Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.10.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
28.10.2020
Дата вступления в силу
28.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/3084/07/19

Գործ թիվ ԵԴ/3084/07/19

Նախագահող դատավոր՝  Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

                    

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ՝

Վ. ՊՈՂՈՍՅԱՆԻ

 

2020 թվականի հոկտեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնփակ դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունվարի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է թիվ 13886618 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2018 թվականի օգոստոսի 30-ից քրեական գործի քննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում (այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին)։

Նախաքննության մարմնի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Յաշա Սերգեյի Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 30 հասցեում գտնվող՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանի աշխատասենյակում և դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին, մերժվել է:

3. Դատախազ Վ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունվարի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 16-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Յաշա Խաչատրյանը համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և քրեական գործի վարույթը կարճելուն1:

6. Յաշա Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) [Ն]ա 2010-2011 թվականների ընթացքում, «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասի վերականգնման ենթադրյալ իրավունքը վերագրելով իրեն, իրավապահ մարմիններին դիմելու և քրեադատավարական ու քաղաքացիական դատավարության կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված նյութական վնասի վերականգնման փոխարեն, ինքնակամ՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ Գևորգ Վահանի Գևորգյանից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 13.200.000 ՀՀ դրամ գումար:

Այսպես, Յաշա Սերգեյի Խաչատրյանը, հանդիսանալով «Ֆլեշ ՍՊ ընկերության տնօրեն, Երևան քաղաքի Ե.Կողբացի 30 հասցեում գործող նույն ընկերության գրասենյակ է հրավիրել ընկերությանը պատկանող բենզալցակայաններից մեկի վարիչ Գևորգ Գևորգյանին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, որից հետո սպառնալիքներ հնչեցնելով վերջինիս որդու՝ Սարգիս Գևորգյանի հասցեին, որպես վնասի փոխհատուցում Գևորգ Գևորգյանից պահանջել է և 2010 թ. ընթացքում ընկերության գրասենյակում ստացել է 3.000.000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև, Յաշա Խաչատրյանը (…) Գևորգ Գևորգյանին հայտնել է, որ սխալ հաշվարկ է կատարվել և վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ ևս 3.200.000 ՀՀ դրամ գումար պետք է վճարել (…): Գևորգ Գևորգյանը ստիպված Յաշա Խաչատրյանին 2010 թ. ընթացքում ընկերության գրասենյակում վճարել է պահանջված 3.200.000 ՀՀ դրամ գումարը (…):

Դրանից հետո Յաշա Խաչատրյանը Գևորգ Գևորգյանին (…) պարտադրել է ստորագրել ևս 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր, որից հետո արդեն ստորագրված պարտավորագրի հիման վրա 2011 թվականի ընթացքում ընկերության գրասենյակում ստացել է հիշյալ 7.000.000 ՀՀ դրամ գումարը (…)»2:

7. Նախաքննության մարմնի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշման համաձայն` «(...) Քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, այն է՝ Գևորգ Գևորգյանի կողմից 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով գումար պարտք լինելու պարտավորագիր հայտնաբերելու նպատակով նախաքննությամբ անհրաժեշտություն է առաջացել խուզարկություն կատարել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 30 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանի աշխատասենյակում, դրան կից օժանդակ շինություններում, եթե այդպիսիք լինեն (…)»3:

8. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(...) [Բ]ոլոր այն դեպքերում, երբ որևէ գործով նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջանում որևէ անձի բնակարանում կատարելու խուզարկություն, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև Օրենսգրքի 35-րդ հոդվածում սահմանված քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը և, եթե կհաստատի, որ առկա են վարույթը բացառող հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը, ապա չի կարող բնակարանի խուզարկության միջնորդությունը բավարարել:

Դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ սույն միջնորդության մեջ նշված ենթադրյալ հանցագործության (որի առիթով մտադրություն կա կատարել բնակարանի խուզարկություն) դեպքի կապակցությամբ առկա է քրեական գործով վարույթը բացառող առերևույթ հանգամանք, մասնավորապես Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը, ինչպես նաև դրա հնարավոր կիրառելիությունը:

(...) [Ն]ման պայմաններում, (...) բնակարանում խուզարկություն կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների նկատմամբ, ուստի քննիչի միջնորդությունը ենթակա է մերժման:

Դատարանը չի անդրադառնում այն հարցին, որ վաղեմության ժամկետը կիրառվում է կոնկրետ անձի նկատմամբ և առանց նրա համաձայնության այն չի կարող քրեական վարույթը բացառող հանգամանք լինել, քանի որ դատարանի խնդիրը զուտ միջնորդության քննությունն է, այլ ոչ թե գործի ըստ էության լուծումը: Դատարանը փաստում է նաև, որ քննիչի կողմից չի ներկայացվել բավարար հիմքեր խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, քանի որ կոնկրետ դեպքում Յաշա Սերգեյի Խաչատրյանի աշխատասենյակից՝ Գևորգ Գևորգյանի կողմից 7.000.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտք լինելու պարտավորագիր հայտնաբերելու մասին քննիչի հետևությունները հիմնված չեն որևէ ապացույցի կամ այլ տվյալի վրա, քննիչը պարզապես ենթադրել է, որ հնարավոր է Յաշա Սերգեյի Խաչատրյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու արդյունքում հայտնաբերվեն դրանք, առանց նշելու, թե կոնկրետ ինչից է նման հետևություն արվել, այն պարագայում, երբ դեպքից անցել է մոտ 8 տարի ժամանակ:

Դատարանը նաև արձանագրում է, որ քննիչի միջնորդությունը ժամանակավրեպ է, քանի որ միջնորդության մեջ նշված խուզարկություն կատարելու անհրաժեշտության մասին վկայող տվյալները քննիչին հայտնի են եղել մեկ տարուց ավելի ժամանակ առաջ, ինչը նշանակում է, որ այս պահին խուզարկություն կատարելը կլինի անարդյունավետ: Խուզարկությունը դասվում է այն քննչական գործողությունների շարքին, որը հանդիսանում է անհետաձգելի, անհապաղ կատարվող գործողություն և ենթադրում է, որ միշտ պետք է կատարել այն ժամանակ, երբ նախաքննության մարմնին հայտնի է դառնում դրա կատարման անհրաժեշտության մասին վկայող որևէ տվյալ: (...)»4։

9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ. «(...) Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից գնահատման ենթարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կատարված վերոշարադրյալ եզրահանգումները, գտնում է, որ որ դրանք իրավաչափ են, բխում են նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալների համակողմանի ուսումնասիրությունից, իսկ Դատախազի կողմից իր վերաքննիչ բողոքում վկայակոչված հիմնավորումներն ի զորու չեն դատական ակտը բեկանելու համար բավարար իրավական և փաստական նախադրյալներ ստեղծել, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավակարգավորումների ուժով հանդիսանում է քրեական գործի վարույթը բացառող հանգամանք, որը տվյալ գործի նկատմամբ առերևույթ կիրառելի է:

(...) [Ք]րեական գործի վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայության պայմաններում, երբ անձը որպես արդյունք քրեական պատասխանատվությունից ազատվելու է, միջամտությունը մասնավոր կյանքին չի կարող համաչափ համարվել, և թույլատրելի համարվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության խախտումը՝ հօգուտ հանրային շահի:

(...) Ինչ վերաբերում է անձին լիարժեք ռեաբիլիտացման հնարավորություն ընձեռելու նպատակով քրեական գործի լիարժեք քննության անհրաժեշտությանը, ապա պետք է նշել, որ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմինը հանրային ռեսուրսների օգտագործման շրջանակներում պետք է քննությունն իրականացնի այնպիսի մեթոդների և գործիքակազմի գործադրմամբ, որպեսզի անհամաչափ միջամտություն թույլ չտրվի անձանց իրավունքների և օրինական շահերի նկատմամբ: Հակառակ մոտեցման դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ միայն քրեական գործի քննության շահից ելնելով՝ անձը կարող է ձերբակալվել, կալանավորվել անգամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի առկայության պայմաններում:

(...) Վերաքննիչ դատարանի համոզմամբ հիշյալ մոտեցումն է ընկած նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով ձևավորված այն իրավական դիրքորոշումների հիմքում, համաձայն որի՝ քրեական վարույթը բացառող հանգամանքի առկայության պայմաններում անձի նկատմամբ չի կարող որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: (...)»5։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ անհիմն կերպով մերժվել է քննիչի կողմից ներկայացված՝ բնակարանում խուզարկություն կատարելու մասին միջնորդությունը, որով կարող էին ձեռք բերվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող փաստական տվյալներ։ Արդյունքում խախտվել է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը։

10.1. Բողոքաբերը, անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին, անհիմն է համարել դատարանների այն դիրքորոշումը, թե քրեական վարույթը բացառող հանգամանքների՝ մասնավորապես քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու դեպքում բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը չի կարող բավարարվել, և որ նման միջամտությունը մասնավոր կյանքին չի կարող համաչափ համարվել: Մասնավորապես, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը՝ բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Յ.Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել և նման դիրքորոշում չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին, իսկ տվյալ դեպքում գործի վարույթը պետք է շարունակվի սովորական կարգով: Բողոքաբերն ընդգծել է նաև, որ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերևույթ անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։

Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ այն պայմաններում, երբ մեղադրյալ Յ.Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճելուն, վերջինիս վերագրվող արարքն ապացուցված համարելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար պահանջվել է կատարել լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ խուզարկություն վերջինիս բնակարանում, ինչը կարող է քրեական գործի համար էական նշանակություն ունեցող ապացույց ձեռք բերելու հնարավորություն ընձեռել, իսկ ստորադաս դատարանների կողմից կայացված որոշման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը զրկվել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորությունից:

10.2. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանների դիրքորոշման պարագայում վարույթն իրականացնող մարմինը զրկվում է մի շարք քննչական ու դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից: Օրինակ՝ նման դիրքորոշմամբ առաջնորդվելու դեպքում վարույթն իրականացնող մարմինները չեն կարող դատարան ներկայացնել նաև նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցությունները լսելու վերաբերյալ միջնորդություններ, կամ առգրավել բանկային կամ ստանալ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ և այլն, քանի որ դրանք ևս այս կամ այն կերպ միջամտում են անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին։

10.3. Բողոք բերած անձը փաստել է նաև, որ Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սարգսյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն սույն գործով, քանի որ դրանք վերաբերում են վաղեմության ժամկետներն անցած լինելու դեպքում անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի առավելագույն սահմանափակման՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անթույլատրելիությանը։ Մինչդեռ, վաղեմության ժամկետներն առերևույթ անցած լինելու պայմաններում մեղադրյալի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը չի կարող նույն հարթության վրա դրվել նմանատիպ քրեական գործերով անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող դատավարական գործողությունների հետ։

10.4. Բացի վերոշարադրյալից, բողոքաբերը վճռաբեկ բողոքում անդրադարձել է նաև խուզարկության կատարման փաստական հիմքերին:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ բավարարելով Յաշա Խաչատրյանի բնակարանում, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Յ.Խաչատրյանին մեղսագրվող արարքի համար վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն առերևույթ անցած լինելու պայմաններում բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը չի կարող բավարարվել:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

6) անցել են վաղեմության ժամկետները.

(…)

6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով (…)»:

13.1. Քրեական հետապնդումը բացառող քննարկվող հիմքի առնչությամբ Վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ՝

- օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները,

- քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով6,

- վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար մեղադրյալի համաձայնության առկայությունը բխում է անմեղության կանխավարկածի սկզբունքից և անձի արդար դատաքննության, մասնավորապես օրենքով սահմանված կարգով իր մեղավորության հարցը համապատասխան դատական ատյաններում վիճարկելու իրավունքից: Հետևաբար, այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության միջոցով հասնել իր անմեղության ապացուցման7: 13.2. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

- անցել են ենթադրյալ հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները,

- ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու դեմ:

Ուստի այն դեպքում, երբ մեղադրյալն առարկում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու դեմ, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել և քրեական գործի վարույթը չի կարող կարճվել: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ընդհանուր կարգով շարունակել գործի վարույթը, քրեադատավարական հնարավոր բոլոր միջոցներով կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ վերջնական դատավարական որոշում կայացնելու համար:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար։ (…)»:

14.1. Քննչական գործողություններն ընդհանրապես և խուզարկությունը, մասնավորապես, այն դատավարական գործողություններն են, որոնք ուղղված են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելուն։ Դեռ ավելին, դրանք այն գործողություններն են, որոնք անմիջականորեն ուղղված են գործով ապացուցողական տեղեկատվության ստացմանը և վերջին հաշվով ճշմարտության բացահայտմանը։ Ինչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը։ Ինչ վերաբերում է բնակարանի խուզարկությանը, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Յ.Խաչատրյանն առարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու դեմ8,

- Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 30 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանի աշխատասենյակում, դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որն Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ առկա է քրեական գործով վարույթը բացառող հանգամանք, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքը, որպիսի պայմաններում բնակարանում խուզարկություն կատարելը կդիտվի անհամաչափ միջամտություն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների նկատմամբ9,

- օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայության պայմաններում, երբ անձը որպես արդյունք քրեական պատասխանատվությունից ազատվելու է, միջամտությունը մասնավոր կյանքին չի կարող համաչափ համարվել, նաև չի կարող թույլատրելի համարվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության խախտումը՝ հօգուտ հանրային շահի10։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն պայմաններում, երբ մեղադրյալը համաձայնություն չի տվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն և գործի վարույթը կարճելուն, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է շարունակել գործի քննությունը, կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ գործի բնականոն քննությունն ապահովելու և վերջնական դատավարական որոշում կայացնելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքեր ձևավորելու, այդ թվում՝ քրեական գործը դատարան ուղարկելու և անձին դատական քննության փուլում իրեն առաջադրված մեղադրանքը վիճարկելու հնարավորություն տալու համար։ Եվ կոնկրետ դեպքում, ինչպես փաստում է բողոքաբերը11, անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող անհամաչափ գնահատվել զուտ այն փաստի ուժով, որ առերևույթ անցել են անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։ Ավելին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ մեղադրյալին այս հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու դեմ առարկելու հնարավորություն տալն օրենքով սահմանված հստակ և հատուկ կառուցակարգ է, որն ապահովում է անձի համար կանխատեսելի հետևանքներ։ Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի համար վարույթը սովորական կարգով շարունակելու պարտականության հստակ ամրագրման պայմաններում անձի համար կանխատեսելի է, որ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված բոլոր քննչական և դատավարական գործողությունները, որոնք ուղղված են անձի մեղքի ապացուցմանը, կարող են կատարվել: Այսպիսով, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթի դադարեցման դեմ առարկելով մեղադրյալն ընդունում է իր որոշ իրավունքների հնարավոր սահմանափակման, իսկ արդյունքում նաև՝ իր մեղավորության հաստատման ռիսկը:

16.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքի առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմինը հանրային ռեսուրսների օգտագործման շրջանակներում պետք է քննությունն իրականացնի այնպիսի մեթոդների և գործիքակազմի գործադրմամբ, որպեսզի անհամաչափ միջամտություն թույլ չտրվի անձանց իրավունքների և օրինական շահերի նկատմամբ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նման իրավիճակներում քննության որևէ առանձնահատկություն կամ թույլատրելի քննչական և դատավարական գործողությունների սահմանափակ շրջանակ չի նախատեսել։ Ուստի գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով՝ նախաքննության մարմինն է որոշում, թե ինչ քննչական կամ դատավարական գործողություններ է անհրաժեշտ կատարել: Բացի այդ, հակառակ մոտեցման պարագայում ստացվում է, որ այն դեպքերում, երբ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ անձը համաձայն չէ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն և քրեական գործի վարույթի կարճելուն, վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, դատարան չի կարող ներկայացնել նաև անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հնարավոր սահմափակմանն ուղղված այլ քննչական գործողություններ կատարելու միջնորդություններ ևս (օրինակ՝ նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բանկային կամ նոտարական գաղտնիք ստանալու և այլն), որպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ:

16.2. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից որպես փաստարկ Վճռաբեկ դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումները վկայակոչելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի ազատության իրավունքի սահմանափակման, մասնավորապես քրեական վարույթն առերևույթ բացառող հանգամանք(ներ)ի առկայության պայմաններում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու անթույլատրելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն12։ Վճռաբեկ դատարանի համապատասխան դատողությունները հիմք չեն այնպիսի կատեգորիկ եզրահանգման գալու համար, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքի առկայության դեպքում, որի կիրառման դեմ անձն առարկում է, բնակարանի խուզարկության միջնորդությունը չի կարող բավարարվել։ Վերոհիշյալ դիրքորոշումը հիմնավորվում է առնվազն նրանով, որ քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առկայության դեպքում կալանավորման կիրառման անթույլատրելիությունն անմիջականորեն բխում է հենց օրենքից: Մասնավորապես, անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պարտադիր պայմաններից մեկն անձին մեղսագրվող հանցանքի համար ազատազրկման ձևով նախատեսվող պատժի ժամկետի՝ մեկ տարուց ավելի լինելն է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մաս), իսկ քրեական պատասխանատավության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու դեպքում, անգամ այդ հիմքով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ առարկելու պարագայում, անձը ենթակա չէ պատժի, հետևաբար՝ բացակայում է կալանավորման կիրառման պայմաններից մեկը, որն էլ բացառում է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը: Բացի այդ, տարբեր են կալանավորման և բնակարանի խուզարկության նպատակները: Մասնավորապես, եթե կալանավորման դեպքում նպատակը վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելն է, ապա բնակարանի խուզարկության դեպքում վարույթն իրականացնող մարմինը նպատակ ունի ձեռք բերել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ և այլն՝ ապահովելու գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չեն ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Յ.Խաչատրյանին մեղսագրվող արարքի համար վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն առերևույթ անցած լինելու պայմաններում բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը չի կարող բավարարվել:

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է13:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննարկման առարկա դարձնի խուզարկության կատարման փաստական հիմքերի առնչությամբ դատախազի ներկայացրած պնդումներն ու դատողությունները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_____________________________________

1 Տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի արձանագրությունը:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30-31:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-5:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 36-37:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 67-79:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը:

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 24-րդ կետը, Հարություն Սարգսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ՇԴ/0172/01/12 որոշման 14.1.-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 10.1-րդ կետը:

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 23-րդ կետը:

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան