ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԷԴ/0011/01/17 | ||
Գործ թիվ ԵԷԴ/0011/01/17 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
2023 թվականի փետրվարի 15-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Անդրանիկ Մնացականի Գալստյանի պաշտպան Ա.Զեյնալյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 12141416 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունվարի 31-ի որոշմամբ Անդրանիկ Մնացականի Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հունվարի 31-ի որոշմամբ Անդրանիկ Մնացականի Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2017 թվականի փետրվարի 21-ին թիվ 12141416 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի դատավճռով Անդրանիկ Մնացականի Գալստյանը, Հայկ Սարգսի Հովհաննիսյանը, Արմեն Սարիբեկի Հայրապետյանը և Արտյոմ Գագիկի Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել են անմեղ և արդարացվել:
Տուժող Արման Սաղաթելյանի քաղաքացիական հայցը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի մայիսի 27-ի որոշմամբ մեղադրող Վ.Դոլմազյանի և տուժողի ներկայացուցիչներ Ա.Ղարագյողյանի և Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է. ամբաստանյալներ Անդրանիկ Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Արմեն Հայրապետյանը և Արտյոմ Հայրապետյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից:
Տուժող Ա.Սաղաթելյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
4. Վճռաբեկ դատարանը 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ամբաստանյալներ Ա.Գալստյանի, Հ.Հովհաննիսյանի, Ա.Ս.Հայրապետյանի, Ա.Գ.Հայրապետյանի պաշտպան Ա.Թամրազյանի և տուժող Ա.Սաղաթելյանի ներկայացուցիչ Ի.Ավագյանի բողոքները վարույթ ընդունելը մերժել է:
5. Ա.Գալստյանը 2020 թվականի մայիսի 18-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով կիրառման ենթակա դրույթների՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 385-րդ հոդվածի 1-ին մասի, 397-րդ հոդվածի 2-րդ մասի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
6. ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավակարգավորումը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխան` այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթով նախատեսված լիազորությունն իրականացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ապահովի անձի` մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացման իրավական հնարավորություն: Նույն որոշմամբ «Անդրանիկ Գալստյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի, 397-րդ հոդվածի 2-րդ և 414.2-րդ հոդվածի 1-ին մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին և 414.2-րդ հոդվածի 1-ին մասերով, կարճվել է: Նույն որոշմամբ փաստվել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
7. ՀՀ Սահմանադրական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշումը որպես նոր հանգամանք վկայակոչելով՝ Ա.Գալստյանի պաշտպան Ա.Զեյնալյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
8. 2021 թվականի հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու և ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին1։ Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, հետևաբար, Վերաքննիչ դատարանը չպետք է իրավասու լինի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և սեփական նախաձեռնությամբ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերաորակի։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ վերաորակել է Ա.Գալստյանին առաջադրված մեղադրանքը՝ դրանով իսկ խախտելով նրա պաշտպանության իրավունքը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը Ա.Գալստյանին մեղսագրված արարքի իրավական գնահատականը փոխել է որոշման հրապարակման ժամանակ՝ այդպիսով անձին զրկելով մեղադրանքի դեմ արդյունավետ պաշտպանության իրավունքից։
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշումը, խնդրել է հարուցել նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
11. Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) [Ն]ախաքննական մարմնի կողմից Անդրանիկ Գալստյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արմեն Հայրապետյանին և Արտյոմ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում, գործով տուժող Արման Սաղաթելյանը կնոջ` Անժելա Մանջիկյանի հետ զբոսնել է Երևանի Ջրաշեն 1-ին փողոցով, իսկ նրանց անչափահաս որդին հասակակիցների հետ գտնվել է նույն փողոցի ներքևի հատվածում: Չհասած Ջրաշեն 1-ին փողոցի խաչմերուկին նկատել են խաչմերուկից բարձր արագությամբ դեպի իրենց ուղղությամբ ընթացող, ամբաստանյալ Անդրանիկ Գալստյանի վարած ավտոմեքենան: Տուժող Ա.Սաղաթելյանն անհանգստացած լինելով այն հանգամանքից, որ որդին հարևանությամբ բնակվող երեխաների հետ գտնվում է փողոցի ներքևի հատվածում, գոռալով և ձեռքի շարժումով փորձել է կանգնեցնել մեքենան, որպեսզի վարորդին զգուշացնի, որ մեքենան դանդաղ վարի, քանի որ փողոցի ներքևի հատվածում երեխաներ են խաղում: Նույն պահին ամբաստանյալ Ա.Գալստյանը թիվ 21 տան դիմաց ավտոմեքենան կայանելուց հետո, ուղևոր, գործով մյուս ամբաստանյալ Հայկ Հովհաննիսյանի հետ իջել են մեքենայից և ավտոմեքենան արագ վարելու համար դիտողության արժանանալու չնչին առիթն օգտագործելով, նույն վայրում գտնվող իրենց մտերիմներ, գործով ամբաստանյալներ Արտյոմ Հայրապետյանի, Արմեն Հայրապետյանի և ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, բարոյականության և իրավական նորմերով իրենց կաշկանդված չլինելու հանգամանքը ցուցադրելով, շրջապատի նկատմամբ իրենց գերազանցությունն ընդգծելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել տուժող Ա.Սաղաթելյանի նկատմամբ, այն է ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, դիտավորությամբ վերջինիս պատճառել կրծքավանդակի բութ վնասվածքի, ձախ ոտնաթաթի ներբանային մակերեսի սալջարդ վերքի, ձախ սրունքի 1/3–ի դրսային մակերեսի, ձախ ծնկային առաջային մակերեսի, ձախ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսի, ձախ արմնկային հետին մակերեսի, աջ արմնկային հետին մակերեսի, աջ սրունք-թաթային հոդի դրսային մակերեսի, աջ ուսագոտու հետին մակերեսի, ձախ ակնակապճի դրսային անկյան շրջանի, ձախ բազկի ստորին երրորդականի հետին մակերեսի, ձախ արմնկահոդի և վերակնակապճային շրջանի արյունազեղումների ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նույն ժամանակ Արման Սաղաթելյանի կինը, գործով վկա Ա.Մանջիկյանը, գետնին ընկած ամուսնուն պաշտպանելու և նրա հետագա ծեծը կանխելու նպատակով, մոտեցել է ամբաստանյալ Ա.Գալստյանին և պահանջելով դադարեցնել բռնությունը, երկու անգամ ապտակել է վերջինիս: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` դատարան) եզրահանգել է, որ նախաքննական մարմինը Անդրանիկ Մնացականի Գալստյանի, Հայկ Սարգսի Հովհաննիսյանի, Արտյոմ Գագիկի Հայրապետյանի և Արմեն Սարիբեկի Հայրապետյանի գործողությունների ամբողջական վերլուծության և արարքի հանցակազմը հիմնավորող բավարար ապացույցների բացակայության արդյունքում հանգել է սխալ իրավական դիրքորոշման և վերջիններիս անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար:
(…)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարանն ամբաստանյալներ Ա.Գալստյանի, Հ.Հովհաննիսյանի, Ա.Հայրապետյանի և Ա.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արադարացման դատական ակտ կայացնելու հարցում հանգել է ոչ ճիշտ եզրակացության, առանց քննարկման առարկա դարձնելու վերջիններիս արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված այլ հանցակազմի առկայության կամ բացակայության հարցը:
(…)
Ամբաստանյալներ Ա.Գալստյանի, Հ.Հովհաննիսյանի, Արտյոմ և Արմեն Հայրապետյանների կողմից (առաջադրված մեղադրանքի շրջանակներում) խուլիգանական գործողություններ կատարելու առնչությամբ առկա է չփարատված կասկած, որպիսի հանգամանքը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան չի հաղթահարվել դատաքննության ընթացքում, սակայն հիմնավորվել է, որ նրանք ծեծել են տուժողին, նրա մարմնին ձեռքերով կամ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով, հետևաբար նրանց արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից պետք է վերաորակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչը չի արվել: Վերոգրյալի հաշվառմամբ, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ այդ առումով գործով ձեռք բերված փաստական տվյալներն իրենց համակցությամբ բավարար են հիմնավոր կասակածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հիմնավոր հետևության հանգելու այն մասին, որ քննարկվող դեպքում, ամբաստանյալներ Ա.Գալստյանի, Հ.Հովհաննիսյանի, Արտյոմ և Արմեն Հայրապետյանների արարքներում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ:
Որպիսի պայմաններում, վերաքննիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտում, որը ազդել է սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչն իր հերթին հանգեցրել է նյութական իրավունքի խախտման (…)»2:
12. ՀՀ Սահմանադրական դատարանը 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Ակներև է, որ վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների վերաբերյալ առկա օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ներկայացրած իրավական դիրքորոշումները հանգում են այն հետևության, որ վերաքննիչ դատարանը չի իրականացնում գործի ըստ էության քննություն և չի կարող դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, իսկ նշված կանոնից բացառությունները նույնպես հստակ ամրագրված են օրենսդրությամբ, որոնք բացառում են այլ հիմքերով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս գալը:
Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս չգալը կարևորվում է նաև անկախ դատարանի կողմից գործի արդարացի՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու տեսանկյունից, որի բացակայությունը համահունչ չէր լինի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներին:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով դիմողի կողմից վիճարկվող դրույթին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն սահմանում է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու պահանջը, որպիսի կարգավորումը համահունչ է ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ` միջազգային իրավական ակտերով ամրագրված դատական պաշտպանության և արդար դատաքննության սկզբունքներին, որպիսի դիրքորոշումը հիմնավորվում է վերոշարադրյալ մի շարք իրավական դիրքորոշումներով և վերլուծությամբ:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությունը հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով փոփոխելը, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար, հնարավորություն է տալիս վերաքննիչ ատյանին դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, որպիսի կարգավորումն ուղղված է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը՝ վերջինիս իրավական վիճակը բարելավելու և արդարացի դատական ակտի առկայությունը ապահովելու միջոցով։
(…) Օրենսգրքի վիճարկվող նորմերը մեղադրանքից պաշտպանվելու, տվյալ դեպքում՝ փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելու արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման դեպքում անձը պետք է ապահովվի մեղադրանքի թե՛ փաստական, թե՛ իրավական որակման փոփոխությունների վերաբերյալ անհրաժեշտ և ամբողջական տեղեկատվությամբ, ինչպես նաև անձի համար պետք է ապահովել ողջամիտ ժամանակահատված փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու, դրա վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելու իրավական հնարավորությամբ»3:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը վերանայելու համար:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանըե։
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանդրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ (…) դր[ա] ուժի մեջ մտնելու պահից (…)»։
16. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշումը, որով Սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանդրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
17. Սույն գործի նյութերից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի դատավճռով ամբաստանյալներ Անդրանիկ Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Արմեն Հայրապետյանը և Արտյոմ Հայրապետյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել են անմեղ և արդարացվել4,
- Նշված դատավճռի դեմ մեղադրող Վ.Դոլմազյանի և տուժողի ներկայացուցիչներ Ա.Ղարագյողյանի և Ի.Ավագյանի վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարանը բավարարել է մասնակի, ամբաստանյալներ Ա.Գալստյանին, Հ.Հովհաննիսյանին, Ա.Հայրապետյանին և Ա.Հայրապետյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրանց ազատել քրեական պատասխանատվությունից5,
- Ա.Գալստյանը 2020 թվականի մայիսի 18-ին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի, 397-րդ հոդվածի 2-րդ և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը6.
- ՀՀ Սահմանադրական դատարանը 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշմամբ նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավակարգավորումը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթով նախատեսված լիազորությունն իրականացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ապահովի անձի` մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացման իրավական հնարավորություն: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ7:
18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշումը ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը վերանայելու հիմք է։
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշումը հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 27-ի որոշումը Ա.Գալստյանի մասով բեկանելու համար:
20. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrumե` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և
(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,
բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
20.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։
Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է (…)8»:
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:
21.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) [Ի]րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»9:
22. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է։
23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ Ա.Գալստյանին մեղսագրաված արարքի իրավական գնահատականը փոխել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառելով ՀՀ Սահմանադրական դատարանի վերը հիշատակված թիվ ՍԴՈ-1559 որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
24. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-21.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ Ա.Գալստյանը շարունակում է կրել ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշմամբ արձանագրված՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառելու հետևանքները։
25. Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշումը հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 27-ի որոշումը Ա.Գալստյանի մասով բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է հանգի համապատասխան հետևության:
Անդրադառնալով Ա.Գալստյանի նկատամամբ խափանման միջոց ընտրելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խափանման միջոց ընտրելու հիմքերն առկա չեն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Անդրանիկ Մնացականի Գալստյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վերանայման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ Վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 1-61։
3 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1559 որոշման 5.3-րդ և 5.5- րդ կետերը:
4 Տե'ս սույն որոշման 2-րդ կետը:
5 Տե'ս սույն որոշման 3-րդ և 11-րդ կետերը:
6 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը։
7 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը։
8 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights.
9 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |