Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.10.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
07.10.2022
Дата вступления в силу
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0721/01/20

Գործ թիվ ԵԴ/0721/01/20

Նախագահող դատավոր՝

 Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

 Ն. Հովակիմյան

 Կ․ Մարդանյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

7 հոկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Նորայր Ներսեսի Հովհաննիսյանի պաշտպան Կ.Մեժլումյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 16895019 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Վահագն Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:

2020 թվականի փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 59150120 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ Վիգեն Պետրոսյանը ճանաչվել է տուժող:

2020 թվականի փետրվարի 27-ին թիվ 16895019 քրեական գործը միացվել է թիվ 59150120 քրեական գործին:

2020 թվականի փետրվարի 27-ին Նորայր Ներսեսի Հովհաննիսյանը ձերբակալվել է։

2020 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 16171820 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Վիգեն Պետրոսյանը ճանաչվել է տուժող:

2020 թվականի փետրվարի 28-ին թիվ 16171820 քրեական գործը միացվել է թիվ 59150120 քրեական գործին:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի փետրվարի 29-ի որոշմամբ Ն․Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 2 (երկու) դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի փետրվարի 29-ի որոշմամբ Ն․Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 59103720 քրեական գործը, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել է թիվ 59150120 քրեական գործին։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Ն․Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, 347-րդ հոդվածի 2-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

2020 թվականի հուլիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճռով Նորայր Ներսեսի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, 347-րդ հոդվածի 2-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, 347-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, 344-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ն.Հովհաննիսյանի նկատմամբ հանցանքների համակցությամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Ն․Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2020 թվականի փետրվարի 27-ից:

3. Մեղադրող Ծ.Մնացականյանի, ամբաստանյալ Ն.Հովհաննիսյանի, նրա պաշտպան Կ.Մեժլումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը և ամբաստանյալ Ն.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Մեժլումյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 28-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Ն.Հովհաննիսյանի պաշտպան Կ.Մեժլումյանի բողոքն ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը Ն.Հովհաննիսյանի նկատմամբ պատժի տեսակը, դրա չափը և այն կրելու նպատակահարմարությունը որոշելիս պարտավոր էր պատճառաբանել, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների սանկցիայով նախատեսված տուգանքի ձևով պատիժը կամ ազատազրկման ձևով պատժի նվազագույն չափը չի կարող ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը կամ, որ Նորայր Հովհաննիսյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

Դատարանները Ն.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ սահմանելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը որոշելիս հաշվի չեն առել և չեն գնահատել հանցագործության բոլոր հանգամանքները, արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող վերը նշված հանգամանքները:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը, Ն.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել հնարավորինս մեղմ պատիժ՝ նաև տուգանքի ձևով կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով, պայմանականորեն չկիրառել ՝ սահմանելով փորձաշրջան։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմինն ամբաստանյալ Նորայր Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, 347-րդ հոդվածի 2-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(…) նա, համաձայն չլինելով 2019 թվականի հունիսի 1-ին իր վարած «ՎԱԶ 21074» մակնիշի 35 ZF 636 հաշվառման համարանիշի և Աշոտ Մաթևոսյանի վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի 35 NU 677 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների բախման դեպքի առթիվ հարուցված և ՀՀ իշխանության ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Գևորգի Հովհաննիսյանի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության և վարչական վարույթը կարճելու մասին 2019 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված որոշման հետ, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով 2019 թվականի նոյեմբերի 5-ին և նոյեմբերի 7-ին իշխանության ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ վերջինիս և նրա մերձավոր ազգականի՝ երեխայի, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք պարունակող դիմումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ այդպիսով սպառնալով բռնություն գործադրել իշխանության ներկայացուցչի և նրա մերձավոր ազգականի նկատմամբ:

Բացի այդ, 2018 թվականի նոյեմբերի 8-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Նորայր Հովհաննիսյանն իր վարած «Վազ 21074» մակնիշի 35 ZF 636 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Իսակով-Կիլիկիա փողոցների հատման խաչմերուկից հետապնդել է Վահագն Հովհաննիսյանի կողմից վարած «ՇԵՎՐՈԼԵՏ» մակնիշի 6666 HZ տարանցիկ համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում դիտավորյալ ավտոմեքենան վարել է Վահագն Հովհաննիսյանի վարած ավտոմեքենայի դիմացով, կտրուկ արգելակումներ է կատարել, ճանապարհը ազատ լինելու պայմաններում դիտավորյալ դանդաղ է վարել իր ավտոմեքենան, որի պատճառով Վահագն Հովհաննիսյանը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով ընթանալիս Նորայր Հովհաննիսյանի հետապնդումից խուսափելու նպատակով իր ավտոմեքենայով մուտք է գործել բնակելի շենքերից մեկի բակ և թաքնվել:

Դրանից հետո Նորայր Հովհաննիսյանի կողմից իրեն սպառնալու կապակցությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում տվել է հաղորդում, որի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի վարույթում քննվել է թիվ 16895019 քրեական գործը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով Նորայր Հովհաննիսյանը 2020 թվականի հունվարի 29-ին գնացել է Երևան քաղաքի Սեբաստիա 37-րդ հասցեում գտնվող՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` թիվ 16895019 քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Վիգեն Գաբրիելի Պետրոսյանի մոտ ընդունելության: Վերջինիս աշխատասենյակում ագրեսիվ պահվածք դրսևորելով՝ Նորայր Հովհաննիսյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել իր վարած ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ վարույթով ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի աշխատակցի կողմից կաշառք ստանալու և վարչական վարույթն ապօրինի կարճելու մասին, դժգոհել է քննիչի կողմից իրեն հարցաքննության կանչելու հանգամանքից, դատախազ Վ.Պետրոսյանին նույնպես զրպարտել է կաշառք ստանալու մեջ՝ սպառնալով, որ քննիչի կողմից իրեն մոտենալու դեպքում «կհրկիզի նրան և այդ գործով իր համար ցանկալի որոշում կայացնելու համար պահանջ ներկայացնելով դատախազ Վ.Պետրոսյանին՝ ճնշում է գործադրել նրա նկատմամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին՝ սպառնալով «քեզ մինչև երկուշաբթի ժամանակ, գործերս անես», որից հետո հեռացել է:

Այնուհետև 2020 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Նորայր Հովհաննիսյանն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի 36 QV 013 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով կրկին գնացել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության մոտ և ավտոկայանատեղիում սպասել է դատախազ Վ.Պետրոսյանին: Վերջինիս աշխատավայրից դուրս գալուց հետո Նորայր Հովհաննիսյանը մոտեցել է նրան և հարցրել՝ «ի՞նչ արիր գործս», որին ի պատասխան՝ Վ.Պետրոսյանը հայտնել է, որ գործի ընթացքի մասին սահմանված կարգով կտեղեկացվի քննիչի կողմից: Այդ ժամանակ Ն.Հովհաննիսյանը, Վ.Պետրոսյանի կողմից թիվ 16895019 քրեական գործի նախնական քննություն վարելու ընթացքում դատախազական լիազորություններն իրականացնելու հետ կապված՝ նրա գործունեությանը միջամտելու նպատակով սպառնալիքներ է հնչեցրել վերջինիս հասցեին ասելով` «քեզ վարի եմ տալու, քեզ մինչև երկուշաբթի ժամանակ»: Դրանից հետո, երբ Վ.Պետրոսյանը, վարելով իր անձնական օգտագործման «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ» մակնիշի 353 GG 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, հեռացել է, Նորայր Հովհաննիսյանն իր վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի 36 QV 013 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հետապնդել է նրան՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենան վարել է նրա հետևից, ընթացքում ձայնային ազդանշաններ տալով և մանևրումներ կատարելով՝ Սեբաստիա փողոցում վազանց կատարելով՝ ավտոմեքենան կտրուկ քաշել է Վ.Պետրոսյանի ավտոմեքենայի դիմաց, որի հետևանքով Վ.Պետրոսյանն իր վարած ավտոմեքենան հարկադրաբար մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և կանգնել: Վ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան հարկադրաբար կանգնեցնելուց հետո՝ Նորայր Հովհաննիսյանը, իջնելով իր ավտոմեքենայից, մոտեցել է Վ.Պետրոսյանի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑ» մակնիշի 353 GG 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, փորձել է բացել ավտոմեքենայի դուռը, սակայն դռները եղել են փակված վիճակում: Ն.Հովհաննիսյանը, տեսնելով, որ դռները փակված են, դատախազի ծառայողական պարտքը կատարելու հանգամանքով պայմանավորված՝ վերջինիս գույքը վնասելու դիտավորությամբ իր հետ նախապես ավտոմեքենայից վերցրած պտուտակահանի սուր մասով հարվածներ է հասցրել վարորդի դռան ապակուն, առաջացնելով քերծվածքների տեսքով արտահայտված վնասվածքներ և հետքեր, այնուհետև ոտքով հարվածել է առջևի թափարգելին և վնասել դրա ձախ վերին հատվածում և կենտրոնական հատվածում առկա ներկանյութի արտաքին շերտը՝ Վ.Պետրոսյանին պատճառելով զգալի չափի՝ 58.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից հետո նստելով իր ավտոմեքենան՝ հեռացել է: Բացի այդ, դատախազ Վիգեն Պետրոսյանի ավտոմեքենան վնասելուց անմիջապես հետո՝ 2020 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:35-ին, Նորայր Հովհաննիսյանն իր 077-13-54-25 հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի «1-02» հեռախոսահամարին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելով՝ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին կաշառք տալու մասին: Միևնույն ժամանակ, Նորայր Հովհաննիսյանը նախնական քննություն վարելու ընթացքում դատախազական լիազորություններն իրականացնելու հետ կապված՝ զրպարտել է դատախազ Վիգեն Պետրոսյանին, այն է՝ տեղեկություն է հաղորդել, թե իբր վերջինս կաշառք է վերցրել ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանից և հանձնարարել է գործը քննող քննիչին ձերբակալել իրեն: Ահազանգի ժամանակ Ն.Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ձայնագրել է դատախազին, ով ասել է. «լավ եմ արել, վերցրել եմ»: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցի հարցին, թե ենթադրո՞ւմ է, արդյոք, որ դատախազը կաշառք է վերցրել, Ն.Հովհաննիսյանը, ստելով, պատասխանել է, որ այդ կապակցությամբ ունի ձայնագրություն, որպիսի հանգամանքը պնդել է նաև նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներով:

Բացի այդ, Նորայր Հովհաննիսյանը թիվ 16895019 քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ծառայողական պարտքը կատարելու հետ կապված վերջինիս գույքը վնասելու դիտավորությամբ 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, կրկին գնացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության շենքի մոտ և իր հետ նախապես վերցրած՝ ցինկի միացություն պարունակող համեմատաբար կոշտ կաղապար չունեցող /ստվարաթղթյա/ պայթուցիկը նետել է վարչական շրջանների դատախազության դատախազ Վիգեն Պետրոսյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի, 353 GG 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասել դիմապակին` պատճառելով նրան զգալի չափի՝ 55.000 ՀՀ դրամի գույքային վնաս (…)»2։

8. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճռով նշել է հետևյալը. «(…) Ամբաստանյալ Նորայր Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ սահմանելիս Դատարանը (…) հաշվի է առնում նրա կատարած հանցանքներից յուրաքանչյուրի հանրության համար վտանգավորության աստիճանը, յուրաքանչյուր դեպքում նրա ինքնությունը և գործի ողջ հանգամանքները:

(…)

Դատարանն ապացուցված է համարում, որ բացակայում են ամբաստանյալ Նորայր Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող` ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքները:

(…)

Որպես անձը բնութագրող այլ տվյալներ` Նորայր Հովհաննիսյանը կատարել է դիտավորյալ հանցագործություններ, ամուրի է, չդատապարտված, ՀՀ Սյունիքի Մարզի Գորիսի համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրական, ըստ դատահոգեբուժական փորձաքննության թիվ 35 եզրակացության նրա մոտ առկա է բնավորության գծերի շեշտվածություն, որն արտահայտված չէ այն աստիճանի, և չի ուղղեկցվում հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր, հիշողության կոպիտ խանգարումներով, որն ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս զրկեր և զրկի նրան գիտակցել իր գործողությունների բնույթը, նշանակությունը, վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք, իրավախախտումը կատարելիս նա չի գտնվել նաև հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր առաջացնել արդեն նկարագրված վիճակները, և իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչվել է մեղսունակ (…):

Դատարանը հաշվի է առնում Նորայր Հովհաննիսյանի կողմից կատարված յուրաքանչյուր հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթին` հանցագործության որակական կողմին բնորոշ հանգամանքները, մասնավորապես, մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սեփականության դեմ ուղղված հանցագործություններից յուրաքանչյուրով պատճառված վնասի չափը, հանցագործություններից յուրաքանչյուրի կատարումից հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, մասնավորապես, հանցագործությունների պարբերականությունն ու փոխկապակցվածությունը, տուժողին պատճառված վնասի հատուցման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, որոնք իրենց համակցության մեջ էականորեն բարձրացնում են ինչպես յուրաքանչյուր հանցագործության, այնպես էլ այն կատարողի՝ Նորայր Հովհաննիսյանի անձի հանրային վտանգավորության աստիճանը՝ չանտեսելով քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների համատեքստում նաև ամբաստանյալի անձը բնութագրող, սոցիալական առանձնահատկությունների վերաբերյալ փաստական տվյալները:

(…)

Դատարանը գտնում է նաև, որ ազատազրկման ձևով ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են, պատժի նպատակներն ապահովելու տեսանկյունից Նորայր Հովհաննիսյանն իր նկատմամբ նշանակվող պատիժը պետք է կրի, այն արդարացի է և անհրաժեշտ սոցիալական արդարությունը վերականգնելու, նրան ուղղելու և նոր հանցագործությունների կատարումը կանխելու համար: Դատարանի համոզմամբ ամբաստանյալի անձը բնութագրող դրական տվյալները պետք է հաշվի առնել նրա նկատմամբ յուրաքանչյուր հանցավոր արարքի կատարման համար և հանցանքների համակցությամբ ազատազրկման ձևով նշանակվող պատժի չափը որոշելիս (…)»3:

9. Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշել է հետևյալը. «(…) ամբաստանյալի նկատմամբ տվյալ հոդվածներով նախատեսված ավելի մեղմ պատիժ նշանակելու կամ այն խստացնելու հիմքերը բացակայում են, և նրա նկատմամբ իրեն վերագրվող հանցագործությունների համար ազատազրկման ձևով վերջնական համաչափ պատիժ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Ն․Հովհաննիսյանի, պաշտպան Կ․Մեժլումյանի և գործով մեղադրող, Երևան քաղաքի դատախազության դատախազ Ծ․Մնացականյանի վերաքննիչ բողոքները բավարարելու և դատավճիռը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը դատավճիռ կայացնելիս` թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (…)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Նախքան բողոքաբերի կողմից բարձրացված հարցին անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և ելնելով Մխիթար Էլոյանի և այլոց գործով որոշմամբ արտահայտված դիրքորոշումից առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում (5)՝ անհրաժեշտ է գտնում քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Ն.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով և 347-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ն.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով և 347-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)

6) անցել են վաղեմության ժամկետները. (...)»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝

պատժվում է (...) ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

(...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ՝

պատժվում է (...) ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

(...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«1. Դատավորի կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ՝

պատժվում է (...) ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է դատախազի, քննիչի, հետաքննություն կատարող անձի, պաշտպանի, փորձագետի կամ հարկադիր կատարողի կամ նրանց մերձավորի նկատմամբ կապված նախնական քննություն վարելու, գործը կամ նյութերը դատարանում քննելու կամ դատարանի դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը կատարելու հետ՝

պատժվում է (...) ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով (...)»:

13. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ն.Հովհաննիսյանին մեղսագրված վերջին արարքն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 27-ին6։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2021 թվականի հուլիսի 19-ին7, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի նոյեմբերի 3-ին8: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ9:

15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով և 347-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքների համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 2022 թվականի փետրվարի 27-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

16. Ելնելով վերոշարադրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նորայր Ներսեսի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը պետք է մասնակիորեն բեկանել և փոփոխել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով և 347-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ:

17. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ Ն.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների համար պետք է նշանակել նոր պատիժ՝ հետադարձ ուժ տալով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումներին: Մասնավորապես, նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ (…)»:

Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա է արդյոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:

18. Սույն գործով ամբաստանյալ Ն.Հովհաննիսյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որի համար նոր օրենքը սահմանում է առավել մեղմ պատիժ: Մասնավորապես, եթե հանցանքը կատարելու պահին գործող օրենքով որպես ազատազրկման առավելագույն ժամկետ նախատեսված էր հինգ տարին, ապա ըստ նոր կարգավորումների ազատազրկում կարող է նշանակվել առավելագույնը երկու տարի ժամկետով:

Անդրադառնալով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով ամբատանյալին մեղսագրվող արարքին՝ պետք է նշել, որ այն համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որի համար նույնպես նոր օրենքն առավել մեղմ պատիժ է նախատեսում: Մասնավորապես, եթե նախկին կարգավորումներով որպես ազատազրկման ժամկետ սահմանված էր մեկից երեք տարին, ապա ըստ նոր օրենսգրքի՝ ազատազրկում կարող է նշանակվել առավելագույնը երկու տարի ժամկետով:

19. Ինչ վերաբերում է ամբաստանյալին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրվող արարքներին, ապա պետք է նշել, որ դրանք շարունակվում են մնալ հանցավոր և համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որի համար, սակայն, նոր օրենքն առավել խիստ պատիժ է նախատեսում, հետևաբար այն չի կարող հետադարձ ուժ ունենալ:

20. Անդրադառնալով ամբաստանյալ Ն․Հովհաննիսյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ նշանակելու կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ բողոքաբերի՝ 8-րդ կետում նշված փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշվի առնելով Առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված՝ Ն.Հովհաննիսյանի կողմից կատարված յուրաքանչյուր հանցավոր արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, մեղքի ձևը, հանցագործության նպատակը և շարժառիթը, հանցագործության կատարման եղանակը, պատճառված վնասի չափը, ամբաստանյալի դրսևորած վարքագծի պարբերականությունը և փոխկապակցվածությունը, նաև ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ հիմնավորված և պատճառաբանված են ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ պատժի նպատակների իրացմանը հնարավոր է հասնել միայն ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու դեպքում:

21. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Նորայր Ներսեսի Հովհաննիսյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցավոր արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասին և պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով ամբատանյալին մեղսագրվող արարքը՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասին և պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցագործություններից յուրաքանչյուրի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ն.Հովհաննիսյանի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով պետք է մասնակիորեն գումարել՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Նորայր Ներսեսի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ն․Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2020 թվականի փետրվարի 27-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415․1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Նորայր Ներսեսի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել:

2. Ամբաստանյալ Նորայր Ներսեսի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, 344-րդ հոդվածի 1-ին մասով և 347-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։

3. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով Նորայր Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի, իսկ 486-րդ հոդվածի 1-ին մասով՝ 6 (վեց) ամիս ժամկետով:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով և 486-րդ հոդվածի 1-ին մասով կատարած հանցագործություններից յուրաքանչյուրի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ն.Հովհաննիսյանի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով, պետք է մասնակիորեն գումարել՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով ՝ 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Նորայր Ներսեսի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2020 թվականի փետրվարի 27-ից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ։

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________________________________________

1Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 143-150:

3  Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 212-218:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 81-99:

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7  Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան