ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԼԴ/0055/01/18 Գործ թիվ ԼԴ/0055/01/18 Ա. Մնացականյան Դատավորներ՝ Կ. Մարդանյան Ռ. Մխիթարյան
Նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
27 հունիսի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Համլետ Լեռնիկի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ պաշտպան Ա.Թումասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում 2018 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 52157218 քրեական գործը:
2018 թվականի օգոստոսի 30-ից թիվ 52157218 քրեական գործի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:
2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ Համլետ Լեռնիկի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 (երկու) դրվագով:
2.1. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Հ.Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 (երկու) դրվագով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով:
2.2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշումներով առանց իրացնելու նպատակի մանր չափով «կանեփ» տեսակի թմրամիջոց պատրաստելու և պահելու կապակցությամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
2.3. 2018 թվականի հոկտեմբերի 27-ին Հ.Ավետիսյանի և Ա.Զախարյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 31-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագ, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 273-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատժից 6 (վեց) ամիսը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժներից 3-ական ամիս, և Հ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նախաքննության ընթացքում Հ.Ավետիսյանի անազատության մեջ գտնվելու երեք օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:
4. Ամբաստանյալ Հ.Ավետիսյանի պաշտպան Վ.Սուղյանի և մեղադրող Ա.Ավագյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունիսի 29-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Ավետիսյանի պաշտպան Ա.Թումասյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Համլետ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագ, մեղադրանք է առաջադրվել, և Առաջին ատյանի դատարանի դատավճռով նա մեղավոր է ճանաչվել հետևյալ արարքի համար. «(…) 2018 թվականի մայիս ամսին Հարթագյուղ համայնքի 15-րդ փողոցի 2-րդ փակուղու 2-րդ հասցեի իր տնամերձ հողամասում ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված, թմրամիջոց` տետրահիդրոկանաբինոլ պարունակող, խոշոր չափերով` 14 հատ կանեփ տեսակի բույսեր, որոնք հայտնաբերվել և վերցվել են 2018 թվականի օգոստոսի 30-ին կատարված խուզարկությամբ:
Բացի այդ, Համլետ Ավետիսյանը, (…) չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց պատրաստելու և պահելու թույլտվություն, կանեփ տեսակի բույսի տերևները և գլխամասերը պոկելու, այնուհետև մանրացնելու և գազօջախի վրա մետաղական տարրայով չորացնելու եղանակով, 2018 թվականի ամռանը Հարթագյուղ համայնքում գտնվող իր տանը, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել ու նույն տան ննջարանում և խոհանոցում ապօրինի պահել է խոշոր չափերով` 24,18 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2018 թվականի օգոստոսի 30-ին հիշյալ բնակարանում կատարված խուզարկությամբ:
Համլետ Ավետիսյանը, (…) չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց պահելու և իրացնելու թույլտվություն, 2018 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Հարթագյուղ համայնքում գտնվող իր տանը հյուրընկալած Ալբերտ Սարգսի Զախարյանին տվել` ապօրինի իրացրել է զգալի չափերով 4,51 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն օրը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Համլետ Ավետիսյանը, (…) չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց պահելու և իրացնելու թույլտվություն, 2018 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր տանը հյուրընկալած Ռաֆիկ Սամվելի Պողոսյանին տվել` ապօրինի իրացրել է մանր չափ չկազմող` 0,33 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նույն օրը հայտնաբերվել և վերցվել է վերջինիս անձնական խուզարկությամբ»1:
6.1. Ալբերտ Զախարյանը որպես կասկածյալ 2018 թվականի օգոստոսի 30-ին տվել է հետևյալ ցուցմունքը. «(…) Վերջերս նրան [Արթուրին] տեսել էի Վանաձոր քաղաքում, ասել, որ աշխատանք եմ փնտրում, նա էլ ասել էր, որ կհետաքրքրվի, այդ պատճառով սույն թվականի օգոստոսի 29-ին, կեսօրին մոտ զանգահարեցի Արթուրին և հետաքրքրվեցի հնարավոր աշխատանքի մասին: Արթուրն ասաց, որ ինքն Արևաշող գյուղի տակ, ճանապարհին է, գնում է Ղալթախչի (Հարթագյուղ) գյուղ, իր մի լավ ընկերոջ մոտ, առաջարկեց միասին գնանք, հնարավոր է այնտեղ անասնապահության գործ լինի: Ես համաձայնվեցի և ժամը մոտավորապես 14:00-ի սահմաններում, մի պատահական տաքսիով գնացի Արթուրի մոտ՝ Արևաշողի տակ, այնտեղից էլ միասին գնացինք Ղալթախչի, որտեղ մտանք տուն, որտեղ միայն մի տղամարդ էր: Արթուրը ծանոթացրեց մեզ, այդ տղան ներկայացավ «Համլետ», սակայն ասաց, որ իրեն բոլորը «Մրե» են ասում: Արթուրն իր հետ օղի, ջերմուկ, պանիր, վարունգ-պոմիդոր և սարդելկա էր վերցրել: Մրեն էլ օղի հանեց, սեղան գցեց և երեքով սկսեցինք խմել և հաց ուտել՝ զրուցելով տարբեր թեմաներով: Հետո խոսք բացվեց ուռելուց: Մրեն իր տանից, ուշադրություն չդարձրեցի թե որտեղից, կանեփի գլխամասեր բերեց, կտրտեց մի թավայի մեջ, գազի վրա չորացրեց, հետո նա այդ չորացրած կանեփը լցրեց դատարկած սիգարետի գլանակների մեջ, վառեց ու ծխեց, հետո տվեց Արթուրին, մի երկու մուխ էլ ես ծխեցի: Մրեն ասաց, որ հայաթում կանեփի թփեր ունի ցանած, եթե պետք է կարող է տալ նաև ինձ: Ես կանեփ չեմ օգտագործում, սակայն քանի որ հաճախակի սիգարետի գումար չեմ ունենում, իսկ այդ երկու մուխից էլ ինձ արդեն լավ էի զգում, Մրեի առաջարկից չհրաժարվեցի: Մի երկու ժամ մնացինք Մրեենց տանը: Հետո Արթուրը որոշեց դուրս գանք, որ լույսով տուն հասնենք: Պետք է պատահական ավտոմեքենայով տրասից տուն գայինք: Միասին Մրեի չորացրած կանեփը ծխելուց հետո, նա թավայի մեջ չորացրած կանեփի մնացած մասը լցրեց մի թերթի կտորի մեջ ու տվեց Արթուրին, իսկ երբ ես էլ ուզեցի, գնաց ու իր բակից բերեց կանեփի գագաթային մասեր, որոնք ձեռքի մեջ տրորեց, փոքրացրեց, փաթաթեց թերթի երեք փաթեթների մեջ ու տվեց ինձ: Դուրս գալուց առաջ Արթուրն իր պլանի փաթեթը, իսկ ես էլ իմ երեք փաթեթները դրեցինք ամեն մեկս մեր գուլպաների մեջ, որ տեսնողներ չլինեն (…)»2:
6.2. Ա.Զախարյանը որպես մեղադրյալ 2018 թվականի սեպտեմբերի 5-ին տվել է հետևյալ ցուցմունքը. «(…) 2018 թվականի օգոստոսի 29-ին, ընկերոջս՝ Ռաֆիկ Պողոսյանի հետ գնացել էինք Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Համլետ Ավետիսյանի բնակարան: Համլետի տանը երեքով հաց կերանք, օղի խմեցինք, ինչից հետո երեքով կանեփ (պլան) ծխեցինք: Պլանը ծխելուց հետո Համլետն ինձ ասաց, որ իր տան բակում՝ հողամասում, կանեփի թփեր ունի ցանած և եթե ես ցանկանում եմ կարող է ինձ տալ իր ցանած կանեփի թփերից: Ես Համլետի առաջարկն ընդունեցի և խնդրեցի, որ ինձ տա կանեփի թփեր, որ ծխախոտ չունենալու ժամանակ դրանից ծխեմ: Համլետը տան բակից բերեց և ինձ տվեց կանեփի տերևներ, որոնք նա նախապես փաթեթավորեց երեք առանձին թղթե փաթեթների մեջ: Այդ երեք փաթեթները ես դրեցի աջ ու ձախ գուլպաներիս մեջ, որպեսզի երբ Համլետի տանից դուրս գամ ինձ մարդ չտեսնի (…)»3:
6.3. Վկա Ռաֆիկ Պողոսյանի ցուցմունքների համաձայն՝ «(...) Աբոն մի տաքսով եկավ Արևաշողի տակ ու այնտեղից երկուսով գնացինք Հարթագյուղ՝ Մրեենց տուն: Մրեն տանը մենակ էր, նրան ու Աբոյին ծանոթացրեցի, հետո սեղան գցեցին իմ տարածով, Մրեն էլ օղի դրեց ու երեքով նստեցինք ճաշեցինք, մի քանի բաժակ օղի խմեցինք: Ես գիտեի, որ Մրեն տանը «պլան» ունի, նա իր բակում կանեփի թփեր է աճեցնում ու ծխում, մի քանի անգամ էլ իր տանն ինձ հյուրասիրել է: Այդ օրն էլ Մրեն ննջարանի սերվանտի մեջից բերեց կանեփի գլխամաս, կտրտեց, լցրեց թավայի մեջ ու գազի վրա տաքացնելով չորացրեց: Հետո երկու կասյակի մեջ լցրեց ու երեքով ուռեցինք՝ ծխեցինք: Մրեն Աբոին առաջարկեց, որ եթե ուզում է՝ կարող է նրան պլան տալ: Աբոն ասաց, որ ուզում է պապիրոս չեղած ժամանակ կծխի: Ես ասացի, որ մի կասյակ էլ ես եմ ուզում՝ իրիկունը քնելուց առաջ կծխեմ: Մրեն թավայի մեջ մնացած չորացրած կանեփի մնացած մասը, մի կասյակի չափ կլիներ, փաթաթեց գազետի թղթի մեջ ու տվեց ինձ, իսկ Աբոյին տալու համար գնաց իր բակի կանեփների թփերից քաղեց թաց գլխամասեր ու բերեց, փաթաթեց դարձյալ գազետի երեք կտորների մեջ ու տվեց Աբոին: Մի երկու ժամից ավելի կլիներ, ինչ Մրեի տանն էինք, հետո որոշեցինք դուրս գալ, որ լույսով տեղ հասնենք (...)»4:
6.4. Համլետ Ավետիսյանը որպես կասկածյալ լրացուցիչ հարցաքննվելիս տվել է հետևյալ ցուցմունքները. «(…) Սեղան գցեցինք հաց կերանք, օղի էլ խմեցինք: Հետո խոսք գնաց ուռելու՝ կանեփ ծխելու մասին: Ես էլ ասեցի, եթե ուզում եք՝ հիմա կարող ենք ծխել, նրանք էլ համաձայնեցին: Ես կրկին իմ ցանած կանեփի թփերից ու գլխամասերից բերեցի, մանրացրի, կտրտեցի, լցրեցի թավայի մեջ ու գազօջախը վառեցի, թավան դրեցի վրա որպեսզի այն չորանա: Չորանալուց հետո, դրանք լցրեցի դատարկ ծխախոտի գլանակի մեջ ու ես, Ռաֆիկը և Ալբերտը միասին ծխեցինք: Հետո ես Ալբերտին ասեցի, եթե դուրը եկավ կարող եմ իրեն էլ կանեփի թփեր և գլխամասեր տալ, երբ ուզի ծխի: Ալբերտն էլ ասաց ուզում է, որ եթե սիգարետ չունենա, այդ կանեփից կծխի: Այդ ժամանակ Ռաֆիկն ինձ ասաց, որ մի կասյակ էլ իրեն տամ, երբ գնա տուն, քնելուց առաջ կծխի: Քանի որ թավայի մեջ մի փոքր մնացել էր, ես դա լցրեցի գազետի թղթի մեջ ու տվեցի Ռաֆիկին, իսկ Ալբերտին գնացի իմ ցանածից բերեցի ու տվեցի: Մինչև Ալբերտին տալը ես իմ բերած կանեփի թփերը և գլխամասերը լցրեցի երեք առանձին գազետի թղթի մեջ, փաթաթեցի ու նոր տվեցի Ալբերտին: Ալբերտը և Ռաֆիկը մի քիչ էլ մնացին իմ տանը և ասացին, որ ցանկանում են տուն գնալ»5:
6.5. Մեղադրյալի դատավարական կարգավիճակում Հ.Ավետիսյանը տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ և միաժամանակ խնդրել է հիմք ընդունել որպես կասկածյալ տված ցուցմունքները՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը6:
7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է հետևյալը. «(…)[Դ]ատարանը գտնում է, որ սույն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի կողմից մեղավորությամբ, դիտավորությամբ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի պատրաստելն ու ապօրինի պահելը, երկու դրվագ թմրամիջոցներ ապօրինի իրացնելը, խոշոր չափերով թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելն ապացուցված է, նրա արարքները ճիշտ են որակված և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:
(…)
[Դ]ատարանն ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրան մեղսագրված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը` այդ թվում` հանցանքի կատարման հանգամանքները և եղանակը, հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև` խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը:
Դատարանն ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նաև նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Մասնավորապես, Դատարանը, որպես Համլետ Լեռնիկի Ավետիսյանի անձը բնութագրող տվյալ հաշվի է առնում այն, որ նա բնակության վայրում բնութագրվում է դրական:
Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն:
Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար ամբաստանյալ Հ.Ավետիսյանը ենթակա է պատժի: Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալ Հ.Ավետիսյանի կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին, 48-րդ հոդվածի 2-րդ մասերի և 61-րդ հոդվածի պահանջները՝ գտնում է, որ ամբաստանյալ Համլետ Լեռնիկի Ավետիսյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններից յուրաքանչյուրի համար ենթակա է պատժի ազատազրկման ձևով:
Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Համլետ Լեռնիկի Ավետիսյանը իր նկատմամբ նշանակված պատիժը պետք է կրի, քանի որ դրան խոչընդոտող հանգամանքներ առկա չեն»7:
8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Համլետ Ավետիսյանը կատարել է 2 (երկու) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Համլետ Ավետիսյանի կողմից 2 (երկու) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված` քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ (…):
Ինչ վերաբերում է Համլետ Ավետիսյանին 2 (երկու) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-րդ մասով մեղսագրված արարքները մեկ միասնական դիտավորությամբ կատարված լինելու վերաբերյալ պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը դրանք ընդունելի չի համարում` նկատի ունենալով, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ ամբաստանյալ Համլետ Ավետիսյանի մոտ առկա է եղել Ալբերտ Զախարյանին և Ռաֆիկ Պողոսյանին «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց իրացնելու միասնական դիտավորություն և նպատակ: Այլ կերպ ասած` քրեական գործում բացակայում են տվյալներ այն մասին, որ ամբաստանյալ Համլետ Ավետիսյանը նախնական մտադրություն է ունեցել կատարելու կոնկրետ հանցանքը մեկից ավելի, որոշակի ժամանակային ընդմիջումներով առանձնացված նույնական արարքներով:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Համլետ Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 (երկու) դրվագով մեղավոր ճանաչելու անիրավաչափության վերաբերյալ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի փաստարկները հիմնավոր չեն:
(…)
[Ա]նդրադառնալով ամբաստանյալ Համլետ Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելու և այն կրելու անհրաժեշտության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Համլետ Ավետիսյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ամբաստանյալի կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել է համաչափ ռեալ (իրական) պատիժներ (…)»8:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է` խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ, 70-րդ, 266-րդ հոդվածների պահանջները: Բողոքաբերը փաստարկել է, որ Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով մեղադրանքի առաջադրումը և մեղավոր ճանաչելն օրինական չէ:
Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը փաստել է, որ եթե նույնիսկ Հ.Ավետիսյանն իրացրել է թմրամիջոց, ապա դատարանում հետազոտված ապացույցներով, մասնավորապես՝ Հ.Ավետիսյանի, Ա.Զախարյանի և Ռ.Պողոսյանի ցուցմունքներով, հաստատվում է, որ այդ գործողությունները կատարվել են նույն վայրում և նույն ժամանակահատվածում՝ մեկ միասնական դիտավորությամբ:
Բողոքաբերը գտել է, որ Հ.Ավետիսյանը գործել է մեկ միասնական դիտավորությամբ, հետևաբար նրա արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ մեկ դրվագով, որպես մեկ հանցագործություն:
10. Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ՝ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ, ինչպես նաև չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:
Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել ամբաստանյալին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի վրա ազդող մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում նրա նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հանգել է սխալ հետևության։
Դատարանները ոչ միայն հաշվի չեն առել Հ.Ավետիսյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, այլ նաև նշել են, որ այդպիսիք չկան:
Միևնույն ժամանակ, դատարանները Հ.Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չեն առել, որ նա երբևիցե դատապարտված չի եղել, ունի առողջական շատ լուրջ խնդիրներ, որով էլ պայմանավորված է թմրամիջոցի օգտագործումը՝ ցավերը մեղմելու համար, ինչպես նաև ընտանիքում տեղի է ունեցել դժբախտություն, որով էլ պայմանավորված մինչ օրս գտնվում է հոգեբանական շատ ծանր վիճակում, նախաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ, ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար և օժանդակել է գործի քննությանը:
Բողոքաբերը գտել է, որ նշանակված պատիժը ակնհայտ խիստ է, չի համապատասխանում հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը և չի բխում պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:
11. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունիսի 29-ի որոշումը և նշանակել համաչափ պատիժ, որը չի գերազանցի չորս տարի ժամկետով ազատազրկումը՝ կիրառելով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքը և Հ.Ավետիսյանին ազատել պատժի կրումից, իսկ եթե դատարանը գտնի, որ մինչև չորս տարի ազատազրկում նշանակելն ակնհայտ մեղմ պատիժ է, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ սահմանելով փորձաշրջան:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք Հ.Ավետիսյանի արարքում շարունակվող հանցագործության բացակայության և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն. «1.Հանցագործությունների համակցություն է համարվում՝
1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել. (...)»:
Վճռաբեկ դատարանը, իր նախադեպային իրավունքում անդրադառնալով իրական համակցության և շարունակվող հանցագործությունների տարբերակման հիմնախնդրին, ընդգծել է, որ իրական համակցություն են կազմում տարբեր, միասնական դիտավորությամբ չկապված այնպիսի արարքները, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր կամ միևնույն հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Ինչ վերաբերում է շարունակվող հանցագործությանը, ապա այն բարդ (եզակի) հանցագործության տեսակ է, որը թեպետ դրսևորվում է որոշակի ժամանակային ընդմիջումներով կատարվող մեկից ավելի հակաիրավական արարքներով, այնուամենայնիվ դիտվում է որպես մեկ հանցագործություն և որակվում է քրեական օրենսգրքի հատուկ մասի մեկ հոդվածով կամ հոդվածի մասով: Վերոնշյալը պայմանավորված է կատարվող արարքների միջև գոյություն ունեցող սերտ կապով, ինչը թույլ է տալիս դրանք գնահատել որպես մեկ ամբողջություն:
Հետևաբար, սուբյեկտիվ հատկանիշի բացահայտումը կարևոր նշանակություն ունի հանցագործության ճիշտ քրեաիրավական որակման հարցում, քանի որ արարքների նույնականությունը, ոտնձգության օբյեկտի, աղբյուրի և եղանակի միասնականությունը դեռևս հիմք չեն կատարվածը շարունակվող հանցագործություն դիտելու համար: Մասնավորապես, իրական համակցությունը և շարունակվող հանցագործությունները տարանջատելու հիմնական չափանիշը հանցավորի մոտ համապատասխան արարքները կատարելու միասնական դիտավորության առկայության հավաստումն է և միաժամանակ դիտավորության` ամեն արարքից հետո կրկին ծագած լինելու հավանականության բացառումը, ինչը յուրաքանչյուր դեպքում պետք է իրականացվի վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտման արդյունքում9:
14. Սույն գործի նյութերի համաձայն՝
- Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր տանը Ա.Զախարյանին տվել` ապօրինի իրացրել է զգալի չափերով՝ 4,51 գրամ հաստատուն քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց10,
- Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր տանը Ռ.Պողոսյանին տվել` ապօրինի իրացրել է մանր չափ չկազմող` 0,33 գրամ հաստատուն քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց11,
- Առաջին ատյանի դատարանի դատավճռով Հ.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագ 266-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 273-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար12,
- Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՝ ընդգծելով, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի մոտ առկա է եղել Ա.Զախարյանին և Ռ.Պողոսյանին մարիխուանա տեսակի թմրամիջոց իրացնելու միասնական դիտավորություն և նպատակ: Այլ կերպ` քրեական գործում բացակայում են տվյալներ այն մասին, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանը նախնական մտադրություն է ունեցել կատարելու կոնկրետ հանցանքը մեկից ավելի, որոշակի ժամանակային ընդմիջումներով առանձնացված նույնական արարքներով13:
15. Գործում առկա փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2018 թվականի օգոստոսի 29-ին Հ.Ավետիսյանն իր տանը հյուրընկալել է Ա.Զախարյանին և Ռ.Պողոսյանին, և նրանք միասին ճաշել են, որից հետո խոսակցություն է եղել թմրամիջոց օգտագործելու մասին։ Այդ ժամանակ Հ.Ավետիսյանը Ա.Զախարյանին և Ռ.Պողոսյանին առաջարկել է թմրամիջոց օգտագործել՝ ծխելու եղանակով, ինչին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը, և նրանք միասին օգտագործել են թմրամիջոց: Նշվածից հետո, երբ Հ.Ավետիսյանն Ա.Զախարյանին ասել է, որ, կարող է նրան կանեփի թփեր և գլխամասեր տալ, Ռ.Պողոսյանն այդ նույն պահին Հ.Ավետիսյանին խնդրել է, որ մի «կասյակ» էլ իրեն տա։ Այնուհետև, Հ.Ավետիսյանը թավայի մեջ մնացած թմրամիջոցը լցրել է թղթի մեջ՝ տալով Ռ.Պողոսյանին, իսկ Ա.Զախարյանին տալու համար գնացել է բակ, կտրել կանեփի գլխամասեր ու թփեր, փաթեթավորել երեք առանձին թղթե փաթեթներում և տվել Ա.Զախարյանին14:
15.1. Վերոշարադրյալ փաստերից բխում է, որ Ռ.Պողոսյանի խնդրանքը՝ իրեն թմրամիջոց տալու վերաբերյալ, տեղի է ունեցել նախքան Հ.Ավետիսյանի կողմից Ա.Զախարյանին թմրամիջոց իրացնելը, այլ կերպ՝ նախքան ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք կատարելը։ Մասնավորապես, թեև Հ.Ավետիսյանն ի սկզբանե նպատակ է ունեցել թմրամիջոց իրացնելու միայն Ա.Զախարյանին, ինչի վերաբերյալ նրան համապատասխան առաջարկություն էր արել, այնուամենայնիվ, հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն դեռևս չիրականացրած, լսելով Ռ.Պողոսյանի խնդրանքը և համաձայնելով դրան, նրա մոտ ձևավորվել է Ա.Զախարյանին և Ռ.Պողոսյանին թմրամիջոց իրացնելու միասնական դիտավորություն, ինչն էլ փաստացի ի կատար է ածել։ Հետևաբար, Ա.Զախարյանին և Ռ.Պողոսյանին թմրամիջոց ապօրինի իրացնելու ժամանակ Հ.Ավետիսյանի դիտավորությունը եղել է նախապես ծագած և միասնական:
Նման պայմաններում ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ սույն քրեական գործով ձեռք չի բերվել փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջություն առ այն, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի մոտ առկա է եղել Ա.Զախարյանին և Ռ.Պողոսյանին մարիխուանա տեսակի թմրամիջոց իրացնելու միասնական դիտավորություն և նպատակ, չի բխում սույն գործի փաստական տվյալների համակցությունից։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նախքան ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով նախատեսված որևէ հանցավոր արարք կատարելը և օբյեկտիվ կողմը սկսելը, Հ.Ավետիսյանի մոտ արդեն իսկ ձևավորվել էր թմրամիջոց իրացնելու նախնական դիտավորություն, ուստի տվյալ դեպքում արարքը կատարելուց հետո դիտավորության՝ կրկին ծագած լինելը բացառվում է։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Ավետիսյանի արարքում շարունակվող հանցագործության բացակայության և երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և ելնելով Մխիթար Էլոյանի և այլոց գործով որոշմամբ արտահայտված դիրքորոշումից առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում15՝ անհրաժեշտ է գտնում քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:
16.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
6) անցել են վաղեմության ժամկետները, (…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
18. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները16:
ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդված 1-ին մասով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար նախատեսված է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, ուստի այն դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, վերոնշյալ հանցանքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի։
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը` որպես տևող հանցագործություն, ավարտվել է 2018 թվականի օգոստոսի 30-ին17։ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացվել է 2019 թվականի հուլիսի 31-ին18, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2020 թվականի հունիսի 29-ին19: Նշված որոշման դեմ Հ.Ավետիսյանի պաշտպան Ա.Թումասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ20:
20. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 17-18-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2020 թվականի օգոստոսի 30-ին, իսկ այդ պահի դրությամբ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
Հետևաբար, ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
21. Միաժամանակ, հիմք ընդունելով սույն որոշման 15.1-րդ կետում կատարված եզրահանգումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, գալով եզրահանգման առ այն, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի արարքում առկա է երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ և արարքը որակելով ու պատիժ նշանակելով հանցագործությունների համակցության կանոններով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի սխալ կիրառում, ինչը հիմք է դատական ակտերը բեկանելու և փոփոխելու համար։
Հետևաբար, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 29-ի որոշումը մասնակիորեն՝ ամբաստանյալ Հ.Ավետիսյանին երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչելու և ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով, պետք է բեկանել և փոփոխել, ամբաստանյալ Հ.Ավետիսյանին մեղսագրված՝ երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով արարքները պետք է որակել և նրան մեղավոր ճանաչել մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Ավետիսյանին մեղսագրված երկու դրվագ ՀՀ քրեկան օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները մեկ դրվագ ՀՀ քրեկան օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով որակելու արդյունքում, սույն գործի հանգամանքների պարագայում, Հ.Ավետիսյանի վիճակը չի վատթարանում և նրա պաշտպանության իրավունքը չի խախտվում:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Հ.Ավետիսյանի կատարած արարքների հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, արձանագրում է, որ ամբաստանյալ Համլետ Լեռնիկի Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանն անհրաժեշտ է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման ձևով նշանակված 6 (վեց) ամիս պատժից 3 (երեք ամիսը), և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:
22. Քննարկելով ամբաստանյալ Հ.Ավետիսյանին «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ պատժից ազատելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված օրենքի 2-րդ հոդվածի 12-րդ մասի ուժով ամբաստանյալ Հ.Ավետիսյանը ենթակա չէ պատժից ազատման։
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացված՝ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների՝ ոչ հիմնավոր լինելու մասին փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական տվյալները, հանգել են հիմնավորված հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Համլետ Լեռնիկի Ավետիսյանի վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 29-ի որոշումը մասնակիորեն՝ երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով` բեկանել և փոփոխել:
2. ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
3. Ամբաստանյալ Համլետ Լեռնիկի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, ամբաստանյալ Համլետ Լեռնիկի Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժին մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման ձևով նշանակված 6 (վեց) ամիս պատժից 3 (երեք) ամիսը, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 9 (ինը) ամիս ժամկետով:
Համլետ Լեռնիկի Ավետիսյանի պատժի ժամկետի մեջ հաշվակցել նախաքննության ընթացքում՝ 2018 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ն անազատության մեջ գտնվելու` երեք օրը, և Համլետ Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 3 (երեք) տարի 8 (ութ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել ամբաստանյալ Համլետ Ավետիսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 124։
2 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթ 36:
3 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 141-142:
4 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 40-41:
5 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 117-118:
6 Տե՛ս քրեական գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 165-166:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 124-125։
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 124-127։
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վ.Մկրտչյանի և այլոց վերաբերյալ գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ին կայացված թիվ ԿԴ3/0034/01/15 որոշումը։
10 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 6.1-6.5-րդ կետերը:
15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը:
16 Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց վերաբերյալ գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի վերաբերյալ գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի վերաբերյալ գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։
17 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
18 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
19 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։
20 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |