Գլխավոր տեղեկություն
Номер
N 501-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.04.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.04.2023
Дата вступления в силу
14.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 501-Լ

 

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-528-09.03.2023-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-528-09.03.2023-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքով նախատեսված հավաստագիր տրամադրելու, մատակարարի միջնորդավորված ծառայություններից օգտվելու և ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու հաշվարկային մոտեցումը: Նշված կարգավորումն առաջարկվում է փոխարինել ներդրումների մասնակի վերադարձի (cashback) միջոցով պետության աջակցության ձևով, որով սահմանվում է, որ ֆիլմարտադրողի (ներդրողի) ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված դրամական ծախսերը կարող են մասնակի վերադարձվել այն ծախսային 20%-ի հաշվարկով, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձանցից, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձանցից:

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի մի շարք դիտարկումներ՝

1. Նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք` բարձրացված խնդիրների համատեքստում:

Հարկ ենք համարում նշել, որ նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքը և բովանդակությունն ունեն առանցքային նշանակություն, հետևաբար իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը, բնույթը և ակնկալվող արդյունքը:

Այնինչ, տվյալ դեպքում նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել ներկայացված նախագծի արդյունավետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության, կարգավորման նպատակի, բնույթը և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար:

Նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ չի ներկայացվել միջազգային փորձը, այլ պարզապես նշվել է, որ նախագծի ընդունումը «Օրենքի նախագիծը ընդունելու արդյունքում առավել կբարձրանա Հայաստանում կինոարտադրության ոլորտում ներդրումների գրավչությունը, ինչն էլ կնպաստի կինոարդյունքի որակի բարձրացմանը և ոլորտի զարգացմանը:»: Սակայն այն չի ընդգրկում և արծարծում Հայաստանի Հանրապետությունում կինոարտադրության գործունեությունը կարգավորող իրավահարաբերությունների ամրագրման ու սահմանման բուն անհրաժեշտությունը, հստակ նպատակները, հիմնավոր կարևորությունը և հեռանկարները:

Մինչդեռ գտնում ենք, որ անհրաժեշտ էր բացահայտել ոլորտի ընթացիկ իրավիճակը և տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը, խնդիրները, առհասարակ առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը, վերլուծել նախատեսվող կարգավորումների ռիսկային գործոնները, որից հետո միայն կարելի է անցնել օրենքում առաջարկվող կարգավորման ներդրմանը:

2. Նախագծի վերնագրից և 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջների:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է. «ներդրումների մասնակի վերադարձ (cashback)՝ ֆիլմարտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ անձանցից, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրական շահառու հանդիսացող անձանցից, ձեռք բերված ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված դրամական ծախսերի մասնակի հետ վերադարձ.» հասկացությունը:

Հարկ է նկատի ունենալ, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի համաձայն՝ «շահառու՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսավարող սուբյեկտ, որին, սույն օրենքի համաձայն, հատկացվում է ֆինանսավորում.»: Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են «իրական շահառու» հանդիսացող անձինք:

4. Առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի նոր լրացվող «23.1)» մասում (cashback) տերմինը փոխարինել (cash rebate) տերմինով, որն ավելի կիրառելի է կինոարդյունաբերության ոլորտում:

5. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ ներդրումների մասնակի վերադարձի տրամադրման, մերժման, դադարեցման և բողոքարկման կարգն ու պայմանները հաստատելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 6-րդ գլխի վերնագիրը շարադրել «Ներդրումների մասնակի վերադարձը կամ դրա մերժումը կամ դադարեցումը, հետգանձումը, համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրումը և դրա դադարեցումը, վարձութային վկայականի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը» ձևակերպմամբ, որով կարգավորվում են ներդրումների մասնակի վերադարձի կամ դրա մերժման կամ դադարեցման, հետգանձման, համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման և դրա դադարեցման, վարձութային վկայականի տրամադրման և դրա գործողության դադարեցման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված «Ներդրումների մասնակի վերադարձի տրամադրումը, մերժումը, դադարեցումը, հետգանձումը» վերտառությամբ 18-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու չափը, հատկացման համամասնությունը և ժամկետները, վերադարձի ենթակա ծախսումները հիմնավորող փաստաթղթերի ցանկ ու ձևաչափը, ինչպես նաև վերադարձը մերժելու, դադարեցնելու և պետական բյուջե հետգանձում կատարելու (վերադարձնելու) և բողոքարկելու ընթացակարգերը սահմանվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ներդրումների մասնակի վերադարձի կամ դրա մերժման կամ դադարեցման, հետգանձման, համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման և դրա դադարեցման, վարձութային վկայականի տրամադրման և դրա գործողության դադարեցման հետ կապված հարաբերությունների՝ նախագծով առաջարկվող լուծումներն առաջարկում ենք ներդաշնակեցնել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի հետ՝ միաժամանակ քննարկելով նաև որոշումների բողոքարկման ենթաօրենսդրական կարգի նպատակահարմարությունը սեփականության պաշտպանության և պատշաճ վարչարարության իրավունքի ապահովման տեսանկյունից:

Կարծում ենք, անհրաժեշտ է որոշակիացնել նաև խնդրո առարկա հարաբերություններում որոշումների կայացման հիմքերը և դրանց կատարման կառուցակարգերը՝ հատկապես ներդրումների մասնակի վերադարձի (cashback) գումարի՝ պետական բյուջե հետգանձման մասով:

6. Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետում առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «5) իրականացնում է պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման մոնիտորինգ (մշտադիտարկում).»: Այս ձևակերպումն առաջացնում է հիմնավորման անհրաժեշտություն, քանի որ գործող օրենքում առկա սահմանումը ապահովում է պետական բյուջեի և այլ ֆինանսական միջոցների վերահսկողություն, իսկ առաջարկվող խմբագրությամբ Ազգային մարմինը կարող է իրականացնել մոնիտորինգ, և անհասկանալի է պետական ֆինանսների ոչ նպատակային օգտագործման դեպքում Ազգային մարմնի լիազորությունները:

7. Նախագծի 5-րդ հոդվածում «12.1.» թիվը փոխարինել «12.1)» թվով՝ նկատի ունենալով, որ լրացվում է կետ, այլ ոչ թե մաս:

8. Նախագծի 6-րդ հոդվածի համաձայն օրենքի 10-րդ հոդվածը լրացվում է 3-րդ մասով, որի համաձայն. «Ազգային մարմինը հանդիսանում է սույն օրենքով նախատեսված ֆիլմ հանձնակատարի գործառույթներ իրականացնող մարմին:»: Այդ առումով հարկ է նշել, որ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն. «ֆիլմ հանձնակատար՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես ֆիլմարտադրության համար բարենպաստ երկրի, գրավչությունը խթանելու և տարածելու, ինչպես նաև ֆիլմարտադրության տարբեր փուլերում ֆիլմարտադրողներին աջակցություն ցուցաբերելու գործառույթներ իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.»:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

«1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական ֆինանսավորման նպատակով մրցույթներ (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպելու և անցկացնելու գործում։

2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցող և չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ, ինչպես նաև չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն՝ կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա։»:

Հետևապես, ֆիլմ հանձնակատարն իրականացնում է ֆիլմարտադրության տարբեր փուլերում ֆիլմարտադրողներին աջակցություն ցուցաբերելու գործառույթներ, իսկ Ազգային մարմինը՝ իրավաբանական անձ է և չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով:

Բացի այդ օրենքի 9-րդ հոդվածում սահմանվում են Ազգային մարմնի լիազորությունները, որոնցում խոսք չի գնում ֆիլմարտադրության տարբեր փուլերում ֆիլմարտադրողներին աջակցություն ցուցաբերելու գործառույթների մասին: Ելնելով վերոգրյալից կարծում ենք, որ Ազգային մարմինը չի կարող հանդիսանալ ֆիլմ հանձնակատար:

9. Օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «կետով» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասով» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:

10. Օրենքի նախագծի 7-րդ հոդվածում, նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է «ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը» հասկացությունը, որի կիրառման համար անհրաժեշտ է խմբագրել գործող օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը: Միաժամանակ 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Ազգային մարմինը պետք է վերլուծի յուրաքանչյուր հայտ և սահմանի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը: Մինչդեռ նշված ցանկը պետք է նախապես սահմանված լինի և Ազգային մարմինը պետք է դիտարկի յուրաքանչյուր հայտի համապատասխանությունն առկա ցանկի հետ: Այլ կերպ ասած, ֆիլմարտադրողն ի սկզբանե պետք է ծանոթ լինի նշված ցանկին, հետո նոր դիմի Ազգային մարմին, որը կստուգի այդ համապատասխանությունը:

11. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ներդրումների մասնակի վերադարձը դադարեցվում, իսկ հատկացված միջոցները, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, հետ են գանձվում պետական բյուջե, եթե հիմնավորված փաստերով բացահայտվում է, որ սույն հոդվածի առաջին մասով սահմանված վերադարձ ստացած (ստացող) ֆիլմարտադրողը.

1) ներկայացրել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել է սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.»:

Ֆիլմարտադրողին ներդրումների մասնակի վերադարձ տրամադրելու կապակցությամբ լիազորված պետական մարմնին եզրակացություն ներկայացնելուց (այսուհետ՝ եզրակացություն, նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ կետ) հետո Ազգային մարմինը պետք է ունենա համապատասխան լիազորություններ՝ ֆիլմարտադրողի կողմից ներկայացված փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը կամ տեղեկատվության հավաստիությունը պարզելու, հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել Ազգային մարմնի լիազորությունները և մշտադիտարկում իրականացնելու գործիքակազմը:

12. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետը լրացվում է նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝ «ֆիլմարտադրության աշխատանքների ընթացքում կատարել է ապօրինի գործողություն կամ այնպիսի գործողություն, որը հասցրել է գույքային մասնակի կամ լրիվ ոչնչացման։», սահմանումը հստակեցման կարիք ունի, քանի որ ֆիլմարտադրության ընթացքում սցենարական մտահղացմամբ պայմանավորված կարող են ոչնչացվել տարբեր ապրանքներ, ներառյալ՝ մեքենաներ:

13. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Ներդրումների մասնակի վերադարձը տրամադրվում, մերժվում կամ դադարեցվում է լիազորված պետական մարմնի որոշումով՝ Ազգային մարմնի եզրակացության հիման վրա, իսկ ներդրումների մասնակի վերադարձ ստացած ֆիլմարտադրողից հատկացված միջոցները հետ են գանձվում դատարանի որոշման հիման վրա»: Նման խմբագրման դեպքում կարելի է խուսափել տարրըմբռնումներից, հակառակ դեպքում ներկայացված սահմանումով ստացվում է, որ՝

 ներդրումների մասնակի վերադարձը տրամադրվում, մերժվում կամ դադարեցվում է լիազորված պետական մարմնի որոշումով՝ Ազգային մարմնի եզրակացության հիման վրա կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա, այն դեպքում, երբ ներդրումների մասնակի վերադարձի ապահովման գործընթացը լիազորված պետական մարմնի իրավասությունների շրջանակում է և դատական ակտի կարիք չկա,

● դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտից հետո լիազորված պետական մարմինն իրավասու չէ որոշում կայացնելու:

14. Նախագծի 7-րդ հոդվածով խմբագրվող օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետն անհրաժեշտ է հստակեցնել, մասնավորապես, պարզաբանման կարիք ունի թե ինչ «անարժանահավատ փաստերի ու տեղեկությունների» մասին է խոսքը, ինչպես են դրանք հավաստելու: Այդ առումով կարծում ենք, որ դրույթն անհրաժեշտ է համապատասխանեցնել նույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի պահանջներին, միաժամանակ, հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է նախատեսել որպես 5-րդ մասի 3-րդ կետ:

15. Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ, որոնց համաձայն անհրաժեշտ է սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները: Հիշյալ դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից: