ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԴ1/0012/01/09
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Դանիելյանի | |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ` |
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազ` |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ |
8 ապրիլի 2022 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Սասուն Մեխակի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ ներկայացուցիչ Մ.Շուշանյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Սասուն Մեխակի Միքայելյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նա այդ մեղադրանքով արդարացվել է։
Նույն դատավճռով Ս.Միքայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներում և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ս.Միքայելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկման՝ 8 (ութ) տարի ժամկետով:
2. Ս.Միքայելյանի պաշտպան Հ.Արսենյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2009 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։
3. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ս.Միքայելյանի և նրա պաշտպան Հ.Արսենյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ վերադարձվել է:
4. Ս.Միքայելյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), հանդես գալով Կոմիտեի կազմով, Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի օգոստոսի 31-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ս.Միքայելյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 11-րդ հոդվածի խախտման փաստը։
5. 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Ս.Միքայելյանի ներկայացուցիչ Մ.Շուշանյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։
Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մարտի 31-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Սասուն Մեխակի Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այն բանի համար, որ «(…) [Նա] մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, (...) որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ:
Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու, մարդկանց նոր զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև, որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում, Սասուն Միքայելյանը և մյուսները տարբեր միջոցներով` իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, խոստումների և որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, վերջիններիս ներգրավել են 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների:
Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցող այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:
Սասուն Միքայելյանը, նյութապես շահագրգռելով, Հրազդան քաղաքից և հարակից գյուղերից հավաքագրել է մարդկանց նոր խմբեր և ապահովել նրանց տեղափոխումն ու մասնակցությունը օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումներին, անմիջականորեն ղեկավարել և առաջնորդել է նրանց: Օգտագործելով Արցախի ազատագրական պայքարի ընթացքում ձեռք բերված հրամանատարական իր հեղինակությունն ու փորձը, ազատամարտիկների շրջանում ունեցած իր ազդեցությունը` հավաքված բազմությանը դրդել է բռնարարքների` հայտարարելով, որ պայքարելու են մինչև վերջ, պահանջել է ցանկացած պահի պատրաստ լինել վճռական քայլերի և պայքարի` իշխանություններին ցույց տալ, թե ովքեր են իրական կռվողները, ցույց տալ ուժը և ապացուցել դա, չենթարկվել ոստիկաններին, պայքարել նրանց դեմ ու չլքել տարածքը: Հավաքված բազմությանն առավել ոգևորելու նպատակով, ի նշան ուժի ցուցադրության, Ազատության հրապարակում պարբերաբար շրջել է թիկնապահների և զինակիցների ուղեկցությամբ:
Զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով 2008թ. փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է նաև փայտե և երկաթե մահակների, ամրանների, տարաներով բենզինի փոխադրում Ազատության հրապարակ, որոնք թաքցվել են հրապարակում տեղակայված «Հրազդան», «Կոճոռ» և «Վանատուր» ցուցանակներով վրաններում:
2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված, հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ, դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ:
Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցները Սասուն Միքայելյանի և վերը թվարկված մյուսների ուղղորդմամբ ու հրահանգով տեղափոխվել և Վիրաբ Մանուկյանի ու այլոց կազմակերպմամբ հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և արգելապատնեշներ կառուցելով, դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները. մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու հրահանգներ են տվել, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենքեր, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված «ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներ, բենզինով լցված շշեր` «Մոլոտովի կոկտեյլ» և այլ պարագաներ:
Արդյունքում` 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով, կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներ և ոստիկանության աշխատակիցներ, ընդհանուր թվով 187 մարդ, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 ՀՀ դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 ՀՀ դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 ՀՀ դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 ՀՀ դրամի վնաս:
Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածնքերից մահացել է 10 անձ:
Զինված հարձակումները և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո:
Բացի այդ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում Սասուն Միքայելյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, նույն կերպ Հրազդան քաղաքում գտնվող «Վանատուր» ռեստորանի ձկնաբուծարանի պահեստ է փոխադրել, ապա նախնական համաձայնության գալով նույն ձկնաբուծարանի պահակ Էդիկ Խաչատրյանի հետ, 2007թ. հոկտեմբերից մինչև 2008թ. մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության 4995 հատ 5.45 մմ, 8208 հատ 7.62 մմ, 343 հատ 12.7 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ, 16 «Ֆ-1», 3 «ՌԳ-42», 1 «ՌԳԴ-5», 15 «ՌԿԳ-3» տեսակի նռնակի իրաններ, նռնակի 8 բռնակ, «ՈՒԶՌԳՄ» տեսակի 13 պայթուցիչ, 2 ինքնաշեն եղանակով պատրաստված «Շանթ» կոչվող նռնականետի և 73 մմ տրամաչափի 15 «ՊԳ-15Պ» տեսակի արտամղիչ լիցքեր (…)»1:
7. Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(…) [Վ]երլուծելով ամբաստանյալ Ս.Միքայելյանին առաջադրված մեղադրանքը, գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Միքայելյանի մեղավորությունը զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նախնական համաձայնությամբ պահելու մեջ հիմնավորված և ապացուցված է: Ինչ վերաբերում է կատարված արարքների որակումներին, ապա դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դիսպոզիցիաների վերլուծությունից հանգում է այն հետևության, որ Ս.Միքայելյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որակելու հիմքեր չկան, քանի որ քրեաիրավական առումով այն ներառվում է նույն հոդվածի 2-րդ մասում, որն ավելի ծանր պատասխանատվություն է նախատեսում: Այդ տեսակետից դատարանը գտնում է, որ Ս.Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության չպետք է ենթարկվի: Ս.Միքայելյանի կատարած արարքները պետք է որակել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով (…)»2։
8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, 2009 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ փաստել է. «(…) [Վ]երլուծելով գործի փաստական տվյալները, գնահատելով ինչպես յուրաքանչյուր ապացույց, այնպես էլ դրանք իրենց համակցությամբ վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Սասուն Մեխակի Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքները որակված են ճիշտ և նա պետք է քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվի:
Նման պայմաններում, պաշտպանության կողմի վերաքննիչ բողոքում շարադրված պատճառաբանություններն անհիմն են և այն բավարարելու` դատական ակտը բեկանելու, ամբաստանյալ Սասուն Մեխակի Միքայելյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմք համարվել չեն կարող (…)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերը փաստել է, որ Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը նոր հանգամանք է՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը վերանայելու համար:
Բողոքաբերը նշել է, որ Եվրոպական դատարանն արձանագրել է Ս.Միքայելյանի՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտում, որն ուղղակիորեն առնչվում է Ս.Միքայելյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով թույլ տրված սխալներին։
Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 6-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտմանը, ապա այդ մասով Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ քննել է գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը և չկա առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն:
9.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Սասուն Միքայելյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը, և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ ճանաչելով ու հռչակելով Սասուն Միքայելյանի անմեղությունը մեղսագրված արարքներում։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռն արդյո՞ք Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը վերանայելու հիմք է:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-ին հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։(…)»։
12. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։
13. Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճռով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- «Դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ հաշվի առնել այս կոնկրետ գործի հանգամանքների ընդհանուր համատեքստը։ Այն նշում է, որ դիմումատուն եղել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր և պարոն Տեր-Պետրոսյանի առավել ակտիվ աջակիցը, որը մասնակցել է Հայաստանի մայրաքաղաքում 2008 թվականի փետրվարի 19-ի ենթադրյալ ոչ արդար նախագահական ընտրություններից հետո սկսված և 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններով ավարտված հանրահավաքներին (…)։ Իշխանությունների՝ դրան հետևող արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ աջակիցների ձերբակալումն ու կալանավորումը, դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել է որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում», մինչդեռ ենթադրվում է, որ նրանց դեմ հարուցված մեղադրանքներից շատերը, հատկապես՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով առաջադրվածները, «պայմանավորված են եղել արհեստական և քաղաքական շարժառիթներով»։ Ինչպես ԵԽԽՎ-ն, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն արտահայտել են կրկնվող մտահոգություններ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի վերաբերյալ՝ մի քանի անգամ նշելով դիմումատուի կոնկրետ գործը (…): Թեև Դատարանը կոչված չէ դատական գնահատական տալու ընդհանուր համատեքստի վերաբերյալ, այնուամենայնիվ, այն համարում է, որ այս երկրորդային տեղեկությունները չափազանց կարևոր են սույն գործի համար, և պահանջում է հատկապես մանրամասն ուսումնասիրել դիմումատուի դատապարտման պատճառ համարվող փաստերը (տե՛ս համապատասխան փոփոխություններով (mutatis mutandis) նույն տեղում՝ § 70, որտեղ դիմումատուն ընդդիմադիր յոթ նշանավոր գործիչներից մեկն է եղել, որը սույն գործով դիմումատուի հետ Դատարանի առջև է կանգնել այսպես կոչված «Յոթի գործով»՝ մինչև նրանց գործերի առանձնացումը (տե՛ս վերևում 25-րդ և 27-րդ պարբերությունները)։ Ավելին, ինչպես նշվել է վերևում, Դատարանն արդեն քննել է մի շարք գանգատներ, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների խախտմանը և քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդումներին` կապված Հայաստանում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների հետ: Թվում է, որ սույն գործով ընդդիմադիր աջակիցների նկատմամբ դրսևորվում է քրեական հետապնդման վարքագիծ, ինչը Դատարանը գտնում է տագնապալի, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուն խորհրդարանի պատգամավոր է: Այդուհանդերձ, ինչպես նշված է Մուշեղ Սաղաթելյանի գործում, Դատարանն իրավասու չէ և ոչ էլ պարտականություն ունի որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, այլ ներպետական դատարանների պարտականությունն է ստուգել դրանց հիմքում ընկած փաստերի հավաստիությունը (…)։ Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ ներպետական դատարանների՝ սույն գործի համատեքստում իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու պարտավորությունը մեկնաբանվում է որպես 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություններ՝ ներպետական դատարաններից պահանջելով ներկայացնել միջամտության համար «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ»4,
- «Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուն՝ որպես ընդդիմության առաջնորդներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների, այդ թվում՝ Ազատության հրապարակի հավաքի կապակցությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ հավաքներ և փաստացի, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար (…)։ Պնդելով, որ դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին նախապատրաստել է բռնարարքների և անհնազանդության, ներպետական դատարանների կողմից շատ ընդհանուր նկարագրված նման վարքի, այդ թվում՝ իշխանությունների դեմ պայքարելու՝ դիմումատուի ենթադրյալ կոչերի օրինակները բավարար չեն, որպեսզի Դատարանը դրանք բնութագրի որպես բռնության հրահրում կամ եզրակացնի, որ դրանք ոչ այլ ինչ են, քան դիմումատուի կողմից նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ հանրային քննարկումների համատեքստում խաղաղ հավաքների կամ կարծիք հայտնելու, այդ թվում՝ դրա վերաբերյալ քննադատություն հնչեցնելու իր իրավունքներն իրավաչափ կիրառելու օրինակներ (…): Նույնիսկ այն եզրահանգումը, որ դիմումատուն ցուցարարներին կոչ է արել չհնազանդվել ոստիկանությանը, հիմնավորված չի եղել ենթադրաբար արված այդ կոչերի մեջբերումներով կամ այն հանգամանքների մասին հատուկ մանրամասներով, որոնց պայմաններում ենթադրաբար արվել են այդ կոչերը»5,
- «Ինչ վերաբերում է այն եզրահանգմանը, որ այն անձանց խումբը, որի հետ դիմումատուն ենթադրաբար նախապես եկել է իշխանությունը զավթելու հանցավոր համաձայնության, Ազատության հրապարակում բողոքի ակցիայի որոշ մասնակիցներին տրամադրել է զենք, և որ դիմումատուն ինքն ինքնաշեն զենք է տեղափոխել և դրանք թաքցրել հրապարակում կանգնեցված մի քանի վրաններում, Դատարանը հաշվի է առնում, որ արդեն պարզվել է, որ չկան համոզիչ ապացույցներ՝ եզրակացնելու, որ Ազատության հրապարակում հավաքվել են զենքի պաշարներ, և մերժել է այն պնդումները, որ ոստիկանությունը տեղակայվել է հրապարակում զենքի առկայությունը ստուգելու համար, քանի որ գտնում է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունների հիմնական նպատակը, եթե ոչ միակը, եղել է հավաքը ցրելը (…)»6,
- «Անվիճելի է այն փաստը, որ խաղաղ բողոքի ակցիաներից ինն օր հետո՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, Երևանում բռնությունը բռնկվեց, երբ ցուցարարներին դուրս հանեցին Ազատության հրապարակից, և մեծ բազմություն հավաքվեց Մյասնիկյանի արձանի տարածքում և հարակից մի շարք փողոցներում, որտեղ պարզվում է, որ բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի որոշ մասնակիցների և իրավապահ մարմինների միջև, ինչպես նաև վնասվել է պետական և մասնավոր գույք (տե՛ս վերևում 14-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, դիմումատուի՝ տվյալ բռնության համար ենթադրյալ պատասխանատվության վերաբերյալ ներպետական դատարանների եզրահանգումները կազմվել են շատ ընդհանրական և վերացական եզրույթներով՝ առանց որևէ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք համոզիչ կերպով կմատնանշեին դիմումատուի կողմից կատարված որևէ իրավախախտում։ Այդ առնչությամբ հարկ է նշել, որ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ռազմամթերք և պայթուցիկ նյութեր ապօրինի պահելու համար դիմումատուին մեղավոր ճանաչելիս ներպետական դատավճիռներում ոչինչ չի վկայել այն մասին, որ այս արարքը, որը, ինչպես պարզվում է, քննվել է որպես առանձին հանցանք, որևէ կերպ կապված է եղել դիմումատուի դեմ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար առաջադրված մեղադրանքների հետ: Ո՛չ գործի նյութերում և ո՛չ էլ կառավարության դիտարկումներում չի եղել որևէ բան, որը կարող է Դատարանին ստիպել հանգելու այն ենթադրության, որ ներպետական դատավճիռներում առկա է այդպիսի անուղղակի կապ»7,
- «Ընդհանուր առմամբ ներպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած հանրահավաքներին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ դատապարտելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման կոնկրետ օրինակներ (…)։ Որպես այդպիսին, դիմումատուն պատժի է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե դատապարտելի արարքներ կատարելու համար (…)»8,
- «Վերջապես Դատարանը հաշվի է առնում այն, որ, ինչպես նշված է Մյասնիկ Մալխասյանի գործում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից լուրջ կասկածներ են հնչել այն վարկածի վերաբերյալ, համաձայն որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու կամ, այլ կերպ ասած, հեղաշրջում իրականացնելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն էին կազմում, և փաստորեն այդ քրեական հետապնդումներն ամենայն հավանականությամբ համարվել են քաղաքական շարժառիթներ ունեցող։ Ավելին, մի շարք արժանահավատ զեկույցներում հայտնվել է այն տեսակետը, որ Մյասնիկյանի արձանի տարածքում մարդկանց հավաքվելը, այդ թվում՝ հետագայում նրանց զինված լինելը, ինքնաբուխ և չկազմակերպված զարգացումներ էին, և որ նույն օրը բռնության ծավալումը կարող էր լինել ավելի վաղ՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելուն ի պատասխան, այդ թվում՝ հաշվի առնելով դրա կոշտ բնույթը, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել այդ նույն օրը (նույն տեղում՝ § 80)։ Դատարանը նշում է, որ Կառավարությունը սույն գործով չի տրամադրել որևէ ապացույց, որը կարող էր իրենց ստիպել կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ այդ գործում ձեռք բերված եզրակացությունները»9։
Վերոգրյալի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ ներպետական դատարանները չեն կատարել իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու իրենց պարտականությունը, և դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունն արդարացնելու համար ներկայացված հիմնավորումները «համապատասխան և բավարար» չեն եղել10։
Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
14. Հիմք ընդունելով Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից բողոք բերած անձի` Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման փաստի արձանագրումը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը վերանայելու հիմք է:
II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման ու փոփոխման հիմքերը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանելու և փոփոխելու հիմք է:
16. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»11:
Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»12:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն՝ «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա (…)»:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երևան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորությունը` պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, ուստի դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել իր «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին13:
19. Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:
Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
20. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
ա) առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել14,
բ) առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները15,
գ) դիմումատուների դատապարտումը կապված է եղել նրանց՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ: Հետևաբար, դատարանը ենթադրել է, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված էին վերջիններիս քրեական հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել որպես իրենց՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ «միջամտություն»16,
դ) խաղաղ հավաքների ազատությանը վիճարկվող միջամտությունը կարող էր որակվել որպես ակնհայտ կամայական և համապատասխանաբար՝ անօրինական, Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակների համար17։
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- Ս.Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար18,
- Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 22-ի դատավճռով ապացուցված է համարել Ս.Միքայելյանի մեղավորությունը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքում և արձանագրել, որ նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին19,
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ ամբաստանյալ Սասուն Մեխակի Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը որակված է ճիշտ և նա պետք է քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվի20:
22. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, ինչպես նաև սույն որոշման 13-րդ և 20-րդ կետերում նշված՝ համապատասխանաբար՝ Միքայելյանն ընդդեմ Հայաստանի և Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում միջազգային դատարանի կողմից Ս.Միքյաելյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները և կատարված արձանագրումները prima facie ստվերում են նրան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, նկատի ունենալով նաև մեղադրանքի փաստական հանգամանքների անմիջական փոխկապակցվածությունը հավաքների ազատության իրավունքի հետ՝ երաշխավորված Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով։
23. Ասպիսով, ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով Միքայելյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանի՝ սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ս.Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների ամբողջությունը բավարար չէ նրան՝ մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչած դատական ակտերն օրինական ուժի մեջ թողնելու համար, նկատի ունենալով, որ դրանք անհամատեղելի են Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հետ։
24. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Միքայելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն Առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը բեկանելու և փոփոխելու հիմք է:
25. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի առումով Եվրոպական դատարանը որևէ խախտում չի արձանագրել, ուստի այդ մասով դատական ակտերը բեկանելու հիմքերը բացակայում են21:
26. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս վերանայելու Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը և մասնակիորեն բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ս.Միքայելանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
27. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարան
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վճռաբեկ դատարանի` 2009 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վերանայման արդյունքում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի հունիսի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2009 թվականի հուլիսի 31-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և փոփոխել: Սասուն Մեխակի Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել օրինական ուժի մեջ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 172-176:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 9, թերթեր 213-233:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 69-96:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikayelyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 1879/10, կետ 58։
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikayelyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 1879/10, կետ 59։
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikayelyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 1879/10, կետ 60։
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikayelyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 1879/10, կետ 61:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikayelyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 1879/10, կետ 62։
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikayelyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 1879/10, կետ 63։
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mikayelyan v. Armenia գործով 2021 թվականի օգոստոսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 1879/10, կետ 64։
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։
12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։
13 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը:
14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 233։
15 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 248։
16 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 49021/08, կետ 129, Jhangiryan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատներ 44841/08 և 63701/09, կետ 123, Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, կետ 234։
17 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով վճիռը, կետ 132, Jhangiryan v. Armenia գործով վճիռը, 126-րդ կետը, ինչպես նաև Hakobyan and Others v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 34320/04, կետ 107:
18 Տե՛ս մանրամասն սույն որոշման 6-րդ կետը։
19 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
20 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը։
21 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |