Գլխավոր տեղեկություն
Номер
N 523-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.04.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.04.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.04.2023
Дата вступления в силу
23.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 523-Ն

 

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը պաշտոնապես հրապարակվում և ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 23-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 13-ի N 523-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱԺԻՆ 1․ ԿԱՆՈՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 1․ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

ԳԼՈՒԽ 2․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 3․ ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ

ԳԼՈՒԽ 4․ 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 1

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնների (այսուհետ՝ կանոններ) պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության (ՀՀ) էլեկտրաէներգետիկական համակարգի նախագծվող, կառուցվող, վերակառուցվող և գործող հաղորդման և բաշխման էլեկտրահաղորդման գծերի վրա՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից, այդ թվում՝

1) մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման օդային, ինչպես նաև ինքնակիր մեկուսացված գծերի վրա, որոնք անցնում են բնակեցված և չբնակեցված դժվարամատչելի տարածքներով, տնկարկներով, անտառներով և հատուկ պահպանվող տարածքներով.

2) մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման մալուխային գծերի (ստորգետնյա և ստորջրյա) վրա:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. «Անվտանգության գոտի» հասկացության պարզաբանումը տրված է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, որի նպատակը դժբախտ դեպքերի կանխարգելումն ու էլեկտրական ցանցերի պաշտպանվածության ապահովումն է:

3. Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները պետք է օգտագործվեն ըստ նպատակային նշանակության՝ գործող նորմերի և կանոնների համաձայն: Այդ գոտիներում արգելվում է իրականացնել որևէ գործունեություն և գործողություն, որը կարող է սպառնալիք ստեղծել էլեկտրահաղորդման գծերի բնականոն աշխատանքի, շահագործող անձնակազմի, մարդկանց և կենդանիների կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի, ինչպես նաև գույքի պահպանության համար (տե՛ս սույն կանոնների 10-րդ և 25–րդ կետերը)։

4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, ՀՀ պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները և էներգետիկական օբյեկտներ շահագործող կազմակերպությունները և ՀՀ էներգետիկայի բնագավառում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավասության սահմաններում վերահսկողություն են իրականացնում սույն կանոններով սահմանված անվտանգության գոտիներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ:

5. Անվտանգության գոտիները որոշելու, ինչպես նաև հողի նկատմամբ սերվիտուտ (օգտակալություն) սահմանելու հետևանքով հողի սեփականատիրոջը կամ վարձակալին հասցված վնասները փոխհատուցվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

6. Գործող, կառուցվող, վերակառուցվող և նոր նախագծվող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում օբյեկտների հեռավորությունների պահպանումը, ինչպես նաև շինարարական նորմերով ու կանոններով և այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:

7. Էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպություններն իրավունք ունեն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից սույն կանոնների պահանջների խախտման դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնելու էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում կամ դրանց մերձակայքում ընթացող աշխատանքները:

8. Սույն կանոնները ենթակա են պարտադիր կատարման՝ էլեկտրահաղորդման գծերի նախագծման, կառուցման և շահագործման բոլոր փուլերում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ

 

9. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի համար սահմանվում են՝

1) անվտանգության գոտիներ՝

ա. էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով (բացառությամբ ճյուղավորումների՝ դեպի շենքերի ներանցումներ)՝ ընդգրկելով այնպիսի երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված հողի մակերես և օդային տարածություն, որոնք գտնվում են գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից դրանց չշեղված դիրքի դեպքում) 2 մ հեռավորության վրա,

բ. էլեկտրահաղորդման ստորգետնյա և ստորջրյա մալուխային գծերի համար էլեկտրատեղակայանքների սարքվածքների կանոնների (այսուհետ` ԷՍԿ)՝ Մաս 2. Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխմանը ներկայացվող պահանջների Բաժին 4-ի պայմանների համաձայն.

2) նվազագույն թույլատրելի հեռավորություններ՝ մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի և մերձակա շենքերի ու կառույցների, ինչպես նաև ծառերի և այլ բազմամյա տնկարկների միջև` հաստատված ԷՍԿ-ի Մաս 2. Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխմանը ներկայացվող պահանջներին համապտասխան:

10. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, առանց շահագործող կազմակերպության գրավոր թույլտվության, արգելվում է՝

1) իրականացնել շինարարական, հավաքակցման, քանդման պայթեցման և ոռոգման աշխատանքներ, կատարել ծառատնկման և արմատահանման աշխատանքներ, պահեստավորել կեր, պարարտանյութ, վառելանյութ և այլ նյութեր.

2) կառուցել սպորտային և խաղահրապարակներ, սարքավորել երթուղիներ` մեքենաների և մեխանիզմների համար, որոնց ընդհանուր բարձրությունը ճանապարհի մակերևույթից գերազանցում է 4.5 մ, ինչպես նաև ավտոմոբիլային և թրթուրային տրանսպորտի, մեքենաների և մեխանիզմների կայանումներ (էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում).

3) կատարել 0.3 մ-ից ավելի խորությամբ հողափորման և համահարթեցման աշխատանքներ՝ տրակտորների, էքսկավատորների և այլ հողափոր մեքենաների օգնությամբ (էլեկտրահաղորդման մալուխային գծերի անվտանգության գոտիներում):

11. Գյուղատնտեսական բնագավառի տնտեսավարող սուբյեկտներին պատկանող տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների շահագործումը կատարվում է էլեկտրահաղորդման գծերի սեփականատիրոջ հայեցողությամբ՝ սույն կանոններով սահմանված էլեկտրահաղորդման գծերի պաշտպանվածության ապահովման և անվտանգության միջոցառումների պարտադիր կատարման պայմանով:

12. Արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խախտել էլեկտրահաղորդման գծերի բնականոն աշխատանքը կամ հանգեցնել դրանց վնասմանը, մասնավորապես`

1) առարկաներ նետել օդային գծերի վրա, հենասյուների մոտ տեղավորել կամ ամրագծի լարերին կապել կողմնակի առարկաներ, բարձրանալ հենասյուների վրա, արգելափակել նրանց մոտենալու ուղիները և տանիքից ձյուն նետել գծերի վրա.

2) պահեստավորել կեր, պարարտանյութ, վառելանյութ, խոտի դեզ, մեծ ծանրություններ բեռնաթափել, թափել հիմքեր, թթուներ և աղեր, թափոնատեղիներ առաջացնել էլեկտրահաղորդման մալուխային գծերի մայրուղիների վրա.

3) մուտք գործել էլեկտրացանցային կառույցներ, կատարել միացումներ, փոխանջատումներ էլեկտրական ցանցերում, կրակ վառել ներանցիչ և բաշխիչ սարքվածքների, էլեկտրահաղորդման օդային գծերի մոտ և էլեկտրահաղորդման մալուխային գծերի անվտանգության գոտիներում.

4) կատարել շենքերի, կամուրջների, թունելների, երկաթուղային ու ավտոճանապարհների և այլ կառույցների քանդման կամ վերակառուցման աշխատանքներ այն տեղերում, որտեղով անցնում են էլեկտրահաղորդման գծեր կամ որտեղ տեղակայված են ներանցիչ և (կամ) բաշխիչ սարքեր՝ առանց էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ համաձայնեցման:

13. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների հողատարածքը չի առգրավվում հողատերերից, այլ օգտագործվում է վերջիններիս կողմից սույն կանոնների պահանջների պարտադիր կատարմամբ:

14. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ձեռնարկել իրենցից կախված բոլոր միջոցները` իրենց պատկանող կամ օգտագործման հանձնված հողատարածքներով անցնող՝ մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերի պաշտպանվածության ապահովման համար:

15. Ֆիզիկական և իրավաբանական անձինք շինարարական և հողային աշխատանքներ իրականացնելիս մալուխ հայտնաբերելու դեպքում պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները և միջոցներ ձեռնարկել մալուխի պահպանվածության ապահովման համար՝ միաժամանակ տեղյակ պահելով էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպությանը և տեղական ինքնակառավարման մարմնին։

16. Նույն ուղեգիծն ունեցող կամ փոխհատվող էլեկտրահաղորդման գծերի և կապի միջոցների (օպտիկամանրաթելային, հեռակառավարման և այլն) գծերի սեփականատերերը նորոգման–շահագործման աշխատանքներ իրականացնելիս պարտավոր են համագործակցել՝ դրանց անվտանգությունը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելու համար։

17. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպությունների տեխնիկական անձնակազմերն իրավունք ունեն օրվա ցանկացած ժամին անարգելու մոտենալ էլեկտրահաղորդման գծերին՝ նորոգման-շահագործման աշխատանքներ իրականացնելու համար: Եթե էլեկտրահաղորդման գծերը տեղաբաշխված են արգելված գոտիների կամ հատուկ օբյեկտների տարածքներում, ապա համապատասխան կազմակերպությունները պետք է ապահովեն օրվա ցանկացած ժամին այդ էլեկտրահաղորդման գծերը սպասարկողների մուտքը նշված տարածքներ՝ զննման և նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

18. Այն դեպքերում, երբ նախագծվող շենքերի և շինությունների շինարարական հրապարակներում կամ նրանց մերձակայքում տեղաբաշխված են մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծեր, նշված օբյեկտների շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերում պետք է նախատեսվեն այդ էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպության հետ համաձայնեցված միջոցառումները, որոնք կապահովեն ցանցերի պաշտպանվածությունը:

19. Եթե ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց կողմից տնօրինվող հողատարածքներում կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել էլեկտրահաղորդման գծերի տեղափոխման, վերադասավորման կամ մեխանիկական վնասվածությունից պաշտպանության անհրաժեշտություն, ապա այդ աշխատանքները պետք է կատարվեն իրենց սեփական միջոցների հաշվին՝ նախապես դրանք համաձայնեցնելով էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպության հետ։

 

ԳԼՈՒԽ 4

 

1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ

 

20. Սույն գլխում ներկայացված պահանջները վերաբերում են 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի պաշտպանվածության ապահովմանը՝ դրանց անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելիս և այլ գործունեություն իրականացնելիս:

21. 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների պահպանությունն իրականացնում են այն կազմակերպությունները, որոնք տնօրինում են այդ էլեկտրահաղորդման գծերը: Այն դեպքում, երբ էլեկտրահաղորդման գծերը պայմանագրով շահագործման են հանձնված այլ կազմակերպության, ապա անվտանգության գոտիների պահպանությունն իրականացնում է շահագործող կազմակերպությունը։

22. 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի համար սահմանվում են՝

1) անվտանգության գոտիներ՝

ա. էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով՝ ընդգրկելով երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված հողի մակերես և օդային տարածություն (եզրային հաղորդալարերից գծերի չշեղված դիրքի դեպքում)՝ ըստ Աղյուսակ N 1-ի.

 

Աղյուսակ N 1

 

Էլեկտրահաղորդման գծի տեսակը

Էլեկտրահաղորդման օդային գծի լարումը (կՎ)

Հեռավորությունը (մ)

1

2

3

Չմեկուսացված հաղորդալարերով ՕԳ

մինչև 10

10

Մեկուսացված, այդ թվում՝ ինքնակիր

հաղորդալարով ՕԳ

մինչև 10

3

Չմեկուսացված հաղորդալարերով ՕԳ

35

15

Չմեկուսացված հաղորդալարերով ՕԳ

110

20

Չմեկուսացված հաղորդալարերով ՕԳ

220

25

Չմեկուսացված հաղորդալարերով ՕԳ

400, 500

30

 

բ. ջրավազանների (գետեր, ջրանցքներ, լճեր և այլն) վրայով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով, ընդգրկելով երևակայական ուղղաձիգ հարթություններով սահմանափակված օդային տարածություն, գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից դրանց չշեղված դիրքի դեպքում) 100 մ հեռավորության վրա, եթե ջրավազանը նավարկելի է, իսկ եթե ջրավազանը նավարկելի չէ, ապա էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիները սահմանվում են սույն ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված չափերով,

գ. էլեկտրահաղորդման մալուխային գծերի (ստորգետնյա և ստորջրյա) համար՝ Մաս 2. Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխմանը ներկայացվող պահանջների Բաժին 4-ի Գլուխ 12-ի պահանջներին համապատասխան.

2) նվազագույն թույլատրելի հեռավորություններ՝ 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի և մերձակա շենքերի ու կառույցների, ինչպես նաև ծառերի և այլ բազմամյա տնկարկների միջև՝ ԷՍԿ-ի Մաս 2. Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխմանը ներկայացվող պահանջների Բաժին 4-ի Գլուխ 12-ի պահանջներին համապատասխան:

23. Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում միայն տնօրինողների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան կարող է իրականացվել որևէ տնտեսական գործունեություն, այդ թվում՝

1) շենքի և կառույցի շինարարություն, հիմնանորոգում, վերակառուցում կամ քանդում.

2) լեռնային, բեռնման-բեռնաթափման, հունի խորացման, հողահանման, պայթեցման, հողաբարելավման աշխատանքների կատարում, ծառերի և թփերի տնկում կամ հատում, դաշտակացարանների տեղադրում, փարախների, մետաղալարե ցանկապատերի, խաղողի և այլ այգիների ցանկաշարերի կառուցում, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգում.

3) այնպիսի մեքենաների և մեխանիզմների երթևեկություն, որոնց ընդհանուր բարձրությունը (բեռի հետ միասին կամ առանց բեռի) ճանապարհի մակերևույթից 4.5 մ-ից ավելի է (էլեկտրահաղորդման օդային գծերի անվտանգության գոտիներում).

4) 0.3 մ-ից ավելի խորությամբ, իսկ հերկվող հողերում՝ 0.45 մ-ից ավելի խորությամբ հողային աշխատանքների կատարում, ինչպես նաև գետնի համահարթեցում (էլեկտրահաղորդման ստորգետնյա մալուխային գծերի անվտանգության գոտիներում).

5) մարզահրապարակների, մարզադաշտերի, շուկաների, հասարակական փախադրամիջոցների և բոլոր տեսակի մեքենաների ու մեխանիզմների կայանման կազմակերպում։

24. Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են պահպանել այդ էլեկտրահաղորդման գծերի պաշտպանվածություն ապահովող պայմանները:

25. Արգելվում է էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խախտել էլեկտրահաղորդման գծերի բնականոն աշխատանքը, հանգեցնել դրանց վնասմանը կամ դժբախտ պատահարների, մասնավորապես՝

1) ավտոլցակայանների և այլ վառելիքաքսուքային պահեստարանների տեղադրում.

2) հաղորդալարերի, հենասյուների և հենարանների վրա կողմնակի առարկաների նետում կամ մոտեցում դրանց, ինչպես նաև հենասյուների և հենարանների վրա բարձրացում.

3) օդապարիկների, թռչող ապարատների մարզական մոդելների բացթողնում.

4) մարզահրապարակների, մարզադաշտերի, շուկաների, հասարակական փոխադրամիջոցների և բոլոր տեսակի մեքենաների ու մեխանիզմների կանգառների կազմակերպում, բազմամարդ միջոցառումների անցկացում, որոնք չեն առնչվում սահմանված կարգով թույլատրված աշխատանքների կատարման հետ.

5) մալուխային գծերի անվտանգության գոտիներում աշխատանքների կատարում հարվածող մեխանիզմներով, 5 տ-ից ավելի զանգված ունեցող ծանրությունների տեղակայում, այրվող, քայքայիչ և վառելիքաքսուքային նյութերի դատարկում ու թափում, կրակի վառում.

6) կառուցել շենքեր, կառույցներ, շինություններ, իրականացնել այնպիսի գործունեություն, որն անհնար է դարձնում կամ դժվարացնում է օբեկտների սպասարկումը կամ սպառնում է դրանց անվտանգությանն ու հուսալիությանը։

26. Եթե կազմակերպությունները և ֆիզիկական անձինք էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում իրականացնում են պայթեցման, շինարարական և այլ աշխատանքներ, որոնք կարող են վնաս պատճառել էլեկտրահաղորդման գծերին, ապա նրանք պարտավոր են աշխատանքները սկսելուց առնվազն 10 օր առաջ էլեկտրահաղորդման գծերը շահագործող կազմակերպություններին տեղեկացնել և նրանց հետ համաձայնեցնել աշխատանքների կատարման այն պայմաններն ու կարգը, որոնք կապահովեն էլեկտրական ցանցերի պաշտպանվածությունը:

27. Եթե կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում իրականացնում են նոր շենքի կամ կառույցի շինարարություն, հիմնանորոգում կամ վերակառուցում, ապա այդ աշխատանքների կատարման նախագծերի վրա պարտադիր կարգով պետք է առկա լինի էլեկտրահաղորդման գծերը տնօրինող կազմակերպության գրավոր համաձայնությունը, հակառակ դեպքում, անվտանգության գոտում սույն կանոնների պահանջների խախտմամբ կառուցված շենք-շինություններին կառուցումից հետո չեն տրամադրվի էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններ (սպառիչի էլեկտրական ցանցին միանալու պայմաններ): Այդ կառույցների էլեկտրամատակարարումը կիրականացվի միայն սույն կանոնների պահանջներին համապատասխանեցնելուց հետո:

28. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի։

29. Օդանավերի կամ այլ թռչող սարքերի թռիչքները պետք է իրականացվեն էլեկտրական ցանցերի վերևով, իսկ դրանց շրջակայքում օդային տարածությունը պետք է օգտագործվի՝ ելնելով ՀՀ օդային տարածքի օգտագործման մասին օրենսդրության դրույթներից:

30. Եթե էլեկտրահաղորդման գծի անվտանգության գոտին համընկնում է երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների համար հատկացված գոտու, խողովակաշարերի, կապի գծերի, այլ էլեկտրահաղորդման գծերի և օբյեկտների անվտանգության գոտիների հետ, ապա դրանց պահպանությունը, շահագործման աշխատանքները տարածքի համընկնող հատվածներում կատարելիս իրականացվում է վերջիններիս տնօրինողների փոխհամաձայնությամբ:

31. Այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվող տարածքում առկա են անտառների և անտառային հողերի տարածքներով և անտառուղիներով անցնող էլեկտրահաղորդման գծեր, պարտավոր են՝

1) անտառուղիները պահել հրդեհաանվտանգ վիճակում.

2) անտառուղիներում ծառերի ու թփուտների հատման միջոցով և այլ եղանակներով ապահովել անտառուղիների լայնության համապատասխանությունն էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծերով նախատեսված չափերին.

3) սահմանված կարգով հատել անտառուղիներից դուրս աճող և հաղորդալարերի կամ հենասյուների և հենարանների վրա ընկնել սպառնացող ծառերը.

4) անտառուղիներում հատել կամ էտել 4 մ-ից ավելի բարձրություն ունեցող ծառերը.

5) հրդեհավտանգ ժամանակաշրջանում ապահովել հենասյուների անվտանգությունը` դրանք շրջափակելով հանքայնացված հողաշերտով:

32. Անտառների և անտառային հողերի տարածքներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի հաղորդալարերին անմիջականորեն մոտ աճող ծառերի էտման աշխատանքներն իրականացնում են անտառները տնօրինող կազմակերպությունները` այդ գծերը տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն: Եթե էլեկտրահաղորդման օդային գծերն անցնում են զբոսայգիների, այգիների և այլ բազմամյա տնկարկների վրայով, ապա ծառերի էտման աշխատանքներն իրականացվում են այդ գծերը տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն՝ դրա մասին նախապես իրազեկելով համապատասխան համայնքի ղեկավարին և զբոսայգիների, այգիների և այլ բազմամյա տնկարկների տնօրինողներին:

33. Գյուղատնտեսական տարածքներով անցնող էլեկտրահաղորդման գծերի նորոգման և վերակառուցման պլանային աշխատանքները կատարվում են հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և որպես կանոն՝ այն ժամանակ, երբ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված չեն, կամ հնարավոր է ապահովել այդ մշակաբույսերի պահպանվածությունը:

34. Էլեկտրահաղորդման գծերի վթարների կանխման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ՝ առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց նրանց նախօրոք տեղեկացնելով կատարվելիք աշխատանքների մասին: Էլեկտրահաղորդման գծերը տնօրինողները, նշված աշխատանքները կատարելուց հետո, պարտավոր են գյուղատնտեսական տարածքները բերել դրանց նպատակային օգտագործման համար պիտանի վիճակի, ինչպես նաև հատուցել բնությանը և հողօգտագործողներին աշխատանքների կատարման ժամանակ պատճառված վնասները: Հողօգտագործողների կրած վնասները որոշվում և հատուցվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Էլեկտրահաղորդման մալուխային գծերի նորոգման և վերակառուցման այն պլանային աշխատանքները, որոնց հետևանքով վնասվում են ճանապարհների հողային պաստառը և երեսարկը, կարող են կատարվել միայն այդ ճանապարհները տնօրինողների, իսկ բնակավայրերի սահմաններում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Աշխատանքների կատարման պայմանները պետք է համաձայնեցվեն, և սահմանված կարգով շինարարության (քանդման) թույլտվությունը պետք է ձևակերպվի աշխատանքները սկսվելուց առնվազն 3 օր առաջ:

36. Վթարների դեպքում էլեկտրահաղորդման մալուխային գծերի՝ ճանապարհային հողային պաստառը և երեսարկը վնասող նորոգման աշխատանքները թույլատրվում է կատարել առանց նախնական համաձայնեցման՝ զուգահեռ տեղյակ պահելով այդ ճանապարհները տնօրինողներին, իսկ բնակավայրերի սահմաններում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններին։ Նշված աշխատանքները կատարող կազմակերպությունները պարտավոր են պատրաստել շրջուղիներ և պատնեշել այդ աշխատանքների կատարման տեղերն ու տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ, իսկ աշխատանքների ավարտից հետո՝ համահարթել հողը և վերականգնել ճանապարհների հողային պաստառն ու երեսարկը:

37. Էլեկտրահաղորդման գծերի փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը պետք է հանձնվեն տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին՝ հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:

38. Կազմակերպությունները և քաղաքացիները պարտավոր են պահպանել սույն կանոններով սահմանված անվտանգության գոտիները, ինչպես նաև կատարել էլեկտրահաղորդման գծերը տնօրինող կազմակերպությունների աշխատակիցների կողմից ներկայացված՝ սույն կանոններից բխող պահանջները՝ էլեկտրահաղորդման գծերի պահպանվածության ապահովման ու դժբախտ պատահարների կանխման նպատակով: Կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում սույն կանոնների պահանջների խախտմամբ կատարվող աշխատանքների դեպքեր հայտնաբերելիս՝ էլեկտրահաղորդման գծերը տնօրինող կազմակերպությունները պարտավոր են նրանց զգուշացնել, իսկ այդ աշխատանքները չդադարեցնելու դեպքում՝ դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին:

39. Սույն կանոնների 10-րդ, 23-րդ, 25-րդ, 31-րդ կետերի պահանջների խախտման դեպքում շահագրգիռ անձի կողմից սահմանված կարգով կազմվում է խախտման վերաբերյալ արձանագրություն և ներկայացվում է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացք տալու համար։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան