Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.07.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
29.07.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
29.07.2022
Дата вступления в силу
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ/0101/01/14

Գործ թիվ ՇԴ/0101/01/14

Նախագահող դատավոր՝

  Տ. Սահակյան

Դատավորներ՝

 Ռ. Բարսեղյան

 Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ս. Օհանյանի

29 հուլիսի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Սետ Ժորժիկի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2015 թվականի հունիսի 22-ի դատավճռով Սետ Ժորժիկի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` մաքսանենգության առարկայի արժեքի` 24.512.824 ՀՀ դրամի բռնագրավմամբ: Ս.Գրիգորյանի պատժի կրման սկիզբը հաշվվել է 2013 թվականի նոյեմբերի 25-ից:

2. Դատախազ Ա.Փանոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունիսի 22-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ դատական ակտը չի բողոքարկվել և 2015 թվականի հոկտեմբերի 16-ին մտել է օրինական ուժի մեջ:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ս.Գրիգորյանը: ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ վերջինիս բողոքը թողնվել է առանց քննության` վճռաբեկության կարգով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ բողոքարկելու պատճառաբանությամբ։

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ս.Գրիգորյանի` 2020 թվականի նոյեմբերի 10-ին1 նոր հանգամանքի հիմքով բերած վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 22-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել է անմեղ և արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք2, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 2-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ս.Գրիգորյանը և վերջինիս պաշտպան Ս.Մանասյանը` խնդրելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել, իսկ վարույթ ընդունելու դեպքում` վճռաբեկ բողոքը մերժել` Վերաքննիչ դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Վերաքննիչ դատարանը, 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշումը, արձանագրել է. «(…) Սույն գործով դատապարտյալ Սետ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել:

Վերաքննիչ դատարանը գործի հանգամանքները ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտած դիրքորոշման և քրեադատավարական նորմերի համատեքստում վերլուծության ենթարկելով՝ գտնում է, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատապարտյալ Սետ Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքի հանցավորությունը վերացել է, արարքն ապաքրեականացվել է:

Ուստի, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կատարված օրենսդրական փոփոխությունները կիրառելի են Սետ Գրիգորյանի նկատմամբ, ինչի արդյունքում վերջինիս արարքում այլևս առկա չէ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, հետևաբար, Սետ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով պետք է ճանաչել անմեղ և արդարացնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (…)»3։

7. Ըստ գործում առկա՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված օպերատիվ տեղեկատու քարտադարանի տեղեկատվության՝ Ս.Գրիգորյանը ազատազրկում պատժատեսակի կրումից ազատվել է 2016 թվականի մայիսի 25-ին4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու համար առնվազն ունեն դատվածություն: Մասնավորապես` բողոքի հեղինակը փաստել է, որ դատվածությունը հանվելուց կամ մարվելուց հետո անձը համարվում է հանցանք չկատարած, նրա մասնակցությամբ քրեաիրավական բոլոր հարաբերությունները դադարում են, և վերջինս չի կարող, չգտնվելով քրեաիրավական հարաբերությունների մեջ, հավակնել այդ հարաբերությունների նոր, այդ թվում` նախկին կարգավորումների համեմատությամբ բարենպաստ կարգավորման հետևանքներին:

Բողոքի հեղինակը նշել է, որ Ս.Գրիգորյանի դատվածության վերաբերյալ ձև 8 տեղեկանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա պատժի կրումից ազատվել է 2016 թվականի մայիսի 25-ին, և նրա՝ տվյալ արարքի համար դատվածության մարման ժամկետը չի ընդհատվել: Վերջինիս դատվածությունը մարվել է 2019 թվականի մայիսի 25-ին, այնինչ նրա վերաքննիչ բողոքը՝ իր նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանում ստացվել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին, այսինքն՝ այն պայմաններում, երբ Ս.Գրիգորյանը համարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար դատվածություն չունեցող անձ:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 16-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է Սետ Գրիգորյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 22-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար:

11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11.1. Արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան)` թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում և արձանագրել, որ ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով5:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար6։

11.2. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բարելավող օրենքը հետադարձ ուժով կիրառելու հնարավոր ժամկետային սահմանափակումներին, Դավիթ Բաբայանի գործով որոշմամբ ընդգծել է, որ անկախ սահմանված ժամկետում համապատասխան դատական ակտը չբողոքարկելու պատճառներից՝ անձը կարող է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոք ներկայացնել, եթե նոր ընդունված օրենքը վերացնում է արարքի հանցավորությունը, մեղմացնում պատիժը կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը, և եթե անձը շարունակում է կրել նախկինում գործող օրենքի քրեաիրավական հետևանքները, այսինքն՝ վերջինս պատիժ է կրում կամ կրել է, սակայն ունի դատվածություն7։

11.3․ Մելիք Մեսրոպյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը, ընդգծելով դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքի կարևորությունը, արձանագրել է, որ օրենքի հետադարձության վերստուգիչ (ռևիզիոն) կարգի դեպքում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ նոր օրենքի ընդունման հիմքով վերանայելու հնարավորությունը միջազգային սկզբունքներին համապատասխան` սահմանափակված է դատական ակտերի կայունության և որոշակիության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ: Օրենքի հետադարձության կանոնը վերստուգիչ (ռևիզիոն) կարգով կիրառելի է այն պարագայում, երբ օրենսդրական փոփոխության արդյունքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հակասում է օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներին, որպիսի պայմաններում դատարանի համար պարտադիր է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը և նոր օրենքի գործողության տարածումն այն անձանց նկատմամբ, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն8:

12. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակում արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հետադարձության կարգով կարող է վերանայվել միայն այն դեպքում, երբ անձը շարունակում է կրել նախկին օրենքի քրեաիրավական հետևանքները, այսինքն՝ պատիժ է կրում կամ կրել է այն, սակայն ունի դատվածություն, հակառակ դեպքում, դատական ակտերի կայունության սկզբունքից շեղումը որևէ պարագայում չի կարող արդարացված համարվել։

Ընդ որում, համանման կարագավորում է նախատեսվել նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած` ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, որի համաձայն՝ «Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ։ Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից։ Նշված դեպքերում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»։

Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ տեղի ունեցած օրենսդրական զարգացումների արդյունքում, 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված՝ անձին մեղսագրվող արարքի ապաքրեականացումը, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես ռեաբիլիտացնող հանգամանք չի դիտարկվել։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Գրիգորյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունիսի 22-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` երկու տարի վեց ամիս ժամկետով` մաքսանենգության առարկայի արժեքի` 24.512.824 ՀՀ դրամի բռնագրավմամբ, իսկ պատժի կրման սկիզբը հաշվվել է 2013 թվականի նոյեմբերի 25-ից9:

Վերաքննիչ դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ վերոնշյալ ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժել է՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն չի բողոքարկվել և 2015 թվականի հոկտեմբերի 16-ին օրինական ուժ է ստացել10:

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված օպերատիվ տեղեկատու քարտադարանի տեղեկատվության համաձայն՝ Ս.Գրիգորյանը ազատազրկում պատժատեսակի կրումից ազատվել է 2016 թվականի մայիսի 25-ին, և տվյալ արարքի համար դատվածության մարման ժամկետը չի ընդհատվել11:

Վերաքննիչ դատարանը 2021 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ս.Գրիգորյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ին նոր հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 22-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, Ս.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել է անմեղ և արդարացրել` պատճառաբանելով, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը վերացվել է, և արարքն ապաքրեականացվել է12:

14․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը չի կարող նոր հանգամանք դիտարկվել` Ս.Գրիգորյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը վերանայելու համար: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դիտավորյալ հանցագործություն էր, որի համար նախատեսված էր ազատազրկման ձևով պատիժ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, հետևաբար այն դասվում էր միջին ծանրության հանցագործությունների շարքին: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վերոնշյալ արարքի համար Ս.Գրիգորյանի դատվածությունը կարող էր մարվել պատիժը կրելուց հետո երեք տարի անց՝ 2019 թվականի մայիսի 25-ին։

Ուստի, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այդ ժամանակահատվածում բողոք ներկայացնելու դեպքում միայն կատարված օրենսդրական փոփոխությունները կարող էին դիտարկվել որպես նոր հանգամանք` Ս․Գրիգորյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հետադարձության կարգով վերանայելու համար, քանի որ անձն այդ ընթացքում շարունակելու էր կրել նախկին օրենքի քրեաիրավական հետևանքները, այն է՝ քրեական օրենքով չթույլատրված հանցագործություն կատարելու համար համարվելու էր դատվածություն ունեցող։ Մինչդեռ, Ս.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը՝ իր նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարան էր ներկայացվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ այն պայմաններում, երբ նախկինում կատարված արարքի համար դատվածությունն արդեն իսկ մարվել էր և քրեաիրավական բոլոր հարաբերությունները դադարել էին, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն ապաքրեականացնող օրենքը Ս.Գրիգորյանի նկատմամբ հետադարձության կարգով այլևս չէր կարող կիրառվել: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել, որ արարքի հանցավորությունը վերացնող քրեական օրենքը դատական ակտի վերանայման համար հիմք կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ անձը քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու համար գտնվում է քրեաիրավական հարաբերությունների մեջ, այսինքն` առնվազն ունի դատվածություն:

15. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է` Սետ Գրիգորյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 22-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար, իրավաչափ չէ։

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, Սետ Գրիգորյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 22-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելով և փոփոխելով, թույլ է տվել դատական սխալ, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանելու և Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունիսի 22-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Սետ Ժորժիկի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 22-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 10:

2 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 52:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 94-95:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշումը:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Թաթուլ Պետրոսյանի գործով 2019 թվականի հունիսի 12-ի թիվ ԱՎԴ4/0026/01/15 որոշումը։

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Դավիթ Բաբայանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ԼԴ2/0016/01/17 որոշումը։

8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մելիք Մեսրոպյանի գործով 2021 թվականի հունիսի 11-ի թիվ ԵԷԴ/0040/01/12 որոշումը։

9 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

10 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե՛ս սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

 

Ս. Օհանյան