Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-1-Ո-Կ-6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.02.2023
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
23.01.2023
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
23.01.2023
Дата вступления в силу
23.01.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-1-Ո-Կ-6

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ՍՈՒՂՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ՝ անդամներ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

 

Մ․ ՄԱԿՅԱՆԻ

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ

 

Ս. ՉԻՉՈՅԱՆԻ

   

Արդարադատության նախարարի տեղակալ

Լ. ԲԱԼՅԱՆԻ

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

 

Հ. ՍԱՆՈՅԱՆԻ

Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻ

 

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 

 

Վ. ՍՈՒՂՅԱՆԻ

 

քարտուղարությամբ՝

 

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

2023 թվականի հունվարի 23-ին

ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 113-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի (այսուհետ նաև՝ Գլխավոր դատախազ) կողմից 2022 թվականի նոյեմբերի 15-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին ներկայացված հաղորդումը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Վարդան Սուղյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 100-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից ներկայացվել է գրավոր բացատրություն:

Արդարադատության նախարարը 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 113-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Արդարադատության նախարարը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածները, նշել է, որ հիշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ խափանման միջոց կալանք կարող է կիրառվել, եթե առկա է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը և միաժամանակ առկա է հետևյալ հիմքերից՝ մեղադրյալի փախուստը, մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու կամ մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար, որևէ մեկի առկայությունը:

Վերոնշյալ հոդվածների բովանդակությունից հետևում է նաև, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված գործողությունները ոչ թե պետք է արդեն տեղի ունեցած լինեն, այլ պետք է առկա լինի ռիսկ կամ հավանականություն, որ եթե խափանման միջոց չկիրառվի, ապա վերը նշված գործողությունները տեղի կունենան:

Ըստ ներկայացված միջնորդության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Այսինքն՝ կալանավորման կիրառման հիմքում, բոլոր դեպքերում, պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ:

Վարույթ հարուցող մարմինը, ներկայացված միջնորդությամբ նշել է նաև, որ սույն քրեական գործով մեղադրյալ

 
(այսուհետ՝ Մեղադրյալ) նկատմամբ նախաքննության ընթացքում հայտարարվել է հետախուզում և կալանքը
որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Դատարան:

Դատարանը 2022 թվականի հունիսի 25-ին քննարկելով քննիչի միջնորդությունը` բավարարել է այն և Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

Դատարանի որոշմամբ Մեղադրյալի նկատմամբ հաստատվել է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, նոր հանցանք կատարելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականության առկայությունը:

Մասնավորապես՝ Դատարանն անդրադառնալով խափանման միջոց կիրառելու հիմքերին՝ արձանագրել է հետևյալը. «(…) Ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Ըստ նյութերի՝ տուժողները հանդիսանում են մեղադրյալի կինն ու կնոջ մայրը, իսկ վկաները՝ հարևանները, հետևաբար մեծ է հավանականությունը, որ

ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ
 
կարող է անօրինական ազդեցություն գործադրել
քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ՝ իր համար բարենպաստ ցուցմունք տալու, ցուցմունք փոխելու, ցուցմունք տալուց հրաժարվելու կամ իր օգտին այլ գործողություններ կատարելու նպատակով:

Անդրադառնալով մեղադրյալի կողմից քրեական օրենքով արգելված նոր արարքի կատարման հավանականությանը՝ Դատարանն արձանագրում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ ներկայացված նյութերի՝ Մեղադրյալը նախկինում մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության, դատարանում նրա վերաբերյալ առկա է քրեական գործ, սույն գործով նրան մեղսագրվում է ոչ մեծ ծանրության և ծանր հանցանքների կատարում, հիմնավոր է համարում քննիչի այն

պատճառաբանությունը, որ մնալով ազատության մեջ մեծ է հավանականությունը, որ մեղադրյալ
 

կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք:

Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ

 
, ըստ էության, թաքնվում է վարույթն իրականացնող
մարմնից: Մեղադրյալի բնակության վայրից բացակայելու արգելքը հիմնավորվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի կողմից տրված գրությամբ, նույն բաժնի աշխատակիցների կողմից բնակարան այցելելու մասին արձանագրություններով, որոնցով արձանագրվել է, որ մեղադրյալը բացակայում է իր բնակության վայրից և նրա գտնվելու մասին տեղեկություններ չկան (…)»:

Ըստ վարույթ հարուցող մարմնի, քննարկվող դեպքում 2022 թվականի սեպտեմբերի 05-ին՝ ժամը 10:55-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից Մեղադրյալը հայտնաբերվել է և ձերբակալվել: Վարույթն իրականացնող մարմինը Մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար միջնորդություն է ներկայացրել Դատարան:

Դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 07-ի որոշման մեջ արձանագրել է հետևյալը «(…) Հարուցված քրեական
գործի ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալ
 
երբևէ հարցաքննության չի հրավիրել, նրան
որևէ դատավարական փաստաթուղթ չի ուղարկել, հետևաբար
 
հարուցված քրեական գործի և իր նկատմամբ

իրականացվող քրեական հետապնդման մասին տեղյակ չի եղել: Ուստի քննիչի այն պատճառաբանությունը, որ մեղադրյալը կատարվող նախաքննության ընթացքում թաքնվել է քննությունից, հիմնավոր չէ և չի բխում գործով ձեռք բերված նյութերից: Ըստ գործի նյութերի և քննիչի բացատրության՝ վարույթն իրականացնող մարմինը վերջին քննչական գործողությունն իրականացրել է ավելի քան հինգ ամիս առաջ, քրեական գործն ավարտական փուլում է, անհրաժեշտ է կատարել առերեսումներ, ստանալ փորձաքննության եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Գործն այլևս սկզբնական և ապացույցների հավաքման փուլում չի գտնվում, վարույթն իրականացնող մարմինն ունեցել է բավարար ժամանակ վարույթի համար նշանակություն ունեցող փաստական տվյալներ ձեռք բերելու համար, հետևաբար ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հիմքն այլևս իրատեսական չէ:

Անդրադառնալով մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելուն՝ Դատարանն իրատեսական է համարում վարույթն իրականացնող մարմնի այդ մտավախությունը հաշվի առնելով, որ ըստ ներկայացված նյութերի մեղադրյալը նախկինում մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության, սակայն Դատարանի գնահատմամբ այդ ռիսկը քրեական վարույթի տվյալ փուլում էապես նվազել է և այդ ռիսկը կարող է չեզոքացվել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ գործի նյութերի մեղադրյալը վերջին ենթադրյալ հանցանքը կատարել է 2022 թվականի մարտի 12-ին, դրանից հետո նրա կողմից նոր հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն: Դատարանը կարևոր է համարում նաև ընդգծել, որ ըստ մեղադրյալի բացատրության շուրջ երեք ամիս է բնակվում է կնոջ և չորս երեխաների հետ միասին, կնոջ հետ գտնվում են հաշտ և ջերմ հարաբերությունների մեջ, վերջինս և նրա մայրն իր նկատմամբ որևէ բողոք-պահանջ չունեն: Նշված հանգամանքները քննիչի կողմից չեն հերքվել: (…)»:

Վերը նշված արդյունքում վարույթ հարուցող մարմինը փաստել է, որ տվյալ դեպքում Դատարանը գտնելով, որ առկա չեն խափանման միջոցի հիմքերը՝ հաշվի չի առել մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու ծանուցագիր ուղարկելու, բերման ենթարկելու մասին որոշում կազմելու հանգամանքները, Մեղադրյալի բնակության հասցեով ոստիկանության աշխատակիցների կողմից այցելություններ կատարվելու հանգամանքը, նշված հանցագործությունները կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման փուլում ոստիկանությունում բացատրություններ տված լինելու հանգամանքը, հետախուզման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքով հայտնաբերված լինելու հանգամանքը: Դատարանը, հաշվի չի առել և չի գնահատել նախկինում Մեղադրյալի դրսևորած հանցավոր վարքագիծը, որն ունեցել է իր շարունակությունը՝ դիտավորյալ ենթադրյալ հանցագործություններ կատարելու եղանակով։ Բացի այդ, վերջինս նախկինում հանցագործություններ կատարելուց հետո կատարել է իրար հաջորդող նոր դիտավորյալ ենթադրյալ հանցագործություններ: Դատարանը հաշվի չի առել նաև, որ Գործով տուժողները և վկաները հանդիսանում են Մեղադրյալի ընտանիքի անդամները, հետևապես նման պայմաններում մեծ է հավանականությունը, որ Մեղադրյալը կարող է ազդել կնոջ, նրա մոր և իր երեխաների վրա՝ հարկադրելու, համոզելու և այլ ճանապարհով տալու իր օգտին ցուցմունքներ:

Ըստ վարույթ հարուցող մարմնի՝ նշված հանգամանքները Դատարանի կողմից ընդհանրապես գնահատման չեն ենթարկվել, ուստի առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու՝ հնարավոր չէ ենթադրություն անել Ամբաստանյալի հետագա վարքագծի վերաբերյալ: Արդյունքում, Դատարանն անտեսելով նշված փաստերը՝ մերժել է քննիչի միջնորդությունը: Միաժամանակ, նշել է նաև, որ Դատարանը նույն փաստերով և գործում առկա նյութերով կայացրել է իրար հակասող երկու որոշումներ:

Վերոնշյալ իրավական վերլուծությունից վարույթ հարուցող մարմինը եզրահանգել է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջների խախտում, այն է՝ Դատարանը, թիվ ԼԴ/0064/06/22 դատական գործով քննության առնելով Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերստին քննարկելու վերաբերյալ միջնորդությունը, որոշմամբ նշել է այնպիսի փաստական տվյալներ, որոնք չեն բխում քրեական վարույթի նյութերից, հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում գտել է, որ առկա չէ կալանավորման կիրառման հիմքերը:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ և 288-րդ հոդվածները, վարույթ հարուցող մարմինը նշել է, որ հիշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ կալանք կարող է կիրառվել, եթե փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվեն և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները:

Ըստ վարույթ հարուցող մարմնի՝ Դատարանը միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին որոշում է կայացնում, եթե գալիս է հետևության, որ մեղադրանքի կողմը պատշաճորեն հիմնավորել է միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը և իրավաչափությունը` միջնորդված պայմաններով: Դատարանը պետք է գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները, նաև պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը: Վերոնշյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար, առանց որոնց, հնարավոր չէ հիմնավորված ենթադրություն անել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ:

Քննարկվող դեպքում, ըստ վարույթ հարուցող մարմնի, Դատարանը նշել է այնպիսի փաստական տվյալներ, որոնք չեն բխում քրեական վարույթի նյութերից, դատական ակտում շարադրել է չհաստատված փաստական հանգամանքներ, պատշաճ գնահատման չի ենթարկել հանցավորի մտադրության իրականացման աստիճանը, մասնավորապես, հաշվի չի առել և չի գնահատել Մեղադրյալի նախկինում դրսևորած հանցավոր վարքագիծը, որն ունեցել է իր շարունակությունը՝ դիտավորյալ ենթադրյալ հանցագործություններ կատարելու եղանակով։ Դատարանը հաշվի չի առել և պատշաճ գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ Մեղադրյալի նկատմամբ Գործի քննությունից թաքնվելու հիմքով հայտարարված է եղել հետախուզում և հետախուզման ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքով է հայտնաբերվել Մեղադրյալը, այլ ոչ թե վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Վերոգրյալի կապակցությամբ վարույթ հարուցող մարմինը, ընդգծել է այն, որ Դատարանի կողմից անհիմն և չպատճառաբանված դատական ակտ կայացնելու հետևանքով Մեղադրյալը հայտնվել է ազատության մեջ, այդ ընթացքում կրկին թաքնվել է քննությունից, և ձեռնարկված միջոցառումներով նրա գտնվելու վայրը չի պարզվել: Միաժամանակ նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները նվազեցնում են հանրության վստահությունն արդարադատության և դրա արդյունավետության նկատմամբ և այդպիսով հեղինակազրկում դատական իշխանությունը:

Վարույթ հարուցող մարմինն անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների կատարման դիտավորությանն ու կոպիտ անփութությանը և վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի իրավակարգավորումները նշել է, որ միջնորդությամբ ներկայացված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու փաստը: Միաժամանակ, գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է կոպիտ անփութությամբ, այսինքն՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, սակայն տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Անդրադառնալով Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ երկու որոշումները չեն հակասում միմյանց այն պարզ պատճառով, որ գործում առկա նյութերը և փաստական տվյալները էապես տարբերվել են միմյանցից, վերջին միջնորդության դատալսմանը մասնակցել են նաև Մեղադրյալը և նրա պաշտպանը, ովքեր իրենց բացատրություններով հայտնել են այնպիսի էական հանգամանքներ, որոնք առաջին միջնորդության քննության ընթացքում Դատարանին հայտնի չեն եղել, վարույթ հարուցող մարմինը նշել է, որ միայն այն հանգամանքը, որ միջնորդության դատալսմանը մասնակցել են Մեղադրյալը և նրա պաշտպանը չի նշանակում, որ գործում առկա նյութերը և փաստական տվյալները էապես տարբերվել են միմյանցից, և Մեղադրյալի կողմից տված բացատրությունն առանց գործի նյութերի համադրված վերլուծության և գնահատման չի կարելի միանշանակ եզրահանգում կատարել, որ Մեղադրյալը տեղյակ չի եղել իրականացվող քրեական հետապնդման մասին, և չի թաքնվել քննությունից: Դատարանը պետք է գնահատման դարձներ նաև այն հանգամանքը, որ Մեղադրյալն ինքնակամ չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին, այլ հետախուզական միջոցառումների արդյունքով է հայտնաբերվել:

Անդրադառնալով Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ Դատարանը հաշվի չի առել բերման ենթարկելու մասին որոշում կազմելու, Մեղադրյալի բնակության հասցեով ոստիկանության աշխատակիցների կողմից այցելություններ կատարվելու հանգամանքները, քանի որ եթե նույնիսկ համարեն, որ թեև քննիչն այդ ծանուցագիրը Դատարանին չի տրամադրել, սակայն այն առկա է եղել քրեական վարույթում, ծանուցագրի առկայությունը քրեական վարույթում ինքնին չի նշանակում, որ քննիչն այն ուղարկել է Մեղադրյալին, իսկ Մեղադրյալն էլ այն ստացել է, քանի որ փոստային առաքման և Մեղադրյալի կողմից այն ստանալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ, հետևաբար բերման ենթարկելու որոշման մեջ նշված այն հանգամանքը, որ Մեղադրյալը պատշաճ ծանուցված լինելով հարցաքննության ներկայանալու մասին, առանց հարգելի պատճառի չի ներկայացել՝ չի բխում ներկայացված նյութերից: Այն, որ ոստիկանության աշխատակիցները 6 ամսվա ընթացքում Մեղադրյալին չեն կարողացել հայտնաբերել, դեռևս չի նշանակում, որ Մեղադրյալը թաքնվել է քննությունից, քանի որ թաքնվելու հանգամանքը կարող էր առկա լինել միայն այն դեպքում, երբ Մեղադրյալը տեղյակ լիներ հարուցված քրեական գործի մասին:

Վարույթ հարուցող մարմինը, անդրադառնալով Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ եթե նույնիսկ համարեն, որ Դատարանն իր որոշմամբ թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, այն դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել, բացի այդ, բողոքարկման ընթացակարգի կիրառմամբ արդեն իսկ վերացվել են ենթադրյալ խախտումները, նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտումը դատավարության մասնակցի համար բացասական հետևանք առաջացրել է, քանի որ Մեղադրյալը հայտնվել է ազատության մեջ, այդ ընթացքում կրկին թաքնվել է քննությունից, և ձեռնարկված միջոցառումներով նրա գտնվելու վայրը չի պարզվել: Մեղադրյալի մասնակցությամբ օբյեկտիվորեն չի կատարվել որևէ գործողություն, ինչն էլ հանգեցնում է նախաքննության ողջամիտ ժամկետների ձգձգման:

Վարույթ հարուցող մարմինը, հղում կատարելով Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ դատական ակտի բեկանումն ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և իր կողմից որոշումը կայացվել է գործում առկա փաստական տվյալները գնահատելու արդյունքում, նշել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Դատարանի կայացրած ակտի բեկանման փաստը չի դիտարկվել և չի գնահատվել որպես կարգապահական վարույթ հարուցելու համար նախադրյալ և կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Խորհրդին դիմելու հիմք, ուստի՝ բացակայում է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված կարգապահական պատասխանատվության հիմքը բացառող հանգամանքը: Դատավորի գործողությունները չեն ներառվում նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանքի տիրույթում, քանի որ Դատարանն արդարադատություն իրականացնելիս գործի փաստերի և ապացույցները գնահատելու արդյունքում թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հանգեցրել են չհիմնավորված, չպատճառաբանված և ոչ իրավաչափ որոշման կայացմանը:

Ելնելով վերոնշյալից, վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Դատավորի կողմից թիվ ԼԴ/0064/06/22 դատական գործով 2022 թվականի սեպտեմբերի 07-ի որոշմամբ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում և 118-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում ամրագրված պահանջների խախտումներ:

 

3Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Արդարադատության նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը հետևյալ հիմնավորումներով.

Դատավորը նշել է, որ երկու որոշումները չեն հակասում միմյանց այն պարզ պատճառով, որ գործում առկա նյութերը և փաստական տվյալներն էապես տարբերվել են միմյանցից, վերջին միջնորդության դատալսմանը մասնակցել են նաև Մեղադրյալը և նրա պաշտպանը, ովքեր իրենց բացատրություններով հայտնել են այնպիսի էական հանգամանքներ, որոնք առաջին միջնորդության քննության ընթացքում Դատարանին հայտնի չեն եղել: Բացի այդ, կալանքի հարցը վերստին քննարկելու մասին միջնորդությունը քննվել է Դատարանի նախորդ որոշումից 72 օր անց, հետևաբար, առնվազն քրեական վարույթի ընթացքը և մեղադրյալի կողմից ենթադրաբար կատարված վերջին արարքն ունեցել են 72 օրով ավել վաղեմություն:

Դատավորը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ միջնորդության քննության ընթացքում ներկայացված նյութերով և տված բացատրություններով հաստատվել է, որ հարուցված քրեական գործի ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմինը Մեղադրյալին երբևէ հարցաքննության չի հրավիրել, նրան որևէ դատավարական փաստաթուղթ չի ուղարկել, հետևաբար Մեղադրյալը հարուցված քրեական գործի և իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին տեղյակ չի եղել, վերջինիս մասնակցությամբ կատարված որևէ գործողության մասին վկայող փաստաթուղթ առկա չի եղել: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդությանը կից և դատալսման ընթացքում ծանուցագիր Դատարանին չի ներկայացրել:

Ինչ վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 07-ի որոշման մեջ նշված այն դիտարկմանը, որ Դատարանը հաշվի չի առել բերման ենթարկելու մասին որոշում կազմելու, մեղադրյալի բնակության հասցեով ոստիկանության աշխատակիցների կողմից այցելություններ կատարվելու հանգամանքները, Դատավորը նշել է, որ, եթե նույնիսկ համարեն, որ թեև քննիչն այդ ծանուցագիրը Դատարանին չի տրամադրել, սակայն այն առկա է եղել քրեական վարույթում, ապա ծանուցագրի առկայությունը քրեական վարույթում ինքնին չի նշանակում, որ քննիչն այն ուղարկել է Մեղադրյալին, իսկ Մեղադրյալն էլ այն ստացել է, քանի որ փոստային առաքման և Մեղադրյալի կողմից այն ստանալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ, հետևաբար բերման ենթարկելու որոշման մեջ նշված այն հանգամանքը, որ Մեղադրյալը պատշաճ ծանուցված լինելով հարցաքննության ներկայանալու մասին, առանց հարգելի պատճառի չի ներկայացել՝ չի բխում ներկայացված նյութերից: Այն, որ ոստիկանության աշխատակիցները 6 ամսվա ընթացքում Մեղադրյալին չեն կարողացել հայտնաբերել, դեռևս չի նշանակում, որ Մեղադրյալը թաքնվել է քննությունից, քանի որ թաքնվելու հանգամանքը կարող էր առկա լինել միայն այն դեպքում, երբ Մեղադրյալը տեղյակ լիներ հարուցված քրեական գործի մասին:

Ըստ Դատավորի, եթե նույնիսկ համարեն, որ Դատարանն իր որոշմամբ թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտում, ապա պետք է փաստել, որ այն դատավարության մասնակցի համար որևէ բացասական հետևանք չի առաջացրել, բացի այդ, բողոքարկման ընթացակարգի կիրառմամբ արդեն իսկ վերացվել են ենթադրյալ խախտումները:

Ամփոփելով բացատրությունը՝ Դատավորը նշել է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ակտի բեկանումն ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության և հաշվի առնելով այն, որ իր կողմից վերը նշված որոշումը կայացվել է գործում առկա փաստական տվյալները և ապացույցները գնահատելու արդյունքում՝ Դատավորը գտել է, որ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման:

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորի կողմից Խորհրդին, պատասխան չի ներկայացվել։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

Դատարանը, 2022 թվականի սեպտեմբերի 07-ին, թիվ ԼԴ/0064/06/22 դատական գործով քննության առնելով Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերստին քննարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ որոշում է կայացրել այն մերժելու մասին:

Դատարանն անդրադառնալով խափանման միջոց կիրառելու հիմքերին՝ արձանագրել է հետևյալը «(…) Անդրադառնալով քննիչի կողմից առաջին կետով նշված հիմքին՝ մեղադրյալի փախուստը կանխելուն, Դատարանն արձանագրում է, որ այդ հիմքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացրել որևէ փաստական տվյալ, որը

հիմք կհանդիսանար հանգելու հետևության, որ մեղադրյալ
 
ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է թաքնվել

քննությունից: Միջնորդության մեջ և դատական նիստի ժամանակ, որպես հիմնավորում, քննիչը նշել է ակնկալվող պատժի

խստությունը, ինչպես նաև այն, որ
 
տեղեկացված է եղել իր վերաբերյալ նախապատրաստվող նյութերի մասին,

որից հետո արդեն կատարվող նախաքննության ընթացքում թաքնվել է քննությունից և հնարավոր չի եղել վերջինիս ներկայացնել վարույթն իրականացնող մարմին: Դատարանի համար նման ձևակերպումն անընդունելի է, քանի որ փաստ է, որ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվել, հետևաբար պատժից խուսափելու մասին խոսք լինել չի կարող, բացի այդ, նման հիմնավորում կարող է նշել միայն դատարանը՝ անձի նկատմամբ պատիժ նշանակելուց հետո: Անդրադառնալով հարուցված քրեական գործի ընթացքում մեղադրյալի դրսևորած վարքագծին, Դատարանը փաստում է, որ ըստ ներկայացված նյութերի, ինչպես նաև մեղադրյալի և քննիչի բացատրությունների՝ հարուցված քրեական գործի ողջ ընթացքում վարույթն իրականացնող

մարմինը մեղադրյալ

 
երբևէ հարցաքննության չի հրավիրել, նրան որևէ դատավարական փաստաթուղթ չի

ուղարկել, հետևաբար

 
հարուցված քրեական գործի և իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման
մասին տեղյակ չի եղել: Ուստի քննիչի այն պատճառաբանությունը, որ մեղադրյալը կատարվող նախաքննության ընթացքում թաքնվել է քննությունից, հիմնավոր չէ և չի բխում գործով ձեռք բերված նյութերից:

Անդրադառնալով քննիչի կողմից երկրորդ կետով նշված հիմքին՝ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելուն, Դատարանն իրատեսական է համարում վարույթն իրականացնող մարմնի այդ մտավախությունը՝ հաշվի առնելով, որ ըստ

ներկայացված նյութերի մեղադրյալ

 
նախկինում մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության,

սակայն Դատարանի գնահատմամբ այդ ռիսկը քրեական վարույթի տվյալ փուլում էապես նվազել է և այդ ռիսկը կարող է չեզոքացվել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցի (միջոցների) կիրառմամբ, հաշվի

առնելով այն հանգամանքը, որ ըստ գործի նյութերի մեղադրյալ

 
վերջին ենթադրյալ հանցանքը կատարել է

12.03.2022 թվականի, դրանից հետո նրա կողմից նոր հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ առկա չեն: Դատարանը կարևոր է համարում նաև ընդգծել, որ ըստ մեղադրյալի բացատրության շուրջ երեք ամիս է բնակվում է կնոջ և չորս երեխաների հետ միասին, կնոջ հետ գտնվում են հաշտ և ջերմ հարաբերությունների մեջ, վերջինս և նրա մայրն իր նկատմամբ որևէ բողոք-պահանջ չունեն: Նշված հանգամանքները քննիչի կողմից չեն հերքվել:

Անդրադառնալով քննիչի կողմից երրորդ կետով նշված հիմքին՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումն ապահովելուն, մասնավորապես՝ չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին, Դատարանը քրեական վարույթի տվյալ փուլում այլևս իրատեսական չի համարում քննիչի այդ մտավախությունը: Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների՝ անձի վրա ազդելու հավանականությունը կարող է գնահատվել մինչ անձի հարցաքննվելը և այդ մտավախությունը չի կարող գերակայել մեղադրյալի ազատության իրավունքի նկատմամբ: Կոնկրետ դեպքում վարույթն իրականացնող մարմինն ըստ էության հարցաքննել է այն բոլոր անձանց, ովքեր կարող էին դեպքի վերաբերյալ տեղեկություն

տրամադրել՝ վկայելով մեղադրյալ

 
դեմ, այդ թվում՝ մի քանի անգամ հարցաքննել է տուժողներին, ովքեր

պնդել են իրենց ցուցմունքները: Բացի այդ, ըստ գործի նյութերի և քննիչի բացատրության՝ վարույթն իրականացնող մարմինը վերջին քննչական գործողությունն իրականացրել է ավելի քան հինգ ամիս առաջ, քրեական գործն ավարտական փուլում է, անհրաժեշտ է կատարել առերեսումներ, ստանալ փորձաքննության եզրակացությունը և գործն ուղարկել դատարան: Այսինքն, գործն այլևս սկզբնական և ապացույցների հավաքման փուլում չի գտնվում, վարույթն իրականացնող մարմինն ունեցել է բավարար ժամանակ վարույթի համար նշանակություն ունեցող փաստական տվյալներ ձեռք բերելու համար, հետևաբար ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը խոչընդոտելու հիմքն այլևս իրատեսական չէ (…):»:

Գլխավոր դատախազի համոզմամբ՝ Դատարանը 2022 թվականի սեպտեմբերի 07-ի որոշմամբ նշել է այնպիսի փաստական տվյալներ, որոնք չեն բխում քրեական վարույթի նյութերից և քննիչի կողմից միջնորդության քննարկման ժամանակ արված հայտարարություններից: Այդ կերպ Դատարանը, ըստ էության, միջնորդության քննարկման ժամանակ տեղի ունեցած իրողությունը խեղաթյուրել և դատական ակտում շարադրել է այնպիսի չհաստատված փաստական հանգամանքներ, որոնք ամեն կերպ հանդիսանում են բարելավող հանգամանքներ մեղադրյալի վերաբերյալ: Մասնավորապես՝ Դատարանը նշել է, որ հարուցված քրեական գործի ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմինը Մեղադրյալին երբևէ հարցաքննության չի հրավիրել, նրան որևէ դատավարական փաստաթուղթ չի ուղարկել: Քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ Մեղադրյալին հետախուզում է հայտարարվել 2022 թվականի հունիսի 23-ին՝ նրան նախապես հարցաքննության հրավիրելու ծանուցագիր ուղարկվելուց և բերման ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելուց ու նրան ոստիկանների կողմից չհայտնաբերելուց հետո: Դատարանը կամայականորեն և անհիմն եկել է այն եզրահանգման, որ Մեղադրյալը վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին պատշաճ կերպով ծանուցված չի եղել: Դատարանի որոշման հետևանքով Մեղադրյալը դարձյալ թաքնվել է քննությունից, այդ կերպ խուսափելով ներկայանալ վարույթն իրականացնող քննիչին: Նման դատավարական վարքագծի պատճառով քննիչը զրկված է եղել ապահովվել քննության արդյունավետությունն և բազմակողմանիությունը, Մեղադրյալի մասնակցությամբ օբյեկտիվորեն չի կատարել որևէ գործողություն, ինչն էլ հանգեցնում է նախաքննության ողջամիտ ժամկետների ձգձգման: Դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ խախտումներ, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը և հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից Խորհրդում ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք թիվ ԼԴ/0064/06/22 դատական գործով 2022 թվականի սեպտեմբերի 07-ին կայացված որոշմամբ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումն առերևույթ պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի հաղորդումը, ինչպես նաև Արդարադատության նախարարի ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ․

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը․

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցանքի կազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ.

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցանքի կազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով.

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցանքի կազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված՝ Խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս՝ բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ եթե դատավորը դատական գործ քննելիս սխալ է կիրառել իրավունքի նորմը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը կամ կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր, որի հետևանքով խարխլվել է անձի արդար դատաքննության կամ հիմնարար այլ իրավունքը, կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով քրեադատավարական օրենսդրությամբ, ներառյալ ապացուցման չափանիշների մասին վերաբերելի կանոններով, ապացույցները գնահատում են դրանց պատշաճ հետազոտման և վերլուծության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ ապացույցը գնահատող անձը կաշկանդված չէ տվյալ ապացույցին դատավարության նախորդ փուլերում կամ տվյալ փուլի շրջանակներում այլ անձանց կամ մարմինների տված գնահատականներով: Նախապես հաստատված ապացույցի ուժ չունենալու օրենսդրական արգելքը բացառում է որևէ ապացույցի նկատմամբ կանխակալ մոտեցում ցուցաբերելը (մյուս ապացույցների նկատմամբ այդ փաստական տվյալի ապացուցողական արժեքին առավելություն վերագրելը կամ այդ արժեքը նվազեցնելը), քանի դեռ այդ ապացույցը քրեադատավարական օրենսգրքով ամրագրված ընթացակարգով օրինականության, մրցակցության և կողմերի իրավահավասարության, մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման և այլ սկզբունքների պահպանմամբ չի հետազոտվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:

2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:

3. Եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նախատեսված չէ, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում:

4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։

(...)»

Խորհուրդն արձանագրում է, որ մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը նրա՝ Կոնվենցիայով և Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական և անքակտելի իրավունքներից է, ինչը սահմանափակելիս անհրաժեշտ է ելնել բացառապես նրա իրավունքները հարգելու, նրա հիմնական իրավունքը բովանդազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (mutatis mutandis):1 Մարդու ֆիզիկական ազատությունը կարելի է սահմանափակել ոչ այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներում մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմնարար բնույթը և դրա կամայական ու անհիմն սահմանափակումները հնարավորինս բացառելու նպատակով գործուն երաշխիքների առկայության անհրաժեշտությունը։

Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է քրեադատավարական օրենսգրքով սահմանված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, քրեական գործի առկայություն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով:2

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից ինչպես ներկայացված միջնորդությամբ, այնպես էլ սույն վարույթի քննության շրջանակներում չի ներկայացվել որևէ ողջամիտ ապացույց կամ փաստարկ, որը կհիմնավորեր Դատավորի կողմից արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կատարելու, ինչպես նաև Դատավորի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ որևէ խախտում կատարված լինելու հանգամանքները:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

Նշված իրավանորմի վերլուծությունից ակնհայտ է դառնում.

1. կարգապահական պատասխանատվության ենթարկելու ապացուցման առարկան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության բացահայտումն է,

2. հիմքի ապացուցումն օրենսդիրը վերապահել է բացառապես վարույթ հարուցող մարմնին:

Այդ կապակցությամբ վճռորոշ նշանակություն ունի կարգապահական պատասխանատվության հիմքի բացահայտումը՝ վերլուծության առարկա դարձնելով դրա յուրաքանչյուր բաղադրիչ:

Այսպես․

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` 1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ. 2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նշված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, որի ապացուցման պարտականությունը դրված է վարույթ հարուցող մարմնի վրա, ունի երկու բաղադրիչ.

1. նյութական, դատավարական նորմի կամ վարքագծային կանոնի խախտումը,

2. խախտման կատարումը մեղավորությամբ:

Եթե դատավորի կողմից իրավանորմը խախտված լինելը, որպես վարույթ հարուցող մարմնի ապացուցման առարկա, հանդիսանում է կոնկրետ իրավանորմի դիսպոզիցիայում ամրագրված կանոններով սահմանված պահանջը դատավորի կողմից պահպանած չլինելու փաստը կամ այլ մեկնաբանությամբ կիրառելու հանգամանքը, ապա կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի երկրորդ բաղադրիչի՝ մեղքի առկայությունը, վարույթ հարուցող մարմինը պետք է ապացուցի՝ բացառելու համար օբյեկտիվ մեղսայնացման հնարավորությունը: Նշվածը պայմանավորված է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 10-րդ մասում ամրագրված իրավական դրույթով, որի համաձայն՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում: Վարույթ հարուցող մարմնի վրա դնելով խախտման ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ կողմի ապացուցման պարտականությունը, օրենսդիրը դատավորի մեղքի առկայության ապացուցումը նախատեսել է բացառապես Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի շրջանակներում ամրագրված դրույթներով: Մասնավորապես նշված Օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ վարույթ հարուցող մարմնի կողմից չի հիմնավորվել Դատավորի կատարած ենթադրյալ խախտման առկայությունը, ավելին չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ, թե վերջինիս կողմից կատարված ենթադրյալ խախտումն ինչում է կայանում:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ ըստ ներկայացված նյութերի Մեղադրյալի նկատմամբ տարբեր ժամանակահատվածներում Դատարան են ներկայացվել երկու տարբեր միջնորդություններ, որոնցում զետեղված փաստերն ակնհայտորեն տարբերվել են միմյանցից: Դատարան ներկայացված երկրորդ միջնորդությամբ Դատավորը լսել է Մեղադրյալին ու պաշտպանին, որոնք ներկայացրել են այլ փաստարկներ, մասնավորապես փախուստի մեջ գտնվելու, ծանուցումը չստանալու և նախաքննության մարմնի կողմից ներկայացված այլ հանգամանքների վերաբերյալ:

Վերոգրյալի լույսի ներքո գնահատելով սույն կարգապահական վարույթի նյութերը, միջնորդության հիմքերը և հիմնավորումները՝ Խորհուրդն արձանագրում է, որ քրեադատավարական վարույթում համապատասխան խափանման միջոցի ընտրության կամ փոփոխության հարցերը պետք է քննարկման առարկա դարձվեն հիմք ընդունելով համապատասխան դատական գործի փաստերը, նյութերը, որի արդյունքում կայացվի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կամ այն գրավով փոխարինելու կամ համապատասխան միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Վերոգրյալի հաշվառմամբ Խորհուրդը արձանագրում է, որ սույն դեպքում Դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի որևէ խախտում թույլ չի տրվել, ավելին կարգապահական վարույթի շրջանակներում, վարույթ հարուցող մարմինը չի ներկայացրել որևէ հիմնավորում՝ ենթադրյալ արարքը Դատավորի կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ։

Հաշվի առնելով դատավորի բարձր կարգավիճակը, օրենքով դատավորների համար սահմանված սահմանափակումները, ինչպես նաև դատավորների անձեռնմխելիության և անկախության ապահովման համար նախատեսված օրենսդրական երաշխիքները՝ Խորհուրդը գտնում է, որ վարույթ հարուցող մարմինը՝ ղեկավարվելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով պարտավոր է հստակ հիմնավորել, թե ինչպիսի վարքագծի արդյունքում է թույլ տրվել ենթադրյալ խախտումը՝ դիտավորության, թե կոպիտ անփութության։

Միևնույն ժամանակ, ներկայացված միջնորդության մեջ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ ենթադրյալ խախտումը Դատավորի կողմից կատարվել է դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ։ Վարույթ հարուցող մարմնի կողմից մեղքի երկու տեսակների նշումը չի կարող հիմնավոր համարվել, քանի որ խախտումը որակելիս վարույթ հարուցող մարմինը պարտավոր է նշել և հիմնավորել մեղքի տեսակը, որը տվյալ դեպքում չի արվել։

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերը կիրառելի չեն, ինչի հիմքով Դատավորի արարքը կարգապահական խախտում համարվել չի կարող:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 10-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

______________________

1 Տե΄ս, Ա.Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ կետը:

2 Տե΄ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-132/07, թիվ ԱՎԴ/0022/06/08, թիվ ԼԴ/0197/06/08, թիվ ԵԿԴ/0580/06/09, թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումները:

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահ

 
Կ. Անդրեասյան
   
անդամներ` Հ. Գրիգորյան
  Ե. Թումանյանց
  Ն. Հովսեփյան
  Մ. Մակյան
  Ա. Մխիթարյան
Վ. Քոչարյան
  Ս. Չիչոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2023 թվական: