Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.04.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
08.04.2022
Дата вступления в силу
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0227/01/09

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Մ․ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ՝

Ա․ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

              

8 ապրիլի 2022 թվական

ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2010 թվականի հունվարի 19-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Նիկոլ Վովայի Փաշինյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նա այդ մեղադրանքով արդարացվել է` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։

Նույն դատավճռով Ն.Փաշինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման՝ 7 (յոթ) տարի ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի հուլիսի 1-ից։

2. Մեղադրող Հ.Հարությունյանի և պաշտպաններ Լ.Սահակյանի ու Ե.Վարոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մարտի 9-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

Նույն որոշմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը և Ն.Փաշինյանի նկատմամբ նշանակված պատիժը կիսով չափ կրճատվել է:

3. Վերոնշյալ որոշման դեմ մեղադրողներ Հ.Հարությունյանի և Կ․Փիլոյանի ու պաշտպաններ Լ.Սահակյանի և Ե.Վարոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ վերադարձվել են:

4. Ն․Փաշինյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), հանդես գալով Կոմիտեի կազմով, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի հունվարի 18-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ն․Փաշինյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի խախտումների փաստը։

5. 2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 11-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։

Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 4-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության համաձայն` Նիկոլ Վովայի Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ «(…) [Նա] մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, (...) որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Նիկոլ Փաշինյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները, համաձայն չլինելով 2008թ. փետրվարի 19-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներին, երկրռւմ ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ:

Մասնավորապես, օրենքով սահմանված կարգի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը կազմակերպել և անցկացրել է Երևան քաղաքում անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր:

Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու, մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով, ինչպես նաև որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում՝ Նիկոլ Փաշինյանը և մյուսները տարբեր միջոցներով՝ իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, սին խոստումներ տալով, ինչպես նաև որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել և 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում տևական ժամանակահատվածում անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ, որոնց ընթացքում սադրիչ բնույթի ելույթներով, կոչերով և ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատրաստել են զանգվածային բռնարարքների և անհնազանդության:

Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցելու ցանկություն հայտնած այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում, իսկ Նիկոլ Փաշինյանը իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու կոչեր է արել:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ:

Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի և վերը թվարկված՝ նրանց մյուս հանցակիցների ուղղորդմամբ և հրահանգով տեղափոխվել, հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և դրանցով արգելապատնեշներ կառուցելով, դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները` մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով զինվելու ու հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կոչեր են արել, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենք, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված «ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներ, բենզինով լցված շշեր` «Մոլոտովի կոկտեյլ», և այլ պարագաներ: Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը համակարգել և ղեկավարել են մյուս հանցակիցների կազմակերպչական գործողությունները:

Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի հարթակից, ինչպես նաև զանգվածային անկարգությունների մասնակիցների շարքերում պարբերաբար շրջելու ընթացքում ատելություն, թշնամանք, բացասական վերաբերմունք ձևավորելուն ուղղված սադրիչ բնույթի կոչերով ամբոխին դրդել է անհնազանդության, բոնությունների կատարման: Անմիջականորեն տվել է զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ու ղեկավարմանն ուղղված հրահանգներ: Ավելին իր հերթին, զանգվածային անկարգությունների ընթացքում գտնվել է իրադարձությունների կենտրոնում, անձամբ վերահսկել դրանք, ուղղորդել և հրահանգավորել է անկարգություններ կատարողներին, բազմությանը դրդել քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու:

Արդյունքում՝ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորչի, Մաշտոցի, Լեոյի և Պարոնյանի փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187՝ ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր աոմամբ 70.854.525 դրամի վնաս:

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ:

Զինված հարձակումները և տեղի ունեցող զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո (…)»1:

7․ Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի հունվարի 19-ի դատավճռով արձանագրել է հետևյալը․ «(…) [Վ]երլուծելով ամբաստանյալ Նիկոլ Վովայի Փաշինյանին առաջադրված մեղադրանքը, գործով ձեռք բերված ապացույցները, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի մեղավորությունը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ հիմնավորված է, նրա կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին (…)»2։

8․ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, 2010 թվականի մարտի 9-ի որոշմամբ փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանը մեղադրողի և պաշտպանների վերաքննիչ բողոքների հիման վրա ստուգելով գործի փաստական հանգամանքների և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը, հանգեց այն հետևության, որ ամբաստանյալ Ն.Փաշինյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հունվարի 19-ի դատավճիռը օրինական է, հիմնավորված, պատճառաբանված և արդարացի, այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան, ուստի ամբողջությամբ պետք է թողնել օրինական ուժի մեջ (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբեր` ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանը, վկայակոչելով Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ փաստարկել է, որ տվյալ վճռի համաձայն, Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով առաջադրված և դատավճռով հիմնավոր ճանաչված մեղադրանքն ընդհանրական է, անորոշ, դրանում վերջինիս արարքները կոնկրետացված չեն, նկարագրված չեն հանցակազմի հետ համընկնող կոնկրետ արարքների մանրամասներ, և վերջինս գործել է իրավաչափ:

Բողոքի հեղինակը, գնահատելով արձանագրված խախտումների բնույթը, գտել է, որ նշյալ գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտումը վերացնելու պատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը, վերագրված արարքներում Ն.Փաշինյանի անմեղությունը ճանաչելն ու հռչակելն է:

9.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է վերանայել ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը, Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը, և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի՝ 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ ճանաչելով ու հռչակելով Նիկոլ Փաշինյանի անմեղությունը մեղսագրված արարքում։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 18-ի վճիռն արդյո՞ք Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-ին հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1.Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից։(…)»։

12. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։

13. Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճռով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․

- «Դատարանը նշում է, որ դիմումատուն՝ որպես ընդդիմության և հետընտրական բողոքի շարժման ակտիվ անդամներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այս մեղադրանքի հիմքում մեծապես եղել են 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաներին դիմումատուի ներգրավվածությունը, այդ թվում՝ ակնհայտորեն Ազատության հրապարակում նրա ելույթները և այդ ցույցերի մասին նրա տարածած տեղեկությունները (․․․)։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ հավաքներ և, ըստ էության, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար (տե՛ս (…) Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230-233 և § 246 և (…) Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Ներպետական դատարանները, թեև արտահայտելով այն դիրքորոշումը, որ դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին պատրաստել էր բռնություն գործադրելու և անհնազանդություն դրսևորելու համար, չեն տրամադրել նման վարքագծի կոնկրետ օրինակներ, որոնք կարող էին Դատարանի կարծիքով բնութագրվել որպես բռնության հրահրում (․․․)։ Փաստորեն, միայն այն արարքները, որոնք պարզվել է, որ դիմումատուն կատարել է այդ ծրագրի իրականացման համար, բավարար չեն Դատարանի համար՝ եզրակացնելու, որ դրանք ավելին էին, քան դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման իր իրավունքների իրավաչափ իրականացման օրինակներ նախագահական ընտրությունների անցկացման հանրային բանավեճի, ներառյալ՝ այդ առումով հնչած քննադատությունների համատեքստում (որպես համեմատություն տե՛ս (…) Մյասնիկ Մալխասյանի գործը, § 73)»4,

- «Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում զենքի ենթադրյալ կուտակմանը՝ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով, ապա ներպետական դատարանների որոշումներում առկա չեն կոնկրետ ապացույցներ այս ենթադրյալ արարքներում դիմումատուի մասնակցության վերաբերյալ, որոնք, ի միջի այլոց, ներկայացվել են շատ ընդհանրական ձևով՝ առանց որևէ մանրամասների (․․․)։ Ավելին, ինչպես նշված է Մյասնիկ Մալխասյանի գործում, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից լրջորեն կասկածի տակ է դրվել այն վարկածը, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի զավթելու կամ այլ կերպ ասած՝ հեղաշրջում կատարելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն են կազմել, և փաստորեն այդ քրեական հետապնդումները համարվել են ամենայն հավանականությամբ զգալի քաղաքական շարժառիթներ ունեցող (տե՛ս (…) Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։ Դատարանն ավելի վաղ գտել է, որ առկա չեն համոզիչ ապացույցներ առ այն, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով (տե՛ս (…) Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230 և 245 և (…) Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։ Այն մերժել է այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել է հրապարակում՝ զենքի ստուգում իրականացնելու համար, և առաջինը հարձակման են անցել ցուցարարները, և գտել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը եղել է հավաքը ցրելը, և որ այնտեղ տեղի ունեցած ցանկացած բախում հավանաբար ոչ թե եղել է կանխամտածված գործողություն, այլ պայմանավորված է եղել հավաքը դադարեցնելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներով, ներառյալ՝ ոչ համաչափ ուժի ենթադրյալ գործադրմամբ (տե՛ս (…) Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 232, 245 և 247 և (…) Մյասնիկ Մախասյանի գործը, § 80)։ Սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որը կստիպի Դատարանին կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ վերոնշյալ գործերով գրանցում արված եզրահանգումները»5,

- «Անվիճելի է, որ խաղաղ բողոքի ակցիաների իններորդ օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, Երևանում բռնկվել է բռնություն այն բանից հետո, երբ ցուցարարներին դուրս են հանել Ազատության հրապարակից, և մեծ բազմություն է հավաքվել Մյասնիկյանի արձանի տարածքում և հարակից մի շարք փողոցներում, որտեղ, ինչպես պարզ է դառնում, բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի որոշ մասնակիցների և իրավապահ մարմինների միջև, որի հետևանքով մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ, գրանցվել են մահվան դեպքեր, ինչպես նաև վնասվել է պետական և մասնավոր գույք։ Այնուամենայնիվ, ցույցի ընթացքում այլ անձանց կողմից կատարված տեղային բնույթ կրող բռնի կամ այլ պատժելի արարքների հետևանքով անձը չի դադարում օգտվել խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից, եթե տվյալ անձի մտադրությունները կամ վարքագիծը շարունակում են խաղաղ լինել (տե՛ս Պրիմովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Primov and Others v. Russia] թիվ 17391/06, § 155, 2014 թվականի հունիսի 12 և Ֆրումկինն ընդդեմ Ռուսաստանի [Frumkin v. Russia] ,թիվ 74568/12, § 99, 2016 թվականի հունվարի 5)։ Բացի այդ, եթե բռնի գործողություններում ներգրավվել են երկու կողմերն էլ՝ և՛ ցուցարարները, և՛ ոստիկանությունը, երբեմն անհրաժեշտ է պարզել, թե ով է սկսել բռնությունը, և թե արդյոք դիմումատուն անձամբ ագրեսիայի սկզբնական այն գործողությունների համար պատասխանատու անձանց թվում է եղել, որոնք նպաստել են հավաքի ի սկզբանե խաղաղ բնույթի խաթարմանը, թե ոչ (տե՛ս (…) Պրիմովի և այլոց գործը, § 157 և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 231)»6,

- «Դատարանը (...) նշում է, որ այն իր տրամադրության տակ չունի բավարար նյութեր՝ պարզելու համար, թե ինչպես են ընթացել զարգացումները և վերջիվերջո անկառավարելի դարձել՝ հանգեցնելով զինված բախման, գույքի վնասման և մահերի (որպես համեմատություն տե՛ս վերևում հիշատակված՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործը, § 61)։ Այնուամենայնիվ, այն հաշվի է առնում իր՝ ավելի վաղ արված եզրահանգումներն առ այն, որ Մյասնիկյանի հուշարձանի տարածքում մարդկանց հավաքը, այդ թվում՝ ավելի ուշ նրանց զինումը եղել են ինքնաբուխ և չկազմակերպված զարգացումներ, և որ, ըստ էության, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակից ցուցարարներին բիրտ ուժով ցրելը, ինչպես նաև տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անկառավարելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի ուշ այդ օրը, կարող էին դերակատարում ունենալ բռնության վերջնական սրացման հարցում և ոչ թե լինել ընդդիմության կողմից ծրագրված և կազմակերպված անկարգություն կամ հեղաշրջման փորձ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։ Այն նաև գտել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մի քանի հազար մարդուց կազմված մեծ ամբոխն այդ ամբողջ ժամանակահատվածում շարունակել է խաղաղ լինել, իսկ բռնությունը կատարվել է ցուցարարների փոքր խմբերի կողմից մի շարք հարակից փողոցներում (տե՛ս վերևում հիշատակված՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործը, § 61)»7,

- «[Ի]նչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին դիմումատուի՝ ավելի ուշ ցուցաբերած վարքագծին և քննարկվող բռնության համար նրա ենթադրյալ պատասխանատվությանը (…) Դատարանը նշում է, որ ներպետական դատարանների եզրահանգումները ձևակերպվել են շատ ընդհանրական եզրույթներով՝ առանց բավականաչափ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք թույլ կտային համոզիչ կերպով ապացուցել դիմումատուի կողմից կատարված որևէ իրավախախտում։ Չնայած նշվում է, որ դիմումատուն իր հրամաններով, ելույթներով և ցուցումներով կազմակերպել և վերահսկել է ցուցարարներին զինելու գործընթացը և ոստիկանության ծառայողների վրա նրանց հարձակումը, չեն տրվում մանրամասներ ենթադրյալ հրամանների և ցուցումների, այդ թվում՝ այն հանգամանքների վերաբերյալ, որոնցում տրվել են այդ հրամանները և ցուցումները, կամ ենթադրյալ ելույթներից որևէ մեջբերում (․․․)։ Նույնը վերաբերում է այն եզրահանգումներին, ըստ որոնց՝ դիմումատուն տվել է նոր բռնի գործողությունների պատրաստվելու ցուցումներ կամ արել է հայտարարություններ խռովարարների կողմից գրավված վայրերի վերաբերյալ (․․․)։ Թեև դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված որոշ արարքներ, ինչպիսիք են բողոքի ակցիայի մասնակիցներին արգելապատնեշներ կառուցելուն, քարերով և այլ վտանգավոր առարկաներով զինվելուն կամ ոստիկանության ծառայողների մահակներն ու վահանները խլելուն հրահրելը, առավել կոնկրետ են թվում, այնուամենայնիվ, նույնիսկ այս հանգամանքներն են ներկայացված շատ ընդհանրական ձևով (․․․)»8,

- «(…) [Ն]երպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած ցույցերին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ պատժելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման բավականաչափ կոնկրետ օրինակներ (որպես համեմատություն տե՛ս (…) Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§249-253 և (…) Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 71-79. համանման փաստական հանգամանքների նկատմամբ նախադեպային իրավունքի համապատասխան դրույթների կիրառման համար տե՛ս Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Arzumanyan v. Armenia], [Committee]], թիվ 63845/09, §§ 51-59, 2021 թվականի օգոստոսի 31) և Միքայելյանն ընդդեմ Հայաստանի (Կոմիտե) [Mikayelyan v. Armenia], [Committee]], թիվ 1879/10, §§ 57-65, 2021 թվականի օգոստոսի 31)։ Ըստ էության՝ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե կոնկրետ պատժելի արարքներ կատարելու համար (տե՛ս որպես համեմատություն (...) Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 250)»9։

Վերոգրյալի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ ներպետական դատարանները չեն կատարել իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու իրենց պարտականությունը, և դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը հիմնավորելու համար ներկայացված պատճառաբանությունները «համապատասխան և բավարար» չեն եղել10։

Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում, որի մասով վճռաբեկ բողոք չի բերվել։

14. Հիմք ընդունելով Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից բողոք բերած անձի` Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման փաստի արձանագրումը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը վերանայելու հիմք է:

 

II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման ու փոփոխման հիմքերը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանելու և փոփոխելու հիմք է:

16. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»11:

Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»12:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն՝ «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:

2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա (…)»:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երևան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորությունը` պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, ուստի դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել իր «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին:

19. Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:

Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

20. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել13,

բ) առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որը իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները14,

գ) դիմումատուների դատապարտումը կապված է եղել նրանց՝ ընդդիմության կողմից ղեկավարվող բողոքի շարժմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու հետ: Հետևաբար, դատարանը ենթադրել է, որ փաստերի ամբողջությունը, որոնց վրա հիմնված էին վերջիններիս քրեական հետապնդումը և դատապարտումը, վիճելի հիմքերով կարող են համարվել որպես իրենց՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ «միջամտություն»15,

դ) խաղաղ հավաքների ազատությանը վիճարկվող միջամտությունը կարող էր որակվել որպես ակնհայտ կամայական և համապատասխանաբար՝ անօրինական, Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի նպատակների համար16։

21․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Ն․Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար17,

- Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի հունվարի 19-ի դատավճռով ապացուցված է համարել Ն․Փաշինյանի մեղավորությունը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքում և արձանագրել, որ նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին18,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում նշել է, որ ստորադաս դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված, պատճառաբանված և արդարացի, այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան, ուստի այն ամբողջությամբ պետք է թողնել օրինական ուժի մեջ19:

22․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, ինչպես նաև սույն որոշման 13-րդ և 20-րդ կետերում նշված՝ համապատասխանաբար՝ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի և Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի շրջանակներում միջազգային դատարանի կողմից Ն․Փաշինյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները և կատարված արձանագրումները prima facie ստվերում են նրան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, նկատի ունենալով նաև մեղադրանքի փաստական հանգամանքների անմիջական փոխկապակցվածությունը հավաքների ազատության իրավունքի հետ՝ երաշխավորված Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով։

23․ Ասպիսով, ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով Փաշինյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանի՝ սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ն․Փաշինյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների ամբողջությունը բավարար չէ նրան՝ մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչած դատական ակտերն օրինական ուժի մեջ թողնելու համար, նկատի ունենալով, որ դրանք անհամատեղելի են Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հետ։

24․ Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանելու և փոփոխելու հիմք է:

25. Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս վերանայելու Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը և բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ն․Փաշինյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի ապրիլի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի՝ 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանել:

3. Նիկոլ Վովայի Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 327-330:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 18, թերթեր 132-149:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 18, թերթեր 184-240:

4 Տե՛ս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Pashinyan v. Armenia գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 22665/10 և 2305/11, կետ 42։

5 Տե՛ս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Pashinyan v. Armenia գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 22665/10 և 2305/11, կետ 43։

6 Տե՛ս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Pashinyan v. Armenia գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 22665/10 և 2305/11, կետ 44։

7 Տե՛ս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Pashinyan v. Armenia գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 22665/10 և 2305/11, կետ 45։

8 Տե՛ս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Pashinyan v. Armenia գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 22665/10 և 2305/11, կետ 46։

9 Տե՛ս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Pashinyan v. Armenia գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 22665/10 և 2305/11, կետ 47։

10 Տե՛ս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ Pashinyan v. Armenia Հայաստանի գործով 2022 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատներ թիվ 22665/10 և 2305/11, կետ 48։

11 Տե՛ս Եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։

12 Տե՛ս Եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 233։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետ 248։

15 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատ թիվ 49021/08, կետ 129, Jhangiryan v. Armenia գործով 2020 թվականի հոկտեմբերի 8-ի վճիռը, գանգատներ 44841/08 և 63701/09, կետ 123, Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, կետ 234։

16 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smbat Ayvazyan v. Armenia գործով վճիռը, կետ 132, Jhangiryan v. Armenia գործով վճիռը, 126-րդ կետը, ինչպես նաև Hakobyan and Others v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 34320/04, կետ 107:

17 Տե՛ս մանրամասն սույն որոշման 6-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

19 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան