Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (11.11.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
11.11.2022
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
11.11.2022
Дата вступления в силу
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ2/0006/01/21

Գործ թիվ ԱՎԴ2/0006/01/21

Նախագահող դատավոր՝

 Ս. Համբարձումյան

Դատավորներ՝

 Ն. Հովակիմյան

 Ա. Նիկողոսյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

 

11 նոյեմբերի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Վահե Հովսեփի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում 2020 թվականի նոյեմբերի 28-ին հարուցվել է թիվ 44198420 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Վահե Հովսեփի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ Վ.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ Վ.Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2020 թվականի փետրվարի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի դատավճռով ամբաստանյալ Վահե Ղազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, Վ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 24-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 7-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում `ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորոդաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, 70-րդ հոդվածների պահանջները: Ամբաստանյալ Վ.Ղազարանի նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ չեն գնահատվել վերջինիս արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող ու անձը բնութագրող հանգամանքները, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը:

Ստորադաս դատարաններն ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժն անհիմն կերպով պայմանականորեն չեն կիրառել, ինչի արդյունքում նա ազատվել է իր նկատմամբ նշանակված պատիժը կրելուց։

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ անհրաժեշտ նշանակություն չեն ստացել այն հանգամանքները, որ Վ.Ղազարյանը դանակով հարված է հասցրել տուժողի կենսականորեն կարևոր օրգանների շրջանում՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Վերաքննիչ դատարանը, սահմանափակվելով միայն ամբաստանյալին վերագրվող պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կամ անձը բնութագրող հանգամանքների պարզ թվարկմամբ, համապատասխան վերլուծության չի ենթարկել այդ հանգամանքների հարաբերակցությունը արարքի արդյունքում առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքների հետ։

Վերաքննիչ դատարանը, որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելով տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագիծը, հաշվի չի առել, որ ամբաստանյալի և տուժողի միջև միջադեպը տեղի է ունեցել դեպքից ամիսներ առաջ, որից հետո տուժողը մեկնել է Արցախ, մասնակցել արցախյան պատերազմին, իսկ ամբաստանյալը երկու ամիս շարունակ պլանավորել և տուժողի վերադառնալուց հետո ի կատար է ածել իր հանցավոր մտադրությունը:

Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վահե Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթների կիրառման:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Վահե Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սիս գյուղի միջնակարգ դպրոցի մոտ՝ «Մինի Մարկետ» կոչվող մթերային խանութի դիմաց, հանդիպելով համագյուղացի Ռոբերտ Կարենի Ասատրյանին, նախկինում՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինիս կողմից իր մոր հասցեին ուղղված հայհոյանքի համար վրեժի շարժառիթով մոտեցել է Ռոբերտ Ասատրյանին և առանց որևէ բան ասելու նախապես վերցրած և իր մոտ պահվող խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա որովայնին՝ պատճառելով որովայնի խոռոչ թափանցող, որովայնի առաջային պատի ձախից ծակած-կտրած վերքի և սիգմայաձև աղու վնասման ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»2:

7. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի մայիսի 24-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում կատարված արարքի բնույթը , հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ամբաստանյալի անձը բնութագրող և ՀՀ քրեական օրենսգրքի 62-63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Ամբաստանյալ Վահե Ղազարանը առաջին անգամ կատարել է ծանր հանցանք, ամուսնացած չէ, Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրական, տուժողի կողմից նրա դեմ բողոք կամ քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել, բացի այդ տուժողը գրավոր դիմում է ներկայացրել դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ ավելի մեղմ վարվելու վերաբերյալ։

Որպես պատիժը եւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն համարում է տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամբաստանյալի անկեղծորեն զղջալը և մեղքն ընդունելը:

Տուժող Ռոբերտ Ասատրյանի հակաօրինականությունն, որով պայմանավորվել է հանցագործությունը, արտահայտվել է նրանում, որ նա մինչև դեպքը 2020 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 00։20-ի սահմաններում Վահե Ղազարյանի և Ռուբեն Ասատրյանի միջև տեղի է ունեցել վիճաբանությունը, որի ընթացքում Ռոբերտ Ասատրյանը Վահե Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է թեթև մարմնական վնասվածք և անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով և նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բողոքի բացակայության հիմքով։

(...)

[Դ]ատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը` տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, սույն դեպքում օբյեկտիվորեն առկա է:

(...)

Պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան:

(...)

Հաշվի առնելով ամբաստանյալ Վահե Ղազարյանի անձը բնութագրող տվյալները , նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, տուժողին պատճառված վնասվածքի բնույթն ու տեղակայումը և նկատի ունենալով նաև տուժողի դիրքորոշումն` ամբաստանյալի նկատմամբ բողոք չունենալու և ավելի մեղմ վարվելու վերաբերյալ, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, դատարանն օբյեկտիվ տվյալների վերլուծության հիման վրա հանգում է այն հետևության, որ Վ.Ղազարյանի ուղղվելը հնարավոր է առանց նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը ռեալ կրելու, քանի որ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով է հնարավոր հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին (...)»3։

8. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հանգել է իրավաչափ եզրակացության առ այն, որ ամբաստանյալ Վահե Ղազարյանի կողմից կատարված հանցանքը պայմանավորվել է տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծով: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում բացակայում է տուժող Ռոբերտ Ասատրյանի առողջությանը վնաս հասցնելու այլ պատճառ, քան վերջինիս և Վ.Ղազարյանի միջև 2020 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ռ.Ասատրյանի կողմից Վահե Ղազարյանի մոր հասցեին հայհոյանքներ հնչեցնելը, ինչը, գնահատելով հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական նորմերի տեսանկյունից, Վահե Ղազարյանի մոտ օբյեկտիվորեն կարող էր առաջացնել նրանից վրեժ լուծելու սևեռուն ցանկություն: Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում նաև Վահե Ղազարյանի անձը բնութագրող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, մեղքն ամբողջովին ընդունելն ու խոստովանական ցուցմունքներ տալը, տուժող Ռոբերտ Ասատրյանի՝ ամբաստանյալի նկատմամբ մեղմ վարվելու խնդրանքը, և դրանք գործի փաստական այլ հանգամանքների հետ համակցության մեջ գնահատելով՝ գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին հնարավոր է հասնել Վահե Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով (...)»4։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

10. Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում5:

11. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն6:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սիս գյուղի միջնակարգ դպրոցի մոտ՝ «Մինի Մարկետ» կոչվող մթերային խանութի դիմաց, հանդիպելով համագյուղացի Ռոբերտ Կարենի Ասատրյանին, նախկինում՝ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին, իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինիս կողմից իր մոր հասցեին ուղղված հայհոյանքի համար, վրեժի շարժառիթով, մոտեցել է Ռոբերտ Ասատրյանին և առանց որևէ բան ասելու, նախապես վերցրած և իր մոտ պահվող խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա որովայնին՝ պատճառելով որովայնի խոռոչ թափանցող, որովայնի առաջային պատի ձախից ծակած-կտրած վերքի և սիգմայաձև աղու վնասման ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս7։

Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի է առել կատարված արարքի բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ Վ.Ղազարյանը առաջին անգամ է կատարել ծանր հանցանք, ամուսնացած չէ, համայնքի ղեկավարի կողմից բնութագրվում է դրական, տուժողի կողմից նրա դեմ բողոք կամ քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել, տուժողը գրավոր դիմում է ներկայացրել դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ ավելի մեղմ վարվելու վերաբերյալ։ Բացի այդ, որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը, ինչպես նաև ամբաստանյալի անկեղծորեն զղջալը և մեղքն ընդունելը8։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ եզրակացության առ այն, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանի կողմից կատարված հանցանքը պայմանավորված է եղել տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծով և գործի նյութերում բացակայում է տուժող Ռ.Ասատրյանի առողջությանը վնաս հասցնելու այլ պատճառ, քան վերջինիս և Վ.Ղազարյանի միջև 2020 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ռ.Ասատրյանի կողմից Վահե Ղազարյանի մոր հասցեին հայհոյանքներ հնչեցնելը, ինչը, գնահատելով հասարակության մեջ համընդհանուր ճանաչում գտած բարոյական և էթիկական նորմերի տեսանկյունից, Վահե Ղազարյանի մոտ օբյեկտիվորեն կարող էր առաջացնել նրանից վրեժ լուծելու սևեռուն ցանկություն: Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև Վ.Ղազարյանի անձը բնութագրող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, մեղքն ամբողջովին ընդունելն ու խոստովանական ցուցմունքներ տալը, տուժող Ռ.Ասատրյանի՝ ամբաստանյալի նկատմամբ մեղմ վարվելու խնդրանքը9։

13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկվել՝

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջավումը,

- հանցագործության գործիքը, մասնավորապես՝ ամբաստանյալի մոտ սուր կտրող-ծակող գործիքի՝ դանակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,

- հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանը վրեժի շարժառիթով, նախապես վերցրած և իր մոտ պահվող խոհանոցային դանակով, դիտավորությամբ հարվածել է տուժողի կենսական կարևոր օրգանի՝ որովայնի շրջանում՝ պատճառելով որովայնի խոռոչ թափանցող, որովայնի առաջային պատի ձախից ծակած-կտրած վերքի և սիգմայաձև աղու վնասման ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

14. Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում որևէ հանգամանք մեղմացնող համարելու համար, այն պետք է բավարարի որոշակի չափանիշների: Մասնավորապես.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները10։

15. Սույն գործով ստորադաս դատարանները, որպես Վ.Ղազարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դիտելով տուժողի հակաօրինական վարքագիծը, պատշաճ իրավական գնահատականի չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալները: Մասնավորապես, ստորադաս դատարանները հաշվի չեն առել ոչ միայն այն, որ նախկինում՝ դեռևս 2020 թվականի սեպտեմբեր 20-ին, ամբաստանյալ Վ.Ղազարյանի և տուժողի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո անցել էր շուրջ 2 ամիս, այլ նաև այն, որ նշված դեպքից հետո Վ.Ղազարյանի՝ տուժող Ռոբերտ Ասատրյանի դեմ բողոք չունենալու հիմքով, քրեական գործի հարուցումը մերժվել էր: Նշված փաստական տվյալների պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ամբաստանյալ Վ.Ղազարյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանը չի նվազել այն աստիճան, որ հիմնավոր համարվի նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օգտագործված գործիքին, տուժողի առողջությանը պատճառված վնասի բնույթին և մարմնական վնասվածքի տեղակայմանը:

Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները` նախկինում դատապարտված չլինելը, համայնքի ղեկավարի կողմից դրական բնութագրվելը, տուժողի կողմից բողոք կամ քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելը չեն կարող ողջամտորեն նվազեցնել Վ.Ղազարյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը և բավարար չեն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Վ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրաոռւմ: Ուստի անհրաժեշտ է Վ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել. Վ.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու մասով պետք է վերացնել՝ Վ.Ղազարյանին թողնելով կրելու 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Վահե Հովսեփի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի մայիսի 24-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշումը բեկանել և փոփոխել: Վահե Հովսեփի Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Վահե Հովսեփի Ղազարյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

2. Պատժի կրման սկիզբը հաշվել Վահե Հովսեփի Ղազարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 187-188:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 179-183:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 76-85:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հովհաննիսյաի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

 

Ս. Օհանյան