Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.11.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
04.11.2022
Дата вступления в силу
04.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

39/14.06.2021

Գործ թիվ 39/14.06.2021

Նախագահող դատավոր՝  Ա.Մնացականյան

 

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

04 նոյեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշման դեմ մեղադրյալ Գևորգ Ռազմիկի Աթաբեկյանի պաշտպան Ա.Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում 2021 թվականի հունիսի 17-ին հարուցվել է թիվ 61206421 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 154.2-րդ հոդվածի 1-ին մասի, 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 154.9-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ Կ.Սահակյանի միջնորդությունը, և թույլատրվել է Մարիամ Վազգենի Ուրֆալյանի նկատմամբ իրականացնել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում՝ երկու ամիս ժամկետով:

2021 թվականի հունիսի 18-ին Գևորգ Ռազմիկի Աթաբեկյանը ձերբակալվել է:

2021 թվականի հունիսի 19-ին Գ.Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունիսի 20-ի որոշմամբ Գ.Աթաբեկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է, պաշտպանի բողոքը՝ բավարարվել, և Գ.Աթաբեկյանի ձերբակալումը ճանաչվել ոչ իրավաչափ:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Գ.Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

3․ Մեղադրյալ Գ.Աթաբեկյանի պաշտպան Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ թողնվել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Գ.Աթաբեկյանի պաշտպան Ա.Մանուկյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանի որոշումն անհիմն է և անօրինական, այն չի բխում ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Մասնավորապես, բողոքի հեղինակի կարծիքով, հետաքննության մարմինը դատարան չի ներկայացրել բավարար տվյալներ, որ Մ.Ուրֆալյանն առնչություն է ունեցել ընտրական պրոցեսներին:

Բողոքի հեղինակը, վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ, 73-րդ, 278-րդ և 290-րդ հոդվածները հանգել է հետևության, որ քրեադատավարական օրենքը չի սահմանափակել մեղադրյալի բողոքարկման իրավունքը՝ միայն իր հեռախոսահամարի կապակցությամբ, այլ հստակ նշել է, որ քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից` այն անձանց կամ նրանց ներկայացուցիչների բողոքի հիման վրա, որոնց շահերը շոշափվում են:

Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալն իրավասու է բողոքարկել ինչպես անմիջապես իրեն առնչվող դատական ակտերը, այնպես էլ այլ դատական ակտեր, որոնք անմիջապես առնչվում են իր իրավունքներին և օրինական շահերին։ Իսկ սույն գործով վիճարկվող դատական ակտն ուղղակիորեն առնչվում է ամբաստանյալ Գ.Աթաբեկյանի իրավունքներին և օրինական շահերին, քանի որ նաև նշված դատական ակտի հիման վրա է հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում Գ․Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել։

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Մ.Ուրֆալյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը կամ բեկանել այն և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Առաջին ատյանի դատարանը, որպես օպերատիվ մարմնի միջնորդության բավարարման հիմնավորումներ, 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ «Պատիվ ունեմ» դաշինքի աջակից Մարիամ Վազգենի Ուրֆալյանը (ծնված 1976թ., հաշվառված՝ ք. Երևան, Գոգոլի փողոց, 5ա շենք., բնակարան 18 հասցեում), նախնական համաձայնության գալով նույն դաշինքի ղեկավարների և մի շարք աջակիցների հետ, դաշինքի օգտին իրականացվող քարոզչության ընթացքում ընտրողներին խոստանում են տրամադրել կաշառք-գումարներ՝ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու համար:

(…)

Վերոգրյալի հիման վրա և նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, և Մ.Ուրֆալյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացմամբ կարող են ստացվել հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող տվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ ծանր հանցագործության կանխմանը և անհրաժեշտ ապացույցների ձեռքբերմանը (…) Դատարանը որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետի միջնորդությունը բավարարել, թույլատրել երկու ամիս ժամկետով Մարիամ Վազգենի Ուրֆալյանի նկատմամբ (…) իրականացնել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում»2:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշման համաձայն` «(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Որոշմամբ թույլատրվել է երկու ամիս ժամկետով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնել Մարիամ Վազգենի Ուրֆալյանի նկատմամբ, որը որևէ կերպ չի վերաբերել թիվ 61206421 քրեական գործով մեղադրյալ Գևորգ Աթաբեկյանի իրավունքնրի սահմանափակմանը: Հետևաբար՝ Որոշումը չի շոշափել Գևորգ Աթաբեկյանի շահերը, մասնավորապես՝ նրա հաղորդակցության գաղտնիության իրավունքը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իրականացված «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները կարող են դրված լինել թիվ 61206421 քրեական գործով մեղադրյալ Գևորգ Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, ապա այդ հանգամանքն ինքնին չի կարող իրավունք վերապահել Գևորգ Աթաբեկյանին կամ նրա պաշտպանին բողոքարկելու օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Որոշումը: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման մոտեցումը չի սահմանափակում մեղադրյալ Գևորգ Աթաբեկյանի պաշտպանության իրավունքը, քանի որ Մարիամ Ուրֆալյանի նկատմամբ իրականացված «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները Գևորգ Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված լինելու դեպքում վերջինը կամ նրա պաշտպանը զրկված չեն հետագայում՝ գործն ըստ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը (Տես, mutatis mutandis, Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2018 թվականի հունիսի 1-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշուման 14-րդ կետը)։

Նկատի ունենալով, որ թիվ 61206421 քրեական գործով մեղադրյալ Գևորգ Աթաբեկյանը և նրա պաշտպան Արթուր Մանուկյանը սույն դեպքում չեն հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ որոշման դեմ թիվ 61206421 քրեական գործով մեղադրյալ Գևորգ Աթաբեկյանի պաշտպան Արթուր Մանուկյանի բերված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության (…)»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. hիմնավոր է արդյո՞ք Մարիամ Ուրֆալյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրյալ Գ.Աթաբեկյանի պաշտպան Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։

11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

11.1. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ, ի թիվս այլի, նշել է.

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման4:

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

12.1. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով5,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը6,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա7:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումները տեղ են գտել նաև Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճռում, որտեղ ընդգծվել է. «Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (…)»8:

13. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»9:

14. Նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների վիճարկման կառուցակարգին և բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ հարցերին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արա Շահնազարյանի վերաբերյալ գործով, մասնավորապես արձանագրելով հետևյալը. «(…) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը ստուգելու «արդյունավետ վերահսկողության» մեխանիզմ կարող է լինել բացառապես դրա իրավաչափության վիճարկումը վերադասության կարգով։ Ուստի, Համբարձումյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում արտացոլված այն մոտեցումը, որ քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վիճարկելու հնարավորությունը չի կարող դիտարկվել «արդյունավետ վերահսկողության» մեխանիզմ, ընդունելի է նաև Վճռաբեկ դատարանի համար: (…)

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն» կարող է դիտարկվել բացառապես դրա իրավաչափությունը վերադաս դատական ատյանում վիճարկելը։ Այդպիսի կառուցակարգը կարող է լինել երաշխիք՝ դեպքին ինչպես ուղղակի, այնպես անուղղակի առնչություն ունեցող անձանց մասնավոր կյանքի անձենմխելիության իրավունքի նկատմամբ կամայական միջամտությունները բացառելու համար։

18. Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են «թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակի, ուստի Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում նախադեպային իրավական դիրքորոշում ձևավորել նաև դրանց իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը վերադաս դատական ատյան բողոքարկելու չափանիշի վերաբերյալ։

Մասնավորապես, որպես այդպիսի չափանիշ պետք է դիտարկել մասնավոր կյանքի անձենմխելիության իրավունքի խախտման զոհի վիճակի հիմնավորումը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելիս անձը պետք է հիմնավորի, որ իր մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա։

Վերոնշյալը վկայում է այն մասին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափության վիճարկման կառուցակարգի գործադրման երկաստիճան չափանիշը ենթադրում է հետևյալ հարցերի պարզում.

ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,

բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։ (…)

[Շ]ահագրգիռ անձինք իրենց բողոքը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը։ Այս առումով, նաև հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը, Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարում արձանագրել, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել վերոնշյալ չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Մասնավորապես, անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարող են որպես մեղադրյալ ներգրավվել երրորդ անձինք: Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, եթե այդ երրորդ անձանց որևէ իրավունք չի ենթարկվել միջամտության բուն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակներում։ Նրանք կարող են հետագայում՝ հնարավոր քրեական վարույթի շրջանակներում վիճարկել մեղադրանքի հիմքում դրված այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների թույլատրելիությունը։ (…)

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը ստուգելու «արդյունավետ վերահսկողության» մեխանիզմը կարող է գործադրվել դրա իրավաչափությունը վերադաս դատական ատյանի կարգով վիճարկելու ճանապարհով՝ այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձենմխելիության իրավունքի խախտման զոհ»10:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Մ.Ուրֆալյանի նկատմամբ իրականացնել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումը11,

- 2021 թվականի հունիսի 19-ին Գևորգ Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

- Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Գ.Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով12,

- մեղադրյալ Գ.Աթաբեկյանի պաշտպան Ա.Մանուկյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 14-ի որոշման դեմ, որը Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ թողնվել է առանց քննության13:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ Գ.Աթաբեկյանը կամ նրա պաշտպանը տվյալ դեպքում չունեն վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ վիճարկվող դատական ակտով թույլատրվել է Մ.Ուրֆալյանի նկատմամբ իրականացնել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառում, որը որևէ կերպ չի վերաբերել մեղադրյալ Գևորգ Աթաբեկյանի իրավունքների սահմանափակմանը, այն չի շոշափել Գ.Աթաբեկյանի շահը, մասնավորապես՝ նրա հաղորդակցության գաղտնիության իրավունքը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ իրականացված «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները թիվ 61206421 քրեական գործով մեղադրյալ Գ.Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դնելու հանգամանքն ինքնին չի կարող իրավունք վերապահել Գ.Աթաբեկյանին կամ նրա պաշտպանին բողոքարկելու օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշումը:

Միաժամանակ, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Բաբայանի և մյուսների գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշմանը, Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ Մ.Ուրֆալյանի նկատմամբ իրականացված «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները Գ.Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված լինելու դեպքում, վերջինս կամ նրա պաշտպանը զրկված չեն հետագայում՝ գործն ըստ էության քննելիս, վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիոււթյունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը14:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Գ.Աթաբեկյանի պաշտպանի կողմից չեն ներկայացվել փաստական տվյալներ և չի հիմնավորվել, որ այդ որոշման հիման վրա միջամտություն է տեղի ունեցել Գ.Աթաբեկյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել իրեն կամ ազդեցություն է թողել իր լեգիտիմ շահերի վրա: Բողոքաբերն իր փաստարկները հիմնավորել է միայն այն պատճառաբանությամբ, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա է հարուցվել քրեական գործ, որի շրջանակներում Գ.Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել15։ Մինչդեռ, օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չեն կարող վկայել սույն որոշմամբ վկայակոչված չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, բողոքաբերի կողմից ներկայացված հիմնավորումների պայմաններում, հանգել է ճիշտ եզրահանգման։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, դիմողը զրկված չէ այլ ընթացակարգերով, այդ թվում վերաբերելի չափանիշների և պայմանների առկայության դեպքում հետագա դատական վերահսկողության կարգով կամ դատական քննության շրջանակներում ստանալ արդյունավետ դատական պաշտպանություն, մասնավորապես՝ վիճարկել այդ ապացույցի ձեռք բերման թույլատրելիությունը։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն պնդումը, թե Գ.Աթաբեկյանը կամ նրա պաշտպանը զրկված չեն հետագայում՝ գործն ըստ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիոււթյունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը, հիմնավոր է։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Մ.Ուրֆալյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գ.Աթաբեկյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է։

17. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Գ.Աթաբեկյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում, ուստի, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Գևորգ Ռազմիկի Աթաբեկյանի պաշտպան Ա.Մանուկյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_____________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 5-6:

3 Տե՛ս նյութեր, թերթեր 49-51:

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mamikonyan v. Armenia գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, 25-րդ կետ։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը:

11 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

13 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 6-րդ և 9-րդ կետերը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

 

Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան