Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.10.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.10.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
17.10.2022
Дата вступления в силу
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0058/06/20

Գործ թիվ ԼԴ/0058/06/20

Նախագահող դատավոր՝  Ա. Նիկողոսյան

 

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ս. Օհանյանի

17 հոկտեմբերի 2022 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Էդմոն Մանվելի Փիրումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2020 թվականի հուլիսի 3-ին հարուցվել է թիվ 71105320 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Էդմոն Մանվելի Փիրումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

1.1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ մեղադրյալ Է.Փիրումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Է.Փիրումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2020 թվականի օգոստոսի 7-ին Է.Փիրումյանը ձերբակալվել է:

1.2. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ Է.Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

1.3. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ մեղադրյալ Է.Փիրումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը վերահաստատվել է մասնակի, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:

1.4. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրյալ Է.Փիրումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:

2. 2020 թվականի հոկտեմբերի 28-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ մեղադրյալ Է.Փիրումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին։

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ մեղադրյալ Է.Փիրումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Լոռու մարզի դատախազի տեղակալ Ա.Շիրոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

5. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

5.1. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Է.Փիրումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելիս հիմնավոր կասկածի վերաբերյալ իրավաչափ հետևության հանգելուց հետո, հաշվի չի առել ինչպես խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցագործության հանգամանքները և եղանակը:

5.2. Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին՝ բողոքաբերը նշել է, որ Է.Փիրումյանը ծանուցվել է 2020 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 18-ին, Լոռու մարզային քննչական վարչություն որպես կասկածյալ հարցաքննության ներկայանալու նպատակով, սակայն վերջինս առանց հարգելի պատճառների չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, ինչպես նաև տեղյակ չի պահել նշանակված ժամկետում ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին, ուստի նույն օրը որոշում է կայացվել 2020 թվականի հուլիսի 9-ին` ժամը 14-ին, Է.Փիրումյանին բերման ենթարկելու մասին, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է բնակության վայրից:

Բողոքաբերի փաստմամբ՝ Է.Փիրումյանը, շուրջ 1 ամիս գտնվելով հետախուզման մեջ, արդեն իսկ թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, հետևաբար առկա է ոչ թե մտավախություն, որ վերջինս կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, այլև թաքնվելու փաստը, ինչը Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել, իսկ արդյունքում թաքնվելու վտանգի առկայության վերաբերյալ հանգել է սխալ հետևության:

5.3. Ինչ վերաբերում է գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքին, հաշվի առնելով մեղսագրված արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, բողոքաբերը փաստել է, որ բարձր է նաև Է.Փիրումյանի կողմից հարցաքննության ենթակա անձանց նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը, քանի որ դեպքին մասնակից անձանցից մի մասն իր մտերիմներն են, որոնց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու շատ մեծ հավանականություն կա, բացի այդ, դեռևս չի պարզվել հանցագործության գործիքի՝ հրազենի գտնվելու վայրը:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Է.Փիրումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդոււթյունը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. 2020 թվականի հուլիսի 3-ին կազմված՝ «Բնակարան այց կատարելու մասին» արձանագրության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցներն այցելել են Է.Փիրումյանի բնակության վայր՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին բերման ենթարկելու համար, սակայն տանը ոչ ոք չի եղել2:

7.1. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հուլիսի 7-ի ծանուցագրի համաձայն՝ Է.Փիրումյանը որպես կասկածյալ հարցաքննության նպատակով 2020 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 18:00-ին, հրավիրվել է Լոռու մարզային քննչական վարչություն3։

7.2. 2020 թվականի հուլիսի 7-ին կազմված՝ «Բնակարան այց կատարելու մասին» արձանագրությունների համաձայն՝ ոստիկանության աշխատակիցներն այցելել են Է.Փիրումյանի բնակության վայր՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին բերման ենթարկելու համար, սակայն դուռը գտնվել է փակ վիճակում4:

7.3. Նախաքննության մարմինը 2020 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել Է.Փիրումյանին 2020 թվականի հուլիսի 9-ին` ժամը 14:00-ին, Լոռու մարզի քննչական վարչություն բերման ենթարկելու մասին5։

7.4. 2020 թվականի հուլիսի 9-ին կազմված՝ «Բնակարան այց կատարելու մասին» արձանագրության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցներն այցելել են Է.Փիրումյանի բնակության վայր՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին բերման ենթարկելու համար, սակայն վերջինիս մայրը հայտնել է, որ Է.Փիրումյանը մոտ տասն օր է բացակայում է բնակության վայրից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի6:

7.5. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ Վ.Թորոսյանի՝ 2020 թվականի հուլիսի 9-ի գրությամբ հայտնվել է, որ հնարավոր չի եղել կատարել Է.Փիրումյանին բերման ենթարկելու մասին որոշման պահանջը, քանի որ վերջինս բացակայում է բնակության վայրից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն ստացվել7։

8. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Էդմոն Փիրումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ «(…) 2020 թվականի հուլիսի 03-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակ փողոցի 47 շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, իր կողմից մինչ այդ ապօրինի կերպով ձեռք բերած, պահած, փոխադրած և կրած հրազենից, ապօրինաբար Արման Նիկողոսյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով «կրծքավանդակի ձախ կեսի ենթամաշկային փափուկ հյուսվածքների միջանցիկ չթափանցող հրազենային վնասվածք, որովայնի հրազենային թափանցող կույր վնասվածք՝ լյարդի և վերևի հաստ աղու միջընդերքի վնասումներով՝ ուղեկցված ներքին արյունահոսությամբ, ձախ նախաբազկի հրազենային կույր վնասվածք՝ ճաճանչոսկրի հրազենային բեկորային կոտրվածքով և աջ սրունքի միջին երրորդի փափուկ հյուսվածքների հրազենային միջանցիկ վնասվածք», սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն և ստացել համապատասխան բուժօգնություն»8:

8.1. Է.Փիրումյանի՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու մասին 2020 թվականի օգոստոսի 7-ի արձանագրության համաձայն՝ վերջինս 2020 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 17.50-ին, փաստաբան Վարդան Սուղյանի հետ միասին ներկայացել է Լուռու մարզային քննչական վարչություն և հայտնել, որ տեղեկացել է, որ ոստիկանության աշխատակիցներն այցելել են իրենց բնակարան և հայտնել, որ իր վերաբերյալ քրեական գործ է հարուցված, ինչը պարզելու նպատակով էլ փաստաբանի հետ ներկայացել է քննիչին9:

9. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանը գտնում է, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցավոր արարքների հետ մեղադրյալ Էդմոն Մանվելի Փիրումյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը, (…)։

Ինչ վերաբերվում է կալանավորման հիմքերին, ապա 16.07.2020թ. Էդմոն Մանվելի Փիրումյանի կողմից փաստաբան Մոնիկա Մարգարյանին տրամադրված լիազորագրի բովանդակությունը վկայում է այն մասին, որ մեղադրյալը տեղյակ է եղել իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությանը, հետևաբար առաջադրված մեղադրանքի ծանրությունից ելնելով Է.Փիրումյանի թաքնվելու քննիչի մտավախությունը չհիմնավորվեց:

Քննիչի կողմից չներկայացվեց նաև որևէ ապացույց վերջինիս կողմից նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ:

Քննիչի պնդմամբ գործի քննության ներկայիս փուլում իրականացվել են բոլոր քննչական և դատավարական գործողությունները և հնարավոր նոր, վերը նկարագրված գործողությունների կատարման անհրաժեշտություն հնարավոր է առաջանալ քրեական գործով նշանակված համալիր դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական և դատաբժշկական, ամբուլատոր դատահոգեբուժական, դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո, մինչդեռ նշված փորձաքննությունների կատարումը անորոշ ժամանակով հետաձգվել է Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված:

Դատարանն անթույլատրելի է համարում անձին անորոշ ժամանակով կալանքի տակ պահելը, որով կվտանգվի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված անձին ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը (…)»10:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, համադրելով արձանագրված փաստական հանգամանքները և դրանք գնահատելով (…) [իր] որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո, միևնույն ժամանակ զերծ մնալով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի հետ անհամատեղելի ու մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար կաշկանդող կամ ուղղորդող նշանակություն ունեցող մեկնաբանություններ անելուց, արձանագրում է, որ Դատախազի կողմից սույն գործով ներկայացվել են համապատասխան փաստեր և տեղեկություններ պարունակող փաստական տվյալներ, որոնք դատավարության տվյալ փուլում բավարար հիմք են տալիս ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ դեպքը, որի կատարման մեջ մեղադրվում է Էդմոն Մանվելի Փիրումյանը, իրական է և համընկնում է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությունների դեպքին:

(…) [Վ]երաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չեն Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրյալ Էդմոն Փիրումյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքների կատարմանը:

(…) Վերաքննիչ դատարանն (…) իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին, որ Էդմոն Մանվելի Փիրումյանն ազատության մեջ մնալու պայմաններում չի կարող թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը (առնվազն կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար աստիճանի), որպիսի դիրքորոշումը պայմանավորված է մասնավորապես նյութերում առկա փաստերից բխող հետևյալ ենթադրություններով.

ա) քրեական գործի քննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են գործի վերաբերյալ ենթադրյալ տեղեկությունների տիրապետող անձինք, կատարվել են առերեսումներ: Առաջին ատյանի դատարանի դատական ակտում էլ նշված է, որ ըստ էության կատարված են բոլոր քննչական գործողությունները, բացառությամբ փորձագետի եզրակացությունների ստացման.

բ) թեև անձը նախկինում գտնվել է հետախուզման մեջ, սակայն ոստիկանների կողմից իր բնակարան այցելելու մասին տեղեկանալուց հետո ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին.

գ) վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդության մեջ վկայակոչված փորձաքննությունների գործընթացի վրա մեղադրյալի ազդեցության ռիսկն էապես նվազ է՝ հաշվի առնելով, որ դրանց կատարման ժամկետն անորոշ է:

(…)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Էդմոն Մանվելի Փիրումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելը մերժելով՝ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել դատական սխալ, այդ թվում նաև՝ քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա, և գործով կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ (…)»11:

11. 2021 թվականի ապրիլի 20-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Է.Փիրումյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հունիսի 22-ի որոշմամբ Է.Փիրումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ12։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հիմքերի բացակայության հիմնավորմամբ մեղադրյալ Է.Փիրումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:

13.1. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…)»:

13.2. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով (…)»:

14. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով13:

14.1. Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն գործի նյութերից բխող փաստական տվյալներով։ Սակայն, միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման հիմք(եր)ի առկայության կամ բացակայության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համապատասխան փաստական տվյալներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կալանավորման հիմքի առկայության կամ բացակայության մասին չհիմնավորված եզրահանգման գալուն։ Հետևաբար, խնդրո առարկա հարցը լուծելիս դատարանի հետևությունները յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնված լինեն գործի նյութերում առկա ապացույցների, փաստերի կամ այլ տեղեկությունների, այդ թվում՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ հանցանքի կատարման պահից ի վեր մեղադրյալի դրսևորած վարքագծի և նրա անձը բնութագրող այլ հատկանիշների՝ իրենց ամբողջության մեջ գնահատման վրա։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է հիմնված լինի վերը նշված հանգամանքների փոխազդեցության, հարաբերակցության բացահայտման, այդ հանգամանքների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա, ինչն իր հերթին պետք է արտացոլվի դատարանի կողմից կայացվող դատական ակտում14։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- 2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ15:

- 2020 թվականի հուլիսի 3-ին, 7-ին և 9-ին Է.Փիրումյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար այցելություններ է կատարվել նրա բնակության հասցեով, սակայն վերջինս չի հայտնաբերվել16։

- Է.Փիրումյանի՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու մասին 2020 թվականի օգոստոսի 7-ի արձանագրության համաձայն՝ վերջինս 2020 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 17։50-ին, փաստաբան Վարդան Սուղյանի հետ միասին ներկայացել է Լուռու մարզային քննչական վարչություն և հայտնել, որ տեղեկացել է, որ ոստիկանության աշխատակիցներն այցելել են իրենց բնակարան և ասել, որ իր վերաբերյալ քրեական գործ է հարուցված, ինչը պարզելու նպատակով էլ փաստաբանի հետ ներկայացել է քննիչին17:

- Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Է.Փիրումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության քննության շրջանակում 2020 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված նյութերով չի հիմնավորվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցավոր արարքների հետ մեղադրյալ Է.Փիրումյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը: Այդուհանդերձ, անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Առաջին ատյանի դատարանը, նշել է, որ մեղադրյալը տեղյակ է եղել իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությանը, հետևաբար առաջադրված մեղադրանքի ծանրությունից ելնելով Է.Փիրումյանի թաքնվելու քննիչի մտավախությունը չի հիմնավորվել, ինչպես նաև քննիչի կողմից չի ներկայացվել Է.Փիրումյանի կողմից նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ ապացույց: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը նշել է նաև, որ քննիչի կողմից մատնանշված մի շարք փորձաքննությունների կատարումը անորոշ ժամանակով հետաձգվել է՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, և անթույլատրելի է համարել անձին անորոշ ժամանակով կալանքի տակ պահելը, քանի որ կվտանգվի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը18:

- Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ իրավաչափ չհամարելով Առաջին ատյանի դատարանի հետևություններն առ այն, որ մեղադրյալ Է.Փիրումյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքների կատարմանը, իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Է.Փիրումյանն ազատության մեջ մնալու պայմաններում չի կարող թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը19:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Է.Փիրումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելիս, Է.Փիրումյանին կալանավորելու՝ գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքերի բացակայության մասին եզրահանգումը կառուցել են գործի փաստական տվյալների համակցված գնահատման արդյունքում ձևավորված համոզմունքի վրա:

16.1. Մասնավորապես, ստորադաս դատարանները, փաստելով Է.Փիրումյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հիմքի բացակայությունը, իրավաչափորեն արձանագրել են, որ քրեական գործով կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, իսկ նշանակված փորձաքննությունների եզրակացությունների դեռևս ստացված չլինելը և դրանից հետո այլ հնարավոր գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը բավարար չեն գործի քննությանը խոչընդոտելու հնարավորության մասին ենթադրություն անելու համար: Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճռում փաստել է, որ այնպիսի հիմքերը, ինչպիսիք են՝ հետագա քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը կամ գործով քննությունը դեռևս ավարտված չլինելու փաստը, չեն համապատասխանում մինչև դատաքննությունն անձին կալանքի տակ պահելու՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ընդունելի պատճառներից որևէ մեկին20:

16.2. Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքին, ապա այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, իրավաչափորեն արձանագրելով հիշյալ հիմքի բացակայությունը, պատշաճ գնահատման են ենթարկել այն հանգամանքը, որ Է.Փիրումյանը, տեղյակ լինելով հարուցված քրեական գործի և իրեն առաջադրված մեղադրանքի մասին, քրեական գործ հարուցելու և իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելուց հետո կարճ ժամանակ՝ մոտ մեկ ամիս անց՝ օգոստոսի 7-ին, կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:

17. Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր են վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և գործի քննությանը խոչընդոտելու հիմքերի բացակայության հիմնավորմամբ մեղադրյալ Է.Փիրումյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

18. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման հիմքերի բացակայության մասով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դրա օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս, թույլ չեն տվել դատական սխալ՝ դատավարական օրենքի էական խախտում։ Ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Էդմոն Մանվելի Փիրումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 39:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 46:

4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 40:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 49:

6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 52-53:

7 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 50:

8 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 59-61:

9 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 72:

10 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 37-43:

11 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 31-46:

12 Տե՛ս www datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԼԴ/0037/01/21 քրեական գործ:

13 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08, Տիգրան Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08, Աշոտ Առաքելյանի գործով 2007 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԿԴ/0580/06/09, Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14, Գագիկ Խաչիկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները և այլն:

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

16 Տե՛ս սույն որոշման 7-7.5-րդ կետերը:

17 Տե՛ս սույն որոշման 8.1-րդ կետը

18 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

20 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հունիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33376/07, 98-րդ կետ։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

 

Ս. Օհանյան