8) փաստաթղթերում նշված է հեռախոսահամար, որով անհրաժեշտ է հայտնել ապրանքների ժամանման մասին.

9) դրոշմակնիքները չեն համապատասխանում մաքսային մարմինների տրամադրության տակ առկա նմուշներին.

10) ապրանքների կամ տրանսպորտային միջոցների նկարագրությունը թույլ չի տալիս միանշանակորեն դրանք նույնականացնել.

11) ապրանքները հնարավոր է օգտագործել այլ ապրանքների քողարկման նպատակով.

12) տվյալ տեսակի ապրանքների կամ տրանսպորտային միջոցների փոխադրման համար ընտրված փոխադրամիջոցների անհամադրելիության հնարավորությունը.

13) մաքսային մարմիններին ներկայացված մաքսային հայտարարագրում կամ ապրանքների բացթողման նպատակով ներկայացված մաքսային այլ փաստաթղթում հայտարարագրված արտոնությունների ոչ իրավաչափ կիրառման հավանականությունը.

14) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի ճշգրիտ որոշման համար անհրաժեշտ է ապրանքներից վերցնել փորձանմուշներ.

15) ապրանքների փոխադրման տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորված չէ.

16) ապրանքները փոխադրվում են տվյալ տեսակի ապրանքների համար ոչ բնորոշ եղանակով.

17) ապրանքները բնորոշ չեն տարվա տվյալ եղանակի համար.

18) անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը ապրանքների՝ հայտարարագրված նկարագրությանը.

19) առկա է մտավոր սեփականության իրավունքի հսկողության անհրաժեշտություն.

20) առկա է ապրանքների քանակի՝ հայտարարագրվածին համապատասխանության ստուգման անհրաժեշտություն.

21) առկա է ապրանքների քաշի՝ հայտարարագրվածին համապատասխանության ստուգման անհրաժեշտություն.

22) առկա է ապրանքների ծագման երկրի հսկողության անհրաժեշտություն.

23) ապրանքների փոխադրման ծախսերը, ապահովագրության համար վճարված գումարները կամ այլ վճարները չեն համապատասխանում ապրանքների արժեքին՝ շեղումը կրկնակի անգամ մեծ կամ փոքր է.

24) ապրանքների կամ տրանսպորտային միջոցների հայտարարագրված մաքսային արժեքն էականորեն տարբերվում է տվյալ տեսակի ապրանքների միջին արժեքից.

25) գործարքի գնի մեթոդի կիրառումը հիմնավորված չէ.

26) ապրանքները բնորոշ չեն տվյալ ուղարկողի կամ ստացողի կամ փոխադրողի համար.

27) ապրանքները բնորոշ չեն ուղարկողի կամ ստացողի գործունեությանը.

28) ուղարկողը կամ ստացողը կամ փոխադրողը հայտնի են որպես նախկինում խախտում թույլ տված անձինք.

29) որպես ստացողի կամ ուղարկողի հասցե նշված է փոստարկղի համար.

30) վարորդի կամ ներկայացուցչի կամ հայտարարատուի կասկածելի վարքը.

31) անձինք հապաղում են մաքսային մարմնի պահանջով ապրանքները ներկայացնել մաքսային հսկողության.

32) տրանսպորտային միջոցի տեսազննման ընթացքում հայտնաբերված թերությունների կամ վնասվածքների՝ զննման միջոցով հսկողության անհրաժեշտությունը.

33) տրանսպորտային միջոցի (համարակալվող սարքի) նույնականացման համարների ստուգման անհրաժեշտությունը.

34) տրանսպորտային միջոցի՝ անօրինական գործողությունների համար օգտագործման հնարավորության հավանականության նշանների առկայությունը.

35) վարձակալված կամ փոխառությամբ վերցված տրանսպորտային միջոցը.

36) տրանսպորտային միջոցում առկա են ձևափոխման (վերափոխման) նկատելի նշաններ.

37) հայտնաբերվել են վնասվածքներ տրանսպորտային միջոցի ծածկերի կամ մալուխների կամ դռների վրա.

38) վնասված կամ փոխարինված են կապարակնիքները.

39) տրանսպորտային միջոցի գրանցման երկրի, բեռնավորման վայրի և վարորդի բնակության վայրի ոչ տրամաբանական համադրությունը.

40) ոչ տրամաբանական, տնտեսապես ոչ շահավետ երթուղին.

41) տվյալ տեսակի ապրանքների համար ոչ տրամաբանական երթուղին.

42) տրանսպորտային միջոցի տվյալ երթուղու դեպքում առկա է նախկինում հայտնաբերված բնորոշ խախտումների բարձր հավանականություն.

43) նախորդ մաքսային կետ-բաժնից չափազանց երկարատև փոխադրումը.

44) ապրանքները փոխադրվում են մաքսային օրենսդրությամբ սահմանված պայմանների խախտմամբ.

45) ապրանքները բնորոշ չեն տվյալ մաքսային կետ-բաժնի համար.

46) ապրանքներն առաքվում են բարձր ռիսկային երկրից.

47) ապրանքներն ուղարկման կամ նշանակման վայրի մաքսային մարմին են առաքվում չկապարակնքված տրանսպորտային միջոցով.

48) վերադարձվող՝ արտահանված (վերաներմուծվող) ապրանքների մաքսային հսկողության անհրաժեշտությունը.

49) ոչնչացման ենթակա ապրանքների մաքսային հսկողության անհրաժեշտությունը.

50) անհրաժեշտ է իրականացնել մաքսային հսկողություն ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ընթացակարգերից հետո.

51) անհրաժեշտ է իրականացնել մաքսային հսկողություն վերամշակման համար ժամանակավոր ներմուծման կամ արտահանման ընթացակարգերից հետո.

52) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրահանգի առկայությունը՝ համապատասխան հիմնավորմամբ.

53) այլ պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված տեղեկությունների առկայությունը (անհրաժեշտ է նշել համապատասխան պետական մարմինը և տեղեկությունները).

54) անհրաժեշտ է իրականացնել ապրանքների կամ տրանսպորտային միջոցների լրացուցիչ մաքսային հսկողություն ռենտգենային սարքավորումների միջոցով հսկողությունից հետո.

55) անհրաժեշտ է իրականացնել ապրանքների կամ տրանսպորտային միջոցների լրացուցիչ մաքսային հսկողություն կինոլոգիական ծառայության ներգրավմամբ նախնական զննումից հետո.

56) այլ (անհրաժեշտ է նշել հիմնավորումը):

(22-րդ կետը փոփ. 21.04.23 N 551-Ն)

(հավելվածը խմբ. 24.09.21 N 1572-Ն, լրաց. 24.03.22 N 372-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.04.23 N 551-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան