ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2022 թվականի N 1882-Ա
«ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասը, 17-րդ հոդվածը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով հաստատված ցանկի 7-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) իր ենթակայության՝ 5,110,296.120 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` ք. Երևան, Օրբելի 41) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (13 229 հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 3,290.0 դրամ անվանական արժեքով) մասնավորեցնել մրցույթով։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել մրցութային հանձնաժողով՝ կազմում ընդգրկելով կոմիտեից 4 անդամ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից 1 անդամ։
3. Սահմանել ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին (գնահատման պահ) գնահատված արժեքը 5,023,162.620 հազ. դրամ (1.7863 հա հողամասի գնահատված արժեքը կազմում է 3,397,310.0 հազ. դրամ, այդ թվում՝ գնահատման պահին գործող հողի կադաստրային արժեքը՝ 452,827.050 հազ. դրամ), իսկ վաճառքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3,265,056.0 հազ. դրամ:
4. Սահմանել, որ հետագայում հողամասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման, իրավաբանական անձի բաժնետոմսի դիմաց բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը հանձնման կամ իրավաբանական անձի լուծարումից հետո նրա հիմնադիրներին հանձնման դեպքում, ձեռք բերողը համապատասխան համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:
5. Ընկերության գնահատված պարտավորությունները 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ (հաշվետու ժամանակահատված) կազմել են 87,133.5 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 8,827.8 հազ. դրամ.
2) ստացված ընթացիկ կանխավճար՝ 1,050.5 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 29,017.1 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 17,290.5 հազ. դրամ.
5) պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 390.0 հազ. դրամ.
6) այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 7,770.0 հազ. դրամ.
7) ընթացիկ պահուստներ՝ 22,248.6 հազ. դրամ.
8) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 539.0 հազ. դրամ։
6. Ընկերության պարտավորությունները 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում են 67,421.1 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտավորություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 21,143.0 հազ. դրամ.
2) կրեդիտորական պարտավորություն գործընկերների գծով՝ 11,587.8 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և սոցիալական ապահովագրության վճարների գծով՝ 26,920.3 հազ. դրամ.
4) այլ կրեդիտորական պարտավորություններ՝ 7,770.0 հազ. դրամ։
7. Ընկերության 2017-2021 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան։
8. Սահմանել, որ՝
1) մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու համար սակարկվող պայման է հանդիսանում գույքի համար առաջարկվող գինը (այն չի կարող ցածր լինել մրցույթի ժամանակ բաժնետոմսերի վաճառքի համար սահմանված նվազագույն գնից).
2) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գինը պետք է վճարվի գնորդի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը ստորագրվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում։
(8-րդ կետը փոփ. 07.03.23 N 280-Ա)
9. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել մրցույթ.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 35 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http։//www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետի, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրվելուց հետո գնորդի կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված՝ 1,200.0 հազ. դրամի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում, գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարման և պահառության դիմաց վճարումները,
բ. մեկամսյա ժամկետում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխության վերաբերյալ համապատասխան գրանցում կատարել բաժնետոմսերի ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում,
գ. պայմանագիրը կնքելուց հետո վեց ամիս պահպանել ընկերության փաստացի աշխատողների թիվը և աշխատավարձի չափը,
դ. ներկայացնել ներդրումային ծրագիր, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մաս։
10. Սահմանել, որ մասնավորեցումը չի կարող հանգեցնել ընկերության հանրային նշանակության փոփոխությանը, իսկ գնորդը պարտավորվում է պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը։
11. Պայմանագրով սահմանված պարտավորությունները գնորդի կողմից չկատարվելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։
12. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Գնորդի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարվելու կամ պայմանագիր չկնքվելու դեպքերում մասնակցության նախավճարը չի վերադարձվում, և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
13. Սահմանել, որ գնորդի կողմից վճարված գումարի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |