Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.03.2023-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.03.2023
Подписан
Նախագահող
Дата подписания
02.03.2023
Дата вступления в силу
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ/0013/11/22

Գործ թիվ ԱՎԴ/0013/11/22

Նախագահող դատավոր՝

 Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

02 մարտի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշման դեմ դիմող` «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արարատի մարզի դատախազությունում ստացվել է դիմող` «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա․Թևոսյանի «Միջնորդություն» վերտառությամբ գրությունը։

Հիշյալ դիմումի կապակցությամբ Արարատի մարզի դատախազության դատախազ Գ.Մանասերյանի՝ 2022 թվականի հունիսի 2-ի գրությամբ դիմողի ներկայացուցիչ Ա․Թևոսյանին տրվել է գրավոր պատասխան։

2․ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Ա․Թևոսյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժվել է։

3․ Դիմողի ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ա․Թևոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

Բողոք բերած անձը, որպես դատական վերանայման բողոքի հիշյալ հիմքի հիմնավորում, նշել է, որ Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր եզրահանգում է կատարել դատական վերանայման բողոքի՝ ժամկետանց լինելու մասին։ Այսպես, Վերաքննիչ դատարանը, հանգելով հետևության, որ դատական վերանայման բողոք բերելու ժամկետը վերջանում էր 2022 թվականի հուլիսի 23-ին, անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ժամկետի լրանալը համընկել է ոչ աշխատանքային օրվան, հետևաբար ժամկետի վերջին օրը պետք է հաշվվեր դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2022 թվականի հուլիսի 25-ը։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության` փաստելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 26-ին, քանի որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2022 թվականի հուլիսի 25-ին։

 

Ընդհանրացնելով վերոգրյալը՝ բողոքաբերն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել սահմանված ժամկետում:

6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ բավարարելով հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7․ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա․Թևոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 13-ին1։

7․1․ 2022 թվականի հուլիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ստացվել է «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը, որին կից ներկայացվել է ընկերության ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը2։

8․ Դատական վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա.Թևոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 13-ին, հետևաբար դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2022 թվականի հուլիսի 23-ը։ (․․․) Բողոքաբերը հատուկ վերանայման բողոքը (․․․) փոստային ծառայության է հանձնել 2022 թվականի հուլիսի 26-ին։ Այսինքն՝ վերջինիս կողմից դատական ակտի բողոքարկման 10-օրյա ժամկետը չի պահպանվել»3 ։

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք դիմող` «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետևությունը։

10․ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը4։

10․1․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 24․00-ին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարտվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հետ կապված ժամկետները հաշվելիս:

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (․․․)»։

Նույն օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով՝ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, միևնույն ժամանակ նախատեսել է դրա իրականացման հստակ կանոններ։ Այսպես, ընդհանուր կանոնի համաձայն՝ ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքը սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին։ Բողոքարկման ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետի վերջին օրը համընկել է ոչ աշխատանքային օրվան, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստային առաքման միջոցով կամ առձեռն դատարանին հանձնվել է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը5։

11․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 8-ի որոշումը դիմողի ներկայացուցիչ Ա․Թևոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 13-ին6,

- 2022 թվականի հուլիսի 25-ին Վերաքննիչ դատարանում ստացվել է «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը, որին կից ներկայացվել է ընկերության ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը7,

- Վերաքննիչ դատարանը ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ դատական վերանայման բողոք բերելու 10-օրյա ժամկետի վերջին օրը եղել է 2022 թվականի հուլիսի 23-ը, սակայն հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2022 թվականի հուլիսի 26-ին, այսինքն, ներկայացուցիչ Ա․Թևոսյանը հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացրել է վերաքննիչ բողոքարկման 10-օրյան ժամկետի խախտմամբ8։

12․ Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բողոքարկման ժամանակային սահմանափակումները կիրառել է ոչ իրավաչափորեն, միաժամանակ, հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետի վերաբերյալ հանգել սխալ եզրահանգման։

Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը ներկայացուցիչ Ա.Թևոսյանը ստացել է 2022 թվականի հուլիսի 13-ին, որպիսի պայմաններում դրա վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում էր 2020 թվականի հուլիսի 14-ից։ Ընդհանուր կանոնի համաձայն` բողոքարկման ժամկետն ավարտվում էր նույն թվականի հուլիսի 23-ին, որը համընկել էր ոչ աշխատանքային օրվան, իսկ դրան հաջորդող օրը՝ հուլիսի 24-ը եղել է կիրակի, դարձյալ ոչ աշխատանքային օր, հետևաբար ժամկետի վերջին օրը պետք է հաշվել դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2022 թվականի հուլիսի 25-ը։ Տվյալ դեպքում, ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 2022 թվականի հուլիսի 25-ին, մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե կոնկրետ որ փաստական տվյալ(ներ)ով է հաստատված համարել հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը 2022 թվականի հուլիսի 26-ին փոստային ծառայությանը հանձնված լինելու հանգամանքը։ Ուստի, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ներկայացուցիչ Ա․Թևոսյանը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետում։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող` «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին ստորադաս դատարանի հետևությունը հիմնավոր չէ։

13․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար9։ Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը:

14. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Դիմող` «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Ա․Թևոսյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 29-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

__________________________

1 Տե՛ս նյութեր, թերթ 34:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 37-47:

3 Տե՛ս նյութեր, թերթեր 55-56:

4 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վարտգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

5 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0049/11/19 որոշումը, 10․1-րդ կետ։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան