Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-217
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.01.2003-03.09.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1998.05.30/11(44)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.05.1998
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.05.1998
Дата вступления в силу
09.06.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում

 

Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է`

ա) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների և դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի  ձևավորման, տարածքների նպատակային օգտագործման ուղղությունների և գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման և նախագծման բոլոր տեսակները.

բ) շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման (ներառյալ` քանդման), հողակտորների, բնական լանդշաֆտի տարրերի գործառական նշանակության, տեսքի, չափերի և սահմանների փոփոխությունների բոլոր տեսակները.

գ) շենքերի, շինությունների շահագործումը` իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

(2-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 3.

Քաղաքաշինական գործունեության օբյեկտները
 

Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքը.

բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների տարածքները.

գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, դրանց առանձին թաղամասերը և գոտիները, ինչպես նաև հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային սպասարկման, այգեգործական, ամառանոցային և այլ գործառական տարածքները.

դ) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները.

ե) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը.

զ) առանձին հողակտորները, շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները.

է) ինժեներատրանսպորտային հաղորդակցությունների համակարգերը.

ը) քաղաքաշինական փաստաթղթերը:

Սույն հոդվածի «ա»-«է» կետերում նշված օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 4.

Քաղաքաշինության գործունեության սուբյեկտները

 

Քաղաքաշինության գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են հանդես գալ որպես քաղաքաշինական գործունեության մասնակիցներ (կառուցապատողներ, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներ, շինարարություն իրականացնողներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողներ և այլն):

Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:

(4-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 5.

Քաղաքաշինության բնագավառում անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունները

 

(5-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 6.

Կառուցապատողի իրավունքները և պարտականությունները

 

Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը (այսուհետ` օգտագործող) քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող:

Քաղաքաշինական գործունեության օբյեկտի սեփականատերն իրեն պատկանող օբյեկտը կարող է օգտագործել միայն ըստ նպատակային նշանակության: Սեփականատերն ապահովում է քաղաքաշինական օբյեկտի շահագործման որակական վիճակը նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

Կառուցապատողներն իրավունք ունեն`

ա) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրել քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.

բ) քաղաքաշինական փաստաթղթերում կատարել փոփոխություններ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիսի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք սույն օրենքի 23 հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.

գ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց.

դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները:

Կառուցապատողները պարտավոր են`

ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.

բ) մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.

գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.

դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետից.

ե) ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները.

զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նախագծային փաստաթղթերը մշակողը կարող է դրանք ներկայացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձի փորձաքննությանը, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:

Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը, կառուցապատողի և քաղաքաշինական փաստաթղթեր մշակողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ.

է) ապահովել քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցումը` սույն օրենքով սահմանված կարգով.

ը) պահպանել հեղինակային իրավունքի նորմերը, ապահովել քաղաքաշինական օբյեկտի նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակային հսկողությունը` օրենքով սահմանված կարգով, եթե նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակի մասնակցության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

թ) ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` օրենքով սահմանված կարգով.

ժ) կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:

Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն սույն օրենքի 23 հոդվածի:

(6-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 7.

Քաղաքաշինական գործունեության օբյեկտների սեփականատերերի իրավունքները և պարտականությունները

 

(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 8.

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների իրավունքները և պարտականությունները

 

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային իրավունքները սահմանվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողները պարտավոր են օրենքով նախատեսված դեպքերում ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, կատարել քաղաքաշինական փաստաթղթերի մշակման առաջադրանքների և քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

(8-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 9.

Շինարարություն իրականացնողների իրավունքները և պարտականությունները

 

Շինարարություն իրականացնողներն իրավունք ունեն`

ա) հրաժարվել կառուցապատողի տրամադրած շինանյութերը, շինվածքները, կոնստրուկցիաները և ինժեներական սարքավորումներն օգտագործելուց, եթե դրանք չեն համապատասխանում գործող ստանդարտներին կամ նորմատիվ պահանջներին.

բ) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նորմատիվ բնույթի խախտումներ հայտնաբերելիս դադարեցնել շինարարական աշխատանքները և պահանջել նախագծային փաստաթղթերի այլընտրանքային փորձաքննություն:

Շինարարություն իրականացնողները պարտավոր են`

ա) ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա.

բ) շինարարության ընթացքում պահպանել հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները.

գ) սեփական միջոցներով վերացնել պայմանագրով նախատեսված ժամկետում (բայց ոչ ուշ, քան շինարարության ավարտական ակտը ձևակերպելու օրվանից մեկ տարվա ընթացքում) հայտնաբերված թերությունները, եթե դրանք առաջացել են շինարարության ընթացքում իրենց թույլ տված խախտումների հետևանքով:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 10.

Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`

ա) ապահովում է պետական քաղաքականության իրականացումը.

բ) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգերը.

գ) հաստատում է բնագավառի քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և մարզային պետական ծրագրերը.

դ) հաստատում է օրենքի 17-րդ հոդվածի հինգերորդ մասի «ա»-«գ» կետերով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերը.

ե) մշակում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը և իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում.

զ) ապահովում է հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացումը.

է) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(10-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն) 

 

Հոդված 101. Քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունը

 

Քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմինը`

ա) մշակում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթները, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական ծրագրերի նախագծեր, որոնց հաստատումից հետո իր լիազորությունների շրջանակներում վերահսկում է դրանց իրականացումը.

բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծեր.

գ) օրենքով սահմանված կարգով ընդունում և հաշվառում է քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի ազգային ստանդարտներից).

դ) ապահովում է օրենքի 17-րդ հոդվածի հինգերորդ մասի «ա»-«բ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումը և այդ նախագծերի հաստատումից հետո` դրանց իրականացման վերահսկողությունը.

ե) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ.

զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային ամփոփումը, քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը.

է) օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունը.

ը) օրենքով սահմանված կարգով իրականացնում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորումը.

թ) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքների և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարության մշակումը.

ժ) օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային պաշարների պետական կառավարումը.

ժա) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառի գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի մշակումը, տեխնիկական քաղաքականության վարումը և այդ աշխատանքների համակարգումը.

ժբ) մասնակցում է հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման, ինչպես նաև ճյուղային պետական նպատակային ծրագրերի մշակմանը` քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.

ժգ) իրականացնում է օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(101 հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն) 

 

Հոդված 102. Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

 

Քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

(102 հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

(Գլուխը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11.

Քաղաքաշինության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

 

Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն և այլ օրենքներով:

Համայնքների ղեկավարները (բացառությամբ թաղային համայնքների ղեկավարների) ավագանու հավանությամբ կարող են ընդունել բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության, բնակավայրի գլխավոր հատակագծի և տարածքների գոտևորման նախագծերի պահանջներին, սահմանում է քաղաքաշինական գործունեության կարգը տվյալ բնակավայրում:

Երևան քաղաքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատում է Երևանի քաղաքապետը:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

 

Հոդված 12.

Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները

 

Քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են`

ա) պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.

բ) հրապարակայնության ապահովումը, բացի օրենքով սահմանված դեպքերից.

գ) քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:

 

Հոդված 13.

Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները

 

Քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն`

ա) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.

բ) մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը` մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր.

գ) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.

դ) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:

Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14.

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտիավորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին:

(14-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն)


Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 141. Տարածքների գոտիավորման սկզբունքները

 

Տարածքների գոտիավորումը (այսուհետ` գոտիավորում) սահմանում է համայնքի կամ դրա առանձին հատվածների տարածքների, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջները, դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան:

Գոտիավորմամբ սահմանված պահանջները տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա և պահպանում են իրենց ուժը սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում:

Պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումն ու օգտագործման տրամադրումը, դրանց կառուցապատումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքում, շինարարության և քանդման թույլտվություններում քաղաքաշինական սահմանափակումների ու սերվիտուտների և այլ պարտադիր պահանջների սահմանումը, պետության կամ համայնքի կարիքների համար գույքը վերցնելն իրականացվում են գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա` հողամասերի նպատակային ու գործառական նշանակությանը, դրանց օգտագործման իրավական ռեժիմին և թույլատրված օգտագործումներին համապատասխան:

Գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է:

Գոտիավորմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ քաղաքաշինական գործունեություն կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում նվազում կամ վերանում է այդ անհամապատասխանությունը:

(141 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 142. Գոտիավորման տեսակները

 

Հողատարածքները գոտիավորվում են հիմնական (բազային) և օժանդակ գոտիների առանձնացման սկզբունքով:

Հիմնական են համարվում`

ա) հողամասերի գոտիավորումը` ըստ նպատակային նշանակության.

բ) հողամասերի գոտիավորումը` ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների:

Օժանդակ են համարվում`

ա) հողամասերի գոտիավորումը` ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների.

բ) հողամասերի ծավալատարածական գոտիավորումը` ըստ կառուցապատման չափորոշիչների:

Գոտիավորմամբ սահմանված պահանջները չեն կարող հակասել հանրապետության և մարզերի համար մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով սահմանված պահանջներին, հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության հողերի, անտառային ու ջրային հողերի օգտագործման ռեժիմներին, այլ նպատակային նշանակության հողերի օգտագործման սահմանափակումներին:

(142 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)

(Գլուխը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Հոդված 15.

Քաղաքաշինական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը

 

Քաղաքաշինական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական այլ ակտերից:

Քաղաքաշինական գործունեության հետ առնչվող հողային, ջրային, անտառային, օդային տարածքների, ընդերքի օգտագործման, շրջակա միջավայրի, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, սեփականության, գույքային, ինչպես նաև հեղինակային իրավունքի իրականացման ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են օրենքներով և իրավական այլ ակտերով:

(15-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 16.

Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը

 

Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամների տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:

Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:

Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:

(16-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 17.

Քաղաքաշինական փաստաթղթերը

 

Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երեք խմբի` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, գոտիավորման փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման, ինչպես նաև դրանց հրապարակային քննարկումների կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար և քաղաքաշինական պլանավորման միջոցով սահմանում են կենսագործունեության բարենպաստ տարածական միջավայրի ձևավորման, տարաբնակեցման, տարածքների նպատակային օգտագործման և կայուն զարգացման հիմնական ուղղություններն ու պայմանները:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր են`

ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծերն ու նախագծերը.

բ) Հայաստանի Հանրապետության մարզերի, տարածաշրջանների, ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող տարածքային հատակագծման ուրվագծերն ու նախագծերը.

գ) Երևանի գլխավոր հատակագիծը.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը.

ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերը.

զ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը.

է) քաղաքաշինական հայեցակարգերը, կանխատեսումները և ծրագրերը.

ը) բնօգտագործման, արտադրողական ուժերի, ինժեներատրանսպորտային և սոցիալական ենթակառուցվածքների տարածքային կազմակերպման ուրվագծերն ու նախագծերը հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար.

թ) բնակավայրերի և գործառական տարածքների գլխավոր հատակագծերը.

ժ) մանրամասն հատակագծման նախագծերը:

Սույն հոդվածի հինգերորդ մասի «ա»-«դ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և տասներեքերորդ մասով սահմանված գոտիավորման փաստաթղթերի մշակումը պարտադիր է:

Սույն հոդվածի հինգերորդ մասի «ե»-«զ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Սույն հոդվածի հինգերորդ մասի «է»-«ժ» կետերով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների պատվերով: Վերջիններս պարտավոր են նախագծման առաջադրանքներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը համաձայնեցնել շահագրգիռ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի նախագծման առաջադրանքում պարտադիր կարգով հաշվի են առնվում հաստատված այլ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները:

Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում` տվյալ ծրագրին առնչվող մասով:

Համաձայնեցված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն, ընդ որում, սույն հոդվածի վեցերորդ մասով պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական փաստաթղթերի պատվիրատու են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն հոդվածի հինգերորդ մասի «ա»-«գ» կետերով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մասով.

բ) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` սույն հոդվածի հինգերորդ մասի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և տասներեքերորդ մասով սահմանված գոտիավորման փաստաթղթերի մասով:

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված պահանջներին:

Գոտիավորման փաստաթղթեր են`

ա) հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները.

բ) բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծերը (այսուհետ` գոտիավորման նախագծեր):

Հողերի գոտիավորման և օգտագործման սխեման մշակվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող բոլոր հողատարածքների համար և հանդիսանում է քաղաքաշինական ու հողաշինարարական միացյալ (կոնսոլիդացված) փաստաթուղթ:

Քաղաքային և գյուղական համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքների համար հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները մշակվում են սույն հոդվածի հինգերորդ մասի "դ" կետով սահմանված համայնքների գլխավոր հատակագծերի, իսկ Երևան քաղաքի համար` Երևանի գլխավոր հատակագծի նախագծի կազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Գյուղական համայնքների և մինչև 15 հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքների համար գոտիավորման նախագծերը մշակվում են հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հետ համատեղված:

Գոտիավորման փաստաթղթերը մշակվում են քաղաքային և գյուղական համայնքների համար` համայնքի ղեկավարի, Երևան քաղաքի կամ դրա առանձին հատվածների համար` Երևանի քաղաքապետի կողմից կազմված նախագծման առաջադրանքի հիման վրա ու նրանց պատվերով:

Գոտիավորման փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաստատված գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունները ենթակա են հրապարակման և պետք է հասանելի լինեն քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար:

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են`

ա) կառուցապատման նախագծերը.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծերը.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով առանձին հողակտորների գործառական նշանակության, չափերի և սահմանների փոփոխման, շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը.

դ) տարածքներում կենսագործունեություն ապահովող ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը:

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը, ելնելով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջներից, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման ու շինարարության պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ:

Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:

Համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը:

(17-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 18.

Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում

 

Հողօգտագործումը քաղաքաշինական գործունեության բնագավառում իրականացվում է նպատակային` հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, կառուցապատման նախագծերին, իրավական այլ ակտերին համապատասխան:

(2-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-494-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

Հոդված 181. Բնակավայրերի կենսաապահովման օբյեկտները

 

Բնակավայրերի վերգետնյա և ստորգետնյա ինժեներական ցանցերի, կառուցվածքների ու հաղորդակցության ուղիների, կենսաապահովման գծային օբյեկտների շինարարության, վերակառուցման և շահագործման համար անհրաժեշտ հողամասերից օգտվելու իրավունքը սահմանվում է օրենքով, ինչպես նաև սերվիտուտի պայմանագրերով` նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին և հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան:»:

(181 հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)

Հոդված 19.

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները

 

Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումն առանց օրենսդրական լրացուցիչ լուծումների դառնում է դժվար կամ անհնար:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացումը որոշվում է` ելնելով պետության և հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման, բնական և տեխնածին երևույթներից պաշտպանության, աղետների և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման անհրաժեշտությունից:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարածքային միավորների սահմանների հետ:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը կարող է իրականացվել հատուկ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգեր սահմանելու միջոցով:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ կարող են առանձնացվել`

ա) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում.

բ) Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքների տարածքներում.

գ) ազատ տնտեսական գոտիների տարածքներում.

դ) մեկից ավելի վարչատարածքային միավորների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների տարածքներում.

ե) օրենքով սահմանված հատուկ նշանակության հողերի տարածքներում.

զ) օրենքով սահմանված այլ տարածքներում:

Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացումը և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(19-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 20.

Պետական քաղաքաշինական կադաստրը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը

 

Պետական քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը հիմք է ծառայում պետական քաղաքաշինական քաղաքականության և տարածքային զարգացման ռազմավարության, քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի մշակման, քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար և պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտիավորման և օգտագործման, տարածքների և բնակավայրերի քաղաքաշինական պլանավորման և կառուցապատման, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի, իրավական այլ ակտերի, հողամասերի և այլ անշարժ գույքի օգտագործման, քաղաքաշինական սահմանափակումների և սերվիտուտների, տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների բարեկարգման, սեյսմիկ իրադրության, շինարարության համար ինժեներաերկրաբանական և գեոդեզիական, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին:

Պետական քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքը անշարժ գույքի պետական կադաստրն է: Պետական քաղաքաշինական կադաստրը ներառում է նաև քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տվյալներ` այլ ճյուղային կադաստրներից և տեղեկատվական համակարգերից:

Պետական քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը, բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունից, բաց է և տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի վերաբերյալ դիտարկումների համակարգ է, որը կատարվում է միջավայրի կենսագործունեության վիճակի ուսումնասիրությունների միջոցով: Մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում:

Պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը կատարում է համայնքում համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և ամբողջ մարզի համար` մարզպետը, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումը և կադաստրային ամփոփումը կատարում է քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(20-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 21.

Լիցենզավորումը քաղաքաշինության բնագավառում

 

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(21-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 22.

Քաղաքաշինական գործունեության իրականացման օգտակալությունը

 

(22-րդ հոդվածն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 23.

Շինարարության թույլտվությունը

 

Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:

Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:

Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` թաղային համայնքի ղեկավարը` Երևանի խորհրդի սահմանած կարգով` օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Շինարարության թույլտվություն չի պահանջվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:

Եթե նախազգուշացումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին` շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:

(23-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 24.

Քանդման թույլտվությունը

 

Քանդման թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է սեփականատիրոջ իրավունքը` իրականացնել շենքերի և շինությունների քանդումը:

Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` թաղային համայնքի ղեկավարը` Երևանի խորհրդի սահմանած կարգով` օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 25.

Ավարտված շինարարության շահագործման փաստագրումը

 

Ավարտված շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ընդլայնման և բարեկարգման) շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման ակտով` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացնելուց հետո: Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միմիայն շահագործման ակտը ձևակերպելուց հետո:

Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(25-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հոդված 26.

Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով:

Քաղաքաշինական պետական տեսչությունն իր գործունեությունը կազմակերպում է վարչատարածքային սկզբունքով` քաղաքաշինական պետական տեսուչների միջոցով:

Քաղաքաշինական պետական տեսչությունը`

ա) վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.

բ) քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.

գ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Մարզի տարածքում մարզպետը`

ա) վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

բ) վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում:

Քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 27.

Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերի լուծումը

 

Քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 28.

Պատասխանատվությունը քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրությունը խախտելու համար քաղաքաշինական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 29.

Միջազգային համագործակցությունը քաղաքաշինության բնագավառում

 

Քաղաքաշինության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, այլ օրենքներին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Օտարերկրյա պետությունների, դրանց ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների քաղաքաշինական գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով և Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(Վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն)


Հոդված 30.

Անցումային դրույթներ

 

Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի նախագծի, մանրամասն հատակագծման նախագծի կամ գոտիավորման նախագծերի բացակայության դեպքերում, մինչև դրանց մշակումը և հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակումն իրականացվում է փուլային ծրագրի միջոցով` դրանով սահմանված առաջնահերթություններին համապատասխան:

Փուլային ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Սույն հոդվածի առաջին մասի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2006 թվականի հունվարի 1-ը:

Սույն օրենքի 17-րդ հոդվածի քսաներկուերորդ մասով, 23-րդ հոդվածի երրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով և 26-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության մարզպետն իրականացնում է մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն համայնքներին փոխանցելը:

(Վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-494-Ն)

(30-րդ հոդվածը խմբ. 26.12.00 ՀՕ-141, փոփ., լրաց. 11.12.02 ՀՕ-494-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
26 մայիսի 1998թ.
ՀՕ-217

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան