Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-1-Ո-Կ-1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.01.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.06-2023.02.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2023
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
23.01.2023
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
23.01.2023
Дата вступления в силу
23.01.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-1-Ո-Կ-1

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՎԻԹ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

 


Կ
. ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ

մասնակցությամբ՝ անդամներ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

 

Մ ՄԱԿՅԱՆԻ

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆԻ
Ս. ՉԻՉՈՅԱՆ

 

 

Արդարադատության նախարարի տեղակալ

 

Լ. ԲԱԼՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ

Հ. ՍԱՆՈՅԱՆԻ
Ա. ՍՈՒՋՅԱՆԻ
 

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

 

Դ. ՍԵՐՈԲՅԱՆԻ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Դ. Սերոբյանի ներկայացուցիչ

 


Գ
. ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

2023 թվականի հունվարի 23-ին  ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ N-Կ-14/2022 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 2022 թվականի հունիսի 20-ին թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) հայցվոր Արմենուհի Բեգլարի Հայրապետյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) փաստաբան Մհեր Հակոբյանի հաղորդումը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) դատավոր Դավիթ Սերոբյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ N-Կ-14/2022 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ N-Կ-14/2022 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Հանձնաժողովը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 172-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, 157-րդ հոդվածը, 158-րդ հոդվածի 1-ին մասը, 159-րդ հոդվածի 1-ին մասը, 210-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 360-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 2-5-րդ մասերը, 377-րդ հոդվածի 2-րդ մասը, 380-րդ հոդվածի 2-րդ մասը, Սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936 որոշումներով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) մի շարք որոշումներով արտահայտած դիրքորոշումները (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 որոշումը, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 29392/95 որոշումը, 91-93-րդ կետեր, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 որոշումը, 35 կետ և Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 54210/00 որոշումը, 90 կետ), նշել է, որ վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ անձանց խախտված իրավունքների պաշտպանության և վերականգնման արդյունավետ կառուցակարգեր նախատեսելու պոզիտիվ պարտականության ապահովման տեսանկյունից օրենսդիրն աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված վեճերը դասել է հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերի (աշխատանքային վեճեր) թվին՝ սահմանելով դրանց քննության և լուծման առանձնահատուկ ժամկետներ: Այդպիսի վեճերի քննության դեպքում հայցվորի արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչը՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, կարող է համարվել ապահովված, երբ գործը դատարանում քննվի և լուծվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դատավարական ժամկետում:

Միևնույն ժամանակ, օրենսդիրը քաղաքացիադատավարական օրենսդրությամբ հստակ կարգավորման է ենթարկել ինչպես գործի վարույթը կասեցնելու հիմքերն ու կարգը, այնպես էլ՝ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման իրավահարաբերությունները:

Հատկանշական է, որ եթե մի դեպքում գործի վարույթի կասեցումը կախված է դատարանի հայեցողությունից (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքեր), ապա մյուս դեպքում համապատասխան հիմքի առկայությունը գործի վարույթը կասեցնելու իմպերատիվ պահանջ է՝ դատարանի ուղղակի պարտականությունը: Տվյալ գործի քննության անհնարինության հիմքը՝ մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը, օրենսդիրը դասել է գործի վարույթը կասեցնելու այն հիմքերի թվին, որոնց առկայության դեպքում գործի վարույթը կասեցնելը դատարանի ուղղակի պարտականությունն է և կախված չէ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական գործողություններ ձեռնարկելու, այդ թվում՝ գործի շրջանակներում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հանգամանքից: Այլ կերպ ասած, այս դեպքում գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված միջնորդությունը դատարանի համար կարող է հանդիսանալ համապատասխան հիմքի առկայության բացահայտման տեղեկատվության աղբյուրը, այդուհանդերձ, գործի վարույթը կասեցնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքի առկայության գնահատումը և գործի վարույթի կասեցումը դատարանի անմիջական պարտականությունն է:

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանում վարույթին, ապա որպես դատական պաշտպանության իրավունքի ապահովման արդյունավետ երաշխիք, քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ հստակ նախատեսվել է ինչպես վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների և բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների շրջանակը, այնպես էլ՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և այն քննության առնելու կարգն ու առանձնահատկությունները:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, 360-րդ հոդվածի 1-ին մասում սահմանելով նաև վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, նույն հոդվածի 4-րդ մասով սահմանափակել է վերաքննիչ բողոք ներկայացնելու անձի իրավունքը՝ դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածների, 380-րդ հոդվածի 2-րդ մասի համակարգային վերլուծությունից հետևում է, որ կոնկրետ գործով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումների դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունենալու, այսինքն՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու սուբյեկտ հանդիսանալու հարցի գնահատումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել վերաքննիչ բողոքի վարույթ ընդունման փուլում այնքանով, որքանով բողոքը՝ դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք է:

Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը չի կարող սահմանափակել գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքը, քանի որ դատավարական այդ հիմքով գործի վարույթի կասեցումը դատարանի ուղղակի պարտականությունն է, և այս իմաստով գործի վարույթը նշված դատավարական նորմի հիմքով կասեցնելու մասին որոշումը, դատավարական օրենքի ուժով համարվելով դատարանի արդարադատ առաքելության իրականացման համար անհրաժեշտ և պարտադիր բաղադրատարր, չի կարող որակվել կողմերից որևէ մեկի համար բարենպաստ դատական ակտ, և նման հիմքով գործի վարույթը կասեցնելու նպատակը ոչ թե կողմերից որևէ մեկի համար բարենպաստ իրավիճակ ստեղծելն է, այլ գործով պարզման ենթակա փաստը տվյալ դատավարության կարգով քննվող գործով պարզելու և հաստատելու օբյեկտիվ անհնարինությունն ու այն այլ գործի վերջնարդյունքից կախված հաղթահարելն է: Այս նպատակը բարենպաստ կարող է համարվել բացառապես արդարադատության շահի ապահովման տեսանկյունից, քանի որ եթե առկա է տվյալ գործով կոնկրետ փաստը պարզելու ու հիմնավորելու օբյեկտիվ անհնարինություն, ապա դրա հաղթահարման ուղին գործի վարույթը կասեցնելն է, որը կողմերից յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքի ապահովմանը միտված դատավարական գործողություն է, ըստ այդմ՝ որևէ կերպ չի կարող որակվել նրանցից մեկի համար բարենպաստ կամ անբարենպաստ:

Ընդ որում, այս որոշումը դատարանը պարտավոր է կայացնել դատավարության ցանկացած փուլում՝ պարզելով քննվող գործի անհնարինության հիմք հանդիսացող այլ դատավարության կարգով քննվող գործի մասին տեղեկություններ, ինչը նշանակում է, որ գործի վարույթը նման հիմքով կասեցնելն անկախ է կողմերի՝ դատավարական իրավունքների տնօրինչականության սկզբունքից բխող դրսևորման ձևերից, այդ թվում՝ միջնորդություններից, և հետևաբար՝ քննարկվող հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին դատական ակտը չի կարող համարվել բարենպաստ՝ կախված միջնորդության առկայությունից կամ կողմերից մեկի՝ այդ մասին դատարանին հայտնելու կամքից ու կամահայտնությունից:

Վերը նշված վերլուծությունների համատեքստում վարույթ հարուցող մարմինը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով վերը նշված հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը ընդգրկված է օրենքով սահմանված բացառությունների մեջ, երբ կողմերից յուրաքանչյուրը կարող է բողոքարկել այն՝ անկախ դատական ակտի բարենպաստ կամ անբարենպաստ լինելու հանգամանքից (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մաս):

Վարույթ հարուցող մարմինը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 381-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերը, 382-րդ հոդվածի 1-ին մասը, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՄԻԵԴ-ի կողմից մի շարք որոշումներով (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, § 89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղվածքներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcվa Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, § 26, ՄԻԵԴ 1999-I, Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, § 29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, § 42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I, mutatis mutandis, Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի գործով (Paradiso and Campanelli v. Italy) [ՄՊ], թիվ 25358/12, § 210, 2017 թվականի հունվարի 24), Միավորված ազգերի կազմակերպության վարչական դատարանի վճռով (թիվ 158 վճռի վերանայման գործով միջազգային դատարանի 1973 թվականի հուլիսի 12-ի Խորհրդատվական կարծիք, §§ 92, 95), Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի թիվ ՍԴՈ-1628 որոշմամբ, Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ ԲԴԽ-78-Ո-Կ-18, 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 2020 թվականի մարտի 19-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-2, 2019 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17 որոշումներով արտահայտած դիրքորոշումները:

Քննարկվող դեպքում Դատավորը թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 29-ի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, նախ՝ 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ընդունել է վարույթ, ապա՝ 2022 թվականի հունիսի 3-ին կայացված որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ գտնելով, որ որոշումը բողոքաբերի համար հանդիսանում է բարենպաստ դատական ակտ, և բողոքաբերն ի սկզբանե չուներ այն բողոքարկելու իրավունք:

Մինչդեռ Գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 29-ի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ այդպիսի բողոք ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելը գնահատման ենթակա էր վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում, և ժամանակին կատարված նման եզրահանգումը պետք է հանգեցներ բողոքի ընդունումը մերժելուն՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Բողոքի ընդունելության չափանիշներին համապատասխանելու հարցը դրա վարույթ ընդունելու փուլում որոշվելու վերևում ներկայացված իրավաչափությունն ընդունել է նաև Դատավորը 2022 թվականի մայիսի 13-ի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ, որտեղ շարադրել է իր հետևյալ եզրահանգումը. «(…) բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367 և 368 հոդվածների պահանջներին համապատասխան, վերաքննիչ բողոքը վերադարձնելու և ընդունումը մերժելու հիմքեր չկան, հետևաբար այն պետք է ընդունել վարույթ»: Այսինքն՝ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ Դատավորը բացառել է բողոքի ընդունումը մերժելու որևէ հիմքի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքի կիրառման հնարավորությունը, և նման պայմաններում բողոքաբերը դա ընդունել է որպես իրավաչափ և անփոփոխելի իրողություն:

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ վերը նշվածի համատեքստում առաջացել է հետևյալ պատկերը.

- վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դատական ակտում Դատավորը եզրահանգել է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք առկա չէ, այսինքն՝ բողոքաբերն իրավունք ուներ վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի դեմ,

- վերաքննիչ բողոքը մերժելու մասին դատական ակտում Դատավորը եզրահանգել է, որ եթե վերադասության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բարենպաստ է այն բողոքարկող անձի համար, ապա վերջինս այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունք չունի, ուստի գտել է, որ բողոքարկվող որոշումը բողոքաբերի համար հանդիսանում է բարենպաստ դատական ակտ, որպիսի պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքը օրենքի ուժով ենթակա չէ բավարարման՝ դատական ակտը բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից բողոքարկվելու փաստի ուժով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասն իր էությամբ կոչված է ապահովելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը, կատարելիությունը, համոզիչ և հեղինակավոր լինելը և դրա խախտումը որևէ անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կարող է ստվեր գցել դատական ակտի իրավական որոշակիության սկզբունքի վրա, որը ենթադրում է res judicata, այն է՝ դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը, որպես իրավական որոշակիության արդյունք, ենթակա է հարգանքի (տե՛ս Սահմանադրական դատարանի 2007 թվականի հուլիսի 20-ի թիվ ՍԴՈ-709 որոշումը):

Հանձնաժողովն իր հերթին արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքի միջոցով ոչ միայն ապահովվում է պարտադիր դարձած իրավական ակտի օրինաչափ և վերջնական լինելու կանխավարկածի պաշտպանությունն ու դրա հետագա զարգացումը, այլև ամուր հիմք է ստեղծվում օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման համար:

Հանձնաժողովի գնահատմամբ դատական ակտերով ակնհայտ հակասական եզրահանգումները, բացի այն բացասական հետևանքից, որ հակասում են իրավական որոշակիության և Դատավորի՝ օրենքը միևնույն փաստական հանգամանքներում նույն կերպ կիրառելու, համոզիչ և կանխատեսելի արդարադատություն իրականացնելու սկզբունքներին, անշուշտ, բացասաբար են ազդել նաև դատական իշխանության հեղինակության վրա, քանի որ օբյեկտիվ դիտորդի և դատական ակտի հասցեատերերի համար որևէ կերպ ընկալելի և հասկանալի չէր կարող լինել օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտերով միևնույն փաստական հանգամանքների նկատմամբ միևնույն Դատավորի կողմից տարբեր եզրահանգումներ ներկայացվելը, առավել ևս, երբ առաջին դատական ակտի կայացման պահից բողոքաբերի մոտ այլևս ստեղծվել է այն համոզմունքը, որ առկա չեն բողոքի ընդունումը մերժելու հիմքեր, և Դատավորն այլևս իրավունք չունի տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում: Այս ամենից ելնելով՝ բողոքաբերի մոտ ողջամտորեն ձևավորվել է օրինական և իրավաչափ ակնկալիք, որ բողոքը քննվելու է ըստ էության՝ բոլոր հիմքերով հանդերձ:

Այնուամենայնիվ, Հանձնաժողովը, բովանդակային առումով անդրադառնալով գործի վարույթը նման հիմքով կասեցվելու հիմքին, արձանագրել է, որ բողոքը ենթակա էր ըստ էության քննության, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասը տվյալ դեպքի նկատմամբ կիրառվել չէր կարող՝ հետևյալ հիմքերով և հիմնավորումներով.

1) Հանձնաժողովի համոզմամբ, բողոքարկվող դատական ակտն այն ակտերից չէր, որ կայացվում է կողմերից մեկի միջնորդության հիման վրա, քանի որ գործի վարույթը կասեցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, որպիսի հիմքով գործի վարույթը կասեցնելու դեպքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր էր կասեցնել թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործի վարույթը՝ այդպիսի հիմքի առկայության մասին տեղեկանալու հիմքով՝ անկախ միջնորդություն ներկայացվելու հանգամանքից, այսինքն՝ միջնորդությունը կողմի նախաձեռնությամբ ներկայացվելը չի կարող ինքնին փաստել դատական ակտը տվյալ կողմի համար բարենպաստ լինելու մասին:

Հանձնաժողովի վերը նշված եզրահանգումն ամրապնդվում է գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի կայացրած դատական ակտով, մասնավորապես դատական ակտի եզրափակիչ մասը միջնորդությունը բավարարելու մասին եզրահանգում չի պարունակում և ունի հետևյալ բովանդակությունը. «Կասեցնել թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործի վարույթը՝ մինչև թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում»:

Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասը վերը շարադրված փաստական հանգամանքներում առհասարակ կիրառելի չէր, քանի որ ոչ թե բողոքարկվել էր միջնորդությունը բավարարելու մասին դատական ակտը, այլև միջնորդության միջոցով գործի վարույթի կասեցման հիմքի մասին տեղեկանալուց հետո բողոքարկվել է կասեցման հարցի լուծման մասին դատական ակտը, հետևաբար որոշման մեջ Դատավորի ներկայացրած պատճառաբանությունն առ այն, որ բողոքարկվող դատական ակտը կայացվել է բացառապես Հայցվորի միջնորդության հիման վրա և, ըստ էության, բավարարվել է վերջինիս կողմից ակնկալվող պահանջը, չի բխում որոշման բովանդակությունից, առավել ևս՝ բողոքում որպես իր համար ոչ բարենպաստ դատական ակտ դիտարկվելու մասին բողոքաբերի ներկայացրած օբյեկտիվ փաստերից:

Փաստորեն, Դատավորը, մի կողմից՝ իր նման եզրահանգումը պետք է արտահայտեր բողոքը վարույթ ընդունելու փուլում, և եթե գտնում էր, որ բողոք ներկայացրած անձը չուներ դատական ակտը բողոքարկելու իրավունք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, ապա պարտավոր էր բողոքի ընդունումն ի սկզբանե մերժել՝ նույն օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով, մյուս կողմից՝ եթե բողոքը վարույթ է ընդունել, ուրեմն բացառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի և բողոքի ընդունումը մերժելու հիմքի կիրառման հնարավորությունը, ըստ այդմ՝ չէր կարող կիրառել նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Ընդ որում, նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասն է սահմանում որոշման դեմ բերված բողոքը մերժելու հիմքը, իսկ 1-ին մասը վերաբերում է վճռի դեմ բերված բողոքներին, այնինչ՝ կիրառվել է նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Դատավորը չնայած չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասը՝ կիրառելով սխալ դատավարական նորմ, որը վերաբերում էր վճռի դեմ բերված բողոքի քննությանը, այնուամենայնիվ, որոշումը պետք է կայացվեր դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով, այնինչ բողոքն ըստ էության չի քննվել, փաստորեն, բողոքի քննություն չի իրականացվել, և ընդամենն արձանագրվել է բողոքաբերի՝ ի սկզբանե բողոք ներկայացնելու իրավունք չունենալու հանգամանքը: Ընդ որում, այն իրողությունը, որ բողոքն իր հիմքերով հանդերձ չի քննվել Դատավորի կողմից, ընդունվել է նաև վերջինիս բացատրությամբ:

Անդրադառնալով հաղորդման վերաբերյալ Դատավորի ներկայացրած բացատրության մեջ ներկայացված փաստարկին առ այն, որ Վերաքննիչ դատարանը կարող է միանգամայն իրավաչափ կերպով վարույթ ընդունել անձի բողոքը, եթե տվյալ անձի համար բողոքարկվող դատական ակտի անբարենպաստության հարցը լուծելու փուլում ունի չփարատված կասկածներ տվյալ անձի համապատասխան իրավունքի առկայության հարցում, Հանձնաժողովն ընդգծել է, որ նման դիտարկումն առնվազն անհիմն է «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 2022 թվականի մայիսի 13-ի որոշման մեջ Դատավորի շարադրած՝ հակառակի մասին փաստող եզրահանգման համատեքստում, երբ այդ որոշումը կայացնելիս Դատավորը որևէ կերպ չի բացահայտել նշված գործով չփարատված կասկածներ ունենալու և դրանք հաղթահարելու անհրաժեշտության մասին իր պատճառաբանությունը:

Ընդ որում, գործի բոլոր փաստերն ի սկզբանե՝ դեռևս բողոքը վարույթ ընդունելու փուլում, Դատավորի առջև եղել են բացահայտված, և որևէ այլ փաստ կամ հանգամանք, այդ թվում, օրինակ՝ բողոքի պատասխանից լրացուցիչ պարզելու անհրաժեշտություն սույն դեպքում չէր կարող լինել, քանի որ անհերքելի փաստերը՝ միջնորդությունը բողոքաբերի կողմից ներկայացվելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, անփոփոխելի և անժխտելի փաստեր են եղել, հետևապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով բողոք բերելու իրավունքի առկայության հարցի լուծման առումով դրանք պետք է գնահատվեին Դատավորի կողմից բողոքը վարույթ ընդունելու փուլում: Հատկանշական է, որ այս եզրահանգման համատեքստում է գործել նաև Դատավորը, երբ կայացրել է «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 2022 թվականի մայիսի 13-ի որոշումը՝ բողոքի ընդունումը մերժելու հիմքի բացակայության փաստի հստակ արձանագրմամբ:

Դատավորի կողմից բացատրության մեջ նշված դիտարկման առումով Հանձնաժողովը հավելել է, որ բողոքը ներկայացնելու իրավունքի առկայության հարցի լուծման համար անհրաժեշտ փաստերի անփոփոխ կազմի առկայության պարագայում հարցի լուծման համար Դատավորի կասկածները չեն կարող փոփոխվել ըստ դատավարության փուլերի, քանզի բողոքի քննության փուլերից կախված փոփոխման ոչ ենթակա փաստական հանգամանքներում հարցի լուծման վերաբերյալ Դատավորի եզրահանգումը պետք է լինի մեկը, այն պետք է լինի վերջնական, որոշակի, աներկբա և պետք է ձևավորվի ժամանակին՝ բողոքը վարույթ ընդունելու փուլում, բացառելով հետագայում նույն հարցի շուրջ այլ իրավական եզրահանգման և դրանով պայմանավորված՝ դատական իշխանության հեղինակազրկման, վստահության կորստի հնարավորությունները:

Եթե շարժվենք բացատրությամբ ներկայացված տրամաբանությամբ, ապա կստացվի, որ անգամ ակնհայտ դեպքերում, օրինակ՝ գործի հետ որևէ առնչություն չունեցող անձի կողմից բողոք ներկայացվելու դեպքում ևս բողոքը կարող է ընդունվել վարույթ և բողոքը մերժելու մասին վերջնական ակտով միայն անդրադարձ կատարել բողոքաբերի՝ գործի հետ ունեցած կապին կամ առնչության հարցերին, ինչպիսի մոտեցումը չի բխում ի սկզբանե նման հիմքերի ակնհայտ լինելու դեպքերում բողոքի ընդունումը մերժելու իրավակարգավորման և այդ կարգավորման միջոցով բողոքաբերի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման օրենսդրի նպատակներից:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում Դատավորի բացատրության մեջ ներկայացված դիտարկումն առ այն, որ բողոքի ճակատագիրը նաև լուծվում է բողոքի քննության արդյունքում՝ բողոքը վարույթ ընդունելու փուլում թերևս առկա կասկածների փարատման կամ հաստատման միջոցով ձևավորվող ներքին համոզմունքով, Հանձնաժողովը նշել է, որ ընդունելի լինել չի կարող (բողոքը ներկայացնելու պահից մինչև բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու պահն ընկած ժամանակահատվածում հարցի լուծման համար էական որևէ նոր փաստ չի պարզվել, այդպիսին չէր էլ կարող պարզվել՝ արդեն իսկ գոյություն ունեցող փաստերի անփոփոխելիության և անժխտելիության հատկանիշներով պայմանավորված):

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը գտել է, որ եթե օրենսդիրը բողոք ներկայացնելու իրավունքի հիմքերի ստուգման անհրաժեշտությունը տրամաբանորեն ամրագրել է բողոքը վարույթ ընդունելու փուլում, ապա դատավարական իմաստով էական փաստերի անփոխարինելիության պարագայում գործում է այն կանխավարկածը, որ այդ մասին Դատավորի եզրահանգումները պետք է շահագրգիռ անձանց առջև բացահայտվեն բացառապես այդ փուլում: Հանձնաժողովի նման եզրահանգումը խարսխված է նաև Jura novit cura (դատավորը գիտի օրենքը) սկզբունքի վրա, որը գործում է դատավորի օրենքի իմացության կանխավարկածի ուժով, ուստի Հանձնաժողովը, չհամաձայնելով Դատավորի վերը նշված դիտարկման հետ, փաստել է, որ բողոքը վարույթ ընդունելու փուլում բողոք բերելու իրավունքի հարցի լուծման շուրջ կասկածը պետք է փարատվեր հենց այդ փուլում՝ բացառելով հետագա փուլերում կասկածի փարատման հնարավորությունը, և նման փաստական հանգամանքներում կասկածը բողոքը վարույթ ընդունելու փուլում փարատելու անհնարինության մասին Դատավորի պնդումն օբյեկտիվ, ողջամիտ, համոզիչ և օրինական լինել չի կարող:

2) Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ այնուամենայնիվ, եթե մի պահ շեղվենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կասեցվելու դատական ակտի բնույթի և առանձնահատկության մասին վերևում շարադրված իրավական դիրքորոշումներից և այդ ակտերը կողմերի համար բարենպաստ լինելու տեսանկյունից գնահատման ենթակա չլինելու, ըստ այդմ՝ օրենքով սահմանված բացառությունների շարքին դասվելու եզրահանգումներից, ապա, միևնույն է, գործի փաստերը, որոնք ներկայացված են եղել բողոքում, այնպիսին են, որ կայացված դատական ակտը չէր կարող որակվել որպես բողոքաբերի համար բարենպաստ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Արմենուհի Բեգլարի Հայրապետյանի ներկայացուցիչը միջնորդել է գործի վարույթը կասեցնել, քանի որ դատարանը մերժել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով գործերը մեկ վարույթում միացնելու մասին միջնորդությունը, և քաղաքացիական գործերը մեկ վարույթում չմիացնելով՝ դատարանը ստեղծել է մի իրավիճակ, որի պայմաններում այլ ելք, քան կասեցումն է, չի եղել:

Ըստ բողոքի՝ դատարանը Հայցվորի համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայցվորը կարող է չհասնել իր իրավունքների վերականգնմանը, քանի որ ստացվում է, որ նման պայմաններում սույն գործով վերջնական դատական ակտ, հավանաբար, առաջին 3 տարիների ընթացքում չի կայացվի, այնինչ՝ Հայցվորն արդեն մոտ է կենսաթոշակային տարիքը լրանալուն, ինչը կբացառի ոչ միայն հետագայում աշխատանքի վերականգնվելու հնարավորությունը, այլև՝ Հայցվորն ընդհանրապես կզրկվի կենսաթոշակից, քանի որ չի աշխատում։ Այսինքն, դատարանի գործողությունների հետևանքով ոչ միայն Հայցվորի արդար դատաքննության իրավունքն է խախտվել, այլև Հայցվորը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որի արդյունքում կարող է զրկվել կենսաթոշակից։ Բողոքում հեղինակը բողոքարկվող դատական ակտը դիտարկել է որպես իր համար խիստ անբարենպաստ դատական ակտ՝ հիշատակված առանձնահատուկ հանգամանքներից և պատճառաբանություններից ելնելով:

Այսինքն՝ բողոքի բովանդակությունից ակնհայտ էր, որ բողոք ներկայացրած անձի համար դատական ակտը բարենպաստ չէր, բողոք ներկայացրած անձը կասեցման միջնորդություն է ներկայացրել՝ իր գնահատմամբ իր համար ոչ բարենպաստ համարվող շարադրված առանձնահատուկ փաստական հանգամանքներից դրդված:

Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Արմենուհի Հայրապետյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 29-ի որոշման դեմ 2022 թվականի ապրիլի 8-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումների հիմքերով, այդ թվում՝ դատական ակտը բացարկման ենթակա դատավորի կողմից կայացված լինելու հիմքով՝ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով:

Քանի որ բողոքը բովանդակել է միջանկյալ դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք, մասնավորապես վերաքննիչ բողոքում փաստարկվել է, որ բողոքարկվող որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, իսկ օրենսդրական այս իմպերատիվ պահանջը գործում է բոլոր դատական ակտերի նկատմամբ, Հանձնաժողովը գտել է, որ այս իմաստով ևս բողոք ներկայացրած անձի համար գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը չէր կարող որակվել որպես բարենպաստ դատական ակտ:

Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե բողոքարկվող դատական ակտը բողոքարկողի համար բարենպաստ է, թե անբարենպաստ, բացարկի հիմքերով անվերապահ բեկանման բողոքարկման հիմքով ներկայացված բողոքն այդ հարցի պարզման համար պետք է քննվեր ըստ էության, ինչը ենթադրում էր, որ դատական ակտում պետք է անպայմանորեն կատարվեր անդրադարձ բացարկի հիմքերին, այնինչ բողոքի հիմքերից ոչ մեկին որոշմամբ ըստ էության անդրադարձ չի կատարվել:

Հատկանշական է, որ եթե վերաքննիչ բողոքը մերժվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կամ 2-րդ մասի կիրառմամբ, ապա այն ենթադրում է բողոքի ըստ էության քննություն, ըստ այդմ՝ բողոքի բոլոր հիմքերին անդրադարձ, և որոշման մեջ շարադրված բողոքը մերժելու եզրահանգումը՝ այսպես կոչված «վերաքննիչ բողոքն օրենքի ուժով ենթակա չէ բավարարման», օրինական չէ, առավել ևս, երբ հստակ չէ, թե դատավարական օրենքի ո՞ր դրույթն է որոշակիորեն կիրառել Դատավորը, քանի որ կողմի բողոքը վարույթ ընդունելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող է կայացնել բողոքը մերժելու մասին որոշում՝ բացառապես բողոքի բոլոր հիմքերին անդրադարձ կատարելու և դրանցից յուրաքանչյուրի շուրջ ըստ էության դիրքորոշում արտահայտելու միջոցով (բողոքի քննության արդյունքում):

Սույն որոշմամբ կիրառված նորմերի և ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Հանձնաժողովն արձանագրել է, որ այս պայմաններում Հայցվորը զրկվել է թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 29-ի քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման վերաքննության կարգով վերանայման իրավունքից, ըստ այդմ՝ իր բողոքը բոլոր հիմքերով հանդերձ վերադաս դատական ատյանի կողմից լսվելու և քննության առնվելու հնարավորությունից, այն դեպքում, երբ օրենսդիրն աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված վեճերի քննության համար սահմանել է առանձնահատուկ սեղմ դատավարական ժամկետներ, իսկ գործի վարույթը կարող է վերսկսվել միայն կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո:

Վերոգրյալ պատճառաբանություններով Հանձնաժողովն անհիմն է համարել Դատավորի բացատրության մեջ ներկայացրած հետևությունն առ այն, որ բողոք բերած անձի իրավունքը բացառելու պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր չէր անդրադառնալ բողոքի փաստարկներին:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումներն ամփոփելով՝ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Դատավորը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 360-րդ հոդվածի 4-րդ մասի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման վերաբերյալ սույն որոշմամբ ներկայացված դիրքորոշումներին, ապա Հանձնաժողովը գտել է, որ որոշման դեմ ներկայացված բողոքի նկատմամբ կարող էր կիրառվել միայն նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունը:

Անդրադառնալով բողոքի քննությունը վերսկսելու մասին որոշմանը՝ Հանձնաժողովն ընդգծել է, որ այն բովանդակում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի դիսպոզիցիայի շարադրանքը, մասնավորապես որոշման պատճառաբանական մասը հետևյալն է. «(...) հաշվի առնելով բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզելու անհրաժեշտությունը…»:

Այսինքն՝ առանց բացահայտելու բողոքի վարույթը վերսկսելու անհրաժեշտությունը, որը պետք է բխի բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող հարցեր կամ փաստեր պարզելու գերակա նպատակներից, և ներկայացնելով միայն նման անհրաժեշտության մասին իր եզրահանգումը՝ Դատավորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները մեկնաբանել ու կիրառել է Սահմանադրական դատարանի հիշատակված որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից ակնհայտորեն տարբերվող մեկնաբանությամբ։

Փաստորեն, գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը ողջամտորեն չի պարունակում դատական ակտի կայացման համար հիմք հանդիսացած՝ գործի փաստերի, իրավունքի հարցերի վերաբերյալ ողջամիտ և համոզիչ պատճառաբանություններ, և նման պայմաններում դատական ակտի հասցեատերերը, նախ՝ հնարավորություն չունեն հասկանալու և տեղեկացված լինելու, թե ինչու է վերսկսվել գործի վարույթը, երկրորդ՝ հնարավոր չէ ապահովել արդարադատության իրականացման նկատմամբ հանրային հսկողությունը, որից մեծապես կախված է նաև դատական իշխանության հեղինակությունը և դատարանների հանդեպ հասարակության ունեցած վստահությունը՝ հանգեցնելով արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքի խախտման։

Հանձնաժողովի համոզմամբ դատական ակտի նման պատճառաբանությունը կարող է ստվերել պատճառաբանված դատական ակտի պահանջի իրավաչափ նպատակները՝ ապահովելու իրավունքի մեկնաբանության և կիրառության կանխատեսելիությունը, բացառելու կամայական որոշումների հավանականությունը՝ դատական ակտերի հիմքում ընկած պատճառաբանությունների հրապարակայնության պայմաններում բարձրացնելով դատարանների հաշվետվողականությունը, համոզելու, որ դատական ակտի հիմքում ընկած են ոչ թե դատավորների անհատական կամ խմբակային մոտեցումներն ու շահերը, նրանց սուբյեկտիվ վերաբերմունքը վեճի լուծման որևէ տարբերակի նկատմամբ, այլ իրավունքը։

Հանձնաժողովն արձանագրել է, որ բողոքի քննությունը վերսկսելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, և քանի որ այս որոշման պարագայում այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (օրինակ՝ պարզեցված վարույթի կարգով քննվող գործերով հայցը բավարարելու մասին վճիռները չունեն ինքնուրույն պատճառաբանական մաս), ապա բողոքի քննությունը վերսկսելու համար էական փաստերի գնահատման, հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ Դատավորի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները պետք է արտացոլված լինեին դատական ակտում: Ընդ որում, օրենսդիրը դատական ակտին ներկայացվող թվարկված պահանջները պարտադիր է համարել բոլոր ատյանների դատարանների համար:

Այսինքն` նման ակտ կայացնելիս Դատավորը կաշկանդված է դրա պատճառաբանվածությունն ապահովելու օրենսդրական պահանջի սկզբունքով, և չի կարող դատական ակտ կայացնել առանց այն պատճառաբանելու, եթե օրենսգրքով նախատեսված չէ պատճառաբանվածության ընդհանուր պահանջից բացառություն:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Հանձնաժողովի համար որևէ կերպ ընդունելի համարվել չեն կարող Դատավորի բացատրության մեջ ներկայացված հետևյալ փաստարկները. «Վերաքննիչ դատարանը պարտավոր չէ (իր համոզմամբ՝ իրավունք էլ չունի) բացահայտել վերսկսման կոնկրետ շարժառիթները կամ այն գործողությունները, որպիսիք դատական նիստից դուրս՝ գործում եղած փաստաթղթերի լրացուցիչ հետազոտման միջոցով, կատարում է բողոքի լուծման հարցում ճիշտ ու հիմնավորված եզրակացությունների հանգելու համար»:

Հանձնաժողովի եզրահանգումը վերջնականապես ամրապնդվում է կոնկրետ գործի վարույթը վերսկսելու մասին որոշման չպատճառաբանված լինելը կարգապահական խախտման հանգեցնելու մասին դատավոր Նաիրա Մխիթարյանի գործով Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող կարգապահական գործով արտահայտած իրավական դիրքորոշումներով:

Արդյունքում Հանձնաժողովի մոտ ամրապնդվել է այն համոզմունքը, որ Դատավորի բացատրությունից մեջբերված պատճառաբանությունը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ դատավարական նորմերով ամրագրված չափանիշներին, ուստի Դատավորի կողմից խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 381-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի, 382-րդ հոդվածի 1-ին մասի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջները:

Ինչ վերաբերում է Դատավորի բացատրության մեջ բողոքի քննության վերսկսման վերաբերյալ ներկայացված պատճառաբանությանն առ այն, որ դա պայմանավորված է եղել նաև այն փաստով, որ գործով մյուս կողմը հեռախոսազանգի միջոցով իր աշխատակազմին տեղեկացրել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ցանկություն ունի, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դա հաշվի է առնվել, նկատի ունենալով, որ պատասխան ներկայացնելու ժամկետը սպառված լինելու պարագայում անգամ այն կարող էր ներկայացվել բաց թողնված ժամկետի վերականգնման վերաբերյալ միջնորդության ուղեկցությամբ, իսկ այդպիսի միջնորդությունը կարող էր նաև բավարարվել, ապա Հանձնաժողովը նախևառաջ փաստել է, որ դատարանի ցանկացած պատճառաբանություն պետք է արտացոլվեր 2022 թվականի մայիսի 25-ի բողոքի քննությունը վերսկսելու մասին որոշման մեջ:

Բացի այդ Գործի նյութերում ոչ միայն բացակայում է հեռախոսազանգի միջոցով աշխատակազմին վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ցանկություն ունենալու մասին հայտնված լինելը փաստող որևէ փաստաթուղթ, այլև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ այդ մասին Դատավորին իրազեկելու որևէ կարգ, ուստի Դատավորի կողմից նման հեռախոսազանգը, եթե անգամ տեղի է ունեցել, որևէ նշանակություն ունենալ չէր կարող, այսինքն՝ Դատավորի ներկայացրած պատճառաբանությունը չի բխում օրինականության սկզբունքից:

Վերը նշվածի առումով Հանձնաժողովը հավելել է, որ քաղաքացիական դատավարության մրցակցային բնույթը պարտավորեցնում է գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրի համար ստեղծել հավասար հնարավորություններ՝ հետագայում գնահատելով այդ հնարավորությունների սահմաններում կողմերի կատարած դատավարական գործողությունները, ուստի այս իմաստով Դատավորը չի կարող արդարադատության իր գործառույթն իրականացնել՝ հավանական դեպքերով առաջնորդվելով, ըստ այդմ՝ ենթադրություններով և գործով առկա փաստերի անտեսմամբ, հետևաբար եթե այդ պահի դրությամբ չէր ներկայացվել բողոքի պատասխան կամ չեն կատարվել այլ դատավարական գործողություններ, ապա պետք է ելնել այն կանխավարկածից, որ այդպիսիք պարզապես չկան, ըստ այդմ՝ չկար նաև գործի վարույթը նման հիմքով վերսկսելու անհրաժեշտություն:

Կոնկրետ դեպքում՝ վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել և այդպիսին չի ներկայացվել նաև բողոքի քննությունը վերսկսելուց հետո, ուստի բողոքի պատասխանի հետ կապված որևէ փաստարկ իրավաչափ դիտվել չի կարող:

Միևնույն ժամանակ Հանձնաժողովը գտել է, որ բողոքաբերի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի հարցը բողոքը վարույթ ընդունելու փուլում լուծման ենթակա լինելու և միայն այդ հիմքով բողոքը մերժվելու փաստական հանգամանքներից տրամաբանորեն հետևում է, որ գործի վարույթը վերսկսելու հիմքերն ի սպառ բացակայել են, այսինքն՝ տվյալ դեպքում չի եղել բողոքի քննությունը վերսկսելու անհրաժեշտություն, քանի որ բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները Դատավորին հայտնի են եղել բողոքը ներկայացնելու պահից սկսած, այսինքն՝ չեն եղել այնպիսի հանգամանքներ, որոնք պետք է պարզվեին բողոքը վարույթ ընդունելուց հետո կամ բողոքի քննությունը վերսկսելու միջոցով, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի կիրառման հիմքերը բացակայել են:

Ապահովելով վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքը՝ Հանձնաժողովը քննարկման առարկա է դարձրել նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ պարզելու համար, թե արդյոք առկա են Դատավորի օգտին վկայող այնպիսի փաստեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ հիշյալ մասի դիսպոզիցիայի պայմանները բավարարելու համար: Մինչդեռ Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ վարույթի ընթացքում պարզված և հաստատված կարգապահական խախտման համար էական փաստերի գոյության պայմաններում հնարավոր չէ արձանագրել նշված նորմի դիսպոզիցիայի պայմանների միաժամանակյա առկայությունը:

Վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի փետրվարի 3-ի թիվ ԲԴԽ-5-Ո-Կ-2 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը՝ Հանձնաժողովը նշել է, որ կարգապահական վարույթի էական փաստերը հարկ է գնահատել՝ վերջնարդյունքում պատասխանելով ներքոհիշյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված իրավունքի խախտումներն առաջ չեն բերել որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկման կամ դրա սահմանափակման:

- Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված իրավունքի խախտումներն իրավունքի սուբյեկտի մոտ չեն առաջացրել օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն:

- Արդյո՞ք Դատավորին վերագրվող խախտումներն իրենց էությամբ հեղինակազրկել են դատական իշխանությունը:

I. Դատավորը, կայացնելով բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում և հետագայում բողոքի քննության մասին իր որոշմամբ հակասելով նախորդ որոշմանը, ունենալով անփոփոխելի և անժխտելի փաստերի գոյության պարագայում բողոք բերելու իրավասության հարցին օրենքով սահմանված ժամկետում ընթացք տալու ժամանակ չփարատված կասկածներ, ինչպես նաև կիրառելով այնպիսի լիազորություն, որպիսին տվյալ դեպքում կիրառելի չէր, խախտել է իրավական որոշակիության res judicata և Jura novit cura (դատավորը գիտի օրենքը) սկզբունքները, որպիսի խախտումները դատական իշխանությունն ուղղակիորեն հեղինակազրկող խախտումներ են:

II. Դատարանի գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքն ըստ էության քննության չառնվելու արդյունքում՝ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը թողնվել է անփոփոխ: Ներկայումս գործի վարույթը կասեցված է: Այսինքն՝ բողոքաբերը ներկայումս զրկված է տվյալ գործով որևէ դատավարական գործողություն կատարելու հնարավորությունից:

Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, որի համաձայն՝ աշխատանքային վեճերն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ինչպես նաև հաղորդման մեջ մեջբերված հետևյալ դիտարկմանը. «դատարանը Հայցվորի համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Հայցվորը կարող է չհասնել իր իրավունքների վերականգնմանը, քանի որ ստացվում է, որ նման պայմաններում սույն գործով վերջնական դատական ակտ, հավանաբար, առաջին 3 տարիների ընթացքում չի կայացվի, այնինչ Հայցվորն արդեն մոտ է կենսաթոշակային տարիքը լրանալուն, ինչը կբացառի ոչ միայն հետագայում աշխատանքի վերականգնվելու հնարավորությունը, այլև՝ Հայցվորը ընդհանրապես կզրկվի կենսաթոշակից, քանի որ չի աշխատում։ Այսինքն, դատարանի գործողությունների հետևանքով ոչ միայն Հայցվորի արդար դատաքննության իրավունքն է խախտվել, այլև՝ Հայցվորը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որի արդյունքում կարող է զրկվել կենսաթոշակից»։

III. Եթե բողոքն ըստ էության քննվեր, ապա չէր բացառվում, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արձանագրվեին բողոքում ներկայացված դատավարական նորմերի խախտումները և այդ հիմքով որոշումը վերացվեր: Այսինքն՝ բողոքաբերը զրկվել է ներկայացրած բողոքի հիմքերը վերադաս դատական ատյանի կողմից առնվազն քննության առարկա դարձնելու և վերջինիս կողմից իր բողոքի միջոցով լսված լինելու իրավունքից:

IV. Բողոքը, ի թիվս այլ հիմքերի, ներկայացվել էր նաև անվերապահ բեկանման հիմքով՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերով, և բողոքաբերը զրկվել է առաջին ատյանի դատարանի դատավորի մոտ ինքնաբացարկի հիմքերի առկայության շուրջ ունեցած իր կասկածները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքում փարատելու հնարավորությունից:

V. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վերջնական դատական ակտ է և այն վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ (այս հարցի լուծման համար ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերջին դատական ատյան է), այսինքն՝ բացակայում է Վճռաբեկ դատարանում բողոքի վերաբերյալ որոշմամբ արձանագրված խախտումները քննության առարկա դարձնելու հնարավորությունը:

VI. Գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը չի ունեցել պատճառաբանություն, և Դատավորն իր բացատրություններում պնդել է, որ պարտավոր չէ բացահայտել վերսկսման կոնկրետ շարժառիթները կամ այն գործողությունները, և անգամ նշել է, որ իր համոզմամբ՝ նման իրավունք չունի: Այսինքն՝ գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը չպատճառաբանելը՝ Դատավորի կողմից ընկալվում և ընդունվում է որպես նորմալ և իրավաչափ երևույթ այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի որոշումները փաստում են հակառակի մասին: Ասվածից հետևում է, որ հետայսու ևս Դատավորը շարունակում է այդ նույն վարքագիծը և գործելու է այդ համոզմունքով, ինչը, Հանձնաժողովի գնահատմամբ, դատական իշխանությունը շարունակաբար հեղինակազրկելու է:

VII. Բողոքաբերի դատական ակտը բողոքարկելու իրավունքի հարցը բողոքը վարույթ ընդունելու փուլում լուծման ենթակա լինելու և միայն այդ հիմքով բողոքը մերժվելու փաստական հանգամանքներից տրամաբանորեն հետևում է, որ գործի վարույթը վերսկսելու հիմքերն ի սպառ բացակայել են, այսինքն՝ տվյալ դեպքում չի եղել բողոքի քննությունը վերսկսելու անհրաժեշտություն, քանի որ բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները Դատավորին հայտնի են եղել բողոքը ներկայացնելու պահից սկսած, այսինքն՝ չեն եղել այնպիսի հանգամանքներ, որոնք պետք է պարզվեին բողոքը վարույթ ընդունելուց հետո կամ բողոքի քննությունը վերսկսելու միջոցով: Ասվածից հետևում է, որ Դատավորը գործի վարույթը վերսկսել է՝ առանց հիմքերի և դրա համար օրինաչափ, և այն էլ՝ որոշմամբ չբացահայտված հիմնավորումների:

VIII. Թույլ տրված խախտումների քանակը և դրանց ծանրության աստիճանը, որոնք իրենց համակցության մեջ ունենալով մեծ կշիռ, հանգեցրել են դատական իշխանության հեղինակազրկման:

Վերը նշված փաստերի հիման վրա Հանձնաժողովը գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված իրավունքի խախտումներն առաջ են բերել բողոքաբերի սուբյեկտիվ իրավունքից զրկման, որոշ դեպքերում՝ նաև սահմանափակման, ավելին՝ Դատավորի կողմից թույլ տրված իրավունքի խախտումները բողոքաբերի մոտ առաջացրել են օրենքով չնախատեսված պարտականություններ, քանի որ բողոքաբերը՝ որպես գործին մասնակցող կողմ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածով սահմանված արգելքի ուժով այլևս պարտավոր է ձեռնպահ մնալ կասեցված վարույթով գործի քննության ժամանակ կատարվող դատավարական գործողություններ կատարելուց:

Հանձնաժողովի համոզմամբ Դատավորի կատարած գործողություններն ու վերջինիս վերագրված խախտումներն իրենց էությամբ կարող են կասկածի տակ դնել դատական իշխանության հեղինակությունը, նսեմացվել են դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և առնվազն կասկած է հարուցվել Դատավորի բարձր մասնագիտական պատրաստվածության և իր կարգավիճակին համապատասխանության մասով:

Ամփոփելով սույն որոշմամբ արտահայտված իրավական ողջ դիրքորոշումները՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 381-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի, 382-րդ հոդվածի 1-ին մասի, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 360-րդ հոդվածի 4-րդ մասի, 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հատկանիշներ:

Միաժամանակ Հանձնաժողովը գտել է, որ Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք վերջինս կատարել է դիտավորությամբ, քանի որ վերջինս լիովին գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ լինելը, և այս փաստը հաստատվել է նաև Դատավորի ներկայացրած բացատրության մեջ արտացոլված դիրքորոշումներով, որտեղ վերջինս փորձել է հիմնավորել հաղորդման արհեստածին լինելը, ինչպես նաև չի ընդունել իրեն վերագրվող որևէ խախտում՝ ընդգծելով, որ իր վարքագիծը եղել է օրինական:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը բացատրություն է ներկայացրել վարույթ հարուցող մարմնին հայտնելով, որ հաղորդումն իսպառ զուրկ է իր, որպես դատավորի, օբյեկտիվությունը և անաչառությունն անգամ կասկածի տակ դնող ողջամիտ և լուրջ փաստարկներից, առավել ևս՝ իր կողմից դիտավորությամբ կամ կոպիտ անփութություն ցուցաբերված և դրա արդյունքում հաղորդման հեղինակի վստահորդի որևէ իրավունք խախտված լինելու մասին կոնկրետ փաստարկներից: Ներկայացված վերացական դատողությունների հեղինակը չի նշել անգամ, թե իր վստահորդի ո՞ր իրավունքն է խախտվել, և չի մեկնաբանել, թե դատական ակտն անբարենպաստ չլինելու հիմքով այն բողոքարկելու իրավունք չունեցող անձի բողոքը վարույթ ընդունելուց հետո ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կոնկրետ ի՞նչ նորմով էր կաշկանդված այդ բողոքի ճակատագիրը լուծելու հարցում: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կարող է միանգամայն իրավաչափ կերպով վարույթ ընդունել այդպիսի անձի բողոքը, եթե այդ հարցը լուծելու փուլում ունի չփարատված կասկածներ տվյալ անձի համապատասխան իրավունքի առկայության կամ, այլ կերպ ասած, տվյալ անձի համար բողոքարկվող դատական ակտի անբարենպաստության հարցում, և բողոքի քննության արդյունքում այդ կասկածների փարատման կամ հաստատման միջոցով ձևավորվող ներքին համոզմունքով է լուծում բողոքի ճակատագիրը: Այս կապակցությամբ նույնիսկ դատական սխալ արձանագրվել չի կարող:

Դատավորն իր բացատրությամբ նշել է, որ դատական ակտի բողոքարկման՝ բողոք բերած անձի իրավունքը բացառելու պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր չէ անդրադառնալ բողոքի փաստարկներին, ուստի լիովին հիմնազուրկ է նաև հաղորդման հեղինակի այն մերկապարանոց պնդումը, թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածներով սահմանված դատական ակտի օրինականությանը, հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը ներկայացվող պահանջները:

Ինչ վերաբերում է բողոքի քննության վերսկսմանը, ապա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր չէ (իր համոզմամբ՝ իրավունք էլ չունի) բացահայտել վերսկսման կոնկրետ շարժառիթները կամ այն գործողությունները, որպիսիք դատական նիստից դուրս՝ գործում եղած փաստաթղթերի լրացուցիչ հետազոտման միջոցով, կատարում է բողոքի լուծման հարցում ճիշտ ու հիմնավորված եզրակացությունների հանգելու համար, և այն ակնհայտ փաստը, որ բողոքի քննությունը վերսկսելու անհրաժեշտություն ծագելու դեպքում դատական ակտը նախապես հայտարարված օրը պատրաստ չի լինում, չի կարող որակվել որպես դատավորին կարգապահական խախտում վերագրելու հիմք (հաղորդման հեղինակը սոսկ ենթադրություն է արել այն մասին, որ նշանակված օրը դատական ակտը «հավանաբար» պատրաստ չի եղել, իսկ ինքը դա ներկայացնում է որպես ակնհայտ փաստ): Ի դեպ, բողոքի քննության վերսկսումը պայմանավորված է եղել նաև այն փաստով, որ գործով մյուս կողմը հեռախոսազանգի միջոցով իր աշխատակազմին տեղեկացրել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ցանկություն ունի, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դա հաշվի է առնվել, նկատի ունենալով, որ պատասխան ներկայացնելու ժամկետը սպառված լինելու պարագայում անգամ այն կարող էր ներկայացվել բաց թողնված ժամկետի վերականգնման վերաբերյալ միջնորդության ուղեկցությամբ, իսկ այդպիսի միջնորդությունը կարող էր նաև բավարարվել:

Դատավորը նշել է, որ բերված նկատառումները և կարգապահական վարույթի իրականացման՝ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սկզբունքները միանգամայն բավարար են Հանձնաժողովի այն համոզմունքը ձևավորելու համար, որ հաղորդումն արհեստածին բնույթ ունի, և դրա հիման վրա հարուցված վարույթը ենթակա է կարճման:

Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացված պատասխանով Դատավորը խնդրեց մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը հետևյալ պատճառաբանությամբ.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում են գտնվում թիվ ԵԴ/22059/02/21 (նախագահող դատավոր Ա. Սուքոյան) և թիվ ԵԴ/27050/02/21 (նախագահող դատավոր Ս. Ուլիխանյան) քաղաքացիական գործերը:

Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքը (ի դեպ այդ գործի քննության անհնարինությունը ընդունել է նաև փաստաբան Մհեր Հակոբյանն իր կողմից Հանձնաժողովին ներկայացված հաղորդմամբ) օրենսդիրը դասել է գործի վարույթը կասեցնելու այն հիմքերի թվին, որոնց առկայության դեպքում գործի վարույթը կասեցնելը դատարանի ուղղակի պարտականությունն է, իսկ այնուհետև Հանձնաժողովը գտել է, որ գործի վարույթը կասեցնելը կախված չէ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական գործողություններ ձեռնարկելու, այդ թվում նաև գործի շրջանակներում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հանգամանքից (այն Հանձնաժողովի կարծիքով կարող է ծառայել որպես գործի վարույթի կասեցման հիմքի առկայության բացահայտման տեղեկատվության աղբյուր):

Դատավորը նշել է, որ Հանձնաժողով հաղորդում ներկայացվել է թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.03.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ նույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, այլ կերպ դատարանը պարտավոր էր կասեցնել գործի վարույթը և կասեցրել է այդ գործի վարույթը, հետևաբար և ըստ Հանձնաժողովի, և իր կարծիքով դատարանի կողմից միակ և իրավաչափ լուծումը ներկայացված գործի վարույթը կասեցնելու միջնորդության պայմաններում գործի վարույթը կասեցնելն էր, ըստ այդմ իրավաչափ կերպով կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն անհիմն է և մերժման ենթակա, ինչն էլ տեղի է ունեցել ներկայացված վերաքննիչ բողոքով իր կողմից վերաքննություն իրականացնելու արդյունքում (խոսքը վերաքննության արդյունքի մասին է, անկախ իր կողմից կայացված դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության): Ավելին, դատարանի 2022 թվականի մարտի 29-ի որոշումը չվերացվելու արդյունքում Հայցվորի որևէ իրավունք չի խախտվել:

Նշել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը Հայցվորի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելով իրականացրել է վերաքննիչ բողոքի քննություն և դրա արդյունքում է եկել այն եզրահանգման, որ դատարանի որոշումն իրավաչափ է և բարենպաստ վերջինիս համար, ի դեպ ներկայացված վերաքննիչ բողոքի 3-րդ «վերաքննիչ բողոքի իրավական հիմքերն ու հիմնավորումները» վերտառությամբ բաժինը գրեթե ամբողջությամբ նվիրված է վերը հիշատակված գործերի միացմանը և «բացարկման ենթակա դատավորի» կողմից գործի վարույթը կասեցնելու որոշումը կայացնելուն և միայն վերջին պարբերությամբ է բողոքաբերն անդրադարձել կասեցման հարցին:

Ըստ Դատավորի՝ երբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում դատավորը կամ դատական կազմը տվյալ անձի համապատասխան իրավունքի առկայության հարցում ունի չփարատված կասկածներ, այլ կերպ ասած, տվյալ անձի համար բողոքարկվող դատական ակտի բարենպաստության կամ անբարենպաստության հարցում, և բողոքի քննության արդյունքում այդ կասկածների փարատման կամ հաստատման միջոցով ձևավորվող ներքին համոզմունքով է լուծում բողոքի ճակատագիրն իրավաչափ է, պայմանավորված նաև այդ գործի առանձնահատկություններով: Մասնավորապես, Հայցվորի ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով գրեթե միաժամանակ ներկայացվել է երկու հայցադիմում որոշակիորեն, բայց ոչ էապես տարբերվող և նույն նպատակը հետապնդող պահանջներով, այնուհետև երկու տարբեր դատավորների վարույթում քննվող գործերը միացնելու միջնորդություն է ներկայացվել, որը մերժվել է, որից հետո ներկայացվել է գործի վարույթը կասեցնելու միջնորդություն և այն բավարարվելուց հետո կասեցման միջնորդություն ներկայացրած ներկայացուցիչը, ստանալով ակնկալվող արդյունքը, բողոքարկում է այդ դատական ակտը: Այսպես ասած «ստանդարտ» իրավիճակ չէ և նախընտրել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունել և ըստ էության քննել, որի ժամանակ ստանալ նաև դատավարության մյուս մասնակցի կարծիքը:

Նույն իրավիճակն է նույն դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերվում է այն անձի կողմից, որը չի մասնակցել գործի քննությանը, բայց համարում է, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերում է իր իրավունքներին և պարտականություններին:

Միայն բողոքի հիման վրա հնարավոր չէ կատարել վերջնական եզրահանգումեր և միայն բողոքի քննության արդյունքում է հնարավոր կատարել այն, քննության առնելով նաև գործի այլ մասնակիցների դիրքորոշումները, մասնավորապես վերաքննիչ բողոքների պատասխանները, դրանով իսկ ապահովելով վերջիններիս լսված լինելու իրավունքը, հակառակ դեպքում միայն բողոքի առկայությունը բավարար կլիներ դրան լուծում տալու համար և որպես հետևանք կբացակայեր բողոքի քննության փուլի անհրաժեշտությունը:

Դատական ակտի բողոքարկման բողոք բերած անձի իրավունքը բացառելու պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր չէ անդրադառնալ բողոքի բացարկի մասին փաստարկին, իսկ նման եզրահանգման հիմք է ծառայում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, որից ուղիղ հետևում է, որ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ կարող է բերվել վերաքննիչ բողոք, իսկ եթե բողոքը որակվում է որպես բարենպաստ ակտի դեմ բերված, ապա հետևում է, որ բողոքը քննության ենթակա չէ, իսկ այդ դեպքում բողոքի հիմքերին անդրադառնալն ինքնանպատակ է դառնում: Հետևաբար հիմնավոր չէ հաղորդման հեղինակի և Հանձնաժողովի այն պնդումը, թե ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածներով դատական ակտի օրինականությանը, հիմնավորվածությանը և պատճառաբանվածությանը ներկայացվող պահանջները:

Անդրադառնալով բացարկի հիմքով հետաձգված բողոքարկումն անվերապահ բեկանման հիմք հանդիսանալու փաստարկին, Դատավորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, նշել է, որ Հայցվորի անունից ներկայացված բողոքը, բացառությամբ վերջին պարբերության նվիրված էր «բացարկման ենթակա դատավորի կողմից կասեցման որոշում կայացնելուն», սակայն ինքն այն կարծիքին է, որ դատական ակտի բողոքարկման բողոք բերած անձի իրավունքը բացառելու պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը չպետք է անդրադառնա այդ հիմքին, իսկ հետաձգված բողոքարկման հնարավորությունը չի վերաբերում բողոքարկված բոլոր դատական ակտերին, ինչպես գտել է Հանձնաժողովը, որպես խախտում արձանագրելով այդ մասով պատճառաբանության բացակայությունը: Բանն այն է, որ դատավարության ընթացքում դատարանները կայացնում են բազմաթիվ որոշումներ, որոնք միշտ չէ բավարարում են նախաձեռնող կողմի, սակայն դա ամենևին էլ չի նշանակում որ այդ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից և դա պետք է ընկալել որպես անհերքելի փաստ: Հայցվորի կողմից բողոքարկվել է դատարանի 2022 թվականի մարտի 29-ի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի ուժով հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, իսկ հետաձգված բողոքարկման իրավական ոեժիմը «աշխատում է» միայն եզրափակիչ դատական ակտը բողոքարկելու դեպքում, այլ կերպ բացարկի հիմքով բողոքարկման իրավունքը չէր կարող իրացվել միջանկյալ հանդիսացող դատական ակտը բողոքարկելիս, հետևաբար և այդ հիմքով բողոքի քննությունն իրավաչափ համարվել չի կարող: Նման եզրահանգման համար հիմք են ծառայում, մասնավորապես Սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 2-ի թիվ ՍԴՈ-922, Վճռաբեկ դատարանի 2014 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՐԱԴ2/0169/02/11, 2021 թվականի 10-ի թիվ ՇԴ/0109/06/19 գործերով արտահայտած դիրքորոշումները:

Անդրադառնալով բողոքի քննությունը վերսկսելուն՝ Դատավորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասը, հայտնել է, որ օրենսդիրը «իրավունք ունի» ձևակերպմամբ լիազորել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին իր հայեցողությամբ բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման անհրաժեշտության դեպքում մեկ անգամ վերսկսել բողոքի քննությունը և այդպիսի անհրաժեշտության հիմնավորումը, այն է այդ որոշման պատճառաբանությունը ներառված է հենց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի բովանդակության մեջ: Ավելին, միջանկյալ դատական ակտերի պատճառաբանվածության շեմն ավելի ցածր է քան եզրափակիչ դատական ակտերի դեպքում: Ավելին, ըստ էության այն միակ բացառիկ հիմքն է բողոքի քննությունը վերսկսելու համար, որտեղ վերսկսման նպատակը հատուկ նշված է բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը: Սա միակ հիմքն է և ըստ էության պատճառաբանությունը բողոքի քննությունը վերսկսելու համար: Դրանից ավել պատճառաբանություն պարզապես հնարավոր չէ ձևակերպել օբյեկտիվորեն, առավելագույնը պետք է թվարկել այն հանգամանքները, որոնք պետք է լրացուցիչ հետազոտվեն, իսկ դրանք ներկայացված են վերաքննիչ բողոքում:

Միաժամանակ, Հանձնաժողովը չափազանց խիստ մոտեցում է դրսևորել տվյալ դեպքում, միգուցե և իր կողմից Հանձնաժողովին ներկայացված անհաջող ձևակերպման արդյունքում է այնպիսի տպավորություն առաջացել, որ ինքը պնդել է, իբր իրավունք ունի չպատճառաբանել դատական ակտը, մինչդեռ Հանձնաժողովին ներկայացված դիրքորոշման մեջ նշվել է. «... պարտավոր չէ (իմ համոզմամբ իրավունք էլ չունի) բացահայտել վերսկսման կոնկրետ շարժառիթները կամ այն գործողությունները, որպիսիք դատական նիստից դուրս գործում եղած փաստաթղթերի լրացուցիչ հետազոտման միջոցով, կատարում է բողոքի լուծման հարցում ճիշտ ու հիմնավորված եզրակացությունների հանգելու համար»:

Նշել է, որ վերսկսումը պայմանավորված է եղել նաև այն փաստով, որ գործով մյուս կողմը հեռախոսազանգի միջոցով իր աշխատակազմին տեղեկացրել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ցանկություն ունի, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դա հաշվի է առնվել, նկատի ունենալով, որ պատասխան ներկայացնելու ժամկետը սպառված լինելու պարագայում անգամ այն կարող էր ներկայացվել բաց թողնված ժամկետի վերականգնման վերաբերյալ միջնորդության ուղեկցությամբ, իսկ այդպիսի միջնորդությունը կարող էր նաև բավարարվել: Նույն հավանականությամբ դատավարության մյուս կողմը կարող էր նաև հաղորդում ներկայացնել Հանձնաժողովին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից անտեսվել է իր «լսված լինելու իրավունքը»:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի կողմից վկայակոչված 2020 թվականի ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ արձանագրված դիրքորոշմանը, ապա այդ գործով փաստակազմն այլ է, մասնավորապես մեկ քաղաքացիական գործի քննության ընթացքում կայացվել է գործի քննությունը վերսկսելու մասին երկու որոշում, այն էլ զուգորդված ծանուցման կարգի խախտումներով, որպիսիք բացակայել են իր կողմից իրականացված վերաքննիչ վարույթում:

«Բողոքի քննությունը վերսկսելու մասին» 2022 թվականի մայիսի 25-ի որոշման շարժառիթների մասին ամբողջական պատկերը ներկայացնելու համար հավելել է, որ 2022 թվականի մայիսի 2-ից մինչև 6-ը ներառյալ՝ գտնվել է արձակուրդում, աշխատանքի ներկայանալու օրը մայիսի 10-ը և 14 աշխատանքային օրվա ընթացքում իր նախագահությամբ հրապարակվել է 12 եզրափակիչ և 6 միջանկյալ դատական ակտեր, իրեն համակարգչային ծրագրի միջոցով մակագրվել է 53 գործ և գործերի ակնհայտ անհամաչափ բաշխման կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները գրեթե ամբողջ կազմով 2022 թվականի հունիսի 6-ին գրավոր դիմել են Բարձրագույն դատական խորհրդին:

Վերոգրյալ շարժառիթներն են հիմք ծառայել «Բողոքի քննությունը վերսկսելու մասին» որոշման կայացմանը, բնականաբար այդպիսիք հնարավոր չէր բացահայտել այդ դատական ակտում և ոչ թե Հանձնաժողով ներկայացրած հաղորդման հեղինակի սոսկ ենթադրությունը, որ նշանակված օրը դատական ակտը «հավանաբար» պատրաստ չի եղել, ավելին, այդ դատական ակտի նախագիծ պատրաստելը չէր պահանջում մեծածավալ աշխատանք և ժամանակ, ուստի բողոքի վերսկսման անհրաժեշտության բացակայության դեպքում հրապարակման օրն այն կհրապարակվեր:

Վերոգրյալները հիմք ընդունելով՝ Դատավորը գտել է, որ Հանձնաժողովի եզրահանգումները համոզիչ չեն, ուստի խնդրել է մերժել ներկայացված միջնորդությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի 2021 թվականի հունիսի 30-ի որոշմամբ վարույթ է ընդունվել 2021 թվականի հունիսի 17-ին Արմենուհի Բեգլարի Հայրապետյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ «Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ-ի` աշխատանքից ազատելու մասին գործադիր վարչության հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու ու հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու, իսկ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու պահանջների մասին (թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործ):

4.2. Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում զետեղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 29-ի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման՝ Հայցվորի ներկայացուցիչը 2022 թվականի մարտի 25-ի դատական նիստին միջնորդություն է ներկայացրել դատարան, որով, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի վարույթում քննվող քաղաքացիական գործով վիճարկվում է հայցվորին աշխատանքից ազատելու վերաբերյալ պատասխանողի գործողությունների իրավաչափությունը, իսկ Հայցվորին աշխատանքից ազատելու համար հիմք է հանդիսացել նրա հաստիքը կրճատելու մասին գործատուի խորհրդի որոշումը, գտել է, որ սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ ակտի կայացումը, քանի որ Հայցվորն աշխատանքից ազատվել է բացառապես այն հիմքով, որ նրա հաստիքը խորհրդի որոշմամբ կրճատվել է: Այսինքն, անհնար է սույն քաղաքացիական գործի քննությունը շարունակել, քանի դեռ չի պարզվել, թե հաստիքի կրճատումը եղել է իրավաչափ, թե ոչ: Բացի դրանից, երկու քաղաքացիական գործերով հայցերի հիմքում ընկած են միևնույն փաստական հանգամանքները, մասնավորապես՝ այն, որ գործատուի մոտ տեղի է ունեցել ոչ թե աշխատողների կամ հաստիքների թվաքանակի նվազում, այլ ավելացում, գործադիր վարչությունն իրավասու չի եղել Հայցվորին աշխատանքից ազատել և այլն: Այսինքն, քանի դեռ այս հանգամանքները չեն պարզվել սույն քաղաքացիական գործի քննությունը չի կարող շարունակվել, իսկ այդ հանգամանքները հանդիսանում են թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործի քննության առարկա:

Դատարանին խնդրել է սույն քաղաքացիական գործի քննությունը կասեցնել մինչև Դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը:

4.3. Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում զետեղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 29-ի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման՝ Դատարանը որոշել է կասեցնել թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործի վարույթը՝ մինչև թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

4.4. Հայցվոր Արմենուհի Հայրապետյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 29-ի որոշման դեմ 2022 թվականի ապրիլի 6-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտումների հիմքերով, այդ թվում՝ դատական ակտը բացարկման ենթակա դատավորի կողմից կայացված լինելու հիմքով՝ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով:

4.5. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 ապրիլի 25-ի որոշմամբ Արմենուհի Հայրապետյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված այն դրույթը, որը պարտավորեցնում է բողոքաբերին վերաքննիչ բողոքն ուղարկել գործին մասնակցող անձանց. վերաքննիչ բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքի օրինակը «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ ուղարկելու փաստը հաստատող պատշաճ ապացույց:

4.6. Թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը 2022 թվականի մայիսի 6-ին ներկայացվել է կրկին և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ այն ընդունվել է վարույթ: Դատավորը որոշման մեջ կատարել է հետևյալ եզրահանգումը. «(…) բողոքը ներկայացվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ և 368-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, վերաքննիչ բողոքը վերադարձնելու և ընդունումը մերժելու հիմքեր չկան, հետևաբար այն պետք է ընդունել վարույթ»:

4.7. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի մայիսի 20-ին կայացրել է «Վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին» որոշում, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2022 թվականի մայիսի 25-ը:

4.8. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի մայիսի 25-ին կայացրել է «Բողոքի քննությունը վերսկսելու մասին» որոշում, որով բերված վերաքննիչ բողոքի քննությունը վերսկսվել է և որոշվել է դատական ակտը հրապարակել 2022 թվականի հունիսի 3-ին: Նշված որոշմամբ Դատավորը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասը, նշել է. «(…) Տվյալ դեպքում հաշվի առնելով սույն բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը անհրաժեշտ է վերսկսել»:

4.9. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2022 թվականի մարտի 29-ի որոշման դեմ Արմենուհի Բեգլարի Հայրապետյանի վերաքննիչ բողոքը, 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է և թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2022 թվականի մարտի 29-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշված որոշմամբ մասնավորապես արձանագրել է․

«Դատարանը, 29.03.2022թ. կայացրել է «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշում, որով բավարարել է բողոքաբերի միջնորդությունը և կասեցրել սույն գործի վարույթը մինչև թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:

Բողոքաբերը ներկայացված վերաքննիչ բողոքով առարկելով Դատարանի վերոնշված որոշման դեմ հայտնել է, որ կասեցնելով քաղաքացիական գործի վարույթը Դատարանը հայցվորի համար ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում հայցվորը կարող է չհասնել իր իրավունքների վերականգնմանը (…): Նման պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրելու, որ բողոքարկվող դատական ակտը կայացվել է բացառապես հայցվորի միջնորդության հիման վրա և, ըստ էության, բավարարել է վերջինիս կողմից ակնկալվող պահանջը, այն է՝ կասեցվել է սույն գործի քննությունը մինչև թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը, ուստի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտնում է, որ բողոքարկվող որոշումը բողոքաբերի համար հանդիսանում է բարենպաստ դատական ակտ, որպիսի պայմաններում ներկայացված վերաքննիչ բողոքը օրենքի ուժով ենթակա չէ բավարարման:

Ամփոփելով վերոգրյալը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ներկայացված վերաքննիչ բողոքում նշված փաստարկները դատական սխալի մասին հիմնավորված չեն, և գտնում է, որ Դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում, ուստի բողոքը բավարարելու հիմքերը իրավացիորեն բացակայում են, հետևաբար վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում կիրառման է ենթակա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 29.03.2022թ. որոշումը անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի լիազորությունը»:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի ու նրա ներկայացուցչի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԵԴ/27050/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում,

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի ենթադրյալ խախտումն առերևույթ պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ:

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի հաղորդումը, ինչպես նաև Հանձնաժողովի անդամների, Դատավորի ու նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իսկ 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը: ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ՝ «Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիևյան հանձնարարականների» 25-րդ կետի համաձայն. «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներով պետք է լուծվեն ենթադրյալ մասնագիտական խախտումների այն դեպքերը, որոնք կոպիտ են, աններելի և խարխլում են դատական իշխանության հեղինակությունը։ Դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում՝ տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար»:

Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպիսի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Խորհուրդն իր թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ արձանագրել է. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: (…)»:

Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(…) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ(…)»:1

Վերոշարադրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը:

Նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելու մասին, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը» վերտառությամբ 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք,

2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,

3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,

4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

1) սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

4) բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.

7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի:

Խորհուրդն արձանագրում է, որ վկայակոչված իրավական կարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, սահմանել է նաև վերաքննիչ բողոք բերելու կարգը, վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու հիմքերը:

Օրենսդրությամբ հստակ սահմանվում է նաև այն լիազորությունների շրջանակը, որոնք իրավասու է կիրառել վերաքննիչ ատյանը դատական ակտի վերաքննության արդյունքում:

Միաժամանակ, դատական ակտի բողոքարկման դեպքում օրենսդիրը որպես էական հատկանիշ է դիտարկել ակտի՝ անձի համար անբարենպաստ բնույթ ունենալը, որպես ընդհանուր կանոն սահմանափակելով անձի՝ իր համար բարենպաստ դատական ակտի բողոքարկման իրավունքը, որպես ընդհանուր կանոնից բացառություն դիտարկելով՝ օրենքով սահմանված դեպքերը: Հարկ է նկատել, որ թեև օրենսդիրը սահմանել է անձի՝ իր համար բարենպաստ բնույթ ունեցող դատական ակտի բողոքարկման սահմանափակում, այդուհանդերձ օրենսդրությամբ ամրագրված չէ՝ բարենպաստ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կամ բողոքը վերադարձնելու ուղղակի դատավարական հիմք, ավելին, օրենսդիրը հնարավորություն է տվել բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտներին բողոքարկելու նաև իրենց համար բարենպաստ դատական ակտերը՝ օրենքով սահմանված դեպքերում:

Ըստ էության, վերաքննիչ բողոքի վարույթի հարցի լուծման փուլի վերաբերյալ առկա իրավական կարգավորումների համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ եթե առկա չեն նշված հիմքով վարույթի ընդունումը մերժելու կամ բողոքը վերադարձնելու օրենսդրական ուղղակի կանոնակարգումներ, ապա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից անձի համար առերևույթ բարենպաստ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը վարույթ ընդունելը չի կարող գնահատվել որպես դատավարական նորմի այնպիսի խախտում, որը Օրենսգրքի իմաստով կարող է գնահատվել որպես կարգապահական պատասխանատվություն առաջացնող խախտում:

Տվյալ դեպքում, սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ, Խորհուրդը, գտնում է, որ այն պայմաններում, երբ առկա չէ ուղղակի օրենսդրական կարգավորում բարենպաստ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կամ բողոքը վերադարձնելու վերաբերյալ, ապա հնարավոր չէ դատավորին վերագրել այդպիսի դատավարական նորմի խախտում, հետևաբար սույն դեպքում այս մասով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը բացակայում է:

Անդրադառնալով, Հանձնաժողովի՝ Դատավորի կողմից վերսկսման որոշումը չպատճառաբանելու վերաբերյալ փաստարկներին, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը, անհրաժեշտ համարելով շարունակել բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, իրավունք ունի վերսկսելու բողոքի քննությունը միայն մեկ անգամ:

Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական: Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

Նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը, իսկ 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Խորհուրդը, զարգացնելով նախկինում իր արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հարկ է համարում նշել, որ դատական ակտի պատճառաբանված լինելու պահանջը տարածվում է ինչպես միջանկյալ, այնպես էլ եզրափակիչ դատական ակտերի վրա, սակայն պատճառաբանվածության որոշակիորեն տարբերվող աստիճանն իր հերթին կարող է պայմանավորված լինել քննվող գործի բնույթով, դատավարական գործողությունների կատարման և դրանց արդյունքում ակնկալվող կամ առաջացող իրավական հետևանքների առանձնահատկություններով:

Այս առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը սահմանել է դատարանի առանձին դատական ակտի ձևով կայացված որոշման բովանդակությունը։ Նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվի այն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը պահանջում է նշել քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումները։

ՀՀ քաղաքացիական դատավարությանն օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները, իսկ համաձայն 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ դատարանի` առանձին ակտի ձևով կայացվող միջանկյալ դատական ակտը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված դրույթների պահանջներին:

Քննարկվող պարագայում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի մայիսի 25-ին կայացրած «Բողոքի քննությունը վերսկսելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է միջանկյալ դատական ակտ: Որպես իրավական հիմք ակտում ամրագրվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 8-րդ մասի իրավակարգավորումը, այնուհետև, Դատավորը, անհրաժեշտ համարելով պարզելու ներկայացված բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները, գտել է, որ Գործով վերաքննիչ բողոքի քննությունն անհրաժեշտ է վերսկսել և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 2022 թվականի հունիսի 3-ը:

Խորհրդի գնահատմամբ՝ Դատավորի կողմից կայացված վերոնշյալ որոշման մեջ իրավական հիմքի վկայակոչումը և որպես գործի վարույթի վերսկսելու հիմնավորում նշվածը իրենց բովանդակությամբ և նշանակությամբ չեն կարող վկայել դատական ակտի լիարժեք պատճառաբանված լինելու մասին, սակայն տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող դատական ակտը կայացվել է բողոքի առավել բազմակողմանի քննությունն ապահովելու նկատառումներից ելնելով, իսկ դրա հիմնավորված և պատճառաբանված չլինելը չի բացառել դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունը, Խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի առերևույթ խախտում, որը ձևականորեն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն ունի նվազ կարևորություն, ինչի պատճառով կասկածի տակ չի դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Ուստի, Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

__________________

1 Տե՛ս, Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. ապրիլի 05-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշումը:

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահ

 
Կ. Անդրեասյան
   
անդամներ` Հ. Գրիգորյան
  Ե. Թումանյանց
  Ն. Հովսեփյան
  Մ. Մակյան
  Ա. Մխիթարյան
Ս. Չիչոյան
  Վ. Քոչարյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան