Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.11.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
26.11.2021
Дата вступления в силу
26.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0273/01/19

Գործ թիվ ԵԴ/0273/01/19

Նախագահող դատավոր՝

 Մ.Արղամանյան

Դատավորներ՝

 Ա.Ազարյան

 Ա.Մնացականյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

 

մասնակցությամբ դատախազ՝

Հ. Մովսեսյանի

26 նոյեմբերի 2021 թվական

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մուրադ Բորիկի Մովսեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2018 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 11118218 քրեական գործը:

2018 թվականի օգոստոսի 18-ին Նվեր Բաղդասարյանը ձերբակալվել է, իսկ օգոստոսի 20-ին՝ ազատվել արգելանքից:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Ն.Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

1.2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թիվ 11118218 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որին տրվել է 11119918 համարը, և այն միացվել է թիվ 11118218 քրեական գործին:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի որոշումներով Մուրադ Մովսեսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում:

2018 թվականի հոկտեմբերի 14-ին Մ.Մովսեսյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժին:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Մ.Մովսեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

1.3. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ ընտրված խափանման միջոցը վերացվել՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) ընդունման հիմքով:

1.4. 2019 թվականի փետրվարի 13-ին մեղադրյալ Ն.Բաղդասարյանի պաշտպան Վ.Քոսյանը Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազություն: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննության մարմնի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը վերացվել է:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 29-ի որոշմամբ Մ.Մովսեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, նույն օրը Մ.Մովսեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մեղադրյալ Ն.Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ ընտրված խափանման միջոցը վերացվել՝ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով:

2019 թվականի մայիսի 3-ին Մ.Մովսեսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Դատական քննության ընթացքում Մ.Մովսեսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը միջնորդել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշումը ճանաչել անօրինական և վերացնել, որպես հետևանք՝ Մ.Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ գործի վարույթը կարճել1:

2.1. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ պաշտպան Լ.Սիմոնյանի միջնորդությունը բավարարել է՝ վերացրել Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումը վերացնելու մասին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշումը և Համաներման ակտի կիրառմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարել դադարեցված: Առաջին ատյանի դատարանի նույն որոշմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է:

3. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը՝ թողել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Նախաքննության մարմնի կողմից Մուրադ Մովսեսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 28-րդ շենքի մոտ գործով ինքնությունը չպարզված տաքսու վարորդի հետ զրուցելու ընթացքում բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որի ժամանակ նույն շենքի բնակիչ Նվեր Բաղդասարյանը, լսելով բազմաբնակարան շենքի բակում վերջինիս կողմից բարձրաձայն հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքները, նրան կարգի հրավիրելու համար դիտողություն է արել։ Մ.Մովսեսյանը ցավագին ընդունելով Ն.Բաղդասարյանի դիտողությունը՝ վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ իր անձը հակադրելով հասարակությանը, խուլիգանական մղումներից ելնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է և բռնություն գործադրելով և դրա սպառնալիքով, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, մասնավորապես՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Նվեր Բաղդասարյանի գլխի և մարմնի տարբեր շրջաններին, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ճակատի շրջանի արյունազեղման, զույգ արմնկահոդերի, աջ սրունքի շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ, տևական ժամանակ՝ շուրջ 15-20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ինչպես իրեն դիտողություն կատարած Ն.Բաղդասարյանին, այնպես էլ՝ անհասցե: Նրա վիճաբանության ձայներից նշված շենքի բակ են եկել նույն շենքի բնակիչները, որի ժամանակ նա հրել է իրեն դիտողություն կատարած Նվեր Բաղդասարյանի կնոջը՝ Ալվարդ Այվազյանին, իսկ շենքի մուտքում որպես զենք օգտագործվող առարկայի՝ գարեջրի ապակե շշով փորձել է հարվածել իրեն դիտողություն կատարած վերջինիս դստերը՝ Մերի Բաղդասարյանին, ինչպես նաև թքել է Տաթևիկ Հարությունյանի և Անժելա Բաբաջանյանի վրա, չի ենթարկվել հասարակական կարգը չխախտելու բնակիչների բազմաթիվ հորդորներին և իր հակահասարակական վարքագիծը շարունակել է շենքի մուտքից դուրս՝ Շարուրի փողոցում՝ կրկին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և չի ենթարկվել նաև իրեն կարգի հրավիրելու կոչ անող իր որդուն, ինչի հետևանքով խաթարվել է շենքի բնակիչների անդորրը»2:

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն՝ «[Օ]րենսդիրը սահմանել է երկու տարբեր ընթացակարգ և ժամանակահատված դատախազի կողմից քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ. մեկ դեպքում քննիչի որոշումը կարող է վերացվել դատախազի կողմից (նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կամ վերջինի վերադասի) այն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում, իսկ դրանից հետո նախաքննական մարմնի որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում:

Այսինքն՝ օրենսդիրը հստակ ամրագրել է, որ 7 օրվա ժամկետում դատախազական հսկողության արդյունքում համապատասխան որոշման չվերացման պարագայում, այն կարող է վեց ամսվա ընթացքում վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից:

Քրեական դատավարության օրենսգրքի հատուկ մասի 263-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:

Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին (…):

Վերը նշված հոդվածի կարգավորմամբ նախատեսվում է դատախազի կողմից 7 օրվա ընթացքում բողոքի քննարկում և դրա լուծում, ընդ որում, այդ ժամկետը հոսում է բողոքի ստացման պահից:

Դատարանի գնահատմամբ վկայակոչված երկու հոդվածների միջև որոշակի առումով առկա է իրավական հակասություն, որը տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսանում: Այսպես՝ 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել դատախազը՝ որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում, իսկ դրանից հետո՝ կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո՝ վեց ամսվա ժամկետում: Մինչդեռ, 263-րդ հոդվածը նախատեսում է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ գործի վարույթը կարճելու որոշումը վերադաս դատախազի կողմից բողոքի ստացման պահից 7 օրվա ժամկետում վերացման հնարավորություն:

Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի կարգավորման առաջին հայացքից ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր դեպքում և ցանկացած ժամանակ, երբ տուժող կողմը որոշումն ինչ-ինչ պատճառներով ստացել է ամիսներ կամ տարիներ անց, կարող է բողոքարկել այն և վերադաս դատախազի կողմից կարող է այն բավարարվել: Խոսքը վերաբերում է նույնիսկ այն դեպքերին, երբ մինչ այդ համապատասխան որոշումը դատախազական, այդ թվում՝ գլխավոր դատախազի կողմից ստուգվել և անփոփոխ է թողնվել: Այլ խոսքով՝ բերված օրինակում դատավարական նմանատիպ որոշումները կարող են անսահմանափակ ժամկետում կրկին վերանայվել: Սակայն Դատարանի գնահատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով նախատեսված դատախազական 7 օրյա և այնուհետև՝ գլխավոր դատախազի 6 ամսվա ժամկետների սահմանումն ինքնանպատակ չէ և նախատեսված է, որպեսզի յուրաքանչյուր դեպքում դատավարության կողմերը, տվյալ դեպքում՝ մեղադրվողը, ունենա իրավական որոշակիության, կանխատեսելիության հնարավորություն քրեական գործի ընթացքի վերաբերյալ, իսկ քրեական հետապնդման մարմիններն օժտված չլինեն անսահմանափակ ժամկետներով: Այլ կերպ ասած՝ դատավարության ընդհանուր մասի սկզբունքներով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման վերացման վերջնաժամկետ նախատեսվում է 6 ամիս, այն էլ ուղղակիորեն նշված է, որ այդ ընթացքում որոշումն ընդամենը մեկ անգամ կարող է վերացվել և միայն գլխավոր դատախազի կողմից: Հետևաբար, ժամկետների առումով նույնիսկ սահմանափակվում է գլխավոր դատախազի գործողությունները: Ավելին՝ օրենսդրի կողմից 7 օրյա ժամկետն անցնելուց հետո միայն գլխավոր դատախազի կողմից որոշման վերացման լիազորության սահմանումը նույնպես պատահական չէ, այլ նպատակ է հետապնդում, որպեսզի ավելի լուրջ երաշխիքներ ամրագրի այն դեպքերի համար, երբ 7 օրյա դատախազական հսկողությունից հետո որոշումը հնարավոր լինի վերացվել միայն մեկ անգամ, այն էլ՝ գլխավոր դատախազի կողմից:

(…)

Ուստի Դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթը կարճելու և/կամ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները կարող են վերացվել այն համապատասխան դատախազի կողմից ստացվելուց հետո 7 օրվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո որոշումը կարող է վերացվել միմիայն գլխավոր դատախազի կողմից՝ վեց ամսվա ընթացքում: Ավելին՝ վերը նշված 6 ամսյա ժամանակահատվածը, որպես կանոն, լիովին բավարար է, որպեսզի գործով շահագրգիռ անձինք հնարավորություն ունենան տեղեկանան և ծանոթանան կայացված որոշմանը, որից հետո՝ բողոքարկել այն: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը:

Տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը ներառված է ընդհանուր մասում, իսկ 263-րդ հոդվածը՝ հատուկ մասում, ուստիև հիշյալ կանոնի կիրառմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի գործածությունը չպետք է հակասի 21-րդ հոդվածին:

(…) Սույն գործի դեպքում պետք է նկատել, որ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Քյասինյանի որոշմամբ Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, ընտրված խափանման միջոցը՝ վերացվել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունման հիմքով: Այդ որոշումը 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազին, ինչից հետո այդ որոշումը չի վերացվել, այսինքն՝ ողջամիտ է, որ դատախազությունում օրինականությունը հաստատվել է»3:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 15-ի որոշման համաձայն` «(...) [Վ]երաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ գործի փաստական տվյալները վկայում են այն մասին, որ ի խախտումն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի պահանջների՝ մեղադրյալ Նվեր Բաղդասարյանի շահերի պաշտպան Վաչագան Քոսյանի կողմից Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ավագ քննիչ Հ.Քյասինյանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանին է բողոքարկվել դրա կայացումից ավելի քան երկու ամիս անց՝ 2019 թվականի փետրվարի 14-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 15-ին, քննարկելով ներկայացված բողոքը, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանն իր որոշմամբ այն բավարարել է և Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ավագ քննիչ Հ.Քյասինյանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը վերացրել, ընդ որում որևէ անդրադարձ չի կատարվել բողոքարկման 7-օրյա ժամկետի բացթողումը հարգելի համարելուն և այն վերականգնելու անհրաժեշտությանը: Մինչդեռ քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ թեև Մուրադ Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ավագ քննիչ Հ.Քյասինյանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը գործով մյուս մեղադրյալ Նվեր Բաղդասարյանին և նրա պաշտպան Վաչագան Քոսյանին չի ուղարկվել, սակայն նրանք առնվազն 2018 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացված են եղել որոշման առկայության մասին և օրենքով նախատեսված 7-օրյա ժամկետում այն բողոքարկելու հնարավորություն են ունեցել, ինչից սակայն չեն օգտվել և որևէ միջոց չեն ձեռնարկել բողոքարկման իրենց իրավունքն իրացնելու համար, որի պայմաններում հիմնավորված են նաև Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներն առ այն, որ տվյալ դեպքում ավագ քննիչ Հ.Քյասինյանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով կարող էր վերացվել միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից, հակառակ պարագայում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, խախտվում է նաև իրավական որոշակիության սկզբունքը: (…)

Հիմք ընդունելով նաև Երևան քաղաքի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող որոշման մեջ տեղ գտած պատճառաբանություններն ու իրավական վերլուծությունները, վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ եզրակացության, կայացրել օրինական և պատճառաբանված որոշում, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման։ (…)»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի համոզմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդող դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտումներ, որի պայմաններում կայացված դատական ակտն անհիմն է և ենթակա է բեկանման։

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ ու 263-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները, ինչը հանգեցրել է իրավունքի հիմնարար խախտման։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով սահմանված է ոչ թե նույն օրենսգրքի 21-րդ հոդվածով նախատեսված կանոնին հակասող, այլ դրանից բացառություն նախատեսող նորմ, համաձայն որի՝ քրեական հետապնդումից հրաժարվելու վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքի լուծումը վերապահված է ոչ թե համապատասխան (հսկող) դատախազին, այլ՝ նրա վերադասին: Այս համատեքստում, բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների պնդումները՝ ենթադրյալ հակասությունների առկայության և Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու լիազորությունը գործող օրենսդրությամբ միայն ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լինելու վերաբերյալ, հիմնազուրկ են:

8.1. Դատավարական նմանատիպ որոշումների անսահմանափակ ժամկետում, այս կամ այն պատճառներով դատավարության մասնակիցների կողմից ուշացումով ստանալու դեպքերում բողոքարկելու և դրա հիման վրա որոշումները վերանայելու անթույլատրելիության մասին ստորադաս դատարանների եզրահանգումների վերաբերյալ բողոքաբերը նշել է, որ տվյալ դեպքում շուրջ 2 ամիս ժամկետը անսահմանափակ չի կարող համարվել, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացրած որոշումները կարող են բազմաթիվ պատճառներով հասանելի չդառնալ դատավարության մասնակիցներին և նման պայմաններում ժամկետների բացթողումը պետք է գնահատել ողջամտության համատեքստում, ինչը տվյալ գործով առկա է, քանի որ դատախազին բողոք ներկայացրած Ն.Բաղդասարյանի շահերի պաշտպան Վ.Քոսյանն իր բողոքում նշել է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը որպես կողմ չի ստացել և այլ հիմնավոր տվյալներ նրա կողմից այդ որոշումն ավելի շուտ ստանալու վերաբերյալ ստորադաս դատարանները չեն վկայակոչել:

9. Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների եզրահանգումների համաձայն՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան որոշումը պատշաճ կարգով դատավարության մասնակիցներին ուղարկելու և այն բողոքարկելու իրավունքի իրացումը չապահովելու պայմաններում, այդ պարտականության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման իրավական հետևանքների անբարենպաստ ռիսկի կրողը պետք է լինի այն անձը, որի համար այդ իրավունքի իրացումը չի ապահովվել: Սակայն, ըստ բողոքաբերի՝ նման մոտեցումը չի կարող համարվել իրավաչափ, քանի որ այն անհիմն կերպով սահմանափակում է կողմի բողոքարկման իրավունքը։

10․ Անդրադառնալով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի կողմից վիճարկվող որոշումը սխալ դատավարական կարգով վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությանը, բողոքաբերը նշել է, որ այն հիմնավոր չէ, քանի որ հակասում է օրինականության, գործի արդարացի քննության, մրցակցության սկզբունքներին և դրանց կիրառման վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներին:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի ապրիլի 15-ի որոշումը, և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Մ.Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացնելու վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշումը վերացնելու և Համաներման ակտի կիրառմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցված համարելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

(…)

3. Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

4. Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝

«(...)

4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է`

(...)

28) ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին որոշման օրինականությունը ստուգելու նպատակով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը և ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների, ինչպես նաև այն ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի կողմից, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող է բողոքարկվել վերադաս դատախազին:

2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին (...)»:

14․ Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը վերացնելու տարբեր ընթացակարգեր։ Այսպես, առաջին ընթացակարգը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ դատախազը քրեական գործը կարճելու մասին քննիչի կայացրած որոշման պատճենն ստանալու պահից՝ 7 օրվա ընթացքում, իսկ ՀՀ գլխավոր դատախազը քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ այն կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում, լիազորված են վերացնելու նշված որոշումները: Ընդ որում, և՛ դատախազը, և՛ ՀՀ գլխավոր դատախազն իրենց այդ լիազորությունն իրավասու են գործադրել դատախազական հսկողության շրջանակներում՝ անկախ բողոքի առկայությունից։

Հաջորդ վերաբերելի կարգավորումը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով։ Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն՝ կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, նրանց պաշտպանները, տուժողը, նրա ներկայացուցիչը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև այն ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի ներկայացուցիչը, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, կարող են քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում բողոքարկել վերադաս դատախազին։ Վերադաս դատախազը բողոքը ստանալու պահից յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Նշված կարգավորումից ուղղակի հետևում է, որ վերադաս դատախազը համապատասխան բողոքի առկայության դեպքում նույնպես լիազորված է վերացնելու բողոքարկված որոշումը։

Վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համեմատությունից երևում է նաև, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի՝ քննարկվող որոշումները վերացնելու ժամկետների հաշվարկը կատարվում է, որպես ելակետ ընդունելով այդ որոշման պատճենն ստանալու պահը (դատախազի դեպքում) կամ կայացնելու օրը (ՀՀ գլխավոր դատախազի դեպքում), իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածը սահմանում է երկու ժամկետ՝ առաջինը վերաբերում է բողոք բերելուն և սկսվում է վիճարկվող որոշման պատճենը դատավարության մասնակցի կողմից ստանալու պահից, իսկ որոշում կայացնելու համար վերադաս դատախազին վերապահված յոթնօրյա ժամկետը հոսում է վերջինիս կողմից համապատասխան բողոքը ստանալու պահից։ Այսինքն, եթե դատավարության մասնակիցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով սահմանված ժամկետների պահպանմամբ է բողոք ներկայացրել, ապա վերադաս դատախազը պարտավոր է քննարկել բողոքը և համապատասխան որոշում կայացնել՝ անկախ նրանից, թե բողոքարկված որոշումը մինչ այդ իրեն հասանելի եղել է, թե ոչ։ Օրինակ, եթե քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումը կողմն ստացել է այն կայացնելուց հետո ութերորդ օրը, ապա այդ օրվանից սկսած նա յոթնօրյա ժամկետում իրավասու է բողոք բերել վերադաս դատախազին, որն էլ բողոքը ստանալու պահից յոթնօրյա ժամկետում պետք է քննարկի այն և համապատասխան որոշում կայացնի՝ անկախ նրանից, թե բողոքարկված որոշումը մինչ այդ իրեն հասանելի եղե՞լ է, թե ոչ։ Հակառակ պարագայում, դատավարության մասնակիցը ոչ իրավաչափորեն կզրկվի և չի իրացնի բողոք բերելու իր իրավունքը։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկել կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, տուժողին, նրա ներկայացուցչին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այլ անձանց՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը և ժամկետները, իսկ նշված անձինք իրենց հերթին պարտավոր են պահպանել բողոք բերելու համար օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետը։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չի կատարել իր պարտականությունը, որի պատճառով դատավարության մասնակիցը որոշումը չի ստացել, կամ ստացել է ուշացումով, վերջինս չպետք է զրկվի բողոքարկման իր իրավունքից։ Նման դեպքերում դատախազը պարտավոր է վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և բողոքաբերի վարքագիծը գնահատել ողջամտության սահմաններում՝ mutatis mutandis հաշվի առնելով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները5։ Եթե կպարզվի, որ վարույթն իրականացնող մարմինը թերացել է և որոշումն դատավարության մասնակցին չի տրամադրել կամ տրամադրել է ուշացումով՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ բողոքն ըստ էության չքննարկելու կամ այդ հիմքով մերժելու համար, այդ դեպքում բողոքը իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի ժամկետում տրված։ Իսկ եթե կպարզվի, որ վարույթն իրականացնող մարմինը գործել է բարեխղճորեն և որոշման պատճենը համապատասխան դատավարության մասնակցին ուշ հասանելի լինելը պայմանավորված է եղել բողոքաբերի վարքագծով, ապա այդ հանգամանքը կարող է բողոքն ըստ էության չքննելու հիմք հանդիսանալ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածով սահմանված է ոչ թե նույն օրենսգրքի 21-րդ հոդվածին հակասող կարգավորում, այլ օրենսդիրը, դատավարության մասնակիցներին հնարավորություն ընձեռելով բողոքարկելու քննիչի՝ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, նախատեսել է համապատասխան ընթացակարգ, որը կոչված է ապահովելու անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Մ.Մովսեսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2018 թվականի հոկտեմբերի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով6,

- նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Համաներման ակտի կիրառմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է7,

- մեղադրյալ Ն.Բաղդասարյանի պաշտպանի՝ 2019 թվականի փետրվարի 13-ի բողոքի հիման վրա Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը վերացվել է8,

- 2019 թվականի մայիսի 5-ին Մ.Մովսեսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ պաշտպան Լ.Սիմոնյանի միջնորդությունը բավարարվել է և Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ նախաքննության մարմնի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը վերացնելու մասին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշումը վերացվել է և Համաներման ակտի կիրառմամբ Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը համարվել է դադարեցված։ Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է, որ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումները կարող են վերացվել այն համապատասխան դատախազի կողմից ստացվելուց հետո 7 օրվա ընթացքում, իսկ նշված ժամկետից հետո որոշումը կարող է վերացվել միայն գլխավոր դատախազի կողմից՝ վեց ամսվա ընթացքում: Ավելին՝ վերը նշված վեցամսյա ժամանակահատվածը, որպես կանոն, լիովին բավարար է, որպեսզի գործով շահագրգիռ անձինք հնարավորություն ունենան տեղեկանալ և ծանոթանալ կայացված որոշմանը, որից հետո՝ բողոքարկել այն9։

- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ գտնելով, որ հիմնավորված են Առաջին ատյանի դատարանի եզրահանգումներն առ այն, որ նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով կարող էր վերացվել միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից, հակառակ պարագայում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը10:

16․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ և 263-րդ հոդվածներով սահմանված նորմերը՝ գտնելով, որ դրանց միջև առկա է հակասություն, մինչդեռ նշված նորմերի միջև որևէ հակասություն առկա չէ։ Հետևաբար, ստորադաս դատարանների այդ պնդումները և Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու լիազորությունը գործող օրենսդրությամբ միայն ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լինելու վերաբերյալ դատողություններն անհիմն են։

17․ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ստորադաս դատարանների հետևյալ երկու փաստարկներին.

- քննիչի որոշումը 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազին, որից հետո 7-օրյա ժամկետում այն չի վերացվել, այսինքն՝ ողջամիտ է, որ դատախազությունում այդ որոշման օրինականությունը հաստատվել է,

- առնվազն 2018 թվականի դեկտեմբերի 27-ի՝ առերես հարցաքննության ժամանակ, շահագրգիռ անձ Ն.Բաղդասարյանը և վերջինի պաշտպանը տեղյակ են եղել, որ Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել որոշումը ստանալու և բողոքարկման իրենց իրավունքն իրացնելու համար11:

Վերոնշյալ փաստարկների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ ստորադաս դատարանների առաջին փաստարկը հիմնված է ենթադրության վրա, քանի որ քրեական գործի նյութերով չի հաստատվում, որ հիշյալ որոշման օրինականությունը դրա նկատմամբ հսկողություն իրականացնող կամ մեկ այլ դատախազի կողմից հաստատվել է։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձի կողմից օրենքով սահմանված բողոքարկման իր իրավունքն իրացնելու հնարավորությունը չի կարող կախվածության մեջ դրվել դատախազի կողմից դատախազական հսկողության շրջանակներում քրեական դատավարության օրենսգրքով նրան վերապահված լիազորություններն իրականացնելու կամ չիրականացնելու հանգամանքից։ Հակառակ մեկնաբանության պարագայում, անձի բողոքարկման իրավունքը բովանդակային առումով կկլանվի դատախազական հսկողության գործառույթի մեջ, մինչդեռ դրանք տարբեր բովանդակություն ունեցող և նպատակներ հետապնդող կառուցակարգեր են։

Երկրորդ՝ ոչ Առաջին ատյանի, ոչ էլ Վերաքննիչ դատարանները կասկածի տակ չեն դրել այն փաստը, որ մեղադրյալ Ն.Բաղդասարյանը և նրա պաշտպան Վ.Քոսյանը չեն ստացել վիճարկվող որոշումը։ Ավելին, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ վիճարկվող որոշումը մեղադրյալ Ն.Բաղդասարյանին և նրա պաշտպան Վ.Քոսյանին չի ուղարկվել։ Դրա հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը փաստարկել է, որ Ն.Բաղդասարյանը և նրա պաշտպանը, տեղյակ լինելով, որ Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, որոշումը ստանալու համար որևէ քայլ չեն ձեռնարկել։

Մինչդեռ, գործի նյութերից երևում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի՝ առերես հարցաքննության ժամանակ, մեղադրյալ Ն.Բաղդասարյանը Մ.Մովսեսյանին հարց է տվել, թե նա Համաներման ակտն իր նկատմամբ կիրառելու համաձայնություն տվե՞լ է, թե ոչ, և ստացել է դրական պատասխան12։ Այս հարցն ու պատասխանը ստորադաս դատարանները գնահատել են որպես ապացույց առ այն, որ Ն.Բաղդասարյանը և նրա պաշտպանը հաստատապես տեղեկացված են եղել Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշման առկայության մասին։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Ն.Բաղդասարյանի հարցադրումն ավելի շատ կարող է վկայել հակառակի մասին։ Բացի այդ, համաներման ակտի կիրառման համաձայնություն տալու հանգամանքի մասին տեղեկանալը, ըստ Վճռաբեկ դատարանի, բավարար չէր, որպեսզի կողմը հաստատապես գիտակցեր, որ արդեն իսկ այդպիսի որոշում է կայացվել, պարտավոր լիներ միջոցներ ձեռնարկել այն ստանալու համար և կանխատեսեր, որ այդպիսի միջոցներ չձեռնարկելու արդյունքում կարող է զրկվել բողոքարկման իր իրավունքից։ Նման պայմաններում ստորադաս դատարաններն անհամաչափ բեռ են դրել կողմի վրա՝ որոշումը կողմին հանձնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը փոխարինելով այն ստանալու համար միջոցներ ձեռնարկելու պարտավորությամբ։

18. Վերոգյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը չափազանց ընդհանրական և վերացական է համարում ստորադաս դատարանների այն դատողությունը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի կարգավորման պայմաններում, երբ, օրինակ, տուժող կողմը որոշումն ինչ-ինչ պատճառներով ստացել է ամիսներ կամ տարիներ անց՝ դատավարական նմանատիպ որոշումները կարող են անսահմանափակ ժամկետում կրկին վերանայվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր նման իրավիճակում բողոքը քննող դատավարական սուբյեկտը, ելնելով կոնկրետ հանգամանքներից, պարտավոր է գնահատել բողոքը ուշ ներկայացնելու պատճառները, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնի գործողությունները, կողմերից յուրաքանչյուրի վարքագիծը և հանգել համապատասխան հետևության։

19․ Անդրադառնալով Մ.Մովսեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը վերացնելու վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ.Գևորգյանի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշումն Առաջին ատյանի դատարանի կողմից վերացնելու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում13, այնպես էլ գործի դատական քննության փուլում դատարանը լիազորված չէ վերացնելու դատախազի որոշումը, որպիսի մոտեցումը բխում է դատական իշխանության սահմանադրաիրավական բովանդակությունից և դրան համապատասխան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատարանի լիազորություններից14:

20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 15-ի որոշումը բեկանելու և գործը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումներն ու հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Մուրադ Բորիկի Մովսեսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվական ապրիլի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 37-42։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 132-133։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 79-89:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 153-173:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշումը և Վճռաբեկ դատարանի՝ Վարդան Գրիգորյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ3/0030/06/17 որոշումը:

6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

7 Տե՛ս սույն որոշման 1.3-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 1.4-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 2.1.-րդ և 6-րդ կետերը։

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը։

12 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթ 54։

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Փնջիկ Թերոյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշումը:

14 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման 8-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան