Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.03.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
10.03.2023
Дата вступления в силу
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0998/11/19

Գործ թիվ ԵԴ/0998/11/19

Նախագահող դատավոր՝  Ռ. Բարսեղյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

10 մարտի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ դիմող Կարինե Վոլոդյայի Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով հարուցվել է թիվ 11865919 քրեական գործը, որի նախաքննությունը հետագայում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Կ.Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով։

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Կ.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վերոնշյալ որոշման դեմ Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանը ներկայացրել է բողոք, որը դատախազ Գ.Աղասյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ մերժվել է:

2. Դատախազի որոշման դեմ Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ մերժվել է։

3. Վերը նշված որոշման դեմ ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ թողել է առանց քննության։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ1, և 2023 թվականի հունվարի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավոր չեն, կայացվել են քրեադատավարական օրենքի էական խախտումներով, որոնք հիմք են վիճարկվող որոշումները բեկանելու համար:

5.1. Ըստ բողոքի հեղինակի՝ բողոքարկվող որոշումը ենթակա է դատական, այդ թվում` վերաքննության կարգով բողոքարկման, և Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բողոքը վարույթ ընդունել ու ըստ էության քննել։

Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել և իր կողմից ընդունված դատական ակտի եզրափակիչ մասում նշել է, որ կայացված դատական ակտը վերաքննիչ բողոքարկման ենթակա է և տրամադրել է տասնօրյա ժամկետ:

5.2. Բողոքաբերի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանն առանց բողոքի քննություն իրականացնելու, չպետք է նշեր, որ քննիչի կողմից կայացված որոշման իրավաչափությունը հետագայում՝ գործի ըստ էության քննության ժամանակ ևս կարող է ստուգման ենթարկվել, քանի որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով պետք է հիմնավորեր, թե տվյալ որոշման իրավաչափությունը հետագայում քննելն արդյո՞ք անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման չի հանգեցնի։

5.3. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ դատական քննության փուլում բողոքարկվող որոշման իրավաչափությունը քննվել չէր կարող, քանի որ այլևս հնարավոր չէր լինի պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների խախտումը:

5.4. Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է դատարանների մատչելիության սկզբունքը, թույլ է տվել քրեադատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որի արդյունքում անձը փաստացի զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմնավորվածության և օրինականության ստուգման հարցը բարձրացնելու հնարավորությունից:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 19-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանն արձանագրում է, որ բողոքարկված որոշումը, այն է՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին որոշումը, չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ, այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, բողոքում նշված հանգամանքների պարզումը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Ավելին, դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող գործունեությանը դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար: Հետևաբար, տվյալ որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն չի կարող իրականացվել այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները կամ իրականացրած գործողությունը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, նույն կերպ վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նաև վիճարկվող որոշման կամ գործողության արդյունքում կայացված որոշումը:

(…) Դատարանը հանգում է հետևության, որ դիմող մեղադրյալ Կարինե Գասպարյանի ներկայացուցիչ պաշտպան Ե.Դավթյանի բողոքը` թիվ 11865919 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին Կարինե Գասպարյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականությունը սահմանելու, այն է՝ թիվ 11865919 քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Օ.Բաղդասարյանի կողմից կայացված «Խափանման միջոց կիրառելու մասին» 14.11.2019 թվականի որոշումը վերացնելու վերաբերյալ, պետք է մերժել` բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ և դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում իրավասու չէ իրականացնել բողոքաբերի կողմից բերված բողոքի ըստ էության քննություն (…)2»։

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(…) [Օ]րենսդիրը չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցի դեմ բերված բողոքի դատախազական հսկողության արդյունքում կայացրած որոշման դատական, այդ թվում նաև՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն չի նախատեսում՝ այն սահմանափակելով միայն դատախազին բողոքարկելու կառուցակարգի ամրագրմամբ։

(…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դիմողը զրկված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ որոշման իրավաչափությունն ավելու ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս վիճարկելու հնարավորությունից»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմողի ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

10. ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:

1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավրության օրենսգիրք) 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանը ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:

10.1 Դատական վերանայման իրավունքի համատեքստում, դատարանների գործառութային տարանջատման առնչությամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում4։

Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «վերաքննություն» բառը ծագում է լատիներեն «appelarel» բառից և թարգմանաբար նշանակում է բողոքարկում, որն իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում։ Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը։ Նման պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Այդ համատեքստում վերաքննիչ դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտը։ Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջև դրված խնդիրները և հետապնդվող նպատակները։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից5։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Կ.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը6,

- վերոնշյալ որոշման դեմ դիմող Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Գ.Աղասյանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ, մերժվել է7։

- վերոնշյալ որոշումների դեմ դիմող Կ.Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքն Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ մերժել է՝ արձանագրելով, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու մասին որոշումը չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ և ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ բողոքում նշված հանգամանքների պարզումը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և չի հանգեցնի անձի իրավունքների ու օրինական շահերի անհամարժեք սահմանափակման8։

- Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով, արձանագրել է, որ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության բացակայության պայմաններում, արդարացված չէ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն ընտրելու մասին նախաքննական մարմնի որոշման բողոքարկումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակում9։

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը և իրավաչափությունը, ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ այն նույն հիմքով, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր ըստ էության քննարկել նրա բողոքը։ Նման պայմաններում, Ե.Դավթյանի՝ բողոք բերելու իրավասության առնչությամբ, Առաջին ատյանի դատարանի փաստարկը ստուգման չի ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից այն դեպքում, երբ այդ դատարանի գործառույթն էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը։ Արդյունքում խախտվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, անհամաչափորեն սահմանափակվել անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, և վերջինս զրկվել է բողոք բերելու իրավասության բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի փաստարկը վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմողի ներկայացուցիչ Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։

13. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի՝ դատական վերահսկողութան առարկա լինելու հարցին Վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է Լուսինե Կարապետյանի գործով որոշմամբ10։

14. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Կարինե Վոլոդյայի Գասպարյանի ներկայացուցիչ Ե.Դավթյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, թերթ 61։

3 Տե՛ս նյութեր, թերթեր 93-94։

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշման 15-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

7 Տե՛ս նույն տեղում։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

9 Տես սույն որոշման 8-րդ կետը։

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Լուսինե Կարապետյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԿԴ2/0009/11/19 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան