ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/2702/05/19 2022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/2702/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ք. Մկոյան | |
Հ. Բեդևյան | ||
Լ. Հակոբյան |
2022 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով, քննելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09․02․2022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սուրեն Խաչատուրովի ընդդեմ ՀՀ նախագահի, Հանձնաժողովի, ՀՀ ոստիկանության՝ ՀՀ նախագահի կողմից կայացված վարչական ակտը՝ 27.02.2019 թվականի թիվ ՆՀ-51-Ա հրամանագիրը, անվավեր ճանաչելու և ՀՀ նախագահին հայցվորի դիմումը բավարարելու մասին վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սուրեն Խաչատուրովը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ նախագահի կողմից կայացված վարչական ակտը՝ 27.02.2019 թվականի թիվ ՆՀ-51-Ա հրամանագիրը, և պարտավորեցնել ՀՀ նախագահին ընդունելու հայցվորի դիմումը բավարարելու մասին վարչական ակտ։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ․ Ազրոյան) (այսուհետ՝ Դատարան) 09․10․2020 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09․02.2022 թվականի որոշմամբ ՀՀ նախագահի, Հանձնաժողովի և ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ներկայացուցիչներ Անի Միքայելյան, Արաքս Սուքիասյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ Սահմանադրության 134-րդ և 139-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 6-րդ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածների դրույթները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիություն շնորհելու և դադարեցնելու վերաբերյալ հարցերի հետ կապված Վարչապետի առաջարկությանը համապատասխան հրամանագիր ընդունելու փոխարեն ՀՀ նախագահի կողմից հակառակ լուծում տվող հրամանագրի ընդունումը չի կարող հանդիսանալ ՀՀ նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների ծավալի մեջ մտնող և այդ լիազորություններից բխող իրավաչափ գործառույթ, քանի որ այն անմիջականորեն կհակասի այդ լիազորությունները հստակ ամրագրող՝ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի իրավակարգավորումներին: Իսկ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար, նույնիսկ եթե տվյալ դեպքում հայցվող հրամանագրի իրավական հիմք հանդիսանա դատարանի որոշումը, միևնույն է, կստացվի, որ ՀՀ նախագահի վրա դրվում է իրեն վերապահված իրավասությունների շրջանակից դուրս գործողություն կատարելու լրացուցիչ պարտականություն, որը, օրինականության սկզբունքից ելնելով, անթույլատրելի է:
Այսպիսով՝ ստացվում է, որ սույն գործի շրջանակներում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը չի կարող համարվել ՀՀ նախագահին՝ ՀՀ Սահմանադրությամբ վերապահված լիազորություններից բխող, ընդունման ենթակա իրավաչափ վարչական ակտ:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 27-րդ հոդվածները, ՀՀ Կառավարության 23․11․2007 թիվ 1390-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 26-28-րդ կետերը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սուրեն Խաչատուրովը հետախուզման մեջ է գտնվում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար, որը մտնում է պետական իշխանության և քաղաքացիական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության շահերի դեմ ուղղված հանցագործությունների մեջ, ընդ որում՝ Սուրեն Խաչատուրովը, որպես մեղադրյալ, ներգրավվել է ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով, որը պարունակում է ծանրացնող հանգամանքներ։ Սուրեն Խաչատուրովի կողմից ենթադրաբար կատարվել է հանցագործություն, որն էական վնաս է հասցնում սոցիալական կարևորագույն արժեքներին, ինչպիսիք են պետության տնտեսությունը, պետական ապարատի և արդարադատության համակարգի նորմալ կենսագործունեությունը, պետական իշխանության հեղինակությունը և այլն:
Նշվածից բացի, Հայցվորի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է ոչ միայն վերջինիս կողմից հնարավոր հանցագործություն կատարած լինելու հանգամանքով, այլ նաև հաշվի առնելով, թե ինչ բնույթի և ինչպիսի ծանրացնող հանգամանքներով հանցագործության կատարման մեջ է նա կասկածվում, հատկապես երբ է դիմել և ինչ հնարավոր նպատակ է հետապնդել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և այլն: Այսինքն, Հայցվորի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումը մերժման ենթակա լինել կամ չլինելու հարցում Վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Դատարանը եզրահանգումներ պետք է կատարեին միայն նշված բոլոր փաստական հանգամանքների համակարգային վերլուծության արդյունքում:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 09.02.2022 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետ Մ. Բիչախչյանին հասցեագրված 22.06.2018 թվականի դիմումով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ հայ Սուրեն Խաչատուրովը խնդրել է ընդունել իր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար (Սուրեն Խաչատուրովին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ թիվ 179753 գործ (այսուհետ՝ Թիվ 179753 գործ), գ․թ․ 2):
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հաշվառման և արխիվային ֆոնդերի վարչության պետ Ս. Խաչատրյանը Վարչության պետ Մ. Բիչախչյանին հասցեագրված 22.11.2018 թվականի թիվ 24/5697 Օր. թիվ 1 գրությամբ հայտնել է, որ Ռուսաստանի դաշնության քաղաքացի Սուրեն Խաչատուրովին, ծնված 1974 թվականի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու դիմումը նպատակահարմար են գտնում մերժել (Թիվ 179753 գործ, գ․թ․ 45)։
3. Վարչության 10.12.2018 թվականի «Սուրեն Խաչատուրովի ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի կապակցությամբ կազմված նյութերի վերաբերյալ» եզրակացության համաձայն՝ Սուրեն Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը հնարավոր չէ բավարարել: Եզրակացության վերաբերյալ համաձայնություն է հայտնել ԱՎՎ քաղաքացիության բաժնի պետ Ս. Հարությունյանը, և այն հաստատել է Վարչության պետի տեղակալ Վ. Մինասյանը (Թիվ 179753 գործ, գ․թ․ 53-54)։
4․ Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի 05.05.2020 թվականի թիվ 2/4/452 գրությամբ հայտնվել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սուրեն Արսենի Խաչատուրովը՝ ծնված 01.04.1974 թվականին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով Ոստիկանություն էր դիմել 2018 թվականի հունիս ամսին: Սուրեն Խաչատուրովին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելը գտնվել էր նպատակահարմար մերժել: Նման դիրքորոշման համար հիմք էին հանդիսացել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԻԿ և ՔՀԳՎ-ից ստացված տեղեկատվությունները: ԻԿ հաշվառումների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սուրեն Արսենի Խաչատուրովը (…) հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի ՔՆԳՎ կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի (կաշառք ստանալը) հատկանիշներով նախատեսված հանցագործության համար: Խափանման միջոցը՝ կալանք (…) Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ս. Խաչատուրովը փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ այդ միջոցով խուսափելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետապնդումներից (հատոր 3-րդ, գ․թ․ 96-97)։
5. Հանձնաժողովի 14.01.2019 թվականի թիվ 7 արձանագրության համաձայն՝ հանձնաժողովը քննարկել է նաև 24.12.2018 թվականի նիստում հետաձգված Սուրեն Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման դիմումի վերաբերյալ եզրակացությունը: Քննարկման արդյունքում Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն Սուրեն Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Հանձնաժողովի «Եզրակացություն» վերտառությամբ փաստաթղթին կից թիվ 2 հավելվածի (անձանց ցուցակ, որոնց դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ մերժվել են) 23-րդ տողում նշված է՝ Սուրեն Խաչատուրով, ծնված 01.04.1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի) (հատոր 3-րդ, գ․թ․ 16-20)։
6. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հասցեագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի 26.02.2019 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհումը մերժելու մասին» թիվ 01/26.3/9209-2019 առաջարկության համաձայն՝ ի թիվս այլոց, առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ Սուրեն Խաչատուրովի՝ ծնված 1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի) դիմումը մերժել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհումը մերժելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի համաձայն՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ի թիվս այլոց, մերժվել է նաև Սուրեն Խաչատուրովի՝ ծնված 1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը (հատոր 2-րդ, գ․թ․ 59-64)։
7. Հայաստանի Հանրապետության նախագահի 27.02.2019 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհումը մերժելու մասին» թիվ ՆՀ-51-Ա հրամանագրի համաձայն՝ ի թիվս այլոց, մերժվել է նաև Սուրեն Խաչատուրովի՝ ծնված 1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը (հատոր 2-րդ, գ․թ․ 14)։
8. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության 05.05.2020 թվականի թիվ 2/4/-452 գրությամբ հայտնվել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սուրեն Արսենի Խաչատուրովը՝ ծնված 01.04.1974 թվականին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով ՀՀ ոստիկանություն էր դիմել 2018 թվականի հունիս ամսին: Սուրեն Խաչատուրովին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելը գտնվել էր նպատակահարմար մերժել: Նման դիրքորոշման համար հիմք էին հանդիսացել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԻԿ և ՔՀԳՎ-ից ստացված տեղեկատվությունները: ԻԿ հաշվառումների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սուրեն Խաչատուրովը (…) հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի ՔՆԳՎ կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի (կաշառք ստանալը) հատկանիշներով նախատեսված հանցագործության համար: Խափանման միջոցը՝ կալանք (…) տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ս. Խաչատուրովը փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ այդ միջոցով խուսափելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետապնդումներից (հատոր 3-րդ, գ․թ․ 96-97)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ, մասնավորապես՝ թիվ ՎԴ/2968/05/19 գործով ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 27-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգի առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
ա) արդյո՞ք պարտավորեցման հայցի շրջանակներում ՀՀ նախագահի վրա կարող է դրվել պարտականություն ընդունելու անձին քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությանը հակասող բարենպաստ վարչական ակտ՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը․
բ) արդյո՞ք անձի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու և մեղադրանք առաջադրված լինելու հանգամանքն ինքնին բավարար է Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքով, այն է՝ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին, քաղաքացիության տրամադրումը մերժելու համար ։
ա) Վճռաբեկ դատարանը վերոգրյալ առաջին հարցադրման շրջանակում նախ հարկ է համարում անդրադառնալ ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունների հարցին։ Այսպես.
ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
ՀՀ Սահմանադրության 134-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, (...) սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Վերոնշյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությամբ ենթարկվել է էական փոփոխությունների, ինչն առաջին հերթին պայմանավորված է կիսանախագահական կառավարման ձևից դեպի խորհրդարանական կառավարման ձև անցում կատարելու հանգամանքով։ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը մի շարք լիազորություններ իրականացնում էր ինքնուրույն, առանց որևէ այլ մարմնի միջամտության։ Մինչդեռ, փոփոխված Սահմանադրությամբ նախատեսվել է, որ Հանրապետության նախագահն այդ լիազորություններն իրականացնում է համապատասխան իրավասու մարմնի առաջարկությամբ։
Հանրապետության նախագահի լիազորությունների նման փոփոխություններ նախատեսվելուց զատ ընդգծվել է նաև վերջինիս այնպիսի կարևորագույն սահմանադրաիրավական առաքելությունը, ինչպիսին ՀՀ Սահմանադրության պահպանմանը հետևելն է։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է նույն օրենքով (...):
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և նույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն՝ կցելով Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:
Վերոգրյալ հոդվածների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախագահը, ունենալով ՀՀ քաղաքացիության հարցերի լուծման սահմանադրական լիազորություն, այն իրականացնում է համապատասխան հրամանագիր ընդունելու միջոցով, որին նախորդում է որոշակի փուլերից բաղկացած գործընթաց, որն էլ հիմք է հանդիսանում՝ ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիր ընդունելու համար։
Այսպես, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ ներկայացված դիմումի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո քննարկում է այն հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և ՀՀ ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում ՀՀ վարչապետին։ Այնուհետև ՀՀ վարչապետը հանձնաժողովի կողմից եզրակացությունները ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ՀՀ նախագահին է ներկայացնում քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացրած անձի դիմումը մերժելու կամ բավարարելու մասին առաջարկություն՝ կցելով ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխան գործընթացն անցնելուց հետո է միայն ՀՀ նախագահը ստորագրում ՀՀ քաղաքացիությունը ստանալու վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից ներկայացված հրամանագրի նախագիծը, իսկ ներկայացված առաջարկության և նախագծի հետ համաձայն չլինելու դեպքում կարող է այն իր առարկություններով եռօրյա ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետին, որոնք վերջինիս կողմից չընդունվելու դեպքում ՀՀ նախագահին մնում է միայն իրեն վերապահված երկու լիազորություն, ՀՀ նախագահը՝
- կա՛մ ստորագրում է հրամանագիրը,
- կա՛մ դիմում է ՀՀ սահմանադրական դատարան:
Եթե նախագահը չի կատարում վերը նշված գործողությունները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ գործընթացում ընդգրկված վարչական մարմինները թեև տարբեր փուլերում իրականացնում են առանձին գործառույթներ, սակայն դրանք փոխկապակցված են միմյանց հետ և յուրաքանչյուր նոր փուլը հանդիսանում է նախորդի շարունակությունը, իսկ նման շղթայում որևէ վարչական մարմին գործն ըստ էության եզրափակող վարչական ակտ չի կայացնում, այլ ընդունում է ընթացակարգային, օժանդակ բնույթ կրող ակտեր, որոնց ամբողջության հիման վրա ընդունվում է համապատասխան հրամանագիրը: Հանրապետության նախագահը համապատասխան հրամանագիր ընդունելու միջոցով ավարտում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ այն դադարեցնելու հարցը լուծելու համար հարուցված վարչական վարույթը։
Այն հանգամանքը, որ ՀՀ նախագահն իրավասու է առարկություններով հետ տալ վարչապետի առաջարկությունը՝ առաջարկության հետ համաձայն չլինելու դեպքում, իսկ առարկությունները վերջինիս կողմից չընդունվելու դեպքում՝ չստորագրել հրամանագիրն ու դիմել ՀՀ սահմանադրական դատարան, վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիություն շնորհելու հարցի լուծման գործընթացում ՀՀ նախագահին՝ որպես տվյալ գործընթացը եզրափակող վարչական ակտ ընդունելու իրավասությամբ օժտված սահմանադրական մարմնի, վերապահված է ակտիվ դերակատարություն՝ հաշվի առնելով, որ առարկություններ ներկայացնելու, առարկությունները չընդունելու դեպքում՝ հրամանագիրը չստորագրելու և ՀՀ սահմանադրական դատարան դիմելու լիազորություններն օբյեկտիվորեն կարող են իրացվել միայն տվյալ գործի փաստական հանգամանքների ըստ էության քննության և գնահատման արդյունքում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ վարչական վարույթը մի գործընթաց է, որը կարող է բաղկացած լինել մի քանի փուլերից, և այդ բոլոր փուլերը հետապնդում են միասնական նպատակ, այն է` վարչական ակտի ընդունումը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գևորգ-Ա» ՍՊԸ-ի թիվ 3-918(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):
Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանման իր կարևորագույն առաքելությունը սույն վարույթում իրականացնում է ոչ միայն պարտադիր կերպով հրամանագիրը ստորագրելով, այլ նաև առարկություններով նախագիծը ՀՀ վարչապետին վերադարձնելու, իսկ դրանք վերջինիս կողմից չընդունվելու և նախագիծը նույն կերպ ներկայացվելու դեպքում ՀՀ սահմանադրական դատարան դիմելու լիազորությունների իրականացման միջոցով։
Վերոգրյալ առաջին հարցադրման շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ նաև հայցվորի կողմից ընտրված հայցատեսակի՝ պարտավորեցման հայցի՝ սույն գործով պատշաճ հայցատեսակ լինելու հարցի պարզաբանմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով թիվ ՎԴ/2968/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20․12․2019 թվականի և թիվ ՎԴ/8716/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12․05․2021 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/2968/05/19 վարչական գործով ըստ հայցի Արամ Կարապետյանի (օրինական ներկայացուցիչներ Արա Կարապետյան, Ամարա Պետրոսյան) ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահի, երրորդ անձինք Հայաստանի Հանրապետության վարչապետ, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 27.02.2019 թվականի թիվ ՆՀ-50-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու և Արամ Արայի Կարապետյանի քաղաքացիությունը դադարեցնելու մասին հրամանագիր ընդունելուն Հայաստանի Հանրապետության նախագահին պարտավորեցնելու պահանջի մասին գործով կայացված դատական ակտում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20․12․2019 թվականի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերով համապատասխան առաջարկությունն ու դրա վերաբերյալ հրամանագրի նախագիծը ներկայացված լինելու պայմաններում Հանրապետության նախագահն իրավասու չէ ընդունելու ՀՀ վարչապետի առաջարկությամբ նշված և կից հրամանագրի նախագծում արտացոլված՝ հիշյալ հարցերի հետ կապված լուծմանը հակառակ լուծում տվող հրամանագիր, քանի որ նման հրամանագրի ընդունումը չի բխում Հանրապետության նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով հստակ ամրագրված լիազորությունների շրջանակից, այլ կերպ ասած՝ Հանրապետության նախագահն իրավասություն չունի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարցերը դրանց վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությանն ու կից ներկայացվող հրամանագրի նախագծին հակառակ հրամանագիր ընդունելու միջոցով:
Բացի այդ, վկայակոչվել է նաև թիվ ՎԴ/8716/05/19 վարչական գործով՝ ըստ հայցի Էդգար Մարտիկյանի (օրինական ներկայացուցիչ Լիանուշ Մարտիկյան) ընդդեմ ՀՀ նախագահի, երրորդ անձինք ՀՀ վարչապետ, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և ՀՀ նախագահի 23.08.2019 թվականի թիվ ՆՀ-174-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, գործով կայացված դատական ակտում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12․05․2021 թվականի որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերով համապատասխան առաջարկությունն ու դրա վերաբերյալ հրամանագրի նախագիծը ներկայացված լինելու պայմաններում ՀՀ նախագահն իրավասու չէ ընդունելու ՀՀ վարչապետի առաջարկությամբ նշված և կից հրամանագրի նախագծում արտացոլված` հիշյալ հարցերի հետ կապված լուծմանը հակառակ լուծում տվող հրամանագիր, քանի որ նման հրամանագրի ընդունումը չի բխում ՀՀ նախագահի` ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով հստակ ամրագրված լիազորությունների շրջանակից, այլ կերպ ասած` ՀՀ նախագահն իրավասություն չունի լուծելու ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հետ կապված հարցերը դրանց վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությանն ու կից ներկայացվող հրամանագրի նախագծին հակառակ հրամանագիր ընդունելու միջոցով:
Իրացնելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին։ Այսինքն, պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակն անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած՝ անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունք միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ, կայացված չլինելու դեպքում, անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):
Ընդ որում, քաղաքացիության հետ կապված հարցերով անձը դիմում է համապատասխան մարմինների՝ քաղաքացիությունը դադարեցնելու կամ շնորհելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունման համար։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ սույն վարույթի իրականացման վերջնարդյունքում ՀՀ նախագահի կողմից ընդունված հրամանագրի միջոցով մերժվում է անձի դիմումը՝ քաղաքացիությունը դադարեցնելու կամ շնորհելու վերաբերյալ, անձի մոտ ծագում է իր ենթադրյալ խախտված իրավունքը պաշտպանելու նպատակով դատարան դիմելու իրավունք։
Նշված հարցի կապակցությամբ դատարան դիմելիս անձի հիմնական նպատակն իր դիմումի համաձայն բարենպաստ վարչական ակտի ընդունմանը, իր վեճի լուծմանը հասնելն է, ինչը կարող է իրականացվել պարտավորեցման հայցի բավարարման արդյունքում պատասխանողի վրա դրվող պարտականության կատարմամբ։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ սույն գործի փաստական հանգամանքներին համանման իրավիճակներում պարտավորեցման հայցը քաղաքացիությունը դադարեցնելու կամ շնորհելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դատարան ներկայացվող պատշաճ հայցատեսակ է, քանի որ ՀՀ նախագահին ուղղված պահանջը համապատասխանում է պարտավորեցման հայցին բնորոշ հատկանիշներին: Մասնավորապես՝
1) հայցապահանջն ուղղված է ՀՀ նախագահի դեմ, ով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով, համարվում է վարչական մարմին,
2) ՀՀ նախագահի հրամանագիրը վարչական ակտ է, որով լուծվում է անձին ՀՀ քաղաքացիություն շնորհելու կամ այն դադարեցնելու հարցը,
3) անձը դիմել է վարչական մարմնին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ, որպիսի պահանջը ՀՀ նախագահի հրամանագրով մերժվել է, այսինքն՝ առկա է միջամտող վարչական ակտ, որով մերժվել է բարենպաստ վարչական ակտի ընդունումը,
4) անձի պահանջն ուղղված է վերջինիս համար բարենպաստ հանդիսացող, իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ հրամանագիր ընդունելուն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ է նաև վարչական այլ մարմինների թույլտվությունը կամ համաձայնությունը, ապա դրանք հայցելու և ստանալու համար անհրաժեշտ գործողությունները, ներառյալ` լրացուցիչ փաստաթղթեր հավաքելը, իրականացնում է վարչական վարույթ հարուցած վարչական մարմինը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով վարչական մարմնի ստացած թույլտվությունները և համաձայնություններն առանձին բողոքարկման ենթակա չեն. դրանք կարող են բողոքարկվել վարչական ակտի հետ միասին:
Նշված հոդվածով սահմանված կարգավորման և սույն գործով առկա վարչական վարույթի միջև համեմատական անցկացնելու արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում ևս կազմվում են մի շարք եզրակացություններ, որոնք, սակայն, առանձին-առանձին բողոքարկման ենթակա չեն և ենթակա են վերանայման վարչական ակտի՝ ՀՀ նախագահի հրամանագրի բողոքարկման շրջանակներում։ Որքան էլ որ սույն վարչական վարույթի շրջանակներում որոշիչ նշանակություն ունենա ՀՀ վարչապետի առաջարկությունը, այն ենթակա չէ առանձին բողոքարկման, այլ պետք է վերանայվի հրամանագրի բողոքարկման արդյունքում։
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով հայցը կարող է ներկայացվել վարույթը եզրափակող մարմնի՝ տվյալ դեպքում ՀՀ նախագահի՝ այդ վարչական վարույթը եզրափակող իրավասու սուբյեկտի դեմ, ում վարչական ակտով՝ հրամանագրով, ամփոփվում են մի քանի վարչական մարմինների կողմից իրականացված տարբեր ընթացիկ փուլերում իրականացված գործողությունները:
ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ–247 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցին՝ այնքանով, որքանով այն չի կարգավորում ՀՀ նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգը, գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ քաղաքացիության դադարեցումը մերժելու վերաբերյալ Հանրապետության նախագահի ակտը կոնկրետ հայցատեսակի սահմաններում Վարչական դատարանում վիճարկելու և դրա արդյունքում խախտված իրավունքների վերականգնմանը հասնելու օրենսդրական հնարավորությունների վերաբերյալ հարցը գտնվում է դատական մարմինների իրավասության տիրույթում, որոնք համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորմամբ պետք է հասնեն տվյալ հարցով արդարադատության իրականացմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ: Ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը)։
Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքով բարձրացվել է այն հարցը, որ Հանրապետության նախագահի վրա դատական ակտով չի կարող դրվել քաղաքացիության վերաբերյալ հարցերով ՀՀ վարչապետի առաջարկությանը հակառակ հրամանագիր ընդունելու պարտականություն։
Վճռաբեկ դատարանը, վերոշարադրյալ իրավական նորմերի և վերլուծությունների հիման վրա, անդրադառնալով սույն հարցադրմանը, և հաշվի առնելով նաև դրա կապակցությամբ ՀՀ դատական համակարգում առկա վերոգրյալ հակասական մեկնաբանությունները, հարկ է համարում վերստին արձանագրել հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության ստուգման արդյունքում հայցը բավարարելու և համապատասխան վարչական ակտն ընդունելուն վարչական մարմնին պարտավորեցնող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման այն վարչական մարմնի կողմից, ում հասցեագրված է այդ ակտը: Ինչ վերաբերում է վարչական ակտի ընդունման համար օրենսդրությամբ նախատեսված հատուկ ընթացակարգերի պահպանմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ընթացակարգերն ուղղված են հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հիմնավորող հանգամանքների բացահայտմանը, ուստի բոլոր այն դեպքերում, երբ այդ վարչական ակտի իրավաչափությունը, հանդիսանալով դատական վերահսկողության առարկա, ստուգվել է դատարանի կողմից, նման պայմաններում կրկնակի վարչարարության անհրաժեշտությունը բացակայում է, և դատարանի կայացրած, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բավարար է վարչական մարմնի համար՝ այդ դատական ակտով իր վրա դրված պարտականությունը կատարելու համար: (տե՛ս Տիգրան Գևորգյանի օրինական ներկայացուցիչ Էռնեստ Գևորգյանն ընդդեմ ՀՀ նախագահի թիվ ՎԴ/1638/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25․08․2022 թվականի որոշումը)։
բ) Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված երկրորդ հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Դատարանի դատական ակտի կայացման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համալիր վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում անձանց քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը մերժելու հիմքերն ամրագրված են նույն օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասում։
Այսպես, քաղաքացիություն ստանալու դիմումը, ի թիվս այլ հիմքերի, մերժվում էր, եթե անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին: Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա: Թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես`
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը (տե՛ս, Միսակ Այանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Միաժամանակ, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի դատական ակտի կայացման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասը ենթակա է կիրառման, ըստ այդմ՝ հայցվող վարչական ակտի ոչ իրավաչափությունը ենթակա է հաստատման, այն դեպքերում, երբ նախ դատական ակտի կայացման պահին ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է հաստատված համարելու անձի կողմից այնպիսի գործողություն դրսևորված լինելը, ինչը վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին։ Այսինքն, յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինն անձի կողմից պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին վնասելու վերաբերյալ եզրահանգում կարող է կատարել միայն բավարար ապացույցների առկայության պայմաններում, որոնք հնարավորություն կտան եզրահանգելու, որ անձն իր գործունեությամբ վնասում է Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական կարգին կամ հասարակության անվտանգությանը։ Հետևաբար անձին մեղադրանք առաջադրելը և այդ հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն ինքնին չեն կարող բավարար հիմք հանդիսանալ եզրահանգում կատարելու վերջինիս՝ պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին վնասելու վերաբերյալ։
Ավելին, ներկայիս իրավակարգավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է, կամ առկա է հիմնավոր կասկած, որ կարող է վնասել պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդրությունը զարգացել է այն ուղղությամբ, որ, որպես անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմք, սահմանվում է ոչ միայն վերջինիս գործունեությամբ պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին վնասելը, այլև այդպիսի հետևանքի «հիմնավոր կասկածի» առկայությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Սուրեն Խաչատուրովը Վարչության պետին ուղղված 22.06.2018 թվականի դիմումով խնդրել է ընդունել իր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 14.01.2019 թվականի թիվ 7 արձանագրության համաձայն՝ հանձնաժողովը քննարկել է նաև 24.12.2018 թվականի նիստում հետաձգված Սուրեն Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման դիմումի վերաբերյալ եզրակացությունը: Քննարկման արդյունքում Հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն՝ Սուրեն Խաչատուրովի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ: Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի «Եզրակացություն» վերտառությամբ փաստաթղթին կից թիվ 2 հավելվածի (անձանց ցուցակ, որոնց դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ մերժվել են) 23-րդ տողում նշված է՝ Սուրեն Խաչատուրով, ծնված 01.04.1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի):
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հասցեագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի 26.02.2019 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհումը մերժելու մասին» թիվ 01/26.3/9209-2019 առաջարկության համաձայն՝ ի թիվս այլոց, առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ Սուրեն Խաչատուրովի՝ ծնված 1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի) դիմումը մերժել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհումը մերժելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի համաձայն՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ի թիվս այլոց, մերժվել է նաև Սուրեն Խաչատուրովի՝ ծնված 1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը:
Հայաստանի Հանրապետության նախագահի 27.02.2019 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհումը մերժելու մասին» թիվ ՆՀ-51-Ա հրամանագրի համաձայն՝ մերժվել է նաև Սուրեն Խաչատուրովի՝ ծնված 1974 թվականին Հայաստանի Հանրապետությունում (ՌԴ քաղաքացի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումը:
Սուրեն Խաչատուրովը դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել պատասխանողին ընդունել իր դիմումը բավարարելու մասին բարենպաստ վարչական ակտ։
Դատարանը 09․10․2020 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցչի այն դիրքորոշմանը, որ Հայաստանի Հանրապետության նախագահն իրավասու չէ ընդունելու քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումը բավարարելու վերաբերյալ հրամանագիր, քանի դեռ առկա չէ Հայաստանի Հանրապետության վարչապետի համարժեք առաջարկությունը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին առաջարկություն), ապա նման դիրքորոշումն ընդունելի է դիմումի վերաբերյալ իրականացվող վարչական վարույթի առնչությամբ (վարչական վարույթի ընթացքում առաջարկության հետ անհամաձայնությունը Հայաստանի Հանրապետության նախագահն արտահայտում է առարկություններով առաջարկությունը վերադարձնելու միջոցով), սակայն անընդունելի է այն պայմաններում, երբ տվյալ դիմումի վերաբերյալ ընդունված վարչական ակտին առնչվող վեճն արդեն իսկ հանձնված է դատարանի քննությանը, և դատարանը ամբողջական ու համապարփակ վերահսկողություն է իրականացնում տվյալ վարույթի ողջ ընթացքի, վարույթի շրջանակներում կատարված բոլոր գործողությունների, կազմված փաստաթղթերի (այդ թվում՝ տրված եզրակացությունների, առաջարկությունների) օրինականության նկատմամբ (այս վարույթում տարբեր մարմինների կողմից ընդունված եզրակացություններն ու առաջարկությունները ինքնուրույն չեն կարող վիճարկվել՝ ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի տրամաբանության)։
(․․․)
Ամփոփելով վերոգրյալը, ուսումնասիրելով վարչական գործում առկա փաստաթղթերը, լսելով կողմերի կարծիքները և համադրելով դրանք գործող իրավակարգավորումների հետ՝ Դատարանն արձանագրել է, որ անկախ այն հանգամանքից, որ Սուրեն Արսենի Խաչատուրովը հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի ՔՆԳՎ կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի /կաշառք ստանալը/ հատկանիշներով նախատեսված հանցագործության համար, վերը նշվածը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու համար, քանզի նման մերժման հիմք օրենսդիրը չի նախատեսել, իսկ վարչական գործում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի ապացույց առ այն, որ Հայցվորը իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:
Վերաքննիչ դատարանը 09․02․2022 թվականի որոշմամբ ՀՀ նախագահի, երրորդ անձինք ՀՀ վարչապետի, Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի և ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ գործն ըստ էության ճիշտ լուծված լինելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում կատարված գործողությունների իրավաչափության գնահատման պայմաններում բացակայում է բարենպաստ վարչական ակտի ընդունմանն ուղղված լրացուցիչ վարչարարություն իրականացնելու անհրաժեշտությունը, իսկ որպես բարենպաստ վարչական ակտի ընդունման և/կամ տրամադրման իրավական հիմք հանդիսանում է Դատարանի կողմից կայացված դատական ակտը:
Պարտավորեցման հայցատեսակի վերոգրյալ առանձնահատկությամբ հերքվում է Բողոքաբերների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների այն հիմքը, որ Դատարանի կողմից հայցը բավարարվելու դեպքում բացակայում է վարչական ակտի՝ հրամանագրի, ընդունման իրավական հիմքը՝ Վարչապետի առաջարկությունը, որպիսի իրավական հիմքը, ինչպես հետևում է վերը նշված իրավական մեկնաբանությունից, հանդիսանում է Դատարանի վճիռը:
Այսինքն, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարող հրամանագիրն ընդունում է ի կատարումն պարտավորեցման հայցը բավարարող դատարանի վճռի, պատասխանողի կողմից հայցվորի կողմից հայցված բարենպաստ վարչական ակտի կայացման հիմքը դառնում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությունը:
(․․․)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սուրեն Խաչատուրովի՝ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի ՔՆԳՎ կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի /կաշառք ստանալը/ հատկանիշներով նախատեսված հանցագործության համար հետախուզման մեջ գտնվելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու համար այն փաստի հաշվառմամբ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու նման հիմք սահմանված չէ, ինչպես նաև սույն գործով չի ներկայացվել որևէ վերաբերելի, թույլատրելի ապացույց առ այն, որ Սուրեն Խաչատուրովը իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն դեպքում Հայցվորը, դիմելով Դատարան, ներկայացրել է պարտավորեցման հայց՝ պատասխանողին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Անդրադառնալով ներկայացված հայցատեսակին և ՀՀ նախագահի կողմից դատական ակտի հիման վրա վարչապետի առաջարկությանը հակասող բարենպաստ վարչական ակտ ընդունելու իրավասությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Քննարկվող հարցի կապակցությամբ ներկայացված պարտավորեցման հայցը, սույն որոշման պատճառաբանությունների հաշվառմամբ, համարվում է պատշաճ հայցատեսակ, իսկ դատարանի կողմից հայցը բավարարելու դեպքում Հանրապետության նախագահը պարտավորված է իր սահմանադրաիրավական լիազորությունների շրջանակներում ընդունելու հայցվող բարենպաստ վարչական ակտը։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից հայցվող վարչական ակտի իրավաչափության գնահատման շրջանակում հայցվորի կողմից պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին վնասելու վերաբերյալ վերլուծություններին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում հայցվորի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժելու հիմք է հանդիսացել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի (կաշառք ստանալը) հատկանիշներով նախատեսված հանցագործության համար քրեական հետապնդման ենթարկելու հանգամանքը, ինչը, ըստ բողոքաբերի, տվյալ դեպքում բավարար հիմք է հայցվորի կողմից հասարակության անվտանգությանը վնասելու, ըստ այդմ՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ոչ իրավաչափության վերաբերյալ եզրահանգում կատարելու համար։
Հիմք ընդունելով սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով Դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացման պահին գործող իրավակարգավորումների պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստանալու դիմումը ենթակա էր մերժման բացառապես բավարար ապացույցների համակացությամբ դիմումատուի գործունեությամբ Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին վնասելու հանգամանքը հիմնավորվելու դեպքում, իսկ հայցվորի նկատմամբ այլ երկրում քրեական հետապնդում իրականացվելը չի կարող հայցվորի դիմումը, ինչպես նաև պարտավորեցման հայցի շրջանակում հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումը մերժելու հիմք հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ նշված հանգամանքն ինքնին չի հաստատում հայցվորի գործունեությամբ պետական և հասարակական կարգին, հասարակական անվտանգությանը վնասելը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին վնասելը չհիմնավորվելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներն իրավաչափ են, ինչի արդյունքում Դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է մնա անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը, հետևաբար տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ ստորադաս դատարանի թերի կամ սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը՝ սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, և առկա ապացույցները և հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերը բավարար չեն կարող լինել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ բողոքը ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09․02․2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ք. Մկոյան |
Հ. Բեդևյան | |
Լ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: