Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Published on a joint site 04.04.2022-17.04.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.05.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
20.05.2022
Дата вступления в силу
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ2/0002/06/21

Գործ թիվ ԱՎԴ2/0002/06/21

Նախագահող դատավոր՝  Մ. Հարությունյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

20 մայիսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Կարեն Սևակի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2021 թվականի հունվարի 8-ին հարուցվել է թիվ 26100221 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նույն օրը Կարեն Սևակի Մուրադյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունվարի 10-ի որոշմամբ Կարեն Մուրադյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հունվարի 10-ի որոշմամբ մեղադրյալ Կ.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 10-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 4-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Կարեն Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2021թ. հունվարի 5-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Նորայր Ազգիբեկի Նիկողոսյանի, Ժորա Հովսեփի Բազիկյանի և անչափահաս` 31.05.2004թ. ծնված` Մարսել Տիգրանի Մինասյանի հետ միասին, խմբի կազմում ապօրինաբար Պետրոս Լևոնի Ամիրխանովին (ծնված 29.10.1962թ.) կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով, նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել, ինչի արդյունքում՝ դիտավորությամբ վերջինիս կյանքից զրկել են` սպանել, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Այսպես.

2021թ. հունվարի 5-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Մուրադյանը Վեդի քաղաքի Թումանյան 6 հասցեում գտնվող, Նորայր Նիկողոսյանի կողմից որպես բնակարան զբաղեցված, Վեդու համայնքապետարանի առաջին հարկում գտնվող ծերերի համար նախատեսված խաղասենյակում վերջինիս և նրա հետ համատեղ բնակվող Պետրոս Ամիրխանովի, Վեդի քաղաքի անչափահաս բնակիչ՝ Մարսել Մինասյանի, Վեդի քաղաքի բնակիչ Տիգրան Պետրոսյանի, ինչպես նաև Գոռավան գյուղի բնակիչ Ժորա Բազիկյանի հետ կազմակերպել են խնջույք, որի ընթացքում Պ.Ամիրխանովը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել խնջույքի բոլոր մասնակիցների հասցեներին: Կ.Մուրադյանը՝ Ն.Նիկողոսյանի, Մ.Մինասյանի և Ժ.Բազիկյանի հետ իրենց հասցեին տրված սեռական բնույթի հայհոյանքի համար՝ Պ.Ամիրխանովին պատժելու և ապօրինաբար, դիտավորությամբ նրան կյանքից զրկելու նպատակով, սկսել են ձեռքերով ու ոտքերով, իսկ Ժ.Բազիկյանը նաև կիթառով հարվածներ հասցնել Պ.Ամիրխանովի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախ հոնքային շրջանի, քթի, մեջքի, աջից ստորին ծնոտի թվով երեք, աջ սրունքի վերին երրորդականի առաջային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի երկրորդ ոսկրի պրոեկցիայով անհարթ, մուգ կարմիր գույնի արյունազեղված եզրերով վերքեր, որոնց հետևանքով Պ.Ամիրխանովը մահացել է: Դրանից հետո, հունվարի 8-ին՝ ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Կ.Մուրադյանը, Ն.Նիկողոսյանը, Տ.Պետրոսյանը և Մ.Մինասյանը Պ.Ամիրխանովի դին տեղավորել են փայտյա արկղում, Կարեն Մուրադյանը և Մարսել Մինասյանը տվյալ արկղը տեղավորել են վերջինիս կողմից վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի 368 AN 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և տեղափոխելով Պ.Ամիրխանովի դիակը՝ արկղում փակված վիճակում, թաքցնելու նպատակով, թողել են Վեդի քաղաքից Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին կից գտնվող աղբավայրում (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները չեն բովանդակում փաստական տվյալներ այն մասին, որ մեղադրյալ Կարեն Մուրադյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղսագրվող արարքին:

(…)

Համադրելով (…) ապացույցներում առկա փաստական տվյալները Կարեն Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքի որոշման մեջ շարադրված, Պ.Ամիրխանովի մարմնի վրա առկա վնասվածքների բնույթի և տեղակայման հետ, դատարանն արձանագրում է, որ այդ վնասվածքներից որևէ մեկը մեղադրյալ Կարեն Մուրադյանի կողմից պատճառված լինելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ: Ընդհակառակը ըստ գործում առկա ապացույցների Կարեն Մուրադյանը միայն նկարահանել է դեպքը և մեկ անգամ հայհոյանք հնչեցրել Պ.Ամիրխանովի հասցեին:

Բացի այդ, (…) ներկայացված փաստաթղթերը չեն բովանդակում տվյալներ այն մասին, որ Կարեն Մուրադյանը կատարել է որևէ գործողություն, որի հետևանքով առաջացել է Պետրոս Ամիրխանովի մահը:

Վերոգրյալի համատեքստում դատարանն արձանագրում է, որ բացակայում են մեղսագրվող ենթադրյալ արարքին Կ.Մուրադյանի առնչությունը հաստատող ապացույցները, այսինքն՝ առկա չէ Կ.Մուրադյանի կողմից նրան վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը:

(...)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմնին չհաջողվեց դատարանի համար համոզիչ հիմնավորել, որ առկա է Կ.Մուրադյանին մեղսագրվող արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածը և հետևաբար հաշվի առնելով այն, որ վերջինիս բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին կհամարվի ապօրինի և նման պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է, ուստի դատարանը վերոգրյալ փաստական և իրավական հիմնավորումների հաշվառմամբ գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրվող Կարեն Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ենթակա է մերժման (…)»2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Ա]նդրադառնալով մեղադրյալ Կարեն Սևակի Մուրադյանի կալանավորման պայմանների առկայության կամ բացակայության հարցին` Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա փաստական տվյալներն ու տեղեկությունները (տե՛ս, ի թիվս այլնի, վկա Տիգրան Պետրոսյանի, կասկածյալներ Ժորա Բազիկյանի, Նորայր Նիկողոսյանի, Կարեն Մուրադյանի, Մարսել Մինասյանի հարցաքննությունների և «Այֆոն 7» մոդելի բջջային հեռախոսում առկա տեսաձայնագրությունը զննելու մասին կազմված արձանագրությունների պատճենները, ինչպես նաև թիվ ԱՎԴ2/0002/06/21 դատական գործի նյութերում առկա այլ դատավարական գործողությունների արձանագրությունները և այլն), առերևույթ հիմք չեն տալիս փաստելու, որ քրեական գործի տվյալ փուլում նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ տվյալ փուլի չափանիշներին վերաբերվող բավարար ապացույցներ, փաստեր և տեղեկություններ է ունեցել մեղադրյալ Կարեն Սևակի Մուրադյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության հանգելու համար, իսկ առկա փաստական տվյալները առերևույթ բավարար չեն հանգելու մեղադրյալին վերագրվող արարքում նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության: Այսպիսով, Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր են (...) և բխում են սույն դատական գործի նյութերից:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործի տվյալ փուլում, վերը նշված փաստական տվյալները բավարար չեն հանգելու այն հետևության, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Կարեն Սևակի Մուրադյանն առնչակցություն ունի իրեն վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված արարքի կատարմանը: Հետևաբար, վերաքննիչ բողոքում նշված փաստարկներն անհիմն են և չեն բխում սույն դատական գործի նյութերից: Մասնավորապես սույն դատական գործի նյութերը կարող են բավարար լինել արձանագրելու, որ մեղադրյալը գտնվել է ենթադրյալ դեպքի վայրում և ենթադրաբար իրականացրել է տեսանկարահանում։ Առկա փաստակազմի շրջանակներում հիմնավոր կասկածի չափանիշներին բավարարող փաստական տվյալներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող որևէ համապատասխան արարք, տվյալ դեպքում չկա։ Առկա փաստական տվյալները կարող են հիմք հանդիսանալ որոշակի ենթադրություններ կատարելու համար, սակայն այդ չափանիշից բարձր և հիմնավոր կասկածի (…) չափանիշին բավարարող փաստական տվյալներ սույն դատական գործում չկան։ Հետևաբար, էության մեջ Վերաքննիչ դատարանը իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին (…)»3:

8. 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Կարեն Սևակի Մուրադյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար։ Կ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ և 135-րդ հոդվածների պահանջները, Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված հետևություններն անհիմն են և չեն բխում նախաքննության մարմնի միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալներից։

Բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանները, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կանխորոշել են այնպիսի հարցեր, որոնք կարող էին քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու ժամանակ: Ստորադաս դատարանները կասկածի տակ են դրել Կ.Մուրադյանի մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքները, ինչը չի կարող հանդիսանալ դատարանի անկողմնակալության սկզբունքի պահպանության անհրաժեշտ նախապայման: Վերաքննիչ դատարանը, փաստացի իրականացնելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցների գնահատում և դրա արդյունքում մեղադրանքի հիմնավորվածության դատական ստուգում, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից։

Ըստ բողոքաբերի՝ դատարան ներկայացվել են բավարար փաստեր ու տեղեկություններ, որոնք օբյեկտիվորեն կարող էին հնարավորություն տալ անաչառ դիտորդին եզրակացնելու, որ մեղադրյալ Կ.Մուրադյանն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին: Մինչդեռ, ստորադաս դատարանները ներկայացված փաստերի ոչ պատշաճ գնահատման արդյունքում հանգել են սխալ հետևության՝ հիմնավոր կասկածի բացակայության մասին։

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով մեղադրյալ Կ.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Կ.Մուրադյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

12.1. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի5, Հարություն Խաչատրյանի6 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ7։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից8, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել9, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)։

- հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմը առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին10։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- նախաքննության մարմինը Կ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով այն բանի համար, որ նա Նորայր Նիկողոսյանի, Ժորա Բազիկյանի և Մարսել Մինասյանի հետ միասին, խմբի կազմում ապօրինաբար Պետրոս Ամիրխանովին կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով, նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ են հասցրել, ինչի արդյունքում՝ դիտավորությամբ վերջինիս կյանքից զրկել են` սպանել:

Դրանից հետո Կ.Մուրադյանը, Ն.Նիկողոսյանը, Տ.Պետրոսյանը և Մ.Մինասյանը Պ.Ամիրխանովի դին տեղավորել են փայտյա արկղում, Կարեն Մուրադյանը և Մարսել Մինասյանը տվյալ արկղը տեղավորել են վերջինիս կողմից վարած ավտոմեքենան և տեղափոխելով Պ.Ամիրխանովի դիակը՝ արկղում փակված վիճակում, թաքցնելու նպատակով, թողել են Վեդի քաղաքից Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին կից գտնվող աղբավայրում11:

- Առաջին ատյանի դատարանը, համադրելով ապացույցներում առկա փաստական տվյալները՝ մեղադրյալ Կ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով առաջադրված մեղադրանքի որոշման մեջ շարադրված, Պ.Ամիրխանովի մարմնի վրա առկա վնասվածքների բնույթի և տեղակայման հետ, արձանագրել է, որ այդ վնասվածքներից որևէ մեկը մեղադրյալ Կ.Մուրադյանի կողմից պատճառված լինելու վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ: Ընդհակառակը, ըստ գործում առկա ապացույցների, Կ.Մուրադյանը միայն նկարահանել է դեպքը և մեկ անգամ հայհոյանք հնչեցրել Պ.Ամիրխանովի հասցեին: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բացակայում են մեղսագրվող ենթադրյալ արարքին Կ.Մուրադյանի առնչությունը հաստատող ապացույցները, այսինքն՝ առկա չէ Կ.Մուրադյանի կողմից նրան վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը12:

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատախազի վերաքննիչ բողոքում առկա փաստական տվյալներն ու տեղեկություններն առերևույթ հիմք չեն տալիս փաստելու, որ քրեական գործի տվյալ փուլում նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ տվյալ փուլի չափանիշներին վերաբերվող բավարար ապացույցներ, փաստեր և տեղեկություններ է ունեցել՝ մեղադրյալ Կ.Մուրադյանին մեղսագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության հանգելու համար: Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նյութերը կարող են բավարար լինել արձանագրելու, որ մեղադրյալը գտնվել է ենթադրյալ դեպքի վայրում և ենթադրաբար իրականացրել է տեսանկարահանում։ Առկա փաստակազմի շրջանակներում հիմնավոր կասկածի չափանիշներին բավարարող փաստական տվյալներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող որևէ համապատասխան արարք, տվյալ դեպքում չկա։

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ առկա փաստական տվյալները կարող են հիմք հանդիսանալ որոշակի ենթադրություններ կատարելու համար, սակայն այդ չափանիշից բարձր և հիմնավոր կասկածի չափանիշին բավարարող փաստական տվյալներ սույն դատական գործում չկան13:

14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Կ.Մուրադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, Կ.Մուրադյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման հիմնավոր կասկածի բացակայության հարցում հանգել են ճիշտ հետևության։

Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալները բավարար չեն Կ.Մուրադյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների դատողությունների հետ:

Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ ըստ գործում առկա նյութերի՝ մեղադրյալ Կ․Մուրադյանը գտնվել է ենթադրյալ դեպքի վայրում, ենթադրաբար իրականացրել է դեպքի տեսանկարահանում, հայհոյանք հնչեցրել Պ.Ամիրխանովի հասցեին, սակայն առկա փաստակազմի շրջանակներում հիմնավոր կասկածի չափանիշներին բավարարող փաստական տվյալներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված ենթադրյալ հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն, տվյալ դեպքում բացակայում են։

15. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Կ.Մուրադյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր են։

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 10-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի փետրվարի 15-ի որոշումները օրինական են և հիմնավորված: Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի որոշումը` թողնելով օրինական ուժի մեջ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Կարեն Սևակի Մուրադյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի փետրվարի 15-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 161-163:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 206-216:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44-62:

4 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴ1/0086/01/21 քրեական գործը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

9 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան