Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2023
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.09.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
30.09.2022
Дата вступления в силу
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0481/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0481/02/19

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ընդդեմ  Մելիք Գևորգյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25062020 թվականի որոշման դեմ Մելիք Գևորգյանի բերած վճռաբեկ բողոքը

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ն պահանջել է Մելիք Գևորգյանից բռնագանձել 1.017.115 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Արզումանյան) (այսուհետ` Դատարան) 20.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2020 թվականի որոշմամբ Մելիք Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20122019 թվականի վճիռը թողնվել անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելիք Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 21-րդ, 93-րդ հոդվածները, 95-րդ հոդվածի 2-րդ մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը անհիմն արձանագրել է, որ բողոք բերողի փաստարկները հիմնավոր և բավարար չեն դատական ակտը բեկանելու համար, քանի որ չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ դատարանի կողմից Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկված ծանուցագրերը ստացվել են ոչ թե պատասխանողի կամ նրա ընտանիքի որևէ անդամի կողմից, այլ ստորագրվել և ստացվել են այլ անձի կողմից։

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25062020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ն հայցադիմումում որպես Մելիք Գևորգյանի հասցե նշել է՝ գ ԱՐԱԳՅՈՒՂ (հատոր 1-ին, գ.թ. 3)

2 Գործում առկա է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանող Մելիք Գևորգյանին Կոտայքի մարզի գյուղ Արագյուղ հասցեով ուղարկելու մասին գրության պատճենը: Ծրարը հետ է վերադարձվել՝ «Թերի հասցե» նշումով (հատոր 1-ին, գ.թ.  34-37)

3 Դատարանը պատասխանողի ծանուցումը փորձել է ապահովել Եղվարդ համայնքի ղեկավարի միջոցով, սակայն համայնքի ղեկավարը 28.10.2019 թվականի գրությամբ հայտնել է, որ Եղվարդ համայնքի Արագյուղ գյուղում Մելիք Գևորգյանը հաշվառված չէ և չի բնակվում (հատոր 1-ին, գ.թ.  39-40, 43)

4 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Մելիք Գևորգյանի միջև 14.03.2008 թվականին կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով որպես էլեկտրաէներգիայի սպառման հասցե նշվել է՝ Կոտայքի մարզի գյուղ Զորավան .թ.  15-18)

5 Գործում առկա են գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը և վերջնական դատական ակտը Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկելու մասին գրությունների պատճենները .թ.  45-46, 48-52)

6 Վերաքննիչ բողոքին կից ներկայացված, Եղվարդ համայնքի Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23032020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքի համաձայն՝ Մելիք Գևորգյանը Զորավան գյուղում ունի այգի և չի բնակվում Զորավան գյուղում .թ.  89

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 21-րդ, 93-րդ հոդվածները, 95-րդ հոդվածի 2-րդ մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն.

3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ   դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):  

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայցադիմումում որպես Մելիք Գևորգյանի հասցե նշել է՝ գ ԱՐԱԳՅՈՒՂ։ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկել է պատասխանող Մելիք Գևորգյանին՝ Կոտայքի մարզի գյուղ Արագյուղ հասցեով: Ծրարը հետ է վերադարձվել՝ «Թերի հասցե» նշումով։Դատարանը պատասխանողի ծանուցումը փորձել է ապահովել Եղվարդ համայնքի ղեկավարի միջոցով, սակայն համայնքի ղեկավարը 28.10.2019 թվականի գրությամբ հայտնել է, որ Եղվարդ համայնքի Արագյուղ գյուղում Մելիք Գևորգյանը հաշվառված չէ և չի բնակվում։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Մելիք Գևորգյանի միջև 14.03.2008 թվականին կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով որպես էլեկտրաէներգիայի սպառման հասցե նշվել է՝ Կոտայքի մարզի գյուղ Զորավան։ Գործում առկա են գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը և վերջնական դատական ակտը Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկելու մասին գրությունների պատճենները։ Վերաքննիչ բողոքին կից ներկայացված, Եղվարդ համայնքի Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23032020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքի համաձայն՝ Մելիք Գևորգյանը Զորավան գյուղում ունի այգի և չի բնակվում Զորավան գյուղում։

 

Դատարանը 20.12.2019 թվականի վճռով հայցը բավարարել է։ Մելիք Գևորգյանի կողմից  06042020 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ հայցադիմումի պատասխան և որևէ միջնորդություն չի ներկայացրել, քանի որ ինչպես հայցադիմումի պատճենը, այնպես էլ դատարանի կողմից իրեն ուղարկված որևէ փաստաթուղթ չի ստացել և ընդհանրապես սույն գործի մասին տեղյակ չի եղել: Դատարանի կողմից իրեն հասցեագրված ոչ մի փաստաթուղթ չի ստացել, ծանուցման հետադարձ կտրոնների վրա առկա ստորագրություններն իրենը չեն և դա ակնհայտորեն կարող է երևալ ստորագրությունները համեմատելով։ Ծանուցված չլինելով սույն գործի մասին՝ զրկվել է դատաքննությանը մասնակցելու, օրենքով սահմանված իր իրավունքները պաշտպանելու հնարավորություններից։

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված, եղվարդ համայնքի Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23032020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքի համաձայն՝ Մելիք Գևորգյանը Զորավան գյուղում ունի այգի և չի բնակվում Զորավան գյուղում։

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «բողոք բերողի փաստարկները հիմնավոր և բավարար չեն դատական ակտը բեկանելու համար, քանի որ բողոք բերողը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ դատարանի կողմից Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկված ծանուցագրերը ստացվել են ոչ թե պատասխանողի կամ նրա ընտանիքի որևէ անդամի կողմից, այլ ստորագրվել և ստացվել են այլ անձի կողմից։ Դատարանը ստանալով հետծանուցման հավաստագրերը և չունենալով որևէ պարտականություն ստուգելու, թե ում ստորագրությունն է ծանուցագրի վրա, համարել է, որ պատասխանողը պատշաճ ծանուցված է՝ թույլ չտալով որևէ դատավարական խախտում: Հետևաբար բողոք բերողն ինքը պետք է հիմնավորեր, որ ծանուցումները ստացվել են այլ անձի կողմից, որպեսզի փաստը կարող էր հաստատվել թե´ այդ անձի հայտարարությամբ, և թե´ փոստային ծառայության միջոցով փոստատարի բացատրությամբ, որ ծանուցագրերը հանձնվել են այլ անձի՝ նշելով այդ անձի անունը: Անհիմն են դատարանին վերագրվող խախտումները նաև այն պատճառով, որ Դատարանը սույն գործով այլ հասցեով ուղարկելու վերաբերյալ ապացույցներ չի ունեցել, իսկ բողոք բերողն էլ չի ապացուցել, որ ծանուցագրերը ստացվել և ստորագրվել են այլ անձի կողմից: Հետևաբար դատարանի կողմից որևէ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալու փաստը մնում է չապացուցված, որի բացասական հետևանքը պետք է կրի այդ փաստը վկայակոչող անձը՝ բողոք բերողը:»։

Սույն գործի փաստերի համադրությամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառներով

Նախ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցադիմումում որպես Մելիք Գևորգյանի հասցե նշվել է՝ գ Արագյուղ, հետևաբար վերջինիս ծանուցման հասցե հանդիսացել է այդ հասցեն, և նրա հողամասի գտնվելու վայրը՝ Կոտայքի մարզի Զորավան գյուղը, չի կարող համարվել վերջինիս ծանուցման հասցե։ Այդ հանգամանքը հաստատվել է Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23032020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքով այն մասին, որ Մելիք Գևորգյանը չի բնակվում Զորավան գյուղում։ Նման պայմաններում, երբ ծանուցման հասցեն պատշաճ չէ, ծանուցումները ստացված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները որևէ նշանակություն չունեն ծանուցումը պատշաճ համարելու տեսանկյունից, քանի որ արդեն իսկ առկա է Դատարանի կողմից թույլ տրված՝ ծանուցումը ոչ պատշաճ հասցեով կատարելու խախտումը։ Միաժամանակ գործի քննության ժամանակ տեղեկություն ստանալով այն մասին, որ Մելիք Գևորգյանը Եղվարդ համայնքի Արագյուղ գյուղում հաշվառված չէ և չի բնակվում, Դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել պատասխանողի պատշաճ ծանուցման հասցեն ճշտելու ուղղությամբ։ Նշված հանգամանքները վկայում են այն մասին, որ Դատարանի ձեռնարկած միջոցները պատասխանողին պատշաճ ծանուցելու ուղղությամբ բավարար չեն եղել, ինչի արդյունքում գործում առկա չեն հավաստի ապացույցներ այն մասին, որ Դատարանում գործի քննության ընթացքում Մելիք Գևորգյանը պատշաճ ծանուցվել է գործի քննության մասին, ինչպես նաև ստացել է դատավարական փաստաթղթերը։

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը և վերջինս պատշաճ չի ծանուցվել իր օրինական շահերին առնչվող գործի, դատավարական փաստաթղթերի և գործընթացների մասին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, նույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Սույն գործով հաստատված փաստերի առկայության պայմաններում Դատարանի վճիռը անվերապահորեն ենթակա էր բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25062020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

ՍԱնտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2023 թվական: