ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԳԴ4/0004/11/20 | ||
Գործ թիվ ԳԴ4/0004/11/20 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Դանիելյանի | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
Ս. ՕհանյանԻ |
26 օգոստոսի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ մասի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 58213819 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Վարդան Վասակի Բադալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
2019 թվականի հուլիսի 9-ից նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Վ.Բադալյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 314-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ և 5-րդ կետերով:
2. Նախաքննության մարմինը 2020 թվականի մայիսի 13-ին որոշում է կայացրել մեղադրյալ Վարդան Բադալյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
3. Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լազարյանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Վ.Բադալյանի պաշտպան Ա.Զաքարյանի բողոքը մերժվել է:
4. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի հունվարի 25-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշման դեմ պաշտպան Ա.Զաքարյանի բողոքը բավարարել է, պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել մեղադրյալի իրավունքների խախտումները:
5. ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի մարտի 17-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լազարյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով:
6. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Օրդակյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակը նշել է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները: Ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը որպես դատական ակտի բողոքարկման ժամկետի ելակետ ստորադաս դատարանի որոշումը ստանալու (փաստացի հասու դառնալու) եզրույթը մեկնաբանել է խիստ լայն իմաստով, արդյունքում անհարկի սահմանափակելով վարույթն իրականացնող մարմնի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները:
Բողոքի հեղինակի կարծիքով, իրավաչափ և հիմնավորված չեն Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ դատախազ Վ.Լազարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի խախտմամբ:
8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 17-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Առաջին ատյանի դատարանի կողմից ուղարկված՝ 2021 թվականի հունվարի 25-ի որոշման օրինակը Գեղարքունիքի մարզի դատախազությունում ստացվել է 2021 թվականի փետրվարի 3-ին2։
9.1. Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունվարի 25-ի որոշման դեմ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լազարյանի վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել 2021 թվականի փետրվարի 12-ին3։
10. Վերաքննիչ դատարանն իր` 2021 թվականի մարտի 17-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող թիվ ԳԴ4/0004/11/20 որոշումը դատավարության մասնակիցը՝ դիմող Վ.Բադալյանը, 2021 թվականի հունվարի 27-ին՝ կից դիմումով, ուղարկել է դատարանի որոշման դեմ բողոք բերելու իրավունք ունեցող դատավարության մասնակցին՝ դատախազ Վ.Լազարյանին, որն այն փաստացի ստացել է (հասու է դարձել) 2021 թվականի հունվարի 29-ին: Դատախազն իր հերթին Առաջին ատյանի դատական ակտը 2021 թվականի փետրվարի 1-ին՝ գրությամբ ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Գեղարքունիքի մարզի դատախազությունում թիվ ԳԴ4/0004/11/20 գործով որոշման օրինակն Առաջին ատյանի դատարանից ստացվել է 2021 թվականի փետրվարի 3-ին, դատախազ Վ.Լազարյանին հանձնվել՝ 2021 թվականի փետրվարի 4-ին:
Վերոնշյալ փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այս դեպքում վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը պետք է հաշվարկվեր ոչ թե Առաջին ատյանի դատարանի կողմից դատական ակտը Գեղարքունիքի մարզի դատախազություն ուղարկելու և այնտեղ ստացվելու պահից, այլ այն պահից, երբ համապատասխան փաստաթուղթը փաստացի հասու է դարձել դատախազ Վ.Լազարյանին, այսինքն՝ 2021 թվականի հունվարի 29-ից: Հետևաբար դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2021 թվականի փետրվարի 8-ը, մինչդեռ Դատախազը Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայության է հանձնել 2021 թվականի փետրվարի 12-ին:
Վերոգրյալ իրավանորմերի, ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատախազը վերաքննիչ բողոքը ներկայացրել է դատական ակտը ստանալուց (փաստացի հասու դառնալուց) հետո 10-օրյա ժամկետի խախտմամբ (…)»4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 25-ի որոշման դեմ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լազարյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է:
12. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
13. Մեջբերված սահմանադրական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից։ Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք։ Սակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով։
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախևառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար։ Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ5:
14. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին (…)»:
Նույն օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն ամբաստանյալը, նրա պաշտպանը և օրինական ներկայացուցիչը, մեղադրողը կամ վերադաս դատախազը, տուժողը, նրա ներկայացուցիչը, օրինական ներկայացուցիչը և իրավահաջորդը, իսկ սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ և 2.1-րդ կետերով նախատեսված ակտերի դեմ՝ նաև արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները։ (…) Կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև դիմողն իրավունք ունեն վերաքննության կարգով բողոքարկելու սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված դատական ակտերը»6:
15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝
(…)
5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները. (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում են.
(…)
3) առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում. (…)»։
16. Վերոնշյալ իրավադրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելիս ՀՀ Սահմանադրական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արձանագրել է. «(…) [Վ]երաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը (…)։
Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա (...) ժամկետ[ը], ապա նշված ժամկետ[ը] պետք է մեկնարկ[ի] բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից (…)»7։
17. Մեջբերված նորմերի և իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու կամ բողոքը մերժելու մասին որոշումը դատարանը պարտավոր է տրամադրել դատավարության մասնակիցներին: Այսպես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրը դատարանի համար սահմանել է որոշման պատճենը դիմողին և վարույթն իրականացնող մարմնին ուղարկելու պարտականություն: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված որոշումները դատարանը պետք է փաստացի հասու դարձնի բողոք բերած անձին, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնին՝ դատական ակտը նրանց հանձնելու կամ ուղարկելու եղանակով՝ կախված վերջիններիս՝ դատական նիստին ներկայացած լինելու կամ չլինելու հանգամանքից: Այլ խոսքով՝ Առաջին ատյանի դատարանն է կրում իր կայացրած դատական ակտը դատավարության կողմերին փաստացի հասու դարձնելու պարտականությունը, և նշված դատական ակտի բողոքարկման ժամկետները սկսում են հոսել դատարանի կողմից այն պատշաճ կերպով դատավարության կողմին հանձնելու պահից: Այդ համատեքստում վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև հաշվի առնելով այդ նորմի առնչությամբ նախկինում ձևավորած իրավական դիրքորոշումները8, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը ճիշտ որոշելու համար նախևառաջ պետք է պարզվի, թե երբ է դատական ակտի պատճենը դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով հանձնվել դատավարության մասնակիցներին:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանի կողմից ուղարկված՝ 2021 թվականի հունվարի 25-ի որոշման օրինակն Գեղարքունիքի մարզի դատախազությունում ստացվել է 2021 թվականի փետրվարի 3-ին9:
- դատախազ Վ.Լազարյանն Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ փոստին հանձնելու միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 12-ին10:
- Վերաքննիչ դատարանը, դատախազ Վ.Լազարյանի վերաքննիչ բողոքը որպես ժամկետանց թողել է առանց քննության՝ բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբ դիտելով դիմող Վ.Բադալյանի ուղարկած որոշումը դատախազ Վ.Լազարյանի կողմից ստանալու օրը11:
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-17-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դրանց վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ դատախազի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 25-ի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվել դատախազ Վ.Լազարյանի կողմից որոշումը դիմող Վ.Բադալյանի միջոցով ստանալու պահից։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից քննարկվող որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբն անհրաժեշտ է հաշվել այն պահից, երբ համապատասխան որոշումը դատարանի կողմից պատշաճ կարգով հանձնվել է Վ.Լազարյանին։
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 25-ի որոշման դեմ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վ.Լազարյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց է, հիմնավորված չէ:
21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար։
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունվարի 25-ի որոշման դեմ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթ 70:
3 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթ 8։
4 Տե՛ս նյութեր, հատոր 4-րդ, թերթեր 17-19:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12, Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12, Վահան Թորոսյանի գործով 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԱԴԴ/0005/15/16, Նավասարդ Ալավերդյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ1/0143/01/14 որոշումները:
6 Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի վերաբերյալ տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ժենիկ Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշումը։
7 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, 8-9-րդ կետեր: Նշված իրավական դիրքորոշումները վերահաստատվել են նաև ՀՀ Սահմանադրական դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062 որոշման 5-6-րդ կետերում, 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման 7-րդ կետում, 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշման 8-10-րդ կետերում:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նավասարդ Ալավերդյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ1/0143/01/14, Վարդան Գրիգորյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ3/0030/06/17, Սոֆիո Անդրեևայի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ԵԴ/0630/06/18 որոշումները:
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 5-րդ և 10-րդ կետերը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան | |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
|
Ս. Օհանյան |