Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.10.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
07.10.2022
Дата вступления в силу
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ/0066/01/20

Գործ թիվ ՏԴ/0066/01/20

Նախագահող դատավոր՝

  Մ. Արղամանյան

Դատավորներ՝

 Ա. Մնացականյան

 Մ. Պապոյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

7 հոկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման դեմ ամբաստանյալներ Հայկ Սուրենի Դարբինյանի և Արշակ Դավիթի Գումաշյանի պաշտպան Հ.Շահումյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 215.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 58232019 քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումներով Հայկ Սուրենի Դարբինյանը և Արշակ Դավիթի Գումաշյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Նախաքննության մարմնի նույն օրվա որոշումներով Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 21-ի որոշմամբ Ա.Գումաշյանին և Հ.Դարբինյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով:

2020 թվականի ապրիլի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 3-ի դատավճռով ամբաստանյալ Հայկ Դարբինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ամբաստանյալ Արշակ Գումաշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել ու քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա մահվան հիմքով: Ա.Գումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով որոշվել է նաև իրեղեն ապացույց ճանաչված և ՀՀ ազգային անվտանգության ծառայության ֆինանսական վարչությանն ի պահ հանձնված՝ 4.800.000 ՌԴ ռուբլուց հայտարարագրման ենթակա՝ 3.534.210 ՌԴ ռուբլին, բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության, իսկ մնացած՝ 1.265.790 ՌԴ ռուբլին, վերադարձնել ամբաստանյալ Հայկ Սուրենի Դարբինյանին և ամբաստանյալ Արշակ Դավիթի Գումաշյանի իրավահաջորդ Դավիթ Արշակի Գումաշյանին:

3. Պաշտպան Հ.Շահումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մարտի 3-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալներ Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի պաշտպան Հ.Շահումյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չեն, դրանցով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի, դատավճիռը կայացվել է օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի, ապացույցների ազատ գնահատման հիմնարար սկզբունքների խախտմամբ:

5.1. Բողոքաբերը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տարրերը և գնահատելով սույն քրեական գործում առկա փաստական տվյալները, նշել է, որ Հ.Դարբինյանը և Ա.Գումաշյանը կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն չեն կատարել, և նրանց գործողություններում բացակայում են այս հանցագործության սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերը։

5.2. Բացի այդ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատարանը Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի արարքում մաքսանենգության հանցակազմի առկայությունը բավարար ապացուցողական զանգվածով չի հիմնավորել, ինչպես նաև չի անդրադարձել դատաքննության ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը և օրենքով սահմանված կարգով չի լուծել 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական միջոցներից մինչև 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական միջոցների հարցը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի անմեղությունն առաջադրված մեղադրանքում կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը կամ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 21-ի որոշմամբ Հայկ Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում մեկնել է Վրաստան, որտեղ ձեռք է բերել 18.072.000 ՀՀ դրամին համարժեք 2.400.000 ՌԴ ռուբլի ու ՀՀ արտարժույթ ներկրելու նպատակով, այն պահել է գուլպաների մեջ և նույն օրը «Բագրատաշեն» մաքսակետով հատել է վրաց-հայկական սահմանը և մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխել է հայտարարագրման ենթակա խոշոր չափերի 13.306.300 ՀՀ դրամին համարժեք 1.767.105 ՌԴ ռուբլի կանխիկ դրամական միջոցները, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ (...)»2:

7.1. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 21-ի որոշմամբ Արշակ Գումաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա 2019 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում մեկնել է Վրաստանի Մարնեուլի քաղաք՝ ՀՀ արտարժույթ ներկրելու նպատակով և նույն օրը Մարնեուլի քաղաքում գործող, ազգությամբ ադրբեջանցի, ոմն՝ Իլքինին պատկանող տարադրամի փոխանակման կետից ստացել է 18.072.000 ՀՀ դրամին համարժեք 2.400.000 ՌԴ ռուբլի, այն պահել է գուլպաների մեջ և նույն օրը «Բագրատաշեն» մաքսակետով հատել է վրաց-հայկական սահմանը և մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխել է հայտարարագրման ենթակա խոշոր չափերի 13.306.300 ՀՀ դրամին համարժեք 1.767.105 ՌԴ ռուբլի կանխիկ դրամական միջոցները, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ (...)»3:

8. Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները, վերլուծության ու գնահատման ենթարկելով դրանք իրենց համակցության մեջ, հանգել է հետևության, որ ամբաստանյալներ Հ.Դարբինյանին և Ա.Գումաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքները հաստատված են ամբաստանյալներ Հ.Դարբինյանի, Ա.Գումաշյանի, վկաներ Ս.Հովսեփյանի, Ա.Ալեքսանյանի, Ա.Ղարագյոզյանի, Մ.Մալխասյանի, Ս.Սիմոնյանի ցուցմունքներով, Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի անձնական խուզարկություններ կատարելու վերաբերյալ արձանագրություններով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 7-1/76196-19 գրությամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության «ՍԷԿՏ» համակարգում առկա սահմանահատումների պատմությամբ, իրեղեն ապացույց ճանաչված Հ.Դարբինյանից և Ա.Գումաշյանից վերցված 4.800.000 ՌԴ ռուբլի գումարով4:

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Հայկ Սուրենի Դարբինյանին մեղսագրված արարքը հաստատված է, ՀՀ քրեական օրենսգրքի 215.1 հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված, որի համար նա ենթակա է պատժի: (...)

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Արշակ Դավիթի Գումաշյանին, ապա վերջինիս մահվան փաստը թեպետ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է, սակայն նրա իրավահաջորդ Դավիթ Արշակի Գումաշյանի պնդմամբ դատարանը քննությունը շարունակել է նաև ամբաստանյալ Արշակ Գումաշյանի մասով և հանգել այն հետևության, որ նրան մեղսագրված արարքը հաստատված է, ՀՀ քրեական օրենսգրքի 215.1 հոդվածի [1-ին] մասով ճիշտ է որակված, և որ նրա մասով քրեական գործի վարույթը պետք է կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը: Դատարանի այս հետևությունը բխում է ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջից, այնպես էլ՝ ՍԴՈ-1358 21.03.2017 թվականի որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումներից (...)»5:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Հայկ Դարբինյանի և Արշակ Գումաշյանի կողմից կատարված հանցանքը հիմնավորված և նրանց մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, առաջին ատյանի դատարանն ամբաստանյալների արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ հետևության և հաստատված է համարել Հայկ Դարբինյանի և Արշակ Գումաշյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ:

(...)

Հայկ Դարբինյանի և Արշակ Գումաշյանի գործողություններում մաքսանենգության հանցակազմի բացակայության վերաբերյալ պաշտպան Հ.Շահումյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունների կապակցությամբ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վկա Արես Ալեքսանյանի ցուցմունքի համաձայն՝ Հայկ Դարբինյանն ի պատասխան իր մոտ հայտարարագրման ենթակա ապրանքների կամ բեռների առկայության մասին հարցին տվել է բացասական պատասխան: Ըստ վկաներ Մհեր Մալխասյանի և Սասուն Սիմոնյանի ցուցմունքների՝ վերջիններս Հայկ Դարբինյանին և Արշակ Գումաշյանին հարցրել են, թե արդյոք իրենց մոտ առկա են պետական սահմանով ապօրինի փոխադրվող արժեքավոր իրեր, այդ թվում՝ նաև դրամական միջոցներ, սակայն նրանք հայտնել են, որ իրենց մոտ այդպիսիք բացակայում են: Այսինքն՝ առնվազն այդ պահից Հայկ Դարբինյանը և Արշակ Գումաշյանը գիտակցել են իրենց մոտ առկա դրամական միջոցների տեղափոխման հակաօրինականությունը: Այս առումով վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև, որ ըստ ամբաստանյալ Հայկ Դարբինյանի ցուցմունքի՝ նա, ի պատասխան մաքսային աշխատողի՝ իր մոտ հայտարարագրման ենթակա գույքի առկայության վերաբերյալ հարցին, նշել է միայն ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող մեկ պարկ կարտոֆիլի մասին՝ թաքցնելով իր մոտ խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների առկայության փաստը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոգրյալը նույնպես անմիջականորեն վկայում է Հայկ Դարբինյանի և Արշակ Գումաշյանի՝ մաքսային հսկողությունից կանխիկ դրամական միջոցները թաքցնելու մտադրության մասին: Վերաքննիչ դատարանը նման եզրակացության հիմքում դնում է նաև դրամական միջոցները ՀՀ պետական սահմանով անցկացնելու եղանակը, այն է՝ նույն 2.400.000 ՌԴ ռուբլի չափով գումարը գուլպաների մեջ թաքցնելը:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ ամբաստանյալներ Հայկ Դարբինյանի և Արշակ Գումաշյանի կողմից մաքսանենգությամբ տեղափոխվող գումարի չափը որոշելիս և ըստ այդմ նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալիս վարույթն իրականացնող մարմինն առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների մասով Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացրել:

Թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ ամբաստանյալ Արշակ Գումաշյանի մահվան փաստը նրա մասով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիր հիմք է, սակայն հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ-ի մարտի 21-ի թիվ ՍԴՈ-1358 որոշումը՝ նրա իրավահաջորդ Դավիթ Արշակի Գումաշյանի պնդմամբ դատարանը քննության է առել նաև Արշակ Գումաշյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության հարցը և իրավաչափորեն հաստատված համարել Ա.Գումաշյանի մեղավորությունն իրեն վերագրվող արարքը կատարելու մեջ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, ինչպես նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վիճարկվող որոշման մեջ տեղ գտած պատճառաբանությունները, վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը Հայկ Դարբինյանի և Արշակ Գումաշյանի վերաբերյալ գործը քննելիս և լուծելիս թույլ չի տվել ՀՀ քրեադատավարական օրենսդրության որևէ խախտում, որը կարող էր հիմք հանդիսանալ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար (...)»6:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալներ Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում ամբաստանյալներ Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի մեղքը հաստատվում է սույն քրեական գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ ամբաստանյալներ Հ.Դարբինյանի, Ա.Գումաշյանի, վկաներ Ս.Հովսեփյանի, Ա.Ալեքսանյանի, Ա.Ղարագյոզյանի, Մ.Մալխասյանի, Ս.Սիմոնյանի ցուցմունքներով, Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի անձնական խուզարկություններ կատարելու վերաբերյալ արձանագրություններով, որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 7-1/76196-19 գրությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության «ՍԷԿՏ» համակարգում առկա սահմանահատումների պատմությամբ, իրեղեն ապացույց ճանաչված Հ.Դարբինյանից և Ա.Գումաշյանից վերցված 4.800.000 ՌԴ ռուբլի գումարով7:

12. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.1.-5.2-րդ կետերում բարձրացրած փաստարկներին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում մանրամասն քննարկման առարկա է դարձրել բողոքաբերի հիշյալ փաստարկներն ու հանգել հիմնավորված և պատճառաբանված հետևության8։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալներ Հ.Դարբինյանի և Ա.Գումաշյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են և պատճառաբանված։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Գումաշյանի մահվան փաստը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է, վերջինիս մեղավորությունը հաստատելուց հետո նրա մասով քրեական գործի վարույթը կարճելով և քրեական հետապնդումը դադարեցնելով, հանգել են ճիշտ հետևության:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Հ.Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները, (…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով»:

15. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2019 թվականի նոյեմբերի 5-ին9։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2020 թվականի մարտի 3-ին10, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի հոկտեմբերի 13-ին11: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ12:

17. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Դարբինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

Հետևաբար, Հ.Դարբինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 215.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Հայկ Սուրենի Դարբինյանի և Արշակ Դավիթի Գումաշյանի վերաբերյալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մարտի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը մասնակիորեն՝ Հայկ Սուրենի Դարբինյանի մասով, բեկանել և փոփոխել, ամբաստանյալ Հայկ Սուրենի Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

2. Ստորադաս դատարանի դատական ակտը մնացած մասով թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 274-275։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 264-265։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 108-110։

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 110-111։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 57-68։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 108-110:

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը

11 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

12 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան