ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0137/01/22 | ||
Գործ թիվ ԵԴ/0137/01/22 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
22 մարտի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ժիրայր Խաչիկի Բրուտյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2021 թվականի փետրվարի 4-ին հարուցվել է թիվ 86150621 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 223.1-րդ հոդվածի 1-ին մասի, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2021 թվականի մայիսի 5-ին հարուցվել է թիվ 69104321 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, վերոնշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 86150621 համարի ներքո:
2021 թվականի մայիսի 7-ին Ժիրայր Խաչիկի Բրուտյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մայիսի 7-ի որոշմամբ Ժ.Բրուտյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշմամբ մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Պաշտպաններ Հ.Բաբայանի և Ռ.Հակոբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի մայիսի 24-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշումը՝ կալանավորման մասով, բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է, մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացրել է, և նրան ազատել է կալանքից:
4. Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
5. 2021 թվականի հուլիսի 21-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ժ.Բրուտյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
6. Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 8-ի որոշմանը:
7. 2021 թվականի դեկտեմբերի 25-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ժ.Բրուտյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
7.1. 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Ժ.Բրուտյանը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
8. 2022 թվականի հունվարի 12-ին որոշում է կայացվել թիվ 86150621 քրեական գործից Ժիրայր Բրուտյանի, Հարություն Թորոսյանի և Արթուր Բարոյանի վերաբերյալ մասն անջատելու մասին՝ գործին շնորհելով 69100422 համարը։
9. 2022 թվականի հունվարի 27-ին Ժ.Բրուտյանի և մյուսների վերաբերյալ թիվ 69100422 քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
9.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանների միջնորդությունը՝ մեղադրյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի, այդ թվում՝ գրավի կիրառման վերաբերյալ, մերժվել է:
9.2. 2022 թվականի մայիսի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել պաշտպան Ռ.Հակոբյանի միջնորդությունը, որով խնդրել է Ժ.Բրուտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխել անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով:
10. 2022 թվականի հունիսի 17-ին քրեական գործը վերամակագրվել է մեկ այլ դատավորի:
10.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացրել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին, որով արձանագրվել է, որ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն ընտրված է ճիշտ, այն փոփոխելու կամ վերացնելու հիմքերը բացակայում են:
10.2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ պաշտպան Ռ.Հակոբյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, մերժվել է:
11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի պաշտպաններ Հ.Բաբայանի և Ռ.Հակոբյանի հատուկ վերանայման բողոքը բավարարվել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը բեկանվել և փոփոխվել է, պաշտպան Ռ.Հակոբյանի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն, ամբաստանյալ Ժ․Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է՝ նրան կալանքից անմիջապես ազատելով: Ամբաստանյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ կիրառվել է գրավ՝ 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև համակցված կերպով կիրառվել է Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը:
12. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Բողոքաբերը նշել է, որ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ շարունակում են առկա լինել Ժ.Բրուտյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը, մասնավորապես՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը անհրաժեշտ է վերջինիս փախուստը ու նրա կողմից հանցանք կատարելը կանխելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Բողոքի հեղինակը նշել է, որ Ժ.Բրուտյանը, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, առերևույթ ունենալով ,օրենքով գողիե՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց անդամների հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ, գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձինք, առերևույթ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեջ ներգրավված անձինք են, հետևաբար բարձր է ռիսկն առ այն, որ Ժ.Բրուտյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի հանգամանքների պարզմանը՝ այդ անձանց հետ պայմանավորվելով ցուցմունքներ չտալու կամ իրենց ձեռնտու ցուցմունքներ տալու հանգամանքների շուրջ:
Բողոքաբերը նշել է, որ կազմակերպված հանցավոր խմբերի վերաբերյալ գործերով առավել բարձր է ռիսկը, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում անձը կարող է ազդեցություն գործադրել վկաների, մյուս մեղադրյալների կամ համախոհների վրա, կամ այլ կերպ խոչընդոտել քննությանը:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ սույն քրեական գործով դատաքննությամբ որևէ ապացույց դեռ չի հետազոտվել և դեռևս պետք է հարցաքննվեն վկաները, ինչպես նաև ամբաստանյալները, ուստի մեծ է հավանականությունն առ այն, որ Ժ.Բրուտյանի նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված որևէ խափանման միջոց կիրառելու պարագայում վերջինս կխոչընդոտի գործի քննությանը կամ ամբաստանյալների վրա ազդեցություն կգործադրի:
Ըստ բողոքաբերի՝ վերոնշյալ եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ առկա է իր վրա դրված պարտականությունները չկատարելու՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր վտանգ, ինչը համադրելով գործում առկա տվյալների, Ժ.Բրուտյանին վերագրվող արարքի և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը բնորոշ վարքագծի կանոնների հետ՝ հիմք է տալիս գալու այն եզրահանգման, որ Ժ.Բրուտյանի պատշաճ վարքագիծը վարույթի քննության տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցի կիրառման պայմաններում ապահովվել չի կարող:
Բացի այդ, Ժ.Բրուտյանին մեղսագրված առանձնապես ծանր հանցագործության համար նախատեսված պատժի խստությունը (ազատազրկում` ութից տասներկու տարի ժամկետով) ծանրակշիռ գործոն է նրա կողմից փախուստի դիմելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը բարձր գնահատելու համար:
Բողոքաբերն ընդգծել է, որ Ժ.Բրուտյանի` վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականության մասին են վկայում նաև հետևյալ հանգամանքերը՝
- «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալը,
- Հայաստանի Հանրապետության և այլ երկրների տարածքներում լայն քրեական կապեր ունենալը:
Անդրադառնալով քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու ռիսկին՝ բողոքաբերը փաստարկել է, որ առերևույթ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալով պայմանավորված, Ժ.Բրուտյանը կարող է շարունակել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելը:
14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
15. Ամբաստանյալ Ժ.Բրուտյանի պաշտպան Հ.Բաբայանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքում հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տրված լինելու հանգամանքը։
Ըստ պաշտպանի՝ առկա է շարունակական կալանավորման հիմքերի՝ առնվազն էական նվազում, որպիսի պայմաններում, անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներն ի զորու են չեզոքացնել այդ հիմքերը։
Պաշտպանը փաստել է, որ Ժ․Բրուտյանը միջնորդությունը քննելու օրվա դրությամբ արդեն մոտ ինը ու կես ամիս գտնվել է նախնական կալանքի տակ, իսկ քրեական գործն Առաջին ատյանի դատարան մուտքագրվելուց հետո (մոտ 9 ամիս) նշանակվել են յոթ դատական նիստեր, որից կայացել են ընդամենը 4-ը։
Ըստ պաշտպանի՝ մինչ այս պահն առկա չէ որևէ փաստական հանգամանք, որ Ժ․Բրուտյանը խոչընդոտել կամ մտադրված է խոչընդոտել գործի քննությանը։ Բացի այդ, Ժ․Բրուտյանը թաքնվելու մտադրություն չի ունեցել, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմինը որևէ խնդիր չի ունեցել վերջինիս ներկայությունը քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարմանը ծանուցագրով ապահովելու ուղղությամբ։
Բացի այդ, պաշտպանը փաստել է, որ մեղադրանքի կողմը, չբողոքարկելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումը, համաձայնվել է, որ այլևս առկա չէ նոր արարք կատարելու ենթադրյալ հիմքը, սակայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը վճռաբեկ բողոքում գտել է, որ առկա է, ի թիվս այլնի, նաև այդ հիմքը, ինչը չի բխում դատական ակտի բողոքարկման դատավարական տրամաբանությունից։
Պաշտպանը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ շարունակվում է պահպանվել և մեծ է ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալ Ժ․Բրուտյանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, չեն բխում գործի նյութերից, դրանք վերացական են և ընդհանրական։
16. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Հ.Բաբայանը խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
17. Ժիրայր Բրուտյանին ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2011թ. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Աֆո» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Խոյ» մականվամբ Ռաֆիկ Խոյեցյանի և «Զապ Լենինականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Ալո Շահումյանսկի» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Պաշի տղա Սուրո Լենինականսկի» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Մանեթի տղա Սամո» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Ժիրո Շահումյանսկի» և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2020թ. փետրվարի 22-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ հանցագործություն կատարելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:
Իրենց հերթին, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձինք, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:
Այսպես.
«Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ժիրայր Բրուտյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ Հարություն Թորոսյանին 2020թ. փետրվարի 22-ից հետո, քննությամբ դեռևս չպարզված օրը, հանձնարարել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայող» Սմբատ Ավդալյանին իր անունից հրահանգել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 3-րդ տեղամասի կալանավոր Սամվել Քրմոյանին՝ «Կյաժ» մականվամբ Աշոտ Պետրոսյանի սպանության համար, սակայն Սմբատ Ավդալյանը հրաժարվել է կատարել «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հանձնարարությունը: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը` «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի, «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ժիրայր Բրուտյանն իր հանձնարարությունը չկատարելու համար նախաձեռնել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում «զոն նայողի», քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սմբատ Ավդալյանին փոխարինելու գործընթաց: Մասնավորապես՝ Ժիրայր Բրուտյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի 3-րդ մասնաշենքում «զոն նայողի», քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Սմբատ Ավդալյանի կողմից իր հանձնարարությունը չկատարելու համար հանձնարարել է «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի Հարություն Թորոսյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երրորդ մասնաշենքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել: Իր հերթին «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Հարություն Թորոսյանը Ժիրայր Բրուտյանի հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկի 6-րդ մասնաշենքի այսպես կոչված «զոն նայող» «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արթուր Բարոյանին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ Գևորգ Գևորգյանի թեկնածությունը: «Պզե» մականվամբ հայտնի Գևորգ Գևորգյանը, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները և ընդունելով «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի Ժիրայր Բրուտյանի «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ինչպես նաև Հարություն Թորոսյանի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակը, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, նույն մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հանձնարարել է 2021թ.-ի հունվարի 18-ին և հունվարի 24-ին իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ ,գողական աշխարհինե 1:
18. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման համաձայն. «(...) Դատարանն արձանագրում է, որ շարունակվում են առկա լինել ամբաստանյալ Ժ.Բրուտյանին կալանքի տակ պահելու պայմանները և հիմքերը: Մասնավորապես, դատարանը փաստում է, որ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկած առ այն, որ ամբաստանյալ Ժ.Բրուտյանն առչություն ունի իրեն մեղսագրված արարքին, բացի այդ, Դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ժ.Բրուտյանին մեղսագրված արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ սույն գործով դատաքննությունը չի սկսվել, դեռևս չեն հարցաքննվել վկաները, գտնում է, որ շարունակվում է պահպանվել և մեծ է ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը (…)» 2:
19. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Նոր օրենսգիրք) 483-րդ հոդվածի 5-րդ մասով՝ բողոքարկվող դատական ակտը կայացրել է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն, որ սույն գործով վիճարկվող դատական ակտն Առաջին ատյանի դատարանը կայացրել է 2022 թվականի [սեպտեմբերի 15-ին], արձանագրում է, որ դրա դատական ստուգումը վերաքննիչ ատյանում պետք է իրականացվի 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով, այն է՝ Նոր օրենսգրքի կանոններով:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Միջնորդության քննության (առաջին ատյան) և դրա արդյունքում կայացված դատական ակտի վերանայման (վերաքննիչ ատյան) միջև առկա նման հակասական իրավիճակը սահմանափակում է արդյունավետ վերանայում իրականացնելու՝ Վերաքննիչ դատարանի հնարավորությունը, ուստի թեև սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես վերաքննիչ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը, այնուամենայնիվ, Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման համար հիմք են ընդունվում մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական դատավարության հին օրենսգրքի իրավակարգավորումները (ստորև ներկայացված վերապահմամբ), ինչպես նաև Հին և Նոր քրեական դատավարության օրենսգրքերի կիրառված կամ կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ ՄԻԵԴ և Վճռաբեկ դատարանի արտահայտած վերաբերելի իրավական դիրքորոշումները:
(...) Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ շարունակվում է պահպանվել և մեծ է ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալ Ժ.Բրուտյանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, չեն բխում «օբյեկտիվ չափանիշներից»՝ գործի նյութերից, դրանք վերացական և ընդհանրական, մեծամասամբ նաև կարծրատիպային են:
Տվյալ պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքի պահանջներից առաջինը՝ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի կալանավորումը վերացնելու վերաբերյալ, հիմնավոր է, ենթակա է բավարարման, (...):
Ավելին, եթե անգամ Վիճարկվող որոշումը կայացնելու պահին առկա էին ամբաստանյալ Ժ.Բրուտյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու՝ վարույթի պատշաճ իրականացմանը խոչընդոտելու և փախուստի դիմելու ռիսկեր, դատական վարույթում, երբ ապացույցների ձեռքբերման գործընթացն այլևս ավարտվել էր, ինչպես ազատության, այնպես էլ անազատության մեջ գտնվելիս Ժ.Բրուտյանը մշտապես դրսևորել էր պատշաճ վարքագիծ, այդ ռիսկերն էականորեն նվազել էին, կարող էին զսպվել կալանքի այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառմամբ: Այլ կերպ՝ նման ռիսկեր արձանագրելու պարագայում Առաջին ատյանի դատարանը կարող էր և պարտավոր էր դարձյալ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառմամբ պատշաճ կարգով քննության առնել ամբաստանյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ կալանքի այլընտրանքային խափանման միջոցներ, օրինակ՝ գրավ և/կամ չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու հնարավորությունը, ինչն ըստ էության չի արել:
(...)
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ գործի ընթացքն ապահովելու ուղղությամբ Առաջին ատյանի դատարանը չի ցուցաբերել անհրաժեշտ ջանասիրություն, կայացրած որոշման մեջ ցույց չի տվել Ժ.Բրուտյանի շարունակական կալանավորման համար առկա «վերաբերելի և բավարար» պատճառները, որի պայմաններում ամբաստանյալ Ժ.Բրուտյանը, առանց բավարար անհրաժեշտության և պատշաճ հիմնավորման, տևական ժամանակ ,ինքնաբերականե գտնվել է կալանքի տակ:
(...)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պաշտպան Ռ.Հակոբյանի ներկայացրած Միջնորդությունը մերժելով և ամբաստանյալ Ժ.Բրուտյանին կալանավորելու ժամկետն ըստ էության երկարաձգելու վերաբերյալ չպատճառաբանված և չհիմնավորված որոշում կայացնելով, թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի (գործի) ելքի վրա՝ հանգեցնելով ամբաստանյալ Ժ.Բրուտյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների ոչ համաչափ սահմանափակման:
Նման հետևության հանգելիս՝ Վերաքննիչ դատարանը ղեկավարվում է նաև այն կանխավարկածով, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի (երկարաձգվի) բացառիկ դեպքերում, երբ ազատությունից զրկելու հետ չպայմանավորված (այլընտրանքային) խափանման միջոցներն ի զորու չլինեն զսպել անձի, տվյալ դեպքում՝ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը:
(...)
Սույն որոշմամբ հանգելով հետևության, որ կալանքը դատական վարույթում ամբաստանյալ Ժ.Բրուտյանի պատշաճ վարքագիծն ապահովող այլևս ոչ պիտանի միջոց է, առկա է վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ այլընտրանքային պիտանի խափանման միջոցի կամ միջոցների կիրառության հարցին, դրա անհրաժեշտությանը:
(...)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել 10.000.000 ՀՀ դրամի չափով գրավ սահմանելու և համակցված չբացակայելու արգելք կիրառելու պայմաններում: Ընդ որում, գրավի կիրառմամբ հնարավոր է զսպել միաժամանակ երկու՝ արդարադատությանը չխոչընդոտելու և դատարանից փախուստի դիմելու ռիսկերը, ապա չբացակայելու արգելքով՝ միայն դատարանից խուսափելու ռիսկը:
Գրավ կիրառելիս և դրա չափը սահմանելիս Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ժ.Բրուտյանին վերագրվող արարքի ծանրությունը (առանձնապես ծանր հանցագործության կատարում), ինչպես նաև վերագրված արարքի փաստական կողմը և դրանում Ժ.Բրուտյանի ենթադրյալ դերակատարությունը: Վերաքննիչ դատարանի համոզմամբ գրավն անհրաժեշտ է սահմանել 10 միլիոն ՀՀ դրամի չափով, որն ակնհայտ անհամարժեք չէ Ամբաստանյալի պաշտպանական թիմի կողմից առաջարկված 6 միլիոն ՀՀ դրամ չափին:
(...) Թեև Բողոքի համաձայն՝ ՀՀ քաղաքացիության փաստը հաստատող՝ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի անձնագիրը գտնվում է վարույթ իրականացնող համապատասխան մարմնի տրամադրության ներքո, սակայն Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալ Ժ.Բրուտյանի՝ արտերկրում կայուն կապեր ունենալու վերաբերյալ փաստական տվյալների առկայությունը, գտնում է, որ գրավի հետ համակցվածությամբ անհրաժեշտ է կիրառել մեկ այլ խափանման միջոց՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը (...)» 3:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ժ․Բրուտյանի պաշտպան Ռ․Հակոբյանի միջնորդությունը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում կիրառված գրավը և երկրից բացակայելու արգելքը կարող են լինել արդյունավետ միջոց՝ զսպելու ազատության մեջ գտնվելու դեպքում Ժիրայր Բրուտյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:
22. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
23. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:
23.1 Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային պրակտիկայում ձևավորել է մոտեցում առ այն, որ փախուստի վտանգը չի կարող հիմնվել բացառապես հնարավոր պատժի ծանրության վրա։ Այն պետք է գնահատվի մի շարք այլ վերաբերելի ապացույցների վրա հիմնվելով, որոնք կամ կհաստատեն այդ վտանգի առկայությունը, կամ կհաստատեն, որ վտանգն այնքան փոքր է, որ արդյունքում դրանով անհնար է հիմավորել նախնական կալանքը 4։
Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ փախուստի վտանգը պետք է գնահատել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, որոնք կվերաբերեն տվյալ անձի կերպարին, բարոյականությանը, մշտական բնակության վայրին, մասնագիտությանը, ունեցվածքին, ընտանեկան և տարատեսակ այլ կապերին այն երկրի հետ, որում նա ենթարկվում է քրեական հետապնդման 5:
Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով վարույթը խոչընդոտելու հիմքին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ կազմակերպված հանցավոր գործունեությանը կամ հանցախմբերին առնչվող գործերով կալանավորված անձին ազատ արձակելու դեպքում նրա կողմից գործով վկաների կամ գործով անցնող այլ կասկածյալների վրա ճնշում գործադրելու կամ վարույթն այլ կերպ խոչընդոտելու ռիսկը հաճախ հատկապես բարձր է 6։
24. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:
Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող է» կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանըե:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`
1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.
2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:
24.1. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով 7:
24.2. Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի գործով որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:
(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»8:
24.3. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին9:
25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Ժիրայր Բրուտյանին ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար 10,
- Առաջին ատյանի դատարանը մերժել է ամբաստանյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը, գտնելով, որ շարունակվում է պահպանվել և մեծ է ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ հաշվի առնելով Ժ.Բրուտյանին մեղսագրված արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն հանգամանքը, որ սույն գործով դատաքննությունը չի սկսվել, վկաները դեռևս չեն հարցաքննվել11,
- Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ մեղադրյալ Ժ.Բրուտյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել 10.000.000 ՀՀ դրամի չափով գրավ սահմանելու և համակցված՝ չբացակայելու արգելք կիրառելու պայմաններում, արձանագրել է, որ օբյեկտիվ չափանիշներից չեն բխում Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ մեծ է ազատության մեջ մնալու դեպքում ամբաստանյալ Ժ.Բրուտյանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը 12։
26. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 22-24.3-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի և երկրից բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ ամբաստանյալ Ժ.Բրուտյանի պատշաճ վարքագիծն ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝
- ամբաստանյալ Ժ.Բրուտյանին մեղսագրվում է ծանրացնող հանգամանքով կատարված առանձնապես ծանր հանցագործություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով,
- ամբաստանյալ Ժ.Բրուտյանին մեղսագրվող` կազմակերպված հանցավորության դրսևորում հանդիսացող արարքը, օժտված է բարձր լատենտայնությամբ, և ոտնձգում է այնպիսի կարևոր արժեքի դեմ, ինչպիսին է հասարակական անվտանգությունը,
- մեղագրվող ենթադրյալ հանցագործությունում անձի դերակատարությունը․ այն, որ ըստ առաջադրված մեղադրանքի՝ ամբաստանյալ Ժ.Բրուտյանն իրականացրել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարում,
- արտերկրում կայուն կապեր 13, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և այլ երկրների տարածքներում լայն քրեական կապեր 14 ունենալու վերաբերյալ փաստական տվյալների առկայությունը,
- ամբաստանյալ Ժ.Բրուտյանը ենթադրաբար հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ 15, որպիսի հանգամանքը ևս էական նշանակություն ունի վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս 16։
Նշված հանգամանքները, գործի նյութերից բխող մյուս հանգամանքների համատեքստում, հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր: Ընդ որում, անհրաժեշտ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի խափանման միջոցի հարցը լուծելիս սույն գործով դատաքննությունը դեռևս չէր սկսվել, որևէ ապացույց դատաքննությամբ չէր հետազոտվել, իսկ Ժ.Բրուտյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը ենթադրաբար կատարվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման այլ անդամների հետ համատեղ։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ Ժ.Բրուտյանը, մնալով ազատության մեջ, կարող էր թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել գործի քննությանը:
Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում Առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի կանխման առումով կալանավորման անհրաժեշտության մասին եզրահանգումը հիմնավոր է և բխում է գործի՝ գնահատման ենթակա տվյալների ամբողջությունից:
Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև կրկնել նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր աստիճան։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը17։
26.1. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ժ.Բրուտյանի կալանքի տակ գտնվելու տևողության վերաբերյալ պաշտպան Հ.Բաբայանի փաստարկին18, ապա Վճռաբեկ դատարանն այդ առնչությամբ հարկ է համարում նշել, որ խափանման միջոցի կիրառման տևողությունը դրա համաչափության գնահատման ինքնավար գործոն չէ և պետք է գնահատման ենթարկվի` հաշվի առնելով նաև գործի բնույթն ու բարդության աստիճանը: Անձի ոչ իրավաչափ վարքագիծը կանխարգելող միջոցների կիրառման համատեքստում այսպիսի մոտեցում ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նշելով, որ ինքնին կանխարգելիչ միջոցների կիրառման տևողությունը բավարար չէ եզրահանգելու համար, որ այն համաչափ չէ 19։ Տվյալ դեպքում՝ սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ժ.Բրուտյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը չի կարող համարվել վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը հակակշռող բավարար գործոն:
26.2. Անդրադառնալով ամբաստանյալ Ժ.Բրուտյանի անձը բնութագրող տվյալներին 20՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք, սույն որոշմամբ արձանագրված փաստական տվյալների պայմաններում, ողջամտորեն չեն կարող դիտարկվել որպես բավարար հակակշռող գործոններ` Ժ.Բրուտյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը չեզոքացնելու համար։
27. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ժ.Բրուտյանի կողմից քրեական օրենքով նախատեսված հանցանք կատարելու հիմքի առկայության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին21, ապա Վճռաբեկ դատարանը զրկված է նշված հարցին անդրադառնալու հնարավորությունից՝ հաշվի առնելով, որ այդ հիմքի բացակայությունը հաստատող` Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, դատախազը հատուկ վերանայման վերաքննիչ բողոք չի ներկայացրել, ինչի մասին իրավացիորեն նշել է նաև պաշտպան Հ․Բաբայանը` վճռաբեկ բողոքի պատասխանում 22։
28. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում կիրառված գրավը և երկրից բացակայելու արգելքը կարող են լինել արդյունավետ միջոց՝ զսպելու ազատության մեջ գտնվելու դեպքում Ժիրայր Բրուտյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը, հիմնավոր չէ։
29. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև հանգեցրել են վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ժ.Բրուտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացնելիս թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմանը 23՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի գումարն անհրաժեշտ է վերադարձնել գրավատուին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ժիրայր Խաչիկի Բրուտյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Գրավի գումարը վերադարձնել գրավատուին։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 26-29:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 47-70:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 43-81:
4 ՏեԲս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Panchenko v. Russia գործով 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 106:
5 ՏեԲս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Becciev v. Moldova գործով 2005 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 9190/09, կետ 58:
6 ՏեԲս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Stvrtecky v. Slovakia գործով 2018 թվականի հունիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 55844/12, կետ 61:
7 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:
10 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 19-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 19-րդ կետը։
14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ժիրայր Բրուտյանի գործով 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԵԴ/0279/06/21 որոշման 16-րդ կետը։
15 Տե՛ս նույն տեղում։
16 ԳՕրենքով գողգ-երի հանրային վտանգավորության վերաբերյալ տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ashlarba v. Georgia գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 45554/08, կետ 23։
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումը։
18 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։
19 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bulea v. Romania գործով 2013 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 27804/10, կետ 62:
20 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 43-81։
21 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը։
22 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։
23 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18, Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |