Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.07.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.07.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
08.07.2022
Дата вступления в силу
08.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ/0034/06/20

Գործ թիվ ԱՐԴ/0034/06/20

Նախագահող դատավոր՝  Կ. Մարդանյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

         

8 հուլիս 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արմեն Հրաչյայի Շահինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 48175320 քրեական գործը։

2020 թվականի օգոստոսի 6-ին քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս.Խաչատրյանի վարույթ։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Արմեն Հրաչյայի Շահինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով Ա.Շահինյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։

2021 թվականի հունվարի 18-ին Ա.Շահինյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Ա.Շահինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

2021 թվականի հունվարի 20-ին նախաքննության մարմինը մեղադրյալ Արմեն Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հունվարի 20-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է։

3. Արմավիրի մարզի դատախազության դատախազ Ա.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 20-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք1, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Արմեն Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2020թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 28-րդ փողոցի 10-րդ հասցեում գտնվող իր տանը, իր ընկերներ Հովհաննես Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի հետ ոգելից խմիչք օգտագործելուց հետո, կենցաղային հարցերի շուրջ՝ Արմեն Ղազարյանի կողմից իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալու և վիրավորելու համար, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում, երբ Արմեն Ղազարյանը դանակով հարվածել է Արմեն Շահինյանին, վերջինս դրանից կարճ ժամանակ անց, դեռևս չպարզված սուր ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ 2 անգամ հարվածել է Արմեն Ղազարյանի կրծքավանդակի աջ և ձախ կեսերին՝ պատճառելով նրա առողջությանը ծանր վնաս՝ նշված հատվածների կտրած-ծակած թափանցող վերքերի և ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի ձևով»2:

6. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունվարի 20-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Սույն գործի շրջանակներում մեղադրյալ Արմեն Հրաչյայի Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը` ՀԿԳ քննիչ Ս.Խաչատրյանը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ չի ներկայացրել բավարար և լրացուցիչ տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունը իրեն վերագրվող արարքում: Դատարանը գործի ուսումնասիրությամբ հանգում է նաև նրան, որ Քննիչը միջնորդության հիմնավորման հիմքում չի դրել այնպիսի ապացույցների բավարար ամբողջություն, որը Դատարանի մոտ վստահություն կհայտներ հիմնավոր կասկածի առկայության մասին, այն է՝

- գործով չի իրականացվել տուժող Արմեն Սուրիկի Ղազարյանի և ականատես վկա Հովհաննես Նորիկի Մկրտչյանի հարցաքննությունները,

- գործով վկաներ Սուրիկ Անդրանիկի Ղազարյանի, Վարդան Վարդգեսի Աբրահամյանի, Մհեր Փաշայի Սադոյանից վերցված հարցաքննության արձանագրությունները, իրենց բովանդակությամբ վերաբերելի չեն և չեն կարող դրվել ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի ընտրման հիմքում,

- գործով առկա չէ նաև դատաբժշկական փորձագետի եզարակացությունը՝ ստացված մարմնական վնասվածքի կամ վնասվածքների առկայության և դրանց ծանրության աստիճանի մասին, ինչի արդյունքում դատարանը հանգում է նրան, որ բացակայում է հիմնավոր կասկածն առ այն, որ Արմեն Հրաչյայի Շահինյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածով սահմանված հանցակազմը: (…)»3:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշման համաձայն՝ «(...) [Ա]նդրադառնալով Արմեն Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով, մասնավորապես՝ վկա Վարդան Աբրահամյանի ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրությունով հիմնավորվում է Արմեն Շահինյանի առնչությունը դեպքին, այնուամենայնիվ դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործում առկա մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ հնարավորություն չեն տալիս փաստելու, որ այդ դեպքն առերևույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին։ Այլ կերպ՝ գործի նյութերում առկա փաստական տվյալների վերլուծությունն ու համադրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնելու, որ Արմեն Շահինյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցանքը։

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արմեն Շահինյանին վերագրվող հանցանքի դեպքի և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների չհամընկնման վերաբերյալ եզրահանգումը տվյալ դեպքում անհամատեղելի չէ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության նպատակային նշանակության հետ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է Արմեն Ղազարյանի առողջությանը ենթադրաբար հասցված վնասի բնույթի և աստիճանի վերաբերյալ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, այն պայմաններում, երբ դեպքից անցել է ավելի քան 6 ամիս։ Ավելին՝ գործի նյութերում առհասարակ առկա չէ բժշկական որևէ փաստաթուղթ, որը հնարավորություն կտար հիմնավոր կասկածի ապացուցման չափանիշների շրջանակում Արմեն Ղազարյանի առողջությանը ենթադրաբար հասցված վնասի բնույթի և աստիճանի վերաբերյալ որևէ եզրահանգում կատարելու համար։

Վերը նշվածից ելնելով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Քննիչի միջնորդության քննության ժամանակ բովանդակային առումով չի ունեցել բավարար փաստական տվյալներ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանն Արմեն Շահինյանի առնչությունը (հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը) հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում փաստելով դրա բացակայությունը հանգել է իրավաչափ հետևության։

(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Արմեն Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ և գործով կայացվել է ճիշտ լուծող դատական ակտ, ուստի այն բեկանելու իրավաչափ հիմք չկա: (...)»4:

8. Սույն գործով Արմեն Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն՝ «(...) Դատարանը (...) քննարկելով նախաքննության մարմնի միջնորդությունը մեղադրյալ Արմեն Հրաչյայի Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ կալանավորման պայմաններից հիմնավոր կասկածի հարցին։ Այդ առումով Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ իրեն վերագրվող արարքի կատարմանը մեղադրյալ Արմեն Հրաչյայի Շահինյանի առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, ինչը հավաստվում է միջնորդությանը կից ներկայացված նյութերով:

Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա պետք է փաստել, որ ինչպես միջնորդությամբ, այնպես էլ դատական նիստի ընթացքում Քննիչը որպես այդպիսիք նշել է, որ վերջինս թաքնվում է քննությունից, և ազատության մեջ մնալով կարող է ազդել գործով անցնող մյուս անձանց վրա, ուստի գտնում է, որ կալանավորման հիմքերը բավարար են:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա հիմնավոր կասկածը և կալանավորման հիմքերի հիմնավորումները բավարար են, որպեսզի մեղադրյալի նկատմամբ ընտրվի ամենախիստ խափանման միջոց կալանավորումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալ Արմեն Հրաչյայի Շահինյանն արդեն իսկ թաքնվում է և խուսափում է քննությունից»5:

8.1. 2021 թվականի մայիսի 19-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Արմեն Հրաչյայի Շահինյանի վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 135-րդ հոդվածների պահանջները, Վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված հետևություններն անհիմն են և չեն բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից:

10. Բողոքաբերն ընդգծել է, որ ստորադաս դատարանները ներկայացված փաստերի ոչ պատշաճ գնահատման արդյունքում հանգել են սխալ հետևության հիմնավոր կասկածի բացակայության մասին։

Բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատարանները, չհետևելով հանցագործությունը մեղադրյալ Ա.Շահինյանի կողմից կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի՝ որպես կալանավորման պայմանի, գնահատման չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին և սխալ գնահատելով դատարան ներկայացված՝ մեղսագրվող հանցագործությունն Ա.Շահինյանի կողմից կատարելու հիմնավոր կասկածը հաստատող տվյալները, կայացրել են անհիմն և անօրինական դատական ակտեր։

Ըստ բողոքաբերի՝ քրեական գործով ձեռք բերված և դատարան ներկայացված փաստական տվյալներն իրենց համակցության մեջ վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած, որ Ա.Շահինյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը և այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին։

11. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քրեական գործում առկա տվյալները պատշաճ գնահատելու, անհիմն եզրահանգման է եկել առ այն, որ թեև քննիչի միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով հիմնավորվում է Ա.Շահինյանի առնչությունը դեպքին, բայց առկա չէ որևէ բժշկական փաստաթուղթ, որը հնարավորություն կտար ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման հիմնավոր կասկածի վերաբերյալ որևէ եզրահանգում կատարել:

Բողոքաբերն ընդգծել է, որ քննիչի միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա է «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Ա.Պողոսյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 3-ին տրված տեղեկանքն այն մասին, որ Արմեն Ղազարյանին բժշկական հաստատություն ընդունելիս, նրա մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ծակած-կտրած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոթորաքս: Բողոքի հեղինակը նշել է, որ հիշյալ վնասվածքները, ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշմանը կից՝ «Առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման» կարգը սահմանող թիվ 1 հավելվածի 45-րդ կետի 11-րդ և 12-րդ ենթակետերի համաձայն՝ դասվում են կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս առաջացնող մարմնական վնասվածքների շարքին: Ու թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածը որպես առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հիմնավորող ապացույց է դիտարկում բացառապես դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, այդուհանդերձ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Ա.Պողոսյանի կողմից տրված տեղեկանքը, Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի ձևավորած չափանիշներով համարվում է փաստական հանգամանք (որի վրա, եզրակացություն կազմելու ժամանակ, հիմնվում է նաև դատաբժշկական փորձագետը), որն անաչառ դիտորդի մոտ համոզմունք է առաջացնում, որ առկա է հիմնավոր կասկած՝ տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու վերաբերյալ: Հետևաբար այդ, ինչպես նաև դատարանին ներկայացված մյուս փաստերը և տեղեկությունները հնարավորություն տալիս են եզրակացնելու, որ Ա.Շահինյանը հնարավոր է, որ կատարած լինի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, իսկ Վերաքննիչ դատարանի այն պնդումը, որ որևէ բժշկական փաստաթուղթ չի ներկայացվել դատարանին՝ ակնհայտ հիմնազուրկ է:

11.1. Բողոքաբերն ընդգծել է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ուշացմամբ պատրաստելը պայմանավորված է եղել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմական գործողությունների ժամանակ տուժած անձանց բազմաթիվ դատաբժշկական փորձաքննությունների ենթարկելու կապակցությամբ գերծանրաբեռնված լինելու հանգամանքով:

11.2. Բողոքաբերը նշել է, որ դատաբժշկական փորձաքննության՝ 2021 թվականի մարտի 17-ի թիվ 254/հ եզրակացությունը վարույթն իրականացնող մարմինը ստացել է 2021 թվականի մարտի 24-ին, և այդ եզրակացության համաձայն՝ Արմեն Ղազարյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախ թոքի վնասումով պնևմոթորաքսի զարգացումով զուգորդված, ծակած-կտրած թափանցող վերքերի ձևով:

12. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ դատարանին ներկայացված փաստերը և տեղեկությունները (մասնավորապես՝ Արմեն Շահինյանի և Արմեն Ղազարյանի հագուստների դատահետքաբանական փորձաքննությունների թիվ 300 և 301 եզրակացությունները, վկա Անահիտ Տեր-Հարությունյանի ցուցմունքի արձանագրությունը, դեպքին ականատես Հովհաննես Մկրտչյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը) անաչառ դիտորդի մոտ հիմնավորում են այն կասկածը, որ Արմեն Շահինյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքին:

13. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ նույն դատավորի նախագահությամբ Առաջին ատյանի դատարանն Ա.Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու և բավարարելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման մեջ անդրադառնալով Ա.Շահինյանի կալանավորման պայմաններից հիմնավոր կասկածի հարցին, նշել է, որ վերագրվող արարքի կատարմանը մեղադրյալ Ա.Շահինյանի առնչվելու վերաբերյալ հիմնավոր կասկածն առկա է: Իսկ այդ առումով թե ինչ հանգամանք է փոխվել մեղադրյալին հայտնաբերելուց հետո՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու ժամանակ, թե՛ Առաջին ատյանի դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը որևէ հիմնավորում չեն բերել, այսինքն չեն պատճառաբանել, թե ինչու է 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը կայացնելու ժամանակ հիմնավոր կասկածը համարվել առկա, իսկ մեղադրյալին հայտնաբերելուց հետո՝ 2021 թվականի հունվարի 20-ի որոշմամբ արձանագրվել է հիմնավոր կասկածի բացակայությունը, հետևաբար՝ այդ մասով ստորադաս դատարանները կայացրել են ոչ պատշաճ պատճառաբանված դատական ակտ, ինչը նույնպես դատական ակտը բեկանելու հիմք է:

14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է կայացնել նոր դատական ակտ, այն է՝ ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 20-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշումը և բավարարել նախաքննության մարմնի՝ 2021 թվականի հունվարի 20-ի միջնորդությունը՝ մեղադրյալ Արմեն Շահինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Արմեն Շահինյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։

16. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

(…) գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»։

17. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի7, Հարություն Խաչատրյանի8 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ9։

Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից10, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել11, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)12։

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Նախաքննության մարմինը Արմեն Շահինյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով13,

- Նախաքննության մարմինը հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Ա.Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ բավարարվել է: Դատարանը գտել է, որ Արմեն Շահինյանին վերագրվող արարքի կատարմանը վերջինիս առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, ինչը հավաստվում է միջնորդությանը կից ներկայացված նյութերով14,

- Մեղադրյալ Արմեն Շահինյանին հայտնաբերելուց հետո, կալանավորման հարցը կրկին քննության առնելու ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, նույն դատավորի նախագահությամբ, 2021 թվականի հունվարի 20-ին որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ քննիչը միջնորդության հիմնավորման հիմքում չի դրել այնպիսի ապացույցների բավարար ամբողջություն, որը դատարանի մոտ վստահություն կհայտներ հիմնավոր կասկածի առկայության մասին, ինչի արդյունքում դատարանը հանգում է նրան, որ բացակայում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ա.Շահինյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված հանցակազմը15,

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ թեև միջնորդությանը կից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերով, մասնավորապես՝ վկա Վարդան Աբրահամյանի ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրությունով, հիմնավորվում է Արմեն Շահինյանի առնչությունը դեպքին, այնուամենայնիվ դրանք ինչպես առանձին վերցված, այնպես էլ գործում առկա մյուս փաստական տվյալների հետ համակցության մեջ, հնարավորություն չեն տալիս փաստելու, որ այդ դեպքն առերևույթ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Շահինյանին վերագրվող հանցանքի դեպքի և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների չհամընկնման վերաբերյալ եզրահանգումը տվյալ դեպքում անհամատեղելի չէ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության նպատակային նշանակության հետ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է Ա.Ղազարյանի առողջությանը ենթադրաբար հասցված վնասի բնույթի և աստիճանի վերաբերյալ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ավելին՝ գործի նյութերում առհասարակ առկա չէ բժշկական որևէ փաստաթուղթ, որը հնարավորություն կտար հիմնավոր կասկածի ապացուցման չափանիշների շրջանակում Արմեն Ղազարյանի առողջությանը ենթադրաբար հասցված վնասի բնույթի և աստիճանի վերաբերյալ որևէ եզրահանգում կատարելու համար։ Վերը նշվածից ելնելով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդության քննության ժամանակ չի ունեցել բավարար փաստական տվյալներ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը Ա.Շահինյանի առնչությունը (հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը) հաստատված համարելու համար, որպիսի պայմաններում փաստելով դրա բացակայությունը՝ հանգել է իրավաչափ հետևության16:

19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Ա.Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերահաստատելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ իրավական գնահատման չեն ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ։

Նախևառաջ, հարկ է նկատել, որ թե՛ Առաջին ատյանի դատարանը (ընդ որում` նույն դատավորի նախագահությամբ), և թե՛ Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Ա.Շահինյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նրան առաջադրված մեղադրանքին չի հաստատվում, պատշաճ ուշադրության չեն արժանացրել քննիչի միջնորդության հետ դատարան ներկայացված հետևյալ փաստական տվյալները.

- դեպքի վայրի զննության մասին արձանագրությունը, համաձայն որի՝ Հովհաննես Մկրտչյանի մասնակցությամբ զննության է ենթարկվել դեպքի վայրը՝ Արմեն Շահինյանին պատկանող Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 28-րդ փողոցի թիվ 10-րդ տան պատշգամբը: Հովհաննես Մկրտչյանը հայտարարել է, որ 2020 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 1-ի սահմաններում, նշված պատշգամբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արմեն Շահինյանը դանակով երկու անգամ հարվածել է Արմեն Ղազարյանի կրծքավանդակի շրջանին, ինչին ինքն ականատես է եղել17,

- Արմեն Շահինյանի և Արմեն Ղազարյանի հագուստների դատահետքաբանական փորձաքննությունների թիվ 300 և 301 եզրակացությունները, որոնց համաձայն՝ Ա.Շահինյանի և Ա.Ղազարյանի վերնաշապիկների վրա առկա են միջանցիկ վնասվածքներ, որոնք կարող էին առաջանալ մեկսայրանի կտրող-ծակող շեղբ ունեցող դանակի, գործիքի կամ այլ առարկայի ներգործության արդյունքում18,

- վկա Անահիտ Տեր-Հարությունյանի ցուցմունքն այն մասին, որ բնակվում է Արմեն Շահինյանի հարևանությամբ և աշխատում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի առողջության կենտրոնում՝ որպես տնօրեն և ընտանեկան բժիշկ: 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 1-ի սահմաններում, փողոցի կողմից աղմուկի, վիճաբանության, գոռգոռոցի ձայներ է լսել, դուրս է եկել փողոց և տեսել, որ հարևանությամբ բնակվող Արմեն Շահինյանի տան բակում քաղաքացիներ կան հավաքված, և աղմուկն այդ կողմից է գալիս: Մոտ 10 րոպե հետո իրենց տան դարպասը թակել է Արմեն Շահինյանը, որը, կրծքավանդակի ձախ կեսին առկա վնասվածքը ցույց տալով, խնդրել է, որ բուժօգնություն ցուցաբերի: Ինքն էլ տեսնելով նրա վնասվածքը՝ հասկացել է, որ այն կտրած-ծակած վնասվածք է և անմիջապես զանգահարել է շտապ օգնության ծառայություն: Հետագայում գյուղում տարածված խոսակցություններից իմացել է, որ Արմեն Շահինյանի տանը տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում համագյուղացիներ Արմեն Շահինյանը և Արմեն Ղազարյանը միմյանց հարվածներ են հասցրել և պատճառել մարմնական վնասվածքներ19,

- «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Ա.Պողոսյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 3-ին տրված տեղեկանքն այն մասին, որ Արմեն Ղազարյանին բժշկական հաստատություն ընդունելիս, նրա մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի աջ և ձախ կեսերի ծակած-կտրած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոթորաքս» 20:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Ա.Պողոսյանի կողմից տրված տեղեկանքը փաստական հանգամանք է, որն անաչառ դիտորդի մոտ կարող է համոզմունք առաջացնել, որ առկա է հիմնավոր կասկած՝ տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու վերաբերյալ:

Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի համաձայնությունն Առաջին ատյանի դատարանի՝ մասնավորապես այն դատողության հետ, որ, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հիմնավոր կասկածը բացակայում է, անհիմն է և չի բխում վարույթն իրականացնող մարմնի միջնորդությանը կից ներկայացված տվյալներից։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը դատավարության տվյալ փուլում ողջամտորեն բավարար էր գալու այն եզրահանգման, որ մեղադրյալ Արմեն Շահինյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարմանը։ Այլ կերպ՝ առկա փաստական տվյալները բավարար էին փաստելու, որ առկա է մեղադրյալ Ա.Շահինյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման հիմնավոր կասկածը:

20. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ա.Շահինյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չեն։

21. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Ա.Շահինյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, ու նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում21, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Արմեն Հրաչյայի Շահինյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 52:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 76-79:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 114-121:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 48-50:

6 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՐԴ/0074/01/21 քրեական գործը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։

11 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

13 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

14 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

17 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 10-11:

18 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 33-35, 37-38:

19 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 26-29:

20 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 8:

21 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան