Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.09.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
08.09.2022
Дата вступления в силу
08.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0089/01/18

Գործ թիվ ԵԴ/0089/01/18

Նախագահող դատավոր՝  Ն. Հովակիմյան

Դատավորներ՝

 Ա. Նիկողոսյան

 Ս. Համբարձումյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

         

8 սեպտեմբերի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալներ Թենգիզ Թեմուրի Ուսուբովի և Տիգրան Հովիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58215717 քրեական գործը` մինչև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

2017 թվականի հոկտեմբերի 23-ին Թենգիզ Ուսուբովը և Տիգրան Գևորգյանը ձերբակալվել են։

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ Տ.Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Թ.Ուսուբովը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ի որոշումներով Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 7-ի որոշումներով Կարեն Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Թ.Ուսուբովին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Տ.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

2018 թվականի փետրվարի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ ամբաստանյալ Թենգիզ Ուսուբովին գրավով ազատելը ճանաչվել է թույլատրելի և վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորման այլընտրանքային միջոց գրավը՝ որպես գրավի չափ սահմանելով 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Տիգրան Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի օգոստոսի 13-ի դատավճռով Թ.Ուսուբովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ գտնվելու՝ 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետը, և Թ.Ուսուբովին թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 12 (տասներկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, Թ.Ուսուբովի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Որոշվել է որպես գրավ վճարված գումարը՝ 10.000.000 (տաս միլիոն) ՀՀ դրամը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել գրավատուին:

Նույն դատավճռով Տ.Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում կալանքի տակ գտնվելու 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր ժամկետը, և Տ.Գևորգյանին թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 12 (տասներկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Տ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Կարեն Առաքելյանը:

4. Մեղադրող Մ.Անտոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք1, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Գարուշ Մադաթյանի, Արմեն Շահբազյանի և այլոց գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ գնահատականի չեն ենթարկել վերջիններիս կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հանգամանքները:

Ըստ բողոքաբերի՝ պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացվել ամբաստանյալների կողմից խմբով ապօրինի պահած և հանցագործության առարկա հանդիսացող ինքնաձիգ տեսակի հրազենների և բեկորային նռնակի, ինչպես նաև խմբով ապօրինի իրացրած մարտական փամփուշտների տեսակներն ու քանակը, որոնք ինքնին վկայում են կատարված հանցանքների և հանցավորների բարձր հանրային վտանգավորության մասին, քանի որ հանցագործությունը չբացահայտվելու և նշված հրազենների կամ մարտական նռնակի գործածման դեպքում կարող էին առաջանալ ավելի ծանր հետևանքներ: Բացի այդ, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն արժանացրել նաև ամբաստանյալների կատարած հանցանքները որակյալ դարձնող՝ հանցանքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված լինելու հանգամանքը:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ամբաստանյալ Թ.Ուսուբովը քրեական գործի որևէ փուլում չի ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն առաջադրված մեղադրանքը: Անդրադառնալով ամբաստանյալների անձը բնութագրող հանգամանքներին՝ Տ.Գևորգյանի և Թ.Ուսուբովի շուրջ 11 ամիս կալանքի տակ գտնվելուն, իսկ Թենգիզ Ուսուբովի մասով նաև պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքի առկայությանը, փաստարկել է, որ դրանք այն աստիճան առանցքային և էական չեն և այն աստիճան չեն նվազեցրել կատարված հանցանքների հանրային վտանգավորությունը, որպեսզի հիմք հանդիսանային ազատազրկման ձևով նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու համար:

7. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը և վերացնել Տ.Գևորգյանի ու Թ.Ուսուբովի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Թենգիզ Ուսուբովին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «[նախնական համաձայնությամբ, խմբով ապօրինի պահել է հրազեն և ռազմամթերք, ինչպես նաև նույն խմբով ապօրինի իրացրել է ակոսափող հրազենի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Այսպես՝

Թենգիզ Ուսուբովն ընկերոջ՝ Տիգրան Հովիկի Գևորգյանի կողմից ապօրինի ձեռք բերված «ԱԿԱ ԷՄ» (АКМ) տեսակի 7,62 միլիմետր տրամաչափի «ХА1039» գործարանային համարով 1960 թվականի արտադրության և «45 9945» գործարանային համարով 1973 թվականի արտադրության հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգը «ՈՒԶեԷռԳեԷմ» (УЗРГМ) տեսակի «86-67 583» գործարանային համարով մարտական պայթուցիչով «ԷռԳեԴե-5» (РГД-5) տեսակի «30-88T» գործարանային համարով ձեռքի բեկորային մարտական մեկ նռնակը խմբով պահելու շուրջ նրա հետ գալով նախնական համաձայնության, 2017 թվականի ապրիլի 4-ից իր բնակության վայրի՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 28/2 շենքին հարակից իր ավտոտնակում Տիգրան Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով պահել է վերոնշյալ երկու ինքնաձիգը և մարտական պայթուցիչով ձեռքի մարտական բեկորային մեկ նռնակը, որոնք 2017 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել և առգրավվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից նշված ավտոտնակի խուզարկությամբ:

2017 թվականի օգոստոսի 3-ին Թենգիզ Ուսուբովը Տիգրան Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով Գևորգ Մկրտումյանին ապօրինի իրացրել է 5,45 (5,45x39) միլիմետր տրամաչափի 100-102 հատ մարտական փամփուշտ, որը Տիգրան Գևորգյանն ապօրինի ձեռք է բերել և Կարեն Գևորգի Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վերջինիս մոտ:

Նշված փամփուշտներից 72 հատը 2017 թվականի նոյեմբերի 7-ին Գևորգ Մկրտումյանը կամովին հանձնել է իր փաստաբանի միջոցով (…)»2:

8.1. Տիգրան Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «[Ա]պօրինի ձեռք է բերել և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել է հրազեն և ռազմամթերք, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբով ապօրինի պահել և ապօրինի իրացրել է ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Այսպես՝

Տիգրան Հովիկի Գևորգյանը հոր` Հովիկ Գևորգյանի մահից` 2012 թվականից հետո ապօրինի ձեռք է բերել վերջինի կողմից քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակ ապօրինի ձեռք բերված և Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում ապօրինի պահված «ԱԿաԷմ» (АКМ) տեսակի 7,62 միլիմետր տրամաչափի «ХА1039» գործարանային համարով 1960 թվականի արտադրության և «45 9945» գործարանային համարով 1973 թվականի արտադրության հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ, «ՈՒԶեԷռԳեԷմ» (УЗРГМ) տեսակի «86-67 583» գործարանային համարով մարտական պայթուցիչով «ԷռԳեԴե-5» (РГД-5) տեսակի «30-88T» գործարանային համարով ձեռքի բեկորային մարտական մեկ նռնակ և 5,45 (5,45x39) միլիմետր տրամաչափի 100-102 հատ մարտական փամփուշտ:

Այնուհետև, Տիգրան Գևորգյանը վերոնշյալ ինքնաձիգները և մարտական պայթուցիչով ձեռքի մարտական բեկորային նռնակը նախնական համաձայնությամբ, խմբով 2017 թվականի ապրիլի 4-ից պահել է ընկերոջ՝ Թենգիզ Ուսուբովի հետ վերջինի՝ բնակության վայրի՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 28/2 շենքին հարակից նրա ավտոտնակում, որոնք 2017 թվականի հոկտեմբերի 23-ին հայտնաբերվել և առգրավվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից նշված ավտոտնակի խուզարկությամբ, իսկ 5,45 (5,45x39) միլիմետր տրամաչափի վերոնշյալ մարտական 100-102 հատ փամփուշտներն ընկերոջ՝ Կարեն Գևորգի Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով ապօրինի պահել է վերջինի բնակության վայրում՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 28/1 շենքի թիվ 6 բնակարանում:

2017 թվականի օգոստոսի 3-ին Տիգրան Գևորգյանը Թենգիզ Ուսուբովի հետ նախնական համաձայնությամբ, խմբով Գևորգ Մկրտումյանին ապօրինի իրացրել է Կարեն Առաքելյանի մոտ պահվող 5,45 (5,45x39) միլիմետր տրամաչափի մարտական 100-102 հատ փամփուշտը, որից 72 հատը 2017 թվականի նոյեմբերի 7-ին Գևորգ Մկրտումյանը կամովին հանձնել է իր փաստաբանի միջոցով (…)»3։

9. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Ա]մբաստանյալներից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Դատարանը նրանցից յուրաքանչյուրի կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթին` հանցագործության որակական կողմին բնորոշ հանգամանքների, մասնավորապես, մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, հանցագործության կատարման եղանակի, հանցավոր մտադրության իրականացման աստիճանի, հանցակցության պայմաններում նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքի և հանցագործությանը մասնակցության աստիճանի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների համատեքստում հաշվի է առնում նաև ամբաստանյալներից յուրաքանչյուրի անձը բնութագրող, սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները:

Սույն գործի դատական քննության ընթացքում հետազոտված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ամբաստանյալները երիտասարդ են, ընդունել են կատարած հանցագործությունը, զղջացել են դրա համար, նախկինում դատապարտված և որևէ ձևով արատավորված չեն եղել, շրջապատում բնութագրվում են բացառապես դրականորեն, ունեն աշխատանք, հանցագործությունն ավարտված համարվելու օրից շուրջ երեք տարի անցած ժամանակահատվածում դրսևորել են բացառապես դրական վարքագիծ, Թենգիզ Ուսուբովն ամուսնացած է, խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխա, Տիգրան Գևորգյանը ֆիզիկապես վատառողջ է, նրա մոտ առկա է լյարդի 7-րդ սեգմենտի կիստա (էխինոկային), ասթենիզացիա և խրոնիկ հեպատիտ «Բ» ասթենիզացիա ախտորոշումները, վերջինս և Թենգիզ Ուսուբովը սույն գործի քննության ընթացքում 10 (տասը) ամիս 18 (տասնութ) օր գտնվել են կալանքի տակ, արգելանքից ազատվել են 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, և դրանից հետո՝ մինչ օրս անցած շուրջ երկու տարի ժամանակահատվածում ևս դրսևորել են պատշաճ վարքագիծ:

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալների անձը բնութագրող բացառապես դրական տվյալներն իրենց ամբողջականության մեջ հնարավորություն են տալիս նրանցից յուրաքանչյուրին դիտել ոչ միայն որպես հանցանք կատարողի, որը պետք է պատասխանատվություն և պատիժ կրի, այլ նաև որպես կոնկրետ անձ՝ իր անհատական հատկանիշներով:

(…) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքների հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում նրանց անձը բնութագրող թվարկված տվյալների, այդ թվում պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության, Թենգիզ Ուսուբովի դեպքում՝ նաև պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ հանգամանքի առկայության, վերջինիս և Տիգրան Գևորգյանի կողմից արդեն իսկ սույն գործով շուրջ 11 ամիս արգելանքի տակ գտնվելու հանգամանքի համակցությունը բավարար հիմք է տալիս հանգելու այն հետևության, որ նրանցից յուրաքանչյուրի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու (…)»4:

10. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության այն մասին, որ ամբաստանյալներ Տիգրան Գևորգյանի և Թենգիզ Ուսուբովի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, Դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61 հոդվածով ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով ու ամբաստանյալների նկատմամբ նշանակել է արդարացի և համաչափ պատիժ, որը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10 հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, հանցավորների անձին, անհրաժեշտ ու բավարար է նրանց ուղղվելու և նոր հանցագործությունները կանխելու համար, այսինքն՝ կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործումը, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Համաձայն վիճարկվող դատական ակտի` ամբաստանյալներ Տիգրան Գևորգյանի և Թենգիզ Ուսուբովի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս, Դատարանը, վերլուծելով և գնահատելով գործի փաստական տվյալները, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61 հոդվածով, հաշվի առնելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները և ընտանեկան դրությունը, Թենգիզ Ուսուբովի դեպքում պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, կատարած արարքների հասարակական վտանգավորության աստիճանը, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, նշվածը վերլուծելով և գնահատելով համակցության մեջ, վերջնական իրավաչափ հետևության է հանգել այն մասին, որ ամբաստանյալների ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը ռեալ կրելու: Դատարանի համոզվածությունը բխում է գործի օբյեկտիվ տվյալներից և ընդունելի է Վերաքննիչ դատարանի համար:

Մեղադրողի փաստարկները ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքի, այն է՝ հանցագործության կատարման մեջ նրանց առանձնապես ակտիվ դերակատարման մասին, հիմնավոր չեն և չեն բխում գործի նյութերից: Այդ փաստարկներին Դատարանն անդրադարձել է դատավճռով՝ հիմնավոր պատճառաբանություններով հերքելով ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող վերոհիշյալ հանգամանքի առկայությունը: Դատարանի պատճառաբանություններն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: Դրանց հետ չհամաձայնվելու օբյեկտիվ հիմքեր չկան:

Ամբաստանյալների նկատմամբ գործի դատաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբեր ամսին կիրառվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ՝ մասնավորապես գրավ և ստորագրություն չհեռանալու մասին: Ավելի քան երկու տարի ամբաստանյալները գտնվում են ազատության մեջ ու այդ ընթացքում որևէ հակաիրավական արարք չեն կատարել: Դա ևս վկայում է այն մասին, որ Դատարանը ճիշտ եզրահանգման է եկել, որ ամբաստանյալների ուղղումը հնարավոր է առանց նրանց հասարակությունից մեկուսացնելու (…)»5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալներ Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվություն էր սահմանված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։

Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Գառնիկ Գալստյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը.

«(…) ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։

Նշված նորմի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հանցագործության վերաբերյալ գործերով պատժի անհատականացման սկզբունքի տեսանկյունից արարքի հանրային վտանգավորության աստիճանն որոշելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է հաշվի առնի..

- հանցագործության առարկաները ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու նպատակը և շարժառիթները,

- ձեռքբերման աղբյուրը, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու միջոցները, հանգամանքները,

- առարկայի տեսակը, քանակը, հատկությունները:

Վկայակոչված հանգամանքներն այլ հանգամանքների հետ համակցությամբ ազդում են արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա և պետք է իրենց համապատասխան գնահատականը ստանան յուրաքանչյուր գործով պատիժ նշանակելիս»6:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

Վերոնշյալ իրավադրույթը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված, ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա7` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն8:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թ.Ուսուբովին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերոջ՝ Տիգրան Գևորգյանի հետ՝ հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ և մարտական պայթուցիչով ձեռքի բեկորային մարտական մեկ նռնակ՝ խմբով պահելու շուրջ նրա հետ գալով նախնական համաձայնության, դրանք խմբով պահել է իր բնակության վայրի հարակից ավտոտնակում, ինչպես նաև Տիգրան Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով Գևորգ Մկրտումյանին ապօրինի իրացրել է 100-102 հատ մարտական փամփուշտ, որը Տիգրան Գևորգյանն ապօրինի ձեռք է բերել և Կարեն Գևորգի Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վերջինիս մոտ9։

Տ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ, մարտական պայթուցիչով ձեռքի բեկորային մարտական մեկ նռնակ և 100-102 հատ մարտական փամփուշտ, որոնցից ինքնաձիգը և մարտական պայթուցիչով ձեռքի մարտական բեկորային նռնակը նախնական համաձայնությամբ, խմբով 2017 թվականի ապրիլի 4-ից պահել է ընկերոջ՝ Թենգիզ Ուսուբովի հետ նրա բնակության վայրի հարակից ավտոտնակում, իսկ նշված մարտական փամփուշտներն ընկերոջ՝ Կարեն Առաքելյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով ապօրինի պահել է վերջինի բնակության վայրում և 2017 թվականի օգոստոսի 3-ին Թենգիզ Ուսուբովի հետ նախնական համաձայնությամբ, խմբով ապօրինի իրացրել է Գևորգ Մկրտումյանին10։

Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալներ Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, որոշել է ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը որպես ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել շուրջ 11 ամիս արգելանքի տակ գտնվելը, ինչն էլ համակցելով նրանց անձը բնութագրող տվյալների, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայության փաստի հետ, գտել է, որ նրանցից յուրաքանչյուրի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու11։

 

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգման է եկել առ այն, որ ամբաստանյալների ուղղումը հնարավոր է առանց նրանց հասարակությունից մեկուսացնելու12։

15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալների կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետևյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալները ոտնձգել են մարդու և հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերության դեմ,

բ) հանցավորների հոգեբանական վերաբերմունքն իրենց արարքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալները գործել են ուղղակի դիտավորությամբ, գիտակցել են, որ իրենց կողմից պահվել է հրազեն և ռազմամթերք, որից մի մասն էլ իրացրել են,

գ) հանցագործության առարկայի տեսակը և քանակը, մասնավորապես՝ ամբաստանյալները նախնական համաձայնությամբ, խմբով ապօրինի պահել են ակոսափող հրազեն հանդիսացող՝ 7,62 տրամաչափի «ԱԿՄ» տեսակի երկու ինքնաձիգ, «ՈՒԶեԷռԳեԷմ» (УЗРГМ) տեսակի մարտական պայթուցիչով «ԷռԳեԴե-5» (РГД-5) տեսակի ձեռքի բեկորային մարտական մեկ նռնակ, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբով ապօրինի պահել և իրացրել են 45 (5,45x39) միլիմետր տրամաչափի 100-102 հատ մարտական փամփուշտ:

Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորների, այնպես էլ կատարված արարքների հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են հրազեն և ռազմամթերք պահելու միջոցներն ու հանգամանքները, զենքերի տեսակն ու փամփուշտների քանակը, ինչպես նաև մարտական փամփուշտներն երրորդ անձի իրացնելու հանգամանքը:

Մինչդեռ, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության և գնահատման արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորների անձի և կատարված արարքների վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալներ Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը, մասնավորապես վերագրված արարքներում մեղքն ընդունելը և զղջալը, 11 ամիս արգելանքի տակ գտնվելը, դրական բնութագրվելը, Տ.Գևորգյանի առողջական խնդիրների առկայությունը, Թ.Ուսուբովի խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխայի առկայությունը, ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար։

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալներ Թ.Ուսուբովի և Տ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում: Ուստի անհրաժեշտ է ամբաստանյալներ Տ.Գևորգյանի և Թ.Ուսուբովի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել: Թենգիզ Ուսուբովի և Տիգրան Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ յուրաքանչյուրին թողնելով կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 12 (տասներկու) օր ժամկետով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Թենգիզ Թեմուրի Ուսուբովի և Տիգրան Հովիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել: Թենգիզ Թեմուրի Ուսուբովի և Տիգրան Հովիկի Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ նրանցից յուրաքանչյուրին թողնելով կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս 12 (տասներկու) օր ժամկետով:

2. Պատժի կրման սկիզբը հաշվել Թենգիզ Թեմուրի Ուսուբովին և Տիգրան Հովիկի Գևորգյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 293-294:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 302-303:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 169-184։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 62-84։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14 որոշման 22-րդ կետը:

7 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 որոշումները։

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը։

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան