Գլխավոր տեղեկություն
Номер
N 114-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հոդ.205
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.03.2003
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
28.03.2003
Дата вступления в силу
25.05.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003136

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մարտի 2003 թ.

N 114-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ, ՂԵԿԱՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
(վերնագիրը խմբ. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն, 15.01.08. թիվ 13-Ն, 14.12.22 թիվ 228-Ն)

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի և 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետերը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 58-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 114-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, 179-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը լրաց. 15.01.08. թիվ 13-Ն)

1. Հաստատել «ֆինանսական կազմակերպությունում ղեկավար լինելու, ղեկավարին գրանցումից հանելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու, նշանակալից մասնակցությունը դադարեցնելու ուղեցույց»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

(1-ին կետը խմբ. 30.10.11 N 345-Ն, 15.01.08. թիվ 13-Ն, 14.12.22 թիվ 228-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 6-ի ««Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար պաշտոն զբաղեցնելու ուղեցույցը» հաստատելու մասին» թիվ 34 որոշումը:

(որոշումը փոփ. 30.10.11 N 345-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2003 թ. մարտի 28
Երևան

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 228-Ն որոշման

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ, ՂԵԿԱՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

(վերնագիրը խմբ. 20.06.06 N 269-Ն, 30.10.11 N 345-Ն, 15.01.08. թիվ 13-Ն, 14.12.22 թիվ 228-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ուղեցույցը սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում անձի կողմից ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելը կամ ֆինանսական կազմակերպությունում նշանակալից մասնակցության, այլ մասնակցության ձեռք բերումը կարող է մերժվել, ինչպես նաև գրանցված ղեկավարը կարող է գրանցումից հանվել, գործող նշանակալից մասնակցությունը՝ դադարեցվել:

2. Սույն ուղեցույցի իմաստով՝ ֆինանսական կազմակերպություն է համարվում բանկը, օտարերկրյա բանկի մասնաճյուղը, ապահովագրական ընկերությունը, օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղը, ներդրումային ընկերությունը, կարգավորող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան, ներդրումային ֆոնդի կառավարիչը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ, ԿԱՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԵՐԺՄԱՆ, ՂԵԿԱՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

3. Ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն, այլ մասնակցություն ձեռք բերելու դիմումը մերժվում է, գրանցված ղեկավարը հանվում է գրանցումից, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցվում է, եթե անձը կամ նշանակալից մասնակցության դեպքում՝ նրա հետ փոխկապակցված անձը անցյալում կատարել է այնպիսի արարք, որը սույն ուղեցույցով հիմնավորված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկի) կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը որպես ֆինանսական կազմակերպության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել ֆինանսական կազմակերպության գործունեության համապատասխան ոլորտը, կամ տվյալ անձի գործողությունները կարող են հանգեցնել ֆինանսական կազմակերպության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

4. Կենտրոնական բանկի կողմից քննարկվում են ֆինանսական կազմակերպության ղեկավար լինելու կամ նշանակալից մասնակցություն ձեռք բերելու այն անձանց վերաբերյալ դիմումները, որոնք.

1) Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենսդրությամբ ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության համար ենթարկվել են քրեական պատասխանատվության,

3) Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից ներգրավված են եղել կամ ներգավված են որպես մեղադրյալ,

4) Վերջին 5 տարվա ընթացքում ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում,

5) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կամ այլ պետությունների ֆինանսական կազմակերպություններում հանդիսացել են ղեկավար, աշխատակից կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով ֆինանսական կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ կամ որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով ֆինանսական կազմակերպության վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների վատթարացել է,

6) Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունում հանդիսացել են ղեկավար կամ նշանակալից մասնակցություն ունեցող անձ, և որոնց պաշտոնավարման ընթացքում տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ,

7) Անձամբ կամ իրենց հետ փոխկապակցված անձը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ ունեն կամ ունեցել են վարքագիծը (պարտաճանաչությունը) բնութագրող էական ժամկետանց (կետանցված) պարտավորություն,

8) 1 տարվա ընթացքում մեկ կամ ավել անգամ ենթարկվել են պատասխանատվության՝ համաձայն ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության,

9) հանդիսացել են ֆինանսական կազմակերպության ղեկավար կամ աշխատակից և իրենց պաշտոնավարման ընթացքում՝

ա. միտումնավոր կերպով խախտել են օրենքները և այլ իրավական ակտերը,

բ. պաշտոնավարման ընթացքում վարել են անհիմն և վտանգավոր գործունեություն, խոչընդոտել են վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողությունները,

գ. կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով ֆինանսական կազմակերպությունը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս,

դ. գործունեության ընթացքում կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են ֆինանսական կազմակերպության կամ ֆինանսական կազմակերպության հաճախորդների շահերին,

ե. անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպության և ֆինանսական կազմակերպության հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտականությունների նկատմամբ,

զ. չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:

10) ՀՀ կամ օտարերկրյա կազմակերպություններում պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում իրենց գործողությունների կամ անգործության հետևանքով եղել են գրանցման, լիցենզավորման, թույլտվության մերժման դեպքեր կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց,

11) Որոնց սնանկության վերաբերյալ դիմումը դատարանը վարույթ է ընդունել,

12) Նախորդ աշխատանքից ազատվել են գործատուի նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով,

13) Ֆինանսական կազմակերպությունում այլ մասնակցության ձեռք բերման արդյունքում ֆինանսական կազմակերպության նշանակալից մասնակցի մասնակցության նվազումը կամ ամբողջությամբ օտարումը կարող է հանգեցնել ֆինանսական կազմակերպության հեղինակազրկման կամ հեղինակության կամ գործարար համբավի անկման,

14) Ֆինանսական կազմակերպությունում այլ մասնակցության ձեռք բերման արդյունքում ֆինանսական կազմակերպության նշանակալից մասնակցի մասնակցության նվազումը կամ ամբողջությամբ օտարումը կարող է հանգեցնել ֆինանսական կազմակերպության կորպորատիվ կառավարման սկզբունքների խախտմանը, կորպորատիվ կառավարման որակի վատթարացմանը,

15) նշանակալից մասնակցության կամ այլ մասնակցության ձեռք բերման գործարքը կամ գործարքի նախնական գրավոր համաձայնությունը կասկածելի է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

5. Սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցվելու, ինչպես նաև գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում և կարող են հիմք հանդիսանալ ֆինանսական կազմակերպությունում նշանակալից, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար գրանցելու դիմումները մերժելու, ինչպես նաև գրանցված ղեկավարին գրանցումից հանելու, գործող նշանակալից մասնակցությունը դադարեցնելու համար:

6. Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի «Ֆինանսական կազմակերպության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձին ֆինանսական կազմակերպության ղեկավար ճանաչելու չափանիշները» թիվ 146-Ն որոշման հիման վրա անձին ղեկավար համարելու դեպքում, եթե առկա է սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերից առնվազն մեկը, և Կենտրոնական բանկի որոշմամբ այդ անձը չի կարող հանդիսանալ ղեկավար, ապա ֆինանսական կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում պետք է վերոնշյալ անձին ազատի զբաղեցրած պաշտոնից կամ սահմանափակի այդ անձի իրավասությունների շրջանակները այնպես, որ նա Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով այլևս չհամարվի ֆինանսական կազմակերպության ղեկավար:

7. Եթե ֆինանսական կազմակերպությունում որպես ղեկավար գրանցվելիս Կենտրոնական բանկի կողմից մեկ անգամ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել այն անձանց գրանցման վերաբերյալ դիմումներին, որոնց մոտ առկա է եղել սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկը, ապա նույն ֆինանսական կազմակերպությունում կամ այլ ֆինանսական կազմակերպությունում կրկին ղեկավար գրանցվելիս նշված անձանց գրանցման վերաբերյալ դիմումները չեն ներկայացվում Կենտրոնական բանկի քննարկմանը, եթե Կենտրոնական բանկի դրական եզրակացությունն ստանալուց հետո նշված անձանց մոտ չեն առաջացել սույն ուղեցույցի 4-րդ կետով նշված հիմքերը:

8. Կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ որպես ղեկավար գրանցվելու համար Կենտրոնական բանկ դիմած անձանցից պահանջում է հայտարարություն այն մասին, որ սույն ուղեցույցի 4-րդ կետում նշված հիմքերը նրանց մոտ բացակայում են:

(հավելվածը լրաց. 07.12.04 N 316-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.06.06 N 269-Ն, 30.10.07 N 345-Ն, խմբ., լրաց.15.01.08. թիվ 13-Ն, լրաց. 06.08.13 թիվ 191-Ն, խմբ. 14.12.22 թիվ 228-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան