Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.09.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
30.09.2022
Дата вступления в силу
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5064/02/17

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5064/02/17

Նախագահող դատավոր՝  Գ. Խանդանյան

Դատավորներ՝

 Հ. Ենոքյան

 Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (ներկայումս՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն) (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2019 թվականի որոշման դեմ ըստ հայցի Վալերիկ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կառավարության, Նախարարության, երրորդ անձինք՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ Ֆինանսների նախարարության՝ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.  Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վալերիկ Հայրապետյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին իրեն սեփականության իրավունքով պատկանող 0,7722քմ հողամասը բերել նախկին վիճակին, այն է՝ 0,7722քմ հողամասի համադրվող /0,0847քմ/ մասից հանել ճանապարհը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 26.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2019 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության ու պատասխանող Նախարարության ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ կառավարությունն ու ՀՀ ֆինանսների նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Ատոմ Ջանջուղազյան) և Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սուրեն Պապիկյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Վալերիկ Հայրապետյանը (ներկայացուցիչ՝ Արմինե Ավետիսյան):

 

2. ՀՀ կառավարության և ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 60-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է նույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 2-րդ կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը և 53-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործի քննության ընթացքում հայցվորը հղում անելով իր կողմից ներկայացված և գործում առկա ապացույցներին, հատկապես հիմք ընդունելով «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊԸ-ի կողմից 26.06.2017 թվականին տրված գրությունը՝ պնդել է, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ։ Իսկ պատասխանող կողմը դատարան ներկայացրած առարկությունների և ապացույցների շրջանակում պնդել է, որ 2010 թվականին Մ2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ճանապարհի ծրագծի փոփոխություն չի կատարվել, ինչպես նաև առկա չէ համադրություն Վալերիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողատարածքի և Մ2 ավտոմայրուղու հետ։ Հաշվի առնելով գործով ներկայացված ապացույցների իրար հակասող բովանդակությունները, կողմերի հիմնավորումներն ու սույն գործի առանձնահատկությունները, միանշանակ է, որ 7722քմ հողամասից 847քմ հողամասը Մ2 ավտոմայրուղու հետ համադրման առկայության կամ բացակայության փաստը կարող է հաստատվել միայն համապատասխան փորձագիտական եզրակացությամբ, որի կապակցությամբ դատարանի կողմից համապատասխան փորձաքննություն չի նշանակվել։

Դատարանի կայացրած վճռի տրամաբանությունը և բովանդակությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ Դատարանը որևէ ձևակերպմամբ չի նշել պատասխանող կողմի ներկայացրած ապացույցները մերժելու փաստարկները, ինչի արդյունքում գործի հանգամանքների բազմակողմանի հետազոտություն չի կատարվել և խախտվել են պատասխանող կողմի իրավունքներն ու օրինական շահերը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  277-րդ հոդվածը, չի կիրառել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, նույն օրենքի 4-րդ, 7-րդ և 13-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 23-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ, 135-րդ և 163-րդ հոդվածները, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է Նախկին օրենսգրքի 62-րդ, 66-րդ, 86-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով կարևոր է այն հանգամանքը, որ գործ ունենք միջպետական մայրուղու անխափան շահագործման և այն հետագայում վիճելի հողամասից հանելու առանձնահատուկ դեպքի հետ, որը չհիմնավորված և ոչ իրավաչափ դատական ակտի գոյության պայմաններում կխախտի պետության սեփականության իրավունքներն ու օրինական շահերը՝ հանգեցնելով ծանր հետևանքների, մասնավորապես՝ չհիմնավորված դատական ակտը օրինական ուժ ստանալու պայմաններում պատասխանող կողմի համար կառաջացնի պետական միջոցներից լրացուցիչ չպլանավորած ծախսեր կատարելու պարտավորություն՝ իրավունքի խախտումը վերացնելու և Մ2 միջպետական ավտոմայրուղու 182-րդ կմ-ում նոր ճանապարհ կառուցելու մասով։ Ավելին, դատական ակտի կատարման ընթացքում կառաջանան խոչընդոտներ՝ միջպետական ավտոմայրուղու անխափան երթևեկության կազմակերպման և շահագործման առումով։

Վերաքննիչ դատարանը չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վթարային տեղամաս 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների հետևանքով փաստացի տեղի է ունեցել ճանապարհի ծրագծի փոփոխություն, ինչն անհայտ պատճառով չի արտացոլվել կադաստրային քարտեզում։

Հարկ է նշել, որ սույն գործով արդեն իսկ ներկայացվել է համապատասխան մասնագետի եզրակացություն առ այն, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ։ Նշված եզրակացության առկայության պայմաններում պատասխանող կողմը չի միջնորդել նշանակելու առանձին փորձաքննություն՝ համադրման փաստը հաստատելու կամ ժխտելու նպատակով։

Այսպիսով, ներկայացված վճռաբեկ բողոքներն անհիմն են և ենթակա են մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Վալերիկ Հայրապետյանը «Կարմրախայթ» կոոպերատիվից նվեր է ստացել Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում գտնվող «Կարմրախայթ» կոոպերատիվին պատկանող շինությունը՝ բաղկացած 163,98քմ բնակելի և 141,54քմ օժանդակ մակերեսից (հատոր  1-ին, գ.թ. 10).

2. Վալերիկ Հայրապետյանի սեփականության իրավունքը Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատվածի թիվ 1 արտադրական շենքի նկատմամբ գրանցվել է պետական գրանցման միասնական 09-049-4-3 մատյանի 126 համարի տակ: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 14-17).

3. ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կողմից 16.06.2017 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 16062017-09-0022 վկայականի համաձայն՝ հայցվոր Վալերիկ Հայրապետյանի անվամբ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատված 1 արտադրական շենքի և 0,7722 հեկտար հողամասի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 11).

4. «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի՝ ՀՀ-ի անունից, և «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության միջև 31.08.2010 թվականին կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման թիվ ՄԲԱՇՁԲ-10/18 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ կատարողի կողմից պատվիրատուի հանձնարարությամբ պետք է իրականացվեր Մ2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վթարային տեղամաս 182-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներ:

5. Ի պատասխան հայցվորի դիմումի՝ «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից չափագրման արդյունքում, 26.06.2017 թվականին տրվել է գրություն, որի համաձայն՝ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող /վկայական 16062017-09-0022/ 09-049-0109-0026 ծածկագրով 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ (հատոր 1-ին, գ.թ. 88).

6. ի պատասխան հայցվորի՝ 10.07.2017 թվականի գրության՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն աշխատակազմի ղեկավարը 07.08.2017 թվականի թիվ 08/14-1/14727 գրությամբ հայտնել է, որ 2010 թվականին Մ2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ճանապարհի ծրագծի փոփոխություն չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 18).

7. անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ 08.06.2018 թվականի թիվ ՄՍ/3402-18 գրությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ըստ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատված թիվ 1 հասցեի կադաստրային /արխիվային/ գործի նյութերի՝ ժողովրդական դեպուտատների Սիսիանի շրջխորհրդի գործկոմի՝ 08.01.1990 թվականի թիվ 1/8-1 որոշման համաձայն՝ «Կարմրախայտ-1» կոոպերատիվին հատկացվել է 1,5հա մակերեսով հողամաս, սակայն վերջինիս անվամբ 04.01.1998 թվականին գույքագրում է կատարվել 0,5հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հարկ է նշել, որ գույքագրման, հետագայում նաև սեփականության իրավունքի գրանցման վկայականներում պատկերված հողամասի գծային չափերով մակերեսը կազմում է 0,7722հա, սակայն վկայականներում թյուրիմացաբար նշվել է 0,5հա: Այնուհետև, 09.01.1998 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա քաղաքացի Վալերիկ Հայրապետյանի անվամբ 10.01.1998 թվականին կատարվել է գույքագրում, որից հետո նաև՝ 05.03.2004 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցում: (…): Որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված Գորայք համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի և վերջինիս կողմից 13.06.2017 թվականին տրված գրության հիման վրա 16.06.2017 թվականին կատարվել է նոր պետական գրանցում /վերագրանցում/ և հողամասի մակերեսն ուղղվել է 0,7722հա, որն էլ առանց համադրման տեղադրվել է կադաստրային քարտեզում:

Հայտնվել է նաև, որ, հետագայում որակավորման վկայական ունեցող մեկ այլ անձի կողմից կազմվել է իրադրության հատակագիծ և եզրակացություն, որի համաձայն՝ նշված հողամասը 0,0847հա մակերեսով համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ (հատոր 1-ին, գ.թ. 52-53).

8. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՀՀ Սյունիքի մարզպետ Կ. Համբարձումյանին 13.07.2018 թվականին ուղղված թիվ 01/16.1/11755-18 գրությամբ հայտնվել է, որ Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ հատվածը համադրվում է Վալերիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 7722 քմ-ից 847քմ. մակերեսով հողատարածքին:

Խնդրվել է մարզպետի միջնորդությունը Գորայք համայնքի ղեկավարին՝ վերանայել ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ գյուղի Հյուսիսային հատված թիվ 1 հասցեում գտնվող հողամասի հատակագիծը, որը կբացառի համադրությունը ՀՀ սեփականություն հանդիսացող Մ2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ի ճանապարհահատվածի հետ (հատոր 1-ին, գ.թ. 50-51).

9. ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի կողմից 15.08.2018 թվականին տրված թիվ 185 պատասխան-գրությամբ հայտնվել է հետևյալը.

«1. Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածը գտնվում է Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրի հարակից հատվածում:

2. Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացվել է, թե ոչ՝ հստակ պատասխանել չեն կարող, քանի որ երեք անգամ՝ 08.09.2017 թվականի թիվ 35, 22.12.2017 թվականի թիվ 58 և 31.08.2018 թվականի թիվ 169 գրություններով դիմել են շինարարության պատվիրատու ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը և որևէ պատասխան չեն ստացել: Գորայք խոշորացված համայնքի կազմում ընդգրկված նախկին Ծղուկ համայնքի արխիվային փաստաթղթերում կատարված ուսումնասիրությամբ՝ խնդրո առարկա շինարարության վերաբերյալ փաստաթղթեր առկա չեն: Ծղուկ համայնքի նախկին ղեկավար Մեսրոպ Ամիրջանյանի՝ 04.09.2017թ. գրավոր բացատրագրով վերջինս հավաստել է, որ Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմում Ծղուկի համայնքապետարան շինարարության պատվիրատուի կողմից չի ներկայացվել և կատարված շինաշխատանքները ապօրինի է՝ կատարված է առանց շինթույլտվության:

3. Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների հետևանքով փաստացի տեղի է ունեցել ճանապարհի ծրագծի փոփոխություն, ինչը՝ իրենց անհայտ պատճառով չի արտացոլվել կադաստրային քարտեզում (հիմք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեից Վալերիկ Հայրապետյանին տրված 22.06.2017 թվականի թիվ ԱՍ-21/06/2017-24-0007 քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկանքը):Ծրագծի փոփոխությունը փաստվում է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվերով շինարարությունը իրականացրած Սիսիանի «ՃԱՆՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրեն Հրաչիկ Գաբրիելյանի՝ 05.09.2017 թվականին տված գրավոր բացատրագրով:

4. 04.09.2017 թվականին Սյունիքի մարզի Գորայքի համայնքապետարանի աշխատակազմում Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դիմումատու Վ.Հայրապետյանը Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրի Հյուսիսային հատված թիվ 1 հասցեում գտնվող 09-049-0109-0026 կադաստրային ծածկագրով 7722քմ. հողամասի և այդ հողամասի վրա կառուցված 09-049-0109-0026-001 կադաստրային ծածկագրով հասարակական նշանակության օբյեկտի սեփականատերն է և այդ հողամասի 847քմ. մակերեսը համադրվում է Մ2 միջպետական նշանակության ավտոմայրուղու հետ՝ համաձայն «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից չափագրման արդյունքում Վ.Հայրապետյանին տրամադրած իրադրության հատակագծի: Չափագրող Վ.Ենգիբարյանի կողմից արձանագրած համադրությունը հնարավոր է դարձել 2010 թվականին Մ2 միջպետական նշանակության ավտոմայրուղու 182-րդ կմ-ում կատարված հիմնանորոգման աշխատանքների հետևանքով: Նշված աշխատանքների արդյունքում ավտոճանապարհի՝ «Դալի» գետի վրայով անցնող հատվածը մասնակի փլուզումից հետո չի վերականգնվել նույն տեղում, այլ վերակառուցվել է բոլորովին նոր տեղամասով՝ փլուզված հատվածից Երևան-Մեղրի ուղղությամբ դեպի ձախ մի քանի տասնյակ մետր փլուզված հատվածից վերև, համապատասխանաբար՝ Վ.Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: Ճանապարհի ծրագծի ակնհայտ փոփոխությունն առանց որևիցե չափագրման նկատելի է նաև անզեն աչքով՝ նախկին ճանապարհի փլուզումից հետո մնացած հետքերից, ինչպես նաև համայնքի բնակիչների և վարորդների հետ անցկացրած հարցախույզից:

Միաժամանակ, վարչական վարույթի նյութերով նախապես հայտնի փաստերի ստուգման և հաստատման նպատակով ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկությամբ ստեղծվել է համատեղ հանձնաժողով՝ կատարված շինարարության օրինականությունը ստուգելու նպատակով, սակայն որևիցե պատասխան հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ Գորայքի համայնքապետարանին չի տրամադրվել» (հատոր 1-ին, գ.թ. 73).

10. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ 03.09.2018 թվականի թիվ 08/16.1/14288-18 պատասխան-գրությամբ Մ2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման   182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքների վերաբերյալ հայտնվել է հետևյալը «.1-3 ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը 2010 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն՝ «Ճաննախագիծ» ՍՊ ընկերությանը պատվիրել է Մ2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքային նախագիծ: Աշխատանքային նախագծի համաձայն՝ աշխատանքների իրականացման նպատակով «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության հետ 31.08.2010թ. կնքվել է թիվ ՄԲԱՇՁԲ-10/18 պետական գնման պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ աշխատանքների կատարումն ավարտվել է 20.11.2010 թվականին» (հատոր 1-ին, գ.թ. 69-70).

11. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 07.08.2017 թվականի թիվ 08/14.1/14727 գրությամբ Վալերիկ Հայրապետյանին պատասխանվել է, որ Մ2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել է հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ծրագծի փոփոխություն չի կատարվել (հատոր 1-ին, գ.թ. 18).

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փորձաքննություն նշանակելու դատարանի հայեցողությանն այն պարագայում, երբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար առկա են հակասական ապացույցներ։

 

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են` (…) փորձագետների եզրակացություններով։

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին՝ որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից և անդրադառնալով ապացույցների արժանահավատության հարցին` արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը, և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա (տե՛ս թիվ 3-81(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։

Իր մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների արժանահավատությունն ապացույցի հատկանիշ է, որը բնութագրում է ապացուցման առարկան կազմող հանգամանքների հավաստիությունն ու հստակությունը: Արժանահավատ է այն ապացույցը, որը գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկություն է բովանդակում: Ապացույցի արժանահավատության ստուգման և գնահատման չափորոշիչները տարբեր են` պայմանավորված հետազոտված ապացույցի տեսակով (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՇԴ/1342/02/11 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պարտադիր կերպով պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միևնույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը։ Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նաև գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված և հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված և հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջև եղած հակասությունները և արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված և հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով։

Այսպիսով, ապացույցների հավաստիության և փոխադարձ կապի տեսանկյունից դրանց գնահատման նպատակն այն է, որ վերացվեն ձեռք բերված և հետազոտվող ապացույցների միջև առկա հակասությունները, փարատվեն ստացված ապացուցողական տեղեկատվության ողջ համակցության հետազոտման արդյունքում կատարված եզրահանգման հավաստիության վերաբերյալ բոլոր կասկածները։ Պարզելով ապացույցների արժանահավատությունը՝ դատարանը որոշում է դրանց բավարար լինելը, բացահայտում է ձեռք բերված և հետազոտված ապացույցների հիման վրա որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն անելու հնարավորությունը, ինչը թույլ է տալիս ստուգել նաև գործով հավաքված ապացույցների լրիվությունը (տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով 27.11.2015 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, արձանագրել է նաև, որ ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս, թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Գործն ըստ էության լուծող դատական ակտով Դատարանը պարտավոր է պատճառաբանել յուրաքանչյուր հայցապահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ իր եզրահանգումը, ինչը պետք է հիմնված լինի միայն արժանահավատ ապացույցների վրա: Դատարանը չի կարող բավարարել հայցապահանջը, եթե այն հիմնավորող որևէ իրավական կամ փաստական հանգամանք առկա չէ (տե՛ս թիվ ԵԿԴ/0807/02/10 քաղաքացիական գործով 28.11.2014 թվականի որոշումը):

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակել լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե´ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալ իրավական նորմերն ու մեկնաբանությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի ճիշտ լուծումը հիմնականում կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշելուց և դրանց հաստատման համար ներկայացված և/կամ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից և գնահատումից։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի բավարար ապացույցներով, և որ ամենակարևորն է՝ այդ ապացույցները պետք է օժտված լինեն արժանահավատության բարձր մակարդակով։ Էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատող ապացույցը պետք է լինի միանշանակ, և որևէ պարագայում չհարուցի որևէ կասկած։

Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր։

Բոլոր այն դեպքերում, երբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար առկա ապացույցների համակցությունը կասկած է հարուցում՝ իրար հակասող ապացույցների առկայության հանգամանքով պայմանավորված, դատարանը պետք է գնահատի այդ ապացույցների արժանահավատությունը՝ մերժելով իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը՝ հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա։ Միաժամանակ բոլոր այն դեպքերում, երբ ապացույցների հակասությունն այնպիսին է, որ դատարանը չի կարող պատճառաբանված կերպով հիմնավորել ոչ արժանահավատ ապացույցի մերժումը և արժանահավատ ապացույցի հիման վրա դատական ակտի կայացման իրավաչափ լինելու հիմնավորվածությունը, դատարանը պետք է կիրառի օրենսդրությամբ թույլատրված ցանկացած միջոց՝ այնպիսի ապացույց ձեռք բերելու, որը միտված կլինի վիճելի և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայության կամ բացակայության հաստատմանը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Վալերիկ Հայրապետյանը դիմել է դատարան և պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին իրեն սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասը բերել նախկին վիճակին, այն է՝ 7722քմ հողամասի համադրվող /847քմ/ մասից հանել ճանապարհը:

Դատարանը 26.03.2019 թվականի վճռով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ․ «գործի փաստերը համադրելով՝ դատարանը գտնում է, որ պատասխանողները Մ2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի համապատասխան հատվածը անցկացրել են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասով, որի հիման վրա հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առանց իրավական հիմքերի կառուցվել է նոր ճանապարհ: Մասնավորապես՝ գործի փաստերով դատարանը հաստատված համարեց, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ»։

Վերաքննիչ դատարանը 10.10.2019 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության ու պատասխանող Նախարարության վերաքննիչ բողոքները մերժել է, և Դատարանի 26.03.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ Դատարանը գործով իրականացրել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն և արդյունքում հայցը բավարարելու վերաբերյալ կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ։

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը, որի ապացուցմանը պետք է ուղղված լինեին ստորադաս դատարանների ջանքերը, հետևյալն է. արդյո՞ք Վալերիկ Հայրապետյանին պատկանող 7722քմ հողամասի 847քմ հատվածը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ։

Սույն գործով Վալերիկ Հայրապետյանը դիմել է դատարան և պնդել է, որ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի վթարային տեղամաս 182-րդ կմ-ում կատարված աշխատանքների արդյունքում 2010 թվականին իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի միջոցով անցկացվել է նոր ճանապարհ (իր հողամասի 847քմ հատվածը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ) և պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին իրեն սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասը բերել նախկին վիճակին, այն է՝ 7722քմ հողամասի համադրվող /847քմ/ մասից հանել ճանապարհը:

Գործով պատասխանողները պնդել են, որ Մ2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ծրագծի փոփոխություն չի կատարվել և առկա չէ որևէ համադրություն Վալերիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և Մ2 ավտոմոբիլային ճանապարհի միջև։

Սույն գործով կողմերը, իրենց պնդումները հիմնավորելու նպատակով, դատարան են ներկայացրել մի շարք ապացույցներ, որոնցից են՝

-  Նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ 03.09.2018 թվականի թիվ 08/16.1/14288-18 պատասխան-գրությունը, համաձայն որի՝ Մ2   Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքների վերաբերյալ հայտնվել է հետևյալը «1-3 ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը 2010 թվականին «Գնումների մասին» ՀՀ օրենսդրության համաձայն՝ «Ճաննախագիծ» ՍՊ ընկերությանը պատվիրել է Մ2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման 182-րդ կմ-ի վթարային հատվածի վերականգնման աշխատանքային նախագիծ: Աշխատանքային նախագծի համաձայն՝ աշխատանքների իրականացման նպատակով «Սիսիանի Ճանշին» ՍՊ ընկերության հետ 31.08.2010թ. կնքվել է թիվ ՄԲԱՇՁԲ-10/18 պետական գնման պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ աշխատանքների կատարումն ավարտվել է 20.11.2010 թվականին»։

-  Որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված Գորայք համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծի և վերջինիս կողմից 13.06.2017 թվականին տրված գրությունը, որի հիման վրա 16.06.2017 թվականին կատարվել է նոր պետական գրանցում /վերագրանցում/ և հողամասի մակերեսն ուղղվել է 0,7722հա, որն էլ առանց համադրման տեղադրվել է կադաստրային քարտեզում։

-  Հետագայում որակավորման վկայական ունեցող մեկ այլ անձի կողմից կազմված իրադրության հատակագիծը և եզրակացությունը, որի համաձայն՝ նշված հողամասը 0,0847հա մակերեսով համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ։

-  «Վ.Կ.ԳԵՈ» ՍՊ ընկերության կողմից չափագրման արդյունքում Վ. Հայրապետյանին տրամադրած իրադրության հատակագիծը, համաձայն որի՝ չափագրող Վ. Ենգիբարյանի կողմից արձանագրած համադրությունը հնարավոր է դարձել 2010 թվականին Մ2 միջպետական նշանակության ավտոմայրուղու 182-րդ կմ-ում կատարված հիմնանորոգման աշխատանքների հետևանքով: Նշված աշխատանքների արդյունքում ավտոճանապարհի՝ «Դալի» գետի վրայով անցնող հատվածը մասնակի փլուզումից հետո չի վերականգնվել նույն տեղում, այլ վերակառուցվել է բոլորովին նոր տեղամասով՝ փլուզված հատվածից Երևան-Մեղրի ուղղությամբ դեպի ձախ մի քանի տասնյակ մետր փլուզված հատվածից վերև, համապատասխանաբար՝ Վ. Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: Ճանապարհի ծրագծի ակնհայտ փոփոխությունն առանց որևիցե չափագրման նկատելի է նաև անզեն աչքով՝ նախկին ճանապարհի փլուզումից հետո մնացած հետքերից, ինչպես նաև համայնքի բնակիչների և վարորդների հետ անցկացրած հարցազրույցից:

-  ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի՝ 15.08.2018 թվականի թիվ 185 գրությունը, համաձայն որի՝ ի պատասխան ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գ. Մուղնեցյանի՝ 09.08.2018 թվականի գրության հայտնվել է հետևյալ տեղեկատվությունները․ (․․․) Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման Մ2 ավտոմայրուղու 182-րդ կմ հատվածում 2010 թվականին կատարված շինարարական աշխատանքների հետևանքով փաստացի տեղի է ունեցել ճանապարհի ծրագծի փոփոխություն, ինչը՝ իրենց անհայտ պատճառով չի արտացոլվել կադաստրային քարտեզում։

-  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 07.08.2017 թվականի թիվ 08/14.1/14727 գրությամբ Վալերիկ Հայրապետյանին պատասխանվել է, որ Մ2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 182-րդ կմ-ում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում ծրագծի փոփոխություն չի կատարվել։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը իրենց եզրահանգումը կատարելուց առաջ մեջբերել են նաև վերոնշյալ իրարամերժ ապացույցները, և առանց որևէ վերլուծություն կատարելու՝ արձանագրել են, որ գործի փաստերը համադրելով գտնում են, որ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 7722քմ հողամասից 847քմ հողամասը համադրվում է Մ2 ավտոմայրուղու հետ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ  գործով ձեռք բերված ապացույցների արժանահավատությունը գնահատելիս դատարանները պետք է վեր հանեն իրար հակասող ապացույցները և, եթե գործով  ձեռք բերված ապացույցների համակցությունը թույլ է տալիս, կայացնեն դատական  ակտ, դրա հիմքում դնելով արժանահավատ ապացույցները՝ համապատասխան պատճառաբանություններով, իսկ դատարանի կարծիքով ոչ արժանահավատ  ապացույցը մերժել՝ հիմնավորելով տվյալ մերժումը։ Այսինքն՝ դատարանի պատճառաբանություններից պետք է պարզ դառնա, թե նման դատական ակտ կայացնելու հիմքում որ ապացույցներն են դրվել և ինչպիսի պատճառաբանություններով, և որ ապացույցներն են գնահատվել ոչ արժանահավատ՝ կրկին ինչպիսի պատճառաբանություններով։

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտերը չեն պարունակում պատճառաբանություններ վկայակոչված իրարամերժ ապացույցների՝ հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ, և թե ինչ հիմքով են ընտրվել հողամասի և ավտոմայրուղու համադրումը հիմնավորող ապացույցները, և ինչ հիմքով են մերժվել համադրման բացակայության վերաբերյալ ապացույցները՝ անհայտ է։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն գործի փաստերը և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության՝ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու և դրանք պատշաճ կերպով հիմնավորող ապացույցների հիման վրա հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար։

 

  Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները հերքվում են սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10102019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: