ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0210/02/16 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0210/02/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի դեկտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Ազատյանի և Հասմիկ Ազատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Արմեն Ազատյանի և Հասմիկ Ազատյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է համապարտության կարգով Արմեն Ազատյանից և Հասմիկ Ազատյանից բռնագանձել 1.208.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, այդ գումարին հաշվեգրել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով գումար՝ սկսած կետանց թույլ տրվելու օրվանից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ափինյան) 14.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Լ․ Գրիգորյան, դատավորներ Մ. Հարթենյան, Գ. Խանդանյան) 14.12.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 11.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.06.2022 թվականի որոշմամբ Արմեն Ազատյանի և Հասմիկ Ազատյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք են ներկայացրել Արմեն Ազատյանը և Հասմիկ Ազատյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ և 49-րդ հոդվածները, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ և 27-րդ հոդվածները:
Բողոքաբերները նշված պնդումները պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ապահովագրական պատահարը տեղի է ունեցել լիազորված վարորդ Հասմիկ Ազատյանի մասնակցությամբ, և ապահովադիր Արմեն Ազատյանը պատահարի վայրում չի գտնվել: Հասմիկ Ազատյանը հայտնել է, որ պատահարի մասին չի տեղեկացրել ապահովադիր Արմեն Ազատյանին, իսկ վերջինս էլ հաստատել է, որ պատահարի մասին տեղեկացել է հաջորդ օրը: Մինչդեռ Ընկերությունը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ ապահովադիր Արմեն Ազատյանը պատահարի մասին այն տեղի ունենալուց անմիջապես հետո տեղեկացված է եղել և դրա մասին չի հայտնել:
Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Դատարանը գործի նոր քննության ընթացքում չի հետազոտել գործում առկա ապացույցները, սակայն նշել է, որ բացակայում է բողոքաբերների կողմից նշված ապացույցների հետազոտման անհրաժեշտությունը: Սակայն Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հասմիկ Ազատյանի վկայակոչած հանգամանքները հիմնավորելու կապակցությամբ ներկայացված ապացույցները ոչ թե վերաբերել են հոգեկան խիստ հուզմունքն ապացուցելուն, այլ առաջին իսկ հնարավորության դեպքում Ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելու հանգամանքին: Ապացույցի գնահատումը դատարանի պարտականությունն է և ոչ թե իրավունքը, ուստի ստորադաս դատարանները չէին կարող ձեռնպահ մնալ գործում առկա ապացույցները հետազոտելուց կամ գնահատելուց:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Արմեն Ազատյանի և Ընկերության միջև 01.10.2014 թվականին կնքված թիվ SA450718 վկայագրով (այսուհետ՝ Վկայագիր) ապահովագրվել է Արմեն Ազատյանին պատկանող «Mercedes-Benz Е 230» մակնիշի 01TT041 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի (այսուհետ՝ Ավտոմեքենա) օգտագործումից բխող պատասխանատվությունը:
Ավտոմեքենայի լիազորված տիրապետող է հանդիսանում նաև Հասմիկ Ազատյանը (հատոր 1-ին, գ.թ. 14-15)։
2) 01.01.2015 թվականին՝ ժամը 06:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Ավտոմեքենան և «Skoda Oktavia Tour» մակնիշի 58659 հաշվառման համարանիշով ավտոմեքենան: Պատահարի պահին Ավտոմեքենան վարել է Հասմիկ Ազատյանը, ով իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել (հատոր 1-ին, գ.թ. 16, 19)։
3) Պատահարի մասին Հասմիկ Ազատյանը Ընկերությանը հայտնել է 01.01.2015 թվականին, ժամը 09:49-ին (հատոր 1-ին, գ.թ. 18)։
4) Ընկերությունն ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ «Համմուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, վճարել է 1.208.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 13, 20)։
5) Գործի քննության ընթացքում Հասմիկ Ազատյանը հայտնել է, որ պատահարի մասին չի տեղեկացրել ապահովադիր Արմեն Ազատյանին, իսկ Արմեն Ազատյանը հայտնել է, որ ավտոտրանսպորտային պատահարի մասին իմացել է այն ժամանակ, երբ Ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ (հատոր 1-ին, գ.թ. 114-117):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
(Ա) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է.
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի և 27-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի, Օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածների խախտումներ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ արդյո՞ք ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը (ապահովադիր) և ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձը հանդես են գալիս համապարտ պարտապաններ, եթե սեփականատերը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի կողմից այդ մասին նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով (…):
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են Բյուրոյի կանոններով:
Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներից ԱՊՊԱ պայմանագրով սահմանվում են բացառություններ այն դեպքերի համար, երբ ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը պատահարի հետևանքով հայտնվել են անգիտակից վիճակում կամ այնպիսի իրավիճակում, որ անհնարին էր ապահովագրական ընկերությանը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացնել, կամ ապահովադիրը տեղյակ չի եղել և չէր կարող տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից նրան չտեղեկացնելու կամ այլ պատճառով: Ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են ապահովագրական ընկերությանը նրանց կողմից ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը: Սույն մասով նախատեսված տեղեկացման պարտականությունը անհնարին դարձնող հանգամանքների վերացման (ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու) դեպքում ապահովադիրը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի մասին պարտավոր է պայմանագրով սահմանված կարգով անմիջապես հայտնել ապահովագրական ընկերությանը:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով օրենսդրի կողմից նախատեսված` ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու պարտականությունը կատարելու «անհապաղության» պայմանին, արձանագրել է, որ այն ունի հետևյալ բովանդակությունը. «անհապաղ» նշանակում է առանց հապաղելու, անմիջապես, նույն պահին, հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ օրենսդիրը, սահմանելով «անհապաղության» եզրույթը, այն չի դիտել որպես բացարձակ պայման, քանի որ իրավանորմի հետագա շարադրանքում կիրառել է նաև «ողջամիտ ժամկետում» հասկացությունը: Իսկ ողջամիտ կարող է գնահատվել այն ժամանակահատվածը, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է որևէ կոնկրետ գործողության իրականացման համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում «անհապաղության» պարտադիր պայմանի գնահատումն իրականացնելիս դատարանները ոչ միայն պետք է հաշվի առնեն ծանուցման անմիջապես, նույն պահին իրականացված լինելու փաստը, այլև՝ դրա իրականացման՝ առաջին իսկ օբյեկտիվ, արդարացված հնարավորությունը (տե՛ս, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն ընդդեմ Վաչագան Խաչատուրյանի և Անդրանիկ Գուլքանյանի թիվ ՏԴ3/0222/02/13 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով և զարգացնելով իրավական դիրքորոշումը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնաս պատճառած անձը կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, թեև պարտականություն են կրում ապահովագրական պատահարի տեղի ունենալն իրենց հայտնի դառնալուց հետո անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին, այնուամենայնիվ առաջին իսկ հնարավորության դեպքում ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու հնարավորությունը կարող է պայմանավորվել մի շարք հանգամանքներով, քանի որ ապահովագրական պատահարի հետևանքով կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, որի ազդեցությունն օբյեկտիվորեն կարող է հիմք հանդիսանալ վնաս պատճառած անձի կամ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար հապաղելու օրենքով և ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարելուց: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում գնահատման պետք է արժանացնել ոչ միայն ապահովագրողին տեղեկացնելու անհապաղ հնարավորությունը, այլ նաև առաջին իսկ արդարացված հնարավորությունը: (...) Ուստի որոշակի ողջամիտ տևողությամբ հապաղումը ցանկացած պատահարի դեպքում պետք է համարել ոչ միայն բնական, այլև անվիճարկելի` պատահարի մասնակիցների իրավունքների անհարկի սահմանափակումներն ու հնարավոր վնասները բացառելու կամ առնվազն նվազագույնի հասցնելու նպատակով՝ յուրաքանչյուր դեպքում գնահատման արժանացնելով պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու՝ ողջամիտ ժամկետում արդարացված հնարավորությունը (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն ընդդեմ Արմեն Ստեփանյանի թիվ ԿԴ1/1999/02/14 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
(Բ) Վերահաստատելով և զարգացնելով Օրենքի 19-րդ հոդվածի կապակցությամբ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև գույքի սեփականատեր ապահովադրի՝ ապահովագրական պատահարի մասին անտեղյակության պայմաններում դրա մասին անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) ապահովագրողին տեղեկացնելու պարտադիր պայմանի իրագործման օբյեկտիվ և արդարացված հնարավորության առկայության հարցին: Այսպես.
Ապահովադիրն ապահովագրական պատահար տեղի ունենալուց հետո պարտավոր է անհապաղ, այն է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, դրա մասին հայտնել ապահովագրողին: Այդուհանդերձ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ԱՊՊԱ պայմանագրով նշված կանոնից բացառություն կազմող դեպքերը: Ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու կանոնից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որոշակի օբյեկտիվ հանգամանքների բերումով հնարավոր չէ պարտադիր այդ պայմանի իրագործումը: Մի դեպքում դա պայմանավորված է ֆիզիկական անհնարինությամբ, երբ ապահովադիրը և/կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը գտնվում են այնպիսի իրավիճակում, որն իրենց զրկում է այդ գործողությունը կատարելու հնարավորությունից, օրինակ՝ անգիտակից կամ ֆիզիկական կարողությունն այլ կերպ սահմանափակող վիճակը: Մյուս բացառությունը վերաբերում է ապահովագրական պատահարի մասին ապահովադրի կողմից ապահովագրողին հայտնելու օբյեկտիվ անհնարինության դեպքին, երբ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովադրին չհայտնելու կամ այլ պատճառով վերջինս տեղյակ չի լինում և չի կարող տեղյակ լինել դրա մասին: Եթե ապահովադիրը տեղյակ չի և չի կարող տեղյակ լինել ավտոտրանսպորտային միջոցի մասնակցությամբ ապահովագրական պատահար տեղի ունեցած լինելու մասին, չի կարող նաև դրա մասին հայտնել ապահովագրողին: Նշված դեպքում ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ հայտնելու ապահովադրի պարտականությունը ծագում է ապահովագրական պատահարի մասին տեղեկացվելու պահից: Որպես ապահովագրական պատահարի մասին անհապաղ ապահովագրողին չհայտնելու պատճառ դրա մասին անտեղյակության փաստ վկայակոչելիս ապահովադիրը և/կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը կրում են անհնարինության (անտեղյակության) ապացուցման պարտականությունը:
Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասն ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը անհնարին դարձնող հանգամանք է դիտարկում ապահովադրի անտեղյակությունը: Ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու պայմանի իրագործումը գնահատելիս ուշադրության է արժանի ոչ միայն անհապաղության գործոնը, այլև ապահովադրի կողմից այդ պայմանի կատարման արդարացված և ողջամիտ հնարավորության առկայությունը: Եթե ապահովագրական պատահարի և դրա մասին ապահովագրողին տեղեկացնելու միջև ժամանակային սղումն ապահովագրական պատահարի մասին ապահովադրի անտեղյակության հետևանք է, ապա ապահովադրի մոտ դրա մասին ապահովագրողին հայտնելու ողջամիտ հնարավորություն կարող է ծագել դրա մասին տեղեկանալու պահից:
Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ապահովադիր սեփականատերը և/կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը վկայակոչում են ապահովագրական պատահարի մասին անտեղյակության փաստ, ապա կրում են այդ փաստի ապացուցման պարտականությունը, իսկ դատարանը քննության առարկա պետք է դարձնի ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու պարտականությունն անհնարին դարձնող հանգամանքի և ապահովագրողին տեղեկացնելու արդարացված հնարավորության առկայությունը:
Ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու պարտականությունն անհնարին դարձնող ապահովագրական պատահարի մասին ապահովադրի անտեղյակության հանգամանքը՝ այդպիսին վկայակոչվելու դեպքում, կարևոր նշանակություն ունի ապահովադրի նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի ծագման և վնաս պատճառած անձի հետ նրա համապարտ պատասխանատվություն կրելու հարցերի լուծման համար:
(Գ) Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին:
Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:
Նշված նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ ինչպես վնաս պատճառած անձի, այնպես էլ գույքի սեփականատեր ապահովադրի նկատմամբ ապահովագրական ընկերության մոտ կարող է ծագել հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք, եթե Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը չի կատարվել և ապահովագրողն անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) ապահովագրական պատահարի մասին չի տեղեկացվել: Ընդ որում՝ եթե միաժամանակ առկա են վնաս պատճառած անձին և ապահովադրին հետադարձ պահանջ ներկայացնելու հիմքեր, ապա վերջիններս հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ և կրում են համապարտ պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է մեկնաբանվի Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո: Այսպես, վնաս պատճառած անձի և ապահովադրի համապարտ պատասխանատվության հարց քննարկելիս պետք է ուշադրության արժանանա այն հանգամանքը, թե արդյոք գույքի սեփականատեր ապահովադիրը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել ապահովագրական պատահարի մասին, հետևաբար նաև ունենալ դրա մասին ապահովագրողին տեղեկացնելու արդարացված հնարավորություն: Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի մասնակցությամբ, ով դրա մասին չի հայտնել ապահովադրին, ապա այդ փաստն ապացուցվելու դեպքում առկա է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ապահովադրի կողմից ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու պարտականությունը անհնարին դարձնող հանգամանքը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովադրին չտեղեկացնելու կամ այլ պատճառով ապահովադրի անտեղյակության հանգամանքն ապացուցվելու դեպքում ապահովագրական ընկերության մոտ ապահովադրի նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ծագել չի կարող: Այլ կերպ ասած՝ Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի վկայակոչմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ապահովագրական ընկերության մոտ ապահովադրի նկատմամբ կարող է ծագել այն դեպքում, երբ ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին չտեղեկացնելը պայմանավորված է եղել սուբյեկտիվ հանգամանքով: Հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի ծագման համար անհրաժեշտ է, որ ապահովադիրն ունեցած լինի ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու ողջամիտ և արդարացված հնարավորություն, բայց ձեռնպահ մնա այդ պարտականությունը կատարելուց: Մինչդեռ, եթե ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ տեղեկացնելու պարտականությունն ապահովադրի կողմից չի կատարվել այն անհնարին դարձնող հանգամանքի բերումով՝ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովադրին չտեղեկացնելու պատճառով, որպիսի փաստն ապացուցվել է, ապա Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված դեպքն առկա չէ, և ապահովադիրը վնաս պատճառած անձի հետ միասին համապարտ պատասխանատվություն կրել չի կարող:
Շարադրվածի ամփոփմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածները միմյանցից մեկուսի մեկնաբանվել չեն կարող: Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի հիմքով ապահովագրական ընկերության մոտ ապահովադրի նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք կարող է ծագել և ապահովադիրը վնաս պատճառած անձի հետ համապարտ պարտապան կարող է հանդես գալ, եթե վկայակոչված և/կամ ապացուցված չեն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) տեղեկացնելու ապահովադրի պարտականությունը անհնարին դարձնող հանգամանքները:
(Դ) Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Ազատյանի և Ընկերության միջև 01.10.2014 թվականին կնքված թիվ SA450718 վկայագրով (այսուհետ՝ Վկայագիր) ապահովագրվել է Արմեն Ազատյանին պատկանող Ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Ավտոմեքենայի լիազորված տիրապետող է հանդիսանում նաև Հասմիկ Ազատյանը (հատոր 1-ին, գ.թ. 14-15)։
01.01.2015 թվականին՝ ժամը 06:20-ի սահմաններում, միմյանց են բախվել Ավտոմեքենան և «Skoda Oktavia Tour» մակնիշի 58659 հաշվառման համարանիշով ավտոմեքենան: Պատահարի պահին Ավտոմեքենան վարել է Հասմիկ Ազատյանը, ով իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել (հատոր 1-ին, գ.թ. 16, 19)։ Պատահարի մասին Հասմիկ Ազատյանը Ընկերությանը հայտնել է 01.01.2015 թվականին, ժամը 09:49-ին (հատոր 1-ին, գ.թ. 18)։
Ընկերությունն ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ «Համմուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, վճարել է 1.208.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 13, 20)։
Հիմք ընդունելով ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով Ընկերությանն ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու փաստն ու Օրենքի 27-րդ հոդվածը՝ Ընկերությունը դիմելով դատարան պահանջել է համապարտության կարգով Արմեն Ազատյանից և Հասմիկ Ազատյանից բռնագանձել 1.208.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, այդ գումարին հաշվեգրել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով գումար՝ սկսած կետանց թույլ տրվելու օրվանից:
Գործի քննության ընթացքում Հասմիկ Ազատյանը հայտնել է, որ պատահարի մասին չի տեղեկացրել ապահովադիր Արմեն Ազատյանին, իսկ Արմեն Ազատյանը հայտնել է, որ ավտոտրանսպորտային պատահարի մասին իմացել է այն ժամանակ, երբ Ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ (հատոր 1-ին, գ.թ. 114-117):
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ափինյան) 14.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Լ․ Գրիգորյան, դատավորներ Մ. Հարթենյան, Գ. Խանդանյան) 14.12.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.06.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Անդրադառնալով Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող հանգամանքների վերլուծությանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնավորապես նշել է, որ «(…) ստեղծված իրավիճակում Հասմիկ Ազատյանը կարող էր գտնվել հուզական լարված վիճակում, սակայն վերջինս փաստացիորեն չի հայտնվել անգիտակից վիճակում, այսինքն` ամբողջությամբ գիտակցել է տեղի ունեցած պատահարը, առկա իրողությունը և համապատասխան իրադրությունում կարողացել է ձեռնարկել մի շարք գործողություններ, մասնավորապես` զանգել եղբորը և ընկերներին: Ավելին, գործում առկա փաստերի ուսումնասիրությունը վկայում է, որ Հասմիկ Ազատյանը տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին հաջորդող ժամանակահատվածում գտնվել է ֆիզիկական և հոգեկան բավարար վիճակում, որպեսզի կարողանար պատշաճորեն կատարել օրենքով և պայմանագրով իր վրա դրված` հայցվոր ընկերությանն ապահովագրական պատահարի մասին անհապաղ տեղեկացնելու պարտականությունը (…)»:
Արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանը չի իրականացրել «գործի փաստերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն» և «վերոնշյալ հանգամանքների անտեսման արդյունքում հանգել է հայցի` անհիմն լինելու վերաբերյալ սխալ եզրահանգման»:
Գործի նոր քննության արդյունքում Դատարանը 11.06.2021 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(…) պատահարը տեղի է ունեցել 01.01.2015թ. ժամը 06:00-ին, մինչդեռ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերությանը պատահարի մասին պատասխանող Հասմիկ Արմենի Ազատյանը տեղեկացրել է 3 ժամ 19 րոպե ուշ` ժամը 09:49-ին: Այսինքն, պատասխանողի կողմից պատշաճ չեն կատարվել ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու պարտավորությունը, չեն պահպանվել թիվ SA-450718 վկայագրի 13-րդ կետով և ԱՊՊԱ պայմանների 7.1 կետով սահմանված պատահարի մասին տեղեկացնելու ողջամիտ ժամկետները, հետևապես «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանների 9.1.1 կետի «դ» ենթակետի համաձայն` հայցվոր «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ն իր կողմից հատուցված 1.208.000 ՀՀ դրամի չափով ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք պատասխանողներ Արմեն Ռազմիկի Ազատյանի և Հասմիկ Արմենի Ազատյանի նկատմամբ (…)»:
Դատարանի 11.06.2021 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել պատասխանողներ Հասմիկ Ազատյանը և Արմեն Ազատյանը: Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և Դատարանի 11.06.2021 թվականի վճիռը թողել անփոփոխ:
Հասմիկ Ազատյանի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) գործի առաջին քննության ժամանակ դատարանը հետազոտել և գնահատել է գործում եղած ապացույցները, այդ թվում՝ պատասխանողի ցուցմունքները, գալով հայցը մերժելու մասին եզրահանգման, իսկ գործի նոր քննությունն իրականացվել է վերաքննիչ դատարանի սահմանած ծավալով, նկատի ունենալով դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա վերաքննիչ դատարանի եզրահանգումները, որպիսի պայմաններում բացակայել է բողոքաբերի կողմից նշած ապացույցների հետազոտման անհրաժեշտությունը, քանի որ առաջին ատյանի դատարանի հետազոտած նույն ապացույցների հիման վրա վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ Հասմիկ Ազատյանը տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին հաջորդող ժամանակահատվածում գտնվել է ֆիզիկական և հոգեկան բավարար վիճակում, որպեսզի կարողանար պատշաճորեն կատարել օրենքով և պայմանագրով իր վրա դրված` հայցվոր ընկերությանն ապահովագրական պատահարի մասին անհապաղ տեղեկացնելու պարտականությունը:Անդրադառնալով բողոքաբերի այն դիտարկմանը, որ ԱՊՊԱ պայմանագիրը եղել է մեքենայի պահոցում, որը վթարի հետևանքով խաթարված լինելու պատճառով հնարավոր չէր բացել, և ինքը զանգահարել է ոստիկանություն պարզելու համար, թե որ ապահովագրական ընկերությանը պետք է տեղյակ պահի ավտովթարի մասին, որպիսի հանգամանքը հավաստվում է հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ տեղեկանքներում, վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործում է այն կանխավարկածը, որ Հասմիկ Ազատյանը, որպես ավտոտրանսպորտային միջոցը տիրապետող անձ, պարտավոր է ավտոտրանսպորտային միջոցը վարելիս տեղյակ լինել իր գործողությունների և անգործության հետևանքով պատասխանատվության առաջացման հնարավորության և դրա հետևանքների մասին, որի մեջ է ներառվում նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ոլորտը։ Բացի դրանից, ապահովագրական ընկերության վերաբերյալ տվյալների ենթադրյալ չիմացությունը չի կարող դիտարկվել որպես ապահովագրական պատահարի մասին հայտնելու պարտականության կատարման հարցում բացառություն, այդպիսին Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված չլինելու հիմքով։ Հետևաբար, վերաքննիչ բողոքի նշված հիմքն անհիմն է և չի կարող ազդել սույն քաղաքացիական գործի ելքի վրա (…)»:
Արմեն Ազատյանի մասով անդրադառնալով ապահովագրական պատահարի մասին տեղեկացված չլինելու մասին փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) հայցվորը չի վկայակոչել Ա.Ազատյանի՝ պատահարի մասին տեղեկացված լինելու փաստը, այլ ընդամենը փաստարկել է պատահարի մասին սահմանված ժամկետում իրեն չտեղեկացնելու մասին: (…) պատասխանող Ա.Ազատյանը իր առարկության հիմքում դրված փաստը չի ապացուցել, հետևաբար դատարանի եզրահանգումներն իրավաչափ են: Նշվածով հերքվում են բողոքաբերի այն փաստարկները, թե ապահովագրական ընկերությունը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ ապահովադիր Ա.Ազատյանը թեև վթարի մասնակից չի եղել, այդուհանդերձ, վթարի մասին տեղեկացված է եղել այն տեղի ունենալուց անմիջապես հետո դատարանը չի անդրադարձել իր առարկություններին: Ինչ վերաբերվում է բողոքաբերի այն փաստարկին, թե գործում առկա է ապացույց առ այն, որ Ա. Ազատյանը տեղյակ չի եղել վթարի մասին, ապա վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ դատարանը ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա, միանգամայն ճիշտ եզրահանգման։ (…)»:
(Դ1) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հասմիկ Ազատյանի մասով ստորադաս դատարանները հանգել են տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքների բացակայության վերաբերյալ իրավաչափ եզրակացության: Ընկերության վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արդեն արձանագրել էր, որ ապահովագրական պատահարին հաջորդող ժամանակահատվածում Հասմիկ Ազատյանը չի գտնվել անգիտակից վիճակում, գիտակցել է տեղի ունեցածը պատահարը և համապատասխան իրադրությունում կարողացել է ձեռնարկել մի շարք գործողություններ, այսինքն՝ ունեցել է ապահովագրական պատահարի մասին Ընկերությանը տեղեկացնելու արդարացված հնարավորություն, որից չի օգտվել: Սույն գործի փաստերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտված չլինելու պատճառաբանությամբ գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում Դատարանն իրավաչափ կերպով արձանագրել, իսկ Վերաքննիչ դատարանը հաստատել է Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանի բացակայությունն ու Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետի հիմքով Հասմիկ Ազատյանի նկատմամբ Ընկերության մոտ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ծագած լինելու փաստը: Հետևաբար Հասմիկ Ազատյանի մասով վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
(Դ2) Արմեն Ազատյանի՝ Հասմիկ Ազատյանի հետ համապարտ պարտապաններ հանդես գալու գնահատման հարցին Դատարանն առհասարակ չի անդրադարձել, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն Արմեն Ազատյանի մասով քննարկման առարկա չի դարձրել ապահովագրական պատահարի մասին նրա անտեղյակության փաստը, հետևաբար նաև տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքի հնարավոր առկայությունը: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը չի անդրադարձել և չի գնահատել Արմեն Ազատյանի և Հասմիկ Ազատյանի բացատրություններն այն մասին, որ վերջինս ապահովագրական պատահարի մասին Արմեն Ազատյանին չի հայտնել, և ապահովադիրը դրա մասին իմացել է միայն որոշ ժամանակ անց: Արդյունքում ստորադաս դատարանների կողմից Արմեն Ազատյանի մասով քննարկման առարկա չի դարձվել տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող պայմանի, այն է՝ ապահովագրական պատահարի մասին անտեղյակության հանգամանքը, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ էական է Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի հիմքով Ընկերության մոտ Արմեն Ազատյանի նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ծագելու և Արմեն Ազատյանի և Հասմիկ Ազատյանի համապարտ պարտապաններ հանդես գալու հարցերը գնահատելու և լուծելու համար:
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածները խախտված լինելու և Օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածները սխալ մեկնաբանված լինելու կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արմեն Ազատյանի մասով ստորադաս դատարանները պատշաճ քննություն չեն իրականացրել, քննարկման առարկա չեն դարձրել Արմեն Ազատյանի կողմից ապահովագրական պատահարի մասին տեղյակ չլինելու փաստն ու Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ տեղեկացման պարտականությունն անհնարին դարձնող հանգամանքների առկայությունը:
(Ե) Գործի նոր քննության ծավալը.
Նկատի ունենալով այն, որ Արմեն Ազատյանի և Հասմիկ Ազատյանի դեմ պահանջը ներկայացվել է որպես համապարտ պարտապաններ, և որոշմամբ արձանագրվել է Արմեն Ազատյանի՝ համապարտ պարտապան հանդես գալու հարցի կապակցությամբ նոր քննություն իրականացնելու անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը, այն է՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2022 թվականի որոշումն ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումների շրջանակում Արմեն Ազատյանի իրավունքներին առնչվող ծավալով նոր քննության։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումների շրջանակներում Արմեն Ազատյանի իրավունքներին առնչվող ծավալով նոր քննության, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը՝ Հասմիկ Ազատյանի իրավունքների մասով, մերժել:
1.1. Վճռաբեկ բողոքը՝ Արմեն Ազատյանի իրավունքների մասով, բավարարել:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.06.2022 թվականի որոշումը՝ Արմեն Ազատյանի իրավունքների մասով, ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության։
3. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
նա խագահող |
|
Մ. Դրմեյան |
զ եկուցող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|