Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.03.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.03.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
10.03.2023
Дата вступления в силу
10.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0114/01/18

Գործ թիվ ԵԴ/0114/01/18

Նախագահող դատավոր՝  Ռ.Մխիթարյան

Դատավորներ՝

 Կ.Մարդանյան

 Ա.Մնացականյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

         

10 մարտի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Բաբկեն Շմիդտի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հարուցվել է թիվ 16193717 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի` 2017 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Բաբկեն Շմիդտի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ Բ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի մարտի 6-ի որոշմամբ Բ.Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2018 թվականի մարտի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 17-ի դատավճռով Բ.Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. Մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ մեղադրողի բողոքը մերժել է, իսկ պաշտպանի բողոքը՝ բավարարել. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 17-ի դատավճիռը բեկանել է, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչել է Բ.Կարապետյանի անմեղությունը և արդարացրել՝ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Արամայիս Հակոբյանի, Արամայիս Մկրտչյանի և այլոց գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներին տվել է չհիմնավորված և կամայական գնահատականներ, քանի որ ապացույցները վերլուծելիս չի ղեկավարվել օրենքով սահմանված ապացույցների գնահատման սկզբունքով: Հարկ է նկատի ունենալ, որ Բ.Կարապետյանի մոտ ի սկզբանե եղել է դանակ և փոխադարձ կռվի ժամանակ վերջինս գործադրել է այն: Տվյալ դեպքում ամբաստանյալ Բ.Կարապետյանն իրեն մեղսագրված գործողությունը կատարել է փոխադարձ վիճաբանության պայմաններում՝ պատասխան հարված հասցնելու նպատակով, ուստի այս պարագայում անհրաժեշտ պաշտպանության իրավիճակն իսպառ բացակայում է: Բ.Կարապետյանը, մտնելով վիճաբանության մեջ, նախապես լինելով զինված սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով, նպատակաուղղված հարվածներ է հասցրել տուժողներ Արսեն և Արթուր Պողոսյանների կարևոր կենսական օրգանների ուղղությամբ՝ վերջիններիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: Տուժող Արսեն Պողոսյանը ստացել է սուր կտրող-ծակող գործիքով երկու հարված՝ որովայնի շրջանի աջից կրծքավանդակի խոռոչ թափանցող, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս, և որովայնի ձախ կեսի չթափանցող վիրավորումներ, որոնք առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս, իսկ տուժող Արթուր Պողոսյանը հարված է ստացել մեջքի հատվածից, ինչի արդյունքում նրան պատճառվել է կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած թափանցող վիրավորում՝ ուղեկցված ձախակողմյան պնևմոթորաքսով, որը կրկին առաջացրել է առողջության ծանր վնաս: Մինչդեռ, Բ.Կարապետյանի մարմնական վնասվածքներն արտահայտվել են դեմքի և ձեռքի արյունազեղումների, քերծվածքների և սալջարդի տեսքով, որոնք առաջացրել են առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ավելին, համաձայն Արթուր Պողոսյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության թիվ 1753/հ եզրակացության՝ վերջինիս վերքային խողովակն ունի հետևից առաջ, հորիզոնական ուղղությամբ, միջայինից դրսային ուղղություն և վերջանում է պլևրալ խոռոչում, ինչը բացառում է այն հանգամանքը, որ ամբաստանյալն ընկած վիճակում է հարվածներ հասցրել տուժողներին։

Նշվածի կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ փոխադարձ կռվի պայմաններում, տուժողների կողմից ոտնձգած օբյեկտի արժեքավորությունն անհամեմատելի է ամբաստանյալի կողմից ոտնձգած օբյեկտի արժեքավորությանը: Նման պարագայում ոչ թե առկա է ակնհայտ (խիստ, էական) անհամապատասխանություն՝ ոտնձգությամբ սպառնացող և պատճառված վնասների միջև, այլ առկա է իրավիճակ, երբ փոխադարձ հարվածների պայմաններում յուրաքանչյուրն ընտրել է իր նպատակն առավել արդյունավետ իրականացնելու նախընտրելի տարբերակը՝ նախապես գիտակցելով իր արարքի հանրային վտանգավորության բնույթը, նախատեսելով դրա վտանգավոր հետևանքները և ցանկանալով կամ գիտակցաբար թույլ տալով դրանց վրա հասնելը:

Հետևաբար, ըստ բողոքաբերի, տվյալ իրավիճակում անհրաժեշտ պաշտպանության վիճակի մասին խոսք լինել չի կարող:

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 14-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Բաբկեն Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Նա] կտրող-ծակող գործիքով երկու անձի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Այսպես.

2017 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 01-ի սահմաններում, տուժող Արսեն Բագրատի Պողոսյանն իրեն պատկանող և իր կողմից վարվող «Նիսսան Իքսթրայլ» մակնիշի 35 GV 056 հաշվառման համարանիշի սև գույնի, թեթև մարդատար ավտոմեքենայով միայնակ վերադարձել է իր բնակության վայր` Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 127-րդ շենք և ավտոմեքենան կայանել է բակում՝ փողոցում: Այդ պահին նշված բակում միայնակ գտնվող, հարևանությամբ բնակվող շենքի բնակիչ Բաբկեն Շմիդտի Կարապետյանն Արսեն Բագրատի Պողոսյանին առաջարկել է ավտոմեքենան կայանել այնպիսի դիրքով, որպեսզի չխոչընդոտվի հնարավոր անցորդների ազատ տեղաշարժը: Այնուհետև տեսնելով, որ Արսեն Պողոսյանը չի կատարում իր առաջարկը, նրան ասել է «լավ չես հասկանում», ինչին վերջինս պատասխանել է, որ «ինքը լավ չի հասկանում» և այդ հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել մի կողմից Բաբկեն Կարապետյանի, իսկ մյուս կողմից Արսեն Պողոսյանի և վերջիններիս կարճ ժամանակ անց միացած Արթուր Բագրատի Պողոսյանի միջև:

Նշված վիճաբանության ընթացքում Բաբկեն Կարապետյանը երկու անձանց առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ գտնվող, քննությամբ չհայտնաբերված սուր ծակող-կտրող գործիքով` դանակով, հարվածներ է հասցրել Արսեն Պողոսյանի որովայնին` դիտավորությամբ պատճառելով որովայնի շրջանի աջից ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող և որովայնի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վիրավորումների` ուղեկցված ենթամաշկի, ապոնևրոզի, կողային մկանների և առաջորովայնամզային ճարպաբջջանքի վնասումների ձևով առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Այնուհետև նույն դանակով հարվածել է Արթուր Պողոսյանի մեջքին, ինչի արդյունքում նրան դիտավորությամբ պատճառել է կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած թափանցող վիրավորման` ուղեկցված ձախակողմյան պնևմոթորաքսով և աջ նախաբազկի շրջանի գունազրկված տեղամասի ձևով մարմնական վնասվածքներ, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (…)»2։

7.1. Ամբաստանյալ Բ.Կարապետյանը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ «2017 թվականի օգոստոսի 29-ի գիշերը՝ ժամը 24:00-ից ժամը 01:00-ի սահմաններում, միայնակ գտնվել է իրենց շենքի բակում` վարսավիրական սրահի մոտակայքում: Այդ պահին սև գույնի ավտոմեքենայով բակ է մտել Արսենը և ավտոմեքենան կայանել է բակում` հենց փողոցի վրա ու իջել մեքենայից: Տեսել է, որ մեքենայի դիրքն անհարմար է, խանգարելու է մարդկանց ազատ շարժին: Մոտեցել է Արսենին և ասել, որ նա մեքենան նորմալ չի կայանել, ասել է, որ մի կողմ քաշի: Արսենն ասել է, որ կքաշի, սակայն մի քանի րոպե անց, տեսնելով, որ Արսենը չի ցանկանում մեքենան նորմալ կայանել, նրան ասել է, որ լավ չի հասկանում, մեքենան քաշի մի կողմ, քանի որ մարդկանց խանգարում է: Դրանից Արսենը վրդովվել է, ինչից իրենց միջև խոսակցություն և լեզվակռիվ է սկսվել: Այդ ժամանակ Արսենն անակնկալ ձևով հարվածել է իրեն և կռիվ ու քաշքշոց է սկսվել: Չի նկատել, թե որ կողմից, բայց անմիջապես իրենց է մոտեցել Արսենի եղբայր Արթուրը և երկուսով միասին սկսել են ոտքերով և ձեռքերով ուժեղ ծեծի ենթարկել իրեն: Այդ ընթացքում չի կարողացել նրանց հարվածել, փորձել է միայն պաշտպանվել, սակայն չի ստացվել և բազմաթիվ ուժգին հարվածներ է ստացել, իրեն գցել են գետնին և առանց դադարեցնելու հարվածել են: Գոռացել է, ձայն է տվել, որպեսզի մարդիկ մոտենան, օգնեն, սակայն շրջակայքում մարդ չի եղել: Հասկանալով, որ իր կյանքին ու առողջությանը ռեալ վտանգ է սպառնում, իր գոռոցներին, որ չհարվածեն, չեն լսում, իսկ շրջակայքում մարդիկ չկան, որ բաժանեն, տեսնելով, որ այլ ելք չունի, ծեծը դադարեցնելու և պաշտպանվելու համար գրպանում ունեցած ծալովի դանակը հանելով հարմարեցրել և հարվածներ է հասցրել նրանց ուղղությամբ, սկզբում Արսենի, այնուհետև՝ Արթուրի ուղղությամբ: Իր կողմից դանակով նրանց ուղղությամբ հարվածներ հասցնելուց հետո նրանք դադարեցրել են իրենց գործողությունները և հեռացել: (…)

Պատասխանելով մեղադրողի և դատարանի հարցերին` ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանը հայտնել է, որ դանակն աջ ձեռքով հանել է աջ գրպանից, երկուսին էլ հարվածել է ընկած վիճակում (…)»3:

7.2. Տուժող Արսեն Պողոսյանը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ «դեպքի օրը` օգոստոսի 29-ը, եղբոր` Արթուրի ծննդյան օրն է եղել: Գտնվել են իրենց տանը, այնուհետև ծննդյան միջոցառումն ավարտելուց հետո, եղբորը ճանապարհելու նպատակով դուրս են եկել տանից: Հյուրերին ճանապարհել է ոտքով, իր մեքենան կայանված է եղել ավտոտնակի մոտ: Ճանապարհելու ընթացքում ինչ-որ անձ բարձրաձայն խոսել է, մութ է եղել և չի կարող հստակ ասել՝ հեռախոսով, թե՝ ոչ, ինքը զգուշացրել է, ինչից հետո վիճաբանություն է եղել, ծեծկռտուքը եղել է շատ կարճ: Չի կարող հիշել՝ ով է առաջինը հարվածել: Առաջին դիտողությունն ինքն է արել, ասել է՝ մի քիչ կամաց խոսացեք, ուշ ժամ է: (…)

Պատասխանելով դատավարական կողմերի և դատարանի հարցերին՝ տուժող Արսեն Պողոսյանը մանրամասնել է, որ եղել է վիճաբանություն, որի ժամանակ հարվածել են միմյանց, եղել է դանակահարություն, ինքն ընկել է գետնին: (…) Վիճաբանության ընթացքում չի իմացել, թե ում հետ են կռվում, դա իմացել է գործի քննության ընթացքում, երբ առերեսում է կատարվել: Չի տեսել` իր եղբայրը հարվածել է, թե ոչ և չի կարող ասել, թե իր հարվածից անձն ինչ վնասվածք կարող էր ստանալ, եթե վեճը տևել է 2-3 րոպե: Կռիվը եղել է ձեռքերով:

Չի հիշում առաջին հարվածողը ով է եղել: Ինքը հարված հասցրել է միայն ձեռքերով»4:

7.3. Տուժող Արթուր Պողոսյանը դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ «(…) Գիշերն իր ընտանիքը մնացել է հայրական տանը, իսկ իր եղբայրը` Արսեն Պողոսյանն իրեն ուղեկցել է տուն: Մութ է եղել, լուսավորություն չի եղել փողոցում: Անծանոթ մի տղամարդ բարձր խոսելիս է եղել, չեն նկատել հեռախոսով, թե՝ ոչ: Դրանից հետո Արսենը նրան զգուշացրել է, որ կամաց խոսի, ամառ է, բոլորի լուսամուտները բաց են: Վիճաբանություն է եղել, քաշքշուկ և կռիվ, որը տևել է մոտ 2-3 րոպե: Դրանից հետո նկատել է, որ իր եղբայրը կռացել է, ընկնելիս է եղել, պահել է նրան: Հետո շուռ են եկել և տեսել են, որ անծանոթը, ով իրենց հայտնի չէր, արդեն գնացել է: Հասկացել է, որ հագուստը հետնամասում թաց է: Դրանից հետո հասկացել է, որ ինքն էլ է «ծակվել», թե ինչով` չի տեսել:

Պատասխանելով դատավարական կողմերի և դատարանի հարցերին՝ տուժող Արթուր Պողոսյանը մանրամասնեց, որ քանի որ քաշքշուկ է եղել, չեն նկատել՝ ով է առաջինը հարվածել: Ոտքերով հարվածներ չի եղել, քանի որ այդ անձը գետնին չի ընկել: Վիճաբանությունը սկսվել է երկկողմանի, այլ ոչ թե իր եղբոր կողմից»5:

7.4. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1753/հ եզրակացության համաձայն՝ «(…) Արթուր Բագրատի Պողոսյանի մարմնական վնասվածքները՝ կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած թափանցող վիրավորման՝ ուղեկցված ձախակողմյան պնևմոթորաքսով և աջ նախաբազկի շրջանի գունազրկված տեղամասի ձևով պատճառվել են ծակած-կտրած վերքը սուր ծակող-կտրող գործիքի, իսկ քերծվածքը՝ բութ, կոշտ առարկայի ներգործությամբ, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում և հանգամանքում, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։ (…) Համաձայն բժշկական փաստաթղթերի տվյալների՝ վերքային խողովակն ունի հետևից առաջ, հորիզոնական ուղղությամբ, միջայինից դրսային ուղղություն և վերջանում է պլևրալ խոռոչում: Ա.Պողոսյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում, վերոնշյալ վնասվածքներն ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսներով ուղղված դեպի վնասվածք պատճառող առարկան կամ գործիքը (…)»6:

7.5. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1754/հ եզրակացության համաձայն՝ «(…) Արսեն Բագրատի Պողոսյանի մարմնական վնասվածքները՝ որովայնի շրջանի աջից ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող և որովայնի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վիրավորումների՝ ուղեկցված ենթամաշկի, ապոնևրոզի, կողային մկանների և առաջորովայնամզային ճարպաբջջանքի վնասումներով՝ պատճառվել են սուր ծակող-կտրող գործիքի ներգործությամբ, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետում և հանգամանքում, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։ (…) Համաձայն բժշկական փաստաթղթերի տվյալների՝ որովայնի ձախ կեսի վերքային խողովակն ունի առաջից հետ, ներքևից վերև, միջայինից դրսային ուղղություն և վերջանում է պլևրալ խոռոչում: Ա.Պողոսյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում, վերոնշյալ վնասվածքներն ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսներով ուղղված դեպի վնասվածք պատճառող առարկան կամ գործիքը (…)»7:

7.6. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1846/հ եզրակացության համաձայն՝ «(…) Բաբկեն Շմիդտի Կարապետյանի մարմնական վնասվածքները՝ ստորին կոպերի, ձախ ձեռքի միջնամատի շրջանների արյունազեղումների, դեմքի, կրծքավանդակի, ձախ ազդրի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդների, ձեռնաթաթերի ծալիչների գերձգման, նախաբազուկների շրջանների քերծվածքների, ձախ ծնկի և աջ ոտնաթաթի շրջանների վերքերի ձևով հասցվել են մեկից ավելի բութ, կոշտ առարկայով/ներով/ այդ թվում՝ ոտքերով, բռունցքներով, որոնք առաջացրել են առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս 6 օրից և ոչ ավելի, քան՝ 21 օր: Քանի որ նկարագրված վնասվածքները տեղեկատվական չեն, ուստի դատողություն անել վնասվածք պատճառող գործիքի կամ առարկայի, ինչպես նաև հաջորդականության վերաբերյալ հնարավոր չէ: Բ. Կարապետյանը տարածության մեջ կարող էր գտնվել ցանկացած՝ վնասվածքների առաջացումը չբացառող դիրքերում՝ վերոնշյալ վնասվածքներն ստանալու պահին մարմնի տվյալ մակերեսներով ուղղված դեպի վնասվածք պատճառող առարկան կամ գործիքը (…)»8:

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանն ապացուցված է համարում այն, որ ամբաստանյալ Բաբկեն Շմիդտի Կարապետյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք, որը որակված է ճիշտ, հետևաբար` ամբաստանյալը քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է այդ հոդվածով։

(…) Դատարանը, վերլուծելով սույն քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները, հանգում է հետևության, որ ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի և տուժողներ Արսեն ու Արթուր Պողոսյանների միջև տեղի է ունեցել փոխադարձ կռիվ՝ հակամարտող կողմերի միջև ավտոմեքենայի կայանման շուրջ առաջացած վիճաբանության շարժառիթով ընդհարում, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ նպատակ ունենալով մեկը մյուսին վնաս պատճառել։ Այսինքն, թե ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանը, թե տուժողներ Արթուր և Արսեն Պողոսյանները հանդես են եկել որպես ոտնձգողներ և գործել են ոչ իրավաչափ, իսկ ամբաստանյալը դանակով հարվածներ հասցրել է փոխադարձ կռվի ընթացքում: Ընդ որում, ձեռք չի բերվել այնպիսի փաստական տվյալ, որը կվկայեր այն մասին, որ փոխադարձ կռվի ընթացքում կողմերի նպատակները և դրդապատճառները փոխվել են և հանգեցրել են նրանց վարքագծի փոփոխմանը և ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի համար անհրաժեշտ պաշտպանության վիճակի առաջացմանը։

Դատարանի նման հետևությունը բխում է նաև սույն քրեական գործի քննության արդյունքում հաստատված հետևյալ փաստական հանգամանքներից.

- ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի և տուժողներ Արթուր և Արսեն Պողոսյանների միջև փոխադարձ վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում ամբաստանյալը տուժողներին հարվածներ է հասցրել իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով, մինչդեռ տուժողների մոտ որևէ առարկա չի եղել,

- դատաբժշկան փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ տուծող Արսեն Պողոսյանը ստացել է սուր կտրող-ծակող գործիքով երկու հարված՝ որովայնի շրջանի աջից կրծքավանդակի խոռոչ թափանցող, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս և որովայնի ձախ կեսի չթափանցող վիրավորումներ, որն առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ տուժող Արթուր Պողոսյանը հարված է ստացել մեջքի հատվածից, ինչի արդյունքում նրան պատճառվել է կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած թափանցող վիրավորում՝ ուղեկցված ձախակողմյան պնևմաթորաքսով, որը կրկին անգամ առաջացրել է առողջությանը ծանր վնաս, մինչդեռ Բաբկեն Շմիդտի Կարապետյանի մարմնական վնասվածքներն արտահայտվել են դեմքի և ձեռքի արյունազեղումների, քերծվածքների և սալջարդերի տեսքով, որոնք առաջացրել են առողջության թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:

Այսպիսով, դատարանը, համադրելով տուժողներ Արթուր և Արսեն Պողոսյաններին ամբաստանյալի կողմից հասցված հարվածների քանակը և ուղղվածությունը, ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի ստացած վնասվածքների հետ գտնում է, որ չի հիմնավորվել, որ ամբաստանյալն իրեն մեղսագրվող արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, որպիսի հանգամանքը բացառում է նրա արարքն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ հանցագործություն որակելու հնարավորությունը:

(…)

Միևնույն ժամանակ դատարանը գտնում է, որ միայն այն հանգամանքը, որ փոխադարձ կռվի ընթացքում հակամարտող մի կողմից մասնակցել են երկու անձ՝ տուժողներ Արսեն և Արթուր Պողոսյանները, իսկ մյուս կողմից եղել է միայն ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանը, դեռևս բավարար չէ հանգելու հետևության առ այն, որ վերջինը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:

(…)

Դատարանը, (…) հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, (…) գտնում է, որ ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով պետք է պատիժ նշանակել ազատազրկում, ինչը, դատարանի գնահատմամբ, բավարար է պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու համար։

(…)

Դատարանը, ուսումնասիրելով ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի անձը, գտնում է, որ վերջինիս նկատմամբ ազատությունը սահմանափակելու ձևով կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցն անմիջականորեն չպետք է ներգործի ամբաստանյալի նկատմամբ, քանի որ Դատարանի մոտ առկա է վստահություն և համոզվածություն առ այն, որ նշանակված պատժատեսակի կիրառման արդյունքում ակնկալվող պատժի նպատակների իրագործումը հնարավոր է նաև առանց ամբաստանյալին հասարակությունից մեկուսացնելու (…)»9։

9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) [Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ձեռք չի բերվել փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք կտար, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանն իրեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքը չի կատարել անհրաժեշտ պաշտպանության վիճակում։

Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանը տուժողներ Արթուր և Արսեն Պողոսյաններին դանակով հարվածներ է հասցրել փոխադարձ կռվի ընթացքում, չի բխում սույն գործի փաստական հանգամանքներից։ Մասնավորապես, գործի նյութերում առկա չեն ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվող հստակ և համոզիչ փաստարկներ այն մասին, որ ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի և տուժողներ Արթուր և Արսեն Պողոսյանների միջև տեղի է ունեցել փոխադարձ կռիվ։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ փոխադարձ կռվի մասին իրենց ցուցմունքներում նշել են միայն տուժողները։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն առանց որևէ հիմնավորման առավել նշանակություն է տվել տուժողների ցուցմունքներին՝ անտեսելով այն հանգամանքը, որ վերջիններիս հակասական ցուցմունքները չեն հիմնավորվում որևէ այլ ապացույցով։ Մինչդեռ, դեպքի հանգամանքների մասին ամբաստանյալի հայտնած տեղեկություններն առավել համոզիչ են և փաստարկված։ Ընդ որում, վիճարկվող դատական ակտից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը վիճաբանությունն առաջանալու հանգամանքները գնահատելիս հիմք է ընդունել ամբաստանյալի ցուցմունքները՝ տուժողների ցուցմունքներն այդ մասով գնահատելով անարժանահավատ, իսկ վիճաբանությունն առաջանալուց հետո ամբաստանյալի և տուժողների գործողությունները գնահատելիս արժանահավատ է դիտել տուժողների ցուցմունքները։

(…)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դեպքի հանգամանքները պարզելիս և ամբաստանյալի ու տուժողների ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել գործում առկա օբյեկտիվ ապացույցները։ Մասնավորապես, գործում առկա դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից երևում է, որ տուժող Արսեն Պողոսյանի մոտ առկա է միայն ծակած-կտրած մարմնական վնասվածքներ, իսկ տուժող Արթուր Պողոսյանի մոտ՝ ծակած-կտրած վնասվածք և բազկի քերծվածք։

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ փոխադարձ կռվի ընթացքում հնարավոր չէր տուժողների մոտ բացի ծակած-կտրած մարմնական վնասվածքներից առկա լիներ միայն մեկ քերծվածք։ Մինչդեռ, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից երևում է, որ Բաբկեն Կարապետյանի մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ ստորին կոպերի, ձախ ձեռքի միջնամատի շրջանների արյունազեղումներ, դեմքի, կրծքավանդակի, ձախ ազդրի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդներ, ձեռնաթաթերի ծալիչների գերձգում, նախաբազուկների շրջանների քերծվածքներ, ձախ ծնկի և աջ ոտնաթաթի շրջանների վերքեր։

Ամբաստանյալի և տուժողների ցուցմունքները համադրելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների հետ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առավել իրատեսական են դեպքի հանգամանքների մասին ամբաստանյալի հայտնած տեղեկությունները։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ գործի նյութերով չի հերքվում ամբաստանյալի հայտնած այն տեղեկությունները, որ առաջինը հարվածել է Արսեն Պողոսյանը, որից հետո վերջինիս է միացել նաև Արթուր Պողոսյանը, ապա ամբաստանյալին գցել են գետնին և հարվածներ հասցրել, և որ ամբաստանյալը խնդրել է դադարեցնել հարվածներն ու օգնություն է կանչել, որից հետո տեսնելով, որ հարվածները չեն դադարում՝ ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել տուժողներին։

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ողջամիտ ենթադրություն այն մասին, որ տուժողներն ունեցել են շահագրգռվածություն դեպքի իրական հանգամանքները չներկայացնելու համար, քանի որ միաժամանակ հանդիսացել են ոտնձգողներ Բաբկեն Կարապետյանի նկատմամբ, ինչի վերաբերյալ սույն գործով նրանց նկատմամբ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում։ Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն հետևությանը, որ տուժողների ցուցմունքները պայմանավորված են ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմելու ցանկությամբ, ապա նախ պետք է նշել, որ տուժողների ցուցմունքներն ամենևին չեն վկայում նշվածի մասին, բացի այդ՝ նման ցանկության դեպքում տրամաբանական կլիներ, որ տուժողները հաստատեին ամբաստանյալի հայտնած տեղեկությունները, այլ ոչ թե տային խուսափողական և ամբաստանյալի ցուցմունքներից տարբերվող ցուցմունքներ։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև միջադեպի ընթացքում ամբաստանյալի կողմից գործադրվել է դանակ, և միջադեպի հետևանքով տուժողներին պատճառվել է առավել ծանր վնաս, քան ամբաստանյալին, սակայն հաշվի առնելով ամբաստանյալի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց քանակը, ոտնձգության ինտենսիվությունը, տևողությունը, ժամանակը և իրադրությունը՝ գտնում է, որ ոտնձգության և պաշտպանության միջև ակնհայտ անհամապատասխանություն չի եղել։ Այսինքն՝ պաշտպանությունը համարժեք է եղել ոտնձգությանը։

Վերը շարադրվածի լույսի ներքո գնահատելով Բաբկեն Կարապետյանի գործողությունների իրավաչափությունը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանը դանակով վնաս պատճառելով տուժողներին, իրականացրել է իր կյանքի և առողջության իրավաչափ պաշտպանություն և դուրս չի եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ եթե նույնիսկ Բաբկեն Կարապետյանի և Արսեն Պողոսյանի միջև եղել է փոխադարձ կռիվ, ապա այդ կռվին Արթուր Պողոսյանի միանալուց հետո Բաբկեն Կարապետյանը ստացել է անհրաժեշտ պաշտպանության իրավունք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանով Արսեն Պողոսյանի հնարավորությունները շեշտակի ուժեղացել է։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Բաբկեն Կարապետյանն Արթուր և Արսեն Պողոսյանների առողջությանը ծանր վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության վիճակում և ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն հանցագործություն չի համարվում»10։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի կողմից տուժողների առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության թույլատրելի շրջանակներում կատարված լինելու և արարքն իրավաչափ դիտարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

11. ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: (…)

4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով»:

Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Արտյոմ Հակոբյանի գործով կայացված որոշման շրջանակներում՝ արձանագրելով հետևյալը. «(…) Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ունի որոշակի սահմաններ։ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի մեկնաբանման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունն իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող։ Այսպես, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են.

ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը.

բ) ոտնձգության առկայությունը.

գ) ոտնձգության իրական լինելը.

դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին.

ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին.

զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը:

(…)

Անհրաժեշտ պաշտպանությունը համարժեք չէ ոտնձգությանը, եթե պաշտպանության և ոտնձգության միջև անհամապատասխանությունն ակնհայտ է, այսինքն` ոտնձգողին հասցվում է այնպիսի ծանր վնաս, որը տվյալ պայմաններում անկասկած արդարացված չէ: Ընդ որում, ոտնձգության և պաշտպանության միջև եղած անհամապատասխանությունը պետք է ակնհայտ լինի հենց իր` պաշտպանությունն իրականացնողի համար: Պաշտպանվողը պետք է գիտակցի, որ չափից դուրս մեծ վնաս է հասցնում ոտնձգողին, ինչն արդարացված չէ տվյալ իրադրությունում:

(…) Անհրաժեշտ պաշտպանության համարժեքության գնահատման և որպես արդյունք` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության կամ բացակայության որոշման համար անհրաժեշտ է գնահատել ոտնձգության վտանգավորության աստիճանի և պաշտպանության միջև համապատասխանությունը:

Օրենքը չի պահանջում, որ պաշտպանվողը կիրառի ոտնձգողի կողմից կիրառվող միջոցներին հավասարազոր միջոցներ: Պաշտպանվողը կարող է գործադրել նաև առավել արդյունավետ միջոցներ:

Ոտնձգության և պաշտպանության միջոցների միջև համամասնության խնդիրը լուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`

ա) պաշտպանվող բարիքի արժեքավորությունը և այն վնասի չափը, որ կարող էր հասցվել դրան,

բ) ոտնձգության ինտենսիվությունը ու հանկարծակիությունը,

գ) պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորությունները (սեռը, տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական ուժը և այլն),

դ) ոտնձգողների և պաշտպանվողների քանակը,

ե) ոտնձգության իրադրությունը, տեղը, ժամանակը և այլն: (…)»11:

12. Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Անուշավան Թորոսյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը փաստել է. «(…) [Ա]նհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներով։

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման օբյեկտիվ հատկանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոտնձգության բնույթն ու վտանգավորությունը որոշվում են ոտնձգության օբյեկտի արժեքավորությամբ, ոտնձգության ինտենսիվությամբ, պաշտպանվողի և ոտնձգողի ֆիզիկական հնարավորություններով, նրանց քանակով, ոտնձգության իրադրությամբ և այլն։ Ուստի, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումն առկա է այն դեպքում, երբ առկա է ակնհայտ (խիստ, էական) անհամապատասխանություն ոտնձգությամբ սպառնացող և պաշտպանվողի կողմից պատճառվող վնասների միջև։

(…) Այլ կերպ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումն առկա է այն դեպքում, երբ պաշտպանվողը կիրառել է պաշտպանության այնպիսի միջոցներ և մեթոդներ, որոնց կիրառումն ակնհայտ կերպով չէր բխում ո՛չ ոտնձգության բնույթից և վտանգավորությունից, ո՛չ էլ իրադրությունից։

(…)

Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման սուբյեկտիվ հատկանիշների կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը բնութագրվում է մեղքի դիտավորյալ ձևով»12:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Բ.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա կտրող-ծակող գործիքով Արսեն և Արթուր Պողոսյանների առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս13։

Առաջին ատյանի դատարանը, վերլուծելով քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները, հանգել է հետևության, որ Բ.Կարապետյանի և տուժողների միջև ավտոմեքենայի կայանման շուրջ առաջացած վիճաբանության պատճառով տեղի է ունեցել փոխադարձ կռիվ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Այսինքն` թե ամբաստանյալը, թե տուժողները հանդես են եկել որպես ոտնձգողներ և գործել են ոչ իրավաչափ: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ գործով չի հիմնավորվել այն, որ Բ.Կարապետյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, հետևաբար բացառվում է նրա արարքն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ հանցագործություն որակելու հնարավորությունը14։

 

Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ գործով ձեռք չի բերվել փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք կտար, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Բ.Կարապետյանն իրեն մեղսագրվող արարքը չի կատարել անհրաժեշտ պաշտպանության վիճակում։

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև միջադեպի ընթացքում ամբաստանյալի կողմից գործադրվել է դանակ, և միջադեպի հետևանքով տուժողներին պատճառվել է առավել ծանր վնաս, սակայն, հաշվի առնելով ամբաստանյալի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց քանակը, ոտնձգության ինտենսիվությունը, տևողությունը, ժամանակը և իրադրությունը, ոտնձգության և պաշտպանության միջև ակնհայտ անհամապատասխանություն չի եղել։ Այլ կերպ` անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար ամբաստանյալ Բ.Կարապետյանն իրականացրել է իր կյանքի և առողջության իրավաչափ պաշտպանություն և դուրս չի եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմը15:

14. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հանցագործության դեպքը և հանգամանքներն ըստ էության հաստատվում են ամբաստանյալի և տուժողների` միմյանցից տարբերվող ցուցմունքներով: Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ Բ.Կարապետյանի և տուժողների միջև տեղի է ունեցել փոխադարձ կռիվ, ինչի արդյունքում ամբաստանյալը վերջինների առողջությանը պատճառել է ծանր վնաս, հիմնականում հիմնվել է տուժողների կողմից հայտնած փաստական տվյալների վրա: Միչդեռ, Վերաքննիչ դատարանը, արժանահավատության տեսանկյունից գնահատելով տուժողների և ամբաստանյալի ցուցմունքները, գտել է, որ գործի հանգամանքների վերաբերյալ ամբաստանյալ Բ.Կարապետյանի հայտնած տվյալներն ավելի արժանահավատ են, ուստի հաստատված է համարել, որ վերջինս իրեն մեղսագրվող արարքները կատարելիս գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:

Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են Վերաքննիչ դատարանի այն հետևությունները, որ դեպքի հանգամանքների մասին ամբաստանյալի հայտնած տեղեկություններն առավել համոզիչ են ու փաստարկված: Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը վիճաբանությունն առաջանալու պատճառը գնահատելիս հիմք է ընդունել ամբաստանյալի ցուցմունքները, մինչդեռ վիճաբանությունն առաջանալուց հետո ամբաստանյալի և տուժողների գործողությունները գնահատելիս արժանահավատ է համարել տուժողների ցուցմունքները` առանց որևէ կերպ պատճառաբանելու վերոնշյալը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր կերպով փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: Մասնավորապես, դրանցից հետևում է, որ տուժող Արսեն Պողոսյանի մոտ առկա են միայն ծակած-կտրած մարմնական վնասվածքներ, իսկ տուժող Արթուր Պողոսյանի մոտ՝ ծակած-կտրած վնասվածք և բազկի քերծվածք, այնինչ փոխադարձ կռվի պայմաններում տուժողների մոտ դժվար թե բացի ծակած-կտրած մարմնական վնասվածքներից ընդամենը մեկ քերծվածք առկա լիներ: Ամբաստանյալ Բ.Կարապետյանի մոտ, ընդհակառակը, առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ ստորին կոպերի, ձախ ձեռքի միջնամատի շրջանների արյունազեղումներ, դեմքի, կրծքավանդակի, ձախ ազդրի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդներ, ձեռնաթաթերի ծալիչների գերձգում, նախաբազուկների շրջանների քերծվածքներ, ձախ ծնկի և աջ ոտնաթաթի շրջանների վերքեր։ Ավելին՝ գործում առկա փաստական տվյալներից հետևում է, որ ամբաստանյալը դանակով հարվածներ է հասցրել տուժողների կողմից մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո միայն։

Ուստի, Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացություններում առկա տվյալները համադրելով ամբաստանյալի ցուցմունքների հետ, փաստում է, որ գործի հանգամանքների վերաբերյալ վերջինիս հայտնած տվյալներն այն մասին, որ տուժողները երկուսով միասին ոտքերով ու ձեռքերով ծեծի են ենթարկել իրեն, իսկ ինքը փորձել է պաշտպանվել, ավելի արժանահավատ են և բխում են գործում առկա ապացույցներից:

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ ամբաստանյալ Բ.Կարապետյանի և տուժողներ Արթուր և Արսեն Պողոսյանների միջև տեղի է ունեցել փոխադարձ կռիվ, սույն գործի նյութերով չի հաստատվում։ Հետևաբար, բողոքաբերի փաստարկներն այս առումով ևս հիմնավոր չեն։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի գտահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը հանգել է իրավաչափ հետևության առ այն, որ տուժողների գործողությունների արդյունքում ամբաստանյալ Բ.Կարապետյանի համար ստեղծվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակ։

16. Անդրադառնալով ոտնձգության և պաշտպանության համաչափության հարցին` Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ դրանց միջև ակնհայտ անհամապատասխանություն չի եղել, և պաշտպանությունը համարժեք է եղել ոտնձգության բնույթին ու վտանգավորությանը։ Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործի փաստական տվյալների ամբողջությունը, մասնավորապես` ամբաստանյալի կողմից տուժողների առողջությանը պատճառված վնասի բնույթը, հարվածների քանակն ու տեղակայումը, ինչպես նաև կիրառված հանցագործության գործիքը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թեև օրենքի տեսանկյունից պաշտպանվողի համար թույլատրելի է ավելի մեծ վնաս պատճառել ոտնձգողին, քան սպառնում է իր կյանքին կամ առողջությանը, այնուամենայնիվ դրանց միջև չպետք է ակնհայտ անհամապատասխանություն լինի: Յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանվի անհրաժեշտ համաչափություն՝ ոտնձգության բնույթի ու վտանգավորության և պատճառված վնասի միջև:

Մինչդեռ, սույն դեպքում, ինչպես երևում է դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, տուժողների գործողությունների արդյունքում Բ.Կարապետյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, իսկ ամբաստանյալը տուժողների առողջությանը պատճառել է ծանր մարմնական վնասվածքներ` կյանքին վտանգ սպառնացող։ Ընդ որում, Արսեն Պողոսյանը ստացել է երկու հարված՝ որովայնի շրջանի աջից կրծքավանդակի խոռոչ թափանցող, որն առաջացրել է առողջությանը ծանր վնաս, և որովայնի ձախ կեսի չթափանցող վիրավորում, որն առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Արթուր Պողոսյանը՝ կրծքավանդակի շրջանում թափանցող վիրավորում՝ մեջքի հատվածում, որը վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս։ Բացի այդ, Բ.Կարապետյանը վնասը պատճառել է սուր կտրող-ծակող գործիքի` դանակի գործադրմամբ, իսկ տուժողների կողմից որևէ առարկա չի գործադրվել: Այլ կերպ՝ սույն դեպքում պաշտպանվողը կիրառել է պաշտպանության այնպիսի միջոցներ և մեթոդներ, որոնց կիրառումն ակնհայտ կերպով չէր բխում ոտնձգության բնույթից և վտանգավորությունից։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Բ.Կարապետյանը պաշտպանվել է մեկից ավելի անձանց ոտնձգությունից, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ոտնձգողների քանակն ինքնին բավարար չէ գալու միանշանակ եզրահանգման առ այն, որ պաշտպանությունը եղել է իրավաչափ և անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման առկայության կամ բացակայության մասին հետևությունները պետք է կառուցվեն գործի հանգամանքների համակողմանի և մանրամասն վերլուծության վրա: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Արթուր Պողոսյանի կողմից կռվին միանալուց հետո, Արսեն Պողոսյանի հնարավորություններն ամբաստանյալի նկատմամբ շեշտակի ուժեղացել են, քանզի սույն դեպքում վիճաբանող երկու կողմերի հարաբերակցությունն այնպիսին չի եղել, որ խոսք գնա ուժերի շեշտակի ավելացման մասին։

17. Հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Բաբկեն Կարապետյանի կողմից տուժողների առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության թույլատրելի սահմաններում կատարված լինելու և արարքն իրավաչափ դիտարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը չի բխում գործում առկա փաստական տվյալների համակցությունից։

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով Բ.Կարապետյանին արդարացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք է:

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է գնահատման ենթարկի գործի նյութերը և հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Բաբկեն Շմիդտի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________

1  Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2  Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 155-163:

3  Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 76:

4  Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 77-78:

5  Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 78-79։

6  Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 81-82:

7  Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 82:

8  Տե'ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 82:

9  Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 73-95:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 128-155:

11  Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտյոմ Հակոբյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 27-28-րդ կետերը։

12  Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անուշավան Թորոսյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0118/01/11 որոշման 15-16-րդ կետերը:

13  Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

14  Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

15  Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան