Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.12.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
16.12.2022
Дата вступления в силу
16.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/7994/05/18

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7994/05/18

Նախագահող դատավոր՝

 Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Կ. Բաղդասարյան

 Կ Ավետիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

2022 թվականի դեկտեմբերի 16-ին

գրավոր ընթացակարգով, քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.11.2020 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արայիկ Գրիգորյանի ընդդեմ Կոմիտեի՝ 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արայիկ Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 01.02.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2020 թվականի որոշմամբ Արայիկ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 01.02.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, Արայիկ Գրիգորյանի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածը, կիրառել է նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 124-րդ հոդվածը, 151-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 56-րդ և 57-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող Հարկերի մասին ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, առանց վարչական ակտով առաջադրված պարտավորությունների և վարչական ակտի հասցեատիրոջ նկատմամբ կիրառված իրավական հետևանքների հիմնավորվածությանը պատշաճ անդրադարձ կատարելու, վարչական ակտի անվավեր ճանաչման հիմքում դրել է միայն ձևական ընթացակարգային խախտումներ՝ դրանով իսկ դուրս գալով նաև վերաքննիչ բողոքի սահմաններից։

Այսինքն, սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի բեկանման հիմքում, inter alia, դրվել են այնպիսի հիմքեր, որոնք վերաքննիչ բողոքում նշված չեն եղել և առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում չեն քննարկվել։ Սույն գործով բողոքարկվող դատական ակտում վերաքննության սահմանների և վարչական ակտի հիմնավորվածության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին։

Գործում առկա ապացույցներով չի հաստատվում նաև հայցվորի կողմից պահանջվող հատուցման ենթակա ծախսերի անհրաժեշտ և ողջամիտ լինելու հանգամանքը: Ուստի փոխհատուցման ենթակա են միայն հայցվորի կրած դատական ծախսերն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Այսինքն, փոխհատուցման ենթակա են ներկայացուցչին վճարվելիք ոչ թե կամայական կամ կողմերի որոշած գումարները, այլ այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.02.2019 թվականի վճռին, կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

 1) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշման համաձայն՝ հարկային մարմնում առկա տվյալների hամաձայն՝ մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկությունների արդյունքում կատարվել է ֆիզիկական անձ Արայիկ Սրապիոնի Գրիգորյանի չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ հաշվարկ, որը 25.07.2016 թվականի դրությամբ կազմել է 14.048.685 դրամ ԱԱՀ-ի գծով (ապառք-10.815.000 դրամ, տույժ-1.070.685 դրամ, տուգանք-2.163.000 դրամ), որը ենթակա է գանձման։ Կոմիտեի իրավաբանական վարչությունում, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի, հարուցվել է վարչական վարույթ ֆիզիկական անձի չկատարած հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 291-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով, որի մասին 27.09.2016 թվականին ֆիզիկական անձը «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ բաժանմունքի կողմից ծանուցվել է, սակայն վերջինս հրաժարվել է ծրարը ստանալուց, վարույթի նյութերին ծանոթանալու համար չի ներկայացել և որևէ բացատրություն չի տվել։ Գանձման ենթակա չկատարված պարտավորության նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր։ Արդյունքում որոշվել է ֆիզիկական անձ Արայիկ Սրապիոնի Գրիգորյանից գանձել 14.048.685 ՀՀ դրամ պարտավորության գումար (հատոր 1-ին, գ.թ. 13-14)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ վարչական դատավարության առանձին փուլերում գործն ի պաշտոնե ("ex officio") քննելու սկզբունքի դրսևորման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով.:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք վերաքննիչ դատարանը կարող է դատական ակտ կայացնել այնպիսի հիմքով, որը վկայակոչված չէ վերաքննիչ բողոքում՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio")։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։

Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, բողոք բերող անձի պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի uահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տե'ս ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:

Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե'ս Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածների համակարգային վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշմամբ արձանագրվել է, որ հարկային մարմնում առկա տվյալների hամաձայն՝ մաքսային մարմինների կողմից ստացված տեղեկությունների արդյունքում կատարվել է ֆիզիկական անձ Արայիկ Գրիգորյանի չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ հաշվարկ, որը 25.07.2016 թվականի դրությամբ կազմել է 14.048.685 դրամ ԱԱՀ-ի գծով (ապառք-10.815.000 դրամ, տույժ-1.070.685 դրամ, տուգանք-2.163.000 դրամ), որը ենթակա է գանձման։ Կոմիտեի իրավաբանական վարչությունում, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի, հարուցվել է վարչական վարույթ ֆիզիկական անձի չկատարած հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 291-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտ ընդունելու նպատակով, որի մասին 27.09.2016 թվականին ֆիզիկական անձը «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի բաժանմունքի կողմից ծանուցվել է, սակայն վերջինս հրաժարվել է ծրարը ստանալուց, վարույթի նյութերին ծանոթանալու համար չի ներկայացել և որևէ բացատրություն չի տվել։ Գանձման ենթակա չկատարված պարտավորության նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր։ Արդյունքում որոշվել է ֆիզիկական անձ Արայիկ Սրապիոնի Գրիգորյանից գանձել 14.048.685 ՀՀ դրամ պարտավորության գումար:

Դիմելով դատարան՝ Արայիկ Գրիգորյանը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Կոմիտեի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշումը:

Արայիկ Գրիգորյանը, հայցադիմումում վկայակոչելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը, նշել է, որ նշված նորմերի համադրումից հետևում է, որ ԱԱՀ-ով հարկվող գործարքներ են դիտվում ՀՀ կառավարության սահմանած՝ ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող չափով ապրանքների ներմուծումը և ավտոմեքենաների ներմուծումը՝ բացառությամբ ԵՏՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների: Ասվածից բխում է, որ ավտոմեքենաների մասով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է առանձին կարգավորում, համաձայն որի՝ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների ներմուծման համար ԱԱՀ չի գանձվում: Այլ կերպ ասած՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «կամ» շաղկապից առաջ եղած դրույթը և «կամ» շաղկապից հետո եղած դրույթը երկու տարբեր իրավակարգավորումներ են նախատեսում, և, հետևաբար, «կամ» շաղկապից առաջ ամրագրված այն դրույթը, որ ԱԱՀ-ով հարկվում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ներմուծումը, չի տարածվում ավտոմեքենաների վրա, քանի որ «կամ» շաղկապից հետո զետեղված դրույթով ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ սահմանված է այլ իրավակարգավորում: Հայցվորը գտել է, որ վիճարկվող որոշումն օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտ է, քանի որ դրանով հայցվորի վրա ոչ իրավաչափ կերպով դրվել է ԱԱՀ վճարելու պարտականություն։

Դատարանը գտել է, որ հայցվոր Արայիկ Գրիգորյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիմքում դրված հանգամանքները հիմք չեն Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշումն անվավեր ճանաչելու համար, ուստի հայցն անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանի վճռի դեմ Արայիկ Գրիգորյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել վիճելի իրավահարաբերության ժամանակահատվածում գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետը, չի կիրառվել նշված նորմի «կամ» շաղկապից հետո սահմանված իրավակարգավորումը, որը ենթակա էր տվյալ դեպքում կիրառման և առանց որևէ հիմնավորման կիրառվել է նշված նորմի «կամ» շաղկապից առաջ ընկած իրավակարգավորումը, կիրառվել են վիճելի իրավահարաբերության ժամանակահատվածում գործող խմբագրությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 249-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կառավարության 30.07.2015 թվականի թիվ 865-Ն և 06.11.2014 թվականի թիվ 1406-Ն որոշումները, որոնք սույն գործով ենթակա չէին կիրառման։

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք, Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշման բովանդակությունից հնարավոր է պարզել հարկային պարտավորությունների առաջացման հիմքերը, ըստ այդմ նաև՝ անդրադառնալ դրանց իրավաչափության գնահատմանը, արձանագրել է, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշումը չի պարունակում գործի քննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքների շարադրանքը, ինչի արդյունքում վարչական ակտի բովանդակությունից հնարավոր չէ հասկանալ, թե կոնկրետ որ ժամանակահատվածում, որ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար է կայացվել հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին նշված որոշումը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով վիճարկվող՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 03.10.2016 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշումը հիմնավորված չէ, վարչական մարմնի կողմից չեն բացահայտվել և ակտում չեն հիմնավորվել հարկ վճարող սուբյեկտի մոտ որոշակի հարկատեսակի գծով չկատարված հարկային պարտավորության առկայության և նույն հարկատեսակի վճարման համար համապատասխան օրենքներով նախատեսված ժամկետների սպառված լինելու հանգամանքները: Ուստի, Կոմիտեի 03.10.2016 թվականի թիվ 749/8 որոշումը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով և ենթակա է անվավեր ճանաչման։

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետևությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ եզրահանգելով, որ վիճարկվող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 749/8 որոշումը հիմնավորված չէ, վարչական մարմնի կողմից չեն բացահայտվել և ակտում չեն հիմնավորվել հարկ վճարող սուբյեկտի մոտ որոշակի հարկատեսակի գծով չկատարված հարկային պարտավորության առկայության և նույն հարկատեսակի վճարման համար համապատասխան օրենքներով նախատեսված ժամկետների սպառված լինելու հանգամանքները, ըստ էության, դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ սույն գործը Դատարանում քննվել է միայն վիճարկվող վարչական ակտի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասի խախտմամբ ընդունված լինելու կամ չլինելու հիմքով, և այդ հիմքով էլ բերվել է նաև վերաքննիչ բողոքը:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես, փոխել է հայցի հիմքը և կայացրել դատական ակտ այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել և վկայակոչված չեն եղել վերաքննիչ բողոքում: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըuտ էության քննելու համար և քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում դատական ակտը վերանայելու լիազորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավասու չէ իր նախաձեռնությամբ ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի հիմքերը և փոփոխել դատական ակտը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, հետևաբար Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.11.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան