Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.06.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
29.06.2022
Дата вступления в силу
29.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0071/01/17

Գործ թիվ ԵԷԴ/0071/01/17

Նախագահող դատավոր՝

 Ն․ Հովակիմյան

Դատավորներ՝

 Ա. Նիկողոսյան

 Ս․ Համբարձումյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

2022 թվականի հունիսի 29-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սարգիս Ալբերտի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Սարգիս Ալբերտի Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` 3 (երեք) դրվագով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ս.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է։

2. Մեղադրող Ա.Սմբատյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի հուլիսի 27-ի որոշումը թողնելով անփոփոխ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

4. Նախաքննության մարմնի կողմից Սարգիս Ալբերտի Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով 3 (երեք դրվագ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա 29.09.1999 - 02.06.2008թթ. և 18.11.2008 - 15.11.2010թթ. զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, քաղաքացիներին տրամադրել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման կեղծ վկայականներ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ դրանցով սահմանված առանձապես խոշոր չափերով գույքերը վաճառելու և բանկերում գրավադնելու արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել անձանց և կազմակերպություններին:

Այսպես,

Սարգիս Ալբերտի Կարապետյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2003թ. մայիսի 30-ին Ռուզվելտ Մեսրոպյանի անվամբ ստեղծված կեղծ փաստաթղթերի, այն է նոտարի 13.12.2001թ. թիվ 2-3291 անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրի հիման վրա, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Երևան քաղաքի Արին-Բերդի 6 նրբանցք 8 հասցեի 17.0 հա մակերեսով 58.582.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող հողամասի նկատմամբ տրամադրել է իրավունք վերապահող անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 656650 կեղծ վկայականը՝ Ռուզվելտ Մեսրոպյանի անվամբ:

Վկայականը ստանալուց հետո Հովհաննես Հայկի Մարգարյանը, խարդախությամբ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկերության աշխատակից Ստյոպա Հովասափյանի հետ, գիտակցելով միմյանց գործողությունները և մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ, վերջինիս մտերիմ և ազգական Ռուզվելտ Մեսրոպյանի անվամբ ստեղծված կեղծ փաստաթղթերի այն է՝ հիշյալ սեփականության իրավունքի կեղծ վկայականի, 15.04.2010թ-ին Ռուզվելտ Մեսրոպյանի և Ստյոպա Հովասափյանի միջև կնքված ներքին առուվաճառքի պայմանագրի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Ուռուտ համայնքի ղեկավար Սերգո Ջուլհակյանի կողմից տրված կեղծ տեղեկանքի օգտագործմամբ, դրանք Երևան քաղաքի Էրերունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելով, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող Երևան քաղաքի Արին-Բերդի 6 նրբանցք 8 հասցեի 17.0 հա հողամասի նկատմամբ 04.07.2013թ. դատարանի թիվ ԵԷԴ/0751/02/13 դատական ակտի հիման վրա գրանցվել է Ստյոպա Հովասափյանի սեփականության իրավունքը, ապօրինի իրավունք ձեռք բերելով Երևանի քաղաքապետարանին պատկանող 17 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 58.582.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

(…)

Բացի այդ Սարգիս Ալբերտի Կարապետյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 27.10.1998թ. ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության 20.11.1996թ. թիվ 352-2 սեփականաշնորհման պայմանագրի և Երևանի քաղաքապետի 24.09.1998թ. թիվ 719 որոշման հիման վրա, «Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ին անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 021453 վկայականով տրամադրված 94.4 հա մակերեսով հողատարածքի 74.3 հա մակերեսով մշտական օգտագործման իրավունքով հողատարածքին, առանց վճարելու կադաստրային արժեքը՝ 1.422.102.000 ՀՀ դրամ գումարը, 2008թ. մարտի 07-ին Միհրան Մելքոնյանի անվամբ տրամադրել է իրավունք վերապահող անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 2261278 կեղծ վկայականը, ինչի արդյունքում ապօրինի սեփականության իրավունք է ձեռք բերվել 1.422.102.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող, Երևանի քաղաքապետարանին պատկանող, 74.3 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշյալ սեփականության վկայականն օգտագործելով, 26.03.2008թ. կնքված գրավի հիփոթեքի պայմանագրի հիման վրա Միհրան Գեղամի Մելքոնյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված «Նուբարաշեն խոզաբուծական ֆաբրիկա» հասցեի 74.3 հա մակերեսով անշարժ գույքը գրավադրվել է ,էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանե ՓԲԸ-ում, որպես վարկի ապահովման միջոց 743.300.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, որի արդյունքում «Էրեբունի գինու կոնյակի գործարան» ՍՊԸ-ն, ի դեմս փաստացի սեփականատեր Հովհաննես Մարգարյանի, ստացել է առանձնապես խոշոր չափի վարկ:

Այսինքն, Սարգիս Ալբերտի Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:

Բացի այդ Սարգիս Ալբերտի Կարապետյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 27.10.1998թ. ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության 20.11.1996թ. թիվ 352-2 սեփականաշնորհման պայմանագրի և Երևանի քաղաքապետի 24.09.1998թ. թիվ 719 որոշման հիման վրա, «Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ին անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 021453 վկայականով տրամադրված 94.4 հա մակերեսով հողատարածքի մասը կազմող 74.3 հա մակերեսով մշտական օգտագործման իրավունքով հողատարածքի համադրման արդյունքում, 2008թ. մարտի 03-ին Վաչագան Սարգսյանի անվամբ տրամադրել է բնության մեջ գոյություն չունեցող Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի խճուղի 105/25 հասցեի 32.012147 հա մակերեսով անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման իրավունք վերապահող թիվ 2438468 կեղծ վկայականը, որը 30.05.2011թ. կնքված գրավի հիփոթեքի պայմանագրի հիման վրա, Արտաշես Ճռիկյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված, գրավադրվել է «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում որպես վարկի ապահովման միջով 743.300.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, ինչի արդյունքում «Էրեբունի գինու գործարան» ՍՊԸ-ն, ի դեմս փաստացի սեփականատեր Հովհաննես Մարգարյանի, ստացել է առանձնապես խոշոր չափի վարկ և հետագայում չի կատարել վարկային պարտավորությունները:

Բացի այդ Սարգիս Կարապետյանը «Նուբարաշենի խոզաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ին անշարժ գույքի սեփականության իրավունքի թիվ 021453 վկայականով տրամադրված 94.4 հա մակերեսով հողատարածքի մասը կազմող 74.3 հա մակերեսով հողատարածքի համադրման արդյունքում, 2009թ. նոյեմբերի 11-ին Վաչագան Սարգսյանի անվամբ տրամադրել է բնության մեջ գոյություն չունեցող Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Մասիսի խճուղի 105/30 հասցեի 33.7 հա մակերեսով անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման իրավունք վերապահող թիվ 2287976 կեղծ վկայականը, որը Հովհաննես Մարգարյանը օգտագործելով, 08.08.2011թ. խաբեությամբ և Սեդա Սարիբեկի Ստեփանյանի վստահությունը չարաշահելու եղանակով, առուվաճաոքի պայմանագրով նշված անշարժ գույքը 140.000.000 ՀՀ դրամ գումարով վաճառել է վերջինիս և հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 140.000.000 ՀՀ դրամ գումար:

Այսինքն, Սարգիս Ալբերտի Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:

Բացի այդ, Սարգիս Կարապետյանը քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր՝ Երևան քաղաքի Սուվորով փողոցի 24-րդ բնակարանում ապօրինի պահել է գործարանային արտադրության կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող թվով 39 հատ 7.65*17 մմ, 8 հատ 5.45*18 մմ տրամաչափի և 7 հատ 7,62*25 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք 2015 թվականի հուլիսի 22-ին վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

Այսինքն, Սարգիս Ալբերտի Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ (…)»1:

5. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. ,(…) Անդրադառնալով մեղադրողի վկայակոչած այն փաստարկին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն ընդհատվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարմամբ` նկատի ունենալով, որ այդ վերջին արարքի համար քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, [Առաջին ատյանի] դատարանն այն հիմնավոր չի համարում: Այսպես, Սարգիս Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման փաստը չի կարող հաստատված համարվել` նկատի ունենալով, որ առկա չէ այն հաստատող օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ նշված արարքը ենթադրաբար կատարելու համար մեղադրանք առաջադրելը դեռևս չի կարող վկայել հանցանքի կատարման և հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքներն ավարտված համարվելու օրվանից հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, նկատի ունենալով, որ Սարգիս Կարապետյանին մեղսագրվող` 3 (երեք) դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքներից յուրաքանչյուրի ավարտված համարվելու օրվանից անցել են ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետները, վաղեմությունն ընդհատված լինելու մասին փաստական տվյալներ առկա չեն, ամբաստանյալը համաձայն է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հետ, [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ Սարգիս Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով 3 (երեք դրվագ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և թիվ ԵԷԴ/0071/01/17 քրեական գործի վարույթը կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (…)»2:

6. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է. ,(...) Վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, [Առաջին ատյանի] դատարանը իրավացիորեն եկել է եզրահանգման այն մասին, որ ամբաստանյալ Սարգիս Ալբերտի Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ) և 235 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և թիվ ԵԷԴ/0071/01/17 գործի վարույթը կարճել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

[Առաջին ատյանի] դատարանի կողմից կատարված իրավական վերլուծությունները և դրանցից բխող եզրահանգումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: Դրանց հետ չհամաձայնվելու օբյեկտիվ հիմքեր չկան (...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալ Ս.Կարապետյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հետևանքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) դադարեցնելու մասին ստորադաս դատարանների եզրահանգումները սխալ են ու չեն բխում քրեական գործի նյութերից։

Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ ամբաստանյալ Ս.Կարապետյանը 2009 թվականին կատարել է ծանր հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս), որից հետո նույն քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2015 թվականին կատարել է միջին ծանրության հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ս.Կարապետյանի վերաբերյալ քննվող քրեական գործը մեղադրական եզրակացությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար։ Նման պայմաններում նույն դատարանն է պարտավոր քննել և ճանաչել անձի մեղավորությունը կատարած արարքում կամ հռչակել նրա անմեղությունը։ Բողոքաբերի համոզմամբ, տվյալ պարագայում, եթե դատարանը հանգել է այն հետևության, որ ամբաստանյալ Ս.Կարապետյանն առերևույթ կատարել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով, այնպես էլ նույն օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները, ապա պետք է արձանագրեր, որ 2015 թվականի ընթացքում կատարված միջին ծանրության հանցագործությունն ընդհատել է 2009 թվականին կատարված ծանր հանցագործությունը, ուստի դրա համար վաղեմության ժամկետը պետք է սկսեր հոսել միջին ծանրության հանցագործության կատարման, այսինքն՝ ընդհատման պահից։

Բողոքի հեղինակը նշել է, որ եթե խորհրդակցական սենյակում դատարանը գտնի, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը, ապա այն պետք է ընդհատի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար հաշվվող քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։

7.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք ստորադաս դատարանների կողմից Սարգիս Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումները` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

2) հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի` ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

4) տասնհինգ տարի` առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից:

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...):

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից»:

10. Վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման խնդրի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ,(...) [Ա]նձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք։ Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Այսպես` նոր կատարված հանցագործությունն ընդհատում է նախկին հանցագործության վաղեմության ժամկետի ընթացքը հետևյալ պայմանների առկայության դեպքում`

1. նախկին հանցագործությունն ավարտվել է և օրենքով դրա համար սահմանված վաղեմության ժամկետը դեռևս չի անցել,

2. նոր կատարվածը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն է»4։

11. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վաղեմության ժամկետի ընդհատման հիմնահարցին այնպիսի քրեական գործերով, որոնք քննվում են տարբեր վարույթներով, փաստարկել է, որ նույն անձի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի քննության փաստը դեռևս չի կարող վկայել կոնկրետ քրեական գործով հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին՝ հաշվի առնելով, որ տվյալ գործը դեռևս գտնվում է քննության ընթացքում և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դեռևս չի հաստատվել անձին մեղսագրվող արարքների կատարման փաստը5։ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումն ըստ էության բխում է անձի անմեղության կանխավարկածը երաշխավորելու անհրաժեշտությունից. այսպես՝ վաղեմության ժամկետն ընդհատված լինելու հանգամանքն ի սկզբանե չի կարող կանխորոշվել, քանի որ մեկ այլ վարույթում քննվող քրեական գործով անձը կարող է ճանաչվել անմեղ և արդարացվել։

Վերոնշյալը, սակայն, վերաբերելի չէ այն դեպքերին, երբ միևնույն անձին մեղսագրվող մեկից ավելի հանցավոր արարքներով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան և քննվում է միևնույն վարույթի շրջանակներում։ Տվյալ դեպքում դատարանը, եթե քրեական գործի քննության արդյունքում հաստատված է համարում անձին մեղսագրվող հանցավոր արարքները վերջինիս կողմից կատարելու փաստը, ըստ էության հաստատում է նաև վաղեմության ժամկետի ընդհատման հանգամանքը, ինչը հիմք է մեղադրական դատավճիռ կայացնելու համար։ Վճռաբեկ դատարանի համոզմամբ, վերոնշյալ դեպքերում չի կարող ողջամտորեն վտանգվել անձի անմեղության կանխավարկածը։

11.1. Միևնույն ժամանակ, իրավիճակն այլ է այն դեպքերում, երբ անձին մեղսագրվող մեկից ավելի հանցավոր արարքներով քրեական գործը թեպետ քննվում է մեկ վարույթի շրջանակներում, սակայն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու ժամկետներն արդեն իսկ լրացել են, իսկ անձն էլ վաղեմության ժամկետի կիրառման վերաբերյալ տվել է իր համաձայնությունը։ Նշված դեպքում փաստացի առկա է քրեական գործով վարույթը բացառող հանգամանք, ինչն արգելք է քրեական գործի քննությունը շարունակելու համար, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով անձին մեղսագրվող արարքների կատարման փաստը չի կարող հաստատված համարվել։

Այլ կերպ, թեև տվյալ դեպքում քրեական հետապնդումը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով, այնուամենայնիվ, անձին մեղսագրվող հանցանքի կատարման փաստը չի հաստատվում օրենքով սահմանված կարգով, այն է՝ մեղադրական դատավճռի կայացմամբ։ Վերոնշյալի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ընդգծել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված` անմեղության կանխավարկածի գործողությունը չի սահմանափակվում միայն ընթացիկ դատավարությամբ, այլ նաև տարածվում է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների կամ արդարացման դատական ակտերի նկատմամբ6։ Մասնավորապես, Քարայան ընդդեմ Ռումինիայի գործով որոշմամբ Եվրոպական դատարանն արձանագրել էր Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում` այն պատճառաբանությամբ, որ դատախազության կողմից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դիմողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ տրվել էին այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկած չէին թողնում նրա կողմից իրեն մեղսագրվող հանցանքները կատարելու վերաբերյալ։ Մինչդեռ, Եվրոպական դատարանը փաստեց, որ տվյալ դեպքում չի կարելի համարել, որ դիմողն իրեն մեղսագրվող արարքներում մեղավոր է ճանաչվել ,օրենքով սահմանված կարգովե, հետևաբար վերջինիս մեղավորության վերաբերյալ դատախազության և ներպետական դատարանների արտահայտած կարծիքն անմեղության կանխավարկածի խախտում է7։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Կարապետյանին՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երեք դրվագներով, մեղսագրվող արարքներից վերջինն ավարտվել է 2009 թվականի նոյեմբերի 11-ին,

- ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ավարտվել է 2015 թվականի հուլիսի 22-ին8,

- ամբաստանյալ Ս.Կարապետյանը և պաշտպան Ա.Թամրազյանը 2020 թվականի հուլիսի 24-ի դատական նիստում միջնորդություն են ներկայացրել՝ Ս.Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով9։

13. Այսպիսով, ամբաստանյալ Ս.Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ՝ երեք դրվագներով, որը դասվում է ծանր հանցագործությունների թվին, հետևաբար վերջինս վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման, եթե կատարված հանցավոր արարքներից վերջինն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, նրա նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր՝ միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքով:

Միևնույն ժամանակ, Ս.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Վերոնշյալ արարքն ավարտվել է 2015 թվականի հուլիսի 22-ին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռ առկա չի եղել: Այլ կերպ՝ վերոնշյալ հոդվածով առկա է քրեական գործի վարույթը բացառող հանգամանք, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետը լրացել է, իսկ ամբաստանյալը միջնորդել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի վաղեմության ժամկետի ընթացքը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջին ծանրության հանցանքով ընդհատվելու հանգամանքը չի կարող հաստատված համարվել, քանի որ քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի պայմաններում գործի քննությունը չի կարող շարունակվել և ամբաստանյալի մեղավորությունն իրեն մեղսագրվող հանցավոր արարքներում չի կարող հաստատվել դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացմամբ։

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի այն փաստարկը, որ եթե խորհրդակցական սենյակում դատարանը գտնի, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքը, ապա այն պետք է ընդհատի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար հաշվվող քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում հիմնավոր չէ։

14. Սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ս.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են։ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Ս.Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման փաստը չի կարող հաստատված համարվել, իսկ նշված արարքը ենթադրաբար կատարելու համար մեղադրանք առաջադրելը դեռևս չի կարող վկայել հանցանքի կատարման և հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքներն ավարտված համարվելու օրվանից հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Սարգիս Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումները` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, հիմնավոր են:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի վերոնշյալ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքն անհրաժեշտ է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ,Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Սարգիս Ալբերտի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, էջեր 269-272։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, էջեր 112-113։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, էջ 49։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշման 21-րդ կետը:

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հարությունյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշումը։

6 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Capetti and Maimut v. Romania գործով 2012 թվականի մայիսի 15-ի որոշումը, գանգատներ թիվ 13043/05 և 23408/08, կետ 77:

7 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Caraian v. Romania գործով 2015 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը, գանգատ թիվ 34456/07, կետեր 74-76:

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, էջեր 90-92։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան